Բեռդի Խռդոն, կամ Համլետն իմ կյանքում
Բեռդի Խռդոն, կամ Համլետն իմ կյանքում
Տիգրան Պասկևիչյանի՝ վերջերս թողարկած «Համլետ ջան» ֆիլմը[1], ինչպես նաև Գայանե Շագոյանի հրապարակած պատմությունը՝ «Համլետի» վերլուծության վերաբերյալ Աֆրիկայում[2], հիշեցրին կյանքիցս մի դրվագ:
1980-ին արդեն «ներս» էին սողոսկել ո՛չ միայն, ասենք, Բիթլզը, Լեդ Զեփփըլինը, Րոլլինգ Սթոունզը, այլև՝ «Ջիզիզ Քրայստ Սյուփըրսթարը»: Եվ դա, իհարկե, երկրաշարժ էր, քանի որ ցույց էր տալիս, որ երկաթյա վարագույրից այն կողմ կյանքը մեռյալ չէ, և եթե օպերայի ծանրաքարշ ժանրը մեզանում մեզ՝ երիտասարդներիս համար չաղ երգիչ-երգչուհիների ու ծանրաշարժ դեկորների ձանձրույթ էր, ապա աշխարհը զարգանում էր, նորացնելով նաև օպերայի ժանրը, և ահա՛՝ ռոք-օպերա՛, այն էլ ինչպիսի՛՝ հանճարեղի մոտ:
Ֆուտբոլ խաղալուց զատ՝ ընկերս սկսել էր ևս մեկ ընկերոջս հետ կիթառ նվագել և երգել, իհարկե, Բիթըլզ երգել, և լա՛վ երգել: Արդեն գրեթե խումբ էին, մնում էր փիառը, որ աշխարհը դղրդացնեն: Եվ մի օր Կարենն ինձ ասաց.
- Ա՛յ, դու գրող ես, մի հատ գող-օպերայի լիբրետո գրիր մեզ համար, երաժշտությունը մենք կստեղծենք:
Ուռա. ա) գրական ճիգերս գնահատվել էին, բ) ուրիշ էլ ինչ կարող էր համարժեք պատասխան լինել «Ջիզիզ Քրայստին», եթե ոչ հայկական գող-օպերան, ռոք-օպերան՝ գողականների կյանքից:
Ուրիշ էդպիսի թեմա չէր կարող լինել:
- Չափածո լավ չեմ գրում, - համեստացա:
- Բայց Շեքսպիր սիրում ես, չէ՞: Խառը գրիր:
Դե արի և գողական սյուժե գտիր: Ես ուր՝ գողականն ուր: Լրիվ խոսք չտվի, բայց աչքի տակով սկսեցի դեսուդեն նայել:
Ես այդ ժամանակ գարեջուր դեռ շատ չէի սիրում՝ քիմքուղեղս չէր սովորել, մանավանդ մեծ կռուժկով թե խմում էի՝ պիտի գնայի տուն և անջըտված քնեի, որ գլուխս պարզվեր: Սակայն, անգործությունից և ընկերանալու անհագուրդ ցանկությունից դրդված, երբեմն միանում էի համակուրսեցուս՝ Գիգուլին: Այս անգամ էլ եկանք-հասանք Լենինի-Գլխավոր պողոտայի խաչմերուկի մոտ, Չարենցի նոր բացված տուն-թանգարանի դիմացի մայթ, չբեր Կրուպսկայայի անվան Մարգարյանի ծննդաբերականի կողքը. էնտեղ էսօրվա խաղալիքների խանութի տեղը ջրերի խանութ էր, գարեջուր էին տալիս:
Վաճառողուհին լցրեց լիտրանոց գավաթները, փրփուրը լիզեցինք, փողոցում կանգնած՝ ըմբոշխնում ենք դառնությունը: Մեկ էլ տեսնենք՝ «Աերոֆլոտի» դրամարկղների հայտնի շենքի տակ բազմություն է հավաքված: Գիգուլն ապրում էր այդ շենքում: Խմեցինք, Գիգուլն ասաց. «Գնանք-նայենք, տեսնենք ինչ է եղել», բայց ես հավես չունեի՝ ամբոխ չէի սիրում, գլուխս էլ արդեն ծանր էր, գնացի տուն քնելու:
Մյուս օրը Գիգուլը պատմեց.
- Բա չես ասում, դու մի ասա Բեռդի Խռդոն իրան դուրս էր գցել տասներկուերորդ հարկի իրենց բնակարանի պատուհանից մոր հետ:
- Բեռդի Խռդո՞ն: Բա ինքը նստած չէ՞ր:
- Ապե, սենց հաշիվ ա. իմացել էր, որ հոր մահից հետո իրա մերն իրան լավ չի պահում...
- Պա՛հ, - ասացի:
Առաջին արարը. բանտ եկած մի սալագ Խռդոյին լուր է բերում, որ իր մերն իրեն էնպես չի պահում, ինչպես վայել է օրենքով գողի այրիացած մորը:
- Կասեմ, Խռդո ջան, կասեմ,
Մենակ խոսք տուր չպիզկես:
Խռդո (ոտքը հատակին պառկեցված սալագի վզին դրած).
- Ասա՛, ստահակ, թե չէ,
Որ իմացա խաբել ես՝
Մոր ու քուրըդ քաղաքում
Մեծ կտոր ականջներեց:
- Վայ, վախում եմ, Խռդո ջան,
Մեղք եմ, որբ եմ ես միակ,
Մայրիկիս պիտի պահեմ,
Մի՛ սպանիր դու սուրհանդակ:
Խռդո (իբր՝ մտքում, մոտենալով բեմափին՝ ռամպային).
- Թող ինձ ասի, գեշ լուր բերած,
Թե իր լուրը գլուխ գոված
Դուրըս չեկավ՝ կըսպանանեմ,
Դուրըս եկավ՝ ... կանեմ,
Որ իմանա,
Ո՛նց ինձ հուզել,
Հունից հանել,
Կատաղեցնել,
Կրճտեցնել,
Թե ասնավանին-ասնավանին-ասնավանին՝
Է-է-է բացակա՛՛՛:
Հաջորդ արարում, լրաբերի հարցերը լուծելուց հետո, Խռդոն բանտի պարետից խնդրում է, որ իրեն երեք օր արձակուրդ տան:
- Բա ո՞նց եղավ, որ ձիրոն թողեց, - հարցնում եմ Գիգուլին:
- Տղեքը համաձայնել էին, աբշչյագը տվին ձիրոյին:
Խռդո.
- Դու է՛լ ունես մեր, չնայած
Ձիրո եղած քո հալին,
Դու է՛լ ունես պատվո պահանջ,
Շակալ, թեպետ, քո բախտին:
Տղերքի խոռը.
- Մեր ընգե՛րն ա, իրավունքով,
Օրենքով ու կնունքով,
Ծանրակշիռ, արդար, կորով՝
Կե՛ս աբշչյագը ըտենց գորձին:
Դու թագակի՛ր մեր պետուշոկ,
Գնա՛, ստեղծի՛ր քաղաքում շոկ:
Ձիրո.
- Ապե, ես ձեզ գիդես ըշքան
Եմ հարգում և համակրում,
Բայց դե գլխիս վըրեն, գիդես,
Բեռդաբաժին մինիստրության,
Է՛լ ռայկոմի ինսպեկտորատ,
Է՛լ ինսպեկտոր, է՛լ իրա ճուտ,
Է՛լ ճըտի յար, հերը՝ ձեպուտ,
Էդպես վերև՜, Զակֆեդեռաց,
Հե-հե՜, մինչև Բրեժնև մեռած:
Խոռ.
- Աբշչյագի կես ու մի հատ այծ:
Ձիրո.
- Պարծիայի շեֆ ու իրա քաձ:
Սըրան՝ բաժին, նըրան՝ կուսոկ,
Դուք գիդեք ե՞ս եմ տենց կուսո:
Խռդո (խոռին).
- Շնորհակալ եմ, աչքիս վրա,
Դուք, տղեք ջան, կոտր չեք մնա,
Հենց որ էթամ, հարցը լուծեմ՝
Թե ձեր մոտ էլ տենց հարց ծագի՝
Վիժվածք ըլնեմ, թե չըմուծվեմ:
Խոռ (Խռդոյին).
- Ախպե՛ր, հալալ, մի՛ կասկածի,
Մենք է՛լ ենք ծիլ՝ սուրբ մոր ծծի:
Մենք չջոգենք՝ էլ ո՞վ ջըգի,
Սու՛րբ է պատիվը նանիկի:
Խռդո (ձիրոյին).
- Էսքան հալալ տղու խաթեր՝
Ես ըլնեի՝ կաճեր թևեր,
Մի՞թե խիղճդ սև է էդքան...
Ձիրո.
- Լռի՛վ աբշյագ:
Խոռ.
- Իրե՛ք մըլյոն:
- Լռի՛վ:
- Կե՛սը:
- Բա կագեբո՞ն:
Զոն նայող.
- Տղե՛ք, էստեղ հաշիվ նիսյա.
Կա՛մ մեր ընգեր՝ էրեսը պարզ,
Կա՛մ մենք սաղըս՝ ազնիվ նվազ:
Թասիբը մեր իրե՛ք աբշչյագ
Տո չէ՛, չո՛րս էլ կտա վռաշչագ:
Սակարկելու տե՛ղը չէ սա,
Տա՛նք, թող ճողվի՛, ծբի ղուշակ:
Բեռդի խոհարարուհի
(դուրս է գալիս առաջնաբեմ, չաղլիկը, և պարում է սոլո, իսկ շուրջը՝ փոքրիկ խոհարարիկները, ձեռքներին՝ խոհանոցային դանակները. բոլորը սպիտակ են հագած, թասակներով են).
- Այ՛ դուք ապրեք, դուք՝ հայի զարմ,
«Մո՛րըս համար՝ ջիգյա՛ր կըտամ»:
Որ դուք էդպես ազիզ գյադեք՝
Ես ձեզ էսօր խավարասեր
Տոտիկներով խաշի տեղակ՝
Պեռաշկի՛ տամ, հու՜յժ կարկանդակ,
Մեջը՝ հալալ կռըսի մըսով,
Լըզեք մատնե՛րդ հավեսով:
Խոռ.
- Գնաս, ախպեր, ու լյա՜վվ հետ գաս:
Ձիրո.
- Իրեք օրից զրո-զրո:
Խոռ.
- Ջան-ջիգյարով մորըդ տենաս,
Սուտ լուրերը ճըզմես վըրով,
Կարոտն առնես,
Սուրբ Էրևան
Ասֆալտ պագնես...
Ձիրո.
- Թե չէ՝ գուբա:
Սա՛ղըդ՝ տռուբա:
Ես՝ ձե՛զ փեշքյաշ,
Կյանքըս՝ ղումար:
Խռդոն խոհարարուհու ձեռքից համենայն դեպս վերցնում է երկար և կեռ խոհանոցային դանակը, պահում երկարափեշ մաքինթոշի տակ և բեմից դուրս է գալիս:
- Հետո՞, - ասում է Կարենը:
- Հետո՝ նա գալիս է քաղաք և, տուն բարձրանալուց առաջ, «Աերոֆլոտի» շենքի տակ մտախռիվ քայլում է ետ ու առաջ և իր գլխավոր մենախոսություններից երկրորդն է արտասանում (ընդամենը կլինի երեք մենախոսություն).
- Մա՛յր իմ, տվիր դու ինձ ծնունդ...
Վաղամեռիկ հորըս պանդուխտ
Ճկույթիցը ռեխըս ելավ,
Ու ես դարձա հորըս կոպիա,
Իրա պես զոր, իրա պես տաք,
Իրա պես մոր և մանուշակ:
Ինչի՞ պիտի իրա երդում
Դու կուլ տված՝ ապերախտ մեր,
Խայտառակե՛ս սաղիս բեռդում,
Մինչդեռ մեր ազգը հարատև,
Թուրքի ձեռով կորած-ջարդած,
Հազիվ վերքն է լիզում պառկած,
Ժեռ Սովետի ջանը գրկած:
Ինչի՞ պիտի ինձ պարտքի մեջ
Դու թաթախես, անես կալմեջ,
Որ սաղ կյանքըս սըտրուկ դառած՝
Աբշչյագը հետ բերեմ ստիպված:
Չե՛մ հավատում, սու՛տ է թեման,
Լափառո՛շ էր լուրի բերան,
Դու իմ մե՛րն ես, հո՛րըս արև,
Չե՛մ հավատում ես տենց բաներ...
Բայց թե հանկարծ որ պարզըվեց,
Որ ճի՛շտ էին տղերքը զգոն՝
Դու իմացի՛ր, ո՛վ էլ լինես,
Հոգուդ խո՛րքը կանեմ ես շմոն,
Սու՛րըս անգամ ես կափսոսեմ,
Որ թաթախեմ թույն մեջը քո,
Սաղի՛դ ղըրգեմ Քարոնի զոն:
Էս ձեռներո՛վ ես անձնական
Վըրեն՝ Կալիմ գողանշան,
Էն մի կողմը՝ ռեխ Ստալինյան,
Վի՛զըդ կըռեմ, մե՛ր մոռացած,
Դու՝ ադաթի մուռը հեծած:
…Բայց ո՛նց, է՛հ, ո՛նց ախըր կարամ
Ես իմ մորը՝ դառնամ դուշման:
Թեկուզ պառաժ է էս թեման՝
Ես խայտառա՛կ եմ հավիտյան:
Էլ ելք չունեմ, երեք օրից
Զրո-զրո պիտ հետ դառնամ,
Բավարարեմ բեռդի պարետ,
Կուլտալիքըս կռուգից ստանամ,
Գուբա նստեմ իսկույն ևեթ...
Անգաջըս մեծ կըտոր փռթեն...
Էս ու՞ր կոխիր դու ինձ, ա՛յ մեր,
Բա չե՞ս հիշում հերվա օրեր,
Հաց ու պանիր դուռում արած՝
Տղուկ էի տըշում բակում,
Դու էլ վերից՝ պատշգամբից՝
- Հո չըմըրսա՞ր, դու՛ իմ Խռդո:
Տղուկ էի տշում բակում,
Հետո էլ՝ մուկը բանակում,
Հետո պապան էղավ կիռդիկ,
Ես՝ գող, իսկ կյանքը՝ մե քիլդիմ:
**
- Իսկ ապոգե՞յը որն է, - ասում է Կարենը:
- Ապոգեյը՝ որ բարձրանում է վեր՝ տասներկուերորդ հարկի իրենց բնակարանը, և այնտեղ հայտնաբերում մորը՝ սիրածի հետ փաթաթված....
- Եվ ի՞նչ:
- Դու, դավաճան և ուրացող,
Տղուդ ղրգած բեռդի ճամփով,
Էս ճըղճիմին ո՞րդից ճարիր,
Ու մեր տոհմը խայտառակիր:
Ճըղճիմ.
- Ես լավ մարդ եմ, մեղա, մեղա,
Մորըդ սիրում եմ ես ուղղա...
Խռդո (հանում է խոհարարուհուց վերցրած դանակը և խողխողում մոր սիրածին).
- Զզվա՛մ էդպես խոսքից, նողկա՛նք,
Ոտիս տակի՛ դու կեղտ-տականք:
Խռդոյի մայր (նետվում է տղայի ոտքերի տակ).
- Խղճա՛, անխիղճ, և հասկացի՛ր,
Չե՛մ ուրացել ուխտը ես իմ,
Հորըդ շիրիմ չե՛մ աղտոտել,
Սեր չէ՛ր էս գործ, միայն՝ նավառ,
Զոհըդ՝ հարիֆ, անմեղ մի գառ...
Բա ես տե՞նց եմ քեզ մերացել,
Որ բամբասանքը կուլ տվել,
Թըվանք կապել, եկել ես վեր՝
«Ջանդակն էլ էս՝ մեր, քեզ նվեր»:
Բա չամաչի՞ր, մորըդ պատիվ
Դու գունատված հայտարարիր:
Կյանքը բա՛րդ է, կորսվա՛ծ որդի,
Մեկ-մեկ՝ հանուն կտոր հացի...
- Դե չգիտեմ. էն սուրբ ծոցից
Որ դուրս եկա՝ էդ հարիֆը...
- Իմ ծոցն ի՛մն է, դու՝ միշտ նստած,
Էդ ո՞վ ես դու՝ մո՛րըդ ուղղես.
Մայրըդ, ու՝ սխա՞լ:
Դու՛ աներես:
Ուղարկեիր մի կտոր հաց՝
Հետո՛ տենց խոսեիր մեծ-մեծ...
- Լսիր, - ասաց Կարենը: - Լիքը գործ ես արել, տեսնում եմ (ճիշտ-ճիշտ ինչպես որ հետագայում խմբագիրներն էին ասում՝ պատմվածքներս մերժելիս): Բայց, հասկանում ես, հետաքրքիր չէ: Սա ի՞նչ գողական պատմություն է, որ... Իսկական գողականը... ո՛նց քեզ ասեմ... Պիտի լինի կիրք, ինտրիգ, սասպենս... Շեքսպի՛ր պիտի լինի, «Համլետի» պես մի բան:
- Ինչպես կուզես, - ասացի ես Կարենին:
Ընկերս էր: Չէի վիճելու: Մեծ բան՝ լիբրետոս չի հավանել: Կյանքը՝ մեծ է, մեր ընկերությունը՝ հսկա: Դուրս եկա, քայլեցի Երևանով: «Աերոֆլոտի» շենքի տակով անցնելիս՝ նայեցի ասֆալտին. կա՞ արդյոք գահավիժած Խռդոյի և իր մայրիկի անկումից մնացած հետքն ասֆալտի վրա:
Չկար:
Նայեցի վեր: Ոչ մի պատուհանից չէր երևում, որ հենց այստեղի՛ց են դուրս թռել մայր և որդի:
Էդպես, պատմության հետքերն անհետանում էին Երևանի (մակ) երեսից:
Տեսնես, ո՛ր բնակարանում էր հնչել այս վերջին մենախոսությունը, Խռդո կարապի երգը.
- Էհ, ինչևէ, չունեմ ես ելք:
Աբշյագը հետ կուզեն տղերք:
Մորըս պատիվ՝ հըրեն թաղված,
Ինքը՝ անհուն ղալաթ արած,
Ես ու՞ր գնամ, էլ ի՞նչ անեմ:
Բեսպրեդելը եզրափակենք...
Ֆինիտա լա կատակը էս,
Արի, իմ մեր, գրկեմ ես քեզ:
- Ներե՞ս:
- Ներեմ:
Մայրը նետվում է որդու գիրկը:
Խռդո.
- Բայց չէ՛: Երբե՛ք:
Մո՛րըս պատիվ՝
Կյանքս՝ ցըրիվ:
Եվ, իր մայրիկին ամուր գրկած, նետվում է լուսամուտի վրա, փշրում ապակին ու, ապակու կտորտանքների ուղեկցությամբ, ասես բյուրեղների լուսապսակով պատված՝ մայր և որդի, իրար ամուր գրկած, ներքև են սուրում տասներկուերորդ հարկից:
Էստեղ էլ արդեն ներքև սուրալու՝ մոր և որդու դուետը: Հետո՝ կրեշչենդո և գը՛մփ:
Կարենը հետո դարձավ քաղաքական գործիչ, Բիթըլզ երգելը գրեթե թարգեց: Էդպես, Հայաստանի քաղաքական զարգացումը գնաց մի որոշակի ուղով, երաժշտականը՝ մեկ այլ, ինչ ասես տեղի չունեցավ, զուտ քանի որ «գող-օպերան» Հայաստանում չստեղծվեց, համլետատիպ իրադրություն երևակայելու՝ իմ անճարակության մեղքով:
«Իսկ մոր սիրա՞ծը», կասեք դուք: «Արդյո՞ք նա Խռդոյի հորեղբայրն էր»:
Ո՛չ, անկեղծորեն կպատասխանեմ ես: Ա՛յդ հարցում՝ կներեք: Ես սուտ բաներ չեմ գրում:
Բայց, իհարկե, չուժոյ մարդ չէր. Խռդոյի հոր մանկության ընկերը:
Մայիս 2020
[1] https://www.youtube.com/watch?v=9oLAeUF4QsE&feature=emb_title&fbclid=IwAR1Znm3g65DzVcHDy-APwuSBESVOn7uLc1EmzhKDIdAH-kaXb55dwCFbr3Q
[2] https://www.facebook.com/groups/IAENASRA/permalink/3130104977074236/
01:49 Հունվար 26, 2022
