Հրապարակված գրքեր

«Անաստված» կինոթատրոնը


Առաջին անգամ հրապարակվել է այստեղ:

Տպագրվել է այս ժողովածուում:

Քննարկումը տե՛ս այստեղայստեղ և այստեղ:

Ժողովածուին նվիրված էջը և գործի մասին հավելյալ նյութեր տե՛ս այստեղ:

 

Էկրանը մութ է, հետո լուսավորվում է

 

«ՀԱՅԱՍՏԱՆ, ՔՍԱՆԵՐՈՐԴ ԴԱՐ. ԲԼՈԿԲԱՍՏԵՐ»

ՖԻԼՄ ԱՌԱՋԻՆ

«ԱՆԱՍՏՎԱԾ» ԿԻՆՈԹԱՏՐՈՆԸ

 

Նախաբան

 

Սավառնակի (թռչնի) բարձրությունից ցույց է տրվում հին Երևանի կենտրոնը, մզկիթի կողքի քարվանսարայով ու շուկայով, Ամիրյանի եկեղեցին՝ «Անաստված» կինոթատրոնը, Մայակովսկու դպրոցը, կողքին՝ զինվորական մասը, հետո Կոմայգին, առանց Սունդուկյան թատրոնի, հետո այգիներն ու տները Կարապի լճի ու Սայաթ Նովայի տեղում, հեռվում Օպերան է կառուցվում, Մամուռ գետակը կտրվում է, հանկարծ նրա շարունակությունը շինհրապարակ է:

ֆիլմի հեղինակի ձայնն ասում է.

Երբ կես դարից ավել էի ապրել, երբեք լրջով չհավաքելով ծնողներիս ու նրանց սերնդի պատմությունները, ես վերջապես այս ու այն տեղից լսելով ու հիշելով այնքան նյութ կուտակեցի, որ գրեցի կինոսցենար՝ 30-ականներից մինչև երևի հիսնականների կեսերը՝ մինչև հայրիկիս ու մայրիկիս հանդիպումն ու ամուսնանալը:

Հայրս միշտ ուզում էր կինոսցենար գրած լինել:

Սրանից արձակ կարծես չի ստացվում, բայց կինոսցենար կստացվի: Քանի որ սա վայ թե երբեք չնկարվի ու երկար է, առաջարկում եմ մտովի կինո նայել։ Ոճով սա պիտի լինի «Ամառկոռդի» ու «Հայելու» խառնուրդ: Բերտոլուչչին էլ է ազդել, Ատոմն էլ և այլն: Քանի որ դա անհնարին է լինելու իրագործել, առաջարկում եմ երևակայություններիդ զոռ տալ ու տեսնել ներքին էկրանին:

Դրվագները հիմնականում վավերական են, այսինքն հիմնված իրական դեպքերի կամ իրականում իմ կողմից լսված պատմությունների վրա: Սակայն սյուժե է կառուցված, որոշ առումով հորինովի, որոշ առումով էլ՝ առասպելացրած, և իրադարձությունները ստույգ չեն ոչ վավերականության տեսակետից, ոչ էլ ժամանակագրության. 30-ականների վերջը խառնված է փոքր-ինչ քառասնականներին ու հիսնականներին, մայրիկիս տարիքը մոտեցված է հայրիկինիս: Այն ժամանակվա Երևանն էլ լրիվ ստույգ չէ, սա իմ լեգենդի Երևանն է:

Տիտրերը գնում են Երևանի պատկերի վրա.

Շնորհակալություն մայրիկիս ու հայրիկիս: Ինչպես նաև «Երևան 20-րդ դար» գրքին, Արմենպրեսի ֆոտոարխիվին՝ թվայնացված, «Armenia Totalitaris» խմբին, Մարատ Յավրումյանին, Սարհատ Պետրոսյանին, Մարկ Գրիգորյանին, Աննա Սարգսյանին, Տիգրան Պասկևիչյանին, Արա Շիրինյանին, Վարդան Ազատյանին, Վարդան Ջալոյանին, Արա Նեդոլյանին՝ ինտերնետում արտացոլված կամ այլ իրենց գործունեությամբ այս գործին այս կամ այն կերպ մի պահ, հատիկ, դետալ կամ մղում տրամադրելու համար:

 

Էպիզոդներ

 

1

Սկիզբ

Դասախոսուհին դասախոսարանում հարդարվում է, մենակ է, դեմքին վախվորած, բայց վճռական ժպիտ կա թաքուն: Ռադիոյի, ասենք, գռգռոցից, մթնոլորտից զգացվում է՝ հիսունականներն են, մոտավորապես 1954: Ստալինի նկարի տեղը երևում է ուսուցչանոցում՝ շրջանակի սև հետքը պատին դաջված:

Դատարկ միջանցքով գնում է դեպ լսարան: Դուռը բացում է, մտնում:

Լսարանում միայն աղջիկներ են: Քառասունից ավելի:

Դասախոսուհին նայում է նրանց, շունչ քաշում, ծոցից վախվորած հանում Չարենցի նկարը՝ թերթի էջի վրա, ճմռթված, բացում, շուրջը նայում, ստուգում լսարանի դուռը, հետո ցույց տալիս լսարանին.

― Բարև ձեզ: Պիտի ձեզ մի շատ ուրախալի լուր ասեմ: Կար մի այդպիսի հոյակապ պոետ, շատ տաղանդավոր, Եղիշե Չարենց անունով: Ահա նա: Մինչև հիմա մենք նրա մասին չէինք խոսում, սակայն այժմ արդեն կարելի է խոսել: Շատ խորհուրդ եմ տալիս ծանոթանալ նրա գրածներին: Ավաղ, նրա գրքերից քիչ է մնացել: Սակայն եթե որևէ մեկդ պատահաբար ձեր տանն ունեք, եթե բերեք դասարան՝ մենք որևէ բանաստեղծություն կընտրենք, կգրենք գրատախտակին, միասին կընթերցենք, կքննարկենք, անգիր կսովորենք: Ձեզնից ու՞մ տանը կարող է Չարենցի գիրք մնացած լինել:

Ողջ լսարանը ձեռք է բարձրացնում:

 

2

Ավելի վաղուց՝ երեսնականների վերջ

Յոթ տարեկան աղջնակը (Ինգան) համերգի է: Օպերայի նոր բացված դահլիճում: Այնտեղ մի աղջիկ նվագում է դաշնամուր նվագախմբի հետ, որևէ կլասիկ գործ: Ինգան լավ է տեսնում հեռուն, ու հանկարծ նկատում է, որ աղջիկն ինչ-որ գիրք է կարդում նոտաների փոխարեն. կամերան մոտենում է, ու տեսնում ենք, որ նա կարդում է ռուսերեն «Աննա Կարենինա» ու զուգահեռաբար նվագում: Գրքի թերթերը թերթում է, երբ էջն ավարտում է, ու ոչ ոք չի հասկանում, որ նա նոտաները թերթելու փոխարեն վեպ է կարդում՝ միաժամանակ ճշգրտորեն նվագակցելով: Աղջկա անունն է Էվելինա:

 

3

Էվելինայի ու Վռամի տունն է, կա երեք սենյակ՝ ննջարան, հյուրասենյակ ու նրանց հոր՝ Միքայելի առանձնասենյակը: Երեք սենյակն էլ շատ փոքր են:

Հյուրասենյակից լսվում է դաշնամուրի կլասիկ երաժշտություն:

Էվելինայի ու Վռամի հայրը տուն է եկել հոգնած, խոժոռ. ճաշից հետո իր խոր բազկաթոռում նստած նամակ է գրում: Սեղանը կանաչ մահուդով է պատված: Տեսնում ենք տեքստը. «Желаю вам сообщить, что если вы арестовываете товарища Гаспаряна, то также и должны арестовать меня, так как я, являясь руководителем экономического отдела, не мог не знать... Любой приказ товарищ Гаспаряна визировался также и мной, и если он виновен в нарушениях, то я также виновен, а на самом деле если есть нарушения, то я виновен в первую очередь, а не он...»։

Ետ է ընկնում բազկաթոռում, կնոջը կանչում.

― Սիրանուշ, ջուր կտա՞ս:

Սիրանուշի ձեռքերն ալրոտ են, խոհանոցում բան է թխում: Նայում է իր գեղազան ձեռքերին, կանչում է դեպ սենյակ.

― Էվելինա, հայրիկը ջուր է ուզում:

Դաշնամուրը լռում է: Երևում է Էվելինան, մոտենում պատուհանին, կանչում դեպ բակ.

― Վը՜-ռա՜մ, Վը՜-ռա՜մ:

Տղան խորքից կանչում է.

― Ի՞նչ է:

― Հայրիկը ջուր է ուզում:

Էվելինան կրկին գնում է մյուս սենյակ ու վերսկսում նվագը:

Ծառաշատ բակն ունի երկու ջրավազան, որի մեջ երեխաներ են ճողփում: Վռամը, սակայն, ավելի հեռու է՝ բակի ծայրին, որտեղ սկսվում է եկեղեցու տարածքի բակը. եկեղեցին այժմ կինոթատրոն է, վրան գրված է «Բեզբոժնիկ» (հայերեն տառերով): Վրան աֆիշ է կպցրած, աֆիշին գրված է «Նամուս» և «Չապաև»: Եկեղեցու վերնաերիզում որմնաքանդակ է. իրար հյուսված ձեռքեր:

Եկեղեցու բակում Վռամը քեռի Վանյայի՝ ժողկրթկոմիսարի, նրա տղայի ու այլ երեխաների հետ սարքում է մի իսկական «մեծ» ինքնաթիռ՝ ՈՒ-2 սավառնակ: Քեռի Վանյան նաև օդաչու է, նրա գլխին օդաչուի սաղավարտ է, չկապված ականջակալներով:

Տաս տարեկան Վռամն իջնում է ինքնաթիռի ձախ թևի վրայից, վազելով գալիս է բակի խորքից, մտնում առաջին հարկի իրենց բնակարանը, ջուր լցնում, տալիս հայրիկին, հետո վերադառնում ինքնաթիռի մոտ:

Հայրիկը ջուրը խմում է, նայում ժամացույցին, մի քիչ էլ լուռ նստում, դիմումը ծալում, դնում պորտֆելի մեջ, վեր կենում, պորտֆելի մեջ խնամքով դասավորում փոխնորդ սպիտակեղեն, մի զույգ գուլպա (մինչ այդ դրված էր գրասեղանի անկյունում), ծանր-ծանր դուրս է գալիս տնից, առանց տնեցիներին բան ասելու: Ժամը երեկոյան յոթն է:

 

4

Վռամն անտառներում է, քեռի Ղազարի ու Չիբիս շան (իռլանդական սետտեռ) հետ: Քեռի Ղազարն ունի հրացան:

― Գնանք ջրային կարուսել ցույց տամ, ― ասում է քեռի Ղազարը:

Վռամը պատկերացնում է ջրային կարուսել. ուրախ, երաժշտությամբ... Հիմա կգնան, ինքը կնստի կարուսելի մակույկ, կֆռռա ջրի մեջ, ցայտերն այս ու այն կողմ կցայտեն... Տեսնես որքան երեխա կլինի իրենից բացի... Մի քիչ զարմանալի է, թե որտեղից պիտի անտառի մեջտեղում ջրային կարուսել լինի: Ու ոչ մի երաժշտության ձայն էլ չի լսվում... Բայց Վռամը հավատում է քեռի Ղազարին:

Քեռի Ղազարը նրան բերում է ջրապտույտի մոտ: Մեջը պտտվում են տաշեղներ, ցողուններ, տերևներ...

Վռամը հիասթափված է, բայց ձայն չի հանում:

Ետ գալուց տեսնում են, որ անտառն են կտրում՝ դարավոր կաղնիներ:

Երկու կաղնի վերևում միմյանց միահյուսված են, փայտահատները կտրում են մեկը, ճյուղերն այնպես են միմյանց փաթաթված՝ որ առողջը չի թողնում մյուսին ընկնել: Չարչարվում են, վերջապես գցում: Փայտահատը բարկացած ու գոհ, որ հաղթեց՝ ոտքով խփում է առողջին, ոտքը ցավեցնում, հետո բարձրանում ընկածի վրա, սկսում ճյուղերը կտրել:

― Ինչու՞ են կտրում, ― ասում է Վռամը: ― Չէ՞ որ ծառերը մեղք են, գեղեցիկ են, օդ են տալիս...

― Ճիշտ ես ասում, ― ասում է քեռի Ղազարը:

Նստում են քեռի Ղազարի «էմկան», վարորդը նրանց բերում է քաղաք, կանգնում են անտառտնտեսության կոմիսարիատի մոտ:

Երկնքում սավառնում է սավառնակը, Վռամը ձեռքով է անում, քանի որ համոզված է, որ դա քեռի Վանյան է:

Երևանում հոյակապ աշուն է: Ծառերը գույնզգույն: Մարդիկ, սակայն, քայլում են միմյանց կասկածանքով նայելով, լուռ ու խոժոռ, հայացքները միմյանցից փախցնելով:

Անտառտնտեսության կոմիսարը 27 տարեկան տղա է, բուդյոնովկայով է: Նրա գլխավերևում կախված է Հեյդելբերգի համալսարանի հսկայական դիպլոմը: Վռամը հետազոտում է այդ դիպլոմը, վրայի ոսկեզօծ կնիքը, Կառլ Յասպերսի երկար ստորագրությունը, քանի մեծերը խոսում են: Դիպլոմն ասում է, որ կոմիսարը դարձել է փիլիսոփայական գիտությունների մագիստրոս 19 տարեկանում:

― Տես տղան ինչ է ասում:

Վռամը, գերազանցիկի պես, կրկնում է, ասես սերտած դաս.

― Մի՞ թե կարելի է դարավոր ծառերը կտրել: Չէ՞ որ դրանք կենդանի են, ցավ են զգում, գեղեցիկ են:

― Ճիշտ ես ասում, տղա ջան:

Կոմիսարը հեռախոսը վերցնում է, հրաման է տալիս, որ էլ չկտրեն:

 

5

Քեռի Ղազարը, Վռամի հայրը՝ Միքայելը, ինչպես նաև Չարենցը, Բակունցը, Թոթովենցը և Սառաջևը նստած են մզկիթի բակում՝ «Տուրիստ» կաֆեում, սուրճ են խմում: Միքայել Մազմանյանը թուղթ է հանում գրպանից, փռում սեղանին, մատիտով նկարում Հրատարակչությունների շենքի նախագիծը:

Բոլորը նայում են նկարին:

Վռամն ու Բակունցի որդին՝ Սևադան, խաղում են նրանց կողքին:

Վռամը մոտենում է սեղանին, նայում Մազմանյանի նկարելուն, ինքնաբերաբար ձեռքի ափը դնում է սպիտակ թղթի մի մասի վրա: Մազմանյանը նայում է այդ ափին ու մատիտով այն եզրագծում: Վռամը ժպտում է:

― Դիմումդ հանձնեցի՞ր, ― ասում է հանկարծ Ակսելը Միքայելին (Վռամի հորը):

Մազմանյանը կտրվում է իր նկարից, գլուխը վեր բարձրացնում:

― Այո, ― ասում է Միքայելը:

― Ե՞վ:

― Լռություն:

― Միկոյանն է եկել, ― հանկարծ ասում է Չարենցը:

Թոթովենցը չի խոսում. նայում է անխնամ վիճակում գտնվող մզկիթին:

― Պետք է նրան իմաց տալ, ինչ է կատարվում, ― ասում է քեռի Ղազարը:

― Ո՞վ կարող է իմաց տալ, ― ասում է Թոթովենցը երգեցիկ տոնով:

― Ես: Ես իրեն դեռ Բաքվից եմ ճանաչում: Ինձ չի մերժի, կընդունի: Չի կարող մերժել:

― Մենակ դուք երկուսդ պրծաք էլի, ― ասում է Չարենցն աննկարագրելի երանգով:

― Ինձ շուտ դուրս ուղարկեցին, ― մեղմորեն պատասխանում է Ղազարը. ― ընկեր Լենինի հրամանն էի կատարում:

― Նկարդ տուր տղայիս, ― ասում է Միքայելը:

Մազմանյանը նայում է Վռամին, թուղթը վերցնում, մեկնում նրան:

Վռամը վերցնում է, պտտում, նայում, բայց հայրիկը ձեռքից առնում է.

― Կճմրթես:

Դնում է իր պորտֆելի մեջ:

Սառաջևը սեղանին մատներով անձայն երաժշտություն է թխկթխկացնում, շուրթերը շարժում:

Հեռվում՝ մզկիթի բակի պատի մոտ, խոր, նեղ, խրամաձև փոս է փորված. շուկայի հրապարակի տեղում սարքում են արդեն հետագայի Ստալինի պողոտան: Փոսից հանած մի քանի կուժ ու մի երկու գանգ են դրված հողին, փոսի մոտ: Վռամն ու Սևադան նայում են, ինչպես ցնցոտիավոր անտուն երեխաները վազքով մոտենում են, գանգերից մեկով սկսում ֆուտբոլ խաղալ:

Նրանց է նայում նաև քիչ հեռու նստած մուրացիկ կինը: Ավետիսի ու Սարգսի մայրն է: Կողքով անցնում է Աշխենը՝ Ինգայի մայրը, պայուսակը բացում, միջից հանում մեկ կոպեկանոց, դնում մուրացկանուհու առջև դրված գլխարկի մեջ: Տեսնելով երեխաներն ինչ են անում (որ գանգով ֆուտբոլ են խաղում)՝ աչքերը շուռ է տալիս, բայց հետո չի դիմանում, կամացուկ ասում է. վերջացրե՛ք:

Տղաներն ակնթարթորեն ցրվում են, ասես քամին տաներ, գանգը մնում է ապագա Ստալինի պողոտայի մեջտեղն ընկած:

Սրճարանում նստածներից միայն Չարենցն է դա նկատում, որովհետև գոհունակությամբ նայում էր Աշխենի սլացիկ ֆիգուրին, որը կորչում է Ամիրյանի անկյունում:

Ձի հեծած, տկտկացնելով Էջմիածնի կողմից գալիս է Գարեգինը՝ Աշխենի ամուսինը, Ինգայի հայրը. ձին խնամքով շրջանցում է գանգը, գնում դեպ Ամիրյան փողոց:

Այստեղ, երկհարկանի շենքի մոտ, որ նույն թաղում է՝ «Անաստված» եկեղեցուց ոչ հեռու, Գարեգինն իջնում է ձիուց, հոգնած ձգվում, դժվարությամբ կապում ձիուն տան մոտ եղած սյունից, մտնում տուն:

Հենց որ նա մտնում է ու դուռը փակում՝ լսվում է պայթյունի ձայն: Ձին ծառս է լինում, խրխնջում: Քամի է անցնում, փոշի բարձրացնում:

Գարեգինը նույնիսկ դուրս չի գալիս, որ իմանա ինչ է եղել:

Կաֆե «Տուրիստում» բոլորը գլուխ են բարձրացնում: Սառաջևը դադարում է մատները սեղանին թխկթխկացնել: Վռամն ու Սևադան դուրս են վազում մզկիթի բակից, վազելով գնում դեպ Ամիրյան փողոց: Այնտեղ եկեղեցին են պայթեցնում, վրան գրած է «Բեզբոժնիկ»: Վերջին տարիներին այն որպես կինոթատրոն էր օգտագործվում: Պայթեցումը ղեկավարում է Վռամի հարևանը՝ քեռի Վանյան, ժողկրթկոմիսարը: Նրան օգնում է Սարգիսը: Միկոյանը հեռվում կանգնած՝ անձամբ է հետևում եկեղեցու պայթեցման աշխատանքներին:

Պայթյունից հետո զինվորական քայլքով մոտենում է «էմկային», նստում մեքենան: Մեքենան հեռանում է:

Որմնաքանդակի մի բեկոր ընկնում է Սևադայի ոտքերի մոտ: Վռամը վերցնում է այն. վրան ձեռք է, մատները կոտրված: Վռամն այդ կտորը դնում է գրպանը:

Եկեղեցու բակում ինքնաթիռն է, որ սարքում էին երեխաները քեռի Վանյայի հետ: Պայթյունից այն ցնցվում է, աջ ակն ու ձախ թևը կոտրվում են: Վռամն ու Սևադան տխուր նայում են:

― Ոչինչ, կնորոգենք ու կթռնի, ― ասում է քեռի Վանյան:

 

6

Քեռի Ղազարը գնում է կառավարական շենքի մուտքի մոտ, պահնորդին ասում. «Ուզում եմ ընկեր Միկոյանին տեսնել»: Երկտող է գրում, ուղարկում: Նստում է սպասելու:

Ֆլեշբաք
(արված է նույն ոճով, ինչ որ ֆիլմը ֆիլմի մեջ. տե՛ս հետո)

Բաքու, բոլշևիկյան կոմիսարիատ, 1918թ.

― Դուք ունեք մի կարևորագույն պարտիական հանձնարարություն, ― ասում է Շահումյանը:

― Լսում եմ, ― ասում է քեռի Ղազարը:

― Մեր ընկերոջը պետք է շտապ շրջափակումից դուրս բերել, նա կարևոր գաղտնի հաղորդագրություն ունի ընկեր Լենինին հասցնելու:

― Լսում եմ, ― ասում է քեռի Ղազարը:

― Կարո՞ղ եք:

― Ճիշտ այդպես, ― ասում է քեռի Ղազարը:

Քեռի Ղազարը երկու տակառ բեռնած սայլով, որ մի եզ է քարշ տալիս, գնում է Բաքվի խուլ փողոցներից մեկով: Ինքը հագնված է թաթար գյուղացու զգեստ: Սայլը մտնում է մի բակ: Երեկո է: Քեռի Ղազարը տակառներից մեկի կափարիչը բացում է, միջից պարկով խնձոր հանում:

Հետո շրջվում դեպ բակի խորքի փոքրիկ տունը և կանչում.

― Ընկե՛ր:

Տնից դուրս է գալիս Միկոյանը: Նա նույն տարիքի ու տեսքի է, ինչ երեսնականներին: Փոքրիկ, համազգեստով ու սապոգներով: Զինվորական քայլվածքով մոտենում է:

― Մտե՛ք այստեղ, խնդրեմ:

Միկոյանը բեղերը սղալում է, մագցլում սայլի վրա, նայում տակառի մեջ, հոգոց հանում, մտնում մեջը, կծկվում:

Քեռի Ղազարը սայլի հատակից վերցնում է մի կափարիչ (մեջը ծակեր կան), դնում Միկոյանի վրա, վրան դատարկում պարկի խնձորները, տակառը փակում գլխավոր կափարիչով: Տկտկացնում է պատը: Տակառի պատի մեջ էլ մի քանի քիչ նշմարելի ծակ կա:

― Նորմա՞լ է:

Պատասխան տկտկոց է գալիս:

Բաքվից դուրս տանող ճանապարհն է: Քեռի Ղազարը սայլն է քշում ու շվշվացնում: Դիմացը դուրս են գալիս երկու զինված թաթար զինվոր:

― Դեյենդը՛րդըր: Նե՛ գյոթերսեն:

Քեռի Ղազարն աշխուժորեն սկսում է զրուցել նրանց հետ, բացում հենց այն տակառը, որի մեջ Միկոյանն է, խնձոր հանում դրանից, հյուրասիրում զինվորներին, մի երկու քֆուր տալիս գյավուր հայ բոլշևիկներին:

Ասքյարները պտտվում են սայլի շուրջ, ծղոտի մեջ խրում իրենց խանչալները, մեկը նույնիսկ մյուս տակառն է բացել տալիս, խնձորի մեջ խրում խանչալը, պտտեցնում: Խանչալի ծայրին կարմիր խնձոր է հանում, գոհ տանում բերանը, խռթոցով կրծում:

Ճամփի կողքի կրպակից, որ նրանց պահակակետն է, կանչում է սպիտականգլիացի օկուպանտը.

― Ֆի՛նիշ դեթ: Ուի ար նոթ հիըր թու սպենդ թայմ օն իննոսենթ փեյզընտս: Ուի նիիդ թու լուուք ֆոր դը րի՛ըլ էնեմի՝ մուսաֆաթս:

Ասկյարները չեն հասկանում, բայց մի կողմ են քաշվում.

― Գե՛չ, գե՛չ:

Քեռի Ղազարն ուրախացած ու շտապով քշում է առաջ, հո՜, հո՜ ասելով, հետո հասկանում, որ այդպես հայերն են եզներին քշում: Բայց արդեն ուշ է:

Ասկյարները նայում են ետևից, չհասկանալով: Քեռի Ղազարը ետ չի նայում, բայց զգում է նրանց հայացքները:

Ասկյարներից մեկն ուզում է նրան կանգնեցնել, բայց այդ պահին անգլիացի օկուպանտը նորից է ձայն տալիս, ասկյարը թքում ու գնում է դեպ կրպակը:

Քեռի Ղազարը հոգոց է հանում, տկտկացնում տակառի կոնքը:

Մի գեղատեսիլ գետի ափին նա տակառը շուռ է տալիս: Տակառը գլորվում է սայլից ներքև: Միջից խնձորները թափվում են, տնքալով դուրս է սողոսկում Միկոյանը: Բեղիկներն ուղղում է, համազգեստը թափ տալիս, ամուր սեղմում քեռի Ղազարի ձեռքը.

― Ես երբեք դա չեմ մոռանա, ընկեր: Կյանքս փրկեցիր:

― Իսկ ի՞նչ է եղել, ― ասում է քեռի Ղազարը:

― Չեմ կարող ասել, հույժ գաղտնիք է: Սակայն քեզ կասեմ. Բաքվի վրա հարձակում է նախապատրաստվում, մերոնց բոլորին սպանելու են:

― Իսկ ինչու՞ նրանք չեն փախչում:

― Բոլշևիկները չեն փախչում, ― ասում է Միկոյանը: ― Ինչ է, Այա՞քսը պիտի փախչի: Не дождутся!

Իսկ ինչու՞ դու փախար, մտովի հարցնում է քեռի Ղազարը:

Որովհետև նրանք մարտիրոս են, իսկ ես՝ պողոս-պետրոս, պողոսից պետրոս, ծիծաղելով, նույնպես մտովի պատասխանում է Միկոյանը, շուռ գալիս ու կորչում թփերի մեջ:

Հաջորդ կադրում լաստանավն է, վրան՝ Շահումյանն ու մնացած 25 կոմիսարները, թոկերով կապկպված, տախտակամածին ընկած:

― Մի՞թե Միկոն մեզ չի ազատագրի, ― կամացուկ ասում է Ֆիոլետովը Ջափարիձեին:

― Եթե Կրասնովոդսկում կարողացել է ստեղծել բջիջ՝ ուրեմն կստացվի, ― խոհեմաբար ասում է Շահումյանը:

Ազիզբեկովն անհույս ուսերն է թոթվում:

― Միայն Լենինը գիտի...

― Լռե՛լ, ― գոռում է նավաստու համազգեստով թուրքմենը՝ նրան բոթելով հրացանի ծայրի սվինով: ― Ազգի դավաճա՛ն:

Ազիզբեկովը շանթահարված լռում է, և բոլորն էլ:

Լաստանավը ճոճվում է Կասպից ծովի հանդարտ մակերևույթին:

Ֆլեշբաքի վերջ

Պահնորդը վերադառնում է, ձեռքին երկտող. «Очень занят, к сож. не могу встретиться, приветствую, с большевистким приветом, Микоян»։

 

7

Վռամը եկել է քեռի Ղազարի տուն, Չիբիսին տանելու: Քեռի Ղազարի կինը՝ Նադյան, բոյո՜վ, ռուս, ինչ-որ իրեր է շտապ վերցնում: Ամուսնուն տարել են: Ինչ-որ մարդիկ կան, ասում են «շուտ արա տունն ազատիր», շտապեցնում են: Մեկը ոտքը դոփում է. чего вы копаетесь, докопались уже до вашей антисоветской сущности: Հեռվում երևում է մի սայլ, վրան կին, երկու երեխա, ճամպրուկներ: Սայլը տնից քիչ հեռու է կանգնում, կինն ու երկու փոքրիկը լուռ նայում են, սպասում, չեն իջնում: Կնոջ բերանը բաց է, հետո նա շուրթերն է լպստում:

Նադյան սապոգներով է, տղամարդու, կիսազինվորական խակի հագուստով: Չիբիսին ասում է. «գնա նրա մոտ», մատնացույց անում Վռամին: Հետո մոտենում է Վռամին ու հապշտապ ինչ-որ իրեր տալիս:

Վռամը փախնում է այդ տեսարանից, Չիբիսի հետ գնում է այն նույն ճամփեքով, որով գնում էին քեռի Ղազարի հետ. ջրային կարուսելը տեղում է, վարարած, կատաղի պտտվում է, ասես դերվիշների պար պարի: Ջուրը պղտոր է, կարմիրին է տալիս: Վռամը քայլում է առաջ, տեսնում է, որ կրկին կտրում են ծառերը: Ձեռքին Նադյայի տված փաթեթն է:

Երևանում Վռամը վարանելով գնում է դեպ այն 27-ամյա կոմիսարի կոմիսարիատ. տեսնում է որ վոռոնոկ է կանգնած, կոմիսարին դուրս են բերում, ձեռքերը ոլորած, տանում: Տանողներից մեկը 18 տարեկան Ավետիսն է, աչքերով Վռամին ասում է «հեռու կաց»: Մյուսը՝ 24-ամյա Սարգիսը, Ավետիսի եղբայրը, հետևում է Ավետիսի հայացքի ուղղությանը, տեսնում Վռամին: 27-ամյա կոմիսարը հանկարծ շարժում է անում, Ավետիսի ուսից հանկարծ սահում է հրացանը ներքև: Սարգիսը կոմիսարին թափ է տալիս, Ավետիսի ուսին հրացանն ուղղում, նախատինքով նայում եղբորը: Վռամը հանկարծ նկատում է, որ նրա ձեռքը եղունգներ չունի: Երբ Սարգիսը կրկին նայում է Վռամի կողմը՝ Վռամն այլևս չի երևում, տեսադաշտից անհետացել է:

Տանը Վռամը բացում է փաթեթը. մեջը «կոլիբրի» մակնիշի գրամեքենա է ու «ցեյս» լուսանկարչական ապարատ (ճիշտ ինչպես «կիևն» էր): Հայրը վերցնում է դրանք, տանում իր սենյակ:

 

8

Վռամն առավոտյան տեսնում է, որ հայրը կարդում է թերթը. բռնել են Սահակ Տեր-Գաբրիելյանին:

Գնում է դպրոց, ուշացած է հասնում:

Ուսուցչուհին հարձակվում է.

― Այդպես է, ժողովրդի թշնամու տղաները բարեհաճում են ուշանալ:

Վռամը շուռ է գալիս, դուրս վազում, գնում հայրիկի աշխատավայր (Երևանի կենտրոնական բանկը):

Հայրիկն աշխատանքի է, չեն տարել: Ուսուցչուհին խառնել է Սահակի հետ:

Հայրիկը նրա ձեռքը բռնած գնում է ժողկրթության կոմիսարիատ: Կոմիսարն իրենց հարևան քեռի Վանյան է, օդաչուի սաղավարտով նստած է իր բազկաթոռին: Ետևում՝ պատին, նրա մեծ գերմանական դիպլոմն է փակցված: Քեռի Վանյան լսում է Վռամի պատմածը, հեռախոսը վերցնում, զանգահարում է:

Վռամը վերադառնում է դպրոց: Այդ ուսուցչուհին, փասափուսան հավաքած, գալիս է նրան ընդառաջ: Ուսուցչուհուն գործից հեռացրել են: Նա ատելությամբ լի հայացքով նայում է Վռամին, անցնում, գնում:

Վռամը բացում է դպրոցի դուռը, ներս մտնում, դուռը ծածկում:

Դպրոցից երբ Վռամը դուրս է գալիս՝ սավառնակն օդում մահվան օղակներ է կատարում:

 

9

Վռամենց տան դիմացի բակն է՝ ավազաններով: Բակում վոռոնոկ է կանգնած: Վերևի հարկից իջեցնում են ժողկրթության կոմիսարին՝ քեռի Վանյային, ձեռքերը ոլորած: Ետևից հարևանուհին է գնում ու գոռում. ուռա՜, տարա՜ն, տարա՜ն: Շուրթերն է լպստում: Ու սկսում է ուրախությունից պարել փողոցում:

Տանողները Սարգիսն ու Ավետիսն են: Երբ տանում են՝ Ավետիսը զարմանքով է նայում պարող կնոջը, տեսնում է հեռվում կանգնած Վռամին, հայացքը թեքում:

Վռամը նայում է վեր. սավառնակ չկա, բայց օղակի հետքը դեռ կա. դանդաղորեն տարրալուծվում է կապույտ երկնքում:

Քեռի Վանյայի որդին բակում է, երեխաներով շրջապատված: Վռամը մոտենում է, փորձում հետը խաղալ, խոսեցնել: Նա ձայն չի հանում: Մայրը գալիս, նրա ձեռքից բռնում, տանում է տուն: Նա անկամ քայլում է, մայրը ձեռքից քարշ է տալիս:

Առավոտյան Վռամը կրկին գալիս է դպրոց ուշացած. դասարանի դուռը բացում, ներս է մտնում: Նույն ուսուցչուհին է էլի դասարանում. նրան վերականգնել են. երբ տեսնում է ներս մտնող Վռամին՝ նրա շուրթերին չարախինդ ժպիտ է ծաղկում:

Երբ Վռամը նրան տեսնում է՝ շուռ է գալիս ու դուրս փախչում դպրոցից: Վազում, պայուսակը ձեռքին, անհայտ ուղղությամբ: Շուտով իրեն է միանում Չիբիսը:

 

10

Պերճին մայրիկը բերետ է հագցրել. իրենք համեմատաբար վերջերս Ֆրանսիայից հայրենադարձ ընտանիք են, Պերճի հայրը համալսարանի ռեկտորն էր մինչև բռնվելը: Երբ Պերճը դպրոց է գնում՝ կողքի դպրոցի տղաները սուլում են:

― Գավռո՛շ, Գավռո՛շ, ― գոռում:

Պերճը չի ցանկանում մոր տված բերետը չդնել նույնիսկ դասերից հետո, թեև գիտի, ինչ է լինելու: Դուրս է գալիս դպրոցի բակից (սա այլ դպրոց է, Վռամինը չէ)՝ տղաները ետևից հասնում են, ծաղրում: Պերճը հակաճառում է, կռվի է բռնվում: Նա փոքր է, հարձակվողները՝ մեծ ու շատ: Սկսում են իրեն անողոք ծեծել:

Վռամը՝ Չիբիսի հետ վազելիս, հասնում է ծեծկռտուքի վայր: Չիբիսն ուզում է հարձակվել ծեծողների վրա: Վռամը նրան վզից բռնում-զսպում է, Чибис, сидеть!, сидеть!, ինքը հասնում է, սկսում Պերճին պաշտպանել: Տղաները դժկամությամբ տեղի են տալիս: Վռամն ու Պերճը, կեղտոտված, հեռանում են: Պերճի բերետը մազալու քրքրվել է, բայց նա գլխից այն չի հանում: Ճանապարհին իրար անուն են հարցնում, ծանոթանում:

Անցնելիս հեռվից տեսնում են Նադյային, ինչ-որ փաթաթաններ ոտքերին, մաշված զինվորական շինելով, երկու դույլ ջուր է քարշ տալիս: Հանկարծ Վռամը տեսնում է, որ իր հայրը մոտենում է Նադյային, տալիս փաթեթը՝ գրամեքենայով ու լուսանկարչական ապարատով: Խոսում են: Նադյան հրաժարվում է վերցնել: Չիբիսը Վռամի ոտքերի մոտ ուրախ-ուրախ բայց զուսպ պոչն է թափ տալիս:

Պերճը գալիս է տուն: Իր տունը համալսարանի շենքի դիմաց է: Մայրը, սև հագած, ինչ-որ բան է անում: Սենյակում դրված է կտավ՝ շորով ծածկված: Պերճը քաշում է շորը կտավի վրայից. կտավին իր հոր կիսատ դիմանկարն է. օրիգինալը Սարյանն էր արել, այն այլևս չկա, այժմ Պերճն այն հիշողությամբ փորձում է ընդօրինակել: Իր հորն արդեն տարել են: Նա համալսարանի ռեկտորն էր: Նրա առանձնասենյակը իրենց բնակարանի դիմացն էր: Պերճը հայացք է գցում պատշգամբից. առանձնասենյակը տակնուվրա արված վիճակում է:

 

11

Ավետիսը քնած է իրենց ընտանիքի հյուղակում, համազգեստով: Հողակերտ հոլիկ է՝ փոքրիկ, կիսաքանդ: Մայրն ու Սարգիսը նրան են նայում: Արթնանում է, ժամը գիշերվա 12 անց կես է: Վեր է կենում, ժպտում մորը, եղբորն ասում «գնացինք»: Դուրս են գալիս: Պարզվում է, իրենք ապրում են Թոխմախի եզրին: Հյուղակի դռնից եկող թույլ լույսի տակ շիրիմները հաջորդում են միմյանց, կորչում կանաչ մթության մեջ:

Վոռոնոկը բակում սպասում է: Տղաները նստում են մեքենայի թափքը: Մայրը ետևից խաչակնքում է: Տանջահար տեսք ունի:

 

12

Ասենք, 1942

Միքայելը (Վռամի հայրը), իր բազկաթոռին նստած, նայում է մի կետի: Թերթերի կույտը սեղանի մի անկյունում է: Միքայելը բացում է սեղանի դարակը: Ներսում կա «կանացի բրաունինգ», Միքայելի անձնական կնիքը և տակը՝ Հայդելբերգի համալսարանի հսկա դիպլոմը: Վերցնում է բրաունինգը, ստուգում, նայում փողի մեջ: Ետ է դնում: Վերցնում է կնիքը, նայում, փչում մակերևույթին, մատով մաքրում, ետ դնում: Հանում է դիպլոմը, մտածում ուր դնի, դնում է դարակի տակ՝ գաղտնամասում, հետո հանում, դնում թերթերի կույտի մեջ՝ սեղանին:

Հանում է պենսնեն, ծալում, դնում բաճկոնի գրպանը: Վեր է կենում, ճամպրուկն է բացում, հավաքում: Լուսանկարչական սարքը վերցնում է, դնում տոպրակի մեջ, դուրս է գալիս տնից: Ճամպրուկն ու տոպրակը ձեռքին գնում է հիվանդանոց:

Հիվանդանոցում պառկած է Վռամը: Շինելը կողքին կախած է, կուրսանտ է: Գունատ է: Միքայելը նրան է տալիս լուսանկարչական սարքը: Նաև ուտելիք է բերել բանկայի մեջ:

― Խավիծ է: Մայրդ ուղարկեց: Կուտես:

Վռամը գրեթե ուժ չունի շարժվելու: Նայում է լուրջ: Միքայելը հրաժեշտ է տալիս, գնում: Վռամը նայում է նրա ետևից:

Միքայելը գնում է կայարան: Այստեղ զինվորական կիսատ համազգեստով կամ առանց համազգեստ տղաներ գնացք են նստում: Նրանց հրաժեշտ են տալիս ծնողները: Միքայելը սպասում է այլ գնացքի: Սրանից պատգարակներով վիրավորներ են իջեցնում: Ոմանց դեմքերը սավանով ծածկած է: Միքայելը նստում է այս գնացքը: Վրան գրած է «Ռոստով». հետո Միքայելը նստած է մյուս գնացքը, վրան գրած է «Նովոսիբիրսկ»:

Ձների մեջ, հյուսիսային քաղաքում, Միքայելը կաղալով նամակ է տանում մի համեմատաբար լավ փայտյա շինություն: Քաղաքը Նորիլսկն է՝ կիսակառույց: Նամակը պահակին հանձնելիս, տեսնում է սպիտակ խալաթով մի մարդու, գոռում է. Միքայե՛լ: Մազմանյանն է: Գրկախառնվում են, Մազմանյանը նրան բուք ու բորանով տանում է իր խուց, որը կողքի շինությունում է: Կերակրում է: Միքայելը ոտքի փաթաթանները բացում է: Ոտքերը ցրտահարված են, ուռած: Ձեռքերը՝ էլի նույնն են, չեն փոխվել, փոքրիկ, նուրբ: Մազմանյանը մտածում է, ինչպես նրան օգնի: Մազմանյանն աքսորյալ է, սակայն նրան հանձնարարել են Նորիլսկը գծագրել ու կառուցել, և նա, չնայած անազատ վիճակին, շատ մարդկանց է ղեկավարում: Բայց շուրջը միշտ կան պահնորդներ:

― Բայց ինչու՞ ես եկել այստեղ:

― Բոլորդ այստեղ եք կամ Թոխմախ կամ նույնիսկ ոչ էլ Թոխմախ: Բա ես ու՞ր լինեմ:

Մազմանյանը լեզուն է ծպծպացնում հանդիմանանքով: Նա տեսնում է, որ Միքայելը չի դիմանալու:

 

13

Վռամը հիվանդանոցից նոր է դուրս գրվել, բանակից ազատվել է հիվանդության պատճառով: Գալիս է տուն, տոպրակն ու լուսանկարչական սարքը ձեռքին: Ճանապարհին տեսնում է հետևյալ պատկերը. աղջիկների դպրոցից դուրս են թափում պարմանուհիները, ձնագնդի պաշարներ սկսում ստեղծել Կոմայգում: Ձնագնդերի մեջ քար են դնում: Տապ են կենում նստարանների ետևը: Շուտով տղաների դպրոցից դուրս են գալիս այն նույն տղաները, որ Պերճին էին ծեծում: Աղջիկները հարձակվում են նրանց վրա ու սկսում դաժանորեն ձնագնդերով ծեծել: Տղաները փախչում են: Վռամը լուսանկարում է մի շարք կադրեր:

Տանը, մութ խոհանոցում, կարմիր լույսի տակ, դրանք երևակում է: Մեկի վրա Ինգան է՝ ծիծաղը դեմքին, ձեռքը ետ տարած, ձնագնդով հարվածում է տղային, որը կուզ է արել ու փորձում է խուսափել, գլուխը ձեռքով պաշտպանելով:

 

14

Ինգայենց բնակարանն է: Ինգայի ձայնն արտասանում է «Սասունցի Դավիթը»:

Դուռը զանգում են (կլոր զանգ՝ մեխանիկական): Ինգայի մայրը՝ Աշխենը, բացում է:

― Բարև ձեզ: Գարեգինը տա՞նն է:

― Բարև ձեզ: Դեռ չի եկել: Անցեք խնդրեմ, նստեք, շուտով կգա:

― Չէ, ես դրսում կսպասեմ:

― Չէ, ինչ եք ասում, անցեք, նստեք:

Այցելուն վարանելով ներս է մտնում, մաշված վերարկուն հագին գնում դեպի սենյակ, հետո նայում է ոտքերին, վերադառնում, կոշիկները հանում:

― Մեզ մոտ չեն հանում, ― ասում է Աշխենը: ― Այդպես անցեք:

Կարմիր ներկած հատակին ցեխի հետքեր են:

― Էսպես եմ սովոր, կարելի չի, ― ասում է այցելուն, կոշիկները հանում, վերարկուով գնում է սենյակ:

Սենյակի մի անկյունում Ինգան փոքր քրոջ համար՝ Իդայի, անգիր կարդում է «Սասնա ծռերը»: Շքեղ գիրքը՝ Կոջոյանի նկարներով, նոր լույս տեսած, դրված է սեղանին, փակ, Ինգան մեջը չի նայում, անգիր ասում է, կողքին նստած Իդան՝ գրեթե անձայն շուրթերը շարժելով՝ կրկնում է:

― Բարև ձեզ, ― ասում են աղջիկները:

Այցելուն բարևում է:

― Նստեք, ― ասում է Աշխենը:

Այցելուն անվարժ նստում է թեթև բազկաթոռին: Գրկին ոչ մեծ փաթեթ է:

Աշխենը նայում է դեպ խոհանոց, հետո այցելուին.

― Ջուր կուզե՞ք:

― Չէ, շնորհակալ եմ:

Աշխենը գնում է խոհանոց: Դռան զանգ:

Ինգայի հայրն է՝ Գարեգինը: Հոգնած: Միջանցքում «հյուր ունես», ասում է Աշխենը:

Գարեգինը թամբը դնում է միջանցքում, մտնում ներս, խոժոռ նայում այցելուին, մի պահ վարանում, հետո ձեռքն առաջ է պարզում:

Բարևում են:

― Հիմա կճաշենք:

― Սոված չեմ:

― Առանց խոսքի: Էսօր ե՞ս եկել:

― Հա:

― Ճամփեն ո՞նց էր:

― Դե գիշերով դուրս եկա...

― Տեղ ունե՞ս գիշերելու:

― Կալխոզնիկի տանը:

Նստում են սեղանի մոտ: Հյուրը վերարկուն չի հանում: Գարեգինը չի ասում «հանիր»:

Աշխենը ճաշ է բերում. ջրիկ ապուր: Աղջիկները գնում են խոհանոց: Աշխենը մտածում է, հետո պահարանից հանում ամերիկյան պահածոն, տանում խոհանոց, պահածոյի դանակով բացում, դատարկում ափսեի մեջ, բերում դնում սեղանին:

Լուռ ուտում են, չմփչմփացնում մի քիչ: Մի քանի կտոր սև հացին և պահածոյին ձեռք չեն տալիս, թեև Աշխենը դրել է հատուկ ափսեներ ու պատառաքաղներ պահածոյի համար: Այցելուն փաթեթը դրել է սեղանին, ափսեի կողքին:

Աշխենն ափսեները, հացն ու ձեռք չտված պահածոն հավաքում է, թեյ բերում, որն առանց գույն է, ուղղակի եռման ջուր թեյնիկի մեջ: Լցնում է բաժակակալով բաժակների մեջ: Բարակ ապակուց նրբին բաժակներ են: Կողքը դնում է դեղին գույնի շաքարով շաքարամանը. գարու «շաքարավազ» է:

Գարեգինը լցնում է երեք գդալ, շաքարամանը տալիս հյուրին, գդալով խառնում, ֆռթացնելով ումպ անում:

― Վաղը թղթերը կվերջնականացնենք, ― ասում է Գարեգինն ատամների արանքից, կարծես ինքն իրեն, չի նայում հյուրին:

― Քսան կիլո էր տարբերությունը, ― ասում է հյուրը: ― Ինքն էլ այրի, մարդուն ղաչաղները թխկցրին էն տարի: Ինչ կարա անում ա, էրկու էրեխա գրկին: Ես էլ իրեք էրեխու տեր: Ամառը գա՝ տեղը կդնենք:

Գարեգինը լուռ է:

Ինգան խոհանոցում լսում է հյուրի ասածը:

Ֆլեշբաք

Ասենք, 1934

Դաշտ: Ճանապարհ: Երկու ձիավորի մեջտեղում մի մարդ է ծնկաչոք, բուդյոնովկայով: Քսանյոթ տարեկան: Նրա ձին քիչ հեռու է: Ձիավորներից մեկն իջնում է, հրացանի փողը հենում նրա մարմնին ու կրակում:

Ձին խրխնջում է:

Հետո գյուղն է, հյուղակի դիմաց կին է կանգնած, սպասում է, նայում հեռուն, խոժոռ: Կրակոցը չի լսվում, բայց լսվում է խրխինջը. կինը ցնցվում է: Բայց կինը հյուրի ասած կինը չէ, Ինգայի մորաքույրն է՝ Անուշը, կողքի երեխան էլ՝ Իդան:

Հեռվում, նրա աչքից հեռու, սայլ է, վրան մի կին է նստած երկու մանկիկի հետ: Կնոջ բերանը բաց է, հետո նա շուրթերն է լպստում սպասողական:

Վերջ ֆլեշբաքի

― Էս էլ մեր այգուց, ― ասում է հյուրն ու դանդաղ սկսում փաթեթը բացել: ― Լավ կտաքացնի, էրեխեն թե մրսի՝ մի կաթիլ եռման ջրի մեջ:

Փաթեթից հեղուկով լի, զմռսած, սև շիշ է հանում:

Գարեգինը հանկարծ անսպասելիորեն վեր է թռնում: Բաժակն ընկնում է հատակին, կոտրվում, ջուրը թափվում:

― Դու դրա համար ե՞ս էկել, ― գոռում է: ― Էդ փասափուսեդ հավքի ու դու՛ս:

Աշխենը ձեռքը բերանին է տանում, քայլ անում դեպ ամուսինը: Ոտքի տակ բաժակի կտորտանքն է կոխկռճվում: Խոհանոցում ձայները լռում են:

Այցելուն վեր է կենում, շիշը սեղանին թողած:

― Չէ՛, էդ բերածդ վերցրու՛ ու դու՛ս արի իմ տնից, ― գոռում է իրեն կորցրած Գարեգինը:

Կինը նրան գրկում է ետևից, փորձում զսպել: Նա կանգնած նայում է այցելուին, որը շտապ վերցնում է շիշը, փաթեթը ձեռքում ճմռած՝ քայլում դեպ դուռը:

Գարեգինը գնում է ետևից, բրդբրդում նրան, դուռը բացում, ձեռքերով հրելով դուրս անում, դուռը վրան փակում:

― Հանգստացիր, հանգստացիր, ― ասում է Աշխենը, նրա ուսը շոյելով:

Գարեգինը նստում է բազկաթոռին, գլուխը ետ գցում, աչքերը փակում, ոտքերը երկարացնում:

― Ու՜ֆֆ...

Հետո նա քնած է, կինը նրան ծածկում է ծածկոցով, գնում խոհանոց:

Այնտեղ ծալովի մահճակալ կա, որին նստած է իր քույրը՝ Անուշը. նրա ամուսնուն սպանել են ղաչաղները, և նա իր դստեր՝ Իդայի հետ ապրում է Ինգայենց տանը: Անուշը ոսկեերիզ, կարմիր կազմով Աստվածաշունչ է կարդում, ծնկներին դրած: Ինգան ու Իդան նստած են իրար կողք, անկյունում։ Ինգան էլի շշուկով արտասանում է, այս անգամ Պուշկինի «Եվգենի Օնեգինից» մի հատված Տատյանայի մասին, ռուսերեն: Մայրը երբ ներս է գալիս՝ աղջիկները լռում են, նայում իրեն:

Մայրը ցածրիկ միացնում է ռադիոն, որն ասում է.

― Երեխաների լավագույն բարեկամ, հանճարեղ լեզվաբան, կոմունիստական կուսակցության աննկուն առաջնորդ, գյուղատնտեսության աննախադեպ զարկի հեղինակ, գերագույն գլխավոր հրամանատար, գեներալիսսիմուս ընկեր Ստալինը ջախջախիչ հարված հասցրեց մեր երկրի թշնամիների...

― Տեսնես էս խեղճ մարդը տեղյակ ա, թե իրա մասին ինչեր են ասում: Որ իմանար գետինը կմտներ: Ինչ ձևի մարդիկ են, մտքներովը չի անցնում, կարող ա հանկարծ լսի, ― ասում է Աշխենը ցածրաձայն:

Ռադիոն շանթահարված լռում է, խոսքը կիսատ: Ռադիոյից ֆշշոց է գալիս:

Անուշը գլուխը բարձրացնում է Աստվածաշնչից, այն մի կողմ դնում, աղջիկներին ասում.

― Անգլերենը սովորեցի՞ք:

 

15

... Երբ Վռամը լուսանկարներն էր երևակում, դուռը ծեծում են: Վռամը գնում է ու բացում դուռը: Սարգիսն ու Ավետիսն են, եկել են իրերը հանելու: Քանի որ հայրը փախած է, ինքնաաքսոր է իրագործել՝ նրան չեն բռնում, և ընտանիքին տնից չեն քշում, սակայն իրերը որոշել են բռնագրավել: Եվ ահա հանում են. Միքայելի բազկաթոռը, սեղանը... Վռամը գաղտագողի Էվելինային է տալիս փաթեթի մեջ կնիքը, լուսանկարչական սարքն ու «կոլիբրին», Էվելինան երկրորդ ելքից տանում է դուրս, տալիս Վանյայի որդուն, ետ գալիս: Մնացած ամեն ինչ տանում են, ներառյալ՝ երևակման պարագաները, լցնում բեռնատարը: Գրքերը չեն տանում, դուրս են շպրտում բակ:

― Սրանք եթե տանենք, ձեր հետևից կգան, ով գիտի ինչ գիրք կա մեջները, ― ասում է Ավետիսը, մի քանի գիրքը թերթելով ու հետո դուրս շպրտելով:

Սիրանուշը կանգնում է ննջարանի մոտ, ձեռքերը ծալում, քիթը վեր քաշում, թույլ չի տալիս մտնել, ասում է որ սա իր սեփական իրերն են, ոչ թե Միքայելի: Ավետիսն ուզում է մտնել: Վռամը գաղտագողի նրա ձեռքն է մտցնում «կանացի բրաունինգը», «հոյակապ բան է», ասում է: Ավետիսը հպանցիկ հայացք է գցում իրին, դնում գրպանը, ասում «լավ», հետո երբ Սարգիսն ուզում է մտնել՝ ասում է «էլ բան չկա, բոլոր կարևոր բաները հավաքել ենք»:

Սարգիսը նայում է նրան, շուռ գալիս, գնում խոհանոցը ստուգելու, թեյնիկն ու Միքայելի բաժակը՝ հատուկ բաժակակալի մեջ, վերցնում դուրս է գալիս: Խոհանոցում ընկած են նոր արված լուսանկարները, նա տրորում է անցնելիս: Վռամը կռանում է, հավաքում:

Վերջում հանում են դաշնամուրը: Այն դուրս չի գալիս: Փորձում են ոտքերն առանձնացնել՝ չի ստացվում: Դուռը ջարդում են, որ հանեն: Երբ դուռը ջարդում են՝ առաստաղը պահող սյունափայտերից մեկն է կոտրվում, առաստաղը սկսում է թափվել Վռամի ու նրա մոր գլխին:

Վերևից իջնում է քեռի Վանյայի որդին, լուռ նայում է: Նրանց հատակն էլ է կոտրված:

Դաշնամուրը բարձում են բեռնատար: Սարգիսը մոտենում է գրքերի կույտին, բեռնատարից բենզին է կորզում, ցանում կույտի վրա, լուցկի մոտեցնում: Սպասում, մինչ գրքերը սկսեն լավ այրվել: Հետո գնում նստում է բեռնատար, այն շարժվում է:

Հարևանները վազելով գալիս են դեպ գրքերը, հանգցնում կրակը, խլխլում մեկը մյուսից:

Դրանցից մեկը կիսավառված էջերով Չարենցի հրատարակությունն է: Հարևաններից մեկը գալիս է, վերցնում, հանգցնում, սկսում վրան փչել: Վռամը հասնում է, ձեռքից խլում: Հարևանը տալիս է գիրքը: Վռամը գայլի հայացքով նայում է նրան: Սա ուսերը թոթվելով դանդաղ նահանջում է: Շուրթերն է լպստում:

 

16

Վռամը տխուր-տրտում գնում է փողոցով: Հանկարծ տեսնում է Պերճին: Էլի բերետով:

― Վռա՞մ, ի՞նչ կա: Ինչու՞ ես տխուր:

― Տունս քանդվում է:

― Գնանք տեսնենք:

Պերճը գալիս է, նայում է, ինչպես է առաստաղը քանդվում. կոտրված հենասյունը դուրս է ցցված:

Սենյակը դատարկ է, բան չկա, բացի երկու կոտրված աթոռից:

― Վաղը կգամ, մի բան կանենք, ― ասում է ու գնում:

Վաղն առավոտյան մեքենայի ազդանշան է լսվում բակից: Վռամը ուշադրություն չի դարձնում: Գալիս է Պերճը.

― Քնած ե՞ս, շուտ արա, գնացինք:

― Ու՞ր:

― Արի, կտեսնես:

Գնում են բակ, այնտեղ բեռնատար է կանգնած, Վռամը բարձրանում է դատարկ թափքը, Պերճը՝ նստում վարորդի կողքը: Վարորդը մեծահասակ է: Քշում է «Օսոբտորգ», դարպասի մոտ ազդանշան տալիս: Դարպասը բացում է պահակը, բեռնատարը մտնում է ներս, դարպասը փակվում է:

Խանութում Պերճը, վարորդն ու Վռամը բարձրանում են տնօրենի մոտ: Պերճը մի թուղթ է հանում՝ կնիքով ու ստորագրությամբ, իրերի ցուցակ, որ հանրախանութը պիտի հատկացնի այցելուներին: Ինչ ասես ցուցակում չկա: Բանվորները սկսում են բերել իրերն ու լցնել բեռնատարը: Աթոռներ, հազար ու մի բան: Ի թիվս այլոց՝ մի լավ մշակված գերան:

Երբ բեռնատարը լիքն է, Պերճը մի թուղթ է ստորագրում, դարպասը բացվում է, նրանք դուրս են քշում, գալիս Վռամի տան մոտ: Պերճն օգնում է գերանը ներս տանել:

― Վաղը կգամ կփոխենք, ― ասում է ու գնում նստում բեռնատար, որը հեռանում է:

Վռամը նայում է բեռնատարի ետևից փոքր-ինչ ափսոսանքով, քանի որ աթոռներից էլ չէր հրաժարվի, բայց դրանք գնում են:

 

17

Վռամն ու Պերճը փոխում են առաստաղը պահող գերանը: Պերճը վերևն է, աստիճաններին: Վանյայի որդին ներքևում է, նրան օգնում է: Հանկարծ մեկը ներս է գալիս.

― Պերճն այստե՞ղ է:

― Պերճ, իջիր, ― ասում է Վռամը:

Պերճն իջնում է: Եկածը մի թուղթ է հանում, վրան կնիք դրված, ու ասում. «Պերճ ջան, սրանից ա պետք»:

Գողական տղա է, բայց աշխատում է քաղաքավար խոսել:

Պերճն ուշադիր զննում, տնտղում է թղթի վրայի կնիքը:

― Քանի՞ անգամ աշխատի:

― Մի անգամը հերիք, ապե:

Պերճը թուղթը ետ է տալիս տղային, սա ծալում դնում է ծոցագրպանը:

― Վռամ, կարտոֆիլ ունե՞ք:

Վռամն ափերի մեջ խոհանոցից մի տասնյակ կարտոֆիլ է բերում: Հիմնականում թոռոմած:

Պերճը քիթը կնճռոտում է դժգոհ, մեկ առ մեկ վերցնում, տնտղում, ստուգում ամրությունը, նայում, հուպ տալիս, հոտ քաշում, մի կողմ դնում, վերջապես մեկն ընտրում է, գրպանից հանում ծալովի դանակն ու կարտոֆիլը երկու կես անում: Դանակի ծայրով նստում տեղնուտեղը կարտոֆիլի մեջ փորագրում է կնիքի բոլոր մանրամասները, մի քանի րոպեում, նայում արած գործին, փչում վրան:

Վռամը հիպնոսված նայում է նրա ձեռքերին:

Պերճը գլուխը կախ ասում է «թանաք բեր»:

Վռամը կարկամած բայց հնազանդ բերում է կապույտ ապակյա թանաքամանը, որ հայրը չգիտես որտեղից էր բերել մի օր, ու որը չեն տարել, քանի որ խուզարկության ժամանակ ընկել էր գետնին ու թանաքը թափվել: Լաքան հիմա էլ կա:

Պերճը եկածին ասում է «տուր»:

Եկածը լուռ մեկ այլ գրպանից մի թուղթ է հանում, բացում, մեկնում Պերճին:

Պերճը կարտոֆիլը մատով թանաքոտում է, հպում թղթին:

Թուղթը թափ է տալիս օդում, փչում վրան, նայում, մեկնում եկածին:

Եկածն ասում է «շնորհակալություն ապ», ոսկեդրամ է հանում տալիս Պերճին, թուղթը վերցնում, ծալում, գրպանը դնում, գնում:

― Պե՞րճ: Էդ ի՞նչ հաշիվ էր:

― Բա դու գիտես քո գերանը ո՞նց մեզ տվին:

Պերճը կարտոֆիլի օգտագործած կեսը կտրտում է մանր կտորների, կտորները նետում աղբարկղ: Մյուս՝ անվնաս կեսը մեկնում Վռամին.

― Պետք կգա:

― Բա չես վախու՞մ:

― Волков бояться в лес не ходить и по-волчьи выть. А я по-волчьи не хотить.

― Բա էն մնացած իրերն է՞լ ուրեմն...

― Օրը ճաշ դառավ, գործիդ կաց, ուրիշ գործեր էլ ունեմ էսօր:

Քեռի Վանյայի տղան պինդ պահել է աստիճանը: Պերճը բարձրանում է վեր, տղան ծեփով լի ամանիկը մեկնում է, Պերճը վերցնում է, ծեփաբահիկով սկսում աշխատել:

Վռամը նայում է նրան, նրանից՝ առաստաղին. գերանն արդեն տեղն է դրված: Հանել էլ չի լինի...

 

18

Սառաջևը գիշերով անցնում է կոնսերվատորիայի կողքով: Լսում է դաշնամուրի նվագ:

Մտնում է կոնսերվատորիա: Պահակը վախեցած նրան է նայում: Սառաջևը բարձրանում է աստիճաններով, բացում դասարաններից մեկի, մյուսի դուռը: Երրորդում տեսնում է Էվելինային, որը նվագում է: Աննկատ ծածկում է դուռը: Կանգնում, լսում:

Իջնում է, պահակին ասում.

― Ե՞րբ է եկել:

― Կներեք, ― ասում է, ― ասաց որ բան է մոռացել, հետո լսեցի նվագում է, բայց ես չեմ կարող դիրքս թողնել նրա ետևից գնալ...

― Ոչինչ, ― ասում է, ― նա որ այս ժամին գա՝ թող թող նվագի:

Առավոտյան Սառաջևն իր առանձնասենյակում է: Մտնում է տեղակալը, թերթերը դնում սեղանին:

― Ժողովրդի թշնամի տոհմից այդ աղջկան թույլ եք տալիս գա նվագի:

― Գործիք չունի: Թող: Ոչ մեկին չի խանգարում: Խանգարեր՝ Երևանում չէր լինի:

Տեղակալը ժողովրդի թշնամանքով նայում է, դուրս է գալիս:

Թերթի մեջ սև երիզով մի գործիչի նկար է. «Անժամանակ ավարտվեց ակադեմիկոս Ահարոն Բեսիկյանի կյանքը»:

Ֆլեշբաք

1937

Սառաջևը ինչ-որ մեկի թաղմանն է: Ընդամենը մի յոթ հոգի մարդ կա: Ցուրտ է:

― Սահակ Տեր-Գաբրիելյանն էլ մահացավ, ― ասում է մի մարդ:

Ահարոն Բեսիկյանն է:

― Ասում է թանաքամանը վերցրեց, շպրտեց պատուհանի վրա ու ինքը ետևից դուրս թռավ, ― շարունակում է: ― Էնկավեդեի երրորդ հարկից, որտեղ ճաղեր չկան: Քննիչի ձեռքից էդպես պլստաց: Տեսնես քննիչին ինչ արին դրա համար:

― Չեմ հավատում, ― ասում է համալսարանի ռեկտորը (Պերճի հայրը): ― Սահակն ինքնասպան եղողը չէր:

― Թանաքամանն ինքս եմ տեսել, ― ասում է Բեսիկյանը: ― Փողոցում ընկած էր: Կապույտ ապակուց: Կողքով էի անցնում: Չէր էլ կոտրվել:

Վերջ ֆլեշբաքի

Սառաջևը քայլում է փողոցով, գնում դեպ կոնսերվատորիա: Ընդառաջ են գալիս կամ իրենից առաջ անցնում դասախոսներ, ուսանողներ: Չեն բարևում: Նա քայլում է գլուխը բարձր, ոչ մեկին չի նայում: Մտնում է առանձնասենյակ: Քարտուղարուհին չկա: Տեղակալն էլ չի երևում: Նստում է իր բազկաթոռին: Ժամը առավոտյան ինն է: Լսվում են երաժշտության ու երգի ձայներ, բայց ինչ-որ թաղումային բան կա այդ կակոֆոնիայի մեջ: Նա նստած է ու նայում է մի կետի:

 

19

Ֆլեշբաք

1937

Համալսարանի ռեկտորի առանձնասենյակի լուսամուտը նայում է իր ընտանիքի տան լուսամուտին: Պերճը տանն է, տեսնում է, ինչպես են իր հայրիկի սենյակ մտնում համազգեստավոր մարդիկ: Հայրիկին բռնում են, ծեծում, գցում հատակին, ոտքերով հարվածում: Պերճը նայում է, բռունցքները սեղմած: Գալիս է մայրը, ձեռքը բերանին դնում, գրկում Պերճի ուսերը, Պերճը գրկում է մորը, միասին են նայում, կարկամած: Նման է Արշիլ Գորկու նկարին:

Համազգեստավորները քարշ տալով տանում են հորը, սկսում ավիրել առանձնասենյակը: Պատին կախված է ռեկտորի՝ Սարյանի արած պորտրեն: Պոկում են պատից, գցում գետնին, ճղճղում, մեկը փորձում է լուցկով վառել, նկարը լավ չի վառվում: Վառել փորձողը, իհարկե, Սարգիսն է:

Հայրիկին քարշ տալով դուրս են բերում, գցում վոռոնոկի մեջ, գնում:

Վերջ ֆլեշբաքի

Ժամը երեկոյան ինն է: Լռության մեջ Էվելինայի դաշնամուրի նվագն է: Սառաջևը վեր է կենում, դուրս գալիս սենյակից, գնում դատարկ միջանցքներով, պահակին գլխով անում ու դուրս գալիս փողոց: Գլուխը բարձր, ոչ մեկին չնայելով, գնում է փողոցով: Հատուկենտ լապտերների սակավ լույսի տակ երևացող քչաքանակ անցորդները նրան նայում, աչքները փախցնում են. ծանոթ են, սակայն ինքը չտեսնելու է տալիս, որ ստիպված չլինեն բարևել կամ չբարևել:

 

20

Ֆլեշբաք

Բանտախուցը լիքն է: Դուռը բացվում է, ռեկտորին ներս են շպրտում կիսամեռ: Մի մարդ մոտենում է, նստեցնում, թաշկինակը բաժակի մեջ մտցնում, թաց թաշկինակով երեսը մաքրում, թաշկինակը պահում ծոցում: Ռեկտորի ձեռքի ափը կոտրված է, մատները հակառակ ուղղությամբ են: Կամաց-կամաց ուշքի է գալիս, ձեռքն օրորում: Կողքին նստած է մի անասելի կեղտոտ ծերուկ: Աճառյանն է: Ծերուկը կամացուկ ինչ-որ բան է մրթմրթում: Ռեկտորը նրան կամացուկ պատասխանում է: Նրանք ֆրանսերեն մի քանի նախադասություն են փոխանակում: Ծերուկը նրան ասում է ինչ-որ ֆրազ: Գրպանից հանում է մի անասելի կեղտոտ թաշկինակ, բացում ու միջից հանում ծծովի կոնֆետ: Կոնֆետը տալիս է ռեկտորին: Սա շնորհակալությամբ դնում է բերանը: Աճառյանն ափսոսանքով թաշկինակին հրաժեշտ է տալիս, ռեկտորի ձեռքն է վիրակապում:

Ընդամենը երկու ժամ է անցել, քնելու ժամն է, բանտախցի լույսն անջատում են: Դուռը բացվում է, ռեկտորին կրկին դուրս են տանում: Մեջքը հրացանի կոթով հրելով առաջ են մղում: Միջանցքով գայթելիս, ձեռքի ափը մյուսով բռնած, տեսնում է մի խցի դուռը թայբեթան բաց, պատին Չարենցի ձեռագրով տողեր են ճանկռտած, փորագիր: Տողերի մի մասը կարմիր գույնի է, ծորանքներ են գնում դրանցից դեպ ներքև: Սպիտակ ներկով լի դույլով բանվորը մտնում է խուց:

Վերջ ֆլեշբաքի

 

21

1944

Ինգան գնում է փողոցով: Հանկարծ տեսնում է հեռվում Նադյային՝ դույլերը ձեռքին: Նադյային է մոտենում Վռամը, դույլերը վերցնում, կողքից քայլում, Նադյան ինչ-որ բան է ասում նրան: Հանկարծ Վռամը զգում է Ինգայի հայացքը, նայում Ինգային ու դույլերը քիչ է մնում ձեռքից բաց թողնի: Ինգան ծիծաղում է ու հեռանում:

 

22

Սառաջևը գլուխը բարձր քայլում է փողոցով: Մարդիկ նրան տեսնում են ու դեմքները մի կողմ շրջում: Նա ոչ մեկին չի նայում: Հանկարծ նրան է մոտենում Վռամը, կողքին՝ Չիբիսը:

― Բարև ձեզ, ― ասում է Վռամը:

Սառաջևը զարմանում է, որ իրեն բարևեցին:

― Ես Միքայելի ու Սիրանուշի որդին եմ, ― ասում է Վռամը: ― Էվելինայի եղբայրը:

Սառաջևի դեմքը պայծառանում է:

― Ղազար քեռին վերադառնում է, ― ասում է Վռամը: ― Հիվանդ է, թույլ են տվել որ գա հայրենիք մահանա:

Սառաջևն ու Վռամը գնում են կայարան: Այնտեղ է նաև Պերճը: Գնացքը ժամանում է, դուրս են գալիս զինվորներ, վիրավորված, որոշներին պատգարակների վրա են իջեցնում: Երբ բոլորն արդեն դուրս են եկել՝ երևում է ուրվականի պես բարակ, նիհար, ինչ-որ քրջերի մեջ փաթաթված Ղազար քեռին: Վռամը վազում է նրան ընդառաջ, Չիբիսը՝ նույնպես: Վռամի ձեռքին տոպրակ է, նա ցույց է տալիս Ղազար քեռուն. «կոլիբրի» գրամեքենան է ու լուսանկարչական սարքը: Քեռի Ղազարը ճոճվում է, տոպրակը չի կարող պահել, ետ է տալիս: Պերճը վերցնում է տոպրակը: Քեռի Ղազարը տոպրակի միջից հանում է լուսանկարչական սարքը, մեկնում Վռամին:

 

23

Սառաջևն իր առանձնասենյակում նստած գինի է խմում: Նրա հետ է քեռի Ղազարը:

Լսվում է Էվելինայի նվագի ձայնը:

― Ասում եմ պրոֆեսոր եմ, ասում են՝ հաստատող փաստաթուղթ չկա, ― ասում է քեռի Ղազարը: ― Ասում եմ պատճենը տվեք, ասում են դիպլոմը ցույց տվեք՝ տանք:

― Դու ո՞ր թվին ավարտեցիր:

― 1905: Այ հենց էս նույնից էր:

Քեռի Ղազարը ցույց է տալիս Սառաջևի թիկունքում՝ պատից կախված ոսկեերիզ դիպլոմը Հայդելբերգի համալսարանի, Մաքս Վեբերի ստորագրությամբ:

Սառաջևը վեր է կենում, իջնում երկրորդ հարկ, լսարանի դուռը բացում, Էվելինային ասում.

― Խնդրում եմ շտապ Վռամին կանչես:

Էվելինան կիսատ է թողնում նվագը, տեղից վեր թռնում, վազում միջանցքով:

Վռամը Պերճի հետ Սառաջևի առանձնասենյակում են: Պերճի ձեռքին փոքրիկ ճամպրուկ է: Սառաջևը Հայդելբերգի համալսարանի իր դիպլոմը պատից հանում է, տալիս Պերճին: Պերճը գնում է մյուս սենյակ:

Վռամը, Սառաջևն ու Ղազար քեռին սպասում են:

Պերճը վերադառնում է, ձեռքին այժմ երկու դիպլոմ: Մեկը տալիս Ղազար քեռուն: Սա նայում է, շուռումուռ տալիս: Զարմանքից քար է կտրել: Անխոս ձեռքը մեկնում է Պերճի կողմը:

Պերճը վերցնում է այդ ձեռքը, շուռումուռ տալիս, մատնահետքերն ու ձեռքի կնճիռներն ուսումնասիրում, ասես խոշորացույցով:

 

24

1946

Պերճի դատն է:

Վռամն ու Էվելինան նստած են ներկաների շարքում: Նաև՝ Սառաջևի պահակը, Սառաջևը, Ղազար քեռին, քեռի Վանյայի որդին և այլ ծանոթ դեմքեր: Ներկա է նաև Միքայել Մազմանյանը, որը վերադարձել է աքսորից: Նստած է եզրի աթոռին: Նրա կողքին միջանցքում ձիգ ու զգաստ կանգնած են Սարգիսն ու Ավետիսը: Թղթի մի կտորի վրա նա նկարում է դատավարությունը: Ավետիսը խեթ նայում է: Սարգիսն ուղիղ իր առջև է նայում: Հանկարծ Մազմանյանը մի անհայտ բան է նկատում ու մտազբաղ սկսում է մի շինություն նկարել՝ Լեզվի ինստիտուտի շենքը՝ Կաթողիկե եկեղեցիկի շուրջ. նա այդ շինությունը պատկերացնում է որպես պարիսպ, որը կպաշտպանի եկեղեցիկը. Լեզվի ինստիտուտի ճակատաերիզին իրար հյուսված մարդկային ձեռքեր է նկարում, հին հայկական որմնաքանդակի ոճով, եղունգները՝ հատուկ խնամքով: Ինչպես որ «Անաստվածի» ճակատաեզրին էր: Կա տղամարդու ձեռք, կանացի, մանկան:

― Դու պիտի այ սա ունենայիր, ― գոռում է դատախազը և օդում թափահարում մի փոքրիկ կապույտ գրքույկ: ― Այ սա՛: Այստեղ կնիք կա՝ իսկական է, ջրային նշան՝ իսկական է: Թե չէ քոնն ի՞նչ էր:

Հետո Պերճի վերջին խոսքն է:

― Հարգելի դատարան, ― ասում է Պերճը, ― երկու տարվա ընթացքում ես գործարանի արտադրանքի քանակն ավելացրել եմ երեք հարյուր տոկոսով, պլանը եռակի գերակատարել: Եթե դուք չհայտնաբերեիք, որ իմ դիպլոմը կեղծ է, դուք միայն կտեսնեիք այն, որ ես աննկուն ծառայում եմ սոցիալիստական հայրենիքի բարգավաճմանը: Հետո՞ ինչ որ էդ խղճուկ դիպլոմը չունեմ: Բա դիպլոմը տենց ա՞ լինում: Ես տենց դիպլոմներ ե՞մ ձեռքումս պահել: Մի՞թե մեր բանվոր-գյուղացիական հայրենիքում կարևորն էդ թղթի կտորն է: Ես շատ ավելին գիտեմ իմ մասնագիտությունից, քան ցանկացած շրջանավարտ: Ուզու՞մ եք քննություն անցկացրեք: Այդ գործ տվող լակոտը վնաս էր բերել, գող էր, իր փոխարեն ուրիշներին էր գողության մեջ մեղադրում, տասնյակ մարդ պիտի տուժեր, ես նրան հեռացրի, դուք հիմա նրա հերյուրանքի պատճառով զրկում եք երկիրն իմ պես նվիրված գլխավոր ինժեներից:

(Հեռու, նրա խոսքի ֆոնին, Էվելինայի նվագն է, ասենք՝ Թանհոյզեր կամ նման բան: Նվագը կամաց-կամաց ուժգնանում է)։

Սարգիսն ու Ավետիսը Պերճին տանում են:

 

25

1951

Վռամը կինոստուդիայում վազվզում է, եռոտնուկով կամերան ձեռքին: Բարձրահասակ մի ռեժիսոր հրահանգներ է տալիս: Ջրավազանի մոտ, վտիտ թղթենու ճյուղին ձեռքը դրած, մի աղջիկ երգում է.

― Լույսը բացվեց գնամ արտը
Կանաչել է սարն ու դաշտը
Էն տրակտոր քշող տղեն
Գերել է ինձ մեռնեմ իրեն:

Հագուստը հիսնականների մոդայով է՝ աղջկա ոտքերին տանկետկաներ են: Կողքին կուժով աղջկա փոքրիկ արձանն է ջրավազանի մեջ, կիսաթեք կուժից ջուր է ծորում: Կամերան հետևում է կուժին:

Դուրս է գալիս տրակտոր քշող տղեն, երգում ի պատասխան.

― Պատուհանդ բաց արա
Մարմանդ մարմինդ տեսնեմ
Արտասուքով լիք լցված
Չքնաղ աչերդ տեսնեմ:

Տղան մոտենում է աղջկան, նրանք ողջագուրվում են:

Կադրի ետևից երևում է աղջիկների երգչախումբը (չորս աղջիկ, որոնք ձնագունդ էին պատրաստում), երգում.

― Վարսենիկի թուխ մազերը թխկել են, թխկել են...

Վռամը կամերան դանդաղ է պտտում, երգչախմբի առաջին պահից նրանք կադրում չեն, կադրում թղթենին է ու կուժով աղջկա արձանը:

― Ստո՛պ, ստո՛պ, ― գոռում է բարձրահասակ ռեժիսորը, ― էլի փչացրիր...

Բոլորը կանգ են առնում, երգչախումբը խռնվում է:

― Էսպես էլ կարող է լինել, ― արդարանում է Վռամը:

― Դու իմ հետ ե՞ս վիճելու: Դու որ ֆիլմ նկարես՝ ինչ կուզես կանես, էստեղ որոշողը ե՛ս եմ: Ֆսյո՛: Էլի փչացրիր: Ֆինանսական ծախս ես մենակ գլխիս: Կորի՛ր այստեղից:

Ինգան հետևում է իրադրությանը, քիչ հեռու կանգնած: Պարզ է դառնում, որ գլխավոր հերոսուհին Իդան է:

Ռեժիսորը գոռգոռում է, ջղայնացած: Հրամայում է Վռամին թողնել կամերան:

Վռամը գլխիկոր հեռանում է, դուրս է գալիս կինոստուդիայի բակից: Ինգային չի էլ նկատում։ Ինգան նայում է նրան:

 

26

Վռամը գլխիկոր գնում է Ամիրյան փողոցով, Չարենցի դպրոցի կիսավարտ կառույցի մոտով՝ նախկին «Բեզբոժնիկ» կինոթատրոնի տեղում: Հանկարծ տեսնում է Պերճին, սա հանգիստ ճեմում է փողոցով:

Վռամը քար է կտրում:

― Պե՞րճ:

Գրկախառնվում են:

― Քեզ ազատե՞լ են:

― Մեծ բան չէր, ― ասում է Պերճը: ― Գրպանից հանում, ցույց է տալիս թուղթը. «Освободить в связи с пересмотром дела»։

Եվ կնիքը:

― Մեկին ուղարկել էին, ընդօրինակեցի, խնդրեցի որ Մոսկվայում փոստով ետ ղրկի, հենց որ հասավ՝ ոտուձեռ ընկան, բաց թողին: Ութ օր էլ ուշ էր հասել փոստի պատճառով, վախենում էին դատի տակ ընկնել ուշ ազատելու համար: Թուղթ ստորագրեցի նախնական թվով՝ իբր ժամանակին եմ ազատվել: Բայց ես հատուկ էի էդպես արել...

― Ինչ ուրախ եմ: Բա ի՞նչ ես անելու:

― Էստեղ չեմ մնա իհարկե, եկել եմ մայրիկիս տեսնեմ, որոշ գործեր կան:

― Բա ու՞ր ես գնալու:

― Ես ուզում եմ դատապաշտպան լինել, էս երկրում դա հնարավոր չի, իմաստ չունի:

 

27

Պերճն անցնում է Հայաստան-Թուրքիա սահմանը: Սահմանապահները կրակում են: Փախչում է դեպ Արարատ տանող թփուտները: Չեզոք գոտու ավազի վրա մնում են նրա ոտնահետքերը: Սահմանապահ շները գալիս են, հասնում, հետքերը հոտոտում ու վնգստում, ինչ-որ հատուկ հոտ է գալիս, չեն կարողանում վազել առաջ: Պերճն Արաքսի մեջ է նետվում, արագ լողում: Սահմանապահները կրակահերթեր են արձակում: Պերճի գլուխը կորչում է ջրի մեջ ու էլ դուրս չի գալիս:

Ջրի վրա տարածվում են շրջանագծեր, մի քանի պղպջակ է երևում, ասես փոքրիկ ջրապտույտ լինի՝ ջրային կարուսել. մի քանի տաշեղ է լողում ջրապտույտում, հանկարծ կենտրոնում սուզվում ներս ու կորում:

Վռամը թերթում կարդում է. «Երեկ սովետական քաջարի սահմանապահները կանխեցին վտանգավոր հանցագործ, բազմակի դատված, փախստական Պերճ Տեր-Ձիթողցյանցի քրեական փորձը՝ հատել ՍՍՀՄ-ՆԱՏՕ սահմանը: Սահմանազանցը ոչնչացված է»:

Վռամն անուժ նայում է թերթին, թերթի տառերն իրար են գալիս, պղտորվում, աչքի առջև ջրային կարուսելն է:

 

28

Ֆիլմ է ֆիլմի մեջ

1912

Բարձր դարպասով տան առջև՝ Շուշիում, ավանդական հագուստով, գլխաշորով նստած է Խանում Խաթունը: Քաղաքում հայերի ջարդն է: Կողքով վազելով անցնում են մեկ խուճապահար տղամարդիկ, կանայք՝ երեխաների ձեռքից բռնած, մեկ՝ վայրագ թաթարներ՝ արյունոտ խանչալները ձեռքներին: Խանում Խաթունը հանգիստ նստած է, աչքերը գրեթե փակ, փոքր-ինչ ճոճվում է:

Երբեմն նրա առջև կանգնում են ճարահատյալ զոհերը, ինչ-որ բան ասում ցածրաձայն, շտապով, պաղատում:

Խանում Խաթունը գլխով նշան է անում դեպ դարպասի դռնակը: Եթե կին ու երեխա է՝ բոլորին ներս է թողնում: Եթե տղամարդ է՝ ոչ բոլորին: Մեկին ներս է թողնում, մեկին՝ ոչ:

Օրինակ՝ այն գյուղացուն, որ այցելել էր Գարեգինին՝ ներս չի թողնում:

Ում որ ներս չի թողնում՝ սա ճարահատյալ քայլում է իր մահին ընդառաջ, և շուտով հեռվից լսվում է նրա մահվան ճիչը:

Հանկարծ Խաթունի առջև սարվոր թաթար է կանգ առնում.

― Սալամ ալեյքում, Խաթուն Խանում: Ախպրին մատաղ, Խանումին մատաղ, դոստուն մատաղ, ալլահը վկա, կնիկս մըռնում ա:

Թաթարի էշը քիչ հեռու է, կապած է չափարից:

Խանում Խաթունը նայում է նրան, ոտից գլուխ չափում, հետո գլխով է անում:

Թաթարը ներս է մտնում:

Բակում անցնելու տեղ չկա. կին ու երեխա, երբեմն՝ ծեր ու տղամարդ, բոլորը նստած ու լուռ, վախով նայում են թաթարին: Միայն որոշ ծծկեր երեխաներ են թնկթնկում: Մեջները քայլում է մի խարտյաշ երիտասարդ, հետները խոսքի բռնվում թաթարերեն, ձեռքին ջրով լի կուժ է, բաժակ, ջուր է առաջարկում: Սահակն է:

Բակում մի մեծ կաղնի է աճում: Նրա տակ՝ հովին, լիքը փախստական է նստած: Նա ձգվում է դեպ վեր ու վերևում՝ տան տանիքի վերևում, իր ճյուղերով միահյուսվում մեկ այլ կաղնու՝ որը տարօրինակաբար աճում է տան ներսից:

Թաթարը զգուշությամբ անցնում է, որ նստածներին չտրորի, Սահակին բարևում, մոտենում պատշգամբին, որից մուտքը տանում է տան խորք, բարձրանում, ներս մտնում:

Հյուրասենյակի հենց մեջտեղով հսկայական կաղնին է աճում, որը տանիքը քանդել ու դուրս է եկել, միահյուսվել բակում աճող կաղնուն:

Հաջորդը սպիտակ սենյակ է՝ բժշկական: Մի անկյունում սեղանիկի վրա դրված է «Բեզբոժնիկի» որմնաքանդակից պոկված ձեռքը՝ առանց մատների ծայրերի: Վերը փակցված է Մազմանյանի էսքիզը Հրատարակչությունների շենքի ու Վռամի մանկական ձեռքի: Կողքին բժշկական պահարանն է: Մյուս պատին՝ Աբեսալոմի ոսկեերիզ դիպլոմը:

Բժշկական աթոռին նստած մի աղջիկ կա՝ բերանը բաց, որին ստուգում է Աբեսալոմ Հմայակովիչը՝ Խանում Խաթունի որդին: Մի անկյունում նստած է երիտասարդ Միքայելը՝ Վռամի հայրը, Աբեսալոմի որդին:

― Դոխտուր, կնիկս էն էլ ա դուս չի գալի, մըռնում ա:

― Բերել չե՞ս կարող:

― Մըռնում ա, ասի էրթամ դոխտուրին պիրիմ՝ ասավ տիմանամ բդի ամա յավաշ յոխ:

― Ես չեմ կարող գալ, տեսնու՞մ ես ինչ է կատարվում, ինձ էլ կսպանեն, քեզ էլ:

― Այ էս Մոհամմադի ճրագը մարի թե կսպանեն: Առոք-փառոք սաղ-սալամաթ դոխտուրին տանիմ պիրիմ, դոխտուր կինիկս չոջուխս բիրիկ փրկի:

Աղջիկը բերանը բաց լսում է: Աչքերից կայծեր են թափվում:

Երկու էշ հեծած՝ գնում են սարեր: Աբեսալոմը գլուխը կապել է սարվոր թաթարի պես, հագնված է թաթարի հագուստ: Կարմիր խաչով սպիտակ ճամպրուկը կախված է էշի կողքից, խփվում է էշի մարմնին, ծածկված է քեչայով, բայց էշի շարժումներից կարմիր խաչի ծայրը մեկ-մեկ երևում է:

Աբեսալոմը նայում է ներքև՝ դեպ Շուշին, այնտեղ Բոսխի նկարներից է: Երևում են տների՝ դատարկ խոռոչ դարձած պատուհանները, ասես սև ատամնաշար:

Յայլայում մի ծղոտյա հոլիկում թաթարի կինը պառկած տնքում է: Աբեսալոմը մոտենում է նրան: Նրա աչքերը փակ են:

― Մա՛մ-մա, ― ասում է կինը: ― Մա՛մ-մա:

Աբեսալոմը մի պահ քարանում է, հետո ուշադիր նայում դեմքին: Վճռականորեն ճամպրուկը դնում է գետնին, բացում, լանցետը հանում, ամեն ինչ պատրաստում, մի արագ շարժումով խրում լանցետը թաթարի կնոջ փորը, կտրում: Մի պահ երևում է երկու շագանակագույն պտուկ և ուռուցիկ փորի վրա՝ բացված վերքի կարմիր գիծը՝ նրանց «միավորող» գծի նկատմամբ ուղղահայաց, մի քիչ թեք, ձախ պտուկին ավելի մոտ: Աբեսալոմը հանկարծ մի ակնթարթում ռետինե ձեռնոցներով ձեռքերն ասես վերքի մեջն է մտցնում, ուժով հանում է փորից իսկույն լացել սկսող թաթարյոնոկին, պորտը կտրում: Նայում է մանկան՝ օդում շարժվող ձեռքերին, մատիկներին. եղունգները տեղն են: Երեխային հանձնում է հորը:

Կինը դադարում է տնքալ:

Փորը կարելիս Աբեսալոմը մատը ծակում է ասեղով, մի կաթիլ արյուն է դուրս գալիս ռետինե ձեռնոցի վրա, ուշադրություն չի դարձնում, շարունակում է գործը:

Ոչխարները մարգարիտների պես սփռված են կանաչ լանջին, հովիվները սարից սար իրար են գոռում, լուրը հաղորդում.

― Հո՜, հո՜, հեքիմ դոխտուր մուբարաք, բարաքյաթ, Քիմիրին օղուլ վար, օղու՜լ, ասքյար գիլդի, ասքյա՜ր, ալլահ աքբա՜ր:

― Համմե՜՞:

― Ա՛սքյար եմ ասում, ա՛սքյա՜ր:

― Համմե՜՞:

― Տո ինչ համմե, քու տունը շինվի, օղու՛՜լ, օղու՛՜լ:

Ֆիլմի միջի ֆիլմի ժապավենը սկսում է հանկարծ այրվել, մեջը ծակ է առաջանում, մեծանում, նմանվում ջրային կարուսելի, մեջը տաշեղ ու տերև են պտտվում, կլանվում...

Վերջ ֆիլմի-միջի-ֆիլմի

 

29

1955

― Ստո՛պ, ստո՛պ, ― գոռում է Վռամը, ― սապո՛ժնիկ:

Լույսերը վառվում են, փոքրիկ կինոդահլիճ է, նստած է ֆիլմ ընդունողների հանձնաժողովը, որը գլխավորում է Սարգիսը:

Սարգիսը շատ է զարգացել, չաղացել, հասունացել, լավ կոստյումով է, փողկապով, բայց սապոգներով, մեկը քրքրված, ծակ:

Վռամը վեր է թռնում, վազում դեպ կինոխցիկը, կես ճամփին՝ նայելով հանձնաժողովի դեմքերին, ետ գալիս, նստում տեղը...

― Չստացվեց, ― ասում է Սարգիսը: ― Լավ է լրիվ չեք արել: Գոնե էդքան խելք ունեցաք՝ նախօրոք ահազանգեցիք: Ի՞նչ թաթար, ի՞նչ բան: Մեծահարուստների՞ տուն ենք մենք պրոպագանդում: Շուշի՞: Էդ ի՞նչ եկեղեցականի նկար էր պատին: Էդ պառա՞վն է որոշում, ում թաթարները կոտորեն, ինքը ինչ է, Ազրայի՞լն է: Հետո՝ էդ չեք ամաչու՞մ, ծննդաբերություն եք փաստորեն անսքող ցույց տալիս, էն էլ ում՝ թուրքի: Հակահեղափոխությու՞ն եք նախապատրաստում մեր կինեմատոգրաֆում:

― Էդ կկտրենք... ― փորձում է Սարգսի խոսքի տարափը կանգնեցնել այն բարձրահասակ ռեժիսորը՝ որ գոռգոռում էր Վռամի վրա: ― Էդ ուղղակի նախնական...

― Ի՞նչ նախնական: Լրիվ էլ վերջնական: Դուք գիտեք ես չեմ տեսնու՞մ: Էդ ի՞նչ կաղնի ա տան մեջտեղ, ի՞նչ եք ակնարկում: Բա էդ աղջիկը, աղջիկը, բա տենց ե՞ն մեր հարսները լինում: Բերանը բաց: Քիչ ա մնում ձի կուլ տա, հո կավբոյ չի՞, հայ եք նկարում, հա՛յ: Բա Սահակը տենց կպահե՞ր իրան հեղափոխության նախօրեին, ադրբեջաներեն կխոսե՞ր քաղքենու պես:

― Չենք կարող ոչնչացնել, ― ասում է բարձրահասակ ռեժիսորը: ― Փող է ծախսվել, ստուգումը գա՝ կասեն ուր ա: Փողի պատասխանատուն ես եմ: Դնենք դարակ մնա...

― Ստուգողը ե՛ս եմ, ― քմծիծաղով ասում է Սարգիսը: ― Հե՛տք չպիտի մնա սրանից, հե՛տք: Թե մեկնումեկը տեսնի՝ ես էլ, դուք էլ չկանք: Կդատեն ու վերջ, բարև Սիբիր, հաջող թոշակ: Ոնց ուզում ես փողը փակվեք: Հենա, «Մուզկամանդից» կտրեք:

Հետո որոշում է, որ հերիք է նախատել, կերան իրենց հասանելիքը, որոշում է դառնալ ավելի սիրալիր, կատակել նաև, դաստիարակչական նպատակներով, որ լրիվ չհուսահատվի սովետական բնակչությունը.

― Էդ էշերո՞վ ինչը նկատի ունեիք, որ ղարաբաղցիք էշ ե՞ն, ― հանդիմանում է իբր սրամտորեն, հայրաբար: ― Բա որ ընկեր Միկոյանն իմանա՞ր: Վա՛յ ես ձեր հնարամիտների ինչն եմ ասել, քիչ էր մնում սաղ կինոստուդիան վարի տայիք: Լավ է մեջներդ աչալուրջ մարդ գտնվեց:

Լրջանում է:

― Էն Մանդելշտամի ցիտատն էլ գիտեք թե չտեսա՞: Արգելված գրականությու՛ն: Ես ամե՛ն ինչ եմ նկատում: Մեզնից գաղտնիք չկա՛:

Վռամի դեմքը ծամածռվում է, դեմքին ծուռ քմծիծաղ է գալիս:

 

30

Կինոստուդիայի բակում խարույկ է, Սարգիսն անձամբ ժապավենը դնում է կրակի մեջ: Վռամն ուժասպառ նայում է, հայացքը մթագնած: Խուճուճ մազերը բիզ են:

Կողքից անցնում են մի արտասահմանցի ու Ինգան, որը նրա թարգմանիչ-գիդն է, ուսանողական պրակտիկայի է:

Ինգան թարգմանում է.

― Ֆըրստ ֆիլմ օֆ Համո Բեկնազարյան վոզ մեյդ ին 1925 ընդ քոլլդ Նամուս, շեյմ, նո, սորրի, դիգնիթի, բեյզդ օն ա նովել բայ ըն արմինիան կլասսիկ:

― Վաու, դիգնիթի: Յու րաշշնզ ար սոու ստաք վիդ սաչ նոբլ քանսեպտս արնթ յու:

Տեսնում են վառվող ժապավենը:

― Վոթս զի՞ս:

Ինգան պատասխանի փոխարեն նետվում է դեպ Սարգիսը, որը վտիտ թղթենուց դժվարությամբ մի մատղաշ, ճկուն ճյուղ է պոկել, երկար պտտելով, ծառը վիրավորելով, և, անեղունգ ձեռքով ճյուղը բռնած, ժապավեններն է կրակի մեջ փորձում պտտել: Ճյուղն այնքան ճկուն է, որ ժապավենը չի կարողանում տեղից շարժել, ինքն է ճկվում, ծայրը սևանում, հյութ է դուրս տալիս: Այնպիսի սև ծուխ է գալիս, որ վառվող պլաստմասի հոտը զգում է նույնիսկ դիտողն իր ռունգներում: Ժապավենը հաճույքով ճտճտալով է այրվում, շատ արագ, առանց ճյուղի օգնության էլ:

Ինգան հարձակվում է Սարգիսի վրա, դմբուզիկներով նրա կրծքին հարվածում: Ինգայի պայուսակը՝ թևից կախված, սավառնում է օդում: Սարգիսը ետ-ետ է գնում:

Վռամը սարսափելի հուզված է, գզգզված, մազերը բիզ, սակայն իրեն զսպում է, բռնում է Ինգայի ուսերը ետևից, մի կողմ քաշում:

― Ոչինչ, ոչինչ:

Ամերիկացին կարծես նույնիսկ զարմացած չէ:

― Ասա որ ավելորդ ժապավենն ենք այրում, ― ասում է բարձրահասակ ռեժիսորը:

Ինգան չի պատասխանում, նայում է կատաղի հայացքով, որում արցունքի հետք չկա:

― Ֆիլմ, ֆիլմ, կապի՞շ, ― ասում է բարձրահասակ ռեժիսորը: ― Թուու մաչ ֆիլմ, թուու մաչ ֆիլմ՝ կապուտ, Հիտլեր կապու՛տ, թուու՜, ես քու անհասկացող շան որդի:

― Յես, ուի դու դաթ թու, բըթ ին ա մոր ինվայրնմեթալլի կանշիուս ուեյ, ― ասում է արտասահմանցին:

Մոտենում է կրակին, մի կտոր ժապավեն՝ որ կրակը կտրել է ու որի ծայրը կրակից դուրս է, ոտքով քաշում դեպ իրեն, նայում բարձրահասակ ռեժիսորին.

― Սուվենի՞իր:

Ռեժիսորը կարկամել է: Սարգիսն էլ: Չեն կարող թույլ չտալ:

― Ձեռից կառնես, ― ասում է Սարգիսը ռեժիսորին, շուռ է գալիս, գնում դեպ Տերյանի վրա իրեն սպասող սպիտակ քսանմեկը, ձեռքի ճիպոտը ծակ սապոգին խփելով: ― Չըլնեմ չիմանամ մի կտոր մնաց, մեծ կտոր ականջդ կմնա:

Ճիպոտը գցում է Տերյանի վրա, նստում ավտո, մեկնում:

― Ձեռից կառնես, ― հրահանգում է ռեժիսորը Վռամին:

Վռամը նայում է թղթենու վերքին՝ սպիտակ, երկար: Վերքից հյութ է կաթում:

Ինգան մոտենում է արտասահմանցուն, ձեռքը մեկնում:

― Քյըն այ հա՞վ դիս: Այ վուդ լայք թու քիիփ իթ մայսելֆ:

Արտասահմանցին հոժարակամ տալիս է նրան ժապավենի կտորը, քիթը կնճռոտում ժապավենի ծխի տհաճ հոտից, մի կողմ քայլում, որ մաքուր օդ շնչի:

Ինգան ժապավենը հավաքում, պայուսակը բացում, ժապավենը դնում է պայուսակի մեջ:

Ռեժիսորը նայում է Սարգիսի ետևից, հանկարծ նստում գետնին ու դմբուզները սկսում խփել գլխին.

― Գլխիս էս ինչ բերիր, գլխիս էս ինչ բերիր...

Վռամը գլուխը կախ կանգնած է թղթենու կողքին, բաց կանաչ գարնանային վտիտ թղթենու վերքից սպիտակ հյութը ծորում է առատ:

Կինոխցիկից դուրս է գալիս ցուցադրողը, գլանակ վառում, նայում այս ու այն կողմ: Կոնսերվատորիայի նախկին պահակն է:

 

31

Կոմայգու նստարանին նստած են Ինգան ու Վռամը: Վռամը գզգզված է, տխուր, բայց հանգիստ: Ինգային է տալիս Չարենցի գիրքը՝ խանձված էջերով: Կազմին ձեռք է պատկերված: Մատներն այրված են: Ինգան գիրքը թերթում է, հետո պայուսակը բացում, Վռամին է տալիս ժապավենի մնացորդը: Նայում են միասին կադրերը՝ լույսին պահած: Երբ կարճ ժապավենը վերջանում է՝ Վռամի աչքի առջև ֆիլմը շարունակում է ամբողջանալ:

Ֆիլմի միջի ֆիլմ 2

Աբեսալոմի տունն է: Խանում Խաթունն էլի դարպասի մոտ նստած է: Ներսում ողբի ձայն է գալիս: Բժշկական սպիտակ սենյակում դագաղ է դրած, շուրջը խմբված են ողբացող սև հագած նույն կանայք, որոնք բակում նստած էին ջարդի ժամանակ: Մյուս սենյակում՝ ուր կաղնին է աճում, տղամարդիկ են: Այժմ այն լուսավորված է. երևում է, որ սենյակի մի պատին Խրիմյան հայրիկն է պատկերված, ձեռքին թղթի շերեփ, կաթսայի մեջ է մտցնում, մյուսին՝ Արարատը, որի ներքևն Արաքսն է կապույտ գծով: Կաղնու ճյուղերը մեջընդմեջ խռնված են մարդկանց, որոնք հիմնականում կանգնած են լուռ, ոմանք ճյուղին հենված, ճյուղ գրկած, երբեմն չես էլ հասկանում, ճյուղ է թե տղամարդու իրան:

Հանկարծ ներս է գալիս թաթարը՝ կնոջ հետ, մանկիկը կնոջ շալակը: Բոլորը լռում են:

Մի խարտյաշ տղա մոտենում է նրանց, սառն ասում «նե վար»:

Ջահել Սահակն է:

― Հեքիմ դոխտուր մենիմ դոստմ, մեն օնուն ջանըն ղուրբանըն, մենիմ գյոնյուլդե ջեննեթ գիդդի:

Սահակը դժկամությամբ տեղ է տալիս, ցույց տալիս սպիտակ սենյակի կողմը: Թաթարը գնում է սպիտակ սենյակ, գլուխ տալիս դագաղին, հանգուցյալի ճարտար սառած սպիտակ ձեռքը վերցնում, նայում, շուռումուռ տալիս, համբուրում, կնոջը ցուցում, որ համբուրի:

Այն աղջիկը, որին բժիշկը բուժում էր՝ կատաղած աչքերը փայլատակելով, հարձակվում է նրանց վրա.

― Դու՛ սպանեցիր, դու՛ սպանեցիր: Քեզնի՛ց մատի վարակը կպավ, ի՞նչ ես եկել, քո լակոտը սպանեց...

Թաթարի կինը վախեցած ընկրկում է:

Միքայելը հասնում է, աղջկան ուսերից բռնում, ետ մղում.

― Մեծ տատը բան չի ասում, ես բան չեմ ասում, ինքը մեղք չուներ:

Աղջիկը հպարտորեն քիթը վեր է քաշում.

― Էդ էր պակաս ասեիր:

Սահակը, որ նրանց ետևն է կանգնած, Միքայելին նախատում է կամացուկ.

― Հերիք ա, պրծի, դուրս հրավիրի, շատ ես անվճռական, փորձանք են բերում...

Փոքրիկի ու Սահակի աչքերը հանկարծ հանդիպում են, Սահակը կտրուկ լռում է:

Աղջիկը կանգնում է մեջքով դեպ դագաղը, քիթը տնկում, վիզը հպարտ, ձեռքերը կրծքին խաչած, ասես պաշտպանելով հանգուցյալին, որ չթողնի թաթարն էլի մոտենա:

Միքայելը նայում է գեղազան փոքրիկ ձեռքերից երևացողին:

Դա Վռամի ապագա մայրն է՝ Սիրանուշը:

Վերջ երկրորդ ֆիլմի-միջի-ֆիլմի

Ինգայի ձեռքի ժապավենը վաղուց վերջացել է: Ինգան ժապավենը բաց է թողնում, այն կոլոլվում, հավաքվում է Վռամի ձեռքի շուրջ: Ինգան ծիծաղում է, հետո նայում Վռամին ու ծիծաղկոտ դեմքին տխուր, ցավակցող արտահայտություն տալիս, վեր է կենում, պայուսակը թափահարելով գնում, պիտի հասնի դասի: Կոմայգու կամրջակներից մեկով անցնելիս՝ շուռ է գալիս, ձեռքով անում Վռամին:

Երբ նա էլ չի երևում, Վռամը նայում է իր ձեռքին, մատները շարժում:

 

32

Վռամը սարսափելի հուզված է, գզգզված, զոլավոր բաճկոնով, կրծքի գրպանում՝ կարմիր վարդի գլուխ, բայց վերնաշապիկը կասավառոտկա է: Գնում է դեպ հիմնարկի շենք: Այդ հիմնարկում է նստում Գարեգինը: Դիմացը սյունից կապած է նրա ձին: Ձիու կողքով Վռամը երբ անցնում է, խեթ իրար են նայում մարդ ու ձի: Ձին աչքը թեքում է, նրան հետևում: Սա Պետական վերահսկողության կոմիտեն է՝ Մոսկովյանի վրա: Վռամը պահակի հետ բանակցում է, բարձրանում վերին հարկ... կանգնում դռների առջև, մտածում, թակում դրանցից մեկը, հետո վախվխելով ներս նայում...

― Ի՞նչ եք ուզում, ― ասում է Գարեգինը: ― Մտե՛ք:

Վռամը դռան ճեղք է բացում, ներս սողոսկում...

Մի քանի րոպեից փոքրիկ առանձնասենյակում, որտեղ մի անկյունում թամբն է, սեղանին՝ թղթերի աշտարակ, Վռամն է՝ կարմիր, գզգզված, իսկ Գարեգինը նրան է նայում բարկացած, զարմացած, բայց իրեն զսպելով, ու ասում.

― Ա՛յ տղա, դու մի հատ տղամարդ ազգական չունե՞ս, գա նորմալ հետս խոսի, բան հասկանանք: Դու էս ի՞նչ անհանգիստ տղա ես:

Վռամը գլխիկոր շուռ է գալիս, դուրս գնում:

 

33

Ավետիսը կագեբեի շենքում է, քայլում է նկուղային այն նույն միջանցքով, որով ժամանակին քարշ էին տալիս Պերճի հորը: Համազգեստով է, թևքին կարմիր թևկապ է: Անցնում է, առանց նայելու, այն խցի դռան մոտով, որի պատին Չարենցի տողերն էին: Ձեռքին բանալիների կապուկ է, պտտեցնում է մատի շուրջ, դնում գրպանը:

Բարձրանում է վեր ոլորապտույտ աստիճաններով:

Դուռը ծեծում է, մտնում մի փառահեղ առանձնասենյակ, չեստ տալիս:

Ղեկավարը նրան մոտ է կանչում, մի թուղթ տալիս:

Ավետիսը կարդում է թուղթը. «В связи с превышением должностных обязанностей и поведением, недостойным чекиста, сказавшимся в уничтожении важных улик, доказывающих элементы антисоветской деятельности, приказываю: арестовать Берикяна Саркиса Егоровича. Приказ привести в исполнение немедленно. Серов, Пискунов. С подлинным верно ― Зарубян. Согласен: Микоян»։

― Полковником будешь, ― ասում է ղեկավարը: ― Братец зарвался, перещеголяешь. Хвалю! Вместе работать будем:

Ղեկավարի ետևը Ձերժինսկու նկարն է, սակայն փոքր է, երևում է, որ տեղն ուրիշ, ավելի մեծ նկար է կախված եղել որոշ ժամանակ առաջ:

Ավետիսն անթարթ, ձիգ կանգնած նայում է Ձերժինսկուն, որ աչքերով ղեկավարին չհանդիպի:

Ավետիսը կագեբեի զուգարանում է, էլի նկուղային հարկում: Ինչ-որ մուգ լաքաներ կան ողջ զուգարանը պատող, ասես բոսորագույն կամուֆլյաժ: Դեմքը հպում է պատին՝ լաքաներից մեկին, մի քիչ կանգնում:

Ծորակը բացում է, դեմքը սառը ջրով ողողում, նայում իրեն հայելում: Իր դեմքի փոխարեն տեսնում է Սարգիսի դեմքը, ետևում՝ իրենց հոլիկի առջև Թոխմախը, շիրիմները գնացքի պես իրար են հաջորդում, երկու նոր շիրիմ է նկատվում. Михаил Авессаломов Тер-Габриеля, գրված է մի քիչ մեծի վրա: Чибис, գրված է փոքրի վրա: Մեծն էլ է նորմալ չափսի համեմատ շատ փոքր, հայրանունն ու ազգանունը լրիվ չեն տեղավորվել:

Ավետիսը դուրս է գալիս զուգարանից, միջանցքով քայլում, աստիճանով բարձրանում, կողքից անցնողներին, շփոթվելով, «հայլ» է անում, չեստ տալու փոխարեն, նրանք էլ։ Մոտենում է ղեկավարի դռանը, ծեծում, չեստ տալիս, մտնում, մոտենում ղեկավարին, ծոցից հանում մի թուղթ, դնում առջևը:

Ղեկավարը կարդում է. «Прошу уволить по собственному желанию по семейным обстоя...»

― Ты что, с ума сошёл?

Ավետիսը քայլում է փողոցով, նայում շուրջը. արև է, մայիս, շոգ: Մարդիկ քայլում են ուրախ: Վերևում բզզում է կենդանացած սավառնակը: Հասնում է իրենց նոր բնակարանի մոտ՝ ակադեմիկոսների շենքում, Կասկադում, բարձրանում երրորդ հարկ, նախկին ակադեմիկոս Միսկարյանի բնակարանն է (դռան վրա ցուցանակը չեն փոխել), դուռն իր բանալիով բացում է, ներս մտնում:

Տունը լի է կահկարասիով, գրեթե տեղ չկա շարժվելու: Մի անկյունում ճխտած է Էվելինայի դաշնամուրը, ստեղներով դեպ պատը, վրան ինչ-որ տպավորիչ քանդակ՝ դեմքով դեպ պատը: Անճաշակ վերանորոգում է արված, շատ զիզի պիզի:

Մայրը նստած է բազկաթոռին, կողքին Սարգիսն է կանգնած:

― Переводят в туризм, ― ասում է Սարգիսը: ― Бросают на периферию:

Ավետիսը մոտենում է, գրկում նստած մոր գլուխն ու եղբոր գոտիկը, ճոճում:

― А меня в область искусства. Но подчистую:

― Загнали в бутылку, ― ասում է Սարգիսը։ ― Ну времена!

Մայրը նայում է Ստալինի սրբապատկերին՝ սենյակի անկյունում, որի տակ հանգած մոմ կա, շշնջում է.

― Փառք աստծո, սատանան չկա, տղաներս պրծան:

Ու երեսը խաչակնքում:

Սարգիսն Ավետիսի բաճկոնից անեղունգ ձեռքով ինչ-որ աներևույթ մազի թել է վերցնում, փչում: Հետո էլի շուռ գալիս, կանգնում, երեքով դեմքները դեպ ֆիլմի դիտորդը:

Նրանք երեքով այդպես միասին դառնում են սև-սպիտակ շատ տպավորիչ լուսանկար, ժամանակի սրտառուչ փաստաթուղթ, որ տեսնելուց մարդ հուզվում է:

 

34

Վռամը գնում է փողոցով, մտքում փորձարկում, թե ում ուղարկի Գարեգինի մոտ։ Սառաջևի՞ն: Քեռի Ղազարի՞ն: Ոչ մեկին հարմար չի գտնում, ամաչում է: Քեռի Վանյայի՞ն: Բայց նա ախր չկա: Գարեգինի ձին Պետվերահսկողության շենքի առջև չէ, ուրեմն նա ներսում էլ չէ:

Վռամը քայլում է Լերմոնտով փողոցով, ապագա Սայաթ-Նովայի կողքով, Կարապի լիճը դեռ չկա, այգիներն են կտրում, տները քանդում... Մրգերով ծառերն են խորտակում, մրգերն անօգնական թափվում են գետնին: Վարդը հանում է բաճկոնի վրայից, ուզում է գցել, չի գցում, ձեռքում պտտելով գնում է:

Վռամը տանն է, որը դատարկ, գրեթե առանց կահկարասի է մնացել այն հեռու օրից, ինչ ունեցվածքը քանդեցին-տարան:

Ննջարանում Սիրանուշը նստած է աթոռին, ձեռքը պարզած. քեռի Վանյայի որդին կավ է բերել ու նրա ձեռքն է քանդակում: Սենյակի մի անկյունում կախված է Միքայելի նկարը՝ սև երիզի մեջ: Ձեռքի նկար է, քեռի Վանյայի որդին է արել, քանի որ Միքայելը երբ մահացավ Սիբիրում՝ պարզվեց, որ ոչ մի լուսանկար չկա: Կողքին կախված է Սարյանի արած՝ Պերճի հոր դիմանկարի կրկնօրինակը, կիսատ. Պերճից է մնացել:

Վռամը հյուրասենյակում նստած է, լուռ ու խոժոռ, գլխավերևում Մազմանյանի մատիտանկարն է փակցված՝ Հրատարակչությունների շենքի էսքիզն ու Վռամի մանկական ձեռքի ուրվագիծը: Վռամը զոլավոր բաճկոնը չի հանել:

Դուռը ծեծում են: Վռամը բացում է դուռը: Ավետիսն է:

Վռամի շուրթերը դողում են:

― Կներես, ― ասում է Ավետիսը, ― լավ լուր ունեմ:

Վռամը մի կողմ է քաշվում, Ավետիսը մտնում է հյուրասենյակ, նայում. չի եղել այստեղ մի տասը տարուց ավելի: Նկատում է մատիտանկարը, մի կողմ նայում: Հայացք գցում վերանորոգված պինդ առաստաղին: Նկատում է Սիրանուշի սենյակի՝ ննջարանի փակ դուռը: Քմծիծաղ տալիս, ձեռքն ինքնաբերաբար տանում դեպ գրպանը:

― Դու ուզում ես կինո նկարես, չէ՞:

― Գալիս է առաջին անգամ մեր պատմության մեջ ամերիկյան ցուցահանդես, ամերիկյան գրաֆիկա: ― Մատով ցույց է տալիս մատիտանկարը, շարունակում: ― Շատ կարևոր միջոցառում է: Հետը գալիս է մոտ քառասուն ամերիկացի՝ նկարիչներ, արվեստագետներ, էլ եսիմ ով: Պետք է վավերագրական կինո նկարվի նրանց մասին՝ քրոնիկայի համար: Պիտի անընդհատ նրանց հետ լինես, ողջ նյութդ կտրամադրես ինձ, միասին կնայենք, կորոշենք՝ ինչ սարքել: Տեքստը գրողին հետո կընտրենք, կան արվեստագետներ, շարքային, պատրաստ են անել: Ընկեր Միկոյանն անձամբ է դիտելու:

Հաշվի առ, սա շատ կարևոր առաջադրանք է, սա քո ռեաբիլիտացիան է լինելու, որ էն պատմությունը մոռանան: Թե լավ անես՝ թույլ կտան լիամետրաժ:

 

35

Վռամը եռոտանիով կինոկամերայի միջից նայում է դեպ օդանավակայանի տարածքը: Ձմեռ է, բայց ձյուն դեռ չկա ու երկնքում էլ ամպ չկա:

Վերևում բզզոց է լսում: Նայում է վեր՝ մի փոքրիկ ինքնաթիռ մահվան օղակներ է կատարում: Նա կանգնած է դիմավորողների ամբոխում, օդանավակայանի դարպասի մոտ, քիչ հեռվում Ինգան է կանգնած, մի քիչ այն կողմ՝ Ավետիսը: Մեծ, չորս պտուտաթիերով ինքնաթիռը հռնդյունով վայրէջք է կատարում, գալիս, մոտենում, դիմավորողների դարպասից ոչ շատ հեռու կանգնում: Պտուտաթիերը դեռ լրիվ կանգ չեն առել։ Շարժական աստիճանը գալիս է, կպչում ինքնաթիռի դռանը: Շուտով դռնակը բացվում է, սկսում են իջնել ուղևորները՝ ամերիկացիք:

Հանկարծ տարածքը հեղեղվում է երեխաներով, որոնք, դիմավորողների շարքերից պոկվելով, դարպասի բաց դռնից դուրս են վազում ու օդանավակայանի տարածքով սլանում դեպ ժամանածները: Վերջիններս՝ աժդահա ամերիկացիք, կանայք և տղամարդիկ, կանգ են առնում, նրանց գլուխները շոյում:

― Ծամո՛ն, ծամո՛ն, գա՛մ, գա՛մ, ― գոռում են երեխաներից ամենաակտիվները, բայց կան նաև փոքրիկներ, որոնք պարզապես զարմացած նայում են, ասենք մի չորս տարեկանի քույրիկն է թաթիկից բռնած քարշ տալիս:

Ամերիկացիները կանգ են առնում, գույնզգույն պայուսակներից իրոք հանում գույնզգույն ծամոններ, տալիս երեխաներին, կարծես գիտեին, որ իրենց այդ խնդրանքով են դիմավորելու:

Նրանցից մեկը՝ հսկայական կանաչ բերետով, հանկարծ չոքում է ու համբուրում օդանավակայանի ասֆալտը: Բոլորը նրան են նայում:

Երբ վեր է կենում՝ հայացքով հանդիպում է Վռամի հայացքին. Պերճն է: Վռամն ապշած է: Աչքերին չի հավատում: Ուժ է հավաքում, որ ճիշտ վարվի: Ուզում է գոռալ, բայց զսպվում է: Պերճը թաքուն ժպտում է: Աչքին արցունք է: Վռամին աչքերով իմաց է տալիս, որ միմյանց ճանաչել պետք չէ. Ավետիսը մոտակայքում է:

Ֆլեշֆորվարդ

Վռամը Պերճի ձեռքից բռնած՝ քարշ է տալիս նրան դեպ Պետվերահսկողության շենքը: Պերճը նույն բաճկոնով է, ինչ որ Վռամը նախորդ անգամ, կրծքի գրպանում՝ նույն վարդի գլուխը: Բայց շալվարը ջինս է: Ձիու կողքից անցնելիս Պերճը նրան շոյում է, ձին կարճ, հավան խրխինջ է արձակում:

Ներս են մտնում, բարձրանում երրորդ հարկ. Վռամը դուռը ծեծում է:

― Մտե՛ք, ― ասում է Գարեգինը: ― Ո՞վ է:

Վռամը դուռը բացում է, ներս է հրում Պերճին, դուռը փակում, ինքը դրսում կանգնած՝ ականջը հպում դռանը, փորձելով լսել ինչ է կատարվում:

Ձայն չի լսվում:

Ետուառաջ է անում միջանցքով, ինչ-որ բաներ ասում ինքն իրեն, ձեռքերով օդում շարժումներ անում:

Դուռը հանկարծ բացվում է.

― Վռա՛մ, նե՛րս արի, ― ասում է Պերճն ընկերական քամահրանքով:

Վռամը գլուխը կախ, վախվխելով ներս է մտնում:

Վերջ ֆլեշֆորվարդի

 

36

Ամերիկացիք Գառնիի փլատակները նայել են, ավտոբուս են նստում, ավտոբուսը շարժվում է դեպ Գեղարդ: Ամերիկացիք աղմկում են, երգում: Ինգան թարգմանում է, հարցերի պատասխանում, շատ աշխույժ է: Վռամը նկարում է: Ավետիսը նստած է զգոն, զգաստ, տագնապած: Պերճը հեռու է նստած, ձայնակցում է երգին, Ինգային հարցեր տալիս կոկետաբար, դեր խաղում:

Հանկարծ ավտոբուսը կանգ է առնում. ձյունը շատ է, առաջ չի կարող գնալ: Ճամապարհը ձյունով փակվել է:

Ժողովուրդը դուրս է ելնում. կուրացուցիչ արև է, սպիտակ սարեր, ավտոբուսը կանգնած, շուրջը՝ բազմագույն ամբոխ, որպիսին այս սարերը երբևէ պատմության մեջ չեն տեսել:

― Որքա՞ն ճանապարհ է մինչ Գեղարդ, ― հարցնում է ամերիկացիների ղեկավարը:

Ինգան թարգմանում է:

― Յոթ կիլոմետր, ― ասում է վարորդը:

― Եկեք քայլե՞նք: Հե՛յ, ո՞վ է կողմ, որ ոտքով գնանք հասնենք, ― գոռում է ղեկավարը:

― Այո՜:

Բոլոր ամերիկացիները ձեռք են բարձրացնում:

― Ինչպե՞ս թե ոտքով, ինչպե՞ս թե ոտքով, հեռու է, տեղ չեք հասնի, ― իրար է խառնվում Ավետիսը:

― Յոթ կիլոմետրն ինչ է որ, հինգ մղոն, ― ասում է ղեկավարը: ― Հանգիստ կհասնենք մի քառասուն րոպեում, թե արագ քայլենք:

― Կմրսեք, կհիվանդանաք, ― պաղատում է Ավետիսը:

― Արագ քայլելուց՝ երբեք: Հետո՝ բոլորս տաք հագուստով ենք:

Եվ ցույց է տալիս իրենց գույնզգույն վերարկուները՝ պլաստիկե կտորից, մեջը բամբակ:

― Գայլեր կան այստեղ, ու՜-ու՜, կհարձակվեն... ես իրավունք չունեմ...

― Մենք էլ իրենց հուշտ կանենք՝ ու՜-ու՜:

Ինգան ամենը ճշգրտորեն թարգմանում է, ներառյալ՝ ու՜-ու՜:

Ավետիսը կարկամում է:

― Գնացի՞նք, ― դիմում է ղեկավարը խմբին:

― Գնացի՜նք, ― արձագանքում է խումբը միաձայն:

― Վերջապես, չի՛ կարելի, ինձ գործից կհանե՛ն, արտասահմանցիներին արգելվա՛ծ է առանց ուղեկցի Հայաստանով ման գալ, ― թախանձում է Ավետիսը:

― Դա էլ թարգմանե՞մ, ― ասում է Ինգան:

― Վերջին մասը թարգմանիր, ― ասում է Ավետիսը:

― Դու էլ մեզ հետ եկ, ― ի պատասխան ասում է ամերիկացին:

― Ախր ես ոնց գամ, ախր սապոգս ծակ է:

Բայց նրանք, առանց նրա վրա ուշադրություն դարձնելու, շարժվում են: Իծաշարուկ, սարալանջով, ձյան մեջ խրվելով՝ առույգ քայլում են դեպ Գեղարդ: Պերճն աչքով է անում Վռամին ու Ինգային ու միանում խմբին:

Ավետիսը խուճապի մեջ է: Գրպանից ատրճանակ է հանում («կանացի բրաունինգ»), պարզում վեր, «կկրակե՛մ», գոռում:

Ինգան հարձակվում է վրան.

― Վե՛րջ տուր, հիմմա՛ր: Հիմա էլ ուզում ես ավալանշ լինի՞:

Կանգնում է նրա ու խմբի միջև, մեջքով դեպ խումբը, կրծքով դեպ Ավետիսը, ձեռքերը ծալում:

― Խելքդ գլու՛խդ հավաքիր:

Վռամը, կամերան շալակած, վազելով մոտենում է, ձեռքը դնում Ինգայի ուսին, զսպում: Ուշադիր նայում Ավետիսի ձեռքի ատրճանակին:

Վարորդը հանգիստ գլանակ է վառում, նստում ավտոբուսի աստիճանին ու հետաքրքրությամբ դիտում տեսարանը: Կոնսերվատորիայի նախկին պահակն է:

― Վերջս կտան թե իմացան, ― մրթմրթում է Ավետիսը, իրեն կորցրած:

Բայց ամերիկացիներն իբր չեն էլ տեսել, չեն նկատում, զգում, որ ատրճանակ է հանել, գոռոցներին ուշադրություն չեն դարձնում, մեջքով դեպ նա՝ քայլում են, և վերջ: Ձյունը ճռճռում է:

Ավետիսը վարանելով ատրճանակը պահում է ծոցը:

Չիմանալով ինչ անել՝ նետվում է խմբի ետևից, հետո շրջվում ու ետ վազում.

― Դու՞ք ինչ եք կանգնել, ուրեմն բոլո՛րս պիտի գնանք, առա՛ջ:

― Ես լավ կադրի եմ սպասում, ― ասում է Վռամը, ― մենք կհասնենք, դու գնա:

― Այստեղ հայերին չի՛ կարելի մնալ առանց ուղեկցության: Սա ռազմական զո՛նա է:

― Թող մի քիչ հեռանան՝ որ լավ նկարվի, ― ասում է Վռամը:

Ավետիսը կրնկի վրա պտտվում է, ձյան մեջ թաղվելով ընկնում խմբի ետևից: Թարսի պես էլ սրանք այնքան արագ են քայլում՝ մարշային արագությամբ:

Նորից է շուռ գալիս, մի քանի քայլ անում դեպ Վռամն ու Ինգան, ձեռքը թափ է տալիս, նորից պտտվում, փորձում խմբին հասնել:

Իսկ խումբը քայլում է խրոխտ, ռազմերթի արագությամբ, ասես իրոք ցեռեուում կոփված ծպտյալ զինվոր լինեն բոլորը՝ տղամարդիկ և կանայք. կարծես այլմոլորակային լինեն՝ մեծ, ուժեղ, գույնզգույն:

Վռամը՝ Ինգայի ձեռքը բաց թողնելով, եռոտանին ամուր խրում է ձյան մեջ ու հակվում ակնապակուն:

Բայց երբ նայում է կամերայի միջով՝ խումբը դադարում է լինել այլմոլորակային. ամերիկացիների փոխարեն, նրանց գույնզգույն վերարկուները հագած, երևակվում են այս ֆիլմի շատ ու շատ գործող անձինք. 27-ամյա կոմիսարը, քեռի Վանյան, Չարենցը, Բակունցը, Սևադան, Թոթովենցը, Միքայել պապը, քեռի Ղազարի կինը, Ավեսալոմը, Բեսիկյանը, Գարեգինը, товарищ Гаспарян-ն ու շատ, շատ ուրիշներ... Պերճը կիթառ ունի, ծնգծնգացնում է, ակցենտով երգում «Գորի գորի, մոյա զվեզդա, գորի սիյայ, զավետնայա». նրանք քայլում են խրոխտ, մարզական քայլքով, մինչև ծնկները խրվելով ձյան մեջ: Ոտքներին, սակայն, գույնզգույն վերարկուների տակ՝ խակի գույնի քաթանե շալվարներ են, բոլորի՝ կանանց և տղամարդկանց, և ոտնամանները նրանց մեծ մասամբ փաթաթաններ են, ու ոմանց ձեռքներին կա փոցխ, սառցատապար կամ ուրագ:

Եվ յուրաքանչյուրն անում է իրեն հատուկ մի բան: Քեռի Վանյայի գլխին օդաչուի սաղավարտ է, Անուշի ամուսնու ու 27-ամյա կոմիսարի՝ բուդյոննովկաներ, Սառաջևը քայլում է առանց շուրջը նայելու, գլուխը բարձր, ամբարտավան տեսքով, Նադյան՝ գույնզգույն վերարկուով, սակայն սապոգներով ու դույլերը ձեռքին, Ղազար քեռին կաղնու գերան ունի ուսին շալակած, Աճառյանը թաշկինակը բացում ու միջից ծծովի կոնֆետ է հանում ու առաջարկում կողքից քայլողին, և միայն Միկոյանը չի քայլում. ձնե բլուրին կանգնած՝ ձեռքը դրած ճակատին, որ արևից պատսպարվի (բայց նաև չեստ տալու է նման)՝ հետևում է նրանց քայլքին, դեմքին՝ բեղերի տակ, բարի կիսաժպիտ: Կիսանդրի է:

(Այս ամենը տեղի է ունենում կամաց-կամաց Պերճի երգին փոխարինող՝  Էվելինայի նվագի ուղեկցությամբ, որևէ կլասիկ գործ, Մոցարտ կամ նման բան)

Օդում լսվում է սավառնակի ձայնը. այն մահվան օղակներ է կատարում:

(Երաժշտությունը փոխվում է. Շառլն է երգում)

Կադրը հեռանում է, ասես այժմ սավառնակից դիտվելիս լինի, և իծաշարուկ գույնզգույն գիծը՝ ավտոբուսից ու երկու փոքրիկ կերպարանքից սարալանջով Գեղարդի ուղղությամբ ձգվող, երկարում է: Այդ գծից դեպ կերպարանքներն է նետվում մարդուկը, հետո ետ դառնում ու փորձում գծի ետևից հասնել, հետո նորից: Դիմում է Միկոյանի կիսանդրուն, չեստ տալիս, ինչ-որ բան զեկուցում, հետո էլի նետվում հեռացող օձագծի ետևից: Նրա անզոր փորձերի տեղում ձյունը սևանում է, տրորվում, հետքերն իրար են միանում, դառնում սև ավազանիկ, ասես գզվռտված շներից հետո:

Իսկ գիծը քայլում է անկանգ, ասես մի յուրահատուկ գույնզգույն թրթուր, ու ամենաբարձրից՝ արդեն երևում են Գառնու փլատակներն ու հեռվում՝ Գեղարդը, որոնց փորձում է միմյանց կապել գույնզգույն ոլորվող ու ճոճվող գիծը սպիտակ փայլփլուն սարալանջի վրա:

Իսկ հետո այն դառնում է գունավոր առկայծող բիծ՝ Հայաստանի՝ տիեզերքից երևակվող պատկերի վրա, Արարատի մուգ գագաթների՝ ասես երկու պտուկի նկատմամբ ուղղահայաց, մի քիչ թեք, մեծին ավելի մոտ:

 

Վերջ

 

Ֆիլմի հեղինակի ձայնը.

Ինն ամիս հետո ես լույս աշխարհ եկա: Ոչնչացված կինոյի հաշվին փաստորեն:

 

Էկրանը հանգչում է

2017

 

 


11:57 Սեպտեմբեր 03, 2018