Արձակ

Լենինյան շաբաթօրյակ


Նախաբան հուլիս 29, 2018

Հասկանալով, որ «Պիոներ կանչը» չի ուզում հրապարակել իմ պատմվածքը («Շեկո Մլավյան»), ես որոշեցի գրել մի այնպիսի բան, որ նրանք կհրապարակեն, ու գրեցի սա, հատուկ Լենինյան շաբաթօրյակի մասին, որպեսզի լինի «սովետական» ու «անցողիկ»: Սա ամենամոտիկ գալս էր «հարմարվելուն»: Սակայն սա էլ չհրապարակեցին, կարծեմ իրենք չէին ուզում իմ գրածը հրապարակել եթե ազատ էր՝ ու չէին ուզում իմ գրածը հրապարակել՝ եթե «հարմարված» էր, քանի որ չէին սիրում «հարմարվելը»: Այդպիսով, նրանք պարզապես չէին ուզում իմ գրածը հրապարակել, ինչ էլ ես գրեի: 

Հետո ես, ամաչելով, հանեցի «լենինյան» բառը վերնագրից, թողեցի միայն «շաբաթօրյակ»: Սակայն դա էլ չօգնեց, և ոչ մի մեդիա այս գործը մինչ այսօր չի հրապարակել:

Վերարտադրում եմ նույնությամբ, վերականգնելով նաև վերնագիրը:

 

ԼԵՆԻՆՅԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ (1979)

Տարօրինակ մարդ եմ. ընկերներիս կողքից էկրանին նայելիս` մտածում եմ կինոնկարի վրա ծախսած երկու ժամի մասին, տանը նստած` երազում եմ ընկերներիս հետ կինոթատրոնում լինել:

Ցուրտ էր, ձեռքերս սառչում էին, ու ես անցա արևշատ մայթ: Շուտով ցուրտը կնահանջի, գարնան տաք արեգակը կտաքացնի աշխարհը:

Լևոնենց տուն, ուրեմն, չեմ գնա: Եթե նրանք հավաքվելու են ժամը երկուսին, պարզապես չեմ հասցնի:

Երեկ Սամվելը լուր բերեց դասարան. վաղը դաս չկա:

- Նույնի՞սկ:

Կասկածեցինք:

- Խնջույք կանենք:

Ուրախացավ Ախիկյանը:

Քաղաքականապես զարգացած Կարենը պարզաբանեց.

- Էլ ինչ կուզեիր: Առանց փոխհատուցման, թեկուզ Լենինի ծննդյան տարեդարձի առթիվ, մեզ մեկօրյա արձակուրդ չեն տա: Դաս չի լինելու, գալու ենք աշխատելու:

Այժմ գնում եմ: Ժամը տասից պակաս է հինգ րոպե: Ավելի արագ քայլեցի: Ոչի՜նչ, կաշխատե՜նք: Վարդուհին այնտեղ է լինելու` հարվածայի՛ն կաշխատենք: Այնպե՛ս կաշխատենք, որ բարձրահասակ, լայնաթիկունք, գեղեցկուհի-տիկնիկ Սուրենը չի երևա աշխատանքիս ֆոնին, խոստանում էի ինքս ինձ, հենց այնպես, նույնիսկ չհավատալով…

Դասարանները կույտ-կույտ կիտվել էին դպրոցի բակում, յուրաքանչյուրը` սահմանված տեղում: Մոտեցա մերոնց: Սպասումներին հակառակ` օրը դեռ ամպոտ էր, հուսախաբությունն ու հանձնարարվելիք անհայտ գործն արգելակում էին թարմ առավոտից ձեռք բերված ուրախ տրամադրության ազդեցությունը, բայց իմ սիրելի ժպիտները դեռ կային, ուսուցիչները մեզ ու մենք նրանց ժպիտով էինք բարեւում: Դասարանային միակ իսկական ընկերս չէր եկել, արհամարհել էր դիրեկտորի խիստ նախազգուշացումը:

Ներկա-բացակա, իհարկե, չեղավ, ու Նաիրին կամացուկ ափսոսեց, որ ընդհանրապես այստեղ է: Ափսոսողը ես պիտի լինեի, որովհետև Նաիրին տանը միայնակ մնար` ի՞նչ էր անելու, իսկ իմ լավ ընկեր Լևոնի մոտ պատանեկան խրախճանք է, իսկ ես ահա այստեղ եմ: Սակայն արդեն եկել էի ու աշխատում էի չափսոսել: Ուշացած կգնամ: Ուշ լինի` նուշ լինի:

Մի քիչ այդպես կանգնեցինք, մինչև եկավ ընկեր Գրիգորյանը: Մոտեցավ շարքերին, ու մենք համոզվեցինք, որ, այո, ջինսե բաճկոնակ է հագել: Բացի այն, որ լայն բանվորական անդրավարտիքն ու ջինսե բաճկոնակը ոչ այնքան երիտասարդ կնոջ վրա ծիծաղելի էին նայվում`այդ եվրոպական անմիջականությունը զարմանալի էր մի ուսուցչուհու մոտ, որը տարիներ շարունակ հետապնդում էր ծոծրակից երկու սանտիմետր աճած մազերով աշակերտներին, հետապնդում էր մկրատը ձեռքին, ու ես սարսափով հիշեցի, որ արդեն մեկ շաբաթ է ծոծրակս նրա աչքից թաքնված է մազերի ետեւում:

Շորերից դատելով` նա մեզ հետ հավասար աշխատելու էր: Նրա կարծիքով` դրանից հետևում էր ընդհանրապես մեր այսօրվա բանվորական հավասարությունը, այսօր մազերի հարցով նա բոլորովին չէր զբաղվելու, և դա ինձ շատ էր դուր գալիս:

Կարենն ուրիշ կարծիքի էր:

Փայտամշակման ուսուցիչը բահերը բերեց, մենք դրանք փունջ-փունջ բարձեցինք տասներորդցիների վրա, նա վերջին անգամ հիշեցրեց աշակերտական բարձր կարգապահության մասին, ու դպրոցը շարժվեց փողոցն ի վեր. շրջանցեցինք հին մասնաշենքը, թեքվեցինք աջ` նորի երկայնքով մինչև երրորդի ետնամասը, այստեղով մի ուղիղ նրբանցք էր անցնում, լի կտրտած ծառաբներով, շինանյութերի մնացորդներով, հողաթմբերով, խճաքարի բլրակներով: Ինչպե՞ս կարելի է այս ամենը մի օրում վերջացնել, ու՞ր են կորչելու այս հողաթմբերը, ինչպե՞ս են կոպիտ դպրոցականները տնկելու այստեղ կիտված բարակ մերկ շիվերը…

Երբ ընկեր Գրիգորյանն ուրախ-զվարթ տեսքով մեզ նայեց ու զարմացավ` դեհ, ինչու՞ չեք սկսում, Կարենն իր կարծիքը շշնջաց.

- Շաբաթօրյակ է: Ուրախացել է` փող չի ծախսի բանվորների վրա, դրա համար էլ այսպես քնքույշ է: Քամելու է ձեզ, այ կտեսնեք:

Ինքը մեր ջոկից այն կողմ էր կանգնել, ձեռքերը կրծքին ծալած` դժգոհ նայում էր ու Նաիրիին բացատրում: Պատրաստվում էր աներևութանալ: Ուզում էի միանալ նրանց, բայց հարմար վայրկյան չկար ու այդպես էլ չեղավ: Հետո, երբ արդեն կպած աշխատում էի` նրանք այլևս չկային, փախել էին:

Սուրիկը նրանց հետ կանգնեց-զրուցեց-համաձայնեց, որ, այո, քամելու են, հետո մեկ էլ տեսնեմ` թեթևորեն, ինչպես ամեն ինչն էր անում, «Աշխատե՞լ, կարելի է, ինչ կլինի՞ որ», եկավ ու լծվեց ու մեզ առաջ տարավ: Ինձ թվաց, մեր վախվորած սպասման նկատմամբ Գրիգորյանի սուտ զայրույթը` «Մի բահն այստե՛ղ տվեք», ընկեր Ջալալօղլյանի խոսքը` «Այո՛, դու՛ք եք աշխատելու, դու՛ք, մի՛ զարմացեք», բեռնատարի վարորդի արհամարհական հայացքն են նրան ոգեշնչել… այնինչ, կողքովս հոյակապ քայլվածքով անցել էր ու պաղ աչքերով գուցե ինձ էր նայել, գուցե ջինսիս էր նայել Վարդուհին, ու Սուրենն արդեն բահով հողաթումբն էր խմում: Ես քամու թե կայծերի հոսանք զգացի ու շրջվեցի`եղնիկ-Վարդուհին իր ջոկատի հետ արդեն գնում էր հողը փոցխով ջերմացնելու`Սուրիկն արդեն հողաթմբի կեսը կերել էր, միայն նա, մնացածները`մի քիչ, մեկ-մեկ օգնում էին, մնացածները հողով լցված դույլերն էին տանում բեռնատարի մեջ դատարկում: Մինչ աշխատանքի ավարտը նա իր կարծիքը չփոխեց. նրա կարծիքով միայն ես կայի ու նա, ես էի աշխատում ու նա, հոգնում, հանգստանում, վազում-ջուր-խմում-գալիս, բահով, դույլով, փոցխով, խոսքով, բեռնատարի մեջ` միայն ես էի ու նա, Վարդուհին ինչ-որ աստվածային հեռուներից դիտում էր ու ընտրում, ու Սուրիկին հաճելի էր մի անգամ ևս ինձ ոտնատակ անելը:

- Կտեսնենք:

Բահը ծանր էր ու անհարմար, հետո նրա կոթը կարծես հղկվեց, հետո, երբ արդեն հոգնել էի, նորից ծանրացավ: Երկուսուկես-երեք շարժումով դույլը մինչև պռունկը լցնում էի, սակայն կանգնելս ավելի երկար էր, քան աշխատելս. դույլերը քիչ էին:

- Այստե՛ղ բերեք, - պահանջում էին բանվորները դատարկադույլ անցնողներին:

- Այստե՜ղ բերեք, - խնդրում էի ես:

Սակայն նրանք անցնում էին անտարբեր ու դույլերը տանում էին Սուրիկին. նա լավ, արագ, չափավոր էր լցնում, նա դպրոցի սիրելին էր, ամեն ինչից տեղյակ, ամեն ինչին մասնակից, միշտ ուրախ, գրողը նրան տանի… Ու ես բահը ձեռքիս գնացի ու կանգնեցի նրա կողքին ու սկսեցի լցնել նրան տրամադրած դույլերը: Խը՛րթ, բարկանում էր խճաքարը: Հը՛մ-մ, հարմարվում էին մեր թոքերը: Ղը՜ռռ, դույլի մեջ էր լցվում խճաքարը: Խըրթ-խը՜րթ, հանձնվում էր խճաքարը: Հո՛պ-պա, ուրախանում էին մեր մկանները-թոքերը-ձեռքերը-բերանները: Դըղը՜րդ, դույլն էր լցվում խճաքարը: Հե՜յ, մի՛ քնիր, պատրա՛ստ է, կանչում էինք մենք:

ինչ-որ հեռու տեղ, ապագա ծառուղու խորքում, ինչ-որ թուլակազմներ ասֆալտն էին ավլում, այդ փոշին այստեղից երևում էր: Մաքուր շորերով մի քանիսը զգուշությամբ կտրտում էին երկու կենդանի մնացած հնադարյան չինարների ճյուղերը: Մի բուռ ուսուցիչներն ու աշակերտական հոսուն բազմությունը շրջապատել էին բեռնատարը: Բեռնատարը հռնդյունով հեռացավ, մի քանի րոպեից ժամանեց հաջորդը: Մինչ Սուրիկը նայում էր շուրջը` արագ-արագ լցնում էի դույլերը, նորեկներին բահ էի տալիս ու հորդորում` հեշտ է, նույնիսկ հետաքրքիր, Արտաշեսին ու ինչ-որ անծանոթ տասներորդցու բացատրում էի, թե ինչպես դատարկել դպրոցի պատի ու քարակույտի միջև կուտակված հողը, ի միջի այլոց բահով ամրացրեցի մի փոքրիկի փոցխի կոթը, - Շնորհակալություն, - և հաջորդ պահին Արամ Արամյանն ինձ դիմեց ինչ-որ չնչին հարցով`դույլերը, այնուամենայնիվ, քիչ էին: Մինչ տանում-դատարկում-բերում էին` հսկայական ժամանակ էր կորչում: Առաջարկեցի կոնվեյեր:

- Ճիշտ է, - զարմացավ ընկեր Գրիգորյանը:

Այդ այն պահերն էին, երբ բահի կոթը բավական ծանրացել էր, ու ես, մարդկային առաձգական շղթան շարելով, կանգնեցի բեռնատարի տակ` լիքը դույլերը թափքում կանգնած տղաներին պիտի փոխանցեի: Աշխատանքն արագացավ: Երկու մաքուր դույլերը քարշելով, Վարդուհին եկավ, նայեց ու հանգստացող աշակերտներին ջուր խմեցրեց: Նաև Սուրիկին:

Դույլերը հետևում էին մեկը մյուսին, ազատ վայրկյան չունեի, իսկ մաքուր, սառը, լիքը ջուրը կանչում էր: Կանգ չառա:

Այս բեռնատարն էլ ուղարկեցինք: Վարորդին վերջին ցուցումները տալով, ինքս դուռը շրխկացրի ու վերադարձա աշակերտների խմբին:

Մի պահ կանգնած էինք, հետո, երբ դատարկ մեքենա եկավ, հարձակվեցինք հողաթմբի վրա: Մարզանքից հետո մկաններս սառել էին: Նրբանցքին էի նայում` Վարդուհին որտեղ է: Անելիքս հանկարծ կորցրել էի, կարճատև ընդմիջում էր նոր հարձակումից առաջ. հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի ընկեր Նատալյա Արտաշեսովնա Պողոսյանը հեռվից ինչ-որ բան ասաց:

- Այո՞, ընկեր Պողոսյան:

- Մի րոպե, Արա:

- Գնա մի տես, այնտեղ հավաքվածներն ի՞նչ են անում:

- Ինչու:

- Գնա տես նրանք ի՞նչ են անում: Մի քիչ ման եկ, չհոգնեցի՞ր:

- Ոչ, ընկեր Պողոսյան, ինչ եմ անում որ…

Երբ տաք բռնակը ձեռքդ ցած է քաշում, իսկ դու հակադրվում ես ու վեր բարձրացնու՜մ-բարձրացնում մինչև ուրիշի փրկարար ձեռքերը գրկեն ու տանեն դատարկեն`այդ պահին դժվար է: Բայց պահն այդ այնքան արագ է անցնում, որ նրանից հոգումդ հե՛տք անգամ չի մնում, միայն մի քիչ նվում է ափերի մաշկը:

Շատ նեղացա:

- Գնա, գնա մի քիչ  հանգստացիր, բավական է…

Ժամը քանիսն է. մեկ անց կես: Ընդամենը երեք ժամ է անցել:

- Արա՛, այս ծակված դույլն ի՞նչ անեմ:

Մի տախտակ մտցրեցի դույլի պատերի արանքը, տախտակը կիպ նստեց ու ծակը փակեց: - Կարող ես էլի օգտագործել:

Ընկեր Պողոսյանին նայեցի` կարծիքը, ոչ, չէր փոխել, ինձ հանգստանալ է հարկավոր, երեք րոպե է այստեղ կանգնած եմ` դեռ հևում եմ, սակայն այդ կարծիքի խորքում «Գնալ տեսնել նրանք ինչ են անում» արտահայտությունը վերաճել էր որոշակի, տղամարդկային «հանգստանալ» բառին:

Այնուամենայնիվ, հարգելով ընկեր Պողսյանի վերաբերմունքը, նրբանցքն ի ցած ուղղվեցի:                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

***

…Ի՜նչ ջուր էր, երեխաներ, ի՜նչ սառնորակ, ի՜նչ հաճելի, ի՜նչ զուլալ ջուր էր կապույտ դույլի ջուրը…

Վարդուհին եղնիկի քնքույշ հայացքով ինձ էր նայում` կարծես իր ձագուկին, ես դեռ խմում էի, և եթե երբևէ ինչ-որ ցանկություն ունեցել էի` այն այժմ պիտի իրականանար… ծարավությանս հանդեպ հեգնական ու մի քիչ էլ խեղճ ժպիտով նրան էի նայում, ըմպում էի, - արա՛գ, արա՛գ, ի՞նչ ասել, ինչպե՞ս, - արդե՛ն դժվարությամբ, արդե՛ն կշտացած, արդե՛ն քիչ առաջվա փրկարար ջուրը սրբապղծելով`դեռ խմում էի: Երկու վայրկյան:

Ես դույլը մեկնեցի նրան. – Շնորհակալություն:

- Խնդրեմ, - նա`«փոքրիկը», թեթևակի խոնարհվեց ու գնաց մնացածներին բավելու. «Այստե՜ղ, ջրկի՛ր աղջիկ», կանչում էին բեզարած բանվոր ընկերներս:

Ես շուռ եկա ու վերադարձա իմ աշխատանքին: Հեռվից լռիկ նախատինքով նայեց-չնայեց ընկեր Պողոսյանը:

- Արա՛, այստե՛ղ եկ, այնտեղ արդեն վերջացնում են:

- Դույլե՛ր բերեք, արա՛գ աշխատեք, արա՛գ, - շտապեցրեցի խաղուպարով զբաղված կրողներին: Բահը տաք կոթով մեկնվեց ինձ: Աշխատող մեջքերն իմ առջև տեղ բացեցին, մաքուր փողոցի վրա վերջին խոպան քարակույտը հայացքս քերծեց:

- Այ ապրեք, երեխեք, էս ինչ լավ աշխատեցիք, - սրտանց գովեց ընկեր Գրիգորյանը: - Հիանալի է: Կտեսնեք թե ինչ գեղեցիկ նրբանցք կլինի. այսօր սա վերջացրեք, վաղը չէ մյուս օրն ուրիշները կգան ու ծառերը կտնկեն, ու կլինի հրաշալի ծառուղի, տասը տարի հետո դուք ձեր երեխաներին այստեղ զբոսնելու կբերեք ու կհիշեք այս օ…

Շիվերը ինչու մենք չենք տնկելու: Ինչու շիվերը մենք չենք տնկելու: Այդ պահին թվաց, թե մինչև հիմա ամբողջ չարչարանքը ծառերը տնկելու համար էինք թափել:

Սուրիկը քերեց վերջին հողը, լցրեց վերջին դույլի մեջ ու ինքը տարավ դատարկեց:

- Սուրի՛կ, արի՛ այստեղ, - կանչեցի: - Դուք է՛լ եկեք, բոլո՛րդ:

Մենք հավաքվեցինք, գրկախառնված`փոշոտ եղբայրների խումբ կազմեցինք, ու շշնջացի. - Եկեք ծառերը տնկենք:

- Ի՞նչ:

- Եկեք ծառերը տնկենք:

- Ինչպես:

- Ես տնկել եմ, ես ձևը գիտեմ: Ծառերն էլ տնկենք, նոր գնանք տուն:

- Հը՞:

Կարելի է, կասկածեցին նրանք: Չէ, իսկապես, լավ կլինի, հորդորեցին իրենք իրենց: Կարելի է, հանկարծ վերակենդանացան:

- Աղջիկներ, մենք որոշեցինք ծառերը տնկել նոր տուն գնալ, - ասացի Վարդուհուն:

Նա ծափ տվեց:

- Ընկեր  Գրիգորյան, կարելի՞ է:

- Ի՞նչ:

- …Չենք փչացնի, ազնիվ խոսք:

- …Դեհ, փորձեք:

Ու մենք եռացինք: Այդ անուշ, այդ քնքուշ, այդ բուրավետ, շնորհակալ այդ շիվը շոյելով, մաքրելով, վրան անհասկանալի խոսքեր մրթմրթալով`ես այն մտցրեցի ծանր հողի մեջ: - Ջու՛ր – նետեցի Վարդուհուն: - Շա՜տ ջուր: - Փոքրիկ հողաթմբի կենտրոնից վերև վազեց կանաչ կյանքը: Նախ`ինքս ըմպեցի նրա բերած ջուրը, օձիքս ողողեցի այդ ջրով, - ջինսս ծածկվեց կաթիլներով, - հետո դույլը դատարկվեց կանաչ կյանքի վրա:

Ծանր էր: Երբ դատարկ դույլը վայր դրեցի, ձեռքերս դողում էին: Հոգնել եմ:

Սա` Վարդուհու ծառը, կնքեցի մտքումս: Հետո նոր շյուղ փայփայեցի: Եղավ իմ ծառը, հետո` իմ Ընկերոջ ծառը, իմ Երեխաների Զբոսանքի ծառը ու Սրտիս Զով անող Չինարը: Նրբանցքը դառնում էր դալար, երկար, դեռ շոգ, ի՛մ՝ ծառուղի:

Բահը նորից ձեռքս վերցրեցի, որ Հովվի Շվին տնկեմ` դիմացի տան լուսամուտները թափով բացվեցին ու դուրս հորդաց մուգ կարմիր երաժշտությունը:

Պտտվեց օդում, մի քիչ` թռավ երկինք, մի քիչ` նստեց չինարների ճյուղերին, մեծ մասը, սակայն, իջավ մեր ունքերին, մեր մազերին, մեր արտևանունքներին… Աշխատանքը կանգ առավ: Ես գլուխս բարձրացրի. սրբապղծություն էր` հզոր մեր ուժը երկնային կանչով իր ուղուց շեղելը: Եվ հենց այն վերջապես վրա հասած րոպեին, երբ սահմանազատվում է կատարածն ու կատարվելիքը, երևակվում է նրբանցքի ապագա տեսքը, զգում ես, թե ինչ ես արել… Գրողը տանի: Ես հիշեցի Լևոնի մասին:

Երկնքում ամպեր չկային: Գարնան շոգ արեգակը գրկեց ուսերս: Մինչ այդ շոգը չէի նկատում:

Վերցրեցի գետնին ընկած բահն ու շարունակեցի գործս: Քիչ հեռու` Արտաշեսը նույնպես լուռ վերցրեց բահը, և մնացածները նույնպես:

Բայց հնչյունների կանչը մնաց: Եվ ահա հեռու մի տեղից աշակերտները գոռացին, որ վերջին ծառը տնկված է:

- Սա ձե՛ր ծառերն են, - ասաց ընկեր Գրիգորյանը:

- Դու՛ք պիտի խնամեք: Պիտի պաշտպանե՛ք:

Եվ  պաշտպանելու ենք, այս արևը վկա:

Եղնիկի նման մի մատղաշ մի փոքր անկյան տակ էր տնկվել:

Երեխաները կամաց-կամաց սկսեցին ցրվել:

- Ցտեսություն, Արա՛:

- Ցտեսություն, Արմեն ջան: Մինչև երկուշաբթի:

Եղնիկի նման այն ծառը, այնուամենայնիվ, կանչում էր ինձ:

- Ո՞վ  է Կոմիտաս գնում: Կոմիտաս գնացող կա՞:

- Սամվել, Սամվել, սպասիր, ես գալիս եմ:

Իմ միակ ընկերն այսօր չէր եկել, ու ես, երևի, միայնակ պիտի տուն գնայի:

- Գնացի՞նք: - Այո:

Ինչպես միշտ, ինչպես պիտի լիներ ու ինչը ոչ ոք չէր կարող փոխել`Վարդուհին ու Սուրիկը միասին հեռացան, և արդեն ուսուցիչներից պատշաճ հեռավորության վրա թևանցուկ արին:

Իսկ  չինարն այդպես էլ կանչում էր: Երբ արդեն ոչ ոք ետ չէր նայելու, վերադարձա: Մոտեցա այդ շյուղին: Զգուշությամբ ուղղեցի, ուրախ, որ գոնե այս եղնիկն իմ օգնության կարիքը զգաց:

Հետո ինքս դույլով ջուր բերեցի ու մի անգամ էլ ջրեցի: Թո՛ղ  աճի:

Վերջին անգամ քմծիծաղելով, իմ նոր ծառուղով, իմ ճամփի փողոցներով, իմ հոգնած կեղտոտ շորերն անցորդների հայացքին անհաղորդ հպարտությամբ տանելով` քայլեցի դեպի տուն:

Համենայն դեպս, նայեցի ժամացույցին… Լևոնի մասին մտածելն արդեն ուշ է:

Գարնան օրն իր գահին փառավորապես տեղավորվել էր ու իր ամբողջ փարթամությամբ շուռումուռ էր գալիս: Հյութեղ ծառերը նրան համընթաց օրորվում էին: Արհեստական լճակում պարում էր կարմիր ձկնիկների աշխարհ կապույտ ջուրը: Դեղին արևի տակ աննկատելի ապրում ու գործում էր մի քիչ դեղին, մի քիչ վարդագույն, մի քիչ կարմիր, ծա՜նր՝ քաղաքը:

Ետ նայեցի. դեղին արևից մի քիչ դեղնած, բայց և բավ կապույտ երկնքի տակ ուղիղ շերտի պես ձգվում էր մեր նրբանցքը: Աջուձախ`դեպ վեր էին հոսում կանաչ ձողիկները:

***

Նկարում՝ Աղայան փողոցն այսօր (հուլիս 29 2018), որի մասին է պատմվածքը, և որում բնակվում եմ:

 


14:42 Հուլիս 29, 2018