Էշը սատկելու հարցը. թեզիսներ
Էշը սատկելու հարցը. թեզիսներ
Հունվար 23-մայիս 17, 2014
Մեկ
Ստիպված եմ գրել որոշ թեզիսներ, ինչ-որ պահի հո պետք է սկսել: Այն, որ սեպտեմբերի երեքից հետո, դա որպես կուլմինացիա, ժողովորդի գիտակից մասը զգաց վերջապես իրական ճգնաժամ՝ հենց նենց դեպք չէ: Շատ չխորանալով՝ նշենք, որ մնացած զարգացումը 2008ից սկսած անընդհատ կամ իրական, կամ պատրանքային հույսեր էր տալիս: Այստեղ առաջացավ ջրբաժան: Եթե ժողովրդի գիտակից մասը զգում է ապոկալիպտիկ տենդենց՝ չի կարելի դա դեն նետել: Մինչ այդ ղարաբաղի պատերազմի հաղթանակի հասցնելու կոլլապսը մտածմունք էր՝ հիմա դարձավ իրոք հարց: Պետք է իրոք մի բան անել: Հրեաները նացիզմի մեջ շատ ուշ զգացին ապոկալիպտիկ տենդենց (հայերն էլ քանդվող ու զարգացող Օսմանստանում): Նույն կերպ էլ՝ ողջ մնացած աշխարհը: Էնպես որ հենց որ զգացիր՝ պետք է քամակդ շարժել:
Ամիսներ անցան, և դա տալիս է շանս՝ առաջնային էմոցիոնալ սթրեսից դուրս գալու ու փորձելու հասկանալ՝ հաջորդն ինչ է լինելու: Բայց ժամանակն էլ է քիչ:
Պիտի վերադառնանք աշխարհի նկարագրման այն պահին՝ երբ մինչ սեպտեմբերի երեքը նկարագրում էինք, ու տեսնենք, հիմա ինչ անել: Սեպտեմբերի երեքը պահանջում է նորովի անել, նոր հարցեր է դնում, հստակեցնում: Կոպիտ ասած՝ մինչ այդ փորձում էինք աշխարհը հասկանալ, հիմա պետք է փոխել:
Աշխարհը. իմ կարևոր դիտարկումն էր՝ որ կա երեք ճգնաժամ, կամ ճգնաժամի երեք փոքրիշատե տարբեր արտահայտություն. համաշխարհային, հետսովետական և ազգային կամ հայաստանյան:
Բնական է որ դրանց հանդիպման պահերն ամենակարևորն են:
Դրանց տարբեր հատկանիշները ես նշել եմ տարբեր գրվածքներումս:
Համաշխարհայինը սկսել է գիտակցվել շատ վաղուց, և կարելի է ասել որ վերջապես, արդեն մի հիսուն տարի ճգնաժամի էությունն այն է որ գիտակցվում է որ ճգնաժամն անվերջ է ու էլ չի վերանալու, որ սկսում ենք ապրել ճգնաժամային աշխարհայացքի պայմաններում՝ ընդմիշտ:
Այսինքն ճգնաժամն իր էությունը փոխում է և ժամանակավորից դառնում է հատկանիշ, ոչ թե բագ՝ այլ ֆիչը: Դրա հոր անունն էր պոստմոդեռնիզմ, պապինը՝ մոդեռնիզմ ևն: Պոստ բառը մնում է՝ ասենք պոստոչկլասիկ և այլն: Դա ցույց է տալիս, որ ճգնաժամի ֆիչըներից մեկն էլ այն է՝ որ այն գիտակցվում է որպես ավելի շուտ ապագայում հայտնվելու տենդենց՝ քան պատրաստ ես: Ավելի շատ ընտրություն անելու կարիք՝ քան պատրաստ ես:
Ինչին է հակառակ ճգնաժամը: Գործերի սովորական ընթացքին: Ստաբիլությանը: Նաև՝ հարմոնիային: Պատկերացրու, որ օրվա ընթացքում պիտի անես տասնհինգ գործ՝ ինչպես միշտ: Եվ հանկարծ նրանցից մեկը չի ստացվում: Հանկարծ մեկ այլ գործ է պետք անել: Եվ այդպես՝ քո սովորական տասնհինգ գործի փոխարեն՝ պիտի անես ընդամենը հինգ ծանոթ ու սովորական գործ, իսկ մնացածը՝ նոր ու անսովոր:
Ճգնաժամից կարելի է փախնել: Այն չտեսնելու տալ: Օրինակ՝ ամառները մարդիկ փախնում են ճգնաժամերից՝ ապաստանելով հանգստի բնում: Ներդնելով մեռելոցները՝ Տիգրան Սարգսյանը փախնում է ճգնաժամերից՝ որ մարդիկ կամ ազատ լինեն, կամ աշխարհից կտրվեն, կամ ավանդույթներով զբաղվեն, կամ զբաղվեն գերեզմանով ու եկեղեցով ու անցյալով՝ ու մոռանան որ ճգնաժամ կա, որից պետք է փախնել:
Երևանում ճգնաժամից փախնում են բոլորը. եթե առավոտյան մինչև տասի կողմերը փողոցներում գրեթե ավտո չկա, իսկ հետո ամենուր ավտոխցանում է՝ նշանակում է ժողովուրդը փախնում է ճգնաժամից՝ չի ուզում հարմարվել. այլապես ժողովուրդը կսկսեր օգտագործել ազատ ժամերը, առավոտյան շուտ տեղից շարժվել, որ հետո այդքան շատ խցանում չլինի ու իրենց չխանգարի:
Երևի կարելի է ճգնաժամից խուսափել՝ փախնելով, բայց կարելի է արդյոք տվյալ դեպքում՝ չգիտեմ:
Մեծ աշխարհի ճգնաժամի հատկանիշներից են՝ ամբողջականությունը վերականգնելու պահանջը (որ արդեն մի երկու դար կա) ու ինտերնետը (ու դրա հետ կապվածը)՝ որպես դեռևս ոչ լրիվ հասկանալի, թեև հաստատ լավ, զարգացում: Իսկ ճգնաժամի մշտնջենականության էությունն այն է, որ նայելով դեպի ապագա՝ տեսնում ես որ այն չի վերանալու, չի կարող վերանալ, հինը պիտի շատ լուրջ քանդվի, իսկ դա վտանգավոր է՝ քանդ ու ջարդ է սպասել տալիս: Եվ ճիգ է պետք՝ ճգնաժամը հաղթահարելու համար: Չմոռանալով, որ այն մնալու է հարատև: Ահա այդպիսի պարադոքս:
Իսկ նայելով դեպի անցյալ՝ տեսնում ես որ այն միշտ կար, ուղղակի այդպես չէր գիտակցվում, ինչպես ես հիմա սա գրելուց հետո կգնամ թեյ խմելու ու մի պահ կմոռանամ նրա մասին բայց նա կա՝ այդպես մարդիկ կարծում էին անցյալներում թե նա մասնավոր դեպք է ու մի հարցը հասցեագրելով՝ գոնե մի քիչ լուծեցին, մինչդեռ արդեն պարզ է որ ոչ, այն միշտ կար:
Նրա էությունն իհարկե մտքի հարցերն են՝ կյանքի իմաստի՝ համամարդկային աջենդա ունենալու՝ ևն:
Դա ամենն ամեն ինչի հետ կապված լինելը բոլորի կողմից գիտակցելու ճգնաժամն է, մեկընդմիշտ գիտակցելու՝ ինչպես երբ անտուն շուն ես տեսնում փողոցում, մուրացկան, խեղճ աղքատ երեխա՝ ու հասկանում, որ աշխարհում մի բան շատ ուժեղ այն չէ՝ որտև ռեսուրս չունես նրանց բոլորին փրկելու անձամբ, իսկ ուրիշ միջոց չկա, և որին փրկես, իսկ քեզ ով փրկի... Արդեն քանի որ բոլորը դա գիտակցել են՝ պետք է միավորվել ու էնպիսի համակարգ ստեղծել՝ որ բոլորով միասին բոլորին փրկենք:
Հետսովետական ճգնաժամն էլ ունեցավ տարբեր փուլեր ու արտահայտություններ: Իհարկե դրա արտահայտումը ոչ թե կամ ոչ միայն պուծինն է (սա որպես երևույթ), այլև նախ և առաջ՝ ներկա արժեքների կոլլապսը սովետական պերիոդի ապարժեքավորող ազդեցության պատճառով:
Դրա վրա կարող ենք ավելացնել տարբեր մասնավորություններ՝ կոռուպցիան, պուծինը, օլիգարխիան, ինֆորմացիայի տարափի ստի աստիճանը ևն, ինչպես նաև այն՝ որ արժեքների կոլլապսն ի վերջո համաշխարհային դեպք է, իսկ հետսովետականը՝ միայն դրա մասնավոր արտահայտություն, բայց քանի որ մենք այս մշակութային արեալում ենք՝ չմոռանալով այլ դեպքերը՝ պիտի սա հաշվի առնենք:
Ասենք արաբական հեղափոխությունների մեջ շատ նմանություն կա մեր հետ, բայց մշակութային արեալը տարբեր է որոշակի իմաստով ու չենք կարող այդ տարբերությունը հաշվի չառնել՝ թե չէ կմոռանանք մեզ: Մյուս կողմից՝ պարտավոր ենք տեսնելու թե ինչն է ընդհանուր ու ինչն է տարբեր:
Վերջապես ազգայինը՝ այդպես ավելի ճիշտ է անվանել քան հայաստանյան՝ որտև արդեն պարզ է որ ճգնաժամը ոչ միայն սերժի (էլի հավաքական հասկացություն) փաստի մեջ է՝ այլ ողջ ազգի պոտենցիալի՝ որտեղ էլ այն ապրի, դա ընդունում են մտածողները աշխարհով մեկ: Այստեղ ազգային ճգնաժամ է, տեղայնացված՝ մի հետսովետական տարածքում, այսինքն այս տարածքի ցավից է ամենանկատելին, բայց կա ու կար նաև անկախորեն: Արդյոք այն ուրույն է, այսինքն չի վերանա եթե աշխարհի ու հետսովետականի հարցերը լուծենք... Ինձ թվում է ուրույն է, ինչպես և ամեն առանձին անհատի կյանքն է ուրույն: Ուրույնություն ունի, ուրեմն պետք է տարբերել ու տարբերակել համաշխարհայինի ո՛ր հարցին անդրադառնալ, ու եթե անդրադարձանք՝ ազգայինի ո՛ր հարցն ինչպե՛ս կմոդիֆիկացվի:
Օրինակ՝ ազգը պիտի դիտարկել ոչ թե մի բան իր համար՝ այսինքն եկեք միավորվենք որ լավ ապրենք՝ այլ մի բան աշխարհի համար՝ այսինքն եկեք ինքզինքս ճանաչենք որ աշխարհին օգուտ բերենք: Ինչպես անհատը:
Պետք է իհարկե առաջնորդվել միայն համաշխարհայինին անդրադառնալով՝ որպես մեծ կոնտեքստ: Ուղղակի ճգնաժամը տարբեր երևույթներով արտահայտվելով՝ այդ երևույթներն իրար հակասության մեջ են մտնում, ու ստացվում է որ մեկ և նույն ճգնաժամի մի ընթացքը խանգարում է մյուս ընթացքը հասցեագրելու փորձերին:
Դրա արտահայտություններից մեկը հիերարխիկ համակարգ վերսուս ցանցային համակարգ պայքարն է: Ասենք, պետություն վերսուս հասարակություն:
Հաշվի առնենք որ աշխարհում զարգացում կա. այն, որ պետությունն այսօր այդքան կուկլայացել ու առանձնացել է հասարակությունից, հասարակությունն էլ այնքան ապակաստայավորված է որ կարող է ցանց համարվել՝ դա զարգացման արդյունք է:
Այստեղ տարբեր դեպքեր կարող էին լինել: Օրինակ՝ չնայած դա համաշխարհային միտում է՝ բայց կարող էր լինել մի դեպք՝ երբ պետությունը բարի է, հասարակությանը շատ է ընդգրկում, ու այդ ճգնաժամի արտահայտումն այդքան անսքող չէ: Գուցե Եվրոպայի որոշ մասեր դա են: Ուզում ես ընդգրկվիր, ուզում ես ոչ, բայց եթե ընդգրկվեցիր՝ ուժ կունենաս, կազդես:
Հոլանդն ահա ծրագիր առաջարկեց՝ չնայած իր կանանց հետ կապված սկանդալին:
Մեզ մոտ այդ անջրպետն անսքող կերպով ու հսկայական դարձավ, սեպտեմբերի երեքը դառնալով այդ անդունդի վերջնանիշը (առաջնանիշը մարտի մեկն էր):
Էսպես կոչված պետությունն ուրեմն ամեն ինչ անում է կոոպտացնելու համար հասարակությանը, ժողովրդին, լռեցնելու կամ ցրելու, ներքին կամ արտաքին էմիգրացիայի միջոցով: Դա էլ նոր չէ:
Կարելի էր հույս ունենալ որ կոոպտացիան պետությանը կջրի ի վերջո, ու ներսից պետությունը ստիպված կփոխվի: Բայց կարծես թե դա Հայաստանում տեղի չի ունենում, նաև՝ նրա պատճառով որ նախորդ տարիներին ամեն ինչ արվել է՝ անհույս ու անփորձ ու անկիրթ դարձնելու ժողովրդին:
Հիմա էլ կարող է պետությունը ներսից փոխվել, բայց մոլլա Նասրեդդինի պատմության պես՝ էշը մինչ այդ կարող է սատկել: Դա է պրոբլեմը: Իսկ քանի որ էշը զգում է՝ որ կարող է սատկել՝ ուրեմն երևի չի սատկի (հրեաները չէին զգում՝ տես ստորև): Բայց ինչ կանի՝ մեծ հարց է:
Մի բան որ չի ուզում անել՝ դա սպանությունն է: Լավ: Մանավանդ որ դա էլ փորձվեց մի պահ՝ աբորտ արած ձևով, ու վարկաբեկվեց:
Ուրեմն կան նաև կոնկրետ լիքը առաջարկներ՝ բայց դրանց ընդհանրացումը չկա:
Կոնկրետ. ասենք, ստեղծել ակումբներ՝ գնացողների և այլն, որ միշտ իրենց նոստալգիան ու իրենց՝ այս երկրի բույս լինելը հատուցեն՝ մասնակցելով ինչ-որ ձևով:
Լավացնել կրթությունը՝ ամեն դասախոս առանձին՝ իր իրավասության ներքո:
Կոչեր անել՝ ամբիցիաները մի կողմ թողնելու ու միասին աշխատելու:
Նոր միջոցներ փնտրել՝ լավ մարդկանց կոնսենսուսի:
Վերադաստիարակել մարդկանց՝ որ հասարակական ակտիվությունը բարձրացնեն: Ամենքն իր տեղում զինվոր է՝ թող ելնի սխալի կամ անարդարության դեմ:
Այլ խումբ անելիքների՝ աշխատել «վարակվածների» հետ: Կրիմինալին կարելի է որպես հիվանդի վերաբերել, իրականում դա այդպես էլ կա: Դա նշանակում է՝ եթե մարդ չի գնում մի կաֆե ուր օլիգարխը մարդ է սպանել՝ դա ինչ է նշանակում. նա գործում է ոչ թե հիվանդ օլիգարխի դեմ՝ այլ տալիս է ազդանշան, դա խոսք է՝ հասարակությանն ուղղված՝ որ ես չեմ ընդունում հիվանդի իշխանությունը ինձ վրա:
Բայց հիվանդի հետ կարելի է զրուցել, փորձել նրան բուժել, երբեմն էլ պատժել: Ասենք, երբ ինտերվյու է վերցնում լավ ժուռնալիստը օլիգարխից՝ նա այդպես է իրեն զգում՝ ինչպես օտարմոլորակայինի, մեր ասածով՝ հիվանդի հետ շփվելիս: Առյուծի վանդակում: Հիվանդը դա կյանքի տվյալ նորմերին անհարիրի վիճակ է՝ երբ անհարիրը համոզված է՝ որ ինքը նորմ է, ու ուզում է նորմն իր պատկերով փոխել:
Կան միկրովարակվածներ՝ հիվանդի շուրջը վխտողներ: Եկեք մտածենք ինչպես նրանց հետ աշխատել:
Պետք է ջլատել ու ներսից կազմաքանդել հիվանդին: Ինչպես դա անել: Տարրաբաժանել միկրոներին իրոք հիվանդներից: Նաև՝ բիզնեսներին պետությունից ու օլիգարխներից:
Բայց այդպիսի ռեսուրս ունեցող և պոտենցիալ դրական ուժին միավորելուն խանգարում է հետսովետական մշակույթը՝ անհավատությունը, ճիշտ ինչպես և մեր տեսակի հիվանդները՝ դա հետսովետական մշակույթի ձուլածոն է համաշխարհային ճգնաժամի այն արտահայտման՝ որ զգալով ցանցերի հաղթարշավը՝ հիերարխիկ համակարգերն իրենք են հաղթարշավի անցել՝ փորձելով ամեն ինչ իրենց ձեռքն առնել, ինչպես կարող են:
Հիմա փաստորեն դրա տարատեսակը մեր շրջանում դարձել է հետևյալը. արա ինչ ուզում ես միայն թե մեր ձեռից մեր ռեսուրսն ու ապագայի մեր ռեսուրսը մի առ, իսկ մենք կփորձենք թույլ չտալ որ դու լինես երջանիկ և բարգավաճ և անես ինչ ուզես ու քո ձեռից քո ապագայի ռեսուրսն անընդհատ կառնենք: Մնացածում՝ արա ինչ ուզես: Խոսքը փաստորեն անընդհատ ֆյուչըրսների մասին է: Եվ միշտ դրա մասին էր՝ բայց մինչ չգիտակցվեց որ այս ճգնաժամը միշտ կար՝ չէր գիտակցվում նաև որ խոսքը միշտ ապագայի մասին է:
(Ուրեմն քանի որ դա է հարցը՝ պետք է «ժամանակ» հասկացության հետ էլ հաշվի նստել, այն լուծել: Պարզ իմաստով՝ ինչպես կարելի է այն լուծել. եթե ունեցար բավարար քանակով ընտանիք, տոհմ, կլան, մշակույթ, թիմ կամ համախոհներ՝ որոնց վերաբերյալ համաձայն ես որ դու ամեն ինչ չհասցրիր՝ բայց հաստատ գիտես որ իրենք շարունակելու են, կան, կապը չի կտրվելու. մեթոդաբանապես ճիշտ ձևով են շարունակելու, ոչ թե ֆանատիկաբար. սա վատ լուծում չէ, բայց սա այն լուծումն է՝ որ էշի չսատկելու վրա ոչ մի ազդեցություն չունեցողներն են մոգոնել դարերի ընթացքում)
Ուրեմն՝ միավորվել, բուժել, ջլատել, նոր սերունդ դաստիարակել: Էլ ինչ տակտիկաներ կան: Բայց սրանք միայն տակտիկաներ են, որովհետև գաղափարական ամբողջական պատկեր չունենալու դեպքում՝ չունենալու դեպքում մեծ հեռանկար՝ սրանցից յուրաքանչյուրը կարող է չիրականացվել, կամ կիսատ իրականացվել, կամ որքան իրականացվեց՝ օգուտ չտալ, կամ քիչ օգուտ տալ:
Ուրեմն պետք է, բացի մեծ տեսլականից (ասենք թե այն կա, որտև գրեթե կա, ոմանց մոտ կա), նաև միջոցներ՝ ինչպես փոքր կամ գրեթե բացակա ռեսուրսի դեպքում՝ սա անել: Սա էլ է մտածելու խնդիր:
Փոքր միջոցների դեպքում մեծ ռեսուրս հայտնաբերելը՝ խնդիր է: Էսկալացիոն, ակսելերացիոն ռեսուրս: Դռոժ: Դրա մասին պիտի մտածենք:
Ցանցի գլխավոր պրոբլեմն այն է, որ այն աճում է ու գործում է անկառավարելի կամ ոչ ամբողջապես կառավարելի:
Պետությունը պարզ ուժ է. մարդուն մտցրիր մեջը՝ ստիպեցիր, որ սովորի որոշ բաներ՝ ենթարկում, հետո հետաքրքրեցիր իշխանությամբ ու կամ փողով՝ որ մյուսներին բռնաբարի՝ իսկ եթե չենթարկվեց՝ կպիզկենք:
Պետությունը կարող է ուժի տարբեր չափեր ունենալ ու տարբեր հարցեր՝ որոնցում ուժ է կիրառում, բայց էությունը դա է. պիզկելը:
Ուրիշ էություն պետությունը չունի:
Լավ պետության մեջ պիզկելուց բացի նաև ասենք արվեստ կամ գիտություն են զարգացնում, բայց նկատեք ինչպես. միայն այն ինչ պետությունն է պատվիրել, ու գուցեև շատ սխալ:
Կյանքին մեթոդաբանական մոտեցումը հենց այդ է նշանակում՝ որ ասենք կարող ես սխալ հանել այն՝ ինչ ոչ մեկի մտքով սովորաբար չէր անցնի. մեծ գիտնականներին, գրողներին, ասենք՝ Գյոթեին կամ Միքելանջելոյին... (իհարկե հաճախ նրանց նաև առանց որևէ մեթոդաբանության են սխալ հանել): Իհարկե ոչ թե նրանց այլ նրանց արածը՝ մեկենասների համար: Տեղ-տեղ: Կարելի է այդպես բնականորեն սխալ հանել շատ մեծերի՝ ասենք Չարենցի կամ Մայակովսկու ու շատ ուրիշների ստեղծագործությունը՝ Բրեխտի, Համսունի, Հայդեգերի...
Նրանք գործել են տարբեր սխալներ: Մեթոդաբանական սխալները նրանք են՝ որոնք մենք այսօր ենք տեսնում, իսկ այնօր նրանք չեն կարողացել տեսնել: Պետք է մանրամասն քննարկել, արդյոք նրանք այդ սխալներն արել են որպես բացթողում թե վարիանտ չունեին դրանք չանեին: Վերջինս ներելի է իհարկե: Դե առաջինն էլ:
Բոլոր սուրբ գրքերը պիտի վերաշարադրվեն: Նորից: Եվ դա ասել են բոլոր հեղափոխությունները:
Այսինքն կյանքի յուրաքանչյուր պահին կար մի ճիշտ ուղղություն՝ որը պետությունը թույլ չի տվել զարգացնել իր լավագույն ուժերին՝ պահանջելով փոխարենն այլ բան զարգացնել:
Ու սխալը գնալով կուտակվել է ու շեղում է:
Ավելի քիչ սխալ հանելի են այն գործիչներն ու այն գործերը՝ որոնք պետությունից ազատ ու անկախ են ստեղծվել. Տոլստոյը, Թումանյանը... Բայց իմ այս ասածներն էլ կարելի է շատ հեշտ սխալ հանել: Թեկուզ ճաշակի միջոցով: Կամ՝ գտնելով այդպիսի սխալներ: Ավելի ճիշտ է երևի ասել՝ նրանց սխալի տեսակն այլ է, եթե պետության ազդեցություն չկա սխալի վրա՝ կարելի է այդ սխալներն այս կոնտեքստում չքննարկել:
Իհարկե կան նաև ստեղծագործողներ՝ որոնք պետության այդ նաժիմից խուսափելով են աշխատել ու ստեղծել են ու դրա համար շուտ զոհվել, որտև ճնշումն ահռելի է. Պուշկինը, Վիսոցկին, Հրանտը:
Ուրեմն մշակույթը՝ որտեղ այդ տարբերակումը չի դրվում՝ անցյալի մշակույթ է, պետության օգտին:
Ուրեմն մի կողմից լավ է եթե գիրքն էլ չվաճառվի, ստեղծագործողն էլ հոնորար չստանա, պետությունն էլ մշակույթին չաջակցի: Եթե էշը դիմանա:
Բայց այդ նաժիմից բացի՝ պետությունը նաև դաս է տալիս հոյակապ կազմակերպման: Ինչպես էլ այն կազմակերպվի:
Ասենք քիչ անցյալում ժամանակակից տեխնոլոգիական պետությունը զուտ անհատական հրամաններով, բանակի պես էր կազմակերպված՝ նացիստական Գերմանիայում: Պատկերացնում եք ինչպիսի ծակեր կային այնտեղ, եթե Հիտլերի մի խոսքը պիտի Հիմլերը ասեր ներքև՝ Մյուլլերին, սա էլ ներքև՝ Էյխմանին, սա էլ հրեաներին, և այդ խոսքից բացի ոչ մի հավելյալ ինֆո չկար. ինքդ լրացրու մնացածը:
Բայց այլ դեպքերում պետությունը նաև ժամանակակից տեխնոլոգիայով է զինված ներքևի մակարդակում՝ և վերևի, այսինքն հրամանները ձևավորվում են կոլեկտիվ որոշումների միջոցով, շատ մարդկանց ընդգրկելով, կոնսուլտացիայով և էքսպերտների միջոցով: Այդպիսի դեպքեր են Եվրոպան, ԱՄՆ, իսկ ասենք այսօրվա Ռուսաստանը՝ միայն էքսպերտների միջոցով պլյուս անհատական հրամաններ, դրա համար էլ հետ է ընկնում:
Այդ կոոպտացիան լայն խմբերի ժողովրդի՝ որ դարերի ընթացքում ստեղծեց Եվրոպան ու Ամերիկան՝ չկա աշխարհի մնացած մասում, որտեղ այն փոխարինում են զոմբիների կոոպտացիայով:
Դա է տարբերությունը. որ մեթոդաբանապես «սկզբում», պետություն, ձևավորում ես (կամ թողնում ես որ անարխիայի մեջ ձևավորվի) բազմակողմանիորեն զարգացած ու կարող անձնավորություն՝ «հետո» նրա կարծիքի հետ հաշվի նստում ու նրան մասնակից դարձնում որոշումներին, որ քեզ շանսատակ չանի, իսկ աշխարհի մնացած մասի պետությունը հակառակն է անում՝ սկզբում ձևավորում է կապիկ՝ հետո իբր նրա անունից սկսում բարբարոսություն գործել:
Այդպես խեղաթյուրվում է մոդեռնիզմի ու Կանտի պլանը՝ որն իբր դարձավ հիմնական ուղեցույց՝ աշխարհ կերտելու, բայց աշխարհի մեծ մասի դեմոկրատիան դարձավ սիմուլյակր՝ որպես եղած մշտական ճգնաժամի վառ ապացույց (ֆասադային ռեալություն), որից նաև Եվրոպան ու Ամերիկան են օգտվում՝ բայց գոնե նրանք ունեն արդեն թափ հավաքած՝ ոչ կապիկների կարծիքի հետ հաշվի նստելու:
Հիմա տեսնենք հակապետության՝ ցանցի օրինակը:
Քանի որ խոսեցինք նացիզմից՝ տեսնենք ամենաակնառու օրինակը ցանցի՝ նացիզմի ժամանակ (նույնն է հայոց ցեղասպանության օրինակը՝ քիչ թե շատ). դա իհարկե հրեական ինքնավարությունն էր, որն ինքն իր ձեռքով էր խարույկը վառում իր համար, ինքն իրեն սպանդում, ինքն իրեն մորթում, սկուտեղի վրա մատուցում հրդեհին՝ ինքն իրեն նախապես կողոպտելով ու իր ունեցածը հանձնելով նացիզմին, ու գլխավորը՝ կամավոր, կամավոր: Ինչ էր դա, ինչպես ասում են այսօր՝ դեստրուկտիվ մե՞մ: Այլապես նացիզմը երբեք չէր կարողանա դա իրականացնել:
Այսպիսով, քանի որ նացիզմում ողջ հասարակությունը պետություն էր բացի հրեությունից՝ որին արգելված էր պետություն լինել՝ հրեությունն էր միակ հասարակությունը նացիզմի ժամանակ, որն իրեն մատուցում էր նացիզմին՝ շնորհիվ իր ցանցային լավ կազմակերպվածության: Քանի որ ինքը ցանց էր՝ իսկ ցանցը քանակ չի ճանաչում՝ ինքը մտածում էր՝ մի արժեքավոր մասին փրկեմ՝ հսկայական մասը տանուլ տալով: Քանի որ ինքը դեմոկրատ էր՝ ինքը մտածում էր. նացիզմի քաղաքականությունը համընկնում է իմ ազգայնականների մոլուցքին՝ առանձին երկիր ստեղծել Պաղեստինում, ուրեմն թող լավերին որ ես եմ ջոկում ուղարկեն այնտեղ՝ թեկուզ չքավորած՝ իսկ մնացածներին՝ պեչկա: Ու այդպես էլ անում էր: Ու նացիզմը թողնում էր որ նա դա անի: Կարդացեք Հաննա Արենդտ:
Այս անալոգիան ցույց է տալիս, ինչպես կատաստրոֆիկ կերպով կարող է ցանցը պարտվել հիերարխիկ կազմակերպությանը՝ եթե ուշադիր չլինի:
Երկու
Այս անալոգիայի հետազոտության պատճառով էր որ մարդկությունը՝ նրա զարգացած մասը, եկավ մարդու իրավունքների գաղափարին՝ մի համակարգի, որ վերաբերում է բոլորին, անկախ նրանից նրանք դա գիտակցում են թե ոչ, ընդունում են թե ոչ, ու որը վերևի մակարդակով՝ լուսավորյալ երկրների՝ պաշտպանում է մարդու կյանքն ու արժանապատվությունը:
Նրանք ովքեր հերքում են այդ համակարգը թեկուզ մանր կապրիզից կամ սպեկուլյացիայից ելնելով՝ փաստորեն վերարտադրում են այն քաոսը՝ որ կար նացիստական աշխարհում, երբ հասկանալի չէր, եթե մարդուն հնարավոր չէ տեղահան անել, ինչու չի կարելի կենդանի կենդանի հրկիզել: Եվ այդ քարոզի հաղթարշավին չէր խանգարում ոչ մի տեխնոլոգիա, ոչ մի զարգացում, ոչ մի Մոցարտ, Բախ կամ Վագներ, ոչ մի մշակույթ, ոչ մի քաղաքակիրթ աշխարհ: Մարդիկ իրենք էին համաձայն ենթարկվել հրկիզվելուն՝ քանի որ պարզ էր որ տեխնիկապես իրենց հնարավոր չէ լոկ տեղահան անել՝ տրանսպորտ չկա ու ընդունող չկա՝ կողքի երկրները չեն թողնում որ իրենք տրանզիտով անցնեն դրանցով՝ որ հասնեն Պաղեստին ասենք: Կամ չէին ուզում գնալ Պաղեստին իսկ Բրիտանիան չէր ընդունում:
Նաև այդ քաոսը նրանով էր նշանավոր՝ որ մի կողմից բարձր կրթությամբ ու գիտությամբ էր նշանավոր՝ մյուս կողմից դրա կողքին՝ սնապաշտությամբ, սև կատուներով, հավատալով գուշակներին ևն: Որը նույնպես շատ մեծ նմանություն է մեր այսօրվա դարի:
Ահա այսպիսի հանդիպումներ են լինում ցանցի ու պետության միջև:
Թվում է թե ցանցը պիտի հաղթի, քանի որ ավելի առաջադեմ է:
Բայց պետությունն ուժեղ է:
Պետությունը՝ այլ հին ինստիտուտների պես՝ չափից դուրս սխալներ է գործել, ու կեղտոտություններ արել, որ երբևէ կրկին որևէ ազնվազարմ աուրա ունենա: Նրա աուրայի ազնվազարմությունը միշտ խաբկանք է եղել:
Այսինքն պատրանք են Դյուման ու հայոց պետականության գովքը:
Դա պետք է հասկանալ՝ հենց դրանով է արտահայտվում այն՝ որ ճգնաժամը միշտ կար՝ բայց անցյալում չէր գիտակցվում:
Պետության գովքը գիտության, փիլիսոփայության կամ արվեստի կողմից՝ ամրապնդել է պատրանքը, այդ գիտությունը, արվեստն ու փիլիսոփայությունը դավաճան են եղել իրենց բնույթին այնքանով՝ որքանով պետության գովք են երգել:
Թեև, կարելի է ասել, անցյալում իհարկե պետությունը չարիք էր, բայց ստիպված չարիք:
Եկեղեցու պես՝ պետության անունը դուրս է եկել, ուրեմն ապագան նրանց հետ չէ, այլ ցանցերի:
Մնում է պարզել թե ինչպես կոլեկտիվ գործողություն կազմակերպել ցանցերով նույն էֆեկտիվության, ինչպես կորզել ռեսուրս ցանցերով նույն կամ նման էֆեկտիվության, ինչ պետությունն է անում՝ նալոգ հավաքելով ու զինված ուժ պահելով՝ և հաղթանակը լիակատար կլինի:
Պետությունը զոռում ու ստիպում է, ցանցը՝ թողնում ազատ մարդուն ազատ որոշել: Դրանով ցանցը շատ ավելի առաջադեմ է: Բայց երբ պետք է արագ գործողություն՝ հանկարծ ցանցը հենց այդ ազատության պատճառով հրեական համայնք չդառնա՝ նացիզմի ժամանակ, ու ինքն իրեն զոհաբերի կամ անտարբեր սպասի՝ մինչև հաշիվները մաքրվեն:
Իհարկե, պետությունը կարող է նաև բարեփոխվել: Եվ երևի Վրաստանում կամ Մոլդովայում դա հնարավոր է: Ավաղ, Հայաստանում ու Ռուսաստանում նա չի ուզում դա անել, իսկ Ուկրաինայում՝ հարցականի տակ է մեծ: Մեծ պայքարի հարց է: Թվում է թե պայքարի կարիք այդտեղ չպիտի լիներ՝ չէ որ դա այդքան հեշտ է՝ լինել բարի, չգող ու առաջադեմ: Պարզվում է՝ ոչ: մարդը՝ կրթված թե անկիրթ՝ ուզում է ավելին ու ավելին ու հաճախ թքած ունի կողքինի վրա:
Եվ դրանով արդարանալով՝ պետությունը որոշում է հենց այդ անկիրթ ու չարերի անունից՝ ուտել կրթված ու բարիներին, արդարանալով՝ իբր չարերին ու անկիրթներին է ուտում:
Այսինքն այլասերում է կրկին, ֆասադային սուտը խորքային ճշմարտություն հայտարարում, այսինքն կրկին արեց այն՝ ինչ նացիզմը:
Սրանով կարելի է ազդարարել այս տեսակի պետության վերջը:
Այն լրիվ այլասերվել է:
Երեք
Այն, կարելի է ասել, ավելի է այլասերվել՝ քան սովետական պետությունը:
Ինչու:
Որովհետև սովետականն ուներ մի քանի փուլ. առաջին փուլում լիքը մարդ հավատում էր նրա լավին՝ ու վատերը երբ լավերին լավի անունից կոտորում էին՝ լավերը շշմած նայում էին: Նրանց ուտում էին, իսկ նրանք նայում էին:
Նա միշտ գործում էր լավի անունից:
Հետո, երբ բուսակեր ժամանակներն եկան, վատ ու լավ չմնաց, քանի որ չէին սպանելու՝ բոլորն ընկան գորշ զոնա, որտեղ պետք էր ու կարելի էր կաշառք տալ ու վերցնել ու անել այն ինչ բնական է՝ չնայած դա արգելված էր:
Այդպես ձևավորվեց երկրորդ հասարակությունը՝ սև շուկան՝ ցանցը:
Բայց նա նաև այլասերված ձևավորվեց՝ որտև մի կողմից առևտուրը բնական բան է, մյուս կողմից՝ այն արգելված էր:
Ինչ է դա անում մարդու հետ. եթե առևտուրն արգելված է քանի որ խաբկանք է ու շահագործում՝ մարդն արդարացում է գտնում՝ որ դա իրոք խաբկանք է ու շահագործում: Եվ որքան էլ իրեն դա բնական թվա՝ երբ նա դրանով զբաղվում է՝ չի մոռանում որ դա խաբկանք է ու շահագործում: Արդյունքում՝ նա արդեն քցված է բարոյապես, ու քանի որ մի գիծն անցել է՝ անլեգալ խաբկանքով ու շահագործմամբ է զբաղված՝ մյուս գիծն էլ է անցնում՝ մարդկանց խաբելու, սպանելու, մորթելու, հանուն՝ իր ու իր ընտանիքի, քանի դեռ բռնված չէ, բռնվածն էլ մեծ բան չէ՝ քանի որ այլևս բռնելուց հետո չեն սպանում:
Սա մի այլասերում՝ էթիկական:
Մյուսն ավելի գենեծիկ էր. քանի որ նախորդ շրջանում բոլորը բոլորին ուտում էին հանուն պետության՝ կար երկու տեսակի մարդ. զեկ կամ վեռտուխայ: Իհարկե շատ զեկեր վեռտուխայ էին դառնում ու շատ վեռտուխայներ՝ զեկ, և կրկին հակառակը. դա լավ կառուսել էր ստալինիզմը ստեղծել: Բայց մարդն ուզում է գլուխ հանել բարդությունից, դրա համար հոգեբանորեն ողջ հետսովետական հասարակությունը բաժանվեց երկու մասի՝ մի մասի արխետիպը զեկ լինելն է, մյուսինը՝ վեռտուխայ: Իսկ քանի որ զեկ լինելը լավ բան չէ ու մարդ չի ուզում զեկ լինել՝ նա դառնում է վեռտուխայ, քանի որ ալտեռնածիվ չկա: Որոնք ասում են որ իրենք ոչ այն են ոչ այն՝ մի քիչ, համենայն դեպս, պիտի որոշեն, թե ում հետ են իրենք, և այստեղ կա մի փոքրիկ կանոն. իրադրական իմաստով՝ եղիր ճնշվածի հետ: Կեղեքվածի, տուժածի:
Բայց ահա նա դառել է վեռտուխայ՝ իսկ սպանել իրենից չեն պահանջում: Ինչ է անում նա: Դա ծանր է՝ երբ արխեծիպդ մի բան է պահանջում՝ իսկ դրա շուկայական կարիքը չկա:
Նա գողական կուլտուրան տրավեսծի ձևով՝ կառնավալային ձևով ներմուծում է ամենօրյա կյանք: Եվ ահա դպրոցը դառնում է փսեվդոգողականության կուլտուրայի օրրան, և բոլոր հարաբերություններն ըստ այդ կուլտուրայի տրավեսծի ձևի են որոշվում:
Ուրեմն անօրինության թագավորությունը գալիս է նրանից՝ որ ըստ քո ներմարսած արքետիպի ուզում ես սպանել՝ բայց չի պահանջվում: Պլյուս՝ բարոյական տվայտանքները, նշված վերում:
Չորս
Դրա համար էլ մեր հասարակությունը լույս աշխարհ դուրս եկավ սովետի կործանումից հետո՝ արդեն լռիվ այլասեռված:
Ի վերջո գողականությունը կոդեքս է, ու հենց ցանցի կոդեքս՝ պետության հետ խոր կլինչում գտնվող: Եվ վերապրող կոդեքս է ավելի՝ քան հրեաների կոդեքսը՝ նացիզմի մեջ:
Գողականությունն ասում է. ասենք դու ապրում ես միշտ օտար մի պետության մեջ: Ուրեմն իրավունք ունես իրան քցես ու չհարգես ոնց ուզես, բայց ներքին քո շրջանում պահպանիր որոշակի կանոններ:
Դրանք դաժան կանոններ են. էսօր դու՝ վաղը ես: Քեզ չեն շինում՝ թև մի թափ տուր: Ֆռայեռները քցվելիք են, լյուբոյ ֆռայեռը քցվածույա: Եվ այլն: Այսինքն ֆռայեռը՝ որը պետությունը չի հերքում ու մեզ չի միանում՝ մարդ չի: Մենք էլ մարդ չենք: Բարդ համակարգ է: Սրա ճիշտն ու սխալն ի վերջո կանոններով չեն որոշվում կամ պանյածիներով, ինչպես սիրում են ասել՝ այլ հեղինակությամբ: Այսինքն սա փաստորեն բալանսից շուտ ընկնող համակարգ է՝ որտեղ կա մի բուռ հեղինակություն. թե նա վերացավ՝ իր փոքրիկ համակարգն էլ է վերանում: Իսկ պանյածիները վարագույր են՝ ֆռայեռների համար: Այսինքն սա գայլերի համակարգ է՝ գայլային աշխարհում: Ցանցեր են, այո, բայց այլասեռված: Սովորել կարելի է, բայց հազիվ թե օգտակար, հեշտ կիրառելի լինեն՝ հարցը լուծելու հարցում: Ընդհակառակը: Այլասեռում են))
Էս օրինակի վրա լավ տեսնում ենք, թե մինչև որտեղ են գործում կանոնները: Ամենակարևորը այս ամենում այն է՝ որ կանոնները չեն գործում առանց մտածելու: Այսինքն ամեն մեկը ստիպված է իր կանոններն առաջ քաշել ու դրանցով առաջնորդվել՝ մինչև դրանք չփոշիացան դիմացինի կամ պետության քացուց: Տեղի է ունենում ատոմիզացիա:
Բայց ամենամեծ տարբերությունը սովետի ու նացիզմի միջև այն էր՝ որ սովետում ճիշտ ու լավ արժեքները մնում էին, թեև արժեզրկված, բայց որպես ճիշտ ու լավ՝ արտաքնապես: Այսինքն այստեղ ամենաառաջադեմ բանն էր ասվում՝ որ մարդն իրավունքներ ունի՝ և որ բոլորն ունեն: Որ առևտուրն ի վերջո խաբկանք է: Որ հարուստ լինելը լավ չէ: Եվ այլն:
Իսկ նացիզմի քաոսում սխալ ու վատ բաներն էին ասվում որպես ճիշտ՝ որ կա մարդ որ իրավունք չունի: Որ որոշ անմեղ մարդկանց սպանելը լավ ու ճիշտ է: Եվ այլն: Դրա համար նացիզմի ախտը հաղթահարվեց, իսկ հետսովետական ախտը չի հաղթահարվում:
Կարելի է ասել՝ նացիզմն ավելի անկեղծ էր ցինիկության մեջ, սովետն՝ ավելի երեսպաշտ:
Հիմա: Շատ կարևոր հետևություն սրանից. որ կեղծիքը՝ որոշակի դոզայով՝ օգնում է զարգացմանը: Կանտի ժամանակից գիտենք որ կարևոր չէ՝ գող ես թե ոչ, կարևոր է՝ գողություն չանես: Եվրոպայի ու ԱՄՆի «երկերեսանիությունը», երեսպաշտությունը հենց դա է. «բարի սուտը»՝ որ օգնում է:
Մեր տարածաշրջանը՝ որտեղ գիտությունն ավելի թերի է զարգացած, ավելի էսսենցիալիստ է, քան Եվրոպան: Այնտեղ ավելի ցինիկ են՝ կարևոր չէ՝ , գող ես թե ոչ, կարևորը՝ գողություն չանես (մեզ մոտ): Այստեղ՝ ավելի ֆունդամենտալիստ. «դու պիտի ներքու՛ստ գող չլինես». դա նշանակում է ՝ աղոթքն ու եկեղեցին ավելի կարևոր դեր ունեն գողությունն արգելելու մեջ (իբր)՝ քան ոստիկանությունը: Ոստիկանության դերն այդպիսով դառնում է իշխողներին պաշտպանելը, ոչ թե գողությունն արգելելը: Իսկ տարօրինակաբար՝ աղոթնք ու եկեղեցին՝ քանի որ իրենց ասածի հակառակն է անում՝ դառնում են ավելի ձևական՝ քան արևմուտքի շատ մասերում, հենց ԱՄՆում, օրինակ: Արդյունքում՝ էսսենցիալիզմը բերում է անօրենության՝ երբ արտաքին միջոցները՝ գողությունը կանխելու (ոստիկանությունը), չեն գործում, իսկ ներքին միջոցները (խիղճը)՝ որքան ավելի են փողհարվում՝ այնքան ավելի քիչ են գործում: Մտածողության էսսենցիալիզմը, ֆունդամենտալիզմն ու աբսոլյուտիզմը միշտ նշան է գիտության թերզարգացածության: Զարգացած գիտությամբ հասարակությունում հաղթանակում է «մի ընդհանրացրու» սկզբունքը. կարևոր չէ դու ներքնապես, որպես էություն, իդեալական իմաստով գող ես թե ոչ՝ կարևոր է չկարողանաս գողություն անել: Գող եղիր ու գողություն մի արա: Դրանից ծնվում է արևուտքի էկլեկտիզմը, հակասականությունը: Լավ է դա թե վատ՝ այսօր այդպես է:
Ուրեմն ավելի անկեղծ անմարդկային նացիզմը պարտվեց՝ իսկ ավելի կեղծավոր սովետիզմը չի պարտվում, հենց որտև ավելի կեղծավոր է: Չի պարտվում նաև նացիզմի ավելի կեղծավոր ապաշխարանքը: Կեղծավոր՝ բայց գոնե ապաշխարանքը: Նյուրնբերգը և հետնյուրնբերգյան աշխարհը: Չնայած ճոճվում է՝ Ռուսաստանի պատճառով:
Չի պարտվում նաև Եվրոպայի կեղծավորությունը: Արդյոք դա հետսովետականության՝ առաջադեմ լինելու վկայություն է, թե Եվրոպայի՝ սպառված լինելու, և ինչ պետք է անել ուրեմն՝ սովետը թողած փորձել Եվրոպան բարեփոխել թե ֆսյո ժե Եվրոպան թողած քո տունը բարեփոխել՝ թողնում եմ որ դուք քննարկեք հետո:
Մի տարբերակ էլ, ուրեմն, այս ամենը հասկանալով՝ փորձել պետությունը բարեփոխելն է: Բայց ինչպես, եթե նա դա չի ուզում: Նա հենց նոր դրանից շռնդալի կերպով հրաժարվեց:
Նորից սպասել մի երկու տարի, նորից ընտրություններից առաջ մի քիչ աշխատել ու հետո կրվել, ու նորից տրտնջալով սպասել՝ էշը կսատկի:
Դե եկեք մտածենք այլ ուղիների մասին:
Հինգ
Կան մի շարք արարքներ՝ որոնք պետք չէ անել: Ասենք՝ մշակույթի անունից, ազգի անունից, կրոնի անունից բարբաջել: Էդ արդեն անցած էտապ է ու վաղուց է անցած էտապ: Բայց ինչ անել՝ բացի ամեն մեկն իր տեղում մի բան անելուց՝ էդպես էլ պարզ չէ: Ամեն մեկին կամաց կամաց առանձին առանձին մեջտեղից կհանեն ու կվերացնեն էս կամ էն ձևով: Ինքը մտածում է՝ իմ վրայով պատուհասը կանցնի ինձ ձեռ չի տա... Ձեռ է տալու, եթե ուզեց՝ չես էլ հասցնի հորանջել, ինչպես ցեղասպանության ժամանակ:
Անհատական ուղին իհարկե հեշտ է ու միշտ կար. այսօրվա ինֆորմացիայի էսպես ասած առատությունը, տարափն էլ ավելի կարևոր ա դարձնում՝ չհավատալ ոչ մի պատկերի: Սկզբունքորեն չհավատալ: Այսինքն հավատը հանել այն պրիոմների շարքից, որ մարդ օգտագործում է ինֆորմացիայի հետ օպերացիաներ կատարելիս:
Այդ դեպքում ինչպես է մարդ հասնում ճշմարտության, կամ մոտենում դրան: Բնականաբար իր քննադատական կարողությունն օգտագործելով: Սովորել ապրել և գործել օնթոլոգիական ճշմարտությունների բացակայության պայմաններում՝ դա անհատական փրկության ուղիներից մեկն է: Չհավատալ ոչ նրան որ երկու անգամ երկուսը միշտ հավասար է չորսի, ոչ էլ նրան որ այն երբևէ կարող է հավասար լինել հինգի: Չհավատալ որ երկիրը բացարձակ կլոր է, բայց և չհավատալ որ այն տափակ է: Ընդունել որ երկիրը գրեթե կլոր է որոշակի աշխարհայացքի, պարադիգմի տեսակետից, ներքո, որոշակի կանոններ ընդունելու դեպքում՝ և դա ավելի հաճախ է ճիշտ ու հաջողակ արդյունք բերում՝ քան այն պարադիգմը՝ որում այն տափակ է:
Այսինքն ցանկացած «ճշմարտության» շուրջ տեսնել իր աշխարհը՝ որի տրամաբանությունը մակաբերվում է այդ «ճշմարտությունից», որի տրամաբանության դեպքում միայն գոյություն ունի այդ «ճշմարտությունը»: Հենց որ տեսնում ես, որ ամեն պնդման շուրջ կա մի ուրվագիծ աշխարհ՝ ավելի հեշտ է դառնում կողմնորոշվել. ո՛րն ընտրես քեզ համար, որոնցի՛ց կառուցես քո աշխարհը:
Սա ռելյատիվիզմ չէ՝ այլ պարզապես խելք: Ռելյատիվիզմը հաղթահարվում է մասնակիորեն նրանով՝ որ եթե ճիշտ, հաջողության բերող, հաջողակ ճշմարտություններ ես ընտրում՝ տեսնում ես որ քո աշխարհը հաջողակ է ու հաղթող: Էմպիրիկ փորձով:
Սա մի սկզբունք է անհատական ուղու: Ե՛վ կենսագործունեության մակարդակում՝ երբ համեմատում ես, ասենք, ջերմաստիճանի ցուցումը Երևանում՝ տարբեր կայքերի վրա դրված (կարող ես պատկերացնել էն աշխարհները, որոնք էդ կայքերը ստեղծել են, հավելյալ ինֆորմացիա ստանալ՝ նայելով այդ կայքերի վրա այլ ինֆորմացիա, համեմատելով), և՛ մտագործունեության մակարդակում՝ պատկերի ստատուսը, ինֆորմացիայի մի կտորը չի կարող լինել ճշմարտություն, այլ միայն՝ դրա փնտրման քայլ կամ ընդհակառակը, այն թաքցնել փորձելու քայլ:
Կարելի է եզրակացնել, որ համեմատաբար ավելի հաջողակ շանս ունեն էն ճշմարտությունները՝ որոնց մակաբերած աշխարհն ավելի է հակված՝ ճշմարտություն փնտրելու, այսինքն որի մեջ հարցերն ավելի շատ են քան պատասխանները: Սառցահատի պես՝ անհատը պիտի ճեղքի ինֆորմացիան՝ փնտրելով այն ուղին՝ որ իր ետևից թողնում է ամենաշատ հարցերի ֆարվատեր: Հավատա աստծուն՝ և ամեն ինչի պատասխանն ունես, ասում է Ստրուգացկին. հասկանում ես ամեն ինչ առանց ոչինչ իմանալու: Կասկածիր՝ և ամեն ինչ հարցական է: Եթե մեր վարկածը ճիշտ է՝ ճիշտը երկրորդ ուղին է:
Ռելյատիվիզմի մասին պետք է ևս մեկ բան ասել. այն ասում է, թե իբր բոլոր մշակույթների ճշմարտություններն իրար հավասար ճիշտ են: Այստեղ տեղի է ունենում հետևյալը. մի կողմից բոլոր մշակույթները հավասարազոր են, մյուս կողմից՝ ոմանք ավելի զարգացած են որոշակի հարցերում, իսկ ոմանք՝ այլ հարցերում: Պարզապես դու կարող ես չհանդիպել այն հարցերին՝ որոնցում զարգացած են տվյալ մշակույթները: Եվ անընդհատ հանդիպել այն հարցերին՝ որոնցում զարգացած են որոշ մշակույթներ: Ինչպես և մարդկանց դեպքում. իդեալում՝ նորմատիվ մակարդակի վրա՝ բոլորը հավասար են, բայց ամեն տվյալ իրադրության մեջ մեկը մյուսի նկատմամբ կարող է առավելություն ունենալ:
Վեց
Նույն կերպ, ինչպես թերահավատը ճշմարտությանը՝ մենք տեսնում ենք որ ժողովուրդը կամ հասարակությունը կամ ցանցը կամ նույնիսկ պետությունն էլ վերաբերում են խոսքին: Անհատական քարոզին: Քարոզների առատություն է հիմա: Դրանք արժեզրկվել են: Եվ դա ոչ թե Հայաստանի կամ հայկական պայման է, ոչ էլ հետսովետական, այլ համաշխարհային և մեկընդմիշտ: Մոհամմեդ այլևս հնարավոր չէ: Ուրեմն հարց է առաջանում՝ ինչպես են կազմավորվում անհատական արժեքների ու հավատալիքների համակարգերը՝ եթե ոչ արժեքների ավանդական փոխանցման միջոցներով՝ որովհետև ավանդական միջոցներով փոխանցված արժեքներին, որպես այդպիսին, «ոչ ոք չի հավատում»:
Եթե երեխան կամակոր է՝ զզվեցնող քարոզը կարող է ավելի ուժգնությամբ ետ մղել: Եթե խորամանկ է կամ բարի՝ ձև կթափի, թե համբերատար ընդունեց: Միայն մեծահասակի տաղանդն է որոշում՝ ինչպես կառուցել փորձի հաղորդումը՝ որ երեխան իրոք ընդունի: Իսկ դա նունյպես սովորելու, մտածելու, փորձելու, ռեֆլեքսիայի բան է:
Կարելի է ասել դա պարադոքս է՝ մարդիկ չեն հավատում ոչ մի բանի և միաժամանակ հավատում են ամեն հիմարության: Դա հասկանալի է. քանի որ հավատալու բնազդը կա: Կարելի՞ է ասել, որ արժեքների սնանկության պայմաններում՝ եթե նրանք վերցված են իրենց խոսքային տարբերակով՝ մարդիկ առաջնորդվում են խոսքային կարծրատիպերով:
Ավելի խորը պետք է գնալ. նույնիսկ ոչ թե խոսքային արժեքներին մարդ չի հավատում. նա ձեռք է բերել մի արժեք՝ չհավատալ խոսքային արժեքներին:
Այ դա ուրիշ: Այսինքն արժեքներ միշտ կան, ուղղակի նրանք այն չեն, ինչ ասվում կամ նկատի է առնվում սովորաբար:
Այստեղից գիտության մյուս բարիքները՝ մի հավատա տեսածիդ, այլ հավատա չափածիդ, այն էլ մի հավատա բայց առավելություն տուր՝ որպես ավելի դեպի ճշմարտության փնտրտուքն ուղղված: Մարդու բնազդն ու զգացումները սխալական են: Բայց էքսպերիմենտները՝ նույնպես, ուրեմն կրկին և կրկին՝ քննադատական մտածողություն և փորձ:
Ուրեմն ինչպես է մարդը կողմնորոշվում. քննադատական մտածողություն, փորձ, երևակայություն (տվյալ ճշմարտությունից հետևող աշխարհի ուրվագիծը՝ պատրանքը ստեղծելու համար, որ հետո դեկոնստրուկցիա անի), ինֆորմացիայի կուտակում և մաղում, և գիտելիք, որը կարելի է սահմանել տարբեր կերպ, բայց օրինակ՝ ինֆորմացիա, որի մեջ զգում ես ճշմարտության փնտրտուքի ճիգ, կամ ավելի շուտ՝ ինֆորմացիա, որը քո մեջ մակաբերում է ճշմարտության փնտրտուքի ճիգ:
Յոթ
Այս կապակցությամբ տեսնենք նաև պետության անհատականացումը՝ Հայաստանում և աշխարհում: Կապ չունի, ավելի թե պակաս դեմոկրատական է տվյալ պետությունը, պրեզիդենտական թե ոչ. կարևոր է, որ պետությունն անհատականացած է ներկայանում այժմ, ոչ թե Կաֆկայի ժամանակների պես՝ որպես ամրոց: Դու գիտես պետությունում աշխատողներին, գիտես նրանց, ով որոշումներ է կայացնում՝ զլմով կամ անձամբ: Նրանք թաքնված չեն: Այսպիսի փոքր պետությունում, ինչպես Հայաստանն է՝ առավել ևս: Դա նշանակում է որ դու մի անհատ ես՝ ցանցի ներկայացուցիչ, և պետությունն էլ կազմված է անհատներից՝ հիերարխիկ կազմակերպության ներկայացուցիչ:
Դա հարց է առաջացնում, թե որտեղով է անցնում գիծը մարդու միջով. ցանցում դու կարող ես լինել հոլիստիկ մարդ քո բոլոր ինքնություններով:
Եթե քեզնից կիսատվել են պաճանջում նշանակալիորեն՝ ուրեմն դա իսկական վերջնական ցանց չէ, հիերարխիկ կազմակերպություն է՝ պետության կամ այլ ձևով:
Պետության մեջ մարդը չի կարող լրիվ լինել. նա տուն է գալիս և դադարում է լինել կազմակերպության կամ պետության անդամ՝ գոնե ժամանակավորապես: Երեխաների կամ թոռների հետ է խաղում:
Քնած մարդը կազմակերպության անդամ չէ բայց ցանցի անդամ է:
Դրա համար հիերարխիայի անդամը շատ ավելի երկատված է. նա կարող է տուն գնալիս դառնալ մի պահ ցանցի անդամ, ամբողջանալ, անտուն շանն օգնել, իսկ հետո կրկին պիտի այդ շներին ոչնչացնելու մասին պարտադրված որոշում կայացնի:
Մարդու հոլիստիկ ինքնությունն էլ է պրոբլեմատիկ, բայց ցանցում՝ դու ավելի հեշտ կարող ես դա պահպանել. դու շատ հակասական ես, բայց առանց եսասիրության՝ հանգիստ ընդունիր քո բոլոր հակասական կողմերը, և կամբողջանաս: Քեզ դա արգելող չկա:
Պետության մեջ դա քեզ արգելում են:
Ութ
Չգիտեմ արդյոք այս դատողությունները բացի առօրյա իմաստնությունից տալիս են արդյոք ուղղություն՝ նոր քայլեր կատարելու, թե ոչինչ չեն տալիս ու առանց այդ էլ հայտնի էին:
Գուցե փորձենք որոշել ցանցի օնթոլոգիական տեղը:
Սա դժվար է. կարող է այնպես պատահել, որ ցանցը չի անելու այն, ինչ մենք էմոցիոնալ կերպով ուզում ենք իրենից:
Մենք գիտենք մի քանի ճշմարտություն համեմատական. որ աշխարհը զարգանում է. որ այն շատ լավ էլ կարող է զարգանալ առանց Հայաստանի: Որ Հայաստանի հետ՝ ավելի լավ կլիներ, բայց աշխարհը դա չգիտի կամ նրա համար դա մի մեծ արժեք չէ: Քիչ բան է՞ կորել:
Հիմա մենք ուզում ենք՝ մեր վոլյունտարիստական նախասիրություններից ելնելով՝ պահպանել Հայաստանը, զարգացնել այն, թեև գուցե դա աշխարհի զարգացման փոթորկի հետ կապ չունի:
Շատ ավելի հեշտ է, մի կողմից, ընդգրկվել աշխարհի զարգացման փոթորկի մեջ ու մոռանալ Հայաստանը: Կորուստներ այդտեղ լինում են՝ անհատական մակարդակով (տես վտարանդիների կորուստների նկարագրությունները) կամ արհեստական սուբյեկտի՝ Հայաստանի, հայության տեսակետից:
Բայց սա արհեստական սուբյեկտ է՝ համեմատած աշխարհի հետ:
Գուցե վիրաբույժի կամ սկզբունքային արտագաղթածի պես ճիշտ կլինի մեկընդմիշտ սա կտրել, դադարել վերակենդանացնել այդ արհեստական սուբյեկտին:
Այստեղ պետք է նորից հասկանալ ինչ է ցանցը և որն են բարդ սուբյեկտի հատկանիշները:
Ցանցը դա հակահիերարխիկ ազատ կապերի վրա հիմնված ոչ էֆեկտիվ միասնություն է՝ դողդոջ ու փոփոխական՝ ամյոբայի պես, ու շնորհիվ իր ամենակուլության՝ անմահ, ամյոբայի պես կրկին:
Ամեն ցանց մյուս ցանցին կից է:
Ամեն ցանց կարող է ունենալ ենթացանցեր բայց դրանց ճշգրիտ սահմանումը միշտ տանելու է բարալիկ աբստրակցիայի, որովհետև կազմված լինելով բարդ համակարգերից՝ անհատներից՝ ցանցն էլ գերբարդ համակարգ է, ու ճշգրիտ տարբերակումը նրա ենթատեսակի նրա ամբողջական տեսակից դժվար է:
Ցանցը պարտադիր չէ որ միավորի մարդուն ամբողջությամբ՝ բայց դրա հնարավորությունը տալիս է, այսինքն ֆեյսբուքում մարդ կարող է ներկա լինել այնպես՝ ինչպես ինքն է կարծում որ ամբողջ է՝ կամ կիսատ, ինչպես հիերարխիկ համակարգում: Այս օրինակը նաև ցույց է տալիս, որ ցանցն ակտուալանում է՝ կոմունիկացիա կամ համատեղ գործողություն թույլ տվող ինֆրաստրուկտուրայի գոյության պայմաններում, այլապես այն պոտենցիալ է՝ զուտ մարդկություն կամ նրա մի մաս:
Նաև մեկ մարդը կարող է լինել բազում ցանցերում և կա, և դրանց տարրաբաժանումն էլ դժվար է:
Փաստորեն մեր սահմանմամբ ցանցը դա մի օնթոլոգիական բացարձակ միասնություն է մարդկանց, ցանցը կարող է լինել թույլ և ուժեղ միաժամանակ՝ տարբեր իմաստներով. թույլ՝ որովհետև մարդ ոչ մի պատասխանատվություն կարող է չկրել նրա մեջ լինել, և ուժեղ՝ որովհետև մարդ չի կարող ցանցերից դուրս մնալ փաստորեն:
Նրանք միշտ կային:
Ցանցի հետաքրքիր կողմն այն է որ այնտեղ մարդ այնքան ազատ կարող է լինել կարծես իդեալում, և միաժամանակ ցանցերը որպես ռեալ առարկաներ կան մեր կյանքում (երևում են իրենց ինֆրաստրուկտուրայով, ոչ բնույթով):
Այսինքն դրանք առարկայացած իդեալներ են, ինչպես և պետությունը՝ մեր սահմանմամբ:
Բայց պետությունն իդեալական էր մի նպատակով՝ կազմակերպել մարդկանց՝ որ վերապրեն, դիմանան, զարգանան, իսկ նրա առարկայացումը բերել է արդեն այսօր լրիվ հակառակ նպատակի՝ օգտագործել մարդկանց՝ որ մի խումբ մարդիկ հարստություն դիզեն:
Այն պահը երբ պետությունն էֆեկտիվ էր պաշտպանություն իրագործելու համար կամ բարիքներ տրամադրելու՝ գնում է, գնացել է:
Երբ ցանցը սկսի էլ ավելի առարկայանալ՝ կամաց կամաց նրա մեջ էլ կսկսեն կուտակվել իր քաղցկեղացման բյուրեղները, և գուցե մի դրական շրջանից հետո նա էլ դառնա սպառված՝ պետության պես, որպես կազմակերպման միջոց:
Համենայն դեպս ցանցը օգտագործման դնելու համար՝ պրոյեկտավորելու միջոցներ, ուղղություններ են պետք:
Իսկ դա նշանակում է նաև՝ որոշումների իրագործման միջոցներ:
Իսկ դրանք բոլորը դեռևս գտնվում են պետության կամ հիերարխիկ կազմակերպության դոմենում:
Միանձնյա որոշում, որի մասին արդեն խոսել ենք, մեծամասնական որոշում, կոնսենսուսային որոշում, որի տարատեսակն է վետոն, կամ կոնսենսուսայինից քիչ բայց մեծամասնականից ավելի ուժեղ որոշումներ...
Սրանք են հիմնականում որոշումների տեսակները:
Կա նաև ցանցի հայտնաբերած՝ քրաուդսոուրսինգի ձևը, որտեղ չգիտես ով երբ և ինչ է անելու, բայց գործն արվում է ինքնակազմակերպման միջոցով:
Ուրեմն եթե ուզում ենք ցանցն իրոք օգտագործել՝ պետք է որոշումների ընդունման և իրագործման մեխանիզմները քննարկենք:
Մտքի սպեկուլյացիա այստեղ ընդունելի չէ՝ թե իբր ցանցն ինքն իրեն հարցերը կլուծի:
Ինը
Դրա համար մենք պիտի հստակ որոշենք ազգայինի ցուցանիշը:
Եվ ոչ միայն դրա համար:
Ազգայինի ինչն է միավոր: Թեկուզև բարդ միավոր: Սա, ինչպես և մի շարք այլ հասկացություններ՝ միավոր գրեթե թույլ չի տալիս, կամ տարբեր դեպքերում տարբեր միավորներ է թույլ տալիս: Եթե միավորները միայն իմ վոլյունտարիստական կամ սոցիոլոգիապես դետերմինացված կամքից են կախված՝ ապա ես կարող եմ ազդարարել գարեջուր խմելը՝ ազգայինի միավոր: Եթե ես ազդարարում եմ ավանդական մշակութայինը՝ ասենք ծեծված մի բան, ասենք ցեղասպանված լինելը՝ ապա կրկին դա վոլյունտարիստական է: Եթե ազդարարում եմ նույնիսկ միավորների մի հավաքածու որոնք միմյանց տարբեր չափով են հարում՝ ասենք տարածքը, լեզուն, կրոնը, և այլն, որոնք կարող են տարբեր չափով ներկա լինել ամեն մեկի մեջ՝ ապա դա իհարկե ավելի լավ է, բայց ստեղծում է հող՝ շատերին միջից դուրս գցելու համար:
Այստեղ կա ևս մի կարևոր հանգամանք. տարիներ շարունակ ես ասել եմ որ ներսից ազգայինը չափելն իմաստ չունի, պետք է դրսից չափել: Մերիտոկրատիայի իմ համակարգում՝ իմաստ ունի միայն այն ազգայինը՝ որ ուրիշ ազգերն են ընդունում: Բայց ես հիմա տեսա որ այստեղ կա ծակ: Եվ ծակը ոչ միայն Հեգելն է ու այլերը՝ որոնք ազգայինի ինտենցիային իրավունք էին տալիս (որն ի վերջո բերեց նացիզմի): Ծակ է նաև այն պարզ փաստը, որ մարդկությունը, չունենալով հստակ ապացուցված պարտնյոր, ինքն իրեն ամբողջությամբ նույնպես ներսից է չափում:
Դա նշանակում է որ եթե մարդկության մասշտաբով ես ճիշտ եմ՝ պետք է չափել դրսից որ ինչ-որ օբյեկտիվ բան լինի չափելու՝ ապա տիեզերքի մասշտաբով ես դեռևս հստակ ապացույց չունեմ, որ ինտենցիան բավական չափանիշ չէ. որտև եթե տիեզերքը մեծ է արևից, դա դեռ չի նշանակում, որ այնտեղ կան ուրիշ մարդկություններ, իսկ եթե մարդկությունը եզակի է, ապա ամեն ազգ կարող է, նույնիսկ եթե դրսից շատ բան չունի ցույց տալու, իր ներսի զգացողությունից ելնելով իրավունք ունենալ իր խաղադրույքին, իհարկե, իմ միջի հումանիզմը պարտադրում է ասել՝ այնքանով, որքանով որ նրա այդ խաղադրույքը մնացածներին չի վնասում: Քանի որ ի տարբերություն տիեզերքի՝ այստեղ «մնացածներ» ակնառու կան: Բայց այստեղ էլ պետք է ասել՝ եթե մնացածները, առանց ակնառու վնասի, ոտնձգություն են կատարում՝ ուրեմն ազգն իրավունք ունի պատշպանվել: Իսկ դա կարող է բերել հարձակման ու տիրանալու: Եվ այստեղ շատ կարևոր է մարդ մնալ: Հասանք էլի տրիվիալի:
Ի վերջո ազգայինը որոշվում է անհատի ինքնությամբ, որն էլ որոշվում է այն հարցերի քանակով, որոնց ինքը պատասխան ունի (Դավիթ Հովհաննիսյան): Այսպիսով, ազգայինը մարդու հատկանիշներից մեկն է, թեկուզև բարդ հատկանիշ, և եթե դու ունես գեղեցիկ քիթ, որով հպարտ ես, ապա կարող ես նաև հպարտ լինել քո ազգի լեզվով. դու այն ունես:
Հարց. եթե մարդկությունը տիեզերքում միայնակ է, իմաստ ունի արդյոք երկյուղած լինել, թե քո մայլան է՝ ինչ կուզես կանես: Այստեղ կա սուտ՝ իբր մարդկությունը բաժանված է քարից ու աստղից, ոչ թե նրանց բնականոն մասն է: Ուրեմն՝ ազգն էլ իրավունք չունի անել ոչինչ՝ բացի աշխարհին, ոչ թե իրեն, օգուտ տալուց: Իրեն միայն այնքանով՝ որ մարդկությանն օգուտ տալու ուժ ունենա, ինչպես ընտանիքի որդին հսկում է իր առողջությանը՝ որ օգնի ծնողներին, չփլվի: Այսինքն չկա թուրք, ֆիզիկապես՝ քանի որ երևի ամեն թուրքի մեջ հայի արյուն կա, և հոգեպես՝ քանի որ ամեն հայ ու թուրք նույն բանի մաս են: Ֆիզիկան միշտ ապացուցում է էթիկան: Ուղեղն ու բարին փոխլրացնող են: Չկա չար գիտելիք ու գիտություն (բայց կա՝ չար ձևի ստացված. նացիստական փորձերով): Չկա բարի սուտ: Մեծ իմաստով: Սովետի երեսպաշտությունը սխալ էր: Եվրոպայի երեսպաշտությունը պիտի քողազերծվի՝ եթե կա:
Կյանքի իրադրության մեջ՝ փսևդոռեֆորմը կարող է ավելի դրական լինել, քան ռեֆորմի բացակայությունը: Բայց հոլիստիկ օնթոլոգիային հասնելիս՝ հասկանում ես, որ Եվրոպան ավելի տանելի տեղ է քան մնացյալ աշխարհը՝ բայց էլի պիտի դեկոնստրուկցիայի ենթարկվի: Եվ միայն դրա արվելն է անընդմեջ՝ որ պահում է Եվրոպան Եվրոպա:
Հոլիստիկ օնթոլոգիայի մեջ՝ մարդկության օտարմոլորակայինները քարն է, կատուն, աստղը:
Տաս
Ես իհարկե ներողություն եմ խնդրում այսպես անհատական կամ փոքր խմբերի փրկության մակարդակով քննարկումը տանելու համար, և այսքան խորքային և ոչ կիրառական մակարդակով, մինչդեռ խնդիրը հասարակությունը փոխելն է, փրկելը, կառուցելը, հաղթելը, ճգնաժամը հաղթահարելը: Ես միայն հարցադրումներ արեցի՝ ինչպես դարձնել ցանցն էֆեկտիվ՝ առանց արյունահեղությունների և վտանգավոր ցնցումների:
Որպեսզի մենք դուրս գանք հասարակական մակարդակի՝ անհրաժեշտ է միասնական մտածմունք: Անհրաժեշտ է վերլուծություն՝ ո՛ր պրոյեկտներն են աշխատում և որոնք՝ ոչ: Որտեղից քամել նոր, հավելյալ ռեսուրս: Սա մտագրոհի հրավեր է: Սա նաև կոչ է բոլորին՝ իրենց գիտակցել, դիտարկել ռեսուրս, և համախմբվել իրադրությունը փոխելու ջանքերի շուրջ, նոր կապեր ստեղծել միմյանց միջև:
Մի քանի պատահական օրինակ հնարավոր մտագրոհի. ասենք, ստեղծել ուղեցույց՝ միջազգային կառավարական և ոչ կառավարական կազմակերպություններում աշխատող մեր հայրենակիցների համար, թե ինչպես ճիշտ վարվեն այս կամ այն իրավիճակում: Ձևավորել ցանց նրանց միջև: Կամ՝ ստեղծել ինտերնետային անհամաձայնության «աղմուկի» նոր ձևեր ու գաղափարներ: Կամ՝ ստեղծել ցանցերի մեջ ընդգրկման ավելի էֆեկտիվ և ունակ եղանակներ: Էլ ավելի զարգացնել մեր օտարալեզու հայրենակիցներին աշխարհով մեկ մեր ցանցերի մեջ հավաքագրելու ընթացքը, նրանց տեղեկացվածությունը բարձրացնելու ընթացքը: Էլ ավելի զարգացնել Հայաստանի բնակչության և գաստարբայտերների՝ ավելի դժվար կացության մեջ գտնվող մասերի հետ աշխատանքը:
Հաշվի առնենք, իհարկե, որ մանրիկ ցանցիկներ այժմ շատ են ստեղծվում: Չնայած նրանք բոլորն էլ ավելի լավ զարգացում են, քան ցանցի բացակայությունը՝ սակայն նրանց էֆեկտիվությունը փոքր է ու նաև՝ տարբեր մանրիկ ցանցերի մեջ ընդգրկվելն ուժազրկում է հասարակությանը՝ թույլ չտալով, որ այն ավելի համախմբված հանդես գա:
Նաև՝ մենք անընդհատ պիտի քննարկենք, թե որն է ճիշտ՝ բարեփոխել հինը թե նորը ստեղծել: Օրինակ՝ Ամերիկյան համալսարանն ավելի ազատ է անցյալի բեռից՝ քան սովետական շրջաններից առկա համալսարանները:
Հարցերը շատ են: Մենք պիտի նաև մտածենք՝ ինչպես հավաքագրել ցանցերի մեջ մեր հայրենակիցներին՝ որոնք ռեսուրս ունեն և կարող են կամավոր կերպով ներդնել՝ ժամանակ, գիտելիք, փող և այլն՝ այնպես, որ նրանք հասկանան մեր լեզուն, և համաձայնեն տվյալ հարցի շուրջ համախմբվել: Հենց դրա համար են մանր ցանցիկները շատ՝ որովհետև նրանցում այն մարդիկ են՝ որոնք համաձայն են նրանց և միայն ու միայն նրանց օրակարգերին: «Խորշավորումը»՝ նշածս երեք ճգնաժամերի վառ արտահայտումը, խանգարում է ցանցի էֆֆեկտիվությանը:
Պետք է մեր զգացած ու ձևակերպած կարիքները թարգմանելի լինեն լայն շրջանակների լեզվով, նախ և առաջ՝ ռեսուրս ունեցողների և սկզբունքորեն այդ ռեսուրսը ներդնել ցանկացողների լեզվով:
Խորշավորումն (ամեն խմբի՝ էկոլոգիական իր հատուկ խորշի մեջ ծվարելը) այնքան սուր է արտահայտված այսօր աշխարհում, հետսովետական տարածքում ու Հայաստանում, թեև գուցե տարբեր ձևերով, որ համեմատելի է ատոմիայի, անոմիայի ու անեմիայի այն ճգնաժամին, որի մասին խոսում են փիլիսոփաները: Խորշավորման հակադիրը հոլիստիկ հասարակական կարծիքն է, որն ամբոխատիրություն չէ: Խորշավորումն ավելի լավ է ատոմիայից՝ բայց ավելի վատ՝ հասարակական կարծիքից: Խորշավորումը մի կողմից շատ դեմոկրատական է, մյուս կողմից խանգարում է հասարակական ոլորտ ստեղծել: Խորշավորումն այն է, երբ յուրաքանչյուր խմբակ ունի իր կումիռները, իր արժեքները, և ավելորդ դեբատների մեջ աշխատում է չմտնել մյուսների հետ: Արդյունքում արժեքների հիերարխիան տուժում է: Կան լիքը արժեքներ, բայց որն է մյուսից գերադասելի՝ անհայտ է: Գուցե դա ճիշտ է. եթե հիերարխիկ պետությունը թերի է, ուրեմն ցանկացած հիերարխիա թերի է, ուրեմն ցանկացած արժեքների հիերարխիա թերի է ու կարելի է առանց դրանց յոլա տանել: Հաբերմասն առաջարկում էր այդ հարցը լուծել ռացիոնալ քննարկումներով՝ խորշից խորշ, խորշերի միջև, փաստորեն: Բախտինյան երկխոսության տարբերակով: Ես իհարկե համարում եմ որ երկխոսությունը, պոլիֆոնիան, քննարկումը, գաղափարների ազատ շուկան բանալի են ու շատ կարևոր, բայց նաև համոզված չեմ՝ որ դա բերում է արարքների՝ ու մեր ուզած ձևով:
Այդ հարցերին պատասխանելու համար պետք է քննարկել՝ որտեղ է ճշմարտությունը՝ պոլիֆոնիայի մեջ, ինչպես է այն մակաբերվում, առանձնանում, ամրապնդվում, որտեղ է նրա ու ոչ նրա միջև սահմանի գիծը, ինչպես է այն հասկացվում, տարբերակվում, հաղթանակում: Քննարկել՝ ինչ է հաղթանակն այդ կոնտեքստում: Ինչպես է բազում մանր ճշմարտություններից մեծն առաջանում և կամ մակաբերվում՝ ինչպես է ճշմարտությունների կոնսենսուս առաջանում: Քննարկել՝ որտեղ է ճիշտ մտքի ու ճիշտ արարքի հարաբերակցությունը, արդյոք զուտ միտքն արարք է, արդյոք ո՛ր արարքն է միտք, արդյոք նրանց միահյուսվածությունը՝ մտքարարքը՝ լավագույն դեպքն ու ձևն է՝ գործելու:
Մենք ձգտում ենք իշխանության, բայց ոչ հիերարխիկ իշխանության, այլ՝ ցանցային իշխանության: Թե ինչպիսին կլինեն նոր ձևակերպվող կառավարման համակարգերը՝ հիմնված անհիերարխ սկզբունքների վրա՝ դեռ վաղ է ասել: Բայց լավ կլիներ, դրա մասին մտածեինք ու այդ ուղղությամբ հստակ պատկերացումներ զարգացնեինք:
Գևորգ Տեր-Գաբրիելյան
Հունվար 23-մայիս 17, Երևան
22:34 Նոյեմբեր 08, 2014
