Արձակ

«Քիչ էր մնում ուշանամ ու արձակագիր չհասցնեմ դառնալ»


Առաջին անգամ հրապարակվել է այստեղ. http://www.arteria.am/hy/1551104212

Գևորգ Տեր-Գաբրիելյանի գրական դիմանկարի ուրվագիծ՝ համեմված հեղինակի ուղղակի խոսքով

1. «Արվեստը «հանած ձևով» իր մեջ պարունակում է ստեղծագործության փաստը»

Գևորգ Տեր-Գաբրիելյանի արձակի մեջ հաճախ կա ֆանտաստիկ տարր: Նրա հեղինակային կրեդոն է. «Գրել միայն այն, ինչ, որքան գիտեմ, նորություն է, և ոչ ոք չի գրել որպես արձակ մինչ այժմ – Հայաստանում կամ այլուր»: Ժամանակին նա նաև այլ կրեդո էր առաջ քաշել. «Գրել միայն այն, ինչ հաստատ եղել է, որպեսզի խուսափենք «գեղարվեստի» աղավաղումից»: Սակայն իր գործերում նա մեկ հետևում է այդ սկզբունքին, մեկ՝ այն խախտում:

«Գտնե՞լ արդյոք սյուժեն գրելիս, թե՞ նախապես այն ծրագրավորել», մեր զրույցի ժամանակ հարց է տալիս, ասես ինքն իրեն, Տեր-Գաբրիելյանը: Նա ունի գրած և՛ առաջին դեպքի, և՛ երկրորդի օրինակներ: Նա նաև նշում է, որ հաճախ ընտրություն է կատարում ընդդեմ «ընթերցողահաճո» տեքստի, որպեսզի ավելի ամբողջականորեն արտահայտի արձակ արվեստի իր տարբերակը:

- Լավ զրույցը, լավ վեճը, - ասում է, - լավ ոգեշնչման հիմքն է:

2014-ին գրված ֆանտաստիկ «Յաթաղան սինդրոմը» ստեղծվեց ի պատասխան Նունե Դիլանյանի «Ընտանեկան պատմություն» գործի, որի հիմքում Արտաշես Թերզյանի հուշերի ձեռագիրն էր՝ Հաճընի ինքնապաշտպանության և հայաթափման վերաբերյալ[1]:

«Սա եմ ես» պատմվածքը 2018-ին արժանացավ «Ինքնագիր» հանդեսի մրցանակին, և դրա քննարկման ժամանակ նշվեց Տեր-Գաբրիելյանի յուրահատուկ մոտեցումը՝ գիտակցության հոսքը համադրել ուրիշի անուղղակի խոսքին, միահյուսել հերոսի գիտակցության հոսքը՝ հեղինակի խոսքին: Տեր-Գաբրիելյանի ձևակերպմամբ՝ հեղինակը երբեմն «սքան» է անում հերոսի ուղեղը, և նայած, թե ի՛նչ հեռավորության վրա է գտնվում այդ «սքանն» անելիս՝ ընտրում է կա՛մ իր, կա՛մ հերոսի բառերը՝ շարելով դրանք իրար ետևից և այդպիսով ստանալով այդ արտասովոր հյուսվածքը:

Նույն պատմվածքի քննարկման ժամանակ նաև հարց առաջացավ, արդյո՞ք գործում երևակվող մտածողությունն ու ոճը երբեմն «ռուսական» են: Այդ հարցը տվել են նաև իր այլ գործերը քննարկելիս: Իրոք, Տեր-Գաբրիելյանն ինքն է նշում, օրինակ «Հրանտ» հուշապատում-վեպում կամ իր վերջին հարցազրույցում[2], թե ինչ դժվար է հայերեն արձակ գրել առանց ռուսիզմների, և որքան խորապես են դրանք ներթափանցում հայոց լեզվամտածողություն: Միևնույն ժամանակ, նա նշում է, որ փորձում է ձերբազատվել դրանցից, և, ավաղ, իր արձակում կարելի է հայտնաբերել նաև անգլերեն, գուցեև ֆրանսերեն ու թուրքերեն լեզվամտածողության հետքեր: Երևի խնդիրը ոչ այնքան լեզուն է և ոճը, որքան այն, որ Տեր-Գաբրիելյանն իր արձակ է բերում թեմաներ, իրադրություններ և մտածողության մի տեսակ, որոնք սովորաբար հատուկ չեն եղել հայ արձակին. ո՛չ դասական, ո՛չ 20-րդ դարի ավանդական տեսակին, հաճախ գյուղական կյանքին նվիրված, ո՛չ էլ ժամանակակից տեսակի՝ «ձախ» տարբերակին, որտեղ հաճախ պարզապես ընդօրինակվում են արևմտյան գրականության կաղապարները, ինչպես, ասենք, պոստմոդեռնիստական հնարները: Տեր-Գաբրիելյանի արձակում կա թեմատիկ նորարարություն, որը նաև պահանջում է լեզվաոճական հատուկ մոտեցում, ինչը Տեր-Գաբրիելյանի արձակի տարբերանշաններից է:

«Չէ՞ որ, - ասում է նա, - արձակ բանարվեստը նաև էքսպերիմենտ է: Նորույթ են տեսնում՝ կարծում են «ռուսերենից է»:

«Ամեն ստեղծագործություն, - ասում է նա, - էքսպերիմենտ է: Դու կարող ես միայն «ապահով», «ժամանակի կողմից ստուգված» միջոցներ օգտագործել կամ՝ քեզ թույլ տալ «շեղվել», նորը փորձել: Ստացվեց՝ ստացվեց, ուրեմն ժանրը, արվեստի տեսակն առաջ գնաց: Չստացվեց՝ էլի դաս է: Ստեղծագործողը մեծ մասամբ չգիտի, հաջո՞ղ է, արդյոք, ստացվելու իր գործի արդյունքը, թե՞՝ ոչ, և եթե գիտի՝ դա «ընթերցողահաճո» գործ է ի սկզբանե, ինչը միայն մի տեսակն է գրականության»:

Տեր-Գաբրիելյանի «էքսպերիմենտը» կամ նորարարությունը, թե դրանց փորձը, և՛ սյուժեի մեջ է արտահայտվում, և՛ թեմաների, և՛, օրինակ, «հին» թեմաներին նորովի մոտեցման, ինչպես ցեղասպանության թեմայի նորովի մեկնաբանությունը «Յաթաղան սինդրոմում» կամ Ղարաբաղյան հակամարտության անուղղակի վերաիմաստավորումը «Քամու պանրիկ-մածնապանրիկում»:

Հնարավո՞ր է, արդյոք, դրական կողմ գտնել հայոց ցեղասպանության հետևանքներում, - կարելի է այսպես ձևակերպել այն հարցը, որին պատասխան է փնտրում «Յաթաղան սինդրոմը»:

Ի՞նչ կորցրեցին ժողովուրդները Ղարաբաղյան հակամարտության արդյունքում, - այսպես կարելի է ձևակերպել «Քամու պանրիկի» հարցը:

«Մաքրուհին, կամ Արյունոտ ծաղիկ» բարդ վիպակը՝ նույնպես «Անաստված կինո թատրոն» ժողովածուից, բարձրացնում է բազում հարցեր, որոնք դժվար է ի մի բերել: Գուցե այսպես. ո՞րն է պատճառը համատարած խեղճության ու ետզարգացման՝ որ կալել են հայ ժողովրդի մի ստվար զանգված անկախությունից ի վեր: Եվ ո՞րն է դրանից ելքը: Աղքատության վերաբերյալ մեր նոր կառավարության և Նիկոլ Փաշինյանի վերջերս արտահայտած մտքերը նույն խնդրին են անդրադառնում:

«Բռանդենբուռգ, կամ Պարզապես պատմվածք»  գործը, թվում է, անդրադառնալով հանրածանոթ թեմաների՝ արտագաղթի, Ռուսաստանի հետ հարաբերությունների,  կրկին դրանք ներկայացնում է անսպասելի ու անսովոր շեշտադրությամբ: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, ասես Ռուսաստանի հետ հարաբերություններում հայկական կողմը, ինչ-որ իմաստով, «ավագ եղբայրն է» և ոչ թե, սովորույթի կարծրատիպի համաձայն՝ «փոքրը»:

Տեր-Գաբրիելյանն ասում է, որ արձակի գլխավոր հատկանիշներից մեկն էլ «հետազոտությունն» է, և որ արձակը, այդպիսով, գիտության պես բան է: Այժմ նա մի նոր էսսե է ծրագրել, որում է՛լ ավելի խորքերն է գնում՝ փորձելով ձևակերպել  արձակի և հատկապես վեպի «արդարացումը»՝ «ապոլոգիան», քննարկելով այն հարցը, թե արդյոք ինչու՛ իմաստ ունի գրել վեպ, և արդյոք ինչու՛ այդ ժանրը, չնայած իր չափսերին, համացանցի գալստյանը, ժամանակի պակասին և կլիպային մտածողության գահակալմանը՝ սպառված չէ ու անմահ է:

Իր բարեկամ և գործընկեր Դավիթ Հովհաննիսյանը վեպի խնդիրն անվանում է «մեծ տեքստերի կարիք», տեքստեր՝ որոնք զարգացնում են մարդու՝ բարդ մտածելու կարողությունները, բարդ արժեքային համակարգեր, բարդ աշխարհայացքներ ձևավորելու նպատակադրումը: Պրոֆեսոր, դիվանագետ, արևելագետ, իսլամագետ, արաբագետ և մեթոդաբան Դավիթ Հովհաննիսյանի անունն այս հոդվածի կոնտեքստում պատահական չի հնչում. հենց Հովհաննիսյանի ստեղծած մտագործունեության մեթոդաբանության հայկական դպրոցը՝ որ նա տեղայնացրել է, զարգացնելով և վերափոխելով Գեորգի Շչեդրովիցկու մոտեցումները, այն հիմքն է, որի շնորհիվ Տեր-Գաբրիելյանը, իր իսկ պնդմամբ, կառուցում է սեփական աշխարհայացքը:

Այդ աշխարհայացքը, և իր տեսական գիտելիքի առյուծի բաժինը, Տեր-Գաբրիելյանը ձևակերպում է իր վերջին տարիների քչաքանակ ոչ գեղարվեստական գրվածքներում, ինչպես նաև «Ջեմ սեշշն» կոչված և այլ բանախոսությունների շարքերում:

Ահա թե ինչպե՛ս է նա տարբերակում ստեղծագործությունն ընդհանրապես ու արվեստի գործը՝ մասնավորապես. «Արվեստը, - ասում է, - «հանած ձևով» իր մեջ պարունակում է ստեղծագործության փաստը և ստեղծողից ստացողին հասանելիության փաստը: Այսինքն հենց այն, որ ստացողը հասկացել է, որ ստացել է արվեստ՝ արվեստի գործը դարձնում է այդպիսին: Իսկ ստեղծագործությունն ընդհանրապես տարրալուծված է մեր ամենօրյա գործունեության մեջ և անսպառ է: Այդպիսով, արվեստը ստեղծագործություն է՝ ռեֆլեքսիայի սանդուղքին ինքն իրենից մեկ մակարդակ ավելի բարձր, «ինքնագիտակից» ստեղծագործությունն է: Այն ստեղծագործությունը, որ հաղորդվում է պարզապես որպես այդպիսին, զուտ որպես մարդու ստեղծագործական ճիգ, այլ ոչ թե որպես ինքն իր ստեղծագործականությունը «հանած ձևով» ներկայացնող՝ չի դառնում արվեստ»:

Տեր-Գաբրիելյանը պատրաստակամ շնորհակալությամբ է ընդունում իր արձակին առաջադրվող խնդիրներն ու քննադատությունը: Եթե գրական հայոց լեզվին, ինչպես նաև երևանյան խոսակցականի 70-80-ական տարբերակին, բավական խորապես տիրապետելն անկասկած է, ապա գրաբարն ու բարբառները խնդիր են: Գրեթե բացակայում է նաև արևմտահայերենը: Հենց այն պատճառով, որ նա չի տիրապետում որևէ բարբառի, իր ասելով, նա «ստիպված էր» հորինել Մարիգ տատի բարբառը «Քամու պանրիկ-մածնապանրիկում»:

Մյուսը. թեև հեղինակը փորձել է առնվազն երկու անգամ պատմություն շարադրել կնոջ անունից կամ կնոջը հանդես բերել որպես գլխավոր հերոս (և «Քամու պանրիկը» հենց այդ դեպքերից մեկն է), սակայն զգացվում է, որ կանանց կերպարներ ստեղծելը և նրանց ներսից ավյունով լցնելը, այլ ոչ թե դրսից նկարագրելը, գուցե, մարտահրավեր է Տեր-Գաբրիելյանի համար:

Իհարկե, ասում են, որ գործերը պիտի գնահատվեն նրա համար, ինչն իրենց մեջ կա, այլ ոչ թե նրա համար, ինչը չկա: Սակայն արձակը նաև պահանջում է բազմակերպար գործեր, գործեր՝ որտեղ մի շարք կերպարներ են գործում, և ճանաչելի են ու հաջող կերպով մարմնավորված: Չի կարելի ասել, թե Տեր-Գաբրիելյանի արձակում երկրորդական և այլ բազմաթիվ կերպարներ չկան, թեև տղամարդը, տղան կամ ծերունին՝ մտածող, զգացող, նկատող, ավելի շատ խորհող՝ քան գործող, նկատելիորեն գերակշռում է գլխավոր հերոսների խմբում: Թվում է, հեղինակի հետ բավական ընդհանրություններ ունեն այդ գործող անձինք: Ամենաշատ գործող անձինք ունեցող գործերից մեկը «Մեծ տիեզերափայլ»-ն է (դեռևս անտիպ), որի վերաբերյալ որոշ ընթերցողներ նշում են, որ դժվարանում էին միմյանցից տարբերել կերպարները, մանավանդ՝ իրար նման անուններ ունեցողներին՝ Էդվին և Էնդրյու, կամ Սիմոնելլա և Սիմեոնա:

Տեր-Գաբրիելյանի արձակի հաջող կողմերից մեկն էլ հենց խոսակցական ու գրական լեզուների միահյուսումն է: Տեր-Գաբրիելյանը վարպետորեն է միահյուսում երևանյան խոսակցականը գրական լեզվի հետ, ներառյալ ժարգոն և սլենգ, կոպտաբանություններ ու գռեհկաբանություններ, համեմելով իր ստեղծագործությունն այն «ռեալ» լեզվով, որն ավելի անմիջական կապ է ստեղծում ընթերցողի և տեքստի միջև, քան մաքրամաքուր գրականը՝ հնչեղության իր օֆիցիալությամբ և, դրա արդյունքում, ընթերցողից դիստանցիա ստեղծելու, նրան «օտարացնելու» իր հատկանշով:

Տեր-Գաբրիելյանն այդ առումով նշում է, որ զուտ գրականով գրելը երեսպաշտություն է ավելացնում հայերեն արձակին: Նա բավական մանրամասն քննարկում է այդ երևույթն ու դրա պատճառները «Հրանտ»-ում:

Կարելի է նկատել նաև այն, թե ինչպես է Տեր-Գաբրիելյանը զուգակցում հայկական ծագման բառերը նրանց միջազգային հոմանիշներին, հաճախ՝ պարզապես իրար ետևից շարելով դրանք, հաճախ էլ՝ ընտրելով մեկը, իսկ մի քանի բառ կամ էջ հետո՝ մյուսը: Նա դա բացատրում է նրանով, որ յուրաքանչյուր բառ ունի իր օգտագործման աուրան, կոնտեքստը, ավանդույթը, և, նույնիսկ եթե նույն բառի միջազգային հոմանիշն է՝ այլ, տարբեր ասոցիացիաներ է առաջացնում ընթերցողի ուղեղում, քան իր բնածին հայերեն տարբերակը: Այսպես վարվեցինք նաև մենք, նախորդ պարբերությունում «հեռավորություն» բառի փոխարեն օգտագործելով «դիստանցիա» բառը, «պաշտոնականի» փոխարեն՝ «օֆիցիալը»:

Իրոք, չնայած հայերեն հոմանիշների գոյությանը՝ միջազգային բառերից բռնի կերպով հրաժարվելը կաղքատացնի մեր կոնտեքստները, և Տեր-Գաբրիելյանի արձակը մի տարբերակ է առաջարկում՝ այդ խնդիրը լուծելու: Ինչպես ինքն է ասում. «Օգտագործել տվյալ կոնտեքստում հենց այն բառը, որն ամենից ավելի պետք է, լինի դա գրականը, խոսակցականը թե միջազգայինը, այլ ոչ թե փոխարինել այն գրական և/կամ «հայեցի» հոմանիշով՝ զոհաբերելով իր մակաբերած կոնտեքստն ու իր «համնուհոտը», «օտարացնելով» ընթերցողին ասելիքից»: Թեև ինքն էլ ընդունում է, որ դա որոշակի «ոճական էկլեկտիզմի» տպավորություն կարող է թողնել, սակայն, ասում է, չէ որ մեր լեզուն՝ որի մեջ ընկղմված ենք, հենց այդպիսին է՝ էկլեկտիկ, և պնդում է, որ, երբ այդ ոճերը լավ են զուգակցվում՝ ստացվում է «արձակի մուզիկան»:

Ոճի ազատության ու հնարների շատ օրինակներ է տալիս Տեր-Գաբրիելանի արձակը: Երբեմն փոխատեղվում են նա-ն ու ես-ը, ընթերցողին շփոթմունքի մեջ գցելով մի պահ, երբեմն՝ գրական է-ն ու խոսակցական ա-ն, բարկացնելով երկու կողմի էլ պուրիստներին (մաքրամոլներին)՝ և՛ նրանց, ովքեր «է»-ի ինքնակոչ պաշտպան են, և՛ նրանց, ովքեր համարում են, որ «է»-ն երեսպաշտություն է: «Այսօր, երբ ֆեյսբուքը լի է հայերենով, ոճերի խառնուրդի հրաբուխն այնտեղ շա՜տ հետաքրքիր է, և ես օգտվում եմ դրանից, նույնիսկ երբեմն «անամոթաբար» «թխում» ֆեյսբուքյան գրառումերից», - ասում է Տեր-Գաբրիելյանը: Նույնը՝ կետադրության հարցում. նա օգտագործում է հեղինակային կետադրություն, ճիշտ ինչպես այն գրողը, որին Տեր-Գաբրիելյանն իր ուսուցիչն է համարում՝ Հրանտ Մաթևոսյանը:

Ինչո՞վ է պայմանավորված ստանդարտից դուրս այս մոտեցումը: Տեր-Գաբրիելյանը նշում է երկու հանգամանք: Մեկը՝ որ ինքը լավ քննարկել է բազում անգամներ՝ երեսպաշտությունից հեռվանալու կարիքը, երեսպաշտություն՝ որ գալիս է օֆիցիալի, արհեստականի օգտագործման հետ ու գեղարվեստական արձակը դարձնում սուտ, անհավաստի, ավելացնում արհեստականությունն առանց այն էլ հորինվածք պահանջող ժանրում, ինչն ազդում է ընթերցողի ուշադրությունը գրավելու շանսի վրա: Թեև նա համաձայն է, որ սա հակասական մոտեցում է, քանի որ օֆիցիալին ու գրական ոճին սովոր ընթերցողը, ոճի հանդարտ հոսքին սովոր՝ գուցե, ընդհակառակը, գերադասի դրանք ու համարի Տեր-Գաբրիելյանի ոճը թերի: Սակայն նա, ինչպես ասում է, հետամուտ է ուշադիր ընթերցողի, գրականությունից բան հասկացողի, այլ ոչ թե նրա, ով գերադասում է արհեստականը կենսալիին:

Մյուսը՝ այն կատեգորիան է, որ ինքն է հորինել և անվանում է «տեքստի մակերևութային լարվածություն»: Ճիշտ ինչպես կա «հեղուկի մակերևութային լարվածությունը» ֆիզիկայում, նույն կերպ էլ գոյություն ունի տեքստի մակերևութային լարվածության հանգամանքը, որի էությունը հետևյալն է (և դա կապած է, էլի, արհեստականության ու ուշադրություն գրավելու պահանջի հետ). տեքստը, որպեսզի գրավի ընթերցողին (թեկուզև չարչարելով), մտնի նրա հոգին՝ պիտի քաշի նրան իր «ռեալ»-ությամբ, «իրական» լինելու կարողությամբ, ինչը նշանակում է, որ այդ տեքստը պիտի իր ամբողջության մեջ արտահայտի որևէ այլ մարդու՝ մեկ կամ մի քանի, հեղինակի կամ հեղինակի և հերոսի, - հոգին: Իսկ մարդու հոգին ամբողջական երևույթ է, հավաք: Եվ միայն եթե ընթերցողը զգա ամբողջական հոգու հետք, հատկանիշ կամ մոդելավորում՝ նա այնպե՛ս կընդունի արձակի տեքստը, որ գուցեև իրեն էլ օգուտ տա՝ այս աշխարհում մի քիչ ավելի լավ կողմնորոշվելու համար, «իրականն» «անիրականից» ավելի լավ զատելու համար...

«Գրականը կարծես միայն մի «չափումը» լինի, եթե միայն գրականն է օգտագործվում մարդու ներքին խոսքը նկարագրելիս՝ ասես «ստվարաթղթից կտրած»[3] լինի այդ կերպարը, ծանծաղ, ցանցառ ու տափակ, քանի որ մարդն իր ներսում միայն գրականով չի խոսում», - ասում է հեղինակը:

Իսկ եթե ոճը սխալ է, և այդ «մակերևութային լարվածությունը» չկա՝ գործը սողում է տարբեր ուղղություններով, «լղոզվում» է...

«Թե չէ հորինելը, - ասում է Տեր-Գաբրիելյանը, քմծիծաղելով, - հեշտից էլ հեշտ է: Այ, այնպես հորինելը, որ հավանական լինի ու ընթերցողի հոգին գրավի՝ մարտահրավեր է, մանավանդ այս դարում: Մանավանդ երբ խոսում ես անսովոր թեմաների մասին կամ՝ անսովոր կողմից դրանք բացահայտում, և գիտես, որ քո տեսքտը լինելու է միլիոն այլ տեքստի կողքին՝ լավ, հեշտ, շինծու թե ոչ, ինչպես նաև՝ կյանքի հոսքի, ներառյալ համացանցը, և ընթերցողդ ցանկացած պահի, հենց որ դու նրան «կարթի կեռիկից» բաց թողեցիր՝ պատրաստ է շեղվել»:

- Գուցե այդ դեպքում դետեկտի՞վ գրել, - հարց եմ տալիս ես:

- Գուցե, գուցե, - ասում է Տեր-Գաբրիելյանը, խորհրդավոր ժպտալով:

2. Պատանին և ցենզուրայի ճիրանները

... Իսկ կարող էր նաև այնպես պատահել, որ արձակագիր չդառնար, կամ դառնար օտարալեզու հայ գրող:

Սկզբում, թվում է, այդպիսի վտանգ չկար: Ծնվել է 1964 թ., Երևանում: Գրել սկսել է, 14 տարեկանից, բանաստեղծություններ, հետո՝ պատմվածքներ: Իր գրած առաջին երկու պատմվածքների ձեռագրերը պահպանվել են դպրոցական տարիների ընդհանուր տետրերի մեջ: Դրանք են «Շոգ»-ը և «Փիլիսոփան», որոնք հեղինակը պլանավորում է ընդգրկել «Պատանեկան պատմվածքներ» (պայմանական անվանում) ժողովածուի մեջ:

Երբ 16 տարեկան էր, ակադեմիկոս Ռուբեն Զարյանը՝ իր հայրիկի ընկերը, «Գրական թերթ» տարավ «Իմ չքնաղ լեդի Ջինջը» պատմվածքը, որն էլ հրապարակվեց «Թատրոնում» վերնագրով և կրճատված:

Թվում է, հայաստանցի արձակագրի ճակատագրի լավ սկիզբ է: Սակայն հաջորդ տարիներին արձակ հրապարակելը դառնում է մարտահրավեր: Գևորգը գրում է բազում պատմվածքներ, ավարտուն և կիսատ, փորձում գրել նաև այլ գործեր, ինչպես, օրինակ՝ «Արմենի ֆիլմը» վիպակը, «Զավոն՝ Զավակը» վիպակը (անավարտ), «Այրվող սարդի միգամածությունը» վիպակը (անավարտ), սկսում է գրել իր առաջին, անավարտ մնացած վեպը՝ «Պալիմպսեստը» (որի նյութը հետո օգտագործվեց իր անավարտ «Շելդա» ռուսերեն վեպում, հետո՝ հաջորդ վեպում, արդեն հայերեն, որ հիմա է գրվում): Այդ տարիներին նրա գեղարվեստական փորձերը չեն հրապարակվում գրական մամուլում, բացառությամբ նշվածի՝ «Գրական թերթում», և մի պատմվածքի՝ «Պիոներ» ամսագրում, նույնպես խմբագրված, ինչն ինքը համարում է աղավաղված: Թե ինչպես էին իրեն «տշում» խմբագրություններում՝ պատմել է «Հրանտ» գործում («Մկոն» պատմվածքի և «Գարուն» ամսագրի պատմությունը): Նաև ֆեյսբուքում նկարագրել է «Շեկո Մլավյան» պատմվածքի և «Պիոներ կանչ» թերթի պատմությունը:

Փոխարենը գրում է հոդվածներ և էսսեներ, որոնց որոշ մասը կարողանում է հրապարակել ժամանակի մամուլում: Թղթակցում է «Գրական թերթին»՝ գրախոսականներ է գրում, և «Երեկոյան Երևանի» մշակույթի բաժնին, որի համար գրում է մի շարք մշակութային տեղեկատվական նորություններ:

Հոդվածներից ու էսսեներից շատերը նույնպես չեն հրապարակվում, մանավանդ կարևոր, ծրագրային և ծավալուն գործերը: Օրինակ՝ նրա ծրագրային հարցազրույցը Հրանտ Մաթևոսյանի հետ, որի պատմությունը մանրամասն նկարագրված է «Հրանտ» հուշապատում-վեպում, հրապարակվում է միայն 2012 թ. «Հրապարակ նկուղ» ժողովածուում:

Երբեմն գրում է բանաստեղծություններ, բայց, իր իսկ խոստովանությամբ, դրանք անլուրջ ժամանց էին և հիմնականում կապված էին իր՝ սիրահարված լինելու հանգամանքի հետ: Իր ասելով, վերջին տարիներին երբեմն էլի «իր միջից» հանգավոր տողեր են դուրս գալիս, բայց դա լուրջ չի համարում: Ֆեյսբուքում վերջին տարիներին հրապարակել է շատ քիչ հանգավոր տողեր, որոնցից մեկը, օրինակ, Երևանին ու հայոց այբուբենին նվիրված ձոն է շուտասելուկի հատկանիշներով:

1985-1988 թ.թ. Մոսկվայում՝ ասպիրանտուրայում ուսանելիս, չի ստեղծում  ոչ մի ավարտուն գործ, իսկ հետագա տարիներին՝ Երևան վերադառնալով, գրում է ընդամենը մի քանի պատմվածք և աշխատում է «Պալիմպսեստ» անավարտ վեպի վրա: Պերեստրոյկան և Ղարաբաղյան շարժումը փոխում են մամուլի և գրականության վիճակը Հայաստանում, և 1990-ից սկսած Գևորգը հնարավորություն է ստանում հրապարակել շատ ու շատ էսսեներ և մի քանի պատմվածք ժամանակի թերթերում՝ «Անկախություն», «Երկիր», «Անդրադարձ», ինչպես նաև շատ հոդվածներ է գրում, հիմնականում՝ ֆինանսական նպատակներով, և հրապարակում նշածս թերթերում, նաև «Հայք»-ում, «Ազգ»-ում, «Մունետիկ»-ում, «Ար»-ում, «Հայաստանի հանրապետություն»-ում և այլ պարբերականներում:

Ավարտելով Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտական բաժինը՝ ստանում է թուքերենի ու հայոց լեզվի և գրականության ուսուցչի ու թարգմանչի որակավորում: Մոսկվայի համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի ասպիրանտուրայում ուսանելով, 1989 թ. պաշտպանում է թեկնածուական թեզը Մոսկվայում՝ Գիտությունների ակադեմիայի Լեզվաբանության ինստիտուտում: Ատենախոսության վերնագիրն էր «Երկխոսության կառուցվածքային-ֆունկցիոնալ բնութագիրները թուրքական արձակում»:

Երևանում, արդեն ամուսնացած լինելով և առաջնեկին ունենալով, նա աշխատանքի է անցնում պետական համալսարանում որպես թուրքերենի դասախոս, իսկ քիչ անց՝ նաև «Արցախ» հայրենակցական միությունում, հետո՝ հաջորդաբար՝ Հատուկ ծրագրերի կոմիտեում (որպես վերլուծական բաժնի ղեկավար. այս կազմակերպությունը կոչվում էր նաև «Արցախ կոմիտե») և Նախագահի՝ Անվտանգության գծով գլխավոր խորհրդականի աշխատակազմում՝ որպես փորձագետ:

3. Պայքար հանուն արձակագիր մնալու

- Ես դուրս մնացի «սովորական», «ստանդարտ» հայ արձակագրի ճակատագրից, - ասում է Տեր-Գաբրիելյանը:

Եվ իսկույն էլ ավելացնում.

- Ասենք, ամեն հայ գրող էլ այդ ճակատագրից դուրս է, թե իսկական է...

- Վարդան Ջալոյանը երևի դրա մասին է ասում, որ դուք չեք տեղավորվում ոչ մի կաղապարի մեջ: Լացուկոծի գրող չեք, ու նաև՝ պոստմոդեռնիզմի գրող չեք, թեև կան ձեր գրվածքներում շատ արտառոց հատվածներ, ասենք՝ «Կարճ բարդիների հարցը»[4]... Իսկ դուք ձեզ բեղմնավո՞ր եք համարում:

- Դե առաջին հայերեն գիրքս՝ «Հրապարակ նկուղը», ինչպես նաև «Անաստված կինո թատրոնը», փաստորեն արված աշխատանքի հաշվետվություն են, առաջինը՝ տեքստերը գրելուց քսան տարի հետո արված: Հաջորդ ժողվածուս թե լինի՝ «Մեծ տիեզերափայլը», էլի այդպիսին կլինի: Պատանեկան գործերի գիրքն էլ, որ մտմտում եմ, փաստորեն, հաշվետվություն կլինի՝ 14-20-ամյա պատանու գրածների: Ես և՛ բեղմնավոր եմ, և՛ ոչ, և՛ շատ ու արագ գրող եմ, և՛ դանդաղ, և՛ շատ, և՛ քիչ հրապարակվող ու կարդացվող... Ինչ իմանամ... Վեպեր դեռ շատ չեմ գրել, այն էլ՝ հաջող ու հրապարակված... Եթե այս մեկը, որի վրա հիմա աշխատում եմ, ստացվեց՝ շատ գոհ կլինեմ... Մարդ պիտի գրի շատ, հրապարակի՝ ոչ ամբողջը, համենայն դեպս կյանքի օրոք, և մարդուն, ինձ թվում է, տրված է ի վերուստ՝ ինչը կստացվի, ինչը չի ստացվի, որքանը կհասցնի, որքանը՝ ոչ... Այնքան բան կա կարդալու՝ չեմ կարդում, որովհետև պիտի հասցնեմ իմ գիրը գրել...

Իսկ կարող էր և չհասցնել: Հայաստանը թողնելուց հետո տասնչորս տարի դադարում է գրել հայերեն ընդհանրապես:

1993 թ. մեկնում է Պրագա՝ Կենտրոնական եվրոպական համալսարան, քաղաքագիտություն և հասարակագիտություն ուսանելու: Եվ նախատեսված մեկամյա բացակայությունը վերաճում է տանսչորսամյա գաղթականության։ Պրագայից հետո Տեր-Գաբրիելյանն ապրում, աշխատում և շարունակում է ուսանել ԱՄՆ-ի Օհայո նահանգում, հետո՝ աշխատում Մյունխենի Քաղաքականության և գիտության ինստիտուտում, հետո աշխատանքի է անցնում Լոնդոնում՝ «Միջազգային Տագնապ» (International Alert) կազմակերպությունում, որում աշխատում է 1998-ից մինչև 2005 թ.թ.:

Հենց այդ տարիներին էր, որ նա, զբաղված լինելով անգլերեն սովորելով և փիլիսոփայության, քաղաքագիտության ու սոցիալական գիտությունների ասպարեզներում համաշխարհային գիտելիքը յուրացնելով՝ դադարում է գրել հայերեն: Փաստորեն 1990-ականներից մինչև մոտ 2006-ը իր վերջին հրապարակած հայերեն գործը մնում է «Մասնավոր պատերազմ Կենձաբուրո Օեի ժամանակներում» էսսե-պատմվածքը, որը լույս տեսավ 1992-ին «Անկախություն» թերթում:

1997-ին Գերմանիայից մի քանի թղթակցություն[5] է ուղարկում ռուսերեն «Ուրարտու» շաբաթաթերթին: Նաև մասնակցում է թատերագետ, հրապարակախոս, գրող Արա Նեդոլյանի ստեղծած «Գնոզիս» ալմանախին, հրապարակելով այնտեղ ռուսերեն էսսեներ[6]:

2005-2007 թ.թ., տեղափոխվելով Մոսկվա, փորձում է գրել «Ժիզնեննի» վեպը ռուսերեն (անավարտ), ստեղծում է «Գազեթթ Կրեատիֆֆ» կայքը, որտեղ հրապարակում է իր որոշ տեքստեր, ավելի շուտ ժամանցի համար գրված:

2007 թ. հունիս-սեպտեմբեր ամիսներին գրում է «Հրանտ» հուշագրության ռուսերեն տարբերակը: 2007 թ. օգոստոսի վերջում իմանում է, որ ընդունված է աշխատանքի Երևանում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամում: Դա նշանակում է՝ վերադարձ հայրենիք 14 տարվա բացակայությունից հետո, թեև այցելում էր Հայաստանը բավական հաճախ: Այդպիսով, ռուսերեն «Հրանտ»-ը սկսում է գրվել՝ իրեն վտարանդի, արտագաղթած համարող մեկի կողմից, իսկ վերջին էջերը գրվում են հայրենիք վերադարձողի կողմից:

Դեռ Մոսկվայում եղած ժամանակ, մինչ վերադարձը, թղթակցում է նորաստեղծ «Պանորամա» շաբաթաթերթին, որի ստեղծողն ու խմբագիրն էր վաղամեռիկ Հրաչ Գալստյանը: Ռուսերենով հոդված-էսսեներ է գրում «Պանորամայի» համար, թերթը թարգմանում է իր գրածները և հրապարակում հայերեն: Տեր-Գաբրիելյանն այդ ժամանակաշրջանում փորձում է նաև արդեն վերադառնալ հայերենին և գրել հայերեն տեքստեր: Միաժամանակ՝ ռուսերեն մշակութային նյութերով և կարճ էսսեներով թղթակցում է Մոսկվայում հրապարակվող «Գազետա պրո վսյո» («Թերթ ամեն ինչի մասին») թերթին՝ Ռուսաստանյան Երկաթգծեր կազմակերպությանը պատկանող, ինչպես նաև՝ անգլերեն մի շարք հոդվածներ է գրում Կալիֆոռնիայում հրապարակվող «Արմինիան րիփորթըր» շաբաթաթերթի համար, հիմնականում մշակութային թեմաներով[7]:

Երևանում վերաբնակվելուց հետո որոշում է հավաքել ու հրապարակել 1981-1992 թ.թ. գրած ու մասամբ հրապարակած իր նյութերի հատընտիրը: «Հրապարակ նկուղ» ժողովածուն լույս է տեսնում 2012-ին: Այն ամփոփում է Տեր-Գաբրիելյանի առաջին շրջանի ստեղծագործությունը և ընդգրկում է պատմվածքներ ու վիպակ, հոդվածներ ու էսսեներ, նույնիսկ թարգմանություններ և Հրանտ Մաթևոսյանի հետ հարցազրույցը: Ամեն նյութի սկզբում կամ վերջում զետեղված է պատմություն՝ դրա ստեղծման կամ հրապարակման մանրամասներին առնչվող, ինչը թույլ է տալիս ավելի լավ հասկանալ, 20-ամյա հեռավորությունից, ժամանակը, նյութի ստեղծման շարժառիթները և նշանակությունը:

Տեր-Գաբրիելյանը ստեղծում է իր հեղինակային կայքը՝ Nouvelle Observatoire Kreatiff 3 (gtergab.com ), որտեղ զետեղում է իր գրական և մեդիա արտադրանքի խոշոր մասը: Կայքն այցելելիս պարզ է դառնում, թե, բացի գեղարվեստական արձակից, որքան էսսեներ և հոդվածներ է գրել և հրապարակել, որքան հարցազրույցներ է տվել Տեր-Գաբրիելյանը վերջին 30 կամ ավելի տարիների ընթացքում:

2011-2014 թ.թ., երբ արդեն վերադարձել էր Երևան, սկզբում շարունակեց գրել ռուսերեն: Սակայն «Շելդա» վեպն անավարտ մնաց: Դրա նյութն օգտագործում է իր հաջորդ՝ հայերեն վեպում (այն այժմ արտադրության պրոցեսում է): Անցումը ռուսերենից հայերենին՝ վերադարձը հայերենին հեշտ չէր: «Շելդայում» նա փորձում էր ստեղծել յուրօրինակ հորինված ռուսաց լեզու[8], քանի որ, ասում է, ռուսերեն բառերը «մաշված» էին թվում: Հետագայում նման փորձ է անում «Քամու պանրիկ-մածնապանրիկ» գործում, արդեն հայերենով, ստեղծելով Մարիգ տատի հորինովի բարբառը (հրապարակվել է «Անաստված...» ժողովածուում): Վերջերս իր արձակն արժանանում է գրականագիտական արձագանքի (Վարդան Ջալոյան, Նունե Դիլանյան, Անժելա Հակոբյան): Բայց «Քամու պանրիկ-մածնապանրիկ»-ին վերլուծողները չեն ադրադարձել: Իսկ ընթերցողների կարծիքները հակասական են. ոմանք դժվարություն չեն տեսնում այն կարդալիս, մյուսները՝ համարում են, որ հորինովի լեզուն խրթին է դարձնում պատմվածքի ընկալումը:

2013-ի հունվարին «Առավոտ»-ի առցանց տարբերակում լույս է տեսնում «Ինսպեկցիան ինչպես որ կա» գործը, որը կարելի է համարել առաջին նշանակալի ստեղծագործությունը, որ Տեր-Գաբրիելյանը հրապարակում է՝ հայոց լեզվով գրելուն վերադառնալուց հետո:

Հետագա տարիներին նա, թեև տալիս է բազում հարցազրույցներ, ավելի ու ավելի քիչ է սկսում գրել հոդվածներ և էսսեներ, և փոխարենը գրում է մի շարք արձակ գործեր. պատմվածքներ, վիպակներ և «Անաստված» կինոթատրոնը» կինովիպակը:

Այդ գործերը հրապարակվում են «Անաստված կինո թատրոն» ժողովածուում 2018-ին, և նույն թվականին նաև տպագիր տեսքով լույս է տեսնում իր «Հրանտ» հուշապատումի վերաշարադրված և փոփոխված հայերեն տարբերակը:

Այս երկու գրքերը վկայում են, որ արձակագիրը, երկար դեգերումից հետո, վերջապես անվերապահորեն վերադարձել է մայրենի լեզվի և գրականության ծիր:

4. «Շատ ժամանակ եմ կորցրել, պիտի տեղը հանեմ»

- Ի՞նչ եք գրում այժմ:

- Գրեթե ավարտված ունեմ ևս մեկ ժողովածու՝ վերջին տարիներին գրածս վիպակների ու պատմվածքների, պիտի ավարտեմ դրանց խմբագրումը, և նաև ուզում եմ հրապարակել պատանեկան առաջին պատմվածքներիս հատընտիրը՝ պատմվածքներ, որ չընդգրկեցի «Հրապարակ նկուղի» մեջ: Պայմանական վերնագիրը՝ «Պատանեկան պատմվածքներ», գիրքը նախատեսված կլինի ութից քսան տարեկանների համար մոտավորապես... Կուզեի, որ այն նկարազարդեր մի որևէ տաղանդավոր երիտասարդ...

- Փաստորեն, ևս երկու գիրք սպասենք 2019-ի՞ն:

- Տեսնենք: Քանի որ այնպես ստացվեց, որ 2018-ին երկու գիրք հրապարակեցի, գուցե մի քիչ դանդաղեցնեմ. սպասեմ, որ հրապարակվածները գոնե կարդացվեն, մարսվեն... Մի քիչ շտապում եմ գուցե, այնպես եմ զգում, ասես քիչ էր մնում ուշանամ ու էլ արձակագիր չհասցնեմ դառնալ... Պետք է աշխատել արագ, շատ ժամանակ եմ կորցրել, պիտի տեղը հանեմ, գրելն ավելի կարևոր է դառնում երբեմն, քան հրապարակելը, ինչն ինքնին մեծ ներդրում է պահանջում՝ գրողից դառնալ սեփական գործերի խմբագիր... Դա մի առանձին կյանք է: Աշխատելը՝ մի կյանք, ընտանիքը՝ երկու, գրելը՝ երեք, խմբագրելը՝ չորս...

- Ուրեմն կինո նկարելը կամ թատերական բեմադրությունն էլ էլի կյանքեր կլինեին...

- Կինոն՝ Ֆելլինիի կամ Տարկովսկու տեսակի՝ սիրում եմ, կամ՝ Փարաջանովի, Փելեշյանի, սակայն մնացածը՝ կինոների մեծ մասը՝ այդ շինծուությունը որ մեջն է սպրդում՝ արդեն վանում է: Չափից դուրս շատ կա հորինված իրադրություն մեր շուրջ: Ամենը հորինված է կամ կարծրատիպ, այսինքն՝ սուտ, մեջը մի պտղունց՝ իրականություն: Դա, իհարկե, լավ միջոց է՝ այդ իրականն ընդգծելու, բայց նաև մարդկանց շեղում է. կարծում են այդ հորինվածն իրականն է... Կինոյում կամ համացանցում են սկսում ապրել, ետ սովորում ճշմարտությունից ու հետո շատ զարմանում, երբ ճշմարտությունն աչքներն է կոխվում... Մեղադրել են սկսում «կմախքը պահարանից հանելու» համար...

- Իսկ թարգմանվե՞լը: Չէ՞ որ կարծիք կա, որ միայն թարգմանվող հայ գրողներն են, որ Հայաստանում ճանաչում են ձեռք բերում:

- Մի երկու գործ թարգմանված կա: Մի երկուսն էլ, դե գիտես, ռուսերեն եմ գրել, թեև խմբագրման կարիք ունեն նոր հանգամանքներում: Հայաստանում ճանաչում ձեռք կբերի այն գրողը, ով այնպիսի բան գրի, որ մարդիկ ձեռքից ձեռք խլեն և կարդան: Եվ որքան էլ ճանաչումս փոքրամասշտաբ է՝ ես գերադասում եմ ունենալ հատուկենտ հայ ընթերցող, քան ժամանակ վատնել գրողական «կարիերայի» վրա, մասնակցել գրողական կոնֆերանսների, փորձել այնպես անել, որ ինքս իմ թարգմանելը կազմակերպեմ... Մանավանդ՝ գիտեմ, թե որքա՜ն թերի են, մեծ մասամբ, պատվիրված թարգմանությունները... Իմ հասկացածով՝ պրոցեսը հակառակը պիտի լինի. մարդ պիտի գրի մի բան, որ իր ժողովուրդը կարդա, ու դա այնքան նշանակալի ստացվի, որ իրեն վերցնեն ու սկսեն թարգմանել՝ առանց իր մասնակցության:

- Բայց մեր կյանքում այդպես չի ստացվում...

- Կստացվի: Կգա այդ գրողը, կգրի՝ ու ինքներս էլ չենք նկատի ու կզարմանանք, որ չենք նկատել, որ ստացվեց: Ու մյուսներս՝ իր կրտսեր գրչընկերներս, նույնպես դրանից կօգտվենք, ու մեր գրականությունը կդառնա աշխարհին հայտնի:

- Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում, այդ կոնտեքստում, գրականության ասպարեզում մեր պետության քաղաքականությանը:

- Դե, ինչպես և ամեն այլ ասպարեզում, ինձ թվում է, հենց սխալ ու կարծրատիպային մոտեցումներ են եղել տարիներ շարունակ, ասենք՝ որ դրսում պիտի թարգմանվես, որ հետո ներսում մի բան նշանակես, հայտնի դառնաս... Էլի նույն ռուսասովետականությունից կախվածության մոդելն է՝ «Մոսկվայի պապա» փնտրելը, թեև դա կարող է լինել այժմ, ասենք, «Ամստերդամի պապա» և այլն: Ինչպես ռուսական ասացվածքն է ասում՝ «չկա մարգարե սեփական հայրենիքում»: Պետք է դուրս գանք այդ փակուղուց և գնահատենք մեր ունեցած տաղանդը նրա կյանքի օրոք ու դրսից անկախ: Հիմա, հեղափոխությունից հետո՝ գուցե մշակվի ավելի խելոք քաղաքականություն: Ամեն գործի համար խելոք մենեջեր է պետք: Ցուցահանդեսի կամ փառատոնի մասնակցություն է հայ գրականության՝ պիտի շատ խելոք ծրագրավորվի: Իմաստն ի՞նչ է: Նպատակն ի՞նչ է: Արդյունքն ի՞նչ է: Նախապատրաստումը սկսվի վաղօրոք, և աշխատանքը կանգ չառնի ցուցահանդեսների միջև ընկած ժամանակահատվածում: Թե ուզում եք, որ դրսում ձեր գրողներին կարդան՝ ինքնե՛րդ կազմակերպեք թարգմանությունը: Եվ այլն: Ինձ չի թվում, թե արձակ գրելը՝ ինձ պես արձակ գրելը, շահութաբեր կարող է լինել: Շահութաբեր կարող է լինել նոն-ֆիքշն գրելը, նույնիսկ այսօր, Հայաստանում, նայած ինչ գրես... Մանկական հեքիաթ գուցե... Կամ՝ կինոսցենար գրելը... Պիես...

- Դուք չե՞ք պատրաստվում այդ ամենն անել:

- Գուցե անեմ, կինովիպակ, ահա, գրել եմ, նոն-ֆիքշն գրել եմ ու էլի կգրեմ, երևի, շատ կգրեմ, պիես էլ գուցե գրեմ, սակայն մեկ է՝ ես շահույթի ետևից չեմ ընկած: Ինձ համար իմ ազատ գիրն ավելի թանկ է, քան դրա դիմաց ցանկացած փող: Ավաղ, մենք այդպիսի քաղաքակրթության մեջ չենք ապրում, որ մարդու ազատ գիրը փողաբեր լինի: Ես վաղուց եմ հրաժարվել այդ պատրանքից: Ես կարող եմ իմ գրով փող աշխատել բավական, որ ապրեմ, բայց դա չի լինի ազատ գիր, արձակ, բանարվեստ: Իսկ բանարվեստը, ի վերջո, առաջ է գնում ազատ գրի շնորհիվ: Դա իմ խորին համոզմունքն է:

 

Գայանե Սիմոնյան,

Սոցիալ-մշակութային իննովացիաների լաբորատորիա (ՍՄԻԼ) հիմնադրամ

 

 

 

[1]http://www.shoghakat.am/am/telecasts/8622

 

[2]https://granish.org/harcazruc-gevorg-ter-gabrielyani-het/

 

[3]Այդ պատկերավոր արտահայտության պատմությունը տե՛ս այստեղ. https://granish.org/sev-stvaratghtic-ktrvats-kerparanqy/

 

[4]https://hetq.am/hy/article/92297

https://hetq.am/hy/article/92376

https://hetq.am/hy/article/92454

https://hetq.am/hy/article/92463

 

 

[5]Օրինակ՝ https://www.gtergab.com/ru/news/publicism/banditism-and-pillage/97/

 

[6]Օրինակ՝ https://gtergab.com/ru/news/prose/in-the-middle-of-nowhere/73/

https://www.gtergab.com/ru/news/essay/the-future-the-fight-for/111/

 

[7]https://www.gtergab.com/files/uploads/English%20book/LevonLazarevArmRep12-15-2007.pdf

https://gtergab.com/en/news/publicism/seventy-million-armenians/101/

https://www.gtergab.com/files/uploads/English%20book/KarenGevorgyanArmReporter12-22-2007.pdf

 

[8]Տե՛ս այստեղ նկարագրած. https://granish.org/harcazruc-gevorg-ter-gabrielyani-het/

 


00:06 Ապրիլ 17, 2019