Արձակ

Նախաճիշտը (Ուլյուալլա)


Նախաճիշտը (Ուլյուալլա)

 Առաջին անգամ հրապարակվել է այստեղ՝ https://www.facebook.com/notes/3417674434978925/

5 դեկտեմբեր, 2020 թ.

Ջիորջիո Մալցոնին Հայաստան եկավ օգուտ բերելու մեծ ցանկությամբ: Նա լուրջ պատրաստվեց Հայաստան գալուն. մի քիչ ռուսերեն սովորեց և կարդաց ամենը Ստալինի և Ղարաբաղյան հակամարտության մասին: Նա արդեն նախապես ուներ պլան. պետք է այդ հետամնաց հասարակությունը հագեցնել նորագույն տեխնոլոգիաներով: 

Երբ եկավ, սկսեց այցելել տեսարժան վայրեր, և մի օր հասավ մի գյուղ: Գյուղը հոյակապ էր, ճանապարհն էլ՝ հենց նոր նորոգել էին, Ջիորջիոյի գալու առթիվ: Բնության գրկում, կիրճի պռնկին կանգնած, դիտելով առջևը բացվող փառահեղ բնանկարը՝ Ջիորջիոն տեսավ ոչխարների հոտը, հովիվը՝ կողքին: Չնայած խորովածից ու արցախյան արաղից հետո շշմած էր, բայց, իհարկե, գնաց հովվի հետ խոսելու, չէ որ դա իրական տեղացի էր, իսկ ինքը՝ խորացող և եռանդուն երիտասարդ, որ եկել էր այս երկրին անշահախնդրորեն օգնելու:

- Ինչո՞վ եք մտահոգված, - ասաց հովիվը, ձեռքը դնելով նրա ճակատին:

- Հայաստանով էլ, բայց նախ և առաջ՝ աշխարհով, - ասաց Ջիորջիոն: - Զզվելի բաներ են կատարվում. ի՞նչ է նշանակում «ետ-ճշմարտություն»: Ի՞նչ է նշանակում «այլընտրանքային ճշմարտություն», «կեղծ նորություն»: 

Հովիվը բռնեց նրա ձեռքը,  դուրս բերեց ճամփաբաժան, զետեղեց դեմքով դեպի կիրճը և ասաց.

- Նայիր ճամփին: Առաջդ ո՞րն է: 

- Ահա:

- Իսկ առաջվա օրը՞դ:

Ջիորջիոն ինքնաբերաբար ետ նայեց:

- Այնտեղ:

- Տեսնու՞մ ես: Հետևդ՝ առաջ էր, իսկ հետոն՝ առջևդ, հասկանու՞մ ես:

- Այսինքն:

- Այսինքն ամեն ինչ թարս է այս աշխարհում. առաջվա օրդ ետևդ է, իսկ դու առաջդ գալիք օրը «հետո» ես անվանում, կարծես ետ ու առաջ ապրես: Ճշմարտությունն այն է, որ «փոսթ-ճիշտ»-ն անցյալում է, ոչ թե ապագայում: Կիրճում թաղված: Իսկ ապագայում՝ Նախաճիշտն է: 

Ջիորջիոն խորապես տպավորված էր: Ճոճվելով, նա հեռացավ անդունդի եզրից, վերադարձավ քաղաք և սկսեց մտածել, թե ինչպե՛ս կարելի է այդ իմաստությունն օգտագործել: Մի բան պարզ էր. անհրաժեշտ է Նախաճիշտը տեխնոլոգիզացնել:

Հայաստանի գլխավոր տեխնոլոգիզատորը՝ Բաղդասար Բարխուդարյանը, ասաց, որ հաճույքով կլծվի այդ գործին՝ ետ-ճշմարտության քարուքանդմանը և ճշմարտության հաստատմանը, բայց գաղափար է պետք: Ջիորջիոն իսկույն կապվեց հովվի հետ և իմացավ, որ նրա եղբայրն աշխատում է ՆԱՍԱ-ում և հայ հանրահռչակ գյուտարար, բարեգործ, ազգային ուտեստների խոհարար դոկտոր Կիրակոս Պարսատիկցին է (1958-20...): Հովիվը Ջիորջիոյին տվեց իր եղբոր բջջայինի համարը:

- Ես հասկանում եմ ձեր խնդիրը, - ասաց Կիրակոս Պարսատիկցին: - Մենք էլ ենք աշխատում այդ հարցի շուրջ:

- Իսկ ու՞ր եք դուք հասել, - հարցրեց հետաքրքրված Ջիորջիոն: 

- Մենք նախ սկսեցինք հետազոտել մասնիկ-ալիք տեսությունը, - ասաց Կիրակոսը: - Եվ հայտնաբերեցինք Նշկյանքշխրհի օրենքը:

- Ինչպե՞ս:

- Նշկյանքշխրհի, - կրկնեց Կիրակոսը: - Այն ասում է, որ նույն էներգիան է ծախսվում մեկ բիթ ինֆո գրելիս, նկարելիս, ջնջելիս, զրոյացնելիս կամ հակառակը. դա է այն փոխակերպումը, որ ապրեց դաշտի միասնական տեսությունը: Մինչ այդ համարվում էր, որ քանդելն ավելի հեշտ է: Պարզվեց՝ ոչ. նույնքան դժվար, որքան կառուցելը: Կամ՝ հակառակը. կառուցելը, ստեղծելը նույնքան հեշտ է, որքան քանդելը: 

- Իսկ ինչպե՞ս է դա օգնում «ետ-ճշմարտությունը» հաղթահարելուն:

- Որովհետև դա փոխում է թերմոդինամիկայի երկրորդ օրենքը, - ասաց Կիրակոսը: - Եվ ստեղծում թերմոդինամիկայի երրորդ օրենքը, որը վկայում է, որ եթե մտքովդ անընդհատ աշխարհը չհամակարգես՝ էնտրոպիան կհաղթանակի: Այլ կերպ ասած՝ էներգիայի ու էնտրոպիայի համահավասարեցումը կատարվում է միշտ մեկ այլ ուղով, քան այն՝ որին հառված է հետազոտողի հայացքը: Մահը հաղթանակում է այնտեղ, ուր հայացքդ ուղղված չէ: Աշխարհը ծակոտկեն է այլ կերպ, քան հետազոտողը նայում է: Իսկ դա նշանակում է, որ այն պահին, երբ էնտրոպիան սկսում է ավելանալ, եթե չես օգտագործում մտքովդ համակարգը ֆիզիկապես լայնացնելու ծրագիր՝ ապա էնտրոպիայի ավելանալը դառնում է շոշափելի պատուհաս հենց քո շրջապատի՛ համակարգում:

- Ուրեմն, ըստ ձեզ, այդ օրենքը մարդու՞ց է կախված: Բայց չէ՞ որ մարդս սխալական է:

- Մի՛ անհանգստացեք, - քմծիծաղեց Կիրակոսը: - Մեքենան էլ է պետք. մեքենան՝ հաշվում է, իսկ առանց մարդու՝ բան չի ստացվի:

Դե լավ, սիրտը կախ՝ համաձայնեց Ջիորջիոն. սարքենք, տեսնենք ինչ կստացվի:

Նա Բաղդասարին կցեց Կիրակոսի թիմին: Բաղդասարը շատ երջանկացավ, երբ իմացավ, որ անձամբ Կիրակոս Պարսատիկցու հետ է համագործակցելու: 

Շուտով «ետ-ճշմարտությունը» վերլուծող սարքը՝ Նախաճիշտը, պատրաստ էր:

Խնդիրը բարդանում էր նրանով, որ մամուլից Ջիորջիոն տեղեկացավ, որ Թրամփը, Բրեքզիտը, Պուտինն ու Ասադը Չեչնյայում նույնպես սկսել են նման սարք կառուցել, և անվանել են այն «Ուլյուալլա»: Պետք է թույլ չտալ, որ այսպիսի տեխնոլոգիան մնա միայն բռնատերերի ձեռքում, - մտածում էր Ջիորջիոն:

Բայց Բաղդասարը կարող տեխնոլոգիստ էր, և շուտով սարքի փորձարկումը տեղի ունեցավ. հանդիսավոր փորձարկման պայմաններում Բաղդասարը մամուլի պատահական տեքստ կերակրեց Նախաճշտին դեպրինտատորով, որը բզզաց և ետ մակաբերեց հետևյալը. «անստույգ 30% սուտ 40% ճիշտ 10% սխալ 20% խառը 18%»: 

- Տեսեք, - ասաց Բաղդասարը: -- Սա նաև ձեռի հետ տարբերակում է սուտը սխալից, այսինքն՝ անմեղ, անտեղյակությունից ծնված, անշահախնդիր սուտից: Եվ կարող է նույնիսկ հակառակն անել՝ արտագրել տեքստը, շուռ տալով, ասես ձեռնոց, և, իր դիագնոզի համաձայն՝ վերաշարելով հակառակ ուղղությամբ: Եվ տեքստը դառնում է «նորմալ»: 

Ջիորջիոն հիացած էր: 

- Այդ սարքն այժմ պետք է դնել աշխարհի բոլոր համակարգիչների մեջ:  

- Դեռ շուտ է, - ասաց Բաղդասարը: - Պետք է համալրել ինֆորմացիայով, լցնել, լցնել...

Եվ մի քանի ամիս Նախաճիշտը կերակրում էին ինֆորմացիայով: Մի օր Բաղդասարն ասաց, որ պատրաստ է: Ջիորջիոն եկավ արհեստանոց: Սկզբում նա որոշեց փորձնական հարց տալ.

- Ինչու՞ է Հայաստանն այս վիճակում:

Նախաճիշտը դժժաց, դժժաց, հետո պատասխանեց.

«Ցեղասպանություն, գուլագ, պատերազմ, գողականություն»:

- Ճիշտ է, - զարմացավ Ջիորջիոն:

Բաղդասարը շողում էր գոհունակությունից:

Փորձելով զսպել հուզմունքը, Ջիորջիոն խնդրեց նոր, ավելի լուրջ հարց տալ Նախաճիշտին.

- Ինչպե՞ս է լուծվելու Հայաստանի ճգնաժամի հարցը:

Նախաճիշտը դժժաց, դժժաց, և պատասխանը դուրս սողաց.

«Արարատն է ձեր աստվածը, բարկանալու, ծակ է փորելու Երևանի հրապարակի մեջտեղում, բոլոր ավտոները կլանվեն այդ ծակափոսի մեջ»:

Այդ պատասխանն այնքան էլ դուր չեկավ Ջիորջիոյին. այո, ավտոները լցվել էին Երևան, տեղ չկար շարժվելու, բայց չէ՞ որ դա նաև տեխնոլոգիայի զարգացում էր նախանշում: Մնում էր միայն, որ մարդիկ սովորեն պահպանել փողոցային երթևեկության կանոնները՝ և ամեն ինչ լավ կլիներ: Արարատն էլ... Չէ որ հայերը քրիստոնյա էին, ոչ թե կռապաշտ:

Մի անգամ էլ փորձեցին.

- Իսկ Երևանից դուրս էկոլոգիայի հարցն ինչպե՞ս է լուծվելու:

Պատասխանն էլի չգոհացրեց.

«Սևանն է ձեր աստվածուհին. պայթելու է հրաբուխը Սևանի մեջտեղում, ամենը ծածկվի լավայով և ջրով»:

- Ստուգե՛ք սարքը, - հրահանգեց Ջիորջիոն Բաղդասարին: - Հաստատ վիրուս է մտել:

Նախաճիշտի ստուգումը, ավաղ, երկար տևեց. պարզվեց, որ նա, իրոք, վարակվել է վիրուսից, որը Բաղդասարի կարծիքով, երևի, ուղարկել էր Ուլյուալլան: Ջիորջիոն կրկին կապվեց Կիրակոսի հետ:

- Բանն այն է, - ասաց Կիրակոս Պարսատիկցին, - որ չէ՞ որ կա նաև էնտրոպիայի չորրորդ օրենքը:

- Մի՞թե , -ասաց Ջիորջիոն, - և ո՞րն է այն:

- Որ էնտրոպիան ավելանում է հենց այն ուղղությամբ, որին չես նայում:

Ջիորջիոն իսկույն հրահանգեց Բաղդասարին նայել այն ուղղությամբ, որով չի նայել:

Բայց, ավաղ, այդ պահին եկավ պսակաժահրը: Հայտարարվեց արտակարգ իրավիճակ, և բոլոր էքսպերիմետները դադարեցվեցին:

Ջիորջիոն մնաց իր վարձովի բնակարանում փակված: Տուն՝ Եվրոպա վերադառնալ հնարավոր չէր: Օրերով Հարիրի էր կարդում, Թալեբ ու Ժիժեկ լսում: Ջիորջիոն վարձել էր մի բնակարան քաղաքի կենտրոնում, և հպարտ էր, որ հրաժարվել էր Արտասահմանցիների Շենքում ապրել, այլ դեմոկրատաբար մտել էր, այսպես ասած, «ժողովրդի հենց ծոցը»: Մի կին ամեն առավոտ գալիս էր և կերակրում բակում բնակվող կատուների ընտանիքին, լցնում կերակուրը մի ապօրինի շինության անկյունում: Շինությունը մեկ հարկանի տարօրինակ ակումբ էր, առանց ցուցանակի: Ջիորջիոն վաղուց էր նկատել, որ այն ակտիվանում է, երբ ընտրություն պիտի լիներ: Ընտրությունից առաջ խուժան տղերք էին հավաքվում, երբեմն՝ հարուստ, երբեմն՝ աղքատիկ մեքենաներով, ղժժում, տժժում, գժվում, հարբում: 2018 թ. հեղափոխության վերջին օրերին, հենց այն ժամանակ, երբ Ջիորջիոն էլ ընդունեց հեղափոխությունը, նրանք դադարեցին հավաքվել: Հետո կամաց-կամաց կրկին սկսեցին հավաքվել: Պառլամենտական ընտրություններից առաջ նույնպես հավաքվեցին, բայց մի տեսակ՝ անհավես: Իսկ, ահա, պսակաժահրի օրերից առաջ կրկին սկսեցին թափով հավաքվել: Ընտրություն՝ ոչ, սակայն չէ որ լինելու էր սահմանադրական հանրաքվեն, - հասկացավ խորաթափանց Ջիորջիոն:

Նրանք հավաքվում էին, աղմկում, հարբում, գոռգոռում, կռիվ անում, երբեմն էլ՝ երաժշտություն միացնում և անեկդոտներ պատմում միմյանց մինչև գիշերվա երեքի կողմերը, և այդ աղմուկը խանգարում էր Ջիորջիոյին կենտրոնանալ: Ջիորջիոն չգիտեր, ինչպես նրանց վերաբերվի. մի կողմից՝ նրանք բռի էին, մյուս կողմից՝ երբեմն նաև հաճելի երիտասարդներ էին հանդիպում նրանց մեջ, և, գլխավորը՝ երբեմն-երբեմն իրենք էլ էին կերակրում կատուներին, որոնց կերակրատաշտը գտնվում էր հենց իրենց ապօրինի շինության պատի անկյան ետևը: Ջիորջիոն նույնիսկ վախենում էր, որ տղաների գոռում-գոչյունից թուքը կհասնի վերև՝ իր չորրորդ հարկ, և կվարակի իրեն: Եվ գլխավորը՝ նա չէր հասկանում, թե ինչու են նրանք այժմ հավաքվում. չէ՞ որ հանրաքվեն հետաձգված էր, և ընտրություն չէր նախատեսվում:

Մի գիշեր չդիմացավ և կեսգիշերին զանգահարեց ոստիկանություն: Ոստիկանն իրեն սիրալիր ունկնդրեց, հետո ասաց, որ կգան, կստուգեն, գալուց առաջ էլ կզանգահարեն: Ջիորջիոն սպասեց մինչև առավոտվա չորսը, բայց ոչ ոք չեկավ: Իսկ տղաները երկուսի կողմերը հավաքվեցին և գնացին: Ջիորջիոյին նույնիսկ թվաց, թե իր զանգից ուղիղ տասնհինգ րոպե հետո նրանք աղմուկը քչացրին: Գուցե ծպտված ոստիկանների կենտրո՞ն է, կասկածեց Ջիորջիոն: Դրա համա՞ր ոստիկանությունը չի խառնվում: Հա, աղմկում են, խուժանություն անում, բայց եթե պետք եղավ՝ իսկույն կգնան հանցանքի վայր և այն կքննե՞ն: 

Գիշերվա երկուսից մինչև չորսը հագած-կապած նստած, այդ մտքերի մեջ թաղված՝ սիրտը դող սպասում էր, որ հիմա-հիմա ոստիկանությունը կժամանի, և ինքը փաստորեն խաբլան դուրս կգա, սուտ մատնություն արած. չէ որ տղաները թողել-գնացել են: Միջազգային սկանդալ էր հասունանում: Բայց՝ չեկան: Եվ Ջիորջիոն չգիտեր, լավ է, որ չեկան, թե՝ ոչ:

Մի երկու գիշեր հետո, սակայն, կրկնվեց նույնը: Ջիորջիոն կրկին զանգահարեց ոստիկանություն: Այս անգամ մի բարեհամբույր տիկին էր, որը խորհուրդ տվեց կապվել պարետի հետ: Ջիորջիոն զանգահարեց պարետատուն: Այնտեղ անգլերեն խոսող մեկ այլ բարեհամբույր տիկին առաջարկեց զանգահարել ոստիկանություն: Ջիորջիոն բարկացավ և նամակ գրեց պարետի ֆեյսբուքյան էջին: Սակայն ապարդյուն. տղաները քֆուր-քյաֆարով էլի դուրս եկան, խմած, կռիվ արեցին, ռազբիրատ, հետո ամենախմածը մոտեցավ կատուների կերակրատաշտակին, հաջաթը հանեց և շռեց ուղիղ տաշտակի մեջը: Իսկ հետո նստեցին իրենց հարուստ և ոչ այնքան հարուստ ավտոմեքենաները, սև դիմակները դեմքներին քաշեցին և, աղաղակելով, քշեցին տարբեր կողմեր:

Ավտոմեքենաների լուսարձակների տակ մի պահ փայլեցին ապօրինի շինության պատերը, և մեջը լիքը շեռ կերակրատաշտը դրանից մի տեսակ հակափայլեց, ասես մթության քվինթէսենցիա, սև մի խոռոչ:

Ջիորջիոն շիվարած էր, կամ, իր խոսքով՝  «ֆլաբբըրգասթըդ»: Նա չգիտեր, ինչպե՛ս հասկանա այս երկիրը. նույն տղաները, որ կերակրում էին կատուներին՝ նաև շռում էին նրանց կերակրատաշտակի մեջ: Հսկա շենքի ողջ հարևանությունը ձայն չէր հանում աղմուկից և արտակարգ իրավիճակի խախտումից: Ո՛չ ոստիկանությունը, ո՛չ պարետատունը ռեակցիա չէին տալիս դիմումին: «Դա՛ է Հայաստանի հանելուկը», մտածեց Ջիորջիոն: «Չէ, սրա միակ ելքն ավտոմատացումն է: Որ մարդու գործոն այլևս չլինի»:

Երբ կարանտինը խստացավ, տղաները գրեթե դադարեցին գալ: Եթե գալիս էլ էին՝ կարճ ժամանակով, տխուր, առանց քեֆ անելու, մի քիչ իրար դեմ լուռ կանգնում, սոցիալական հեռավորություն պահպանելով, հետո ավտոները նստում ու թողնում-գնում: Կատուները մնացին մենակ և տխուր էին: Մեկ ամիսն էլ էդպես անցավ: Ջիորջիոն սկսեց տառապել միայնությունից և նույնիսկ կարոտել կատուների կերակրատաշտի մեջ շռող տղաներին: Բայց նրանք այլևս չէին երևում, երևի՝ պսակաժահրը նրանց տարել էր արդեն: «Ի՜նչ խորաթափանց է պարետը», մտածեց Ջիորջիոն: «Ճիշտ էլ արեց, որ հաղորդագրությանս չարձագանքեց»: Իսկ պսակաժահրը չէր դադարում: Ջիորջիոն տխրությամբ էր հետևում, ինչպես են մեռնում տարեցները՝ իր հայրենի Եվրոպայում, Հայաստանում և այլուր, ինչպես նաև, երբեմն-երբեմն՝ ոչ տարեցները:

Մի օր Բաղդասարը ֆեյսբուքով կապվեց և ասաց, որ Նախաճիշտը բուժված է: Ավելին. այժմ նա ոչ թե պարզապես տպում է պատասխանները, այլ խոսում կանացի թովիչ ձայնով:

«Ո՞ր հարցը տամ», հարցնում էր Բաղդասարը:

Ջիորջիոն հասկացավ, որ եկել է իր աստեղային պահը: 

- Հարցնենք, թե ինչու՛ է եկել պսակաժահրը, - ասաց Ջիորջիոն Բաղդասարին:

Բաղդասարը սկսեց հարցը նախապատրաստել, ինֆորմացիա լցնել դեպրինտատորի մեջ: Մի քանի օր շարունակ կերակրում էր Նախաճիշտին ողջ նյութը, ինչ որ աշխարհում կար. Ջի7, Ջի8, 5ջի, 6ջի, չինական, ամերիկյան և ռուսական դավադրություն, չղջիկ, Հարիրի, Ժիժեկ, Թալեբ և նույնիսկ մի ռուս տղա՝ Մաքսիմ Շևչենկո, գլոբալ տաքացում, Սորոս, Բիլ Գեյթս, չիպավորում և պատվաստում: Ասվում էր, որ բերանից փորձանմուշ են վերցնում, որպեսզի ձայնալարերի միջև չիպ տեղադրեն, որ ասես այն, ինչ իրենք ուզում են: Որ որոշ ձեռնարկություններ չեն արգելվել կարանտինի ժամանակ, քանի որ մյուս բոլորին պետք է վերացնել, որպեսզի այդ մի քանի մնացածները ծաղկեն: Որ բոլորի բանկային քարտերից փողը հանվելու է, որքան որ կա, պետության կարիքների համար: Մեքենան կուլ էր տալիս այդ ինֆորմացիան առանց դիմադրության: Միայն թե ձայնը թովիչից դարձավ մի քիչ խռպոտ, ասես ծխող կնոջ ձայն:

Մի քանի օրից Բաղդասարը հաղորդեց, որ Նախաճիշտը պատրաստ է: Ջիորջիոն կապվեց Կիրակոս Պարսատիկցուն և խնդրեց մասնակցել էքսպերիմենտին: Վերջինս հաճույքով համաձայնեց:

- Նախաճի՛շտ, ասա՛, ինչու՞ է եկել պսակաժահրը, - բարձր ձայնով հարցրեց Բաղդասարը սարքին:

Նախաճիշտը դժժաց, դժժաց և վերջապես խզված, սակայն հաճելի կանացի ձայնով արտաբերեց.

- Կատուները, շները, բույսերը, թռչունները, ավտոները, Արարատը, Սևանը, էկոլոգիան, հանքարդյունաբերությունը, քաղաքաշինությունը, արժեքը, մարդը, Միտքը, ռեֆլեքսիան... 

- Այսի՞նքն, - ասաց Ջիորջիոն, կրկին «ֆլաբբըրգասթըդ» լինելով՝ շվարելով:

- Այսինքն, - ասաց Բաղդասարը, - իր ասածն այն է, որ մարդկությունը սխալ ուղով էր գնում, դրա համար էլ սա վրա հասավ. և սրա նպատակն այն է, որ մարդկությունը մի քիչ խախանդվի: Մի քիչ հանգիստ նստի տեղները, մտածի:

- Մի՞թե էդ է, մի՞ թե էդքան պարզ, գրողը տանի... Ընդամե՞նը: Չի՛ կարող պատահել, - բացականչեց Ջիորջիոն: - Բայց չէ՞ որ տեխնոլոգիաները... 

- Բանն այն է, - հանդարտ միջամտեց Կիրակոս Պարսատիկցին իր հեռավոր Նասաներից, - որ կա նաև թերմոդինամիկայի հինգերորդ օրենքը:

- Ո՞րը, ո՞րը, - գոչեց Ջիորջիոն:

- Եթե ճիշտ ուղղությունը գտել ես և նայում ես ճիշտ ուղղությամբ՝ էնտրոպիան մնացածներում էլ է սկսում, չգիտես ինչու, նահանջել, - ասաց Կիրակոսը: - Այդ ճիշտ ուղղության շուրջը: Ճիշտը կարծես ճառագում է իր շուրջ, խունացնում էնտրոպիան: Ինքն իր մի միավորից ավելին է: Մեկ միավոր մասնիկը դառնում է ալիքաձև ճառագայթում: 

- Իսկ հակառա՞կը, հակառա՞կը:

- Հակառակը՝ երբ սուտն ու սխալն են թագավորում՝ նրանք էլ են ճառագայթում իրենց շուրջ: Այսպես ասած, հակափայլ տարածում: Նրանք էլ են իրենց միավորից ավելի:

- Եվ այդ դեպքում աշխարհը... 

- Եվ այդ դեպքում աշխարհը դառնում է Սև Խոռոչ, - ճռռալով ասաց Նախաճիշտը:


22:38 Հունվար 25, 2022