Հրանտ Մաթևոսյանի «Սկիզբը» վիպակի մասին
Հրապարակված է «Հրապարակ նկուղ» ժողովածուում (2012)
ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ «ՍԿԻԶԲԸ»
վիպակի գեղարվեստական֊գաղափարական բովանդակությունը
<Ներքնաշխարհների էպոս>
Հրանտ Մաթևոսյանի վիպակներն ու պատմվածքները կապվում են իրար բազում աղերսներով։ Դրանցից ամենաաչքի ընկնողներն արտաքին, պայմանականներն են, օրինակ՝ գործողությունը համարյա բոլոր գործերում նույն տեղում է կատարվում՝ փոքրիկ գյուղում։ Սկզբում այն կոչվում էր Անտառամեջ, հիմա՝ Ծմակուտ, շատ պատմվածքներում անվանում չունի, բայց ամենուր նույն գյուղն է՝ Մաթևոսյանի հայրենի գյուղը։ Մարդկային հարաբերություններն իրենց հարստությամբ կարող են դրսևորվել տիեզերքի ցանկացած կետում։ Ու Մաթևոսյանը մեծ վարպետությամբ գործից գործ կառուցում է իր փոքրիկ տիեզերքը՝ Ծմակուտ աշխարհը, տիեզերքի հավասար, նույն բարդության մոդելը։ Նրա ստեղծագործությունները կուտակվեցին ու արդեն ոչ միայն գործողության տեղի, հերոսների հայրենիքի, երբեմն նույն գործող անձանց պայմանական ընդհանրությամբ կապվեցին, այլև մեկ այլ խոր ու խորհրդավոր կապով։ Նրա պատմվածքներն ու վիպակները կարծես դեպի Ծմակուտ փակ աշխարհը բացվող պատուհաններ լինեն։ Դրանք, կարող է թվալ, անկանոն են շարված, վերևից, ներքևից, ցանկացած անսպասելի կողմից են բացվում, ամեն առանձին գործում մեզ ցույց տալով այդ աշխարհի մի փոքրիկ մասը միայն, ժամանակային տարբեր հատվածներ, նույն դեպքը, նույն հերոսներին բացահայտելով տարբեր կոնտեքստներում, հեղինակը նույնությունները տարբեր գործերում օգտագործում է տարբեր նպատակներով, ու որքան ավելանում է պատուհան֊պատմվածքների թիվը, այնքան ավելի է ամբողջանում Ծմակուտ աշխարհի կոնկրետացումն ընթերցողի գիտակցության մեջ։ Ձևավորվում է Ծմակուտի էպոս՝ ոչ թե գեղագիտության նախավիպական պարզության իմաստով, այլ բազմաշերտ պատումների՝ իրար նշանակությունն ուժգնացնելով՝ հիրավի մի բարդագույն աշխարհ ստեղծելու իմաստով։ Էպոսը մեզ տրված է դրսից՝ երրորդ դեմքից։ Մաթևոսյանի էպոսը դրանով է ունիկալ՝ որ այն մեզ տրված է ներսից՝ իր հերոսների միջից։ Դա մարդկանց ներքնաշխարհների էպոս է, որպիսին չի եղել մինչ այս աշխարհում։
<Ծմակուտի քաղաքակրթության պատմություն>
Ժամանակը Մաթևոսյանի ստեղծագործություններում վերջին 60֊70 տարուց դենը չի անցնում։ Պատմելով գործող անձանց ընտանիքների, տոհմերի պատմության հատվածները, տեղափոխելով նրանց գործիցգործ ու պատմելով նրանց ճակատագրերը, ահագնացող թափով իր արձակը լցնելով հազար ու մի տոհմ ու ճակատագիր, հեղինակն այդ 60 տարվա հիմքին այնպիսի ամրություն է հաղորդում, կարծես մարդկային քաղաքակրթության ամբողջ պատմությունն է դա։ Մաթևոսյանն ունի հրատարակած ընդամենը երեք ժողովածու, և գյուղի ու ժամանակի գլոբալ պատկերը ստեղծում է ոչ այնքան գծային կառուցմամբ՝ պատմվածք֊դեպք֊ժամանակ֊կերպար֊«պատուհանների» քանակով, որքան՝ կարողանալով իրականության դարավոր սկզբնահիմքերի՝ իր հոգում արմատակալած զգացողությունը փոխանցել ընթերցողին իր արձակի կառուցման անխտիր բոլոր միջոցներով. յուրահատուկ ասոցիատիվ մտքաշարով, ներքին մենախոսության ու գործողության փոխներթափանցմամբ, ստեղծած կերպարներով, պատկերներով, հերոսի միայնությամբ, գյուղական աշխարհի համատարած բարդությամբ, փախուստը սուտ է, ամենուր նույն մարդիկ են, նույն աշխարհը՝ հերոսի համոզմունքով, և ապրել, գործել, աշխատել — անել այն, ինչի համար ստեղծված ես — պահանջով, ու որոշմամբ։
Կառուցվածքային ու բովանդակային շերտերն այնքան կիպ են հանգում միմյանց, որ նույնիսկ պայմանականորեն հնարավոր չէ զատել։ Սկզբնահիմքերն արտահայտվում են որպես տոհմի, երկրամասի, ազգի պատմություն, բայց կարծես ընդգրկում են պատմությունների տիեզերական մի քանակ, որտեղ նույնիսկ քաղաքակրթության պատմությունը ոչ թե սահմանային է, այլ մեջտեղիններից մեկը։
Կան դեպքեր, վիճակներ, որոնք տեղափոխվում են գործից գործ, կան այնպիսիները, որ ստեղծվում ու ապրում են մի գործի սահմաններում, ծառայելով միայն այդ գործի նպատակներին։ Կրկնվող վիճակներն էլ տարբեր գործերում տարբեր, անսպասելի տեսանկյուններից են բացահայտվում, նրանք միաժամանակ և՛ շարունակում են Մաթևոսյանի արձակի ընդհանուր գծերը, և՛ իրենց առանձին դերը ստանձնում տվյալ ստեղծագործության մեջ։ Քննելով Մաթևոսյանի արձակը, միշտ պետք է հաշվի առնել նրա ստեղծագործությունների միաժամանակ միասնությունն ու ինքնուրույնությունը։
<Քոլագերանի ասպիրանտը>
Մաթևոսյանն ունի չորս գործ, որոնք էլ ավելի ամուր են իրար կապված, քան իր այլ գործերը, և՛ սյուժետային գծերով, և՛ ներքին ընդհանրությամբ։
1967 թվականի «Օգոստոս» ժողովածուի «Բեռնաձիեր» շարքի առաջին երեք պատմվածքը՝ «Օգոստոս», «Ալխո», «Կայարան», և տասնմեկ տարի հետո լույս տեսած «Ծառերը» ժողովածուի վիպակներից մեկը՝ «Սկիզբը», ունեն ընդհանուր սյուժետային զարգացում։ Պահպանելով ինքնուրույնությունը որպես առանձին ստեղծագործություններ, նրանք մի ամբողջություն են կազմում գործողության զարգացման, գործող անձանց, սյուժեի ընդհանրությամբ։ Կարծես դեպի Ծմակուտ աշխարհը բացվող խառնիխուռն պատուհաններից հանկարծ աչքի են զարնում չորսը, երեքը՝ փոքր, մեկը՝ մեծ, որոնք անսպասելիորեն իրար կողք են դասավորված։ Երկու խոսքով դրանց բովանդակությունը հետևյալն է. Քառանց Եղըշի եղբայր Անդրոն իր ձին տալիս է աղվես Գիքորին՝ քաղաք գնալու համար։ Գիքորն Ալխո ձիուն բեռնում է, գնում են քաղաք, ետ են գալիս։ Պառավ ձին այնքան է հոգնած, որ Անդրոն դժկամությամբ է համաձայնում այն տալ Եղըշին, որ գնան կայարան, որտեղ Եղըշի ավագ որդի Հրանտն արդեն երկու օր է նստած է ու չի կարողանում գյուղ գալ, որովհետև բեռները ծանր են։ Ի վերջո ձին ուղարկում են կայարան Արայիկ Քառյանի, «Սկիզբը» վիպակի գլխավոր հերոսի հետ։
Ֆաբուլան չորս դրվագներով է կառուցած, և պակասող մանրամասները թողած են ընթերցողի հայեցողությանը՝ վերականգնել ինքնուրույն կամ ընդհանրապես չզգալ դրանց բացակայությունը, ընդունելով հեղինակի աշխարհի, ուզած ասելիքի, հասկացողությունների հետ միաձուլվելու հեղինակի պահանջն ու բավարարվելով տեքստի արտահայտածով։ Չորս դրվագների միասնությանը երկրորդական դեր է թողնված. ամրապնդել գաղափարական ազդեցությունն ընթերցողի վրա՝ մարդկային նույն հարաբերությունները, վիճակները բացահայտելով տարբեր տեսանկյուններից կամ նույն տեսանկյունն ի հայտ բերելով տարբեր վիճակներում։ Դա գծային կապ է՝ տպավորությունների գումարի միջոցով ազդեցության ուժեղացում։ Այդ պատճառով էլ գործերից յուրաքանչյուրը պահպանում է իր գաղափարական նշանակությունը նաև մնացածներից առանձին դիտարկվելիս։
«Սկիզբը» վերջին, եզրափակիչ մասն է։ Այստեղ չորս գործերի գաղափարական բովանդակությունն ընդհանուր հայտարարի է բերվում։ Բոլոր կերպարների երազանքները կոնկրետ, շոշափելի են, երազանք չեն, ցանկություն են, որ այ, լավ կլիներ էսպես ապրեինք... Այդ են զգացնել տալիս և՛ Անդրոն ու անտառի բացատում հանկարծ քնած ու չարթնացող Աշխենը, և՛ հանկարծ՝ Մարիամը, և՛ հետո՝ աղվես Գիքորի անակնկալ այցը, և՛ Գիքորն ու հովտի քաղաքի անբան լիությունն ու իր ու Ալխոյի տատասկոտ ճամփան, և՛ Ալխոն ու նարինջ հովատակն ու տաք զամբիկները հեռվում, և՛ Հրանտ Քառյանն ու Քոլագերան կայարանի ասպիրանտուրան, որ հիշեցնել է տալիս, թե ինչպես էին խփել աչքին, և որ ոչ թե երեքով էին, այլ մեկն էր միայն, այն էլ իր պես բռնցքամարտիկ չէր, բայց խփել էր ու բեռնաթափով քշել֊հեռացել... Եվ ահա գալիս է Արայիկ Քառյանն ու համոզվում, ու համոզում, որ ուրիշ կյանքը միայն հեռվից է գետափին պառկած աղջիկների պես սիրուն, գետաձի — կնոջ պես անսասան, հաստատուն, անհաղորդ — իսկ իրականությունն այն է, որ այդ կնոջ մերկությանը հիմա նրա ապագա աշակերտներն են աչք դրել թփերից, իսկ նա նրանց մերկ երևում է ու կարծում, թե հետո կկարողանա նրանց դաս տալ...
Եվ ահա գալիս է Արայիկ Քառյանն ու համոզում, որ ամենագեղեցիկը մարդու սեփական կյանքն է, ամենալավը, երջանիկը, ճիշտը, իսկ թե սխալ է՝ գուցե ուշ չէ ուղղել։ Եվ Անդրոն մնում է անսարք սայլի առջև, Գիքորը հանգստանում է ճանապարհից, նարնջագույն երամակն արածում է կապույտ սարերի ֆոնին հին երկնքի տակ, իսկ երեխան ձին է տանում եղբոր համար կայարան։ Երբ նայում ես ներսից՝ ոչ մի երազանք երբևէ չի իրականանալու, դրսից գեղեցիկը փուչ է, գեղեցիկ է այն՝ ինչ տրված է, ու սուրբ պարտքը՝ դրան համապատասխանել։
<Սերն ու գող դառնալու պրոցեսները>
«Սկիզբը» ստեղծվել է ավելի ուշ, ընթերցողին է հասել առաջին երեքից տարիներ հետո, որոնց ընթացքում Մաթևոսյան֊հեղինակի ստեղծագործական զարգացումը, իհարկե, սառած չի եղել, և դա երևում է և՛ այս, և՛ ուրիշ գործերից։ Այդ ընթացքում փոխվել, զարգացել է նաև ընթերցողի պատկերացումն այս հեղինակի մասին։ Ասացինք, որ վիպակը որպես Մաթևոսյանի ստեղծագործություն ունի առանձին նշանակություն շարքից դուրս։ Համեմատությունը ցույց է տալիս, որ վիպակը նույնիսկ կարելի է ստեղծագործական փուլ համարել. հեղինակն իր արձակը վերջնականապես մաքրում է հրապարակախոսական ոճի ուղղակի արտահայտումից, իսկ դա հանգեցնում է գաղափարի ստերեոսկոպիկ, պատկերավոր զարգացման, բարոյական խնդիրների լուծման եղանակի փոփոխման։ «Պայքար» հասկացությունը մեծ մասամբ արտահայտվում է իրականության «բացասական» կողմերի դեմ ու բավական ուղղակի էր վաղ Հրանտում, ինչը ռեալիստ֊գեղարվեստագետին ի վերջո ստիպում էր անսասան պատի հետ ընդհարել իր հերոսներին։ Հեղինակն այժմ այն ձևավորում է ընթերցողի գիտակցության մեջ իր խոր բարոյական նշանակությամբ, որը կապված է Մաթևոսյանի՝ իր ազգի, պատմության, գրականության, իր արձակի ըմբռնման հետ։ Ընթերցողը հեղինակի պայքարն է զգում ոչ այնքան իրադարձությունների ընթացքի միջոցով, որքան նրա արձակի դիրքորոշմամբ. ա՛յդ արձակում՝ ա՛յդ հերոսների — գոյությա՛մբ իսկ։
Երբ ծույլ ու բարի Անդրոն Մարիամին խղճաց ու մխիթարեց իր հասկացած միակ ձևով, ու էլ ինչ բարի գործ ասես չէր անի՝ միայն թե այդ անիծյալ սայլ պատրաստելու մասին չհիշի, ու Մարիամը չերջանկացավ, որովհետև գիտեր, որ ծեծ է ուտելու, ու Անդրոյի կինը նրան ծեծեց ու դժբախտ էր իր համար ու Մարիամի համար էլ, իսկ Անդրոն Ալխոն Գիքորին տվեց անսպասելիությունից, ու երբ դրա պատճառով Գիքորն ու Ալխոն եղբայրանում֊եղբայրանում՝ նորից մարդ ու ձի էին դառնում քաղաքի ճամփին, քաղաքում, վերադառնալիս՝ բեռան տակ, ու եկան՝ ուժները հատա՜ծ֊հատած, ու Ալխոն մի հատ էլ ծեծ Նարինջ Հովատակից կերավ, ու երբ Ալխոյի հոգնած լինելու պատճառով Անդրոն չէր ուզում ձին տալ, որ գնան կայարան Հրանտ Քառյանին բերեն, որը կայարանում մի օր սպասելու պատճառով իրեն Բելմոնդո կարծած լինելուց, շքերթի օրը պոլիտեխնիկի Կարինեի հետ պարած լինելուց՝ հասել էր Քոլագերան խուլ կայարանում մոր գիրկ էր փնտրում, որ իր քսաներկու տարեկան վիճակով հոնգուր֊հոնգուր լացի... վերջը հատակին փռվեց լացեց... Այդ ամենին զուգահեռ՝ մոռուտում դույլը չէր երևում, ու պետք էր ատել նրան, ով ըստ երևույթին թաքուն քռքռալով ու անմեղ կատակի ընթացքում քիչ֊քիչ իսկական գող դառնալով՝ դույլի տեղը փոխել էր։ Մոռուտը եղնիկների ընտանիքի ծմակն էր, բայց այդ միտքը բառերով ձևակերպել չէր կարելի, որովհետև մեծերը հանկարծ սուսուփուս, էնպես՝ հանկարծակի, ճամփից միզելու համար թեքվելու պես՝ կպլստան կմտնեն անտառ։ Ու էլ եղնիկներ չեն լինի։ Ու մոռուտի անունն էլ չպետք է տալ, դա միայն տղայի մոռուտն է, թե չէ կգան կթալանեն։
Մոռուտի պատկերը Մաթևոսյանը կառուցում է տղայի ներաշխարհին զուգահեռ, իրեն հատուկ «մոնտաժի» մեթոդով։ Այն ընթերցողի գիտակցության մեջ կոնկրետանում, գումարվում է տղայի մասին հայտնաբերածի պատճառած զարմանքին, ձեռք է բերում գույն, ձայն, բույր, շարժում։ Հաճարենիների դարչնագույն սլացիկ բներն ի վեր՝ գլխապտույտ երկինք, բների միջև կանգնած է մի քիչ պղտոր լույսը, այդ գորշ լույսի մեջ ծառերը լուռ կանգնած ինչ֊որ բանի են սպասում, այդ ծառերը դատապարտված են Տ տառերով, բայց նրանք մի ուրիշ ժամանակում են, և Տ դատավճիռը թեև նրանց վրա է՝ նրանց չի հետաքրքրում, նրանցից մեկի վրա հորեղբոր անունն է, նրանց տակ փափուկ խաշամ է, նրանց միջև դեռ լսվում է եղնիկների բույրը։
Ու այդ հսկաների աշխարհն է փախել երեխան՝ վախենալով ու զզվելով իր հարազատ շրջապատից, ու ծմակում մխիթարանք է փնտրում ու զգում է իր ոչնչությունն աշխարհի դեմ, ինչպես աղոթողները՝ վանքում։ Տղան զգայուն է, դա պարզ է առաջին իսկ էջերից, բայց այդ զգայունության հետևանքը մի՞թե միայն վախն ու զզվանքն են։ Ոչ։ Իրեն հատուկ փափկությամբ, հերոսից բոլորովին աբստրահվելով, ու նույն ժամանակ այնքան սերտ կապված, որ հաճախ հերոսի բերանից մի բառ է դուրս գալիս, մի բնորոշում՝ ու հաստատ գիտես, որ դա հերոսինը չէ, հեղինակինն է.— բայց բովանդակությամբ ու ոճական կատարմամբ անհերքելի է.— ա՛յ այդպես հակասականորեն՝ հերոսից մոտիկ ու հեռու, նրա միջից ու կողքից, կառուցելով հերոսի ներսն ու դուրսը՝ առանձին աշխարհներ, ու հյուսելով դրանք հարմոնիկ կապերով՝ Մաթևոսյանը, արդեն տղայի բացասական վերաբերմունքը շեշտելուց հետո, թեթևակիորեն ուժեղացնում է շեշտադրումը հորեղբոր (Անդրոյի) նկատմամբ տղայի վերաբերմունքի վրա։ Մի քանի շատ փոքրիկ անգամներ տղան հիշատակում է հորեղբորը,— ու քիչ֊քիչ պարզ է դառնում, որ հորեղբայրն այս աշխարհի անվերապահ սիրելի մարդն է տղայի համար։
<Թուրքը մեղք է, ժամանակը՝ ձիունը>
Շատ պարզեցրած՝ ահա թե ինչպես է կառուցում հեղինակն այդ գաղտնի հաղորդագրությունն ընթերցողին. տղան ծմակել է մոռուտում, բայց աշխարհը նրան հանգիստ չի թողնում։ Նախ՝ կարծեցյալ գողը, որ դույլի տեղը փոխել էր (ու ընթերցողը զարմանում է, ապշում է պարզապես. որտեղի՞ց ու ինչի՞ համար այդքան ուժ ու եռանդ՝ չեղած գողին այդքան ատելու համար, առավել ևս՝ անկարո՛ղ ատելություն, եթե տղան պիտի թուքը կուլ տա ու կանգնի, իսկ թշնամին նրա դույլից մոռ ուտի ու դեռ շոյելու պես էլ մատները մաքրի նրա մազերով. ո՞վ է տղային այդպես վիրավորել, չարացրել ի սկզբանե...)։
Հետո՝ չի կարելի մոռուտի անունը տալ, եղնիկների անունը տալ, այդ գեղեցկությունը պետք է պահել ներսում, առանց նույնիսկ բառերի վերածելու, ու դժվար է, շատ դժվար է անհաղորդակից մնալ, ու տղայի վիրավոր զգայնությունը դրանից էլ է այդքան խոցելի (վստահություն աշխարհի, մարդկանց հանդեպ՝ անթույլտարելի է. խե՜ղճ տղա)։
Հետո՝ մայրը, տատը մեկընդմեջ կանչում են. «Արայի՜կ, Արայի՜կ», իսկ նա չի ուզում մոռուտը թողնել ու իջնել գյուղ՝ հանդիպել մարդկանց, որոնք իր տեսակետից վատ ու տգեղ են ապրում, իսկ եթե ոչ՝ խեղճ են, բայց իրենց կարծիքներով դա բոլորովին էլ այդպես չէ։ Ու որպեսզի մի քիչ էլ փախչի վերադարձի պահանջից՝ տղան մի քիչ էլ է մտածում աշխարհի, անձրևի, ամպերի մասին, որոնք Բնություն են — կան միայն իրենց հայտնի ներքին իմաստներով հանդերձ՝ բայց թուրք չոբանի ոչխարները ծարավից կատաղում են, իսկ ամպերն անցան ու չանձրևեցին, ոչխարներն իրար բուրդ են ուտում, չոբանի խոնավ քուրքն են լիզում, հոտը կոտորվելու է՝ չոբանը մեղք է։ Բնության օրենքները, իրենց իմաստնությամբ ու անկախությամբ հանդերձ, ստիպում են մարդկանց իրար որակավորել, հարաբերության պատճառ են դառնում, ու տղան չոբանի մասին մտածում է՝ մեղք է (թուրքը մեղք է, իսկ մերոնց մոռուտի տեղը հայտնելն անթույլատրելի է)։
Սա այն պատկերներից է, որոնք կրկնվելու են մերթ ընդ մերթ, վիպակի տարբեր մասերում, իմաստակիր նորանոր էլեմենտներ ձեռք բերելով. տղան հարցեր է շարում, որոնց պատասխանն ինքը զգում է, բայց բառերով արտահայտել չի կարող, իսկ հորեղբորը հիմար հարցեր տալ չի կարելի — մի պահ երևաց տղայի երեխա լինելը,— իսկ այդ հարցերը հիմար են, օրինակ՝ ի՞նչ է մտածում ձին, երբ չի արածում ու չի քնում, այլ ժամերով իր համար լուռ կանգնած է նույն դիրքով, նույն կետին է նայում, ու շուրջը կյանքը ծորում է ժամանակի հունով, իսկ ձին կարծես մտել է իր ներսն ու արտաքին ժամանակից դուրս է եկել։ Ի՞նչ են մտածում արևածաղիկները։ Արևածաղիկ նա տնկել էր, իր եղբայր շլդոները չքացրին, ու այդքան շատ շլդոների մեջ չի կարելի սեփական բան ունենալ, և լավ է, որ հորեղբայրը չհասկացավ իր աչքերի լուռ խնդրանքը՝ ուրագը նվիրել իրեն (նորից հորեղբայր)։
Օրվա մեջ հարյուր տեղ կարող է լինել, բայց գիշերը քնելուց առաջ միայն հորեղբոր շեմին նստելն է հիշում. նրան դուր է գալիս, երբ ինքը նստած է, իսկ հորեղբայրն աշխատում է։ Այդքան մարդկանց, շիլ հոր ու շիլ եղբայրների ու «բոշա»֊մոր ու ուղիղաչք ընկերների ու գյուղի մեջ՝ միակ մարդը, որին չի խղճում, որի կուսական բարի ծուլությունն ամեն շարժումով հակադրվում է տղայի գերզգայուն ներաշխարհին, ու տղան սիրում է հորեղբոր շուրջը սփռված հանգստության մթնոլորտը։
... Մինչև այն պահը, երբ իր մտքերից ու գյուղից իրեն կանչող մոր պահանջից հանկարծ անդրադառնում է, որ ինքն ու հորեղբոր անունն իրար կողք են՝ հորեղբոր անունը փորագրած է ծառի բնին։ Ու տղան մոռուտի գեղեցկության մեջ համարձակվում է — իրեն իրավունք է տալիս — իր անունը փորագրել հորեղբոր անվան տակ, իր ու հորեղբոր անուններն այդպիսով լինում են միասին, ու դա կարծես «ձիու ժամանակ» է։ Սովորական, կյանքի ժամանակից այդ անուններն անցնում են հավերժություն՝ այնտեղ, ուր ձին է փախչում երբ քնած չէ ու չի ուտում կամ բեռ քարշ տալիս. բայց դա լինում է այնքան ժամանակ, մինչև տղան հայտնաբերում է, որ հաճարենին խարանած է Տ տառով, այսինքն ինչ֊որ մարդիկ ծառը կտրելու են։
Տղային այնքան հաճելի է իր ու հորեղբոր անունները միասին զգալ, որ սկսում է փորձել, քայլում է ու փորձում է, թե պատահական անցորդն ինչպես է տեսնելու ու ինչպես է ընկալելու այդ գիրը։
<Երկգլխանի վունդերկինդը>
Տղայի կերպարը երկակի դեր ունի. լինել հաղորդիչ ընթերցողի ու հեղինակի, նրա ստեղծած աշխարհի միջև, և նաև՝ մնալ այդ աշխարհի մասնիկ։ Դա վիպակում արտացոլվում է տղայի գերզգայուն, աշխարհը գիտակցող ու արժևորող, սովորաբար միայն մեծահասակին հատուկ ներաշխարհով, պլյուս՝ ռեալականության ու հավանականության ճշգրիտ սահմաններում՝ իր երեխայությամբ, որը նաև պայմանավորում է աշխարհի այդ չաղտոտված, պայծառ ու կտրուկ ընկալումը։ Իմաստ չունի գուշակել՝ կարո՞ղ է լինել այդպիսի ներքինով 13 տարեկան երեխա, թե՞ ոչ, և միակ պատասխան տալ հնարավոր չէ, բայց նման խոր ներքնաշխարհով օժտված պարմանի միայն Մաթևոսյանի վրձինն է ստեղծել։ Ամեն պարմանի այդպիսի խոր ներաշխարհ ունի, բայց ապացուցված այն արտահայտելը՝ Մաթևոսյանի շնորհն է։
Համաշխարհային գրականությունում այս տարիքի տղայի այսպիսի կերպար ինձ հայտնի չէ։ Հեքլբերրի Ֆիննը Արայիկ Քառյանի առջև՝ նախնադարյան համայնական մարդ է։ Եվ պատահական չէ, որ հեղինակը, ամբողջ գործը կառուցելով մի կերպարի պրիզմայի միջով, այնուամենայնիվ ընտրել է ոչ թե առաջին, այլ երրորդ դեմք։ Նա միահյուսել է 1֊ին դեմքը 3֊րդի հետ, երբեք չնույնանալով կերպարին, բայց միշտ գտնվելով շատ մոտիկ մի տեղ, երբ կերպարն ընկալվում է ընթերցողի կողմից (հեղինակի շունչը կողքդ ես զգում), միահյուսել է՝ 3֊րդ դեմքի գերակշռությամբ, ու դա ծառայել է երեխայի պատկերավոր, զգայուն մտքերն առանց բռնության ճշգրիտ ու կտրուկ ձևակերպումների վերածելու նպատակին ու փառահեղ արդյունքին։
Հնարավոր չէ խոսել հերոսի ու հեղինակի հարաբերությունների մասին ու չքննարկել, թե արդյո՞ք Արայիկը դա Մաթևոսյանն է՝ երեխա ժամանակ, և ի՞նչ չափով։ Արդեն հիշատակած «Կայարան» պատմվածքում, որի օրգանիկ շարունակությունն է «Սկիզբը», հերոսի անունը՝ Հրանտ։ Հեղինակը նույնիսկ պահպանել է իր անունը։ Շատ ուրիշ ստեղծագործություններում, մեծ մասամբ Արմենակ Մնացականյանի անվան տակ, կան կերպարներ, որոնք ինչ֊որ չափով ավտոպորտրե են երևի։ Բայց ի՞նչ չափով։ Նախ՝ ավտոպորտրեին հատուկ է միակողմանիություն, իսկ այդ կերպարներն այնքան հակասական են ու բարդ (բարդ՝ հենց ստեղծագործության գաղափարական խնդիրներին համապատասխան), ու ստեղծագործության գաղափարական համակարգն այնքան կուռ կառուցվածք ունի, որ ի չիք է դառնում ավտոպորտրեի սկզբունքը՝ հնարավորին չափ օբյեկտիվ — և դրանից՝ միակողմանի պատկեր։
Հեղինակն իր առջև խնդիր չի դնում ստեղծել ավտոպորտրե. և ուրեմն կարևոր չէ, թե եղե՞լ է արդյոք մոռուտի տեսարանը հեղինակի մանկության մեջ (շատ հավանական է, որ եղել է), այլ կարևոր է հեղինակի ու կերպարի գաղափարական դիրքորոշման միասնությունը։ Հեղինակն օգտագործում է իր պահպանած իրավունքը՝ տվյալ դեպքի մասին տղայի մտածմունքներից հետո ձևակերպել ճշգրիտ ու նույնքան զգացումնալի հետևություն, որը հնչում է կարծես երկուսի անունից միասին։
<Եթե տղան չլիներ՝ աշխարհը չէր լինի>
Նրա արձակը դժվար է քննարկել «հանգույց», «կոնֆլիկտ», «լուծում» հասկացությունների՝ գրական գործի դասական վերլուծության միջոցներով։ Նա իր արձակը կառուցում է, հյուսում է, իրար վրա ագուցելով իրար պարունակող առանձին կառույցներ։ Բառերը նրա համար շինանյութ են։ Առանձին օրինակ՝ նրա բառակազմական տեխնիկան. լայնգավակ, բուղագոռ, ուղիղաչք, եզնալուծ, կուլգնացած, ծուղրուղուել, շաշահպարտ, սվաղահոտ, վերքատեղ, լույսամշուշ... Բառերը հյուսում է միմյանց՝ ավելի ու ավելի բարդ կապակցություններ ստեղծելու համար։
Նույն սկզբունքով էլ գաղափարներն է կառուցում. մի նշում, մի փոքրիկ օրինակ, մի ակնարկ, ձևակերպում, էլի օրինակ, շատ կարևոր ու ազդու ապացույց... Դա ոչ֊գծային կառույց է, սերտորեն միահյուսված՝ ոճական կառույցին։ Մի գաղափարի մի քանի իրավահավասար օրինակ, գումարած դրանցից ավելի ազդու օրինակներ, գումարած թույլ ակնարկներ, գումարած մթնոլորտ — այդ ամենն առաջին հայացքից անկանոն թափված է գործողության ընթացքով մեկ, բայց դրանից ի վերջո կազմվում է մեծ գաղափարը։ Այդ անկանոն թափված լինելու տպավորությանը հաճախ օգնում է ասոցիատիվ ոճական մեթոդը, երբ մի միտքն իր ետևից թվում է թե պատահականորեն մի ուրիշ միտք բերեց, իսկ սա էլ ուրիշը, և այլն։
Որպես բավական լայն օրինակ, վերցնենք ու վիպակի հյուսվածքից զատենք թելերից մեկը՝ Գրիգորյանի հետ հարաբերությունների գիծը։ Տղայի ատելությունը հիմք պետք է ունենա։ 13 տարեկան երեխայի անմարդասեր լինելու պատճառները պիտի լինեն։ Առաջին ակնարկը մոռուտի դրվագն է։ Ակնարկի բովանդակությունն այս տողերն են արտահայտում.
Տղան տնքաց ու լսեց իր տնքոցը։ Եվ իր հոր տնքոցը։ Եվ իր ցեղի տնքոցը։ Եվ ամբողջ դպրոցի ծիծաղը իր տնքոցի վրա։ Եվ մեծերի անցողիկ լուռ հայացքը իր հորը, «Եղիշը մտածում է», և նրանց հայացքը լիքն է կծված հեգնանքով։ Նրանց հայացքում ոչինչ չի գրված միայն եղնիկ խժռելու մասին, նույնիսկ ընդհակառակն էլ չի գրված, գրված է միայն, որ շիլ Եղիշը տասներկու շլդո ունի. տասներկու շլդոն տասներկու ծառի տակ նստած մտածում են անապատի թուրքի մասին ու տնքում։
Հետո հեղինակը նորից իր մոնտաժի մեթոդով անընդհատ լայնացնում է շրջանակները, պարզաբանում է գյուղի ու տղայի շիլ ընտանիքի հարաբերությունները։ Իսկ մոռուտի պատկերներում հասկանալի է դառնում միայն, որ տղան իրեն շատ միայնակ է զգում։ Իր ու իր շրջապատի, ամենամոտիկ շրջապատ՝ ընկերների տարբերությունը գաղափարական հիմքերի տարբերություն է։ Չի կարելի պարզապես ասել՝ նրա բարոյական մակարդակը բարձր է, դա մակարդակների պարզ տարբերություն չէ, տղային թվում է, թե դա խորհելու, հետաքրքրություններ ունենալու, կյանքի մասին դատելու դիրքերի — հիմքերի — չառնչվող, չհամեմատվող տարբերություն է։ Կարծես տարբեր քաղաքակրթություններ։
Տղան միայնակ է, բարոյական արժևորման իր դիրքը, իր կարծիքով, հակադիր է մնացածներին, բայց ինքը դեռ սովորական երեխա է, ու նրան թվում է, որ միայն ինքն է ու որակման իր դիրքը, որ հակադիր են աշխարհին, որ ահա նա կա՝ ու մարդիկ կրում են իր վերաբերմունքն իր գոյության միջով ու արդեն իրենից էլ անկախ։ Նրան թվում է՝ այդ դիրքն իր գոյության վրա է խարսխված, ինքը չլիներ՝ այդ դիրքը չէր լինի։ Տղան ինքն է ճնշված իր ունիկալությունից։
<Ձիու ժամանակն ու դատավճռի «Տ» խարանը>
Գրիգորյանը՝ դպրոցի վարիչը։ Սա կարծես ամեն ինչ տեսնում ու հասկանում է, նույնիսկ եթե այստեղ չէ, նրա հայացքը հետապնդում է տղային, որովհետև տղան իրեն մեղավոր է զգում, որ Գրիգորյանի մինուճար Աշոտը մեռավ, իսկ իրենց ութ շլդոներն ապրում են։ Ու Գրիգորյանն էլ դա գիտի, ու տղային պարտադրում է իր մեղավորությունը, և տղան նրան ատում է։ Դա քիչ պատճառ չէ, դա պատճառներից մեկն է, թե ինչու է նա ընդհանրապես այդքան թերահավատ մարդկանց նկատմամբ, ինչու է իրեն իրավունք վերապահում (չգիտակցելով նույնիսկ) գնահատել նրանց։ Որովհետև մեծ, տարիքոտ մարդն ատում է իրեն՝ 13 տարեկան տղային, միայն նրա համար, որ ինքը կա, իսկ իր որդին մեռավ։ Աշոտը։
Տարօրինակ տղա էր։ Նույնպես «ձիու ժամանակից»։ Երևում էր, որ այս կյանքից չէ ու այս կյանքում ապրողը չէ։ Նա եթե երբևէ ընկեր ունենար՝ Արայիկը կլիներ նրա ընկերը. նա ընկեր չունեցավ, բայց Արայիկն էլի իրեն նրա ընկեր էր համարում։ Հեռվից հեռու։ Սիրում էր նրան, նրա բացակա հայացքը, լուռ, քչապահանջ, անկախ գոյությունը, որ սոսկ բացակայությամբ հակադրվում էր Արայիկին ատելի ամեն ինչին, ու Արայիկը նրան սիրում էր։
Նաև մի այլ պատճառ կար։ Արայիկի երազանքը։ Քաղաքը։ Քաղաքացի տղան։ Հովեկ աղջիկներին նա սիրահարվում էր իրենց քաղաքացիության, քաղաքացի մերկության համար, ու ոչինչ էր նրանց առջև իր կարմիր ձեռքերի, բոբիկ ոտքերի ու նաև այն պատճառով, որ փոքր եղբոր շալվարն էր հագին։ Ու երազում էր, որ երբևէ իջնելու է գետափ կապույտ վերնաշապկով՝ մեջը մի քիչ քամի, ձիգ տաբատով, կոշիկավորված, սանրված, մաքուր ու սիրուն — իսկ հենց այդպիսին էր Աշոտը, միայն թե շատ էր կյանքից հեռու։
Իր ու Աշոտի անունները նա որոշեց գրել խոր, կուսական անտառի որևէ ծառին, որը խարանված չի լինի, ու շուրջն էլ խարանված ծառ չի լինի, որ ընկնելիս չվնասի։ Դա ամենամեծ բանն էր, որ կարող էր անել Աշոտի համար, որովհետև ահա մոռուտում նա իր հորեղբոր անվան տակ էր գրել իր անունը, և նաև հեռու մի տեղ պիտի դանակով փորեր իր ու իր ընկերոջ անունը, ու նրանց ժամանակները միանային, դառնային «ձիու ժամանակ», որտեղ Աշոտն այլևս չկա կամ չգիտենք՝ կա թե չկա։
Գրիգորյանին ատելն առանձին ու անջատ է տղային սիրելուց, այդ տղան առանձին էր այդ հորից, Աշոտն այդ հոր ու այդ հարուստ տան միակ, երկար սպասված, շատ թանկարժեք զավակը չէր լինելու, ու մեռավ։ Տղան անգիտակցաբար (թե՞ գիտակցաբար) զգում է բնության իմաստությունը։ Այն ժամանակ, երբ փոքր էր, երբ ընկերները մատղաշ բալենի էին գողանում, նա ճիշտն ասած լավ էլ չէր հասկանում, թե ինչ են անում, իր գալը նրանց հետ ինքնիրեն էր եղել, ու նա ետ մնաց։ Նրան մի քիչ դուր չէր գալիս նրանց արածը, բայց դեռ արժևորելու հասկացողություն չուներ ու ետ մնաց էլի ինքնաբերաբար, ինչպես որ մինչ այդ գալիս էր։
Դա գյուղի ավանդական ու իր պապերի՝ իր շիլ հորից ստացած գենետիկ կո՞դ է, թե ինչպե՞ս անվանել. որ մինչև դեռ ինքն իրեն գիտակցելը, անկախ մարդ լինելն ինքն արդեն ինչ֊որ բան արել է ու ինչ֊որ բան չի արել, գողացված բալենուց բալ չի կերել, շիլ է ծնվել ու շիլ հայացքով է նայել գյուղին ու գյուղի ծիծաղին՝ իր շիլ հոր ու նրա շլդոների վրա, իր «ճագարուհի» մոր ու «ճագարիկների» վրա։ Չի կարելի ասել եղնը, եղնուհին ու եղնիկն էին պատսպարվել մոռուտում, որովհետև իսկույն ինչ֊որ մեկը կասի ճագար, ճագարուհի ու ճագարիկներ, ու դա իսկապես ծիծաղելի կլինի։
<Ծանր ու շիլ>
Դժվար է ասել՝ նա խղճում է իր հորն ու մորը։ Դժվար է խղճալ, չէ՞, սեփական հորնումորդ, եթե երեխա ես։ Մորը ձի նստեցնելիս անգուլպա սրունքի մեջ փոս թողնել ու, հետևելով թե այդ փոսն ինչպես է լցվում՝ մտածել այն մասին, որ գետափի հովեկներն էլ են կին, ու իր մայրն էլ է կին։ Կոշտ հայրը ձեռքի չծալվող ափը գրպանում խաղացնում է, ու շլդոները սպասում են որ կոնֆետ հանի՝ իսկ ինքը գիտի որ ոչինչ էլ չի հանելու։ Քամահրելով, վախվխելով, երկյուղածորեն ակնածում է գյուղին, մեծերին, ընկերներին ու նաև խղճում է բոլորին։
Շիլ Եղըշի ընտանիքն ու «ուղիղաչք» գյուղն անհամատեղելի՞ են։ Շլությունը փոխաբերական իմաստ է ձեռք բերում։ Մարդկային դաժան հարաբերությունների հորձանուտում այդ տղան՝ իր գնահատականներով, այդ հայրը՝ որ անշահ է, իսկ գյուղի կարծիքով անճարակ է ու աղքատ, եղբայրիկները՝ որոնց գոյությունն այնքան խեղճ է ու անկայուն, որ արժեր որ նրանցից մեկը հանգչեր, ոչ թե վարիչի տղան, գյուղի ամբողջ երեխաներից եթե մեկը պիտի հանգչեր՝ թող նրանցից լիներ, որովհետև շատ են ու շիլ, այս կյանքում ավելորդ տեղ գրավող. շիլ քույրիկը, որ արդեն լրիվ ավելորդ է, գայլերի աշխարհում զոհ գնալու կազմ ու պատրաստ ոչխարն է, ու մայրը, որ ընկել է այդ շիլ աշխարհն ու կիսվում է մնացած գյուղի աշխարհայացքին իր երազկոտ համաձայնության՝ հարուստ լինել, ճարպիկ լինել և այլն, և իր ամուսնու ու երեխաների «շիլ» աշխարհայացքի նկատմամբ մայրական ու մարդկային սիրո միջև։ Այդ ամբողջ ընտանիքի բարոյական դիրքորոշումը, գոյության իմաստն այնքան անհասկանալի է գյուղի համար, որ ընկալվում է որպես «շլություն»։
Տարբեր ժողովուրդների էպիկական բանահյուսությունների մեջ կան «ծուռ», «շաշ», «շիլ», «գիժ» հերոսներ. այդ «շաշությամբ» ընդգծվում է նրանց տարօրինակությունը, տարբերությունը։
Մայրը գյուղն ու ընտանիքը կապող օղակն է։ Բայց նա մայր է, նա ավելի շուտ «շիլ» է, քան «ուղիղաչք», նա նույնիսկ գուցե ավելի շիլ է, քան տղան, տղան նրա հետ շփվելիս իրեն մեծ, հովանավոր է զգում, ու մայրը, իր մայրական սիրով տղային փոքրացնելու ցանկությանը զուգահեռ, հպարտ է իր տղայի այդ վերաբերմունքից։ Փորձում է ձին թամբել, չի կարողանում։ Տղան նրան հեռու է քշում ու թամբում է։ Մայրը կողքին ձեռքները ծալած կանգնած է, այսինքն՝ տղամարդու գործը տղամարդուն է հանձնել ու հանգիստ սպասում է, բայց տղան համարում է, որ մայրը սպասում է իր սխալվելուն, իր չկարողանալուն։ Որպես կին՝ մայրը ձի է նստում։ Տղան, մոռով դույլը ձեռքին, քայլում է նրա կողքին։ Դույլը ծանր է։ Մայրն ասում է՝ դույլը դեսը տուր։ Ոչ, ասում է տղան, չեմ տա։ Գիտեմ որ ծանր չի, ուտելու համար եմ ուզում, ասում է մայրը (իր կարծիքով՝ խորամանկում է)։ Ծանր է, չեմ տա, ասում է տղան իր տղամարդկային լրջության միջից։
<Հովվերգությունն ու փոթորիկը>
Հետո լինում են գետափի հովեկները, որոնք կարճ շալվարով, անճարակ, ամաչող, կարմիր ձեռքերով, շիլ երեխա են տեսնում։ Այդ երեխան չցանկացավ նրանց մարմինների բացությանը նայել թփերի արանքից իր հասակակիցների, իր ընկեր կոչվածների նման։
Մոռը քաղված է ուտելու համար, բայց մոռուտի մաքուր աշխարհից բերած այդ կտորն արժանի չէ կեղտոտվել անցող֊դարձողի, Մարտիրոսի մեծաբերանի, կոշտ գյուղացիների և ոչ նույնիսկ իր մոր համտեսից։ Մոռով դույլը թանկարժեք է։ Բարկացած՝ նա դիտմամբ վազքով է իջել զառիթափը, բայց մոռին ու դույլին ոչինչ չի պատահել։ Բարկացած՝ իր մոր տգեղության, թփերում նստածների ծիկրակի վրա բարկացած՝ տղան դույլը սկզբից հեռու էր պահում Ալխոյի շուրջ թանձրացող միզահոտից, իսկ հիմա վերցնում դնում է հենց թանձր միզահոտի մեջ։ Տղան դույլը չի տալիս մորը, որովհետև բարկացած է ու չի ուզում, որ մայրն այդ մոռից ուտի, այլ ոչ միայն որովհետև դույլը ծանր է։ Տղան մոռով դույլը պահել փայփայել էր, որ բերեր գետափի հովեկների առաջ դներ։ Դեռ մոռուտում, երբ դեռ այդ աղջիկները չկային, երբ դեռ մոռուտում տղան էլ չկար ու եղնիկների ընտանիքը լուռ հետևում էր, թե թերից ինչպես է քուլա֊քուլա անջատվում հասնող մոռի բույրը՝ այդ ժամանակից արդեն կարմիր սիրուն մոռն ուրիշ աշխարհից եկած, քաղաքացի այդ աղջիկների համար էր նախատեսված։
Նա եկավ մոռ հյուրասիրեց աղջիկներին ու ազնվորեն սիրահարվեց նրանց, իր երազանքի քաղաքաբնակներին, մտքում նրանց մտցնելով իր երազանքի մեջ։ Մաքուր, սանրված, կոկիկ, կոշիկավորված երբևէ իջնելու է գետափ, ու այդ պառկած աղջիկներն իր համար են լինելու։ Ու հասցրեց ատել գետաձի֊կնոջը, որը երբ իր առջև կանգնել էր՝ տղան նրա ազդրի հետ էր խոսում, որը Գրիգորյանին Ռուբեն էր ասում ու իսկույն ակնարկեց «սույն աշխարհի տերերի» հետ այդ ինտիմ մոտիկությունը՝ երեխայի առջև... կինը՝ որի քաղաքաբնակ ծույլ հանգստությունը լի արհամարհանք էր գյուղի նկատմամբ, կնոջը թվում էր, թե ամբողջ գյուղի նկատմամբ, և ուրեմն տղային նաև ու նրա բոլոր հասակակիցներին, ու գյուղի բոլոր տղամարդկանց էր դա վերաբերում, տղայի երկու ընկերն այնինչ թփերից նրա ազդրին էին նայում ու գնահատում. լավ ապրանք է, ու տղան մի քիչ էլ այն բանից էր վատ զգում, թե ախր նրանք տեսնում են, որ ինքն այդ կնոջ ազդրից է երկայնքով ու այդ ազդրի կեսից է լայնքով։ Խորհրդանիշ միանգամից այդքան կաթնահունց լիություն՝ իբր խեղճուկրակ գյուղի գլխին։ Աշխարհի տեր էլ իրեն համարի՝ կնոջը կարելի է տղամարդու հայացքով նայել՝ ու հարցը լուծվա՞ծ է։ Եվ հակառա՞կը։ Հարցը լուծում են նաև տղաների արհամարհանքը՝ այդ կնոջ «ապրանքային» կանացիությա՞ն նկատմամբ, Արայիկի՝ նրա ազդրի կեսից լինելո՞ւ, կնոջ՝ այդ գյուղի՞ նկատմամբ, բոլորի՝ բոլորի՞ նկատմամբ։
Մայրը նրան հանում է դժվար կացությունից, օգնության է գալիս, ինչպես և պիտի անի մայրը, զրնգուն ձայնով, կատակելով՝ մայրը նրան ետ է կանչում։ Մամա, մայրիկ, մամա։ Մի պահ ամբողջանում ու միակն է մնում սերը դեպի մայրը, դա արդեն խղճալ, հասկանալ, մեծավարի նախատել չէ, զուտ սեր է։ Բայց մայրը միայն հեռվից էր այդպես, մոր վիզը դանդաղ ուռչում է. փոքր եղբոր շալվարով, քոսոտ, խեղճուկրակ տղային նա ուղարկել էր նրանց դիմաց ցցվելու։
Ուրեմն՝ երեխայական հարգանք կա, որ պապերից ու գյուղական մթնոլորտից է գալիս, ու իր ընկերներն էլ, իհարկե, մեծահասակներին չեն հակաճառում ու գլուխները խոնարհ լսում են, բայց հետո ծառի վրայից Մարիամի մասին երգ են երգում, ու բոլորը լսում են. Մարիամն ու Անդրոն գյուղի ուշադրության կենտրոնում են։ Բայց նաև՝ ատելություն կա, քամահրանք, խղճահարություն։ Եվ սեր։
Տղան ատում է մի քանիսին, շատ֊շատերի էլ մասնավոր պահվածքն ու կյանքում երբեմն ընդունող դիրքերն է ատում, խղճմտանքով է լեցուն դեպի իր ընտանիքն ու մնացած բոլոր խեղճերը, սիրում է, առանց խղճալու, Անդրոյին, որը ծուլանում է շահամոլ լինել ու անշահ լինել, ծուլությունից կարող է բարի գործ կատարել, եթե ավելի քիչ եռանդ է պետք, քան ապրուստի մասին մտածելը, ու ընդհանրապես էլ բարի է, ու սիրում է տղան նաև Աշոտին, որն այս աշխարհի համար չէր ու գնաց։
Դեպի հովեկները, դեպի բուժքույրը, Եզեկը, Լեռնիկը տղայի վերաբերմունքն անորոշ է, դրանք իր երազանքի մասնիկներից են, կարծես, բայց այս իրական կյանքում իրական ամուր դիրք են գրավում ու չգիտեն տղայի երազանքի մասին, ու ուզի տղան թե չուզի՝ նրանք տղային հակադիր ճամբարից են։
<Սիրահարված ճագարիկի տանձ նվերը>
Տղան ու եղբայրիկները։ Իր խղճմտանքով լի բարությունը տղան վերցնում է համեմատություններից. իսկ ի՞նչ կլիներ, եթե Աշոտի փոխարեն ինքը լիներ, Մարիամի փոխարեն ինքը լսեր, որ իր մասին երգում են, Արմենուհու՝ Մարիամի աղջկա տեղում ի՞նչ կզգար, եթե տղավարի խթանեին ձիուն ու արշավեին իրենից հեռու — այդ կյանքից հեռու, այդ պառավ Ալխոյի դաբաղած մաշկում լիներ ի՞նչ կզգար...
Տղան այս հարցերին պատասխանում է։ Իր մի ոտքի չափ եղբայրիկի դեմ կանգնած՝ տղան հիշում է այն կնոջ ազդրն ու հասկանում, որ եղբայրիկների իր աշխարհում մեծը, ուժեղն ինքն է, ու չի կարելի դաժան ու անողոք լինել... բայց դաժանություն արդեն եղել է, որովհետև սրանք, անգործ, ձի են քշում, իսկ երեխան այնտեղ հիվանդ է, ու պետք է բարկանալ նրանց վրա, իսկ ինքը կոշիկավորված է, իսկ իրենք՝ ոչ, դե արի ու բարկանալու իրավունք գտիր, մայրն էլ նկուղից ճանապարհի համար գաթա հանեց, որը եղբայրիկներից ոչ մեկին չի տալու, ու սրանք գիտեն, որ գաթան մեծ եղբոր համար է ու իրենց չի տրվելու... Տղան ինչքան ուզում է բարի ու հասկացող լինել՝ եղբայրիկների համար ինչ֊որ բան այն չէ, ու տղան փախչում է այդ մացառներից, բայց... Քույրը։
Քույրը։ «Լավ ապրանք են», հովեկներին բնութագրեցին ընկերները։ Իսկապե՞ս ապրանք են, վերջին հաշվով՝ ապրա՞նք են, իրենց քաղաքային բարձրաբերձությամբ հանդերձ՝ իրենց գոյությամբ նախատեսված են առուծախի՞ համար, ու եթե այո՝ էլ ի՞նչ կարելի է ասել շիլ քրոջ մասին։ Սիրահարվելու է ու իր մեջ փակվի, սիրած տղան ամուսնանալու է իր ընկերուհու հետ, իսկ ինքը ձայն չի հանելու, միայն բուկը, մոր նման, ուռչելու է։
Անամոթները գեղեցկուհիներին են ուզելու, խարդախները, ճարպիկները, հարուստները գեղեցկուհիներին են ուզելու,— նրան ո՞վ է ուզելու, խեղճուկրակի մեկը, շիլ Եղըշի մեկը։ Նրանց հարսանիքը գյուղի համար ուրախություն չի լինելու, ծիծաղատեղ է լինելու...։
Անհետևանք, ինչպես Մարիամի ետևից են երգում ու իրեն ծաղրում՝ ձի քշել չգիտի, այնինչ ձին պառավ է, իրենցը չէ, հորեղբորն է, խնայել է պետք, մայրն էլ այնտեղ հորեղբոր հետ կռվեց ձիու պատճառով, ինչպես ինքն անցողիկ այդ պառավ ձիու կյանքն է մտնում որ մի երկու օրից սանձը շպրտի ու գնա համալսարան, ու մի ուրիշ շլդո գա երկու օրով նրա կյանքը մտնի, հետո նույնպես սանձը գցի գնա, այդ ձիու կյանքից իրենց դուրս գալու պես՝ ձին, ու ամբողջ գյուղը, այդ ամբողջ աշխարհը, դուրս են գալու իր ու իրպեսների կյանքից՝ աշխարհը գնում է, կորչում է քիչ֊քիչ, հե՜յ, Ծմակո՜ւտ, ո՞ւր ես՝ նրանք էլ այդպես վաղն ևեթ մի պահ կերևան քրոջ հորիզոնին՝ ու վերջ։ Մի կյանք էլ փլուզվեց։ Ու կասեն հետո. Ո՞ւմ՝ դրա՞ն — ո՞վ՝ մե՞նք, ու հետո կասեն գնացեք շնորհակալ եղեք, որ երկու երջանիկ օր տեսավ։ Օդեսայում բուժում են։ Ո՞վ պիտի նրան Օդեսա տանի։ Այդ քույրիկը բոլոր եղբայրների մեջ Արայիկին է սիրահարված, նրան տեսնելուց է սկսում սեթևեթել, կոմերիտական նշանն Արայիկի կրծքին նա կլինի կպցրած,— մայրն անցավ ու չնայեց էլ, ու մոր աչքերի շրջանակում քույրը կարծես չկար, կարծես առվի մոտ լվացք անող չկար, ու վայ թե մայրն ուզում էր, որ քույրը չլինի։ Սարսափելի է, երբ ծնողն ուզում է, որ զավակը չլինի։
Հետո մի դեպք եղավ։ Վերջում, երբ տղան արդեն ճամփա էր ընկնում։ Քույրն աղբյուրից վազելով եկավ։
Եկավ կանգնեց տղայի դեմ ու ձեռքը լուռ նրան պարզեց, ձեռքի մեջ՝ տանձ։ Այդ տանձը տղան աղբյուրի մոտ առվի մեջ տեսել էր, առուն այդ տանձը բերել էր վերևի այգիներից, իսկ առուն անմաքուր էր Սահակի զուգարանի պատճառով։
— Քեզ է տալիս,— ասաց մայրը։
Տղան վերցրեց, իսկ քույրը լուռ նայում էր։
— Կուտեմ,— ասաց տղան։
— Կծիր, թող տեսնի,— ասաց մայրը,— քո քույրն է։
— Իմ քույրն է,— և տղան կծեց։
<Ով է ստեղծում դժոխքը>
Այսպիսով, տղայի հիմնական զգացմունքներն են դեպի շրջապատի մարդիկ.
1) սեր՝ անպատասխան, լուռ, հավատարիմ.
2) խղճահարություն, որը, սիրո հետ, արտահայտվում է տղայի վերաբերմունքում հատկապես դեպի այն փոքրիկ ու խեղճ աշխարհը, որն այնքան թույլ է, որ ինքն է իրեն այդ աշխարհում մեծ ու ուժեղ, մեծահոգի զգում.
և 3) ատելություն դեպի մի քանիսը, ինչ֊որ վիճակների, ապրելակերպերի մերժում։ Այս զգացմունքներն այնքան հստակ են, ասես տղան մեծահասակ լինի։ Բայց կան և Արայիկ֊երեխային հատկանշական զգացմունքներ՝ հարգանք դեպի մեծերը, ուշադրության, վերաբերմունքի ծարավ, առնականության առաջին խուտուտներ — և սրանք հակասության մեջ չեն վերը նշված զգացմունքների հետ։
Գրիգորյանը՝ մեծահասակ մարդ է, տղա է կորցրել, Արայիկն այդ տղային սիրում էր, թող այդ տղայի փոխարեն Արայիկը մեռներ. բայց դա իրավունք ունի մտածելու միայն ինքը՝ Արայիկը, իսկ վարիչը պարտադրում է տղային այդ միտքը, ատում է տղային — տղան պատասխանում է ատելությամբ։ «Ոչինչ գաղտնի չի մնում»,— տղայի գյուղական, պապենական, ինստիկտիվ ու փորձով ապացուցված իմաստությունն է, դրանից հետևում է, որ տղայի մտքերն էլ գաղտնիք չեն, ու ոչ միայն երեխայի կեղևից մի պահ դուրս նայող տղամարդը, ասենք,— բուժքրոջ համար, այլև այդ խորին, թաքցրած, աշխարհն արժևորող մտքերը, և ուրեմն դրանք բարդացնում են մնացածների կյանքը։ Այն, որ տղայի երեսին ամեն ինչ գրված է, հետո ապացուցում է Լեռնոն, որից նա ծեծ է ուտում.— «Բանաստե՞ղծ ես դառնալու»։ Ու տղան սարսուռ ու ակնածանք է զգում՝ ոչ, չէր սխալվել, Լեռնիկը հենց այդ բառերն էր արտասանել. բայց նա ինչի՞ց իմացավ, որտեղի՞ց գտավ։
Մայրը երեխաներից թաքուն գաթա տալու համար մի քիչ ուղեկցեց տղային, ու նրանց դիմաց, ճանապարհին Մարիամն իր աղջկա հետ գալիս էր։ Սովորական չորուցամաք Մարիամն էր. տղային թվում էր, որ եթե այդ լուրերը նրա ու հորեղբոր մասին ճիշտ լինեին, Մարիամն ինչ֊որ ուրիշը կլիներ։ Ոչ։ Ոչինչ էլ չէր փոխվել. երկուսով՝ ինքն ու աղջիկը, մի տղամարդու չափ գործ էին անում, քիչ֊քիչ հալչում էին գործի տակ, մայրը հալչում֊չէր վերջանում, իսկ Արմենուհին... սա էլ մի՛ դարդ՝ անպաշտպան աղջիկ է, Մարիամի աղջիկն է, իսկ Մարիամն ու Անդրոն... Իսկ պտուղը ծառից... Վաղը մյուս օրը կնկատեն, որ արդեն հասած աղջիկ է...
— Երեխադ տանը հիվանդ է,— ասաց տղան մորը,— գնա տուն։ Մայրը նայեց կարծես մի ուրիշ աշխարհից ու չհասկացավ։
Կանգնել էր Մարիամի հետ զրուցելու։
— Գնա տուն,— դողաց տղան։ Մայրը վերադարձավ իր փախուստի աշխարհից ու ուշադիր նայեց։— Էն դժոխքից մի րոպեով դուրս եմ եկել,— ասաց մայրը շրթունքների դողով։— Էն դժոխքը դու ես ստեղծել,— ասաց տղան, և մայրը չկարողացավ պատասխանել։
Եվ մայրը մեղք էր։ Եվ մոր կողքին՝ Մարիամը մեղք էր։ Եվ նրանց մոտ՝ լուռ Արմենուհին մեղք էր։ Եվ տանձենու դեմ՝ ախպերիկը մեղք էր։ Եվ իրենց կարմիր շորերի մոտ՝ քաղաքացի կանայք Սահակի տանը մեղք էին, որովհետև հո չէի՞ն կարող դուրս գալ ու այս օտար գյուղում բղավել դեպի զկռենին թե՝ անամոթ խուլիգաններ... Եվ այս բոլորի պատճառը տղան էր, որովհետև տղան եթե չլիներ, այդքան երեխայի արանքում այդ մեկը չլիներ, շատ հանգիստ, այո, չլիներ,— ամեն ինչ շատ կարգին կլիներ, ինչպես կարգին էր Սահակենց մեծաբերանի ու Մարտիրոսի տղայի համար, որոնք կարծես ոչինչ էլ չէին արել, զկռենու ետևից «Ծաղիկ ես, ծաղիկ ես» շվշվացնելով դուրս եկան, զառիթափ բաց լանջին նրանցից մեկը կանգնեց, մատները բերանը տարավ և ուժեղ սուլեց ու կանչեց. «Արա, էդ ձին մեղք է, քշիր, նախագահ», իսկ մյուսը շատ լավ էլ շվշվացնում էր՝ «ծաղիկ ես, ծաղիկ ես, անթառամ ծաղիկ ես, ունքերդ կամար, ազիզ ջան, սարի ծաղիկ ես...», և նրանց շվշվոցը շատ լավ էլ հավանում էին մայրը, մոր կողքին՝ Մարիամը, նրանց մոտ՝ Արմենուհին, աղբյուրում՝ գուցե քույրը...— Է֊է֊է֊է,— և տղան ծամածռվեց ու ճիպտեց։
<Հայհոյիր երկինքն ու քոչիր քաղաք>
Աշխարհի դարդն այդ տղան կրում է իր նեղլիկ ուսերին։ Ինքն է այդպես ցանկացել, բայց և դժգոհ է։ Եթե նա չլիներ, իր տեսակետի պակասն աշխարհում չէր զգացվի,— նա միակն է ու կա,— նրան ոչ ոք երբեք չի հասկացել ու չի հասկանա,— միշտ միայնակ. այս մտքաշարքը կարելի է բնորոշ մարդկային, տարիքային, ազգային համարել և այդ պատճառով էլ հերոսը 13 տարեկան է, տղա է ու հայ։ Բայց ախր տղան իսկապես միակ է. հայրենի մի գյուղում աճում է ապագայի մարդը,— աշխարհի բոլոր անկյուններում աճում են ապագայի մարդիկ, որոնցից յուրաքանչյուրն իր ուսերին միայնակ է կրում աշխարհի բոլոր դարդերն ու դիմանում է, թեև գիտի, որ միակն է՝ ինքն է այդպես ցանկացել՝ տարբեր լինել բոլորից։
Մաթևոսյանի կերպարները ոչ միայն տեղափոխվում են գործից գործ ու դրանով իրենց մասշտաբը մեծացնում, այլև յուրաքանչյուր առանձին գործում իրենց կրած նշանակությամբ դառնում են աշխարհի մասշտաբի կերպար։ Կերպարը նշանակություն ունի տվյալ գործի առանձին մասերի, ամբողջ գործի, նրա հետ կապված մնացած գործերի, Մաթևոսյանի ամբողջ արձակի գաղափարական բովանդակության համար, և՝ համաշխարհային գրականության։
Նրա հերոսները, անկախ իրենց հատկություններից, ընդհանուր են նաև ավանդական խոր արմատներով։ Մաթևոսյանի արձակը հայ գրականության օրգանական մաս է, նրա գրականության ու համաշխարհային պատմության կապն արտակարգ սերտ է՝ և ուրեմն մեր ժողովրդի պատմության զարգացման ուղու հետևանք, ընկալիչ, արտահայտիչ ու շարժիչ է այդ արձակը։ Եվ դա երևում է ոչ միայն, օրինակ, «Մեծամորում», այլև բոլոր գրվածքների մեջ և հենց, հատկապես, կերպարների՝ պատմական զգացողություն ունենալու ընդհանրությամբ. այդ կերպարները թունդ երևակայություն ունեն՝ իրենց համարում են պատմական անձեր։ Նույնիսկ շրջապատի ծաղրը չի ազդում այդ զգացողության վրա։ Տո՛, դու շիլ Եղըշի տղան չե՞ս։ Հեղինակն էլ իր հանդիսավոր պատմականությունը գիտի, իր հերոսներն էլ։
Այդ կերպարների՝ այդ կենդանի, շնչող, պրոբլեմակիր հերոսների՝ ժամանակակից գյուղացիների, քաղաք փախած երիտասարդների, իրենց խիղճն ատող երեխաների, մանեկը պակաս ծերունիների, խելակորույս մայրերի,— բոլորի, ամեն տիպի, ամեն ձևի, արտասովոր ու ի վերջո՝ սովորական, առօրյա մարդկանց, հազար ու մի չարիք անցած ու Ալխոյի մեջքի պես դաբաղված ժողովրդից ջոկվող անհատների՝ ոչ գեղեցիկ, ոչ հատկապես ուժեղ, ոչ շատ խելոք, ոչ գիտուն, երբեմն՝ խորամանկ, երբեմն՝ չար, երբեմն՝ բարի, ամեն տեսակի,— այդ կերպարների ժողովուրդը փոքր էր ու չափազանց երկար էր ջարդվում, ու մի տեղ ջարդվում՝ մյուս տեղից ծիլ էր տալիս, և երևի այդ է պատճառը, որ այդ ավերակ մի կտոր ժառանգությունն էլ երբ կոտրեցի՛ն այս վերջին անգամ՝ այդ կտորտանքի ժառանգների ողնաշարի միջով էլ էլի անցավ «երկրի ջիղը», ու միացրեց, իրար կապեց բոլորին իրենց անցած֊ծեծված ճակատագրերով հանդերձ՝ ու կապեց այդ մի կտոր հողին, ու իրենց ապագայով հանդերձ, ապագայով էլ կապեց...
Անձրևը թողեց փախավ ուրիշ ձոր՝ թուրք չոբանը հայհոյեց երկինքը, ինչպե՞ս հայհոյեց, «թուրքերեն չգիտեմ», ու ոչխարը հարձակվում էր չոբանի խոնավ քուրքի վրա, ու չոբանը մեղք էր... «Ինչ անեմ, դու էլ քոչիր քաղաք»։ Կերպարների այս ավանդական֊պատմական ըմբռնումը, իհարկե, «Սկիզբը» վիպակի ներքին խնդիրներին էլ է շատ ճիշտ համապատասխանում, թեև բովանդակության մեջ այնքան լայն չի արտահայտված, ինչպես, ասենք, «Աշնան արևը», «Ծառերը» գործերում։ Բայց վերցնենք ցանկացած հերոսի աշխարհընկալումը— և իսկույն գտնում ենք ավանդական հիմքերը։ Սկսած մանկական պատկերավոր հարցադրումից՝ ինչո՞ւ երբ աշխարհը դեռ լայն, ազատ էր, ու հողերը ոչ մեկին չէին պատկանում, մեր հայ ժողովուրդը չի գնացել կապույտ ծովի ափ ու բնակություն չի հաստատել լայնարձակ կանաչ հարթավայրերում, այլ լցվել է այս լեռների ետևը ու համարյա չի էլ երևում... ներառնելով թուրք չոբանի նկատմամբ վերաբերմունքը, որը հանգում է տղայի ու քաղաքի դժվար փոխհարաբերություններին,— մինչև Մեսրոպ քեռու պապենական բաղերում քաղաքային նուվորիշի կառուցած հուշարձանը՝ իր ավազակ պապին, ու խնջույքն այդ հուշարձանի առթիվ, ու Մեսրոպին այդ խնջույքի մեջ մտցնելը... Թեկուզ նաև՝ Շամամ մորքուրի լավաշ թխելը, ու մեջքը ուղիղ նստած, քրիստոնյայի իր խաչը լավաշի գնդի մեջ խփող, հարյուր տարեկան, բայց իր հոգսը դեռ ինքնուրույն քաշող պառավը...
Գյուղի ու քաղաքի հարաբերությունների մոտիվը Մաթևոսյանի մոտ գործից գործ տագնապալի է դառնում։ Տվյալ դեպքում կա տղան, որ սկեպսիսի մի մեծ քանակով, բայց և այնուամենայնիվ թուրք հովվին խորհուրդ է տալիս քոչել քաղաք՝ ու բոլոր դժբախտությունները կավարտվեն։ Բայց տափաստանի թուրքը մենակ էր մնում, ու տղան անդրադառնում է նրան, ու հոտը ցրում է, ու մխրճվում է ոչխարների մեջ, ու իրարից հեռու է քշում նրանց, ու քրտինքը լցվել է աչքերը... Իր ամբողջ երազանքը, իր ամբողջ կյանքը, ապագան մնում են այնտեղ, գետափին, քաղաքում, բայց տղան գնում է օգնելու չոբանին... որ բարակ թևերով Եզեկը նրան նայի ու իրեն հիշի՝ կոշիկավորված՝ ձի է տանում կայարան։ Որ երեխաները ոչ թե դժվարությամբ ծնվեն ու լինեն միակ ու գեղեցիկ, ու, ինչպես գեղեցիկ են՝ կտրուկ ու հաստատ հարվածեն, ու հոր հետ պապի հիշատակը հավերժացնեն երկու հազարանոց աղբյուր հուշարձանով, այլ լինեն յոթ֊ութ հոգի, երազեն քաղաքի մասին, գնան համալսարան սովորեն ու, ասպիրանտուրայից հրաժարվելով, գյուղ գան, ու զգան, հասկանան, որ սխալվել են, որ ոչ թե գյուղի շուրջը գնալ֊գալն է ավանդույթ, այլ այն, որ իրենց տոհմը շարունակելու է յոթ առողջ, արմատներն ամուր տղամարդ, ու աշխարհում «շիլ» մարդկանց թիվը էլի յոթով ավելացավ ու թող յոթ անգամ յոթով ավելանա, և դա միանգամից հիշատակ է ապահովում ու ապագա, այլ ոչ թե աղբյուրի պես, որ Եզեկը սարքել է ու գիտի՝ խմելու են ու ետևից հայհոյելու են, որովհետև դրել է ուրիշ կյանքի, աշխարհի, տոհմի, պատմության հենց կենտրոնում՝ մեսրոպենց հին բաղերում։
Բայց շուրջը նա է, շուրջը նրանք են՝ բժշկի պես լկտի, ցինիկ խորհրդատուներով ու գաղափարական պաշտպաններով, բուժքրոջ պես կես֊լիրբ կես֊եսիմ ինչ՝ Մեսրոպին անհասկանալի կանանցով, Լեռնիկի պես ավազակ պապերով ու դժվար ծնված, բայց ուժեղ ու ցավոտ խփող որդիներով... ու հին գյուղի կտոր Մեսրոպը գլուխը դժվարությամբ, բայց տակ է տալիս.
«... ջրաղացի տակի աղբյուրն էիր հանելու, ջրաղացի... միջինը, ուղիղ միջինը։ Սառն ու համով է։ Սրա ջրից իմ հեր Ավետիքը չէր խմում։ Սա ջուր չէր... Ջուրը նա էր... ջրաղացի միջինը»։
Ե՛վ քծնում է, բայց և՛ սխալն ու անսխալական լինելու՝ մեծահարուստի անկարողությունն ու գյուղի, իմաստության, գիտելիքի արժեքն է ընդգծում։ Տղան, ոչ, չի պարտվում։ Տղան կուլ չի գնում այդ աշխարհին։ Իրեն հասնող հարվածները տղան Լեռնիկից ընդունում է ու իր ճամփան գնում, գնում է եղբորը ձի հասցնելու...
<Անողոք ֆանտաստիկ ռեալիզմ>
Մաթևոսյանի կերպարներն այնքան են լի ու բարդ, որ ռեալիստական գծերն իր արձակի ժանրը չեն փոխում՝ ռեալիզմը մնում է։ Արդեն իբրև օրինակ բերվեց հովեկ աժդահա կինը։ Նույնպիսի օրինակ են Եղըշի շլությունը, շլդոների քանակը, հարյուր տարեկան խանում֊խաթունը, նաև՝ Ալխո ձին՝ պառավ փիլիսոփան, հասուն տղամարդ վարիչի ատելությունը դեպի երեխան, Աշոտն իր անջատ, լուռ գոյությամբ ու մահով, նաև՝ Մեսրոպը, որի մասին Մաթևոսյանն առանձին նույնանուն վիպակ ունի, Մեսրոպը, որ տղայի հետ կատակում է Բուդյոննու Փափախքար գտնվելուց ու զինկոմ Դոշոյանին կաշառք է տանում՝ եղնիկի խորովածացու, ու խնջույքի այդ ամբողջ սիտուացիան նրա պապերի բաղերում, ու ինքը տղան, տղայի կերպարը մի՞թե ծայրից ծայր հակասական, «հակառեալիստական», ֆանտաստիկ չէ. երեխայական կեղևում ապրում է քննադատ ու որակավորող բանականություն, երեխայի մարմնում մեծահասակ է թաքնված, իսկ իր շիլ հայրը՝ կյանքում իր տեղը չգտած, ու իր «ճագարուհի» մայրը՝ հորեղբոր հետ կռվով ու այդ դժոխքից երբևէ փախուստի դեռ պահպանած հույսով, և այդ հորեղբայր Անդոն — ավելի երեխա են, քան ինքը։
Բայց այդ անսպասելի շրջադարձները, որ հանկարծ պատահում են առօրեական, հանգիստ, պարզ ու, թվում է, աննշանակալի գործողություններով լի՝ Մաթևոսյանի արձակում, որոնք պայթեցնում են առօրյան ու արտահայտում մարդկային հարաբերությունների թաքուն մակարդակները, լիովին մնում են ռեալ պայմանականության շրջանակում, «իրական կյանքի» պատկեր են դառնում, ու չէ՞ որ կյանքը ինքնին անհամապատասխանություն է, հակասություն, անսպասելի իրավիճակ, ֆանտաստիկա։ Մեր առօրյա հայացքն ու կենցաղը հակում ունեն դա չնկատելու, կյանքը պարզեցնելու. Մաթևոսյանն իր արձակով դա ցցուն բերում դնում է մեր առջև ու մեզ ընկղմում իրական, պատմական, խորհրդանշական, ֆանտաստիկ իրական ռեալ կյանքի մեջ։
Վիպակում պատկերած իրավիճակների, տրամադրությունների անմիջական, հուզական ընկալման համար նշանակություն ունի վիպակի գլխավոր հերոսի դիրքը. ընթերցողն ամեն ինչ ընկալում է նրա պրիզմայի միջով, ու Արայիկն արդեն հեղինակի alter ego լինելուց բացի ինչ֊որ չափով դառնում է հենց ընթերցողի alter ego։ Մաթևոսյանի կերպարները միակողմանի չեն, զուրկ են պարզունակ ճամբարայնությունից. դրական, բացասական... բայց իրենց բարդ ամբողջականության մեջ բարոյական ճշգրիտ կոնկրետացում են պարունակում։ Օրինակ՝ բժիշկը, իր սրամիտ բառախաղով, իր բժիշկ մասնագիտությամբ, բուժքրոջ համար գոյություն ունեցող իր ճոճուն հասակով,
Եվ մի քիչ էլ գլուխ էր ցավում այն բանի համար, որ եթե նրանք մարդուկին էին՝ ինչպես էին այդքան լավը, իսկ եթե մարդուկին չէին՝ ինչպես էին այդպես միմյանց համար։
Բայց տղան զգում է, որ բառախաղի նպատակն այնպիսի նպատակ չէ, որ արժանի լիներ այդ բժշկին, և՝ որ այնուամենայնիվ նպատակին այդքան հեշտ կարող է հասնել, ու զինկոմ Դոշոյանը կմնա առանց եղնիկի խորովածացու կաշառքի ու խեղճ֊խեղճ աչքերը կթարթի... և՝ որ Մեսրոպին կարող է այդքան խեղճացնել, բայց Եզեկի մի գոռոցով պապանձվում է, հպատակվում, ու տխուր է մնում բուժքույրը, որովհետև բժշկին այդպես խեղճացրին... Տարօրինակ են այդ մարդիկ. նրանց նպատակները կարողություններից շատ ավելի փոքր են։ Ինչպես շատ լավ էլ հասկանալով, որ տղայի հետ ոչ ոք երբեք այդպես չի խոսել, կեղևից մի պահ դուրս է քաշում նրան բուժքույրը՝ երեխային մեծացնում է, տղայացնում՝ ընդամենը որ ձիուց իջեցնի, ինքը նստի ու կրնկի ու տղային մոռանա (նրա մոռից կուտեն ու շոյելու պես մատները նրա մազերով կմաքրեն... Թփերի միջից նրան կանչում էին՝ ամբողջ գաղտնիքն ու շշուկը տղայի կարծիքով մոռ ուտելու համար էր, կամ ավելի վատ կատակ էր՝ իր մոր տգեղ լոքերի վրա էին աչք դրել, «Մայրս է», դեռ չփորձելով այդ կեղտոտ կատակի իրագործվելուն հավատալ, ասաց տղան՝ ոչ, մոռ ուտելուց, տղային գժվեցնելուց ավելի ուժեղ ստիմուլ կար՝ գետափի հովեկների մերկության մագնիսը...), իրեն հավասարեցնելու նշանակությունը տղայի համար շատ լավ էլ գիտակցելով, Եզեկը նրա հետ արաղ խմել է պատրաստվում՝ ու մի րոպեում թողնում, մոռանում, գնում է։ Տղայի աչքերում նա երազանք է՝ իր երազանք լինելը մի հարվածով փչացնում ու տղային շատ ճիշտ էլ կողմնորոշում է։
<Ձևի բովանդակությունը>
Հետո ամեն ինչ դառնում է իր տեղը. տղան, սարերը, աշխարհը, Ալխոն, ետևը՝ գյուղը, առջևը՝ եղբայրը կայարանում, Մեսրոպ քեռին... Նրա գլխարկը կախվել էր թփերից, ու սարսափելի էր զգալ ճաղատ գլխի հարվածը կոշտ գետնին։
Տղան չգիտեր, որ հարբածները ձիուց փափուկ են ընկնում, ընկնում ու փափուկ քնում են։
— Մեսրոպ քեռի,— ասաց տղան,— Մեսրոպ քեռի։
— Քեռի,— խնդրեց տղան,— քեռի։
— Դոշոյանը կթողնի կգնա, քեռի։
— Քեռի,— խնդրեց տղան,— Մեսրոպ քեռի։
— Քեռի,— ասաց տղան,— քեռի։
— Քեռի։
— Ցավո՞ւմ է, քեռի։
— Քեռի,— խնդրեց տղան,— քեռի։
— Քեռի։
— Քեռի... Մեսրոպ քեռի... Քեռի։
Տղան կարծում է քեռուն բան է պատահել։ Օգնող չկա։ Տղայի հոգեվիճակը՝ հայտնաբերման պահից մինչև հույսը կորցնելու պահը, կառուցած է համարյա անբովանդակ թվացող կրկնությունների ու ժուժկալ կետադրության միջոցով։ Ճանապարհն ու խարկված գետահովիտն ամայի են, գնա հասնի հուշարձանի խնջույքին՝ սրան ինչպե՞ս այստեղ միայնակ թողնի, եղբայրն էլ այնտեղ է սպասում... «Իսկ գուցե,— հանկարծ հասկանում է ընթերցողը,— տղային թվում է թե մեռե՞լ է քեռին...»։ Վերջակետի ու բազմակետի հաջորդականությամբ իսկ բովանդակություն է ներկայացվում։ Երբ տղան ասում է «Քեռի» ու վերջակետ է՝ այդտեղ նա լուռ սպասում է որ քեռին ուշքի գա։ Իսկ երբ ուշքի չի գալիս, սկսում է ցնցել նրան, երևի, արթնացնել է փորձում, ու բազմակետը գործողության արտացոլումն է։ Եվ այն իրավիճակը, որ կարող էր սոսկ զավեշտական թվալ, հանկարծ, տղայի ներսից, ընկալվում է որպես ողբերգություն. «Տղան չգիտեր...»։
Ձևի միջոցով բովանդակության արտահայտման, ձևի ու բովանդակության բարձրագույն ներդաշնակության օրինակ են վիպակը եզրափակող այդ տողերը։
Սակայն... Սակայն...
Գետակի մրմունջը հավաքվում հյուսվում ու մաշվում, հյուսվում ու մաշվում էր, հետո դարձավ հարահոս ու խառնվեց լռությանը։ Փոքրիկ հովիտն արևի մեջ լուռ էր, միակ տանձենին լուռ էր։ Մինչև տղայի մեծանալը եթե որևէ մեկն այդտեղ տուն չշիներ... Առայժմ այդտեղ փոստատարը կապում էր ձին, և ձին օրերով այդտեղ կանգնած էր։
Եթե ոչ ոք այդտեղ տուն չշինի՝ տղան կշինի։ Տղայի տունն այդտեղ է լինելու։ Մինչև այդ օրը Ծմակուտի կնքված քարտեզն իր սահմաններով թող մնա գյուղմինիստրության սեյֆում, հետո սահմանները կփոխվեն։ Դա տղայի գլխավոր երազանքն է։ Ում ինչ գործն է, թե որտեղ կսարքի իր տունը Արայիկ Քառյանը, ում է հետաքրքրում, թե ինչպես գյուղի կողքը կկառուցվի մի նոր աշխարհ, ոչ թե քաղաքում, ոչ թե գյուղում՝ այլ մի բոլորովին նոր տեղ, անբիծ ու մաքուր մի հովտում, ու գետակի մրմունջը տանձենու կողքին կլինի իր տանը։
1982
>>>
Այս տեքստի ստեղծման պատմությունը մանրամասն նկարագրել եմ ռուսերեն վիպակում [i] ։ Ուսանողական գիտական ընկերության համար գրեցի՝ թեև ես արևելագետ էի՝ բայց հայկական բանասիրականի, ռոմանոյի ու արևելագիտության համատեղ նիստ կազմակերպեցի, Հրանտին էլ հրավիրեցի ու կարդացի։ Կլասիկ բանասիրական տեքստերն այնօր հաճախ էին օգտագործում այդ եզրը՝ գեղարվեստական֊գաղափարական կամ հակառակը։ Երևի Բելինսկու ժամանակներից։ Սովետի օրոք դա դարձել էր դասակարգային գաղափարները վերհանելու, ձևականորեն սովետական իդեոլոգիային ռևերանս անելու միջոց, իսկ լճացման շրջանի խորամանկ բանասերներն էլի օգտագործում էին, բայց լրիվ ուրիշ նպատակով՝ որ թաքցնեն, որ ոչ թե դասակարգային, այլ իսկական գաղափարներն են փնտրում տեքստում։ Այսինքն՝ ինչպես է գաղափարը գեղարվեստ դառնում։ Բարդ հարց է, և հայտնի էլ չէ՝ գուցե հակառակն է կարևոր՝ տեսնել, ինչպես է գեղարվեստը գաղափար դառնում։ Ինչևէ, մի երկու պատասխան այս տեքստում փնտրել եմ, և տղայի՝ Արայիկ Քառյանի պես ֆանտաստիկ, նվիրված ընթերցող, պատանի էլ ես եմ եղել՝ որ այսքան խորքից կարդացել եմ այդ գործը։ Հիմա կարդալիս՝ Հրանտն էլ մեջս կենդանացավ, այն, թե ինչ հայտնություն էր այնօր, ինչպես էի հրաշքի պես կարդում... Տղան կյանքը տանջանք է համարում, ո՞վ կմտածեր, որ այդպիսի չարությամբ լի տղա գոյություն ունի... Եվ միաժամանակ՝ կյանքի վերահաստատման ինչ խրախճանք է... Այդպիսին է կյանքը՝ դաժան, անողոք, անսքող, և այն արդարացնող միակ եղածը Հրանտն է, Արայիկ Քառյանը, նրանցպեսների ծնունդը, լինելը։
13:38 Մարտ 23, 2018