Հրապարակախոսություն. Հայաստան, Կովկաս, Եվրոպա

Հակամարտության սոցիալական կառուցումը (1996, 2011)


Հոդվածը գրվել է 1996 թ. անգլիալեզու ընթերցողի համար: 2011 թ. հեղինակն այն վերամշակել է եռալեզու «Լեզու, հասարակություն, հաղորդակցություն» գիտական պարբերականի համար: Պարբերականը հրապարակվում էր Բրյուսովի անվան համալսարանի կողմից՝ երբ այն գլխավորում էր պրոֆեսոր Սուրեն Զոլյանը: Պարբերականը կարճ կյանք ունեցավ՝ լույս տեսավ ընդամենը երկու համար: Իսկ հակամարտությունը՝ երկար: Նրա առաջին փուլի որոշ օրինաչափությունների վերլուծությունը թույլ է տալիս որոշ ընդհանրացումների հանգել:

Հոդվածը քննարկում է միջէթնիկ հակամարտության առանձնահատուկ երևույթ, որը հեղինակն անվանում է «հավասարության քաղաքականություն»: Իրականության մեկնաբանությանը մոտենալով «վերացարկված» տեսանկյունից, թե հակամարտությունից դուրս հայտնվածները, թե ներսում գտնվողները այնպիսի բնութագրիչներ են օգտագործում, որոնք կողմերին ամեն առումով հավասար են տեղակայում, լինի դա մշակույթ, հեռահար նպատակներ, հակամարտության պատճառներ, իրադարձություններ, թե արդյունքներ: Այսպիսի դիրքորոշումը նշանակալիորեն խախտում է հակամարատության նկարը և նրա լուծումը դարձնում շատ ավելի դժվար, քան կլիներ այլապես: Այստեղ նաև քննարկվում է «անկողմնակալ դրսեկների» մեթոդաբանությունը բանակցության գործընթացում՝ դրական արդյունքների առաջացման վրա ունեցած ազդեցության տեսանկյունից: Հոդվածը գրվել է 1996թ.-ին, սակայն շարունակում է մնալ արդիական: Զարգացումները ցույց են տվել, որ հավասարության քաղաքականությունը Ղարաբաղի հակամարտության (ինչպես նաև այլ հակամարտությունների) դեպքում գոյացրել է փակուղայնություն՝ դրսևորվելով հակամարտության ձևակերպման նախնական լեզվի ամբողջական փոխակերպմամբ, ինչը հանգեցրել է ամբողջովին այլ հակամարտության:


06:27 Օգոստոս 13, 2014