Հրապարակված գրքեր

Հրապարակ նկուղ


Այստեղից կարելի է ներբեռնել «Հրապարակ նկուղ» գիրքն ամբողջությամբ, ազատ օգտագործման համար:

Հրապարակ նկուղ / Գ. Տեր֊Գաբրիելյան։ Էլեկտրոնային տարբերակը հրատարակության պատրաստեց Մ. Յավրումյանը, տառատեսակը՝ Ռ. Թարումյանի (Արիան Գրքի), լուսանկարները՝ Հ. Հովհաննիսյանի, գրքի տպագիր տարբերակի ձևավորումը և էջադրումը՝ Ն. Հարությունյանի.— Եր.։ Յավրուհրատ (http://yavrumyan.blogspot.com/p/ebook.html), 2013.— 358 էջ։

Գիրքը պարունակում է 1981֊1992 թվականներին գրված և 1985֊1992֊ին մամուլում մասամբ հրապարակված գործեր, որոնք պատկանում են տարբեր ժանրերի՝ հրապարակախոսական կամ գրականագիտական հոդված, պատմվածք, էսսե, ինտերվյու, նաև՝ արձակի թարգմանություն։ Անցյալի տեքստերը և նրանց պատմությունը մեկնաբանվում են վերջերս գրված ծավալուն ծանոթագրություններում։ «Նախատեսված է դպրոցական բարձր տարիքի համար»։

Նկարազարդումները ներկայացնում են գրքում ներկայացված նյութերի նկարազարդումների կրկնօրինակները՝ վերցված ժամանակի մամուլից։

Գրքի ստեղծմանն աջակցել է ՍՄԻԼ հիմնադրամը։

--

Սկզբում գրողը սկսում է գրել իր ուժից, իր ուժի հրճվանքից, այո՞։ Գրողը սկզբում չի տանջվում, հարց էլ չի դնում, ինչու՞ է ինքը սկսել գրել, ի՞նչ է ուզում ասել։

Ընթերցողը որ գրածդ կարդա՝ պիտի կարդալ իմանա։ Կարդալ իմացող, արդե՛ն իմացող ընթերցողին, սակայն, քո գրածը գուցեև պետք չի, ինչը որ դու գրում ես՝ ինքը գուցե քեզնից լավ գիտի։

Դու, ուրեմն, գրում ես կարդալ չիմացողի համար, անփորձի համար, որը զբաղված է, ժամանակ չունի, շատ խիստ ծանրաբեռնված է գործով։ Գրողի հույսն ի՞նչն է. որ իր նախորդ գրածը կարդացել էին, որ գիրն ավարտվել էր՝ իսկ իրենք չէին բավարարվել. «Է՛ս ինչ էր...»։ Եվ որ ուրեմն պատահաբար եթե այս նոր գրածը հայտնաբերեն՝ մեջը հին ծանոթ բան ու շարունակություն կփնտրեն, անպետք այդ առարկան չեն շպրտի, միջից ծանոթ ճանաչելիություն կփորեն, կպահանջեն։

Այսպես՝ լսողից զուրկ, և իմանալով, որ լսող չունի, և իմանալով, որ լսողը գիտի, որ ինքը տեղյակ է, որ որբի պես մի բան է...

1984

--

այնօրը՝այսօրից. 

արձակ. 

պատմվածք, վիպակ, էսսե, թարգմանություն, հարցազրույց,  հրապարակախոսական և գրականագիտական հոդված.

Գրքի հերոսներն են Մկոն, Առյուծաբաշ Ռիչարդը, Հրանտ Մաթևոսյանը, Աղասի Այվազյանը, Վահագն Գրիգորյանը, Կարեն Գևորգյանը, Յուրի Տրիֆոնովը, Միխայիլ Բախտինը, Ռոման Բալայանը, Զարիկյանը, Կենձաբուրո Օեն, անկախացած Հայաստանն ու այլք

«չնչին արարքից մինչև ամենախոշորը՝ չափանիշը հերոսականությունն է, ճիշտ գործելու միակ հնարավոր եղանակը՝ հերոսաբար գործելն է»

«մեզանում գողությունը սուրբ հիմք է փնտրում՝ երեխաների ապագան»

«կարգին մարդիկ այսօր կրկնակի են պատժվում, ինչպես միշտ. նախ՝ վարկաբեկվում են մեղավորի կողմից, հետո՝ խոտանվում նրա փոխարեն»

«Լենինն օպորտունիզմ անվանում էր հենց այն գործելակերպը, որի ամենափայլուն ներկայացուցիչն ինքն էր»

«հենց այն, որ դու ուզում ես ջնջել, նշանակում է, որ դու չես ջնջում, քանզի այդ յոթանասուն տարին են քեզ ներարկել ջնջելու այդ մոլուցքը»

«մեզանում ստեղծագործության սպանման հարուստ զինանոց կա»

--

« 91-ի ցուրտ ու մութ օրերին ես ու Սուրեն Գեղամյանը հրատարակում էինք «Անկախություն» թերթը: Աշխատում էինք ահավոր պայմաններում: Մի բաժակ տաք թեյը պարգև էր թվում: Բայց մենք ամենից շատ հոգու ջերմություն էինք փնտրում: Ու գտանք Գևորգ Տեր-Գաբրիելյանի ստեղծագործությունները, որոնց ուժն ու ջերմությունը թերթի միջոցով փոխանցեցինք նաև մեր ընթերցողին: Շնորհակալություն, Գևորգ ջան, այն տարիներին մեզ հոգեպես սատարելու համար: Շնորհակալություն, որ այդքան գնահատող ես: Շնորհակալություն, որ կաս: Քեզ շատ եմ սիրում»:

Երազիկ Գրիգորյան

 

 


18:45 Մարտ 17, 2020