Արձակ

Գարնան նիսան ամսվա 24-րդ օրը


«Ծանր է գիտակցել, որ ճանապարհը դեպի դեմոկրատիա անցնում է Եղեռնի լեռան միջով. պետք է այն ճեղքես` որ դուրս գաս մարդասիրության լայն խճուղի: Ծանր է եզրակացնել, որ այդ ուղին անխուսափելի է բոլորի համար` կամբոջացիների, գերմանացիների, ռուսների, նույնիսկ ազատասեր Ամերիկայի (որ երկար ժամանակ մարսում էր բնիկներին և սևամորթներին): Մի բան միայն կարելի է նկատել. Եղեռնի փակուղուց զորում է դուրս ելնել ու ազատ շունչ քաշել այն երկիրը, այն ժողովուրդը, որ ապաշխարում է իր արվեստով, իր գրականությամբ: Եթե մեր իսկ մեղքը կար մեր Եղեռնում` մենք ապաշխարեցինք Չարենցով և դեռ էլի, անընդհատ պիտի ապաշխարենք: Ամերիկյան գրականության լավագույն էջերը (Քուփըր, Թվեյն, Ֆոլք-նըր) նույն ցավին են նվիրված: Ահա հայտնվեց աշխարհին Սալման Ռուշդին` քավելու համար նաև պակիստանցիների մեղքը ոչ մուսուլման հնդիկների Եղեռնում: Սարսափելի է հասկանալ, թե ինչ տարտարոս է ազգային մեծ գրողի հոգին, որը ստիպված է, իր ազգի մեղքը քավելու մարմաջով բռնված, գրեթե ատել սեփական ազգն ու նրա կրոնը: Բայց այն հանգամանքը, որ այդ գրողն ապրում է ցայսօր, չնայած մահապատժի սպառնալիքին, չնայած թաքուն, և որ այդ գրողին ծնել է հենց այդ երկիրն ու այդ կրոնը, հույս են ներշնչում, որ նրանք էլ դեռ սպառված, ամուլ չեն, որ նրանք էլ դեռ քաղաքակրթման ենթակա են: Նաև ուրախալի է, որ մարդկության մասշտաբով, Ռուշդիի շնորհիվ զգում ես մարդկային հանճարի անսպառ լինելը, և քո կյանքի օրոք, աչքերիդ առջև կապն է հաստատվում Մարկեսից` Ռուշդի:»

Տես «Գարնան «նիսան» ամսվա քսանչորսերորդ օրը» էսսեն ամբողջությամբ, 1990 թ. գրված և հրապարակված և հետագայում տեղ գտած «Հրապարակ նկուղ» գրքում (2012): 


13:37 Հունվար 07, 2017