Հրապարակված գրքեր

Կիսելյովի արկածները (հավելյալ)


Երկու դրվագ, որ չմտան «Փողփողան առագաստներ» պատմվածքի հիմնական տարբերակի մեջ.

1.

Որոշեց էքսպերիմենտ ձեռնարկել, ճշտելու համար հաջորդ քայլերը: Կիրակի երեկոյան՝ երբ նորմալ երկրում բոլորը հեռուստացույց են նայում, նա հրահանգեց ժողովրդի կողմից ամենասիրված վարողին՝ որ սա ազդարարի, թե իբր վաղը խրախճանք է լինելու. համբուրելու են Կիսելյովի՝ հրապարակում կախած դիմանկարի ծայրը, ու տակով անցնեն: Ով լավ համբուրեց՝ ստանալու է անձամբ իր՝ Կիսելյովի ձեռքից նրա ավելի փոքր, Ա3 չափսի դիմանկարը, անձնական մակագրությամբ, որ իր խրճիթի կարմիր անկյունում կախի:

Հաջորդ օրը Հանրապետության հրապարակում եռուզեռ էր: Ինչ-որ տղաներ բարձրախոսի մեջ հրահանգներ էին տեղում, տուրիստները նկարահանվում էին Կիսելյովի պորտրեի ֆոնին, ժողովուրդը դուրս էր եկել զբոսանքի՝ երեխաների հետ, որոնց ձեռքին փուչիկներ էին, որոնց վրա գրված էր ռուսերեն. «Վախ մամա ջան վոտ կակայա դոլյա կիսելյովսկայա»: «Այս ամենը դու՞ք եք կազմակերպել», հարցրեց Կիսելյովն իր թիկնապահին: «Չէ, ինչ եք ասում, սա ինքնաբուխ է», հպարտորեն պատասխանեց երիտասարդ գեներալը և իսկույն վազեց դեպի խմբերից մեկը, մոբիլայինի մեջ հրահանգներ տեղալով. «Ա՛ջ գնա, իսկ դուք՝ ձախ, մոռացա՞ք էլի»:

Հրապարակի մեջտեղը՝ վերևում, փողփողում էր հսկա պաստառի վրա՝ Կիսելյովի անծայրածիր դիմանկարը: Հաստ պարաններից ներքևիններն այն կապում էին մեկը՝ շատրվանին, մյուսը՝ մի աննկատ ցցի, որ մնացել էր նախկին Լենինի արձանի պատվանդանի տեղում: Իսկ վերևի պարաններից մեկը կապվել էր Կառավարության շենքի ժամացույցին մոտիկ մի տեղից, մյուսը՝ Պատկերասրահի վերին հարկերից: Դիմանկարը լավ չէր ստացվել ու այնքան մեծ էր, որ ամբողջությամբ այն տեսնելն անհնարին էր: Բայց Կիսելյովը հարմարվել էր այդ անհարմարություններին՝ հանուն գաղափարի, հասկանալով, որ գործն ավելի կարևոր է, քան իր կապրիզները:

Մարդիկ մոտենում էին դիմանկարի ձախ ներքևի ծայրին ու համբուրում այն, հետո՝ նկարի ներքևի երիզի տակով կռացած անցնում, ամեն մեկն աշխատելով որոշակի օյինբազություն դրսևորել այդ սուրբ արարողության պահին, ասենք՝ գլուխկոնծի տալ կամ բլդուղ անել մոտիկ կանգնածին: Ժյուրին՝ բաղկացած մի չաղ աղջկանից, մի խոպոպիկներով աղջկանից՝ որ պես-պես գունավոր շորեր էր հագել, ու մի տղայից՝ որն ականջօղ ուներ ականջում, թեև գիտեր, որ Կիսելյովս այդպիսի բաներ չի սիրում (իսկ վերջինս իր ականջօղը հանել էր հենց այն գիշերը՝ տասնհինգ տարի առաջ, երբ Պուպսոդենտն առաջին անգամ հրավիրեց իր մոտ. ականջինը հանել էր, իսկ պորտի միջինը՝ թողել, թեև լավ գիտեր, որ Պուպսոդենտի կայազորի ռենտգենը դա վաղուց բացահայտել է, բայց նաև հասկանում էր՝ որ եթե քիչ թե շատ ֆռոնդա չդրսևորի՝ ձև չթափի, թե Պուպսոդենտից էլ գաղտնիք ունի՝ Պուպսոդենտն իրեն չի վստահի այնպես, ինչպես վստահում է), քննարկում էր, թե ո՛վ ավելի լավ համբուրեց կամ ու՛մ բլդուղն էր ավելի համոզիչ՝ ու մոտավորապես հինգից մեկին տալիս Կիսելյովի դիմանկարը՝ իր անձնական ստորագրությամբ, որ վերջինս ողջ գիշեր դրել էր, արտադրելով մոտավորապես տասը հազար բնագիր, ինչի պատճառով չէր քնել, սակայն թիկնապահի առաջարկը՝ ստորագրությունն ավտոմատացնել, ռետինե կնիքով փոխարինելով, մերժել էր: Նաև մերժել էր էլեկտրոնային ստորագրություն ստեղծել, շատ բարկացնելով մի ՀԿի ղեկավարի. ՀԿն այդ զբաղվում էր էլեկտրոնային կառավարման զարգացմամբ, և նրա ղեկավարը հույս ուներ, որ գոնե ա՛յդ ծրագրի համար Կիսելյովը փող կտա, բայց ահա, փուստ էր կրակել: Կիսելյովն ասել էր, որ հայ ժողովրդին չափազանց շատ է հարգում, որպեսզի շինծու պարգևներ բաժանի նրան, և հրահանգել, որ իր այդ ասածը բերնեբերան տարածվի, որպես բամբասանք՝ «ամենավերևից»: Նա գիտեր, որ այդպիսի բամբասանքներն ամենամեծ նշանակությունն են ունենում տրոլլագանդիստական կամպանիաներում, դրանք տորթի կտորի վրայի բալի իսկական թարմ հատիկի պես կարևոր են:

Եվ ահա ժյուրիի հրահանգով մի կարմիր բերետավոր հանձնում էր շահածներին պարգևները, իսկ չշահածները տխուր-տրտում մի կողմ էին քաշվում, իրենց երեխաներին բացատրելով, որ այստեղ էլ, ինչպես և ամենուր, ամեն ինչ ծախված է: Ոմանք հոխորտալով խոստանում էին հախիցը գալ էդ ժյուրիի, եթե կարմիր բերետավորներով պաշտպանված չլիներ, հատկապես էդ ականջօղով տղայի, որը երևի Գեյռոպինձիայի շպիոն էր՝ սողոսկած նույնիսկ կիսելյովյան ազդեցության սրբություն սրբոցը՝ Կիսելյովի պորտրե համբուրելու արարողության կազմկոմիտե... Աղջիկն էլ պակասը չէր՝ այնպես էր հագնված, որ իսկույն երևում էր, ով է, ու չնայած պարբերաբար տեղից վեր էր կենում և հայրենասիրական բանաստեղծություններ արտասանում՝ այն էլ հայերեն ու հայկական, հայ պոետների՝ Իսահակյանի, Նաիրի Զարյանի և այլոց՝ Ստալինին և Մայր Հայաստանին նվիրված (մեկ-մեկ էլ՝ թաքուն՝ անհայտ մի բանաստեղծի, որին գնդակահարել էին վերջերս. «Կոլումբոսին Չարենցն երգեց, Պողպատյանին՝ Ֆիդային, Գեյռոպինձիան ներկվեց արյան ծովով գեբեի»), որ կրքերը փոքր-ինչ հանդարտվեն՝ մեկ է իրեն վստահող չկար:

Ամբոխը հագած էր, երբեմն, հայ կոզակների համազգեստ, և երբեմն՝ կապած ուներ կարմիր վզկապներ, նույնիսկ ծերերը, դե, այսինքն հենց իրենք էին ժամանակին եղել հավատարիմ պիոներ, ու մի քանի կարմիր դրոշ ուներ ձեռքին. համենայն դեպս՝ Կիսելյովը խնդրել էր, որ ավելի ժամանակակից պարաֆերնալիա չլինի ամբոխի ձեռքին կամ վրան, Սիենենին ու Մերկելին հավելյալ բամբասանքի նյութ չտալու համար: Կարմիր բերետավորները, եթե տեսնում էին մեկնումեկի դոշին կոլորադ՝ անխնա պոկում էին, գցում գետնին, կատաղի կոխկռճում սապոգատակերով, իսկ հետո հատուկ փոշեկուլերով ներծծում, ու կրողին մի լավ ծեծում՝ որ իմանա, համենայն դեպս, և Հայաստանի անկախության ու սուվերենության վրա ոտնձգություն չկատարի: Հատուկ փոշեկուլերը հատուկ այդ նպատակով գնվել էին, համաձայն տենդեռի, Կիսելյովի քիրվու որդու քրոջ սիրածի զարմիկի ֆիռմայի կողմից, պետբյուջեի փողերով, շտապ, տասնապատիկ գնով Փարիզից՝ արաբների համար արտադրվող հատուկ անվտանգ փոշեկուլերի մոնոպոլիստ հայ օլիգարխից. դա թույլատրելու մասին հատուկ օրենք էր ընդունել Ազգային Ժողովը:

Կիսելյովն, իհարկե, սպասում էր, որ կլինեն ընդվզողներ, գոնե մի երեք հոգի, ու անընդհատ շուրջն էր նայում, հաշվետվություն պահանջում գեներալից, բայց... չկային: Ու՞ր են նրանք, մտածում էր Կիսելյովը: Փողը վերցրել ու չե՞ն եկել: Քցե՞լ են: Նա այնքան միամիտ չէր, որ կարծեր, թե այդպիսիք չեն մնացել: Նա գիտեր, որ կամ Հայաստանի կառավարությունը թաքուն նրանց հետ ինչ-որ ակցիա է պատրաստում, որ իրեն հասարակական կարծիքի բալանս ցույց տա, կամ՝ նրանք առանց կառավարության գիտության ինչ-որ անիրավ գործի նախապատրաստությամբ են զբաղված: Բայց ինչո՞վ: Եվ ովքե՞ր: Բոլոր հնարավոր գեյռոպինդ ՀԿներն ու այլ հաստատությունները նախապես քննվել էին, ազգային անվտանգությանը ծառայող նրանց աշխատակիցները գրել էին առանձին հաշվետվություններ՝ հենց այդ թեմայով, և սակայն ոչ մի հստակ ինֆորմացիա ձեռք չէր բերվել. այնպիսի տպավորություն էր, որ հայ ժողովրդի գիտակից մասը թքած ունի Կիսելյովի պորտրե համբուրելու ու դրա տակով անցնելու արարողության վրա: Իսկ չէ որ այդպես չէր կարող լինել, որովհետև այդպես լինել չէր կարող պատահել երբեք քանի որ երբեք այդպես չէ ոչ մի դեպքում:

Վերջապես մի փոքրիկ, նիհար կիսասփյուռքահայ աղջնակ հայտնվեց, հետը ծանր մի երաժշտական գործիք քարշ տալով սև պատյանի մեջ: Էռոծիկ դիրքով նստելով գունամուզիկ շատրվանի լճակի բազրիքին՝ նա հանեց գործիքը, որը թավջութակ էր, խրեց ջինսե ոտների արանքը (որ կուլտուրական լինի) և սկսեց նվագել այնքան սրտաճմլիկ, ասես արջերը մլավեին: Կիսելյովի աչքերն արցունքով լցվեցին: Թավջութակին գրված էր. «Հարվածենք արվեստով տոտալիտարիզմի բկանը»: Ոմանք մոտենում ու ուշադիր կարդում էին, երկար ժամանակ փորձելով գուշակել այն տառերը, որոնք պտտվել ու գրվել էին թավջութակի ետևի մասում՝ աղջկա մարմնով փակված: Մարդիկ կարդում, գլուխներն օրորում, լեզուները ծպծպացնում ու հեռանում էին գլխիկոր ու մտամոլոր:

Աղջնակը մենակ էր: Նրա բոլոր ընկերները, երևի, գաղթել էին Գեյռոպինձիա: Նա երեկ ֆեյսբուքով ճիչ էր արձակել, ստացել հազարավոր լայքեր, բայց այժմ ոչ ոք չէր եկել նրա կողքին դամ պահելու: Նրան մոտեցավ հաղթանդամ գեղեցկադեմ կարմիրբերետավորը, միասին սելֆի արեցին, դրեցին ֆեյսբուք, հետո կարմիրբերետավորը նրան վերկացրեց ու տշեց, թավջութակը թափահարելով ու ուղղաթիռակերպ պտտելով գլխավերևում, կարծես Բարոն Պամպան, Իլյա Մուրոմեցը կամ Մըսրա Մելիքը՝ իրենց երկկոթ թրերը: Տշված աղջիկը վեր կացավ, ջինսը թափ տվեց, նրան մոտեցավ մեկ այլ հաղթանդամ ու բարետես կարմիրբերետավոր՝ սուր վեր տնկված ծայրերով բեղերով՝ ինչպես մշեցիներն ու սասունցիներն են կրում, ու, բրդբրդելով նրան, սկսեց դուրս մղել հրապարակից: «Թավջութա՛կս», թախանձում էր աղջիկը, հրվելով, իսկ կարմիրբերետավորը նրան հրում էր ու ականջին ինչ-որ բան փսփսում (դա կասկածելի թվաց Կիսելյովին), և աղջիկը նրան պատասխանում էր երբեմն, սակայն քանի որ կարճահասակ էր՝ նրա բերանը երբեմն հպվում էր կարմիրբերետավորի՝ ռետինե համազգեստի մեջ պարուրված հաստ ու պիրկ, մազոտ ուսին, ինչը, սակայն, կարծես թե երկուսին էլ դուր էր գալիս, թեև ռետինի համն այնքան էլ հաճելի բան չպիտի լինի որ: Ուսի մազոտությունն, իհարկե, չէր երևում, քանի որ թաքնված էր ռետինե համազգեստի տակի ուսապարծյանկայի տակ: «Փեսացուն է», Կիսելյովի ականջին հանգստացնող տոնով փսփսաց երիտասարդ գեներալը:

Այդ էպիզոդն այդպիսով կարծես թե վերջացավ, սակայն կրկին ինչ-որ իրարանցման հոտ սկսեց գալ մեկ այլ կողմից: Լսելով աղմուկ՝ Կիսելյովը կարծեց, որ վերջապես իսկական ընդդիմադիրները հանդես եկան: Գեներալն այնտեղ ուղարկեց իր հավատարիմ գնդապետին: Պարզվեց, աղմուկն ընդդիմադիրների հետ կապ չունի, ընդհակառակը: Վերադառնալով, գնդապետը զեկուցեց, որ հայտնաբերված է մի սրիկա, որը Կիսելյովի կեղծ ստորագրությամբ դիմանկարներ էր վաճառում՝ ընդամենը հինգ հազար դրամով, այն էլ փինաչու գործ՝ ստորագրությունը՝ ծուռմռտիկ, իր իրական ստորագրությանը ոչ էլ նման. այդ դիմանկարներն առնում էին նրանք, ովքեր չէին ստացել պարգևը, և կամ նույնիսկ նրանք, ովքեր երբևէ չէին էլ մասնակցել դիմանկարի տակով անցնելու և այն համբուրելու արարողությանը, փորձելով այդ պրիմիծիվ միջոցով խուսափել արարողության պարտադրանքից:

Սրիկային բերեցին Կիսելյովի աչքի առաջ. ցնցոտիներ հագած մարդ էր՝ երևի հիսունհինգ տարեկան, մաշված, բայց աչքերի մեջ հանդգնություն կար:

Կիսելյովն ուրախացավ. մի՞թե վերջապես այլախոհի է բռնել, այն էլ ինչպիսի՛ այլախոհի՝ կիսելյովյան հպատակության սուրբ ծեսը կեղծող...

-         Դու գիտե՞ս, որ քեզ կգնդակահարեն, - ասաց նա:

-         Դե իհարկե, եթե մարդ բարեկամությունից դրդված քո հավելյալ դիմանկարներն է վաճառում՝ պետք է նրան գնդակահարել, - ասաց վաճառողը: - Այն էլ՝ այն մարդկանց, որոնք, քոռուփոշման, դիմանկարդ համբուրելուց հետո անպարգև են մնացել քո իսկ քծիբության պատճառով: Ես Պուպսոդենտին անձա՛մբ նամակ կգրեմ...

Իրադրությունը բարդանում էր: ԶԼՄներն արդեն խռնվել էին նրանց շուրջ ու լսել վաճառողի վերջին խոսքերը: Այժմ նրան սխալ կլիներ կախել:

Հոխորտանքը ժողովրդի մեջ ավելի ու ավելի լսելի էր դառնում: Գեներալը, սև սապոգի մեջ թաքնված իր հոտավետ մատնածայրերի վրա ելնելով (հոտը, չնայած չէր երևում՝ զգացվում էր, երբ գեներալը շատ էր ձգվում մատնածայրերի վրա, երևում է պարծյանկան բացվել էր)՝ տագնապած հայացքով նայում էր հեռուն՝ ժողովրդի անծայրածիր ալիքին, որը կամաց-կամաց ավելի ու ավելի էր խմբվում Կիսելյովի, վաճառողի ու կարմիրբերետավորների շուրջ: Նրանց գլխավերևում քամու պինդ հարվածներից առագաստի պես բմփալով փողփողում էր նրա պորտրեն: Երբեմն քամին բոքսում էր պորտրեն, ու Կիսելյովի հսկա երեսը ներս էր ընկնում, կարծես ռուս պոետի ասածով՝ «այնտեղ, որտեղ մարդկանց մոտ ուռուցիկ է՝ նրանց մոտ գոգավոր է»: Լավ է պարանները դեռ դիմանում էին ու չէին պոկվում: Կիսելյովը հատուկ պահանջել էր ստուգել՝ որ տեխնիկական անակնկալներ չլինեն, թե չէ նա լավ գիտեր այդ պրովինցիալ Արմենիաները՝ երբ խոստանում են որ ամեն ինչ լավ կանցնի՝ ու մեկ էլ տեսար, ասենք, ամենագլխավոր պահին՝ հենց որ Պուպսոդենտը եկավ՝ լույսն են կտրում:

Հանկարծ Կիսելյովի գլխով մի հանճարեղ միտք անցավ: Մտովի, նա դմբուզը խփեց իր իսկ սեփական, Հիմլերի սանրվածք հիշեցնող կատարին և մտքում բացականչեց. «Կա՛ դեռ վառոդ այս վառոդապարկում»: Հետո պրոֆիլը թեքեց դեպի ԶԼՄները, ինչպես սիրում էր անել թեման կտրուկ փոխելիս, ու բացականչեց, դիմելով ժողովրդին.

-         Հարգելիներս, ներողություն եմ խնդրում, որ թերագնահատել եմ ձեր հավատարմությունը դեպի իմ նսեմ անձը: 

Վաճառողին.

-         Ապրե՛ս, մահկանացու՛, տու՛ր այստեղ քո դիմանկարները, ես դրանք բոլո՛րն եմ առնում: Վճարե՛ք նրան տասը հազար դրամ յուրաքանչյուր իմ դիմանկարի համար՝ Հայաստանի բյուջեից, - ասաց նա գեներալին և շշուկով ավելացրեց. – որից հետո կմորթեք:

Ժողովրդին.

-         Եկեք այստեղ, բոլորդ, բոլո՛րդ եկեք. ես անձա՛մբ կստորագրեմ այս նկարները. ո՛չ ոք անպորտրե չի հեռանա, ո՛չ ոք անպորտրե չի մոռացվի:

Գեներալին.

-         Մի գրիչ տուր:

Ու սկսեց ստորագրել իր ֆառշ պորտրեները:

Ժողովուրդն ալեկոծվեց: Մի քիչ էլ սպասեցին, նայեցին, մի քիչ էլ գռմռացին ու սկսեցին ցրվել: Փոխարենը մեկիկ-մեկիկ մոտենալ սկսեցին՝ ստորագրված դիմանկար ստանալու: Սկզբում մոտեցան Ռուս-հայկական համալսարանի ուսանողները, հետո՝ Մոսկովյան համալսարանի տեղական մասնաճյուղի սաները, հետո կամաց-կամաց, տեսնելով, որ նա բոլորին անխտիր դիմանկար է տալիս և կամ եղածը թարմ ստորագրում ֆառշի ուղիղ վրա՝ մյուսներն էլ:

Մեկը նույնիսկ փորձեց համբուրելուց հետո ծամել փողփոփացող պորտրեի պաստառի հաստ ծայրը: «Շա՛տ եմ սիրում է՛ էս պորտրեն, շատ, շատ... Նենց եմ սիրում շտո կուշած մագու»: Նրան հազիվ պոկեցին պաստառից. ատամները սեղմել էր ու բաց չէր թողնում: Համենայն դեպս, հաջողացրեց պաստառից մի աննշան կտոր պոկել ու, արագ-արագ ծամելով, խեղդվելով կուլ տվեց:

 Մի աղջիկ հիսթերիկայի մեջ ընկավ.

-         Ինչպե՛ս չեք ամաչում. ի՛նչ եք դուք դարձնում մարդկանց... տեսնու՛մ եք ինչպես են նրանք տառապում, իսկ դուք... Փոխանակ այնքան պորտրե մատակարարեք, որքան պետք է...

-         Դեֆիցիտն են վերադարձնում, - ատամների արանքից ասաց մի տարեց քննադատ, ստամոքսի խոցից մեկընդմիշտ աղավաղված դեմքով, նրանցից՝ որոնք բոլոր ամբոխներում էլ պատահում են:

Կիսելյովը գրեթե ուրախացավ. – Ահա՛, ահա՛ տասը տոկոսայինները, - մտածեց մտքում:

Բայց կրկին բռնկվող կոնֆլիկտը սկսեց հանգել-մարել, երբ ինչ-որ բանով ձմեռպապի նման մի ջահելոտ ծերուկ մոտեցավ՝ դոշի առատ մեդալները զրնգացնելով: «Ես համբուրում եմ այս պաստառը հանուն Մեծ Հայրենականում մեր համատեղ զոհերի...», խորիմաստ ասաց ծերուկը, վարժ կռանալով ու, պաստառի տակով անցնելուց հետո՝ ծայրը համբուրելով:

-         Ապրե՛ս, հալիվոր, - քաջալերեց գոհունակ Կիսելյովը: Ծերուկը նրան աչքով արեց ու հեռացավ: Կիսելյովը հասկացավ, որ ծերուկը ծպտյալ մերոնքականներից էր: Դժվար էր կողմնորոշվել այդ քաոսում: Ոչ մեկին վստահել չէր կարելի: Նույնիսկ ամենաանկեղծ համբուրողին: Կամ՝ մանավանդ: «Նույնիսկ ինքս ի՞նձ», մտածեց Կիսելյովը, պրոբլեմատիզացված:

-         Այ այսպիսի՛ զինվորներ են մեզ պետք Նովոռոսիայի համար, - մտքերի հետ զուգահեռաբար՝ շարունակեց Կիսելյովը: - Օրինա՛կ վերցրեք սրանից, երիտասա՛րդ, - ասաց նա ստամոքսի խոցովին... - Եվ Ղարաբաղի, - քիչ մտածելուց հետո, ավելացրեց Կիսելյովը. այդ բառերը հազիվ թե հասնեին Ադրբեջան, և արժեր այս պահին ռիսկել՝ էլ ավելի աչոկ հավաքելու համար:

«Այ դրա՛ համար եմ ես ինքս ինձ սիրում, - մտածեց Կիսելյովը, գժի պես շարունակելով ստորագրել նկարները: - Այ այդ հանճարեղ պոռթկումների՛ համար»:

Այդպես ավարտվեց այդ վտանգավոր, բայց փառահեղ էպիզոդը՝ մի քանի օր առաջ:

 2.

Երեխաների ստեղծագործականությունից խրախուսված՝ Ալտերնատիվ գրողների միության նախագահը գալիք իրադարձությունների առիթով արձանագրեց հետևյալ ստեղծագործությունը, որն առաջին անգամ արտասանեց հայ-ճապոնական գրողների խնջույքի ժամանակ (ճապոնացիներին փորձում էին համոզել՝ դավաճանել իրենց ավանդական բարեկամ Ավստրալիային. Հայաստանն այդ հարցում միջազգային մեկուկես մակարդակի ու քաղաքացիական դիվանագիտության, ինչպես նաև մարդուց մարդ կոնտակտների կարևոր դեր էր կատարում, քանի որ Ռուսաստանի հետ Ճապոնիան չուներ).

Կիսացույցը կիսելացույց

Հեռուստակեսը կզաքիս

Միշտ քեզ հետ եմ ես իմ քիս-քիս,

Դու իմ Ավստրալիա իմ բիզ-բիզ,

Ուղուց շեղված դու ռաբիզ,

Կեսը ինձ տուր իսկ քեզը՝ քիզ,

Ախ ջրային դու իմ պիզ-պիզ:

Կիսելը կես, ու իմը ինձ,

Իսկ քեզը՝ քեզ,

Ու ինձը իմ, իսկ ընձուխտը՝ թշնամիին:

Կիսելը Լյով, իսկ կեսը՝ կով,

Կհասնենք Լվով, ջհանդամը Լվիվ,

Կծու, թթու, ծծմբաթու,

Ա՜խ, իմ ազգի դու համբավով

Ինչպե՞ս պիտի քայլես մթոմ,

Դու Կիսելյո՛վ Սեմիռամիդ...

Աբիսողոմ... Աբիսողոդ...

Խմբագիրն առաջարկել էր գրել «մթում», ոչ թե «մթոմ», բայց համառ ստեղծագործողն առարկել էր:

Բայց, որքան էլ տարօրինակ է, առաջին մրցանակ ստացավ մեկ այլ գործ: Նրան ի պատասխան մի երիտասարդ պոետ փռթկաց ու արտասանեց ճապոներեն իր գրած՝ էլ ավելի ուժգին մի շռնդալից տաղանդություն, վերնագրված՝ «Դեգային».

Մարդը ծիկում է կանանց բաղնիքի պատի ծակերից... պիտի զեկուցի իր վերադասին...

Գուցե շպիո՞ն է նա...

Բոզ մերկությա՛ն չէ, որ հետևում է հայացքս (ավա՞ղ).

Պարտքի՛ս ազգային...

Գրականագետը հետագայում գրեց այս խիզախ ազատաշունչ գործի մասին իր «Դժվար ժամանակների անողորմ ֆիքսացիա» վերնագրով հոդվածում, որն ուներ «Ի խորոց ինտերնետի՝ խոսք ընդ ֆրանսացուն» ենթավերնագիր (հույս ուներ Ֆրանսիայից փող ստանալ գիրք հրատարակելու համար). «Արդյո՞ք դա արվեստ է, չէ՞ որ չափազանց կոնտեքստային է... Սակայն ինչ էլ լինի՝ այս նրբագեղորեն էռոծիկ և անաքրոնիկ ստեղծագործության  հայացքի գամվածությունը ոչ միայն և ոչ այնքան ազգային պարտքին է, այսպես ասած՝ «ճիտին», որքան նաև, ըստ երևույթին, այն ամոթին և անելանելիությանը, որ քնարական հերոսը զգում է՝ ստիպված ծառայելով և, երևի, գործ տալով օտար ուժին, պատմական իրադրությունից ելնելով, որի ստինքները ճոճվում են հենց իր քթի տակ, սակայն խաղողը կանաչ է: Նա գնում է կոմպրոմիսի, փորձելով արդարացնել այն ավելի մեծ, ազնվազարմ պատմական նկատառումներով, սակայն հաջողվու՞մ է դա արդյոք նրան... Այդ առումով այս գործը կարող է համեմատվել հանրահայտ ռուսական հնադարյան դասական բանաստեղծական տողին և կամ նույնիսկ համեմվել նրանով. «не корысти ради, а токмо волею пославшей мя жены»...

«Какую биографию делают ай да сукину Киселёву!», կարդալով այդ հոդվածը, բարի նախանձով ասաց ռուս մի գրականագետ, որն աշխատում էր «Ռուս սովետահայ մատնագրության էռոծիզմը» դիսերտացիայի թեմայի վրա ու այդ առիթով գործուղվել էր Հայաստան՝ Մատենադարանում պահված կագեբեի արխիվների որոշ տասներկուերորդ դարի ձեռագրերի ծանոթանալու համար. ասում էին, նրանց թվում կային կագեբեի նկուղների պատերից քերած մերկ կանանց ֆրեսկոներ:

 

 


15:08 Մարտ 19, 2017