Հիշարժան նախագծեր

«Ցանցապետություն» խաղ, նոյեմբեր 2015


«Մշակույթ» խումբ

Մաս երկու

Տե՛ս առաջին մասն այստեղ

Գործընթացի դիտարկումներ

Խմբի մեջ քիչ եղավ վարվեցողական ռեֆլեքսիայի քննարկում, իհարկե նաև ժամանակի սղության պատճառով, բայց ոչ միայն. դա իհարկե որոշակիորեն աղքատացրեց թեմաների քննարկման հնարավորությունները, քան որ հայտնի է, որ վարվեցողական ռեֆլեքսիան օգնում է ճշտել կրեացիայի կառուցվածքայնացումը:

Այստեղ բերվածը թույլ է տալիս խմբի և խաղի արդյունքների լույսի ներքո գործնական մակարդակով տարբերակել որոշակի հնարավոր մարտավարություններ՝ խմբի և խաղի արդյունքներն իրականացնելու համար:

ՄԵԿ. Արխայիզմ և հարմարվողականություն

Խաղում դրսևորվեցին ազգային (և աշխարհի մարդկանց) նկարագրի հիմնական երեք տարատեսակները. ա) աշխատասեր մեղու բ) արխայիկ գ) ադապտացված/ադապտացվող

Ա) Այս մասին բնորոշ է քաղաքացիական հասարակության գլխավոր ձևակերպման իդեալին հարելը և բողոքական էթիկայից, ինչպես նաև կոմունիզմի էթիկական կոդեքսից սերած համարվող մոտեցումը. քաղհասարակության ձևակերպումը հետևյալն է. դա այն մասն է, որը գործում է ոչ պետական, ոչ բիզնեսային, և ոչ կլանային մոտիվացիաներով՝ հասարակության օգտին, այսինքն չունի իշխելու, փողի կամ անձնական/ցեղատոհմային ինքնությունն ամրապնդելու շահ՝ ճշմարտությանը հետամուտ լինելիս: Ալտրուիզմն ու հակակոռուպցիոնությունը (լայն իմաստով) սկզբունք են:

(Ուշ հավելում. Շատ մարդկանց համար անհասկանալի է առանձին այսպիսի խմբի գոյության հնարավորությունը, հատկապես նրանք չեն հասկանում, թե ինչով է մոտիվացվում այս խումբը. բիզնեսը՝ փողով, պետականը՝ իշխանությամբ, կլանայինը՝ մերձավորությամբ / հարազատությամբ. իսկ ոչ այն ոչ այն ոչ ա՞յն. էլ ի՞նչ մնաց: «Օտարի շա՞հ»: Արդեն գրեթե երկու դար թե ավելի Ռուսսոն քննադատվում կամ արդարացվում է նրա համար, որ իր երեխաներին տվեց մանկատուն, իսկ ինքը գրում էր էսսե՝ «դաստիարակության մասին»: Նույն աբստրակտ «ուրիշի օգուտը» քննադատվեց, երբ Խորհրդային Միությունը փլուզվում էր,  որպես բոլշևիկների գաղափարախոսության սկզբունքային մեթոդաբանական սխալ[1]: Պե՞տք է արդյոք որ շուրջդ ամեն ինչ կարգին լինի՝ որ ուրիշի մասին մտածես, թե՞ ոչ, մնում է բաց հարց: «Լավություն արա ջուրը գցիր» սկզբունքի նկատմամբ հայն ու մարդը թերահավատ են սովորաբար: Սակայն աշխարհի զարգացումը ցույց է տալիս՝ որ ալտրուիզմը պիտի լինի էգոիզմին ճիշտ ագուցված, սակայն՝ պարտադիր ներկա, այլապես Մեծ Պրոյեկտը կանգ կառնի:)

Նրանք մասնակցում են անկախ նրանից, իրենց էգոյին դա հաճելի է թե ոչ, և փորձում են անել այն, ինչ խմբին, հանրությանը պետք է: Նրանց մտածողությունը բխում է այն թեզից, որ խաղի արդյունքը պիտի հանրային օգուտ տա: Նրանք ընդունում են պոլիֆոնիկ իրադրությունը, և միակ ձևը գերադասման համարում են հաղորդելի արդյունքը, որը կարող է հերքվել, սակայն քանի հերքված չէ՝ կարող է լինել գործողությունների շարժառիթ:

Բ) Այս մասը կենտրոնաձիգ է, ելնում է կենտրոնի գերակայությունից, գերադասում է կառուցվածքը, ձևը մտքին, և պատրաստ է օգնել միայն եթե կա տոհմային շահ, և այդ իմաստով նրանց շարժառիթները էգոիստական են ու կոռումպացված կամ հեշտ կոռումպացվող: Այս դիրքում գտնվողի համար կենտրոնն ու հիերարխիկ ձևն ավելի կարևոր են, քան իմաստը: Նրանք չեն ընդունում կոռումպացված կապերից ու շահերից դուրս «ճշմարտության» գոյությունը, նրանց համար ճշմարտությունը միայն այն է, ինչ իրենց անմիջական խումբն իր հիերարխիայի սահմաններում հայտարարում է ճշմարտություն, և նոր հիպոթեզ ընդունելու համար նրանց պետք է կենտրոնի հրահանգը: Այդ իսկ պատճառով նրանք մշտական կոնֆլիկտի մեջ են ա) խմբի դիրքի հետ, այն կարող է լինել թեթև կամ ծանր, փափուկ կամ կոշտ, սակայն այն միշտ առկա է:

Գ) Այս խումբը լավ ադապտացված է: Նա ծանոթ է և՛ առաջին, և՛ երկրորդ գործելակերպին, և կախված հանգամանքներից, ընդունում է առաջինի գոծելաոճը կամ հակառակը, իսկ երբ կոնֆլիկտ է՝ հաճույքով նստում է մի կողմ ու դիտում, թե ինչպես այն կլուծվի, և միանում հաղթողին:

Սա ստեղծեց հավելյալ ծանրություն աշխատասեր մեղուների համար: Քանի որ արխայիկ մասը չէր կարող արագ առաջ գնալ մեղուների արգելափակման պատճառով, սակայն անընդմեջ դոփում էր տեղում, Սիզիֆի պես, դանդաղ նահանջելով (դա արտացոլվեց նկարի՝ վերին մասի կետերից մեկում. արխայիկի դանդաղ նահանջը), իսկ հարմարվողները չէին ուզում ջանք գործադրել ընտրելու համար՝ նրանք փաստորեն աշխատում էին շատ ավելի քիչ, քան կարող էին: Նրանց աշխատանքը սպոռադիկ էր և, թեև այդ պահերին բավական բարձրորակ, սակայն այն փաստորեն միահյուսում էր ճշմարտության փնտրտուքը կոռումպացված հարմարվողականության հետ: Այդպիսին էին նաև նրանց արտախաղային պատմություններն ընդմիջումներին՝ իրենց կյանքի մասին: Այդ միահյուսումը բերում էր նրան, որ նրանք ստիպված էին աշխատել տհաճ ու անիմաստ գործ անելու համար շատ՝ որպեսզի իրենց ուզածն իրագործեն քիչ: Դա հետո ամփոփվեց շատ լավ և ճշգրիտ՝ «զզվել եմ սեմինարներից» արտահայտությամբ: Այսպիսով, զրկելով իրենց դժվար աշխատանք կատարելու պատվից՝ նրանք իրենց դատապարտում են տհաճ աշխատանք կատարելուն, և ճշմարտության վարկածի ու տհաճ աշխատանքի միավորումը միշտ ռիսկային է, քանի որ վերջինս կարող է ոչնչացնել առաջինի նշանակությունը: Դա բացատրելով՝ կարելի է հարմարվողականության վրա ազդել: Այն շատ լավ երևում է նրանում, որ հարմարվողականությունը հաճախ կարծում է, որ իրենք գծագրում միջին դիագոնալի վրա են, ինչպես ասում են՝ իրենց այդպես էլ հասկացվում են, քանի որ իրենք, ասենք, գիտնական են, գիտնականների հետ են աշխատում ու գիտության ասպարեզում իրենց գործընկերների հետ նույն լեզվով խոսում: Մինչդեռ մեր գիտության դուրս մնալն աշխարհի ստանդարտների համեմատ՝ ցույց է տալիս ճիշտ հակառակ էֆեկտը. որ իրենց չեն հասկանում, եթե լավ բան է, և կամ չեն ընդունում, եթե թերի է: Դա նաև նրանից է, որ հարմարվողանակությունն արխայիկից վերցնում է հիերարխիկի սկզբունքը, սակայն այն վերափոխում ըստ իր հիմնական վարվելակերպի՝ և այդպիսով հարմարվում նախ և առաջ անմիջական միջավայրին: Օրինակ, գիտնականը, հարմարվելով հայաստանյան գիտության ստանդարտներին՝ ընկնում է միջազգայինին համապատասխանելու շանսից:

Այսպիսով, հարմարվողականներին պետք է խորհուրդ տալ երկու բան. ա) հարմարվել ոչ թե անմիջականին և կամ «ամենաուժեղին» (Հայաստան կամ ԱՄՆ), այլ՝ հեռավորին և կամ թվացյալ «ոչ ամենաուժեղներին» (օրինակ՝ Ֆրանսիա, Գերմանիա, Սկանդինավիա, իսպանալեզու աշխարհ, Շվեյցարիա):

բ) դուրս գալ իրենց կոմֆորտի զոնայից ու զբաղվել դժվար բաներով, ինչն անպայման, տվյալ համաշխարհային պայմաններում (ցանցը՝ մեծ ռեսուրս պահանջող – դա խմբի՝ կարևոր հակաինտուիտիվ հետևությունն էր, քանի որ հեշտից էլ հեշտ չէ՞ արդյոք ցանցի մեջ մտնել), ի վերջո կավելացնի իրենց ապահովությունն ու կոմֆորտի զոնան:

Օրինակ՝ գիտնականի համար՝ սովորել պրոյեկտ անել՝ առանց գիտնականին հատուկ անհատական էգոիզմի մոտեցման, այսինքն՝ արխայիկի տեսակետից՝ «ոչ գիտական» պրոյեկտ՝ այլ «քաղաքացիական հասարակության»: Կամ՝ հակառակը, որովհետև առաջադեմն էլ պիտի անընդհատ նորը սովորի, թե չէ երբ կանգ առավ՝ անկում է: «Նորն» այստեղ նշանակում է՝ իր կոմֆորտի զոնայից հնարավորինս ամենահեռու գտնվողը՝ որում սակայն դեռ հնարավոր է հաջողության հասնել: Դա է ինիցիացիայի՝ նոր աշխարհի սկզբունքը:

Թվում է, թե սա նախապես արդեն հայտնի ադապտացիոն մեխանիզմներ էին, բայց խաղը մեկ անգամ ևս դրանք ամրապնդեց որպես կանոն և բացատրեց, թե ինչու են դրանք ռազմավարորեն շահեկան, դարձնելով դրանք «ստիպված վայրէջքից» (ԱՄՆ չի ընդունում՝ գնամ Սկանդինավիա) շահեկան ռազմավարություն:

Սա, ինչպես նաև մեղուների գործելակերպը, նշանակում է ադապտացման ավելի բարձր ռազմավարություն, ադապտացում՝ միջավայրը կերտելով:

Պետք է հաշվի առնել նաև, որ խաղը բավական չափով չանդրադարձավ անվտանգության խնդիրներին: Քիչ քննարկվեցին օրինակները՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ թվային (վիրուս) ու իմաստային («Ալեքսանդրիայի սպամադարան», տրոլլիզմ, անճշգրիտ տեղեկատվություն) անվտանգության: Մինչդեռ պահպանողական արխայիկների մասին մտածողությունը թույլ է տալիս այս ուղղությամբ էլ անել մի քանի հետաքրքիր եզրակացություն: Այսպես օրինակ. արխայիզմը կառավարման մեջ («տիրել») հաճախ ներկայացվում է որպես անվտանգության համար և արտակարգ իրադրության դեպքում էֆեկտիվ, քանի որ տնտեսող, էկոնոմիկ միջոց, որն արագ թույլ է տալիս առանց շատ խոսքի հասնել արդյունքի: Մինչդեռ դրա հենց քիչ քննարկումն էլ ցույց տվեց, ինչպես նաև «Պետություն» խմբի աշխատանքը, որ այդ խնդիրը չի հանդիսանում խաղացողների կողմից անհանգստության առարկա:

Ընդհակառակը. այդ գաղափարախոսությունը սառեցնում է առաջընթացը, քանի որ մեծ ծախս է պահանջում՝ ոչ առաջընթացի ուղղված: Քանի որ ցանցի վրա ծախսը շատ ավելի մեծ է, քան հիերարխիկի՝ թեև հիերարխիկի վրա ծախսը փոքր է՝ սակայն նրա մասշտաբային հարաբերումը ցանցային ծախսի համար անհրաժեշտ ռեսուրսին հսկայական նշանակություն է ձեռք բերում:

Սրա օրինակներից են. քառասունն ընդամենը երկու անգամ է շատ քսանից, սակայն երբ վերածում ենք անցնելիք կլիոմետրերի՝ հետիոտնը մեկ օրվա մեջ կարող է անցնել քսան կիլոմետր, գուցեև փոքր-ինչ ավելի, սակայն քառասունն անցնելու համար նա արդեն պետք կունենա մեծ մասամբ առնվազն մեկուկես կամ երկու օրվա, ուրեմն գիշերելու, ուժը վերականգնելու հարց կա:

Մեկ այլ օրինակ. պատկերացնենք երկիր, որ մեկ շնչին տարեկան եկամուտ է ստանում տարիներ շարունակ՝ հավասար տասնհինգ հազար դոլարի: Ունենալով մեկ շնչին հասնող ընդամենը երկու հազար դոլարի եկամուտ ավելի՝ երկիրը կստանա հնարավորություն ստանալ լրիվ այլ մասշտաբի ինվեստիցիաներ, ասենք ըստ Միջազգային արժույթի հիմնադրամի չափանիշների: Սակայն այն չի կարողանում, քանի որ ստագնացիայի մեջ է, և հիերարխիկը չի փոխում:

Այսպիսով, փոքր, թվացյալ մարգինալ խնայողությունը կարող է շատ ավելի մեծ արդյունքի բերել, կատարելով «ձգանի» կամ այլ նման դեր՝ որը բացում է զարգացման ձագարը:

Այսպիսով, ադապտացիոն ավելի բարձրակարգ մեխանիզմների օգտագործումը՝ հանելով արխայիկից հնացածն ու թողնելով նրա գլխավոր կորիզը՝ այն, որ դա միջոց է՝ ինքնությունն ամրապնդելու, - թույլ է տալիս նաև ավտանգության հարցերի ու մասշտաբային զարգացման խնդիրների լուծման համար հետաքրքիր ռազմավարական հնարավորություններ ձեռք բերել: Անմիջական ռիսկի անունից արխայիկի հավելյալ ծախսը կանխում է ռազմավարական զարգացման հնարը, և այդ մոտեցումը դատապարտված է պարտության ու պիտի շուտափույթ կերպով վերացվի:

Այս ապարեզը հատկապես կարևոր է գրողիս համար, քանի որ առաջիկայում պիտի օգնեմ թիմիս ստեղծել ալգոռիթմ՝ «ձանձրալի» աշխատանքը թեթևացնելու համար:

Սրա լուծման սկզբունքներից մեկն էլ՝ «հաճույք ստանալ կյանքի ամեն պահից», որը կրկին արտահայտվեց արտախաղային ռեստորանային ռեֆլեքսիայի ժամանակ: Դա ստեղծագործական է դարձնում ամեն ձանձրալի առաջադրանք. սա կարելի է պայմանականորեն անվանել «Թոմ Սոյերի՝ դարպաս ներկելու էֆեկտ»: Սրա չափազանցումն ու օրինակն է այն՝ որ «քաղաքակիրթ» աշխարհը հաճույքով է ընդունում «սև» աշխատանքի կարիքը, և «սև» ու «սպիտակ» աշխատանքների միջև տարբերությունն արժեքային առումով վերանում է: Աստղաֆիզիկոսը ֆերմա է պահում[2]: Սա լավ է, եթե միայն չի խանգարում՝ «սև» աշխատանքի սկզբունքային վերացման նորարարություններ զարգացնելուն:

ԵՐԿՈՒ. Ինչպես է ցանցն ավելի ծանր, քան պետությունը

Ցանց հասկացությունը հոյակապ օրինակ է հենց ծանր պրոյեկցիայի՝ թեթևացած. բոլորը կարծում են, որ դրանից հեշտ բան չկա (օրինակ՝ շարժումների մասնակիցները), թեև մի քիչ ստիպված մտածողները (օրինակ թեկուզ կագեբեն) նաև սարսափելի վախենում են դրանից:

Պետությունը միմիկրիայի, քոփիքյաթի ձև ու արդյունք է: Այն այնքան լավ է դաջված մարդու գենետիկ ներսում, որ այն կրկնելը ոչ մի դժվարություն չի ներկայացնում: Այն նաև չի պահանջում արտատիրական էֆեկտիվություն. ենթարկվիր, և նույնիսկ եթե ոչինչ չես հասցրել՝ քո գլխավոր պարտքը կատարել ես: Դրա համար ամենաէժան, ամենաէկոնոմիկ բանը Ղարաբաղի կամ Իսլամական պետության համար՝ պետություն հայտարարելն էր: Դրա համար ավանդական բանակում ծառայելն ամենահեշտ բանն է, և մի քիչ բարդ բայց անփորձ մարդուն տաժանք է թվում:

Պետությունը նաև անընդհատ, իր կառուցվածքը պահպանելու համար, փորձում է ընկնել չգրված օրենքի ետևից՝ այն գրված դարձնելու կամ գրվածով հերքելու համար. դա նախապես պարտվողական մրցույթ է:

Ցանցն ինքնությունների պրոյեկցիաների՝ մարդու նույնականացումների[3]՝ տարրաբաժանում է, ոչ թե կոնցենտրացում, ինչպես պետությունը. ցանցը պետությունից մարդ է խլում՝ նրան դարձնելով հայր (հայրերի ակումբի մասնակից), քույր (քույրերի ակումբի մասնակից), ֆիզիկայով հետաքրքրվող (այդ ակումբի մասնակից) և այլն: Այդ նույնականացումների (ինքնությունների պրոյեկցիաների) միջև առաջանում են արանքներ: Այդ արանքները լցվում են մարդու՝ իր տվյալ նույնականացումն իրագործելու համար անհրաժեշտ ադմինիստրացիայով՝ ադմինիստրատիվ հմտությամբ[4]: Քանի որ այդ ադմինիստրատիվ հմտությունները շատ են՝ դրանց լրիվ տիրապետելը ծախս է, հաճախ՝ չճանաչված, մանավանդ՝ եթե ուզում ես ցանցերի էֆեկտիվ անդամ լինել, այսինքն արդյունք ստանալ անդամությունից: Այդպիսով, այդ հմտությունները՝ ադմինիստրատիվ առումով ճիշտ մասնակցել ցանցերին, պահանջում են հավելյալ ծախս, և քանի որ որքան ցանցային նույնականացում, այնքան ծախս՝ այդ ծախսը շատ թանկանում է: Հակառակը՝ պետության անդամ լինելը ծախս չէ. դու արդեն նրա մեջ ես մեծ մասամբ, և որքան ավելի պրիմիտիվ ընկալեցիր քո մասնակցությունը նրա մեջ՝ այնքան ավելի հեշտ է ոչինչ չիմանալ ու նրա հավատարիմ անդամ մնալ:

ԱՄՆ-ն դա պետության տեսակ է եղել, որտեղ պետությունը քիչ է եղել, իսկ ցանցերը՝ շատ: Տոտալիտար պետությունները պետություն են, որտեղ ինքնության գիտակցված նույնականացումները ձգտում են մեկի՝ կենտրոնաձիգ են, հավաք, և այդտեղ ցանցը գրեթե չկա, քանի որ բոլոր հարաբերությունները հիերարխիկ կարծր ենթակառուցվածքներով են շարժվում: Դրա համար տոտալիտարից հետո դժվար է բազմակարծություն կազմել, և դրա համար ռուսական լիբերալիզմին տոտալիտարիզմի մեջ են մեղադրում:

Որքան ավելի ցանցայնացած է աշխարհը՝ այնքան տեքստն ավելի շատ է. պետությունը սահմանափակում է տեքստը, իդեալում ձգտելով միայն մեկ տեքստի: Տեքստի մեջ մեկնաբանողը («Տեքստ» խմբի կատեգորիան) դա տվյալ ինքնության որոշակի նույնականացումն է: Ադմին ծախսը հոգալու մեկ ձև է՝ ադմինը դարձնել տեքստ, այսինքն՝ դառնալ ադմին ակումբի մասնակից, որն էլ նշանակում է՝ թեթևացնել ադմինի ծանր արժեքը, հաղորդելի դարձնել այն, ընդլայնել նրանով զբաղվողների (դարպասը ներկողների) թիվը, գործից այն դարձնել հաճույք: Քանի որ ադմինը վարագույրի ետևի գործն է, հենց ադմինի մեջ ստեղծագործունեություն ծավալելն է, որ հաճախ բերում է նոր հայտնագործությունների, ուղղակիորեն կամ անուղղակիորեն՝ էֆեկտիվության և էկոնոմիայի ռացիոնալիզացումների շնորհիվ տեղ բացելով այլ ցանցերում մասնակցության համար: Նորարարության գլխավոր ասպարեզներից մեկն ինֆրաստրուկտուրայի նորարարացումն է, և պատահական չէ, որ քաղաքակրթությունը գնաց ինֆրաստրուկտուրայի մասսայական և հաճախ քաոտիկ զարգացման ուղով:

Զեփփինգի էֆեկտը (ուշադրության-ինքնության տարրալուծումը) այնքան էլ վտանգավոր չէ, քանի որ մարդու ուղեղի միջի չօգտագործված բջիջները դեռ շատ են: Սակայն կա նաև մեկ այլ միջոց՝ դրանից խուսափելու. դա սեփական ինքնությունն ավելի մեծի մեջ բարդ ճանապարհով տարրալուծելն է: Պարզ ճանապարհը՝ պետությանը ենթարկվելն է: Բարդ ճանապարհը՝ սահող գեներալի սկզբունքով ավելի մեծ ցանցային ինքնության ադմին ֆունկցիաներից որևէ մեկը վերցնելն է, իմանալով, որ շուտով դրա կարիքը ժամանակավորապես կվերջանա: Շարժումների էֆեկտիվացման ճանապարհը դա է, քանի որ նրանք խորշում են հիերարխիկանալուց: Դրանք սահող գեներալի սկզբունքով գիտակցորեն կազմակերպելու համար անհրաժեշտ են սահող գեներալության ադմիններ (մետագեներալներ):

ԵՐԵՔ. Կոնտեքստի ազդեցությունը

Ա. Խումբը դժվարությամբ էր ընդունում այլ խմբերի աշխատանքի արդյունքները, քանի որ բ) տեսակը դիմադրում էր ա) տեսակին, իսկ գ) տեսակը երկար էր կողմնորոշվում, թե ում միանա: Միայն ա) տեսակի ստատուսային (արտախաղային) դիրքավորումը թույլ էր տալիս գերակշիռ համաձայնության հասնել մյուս խմբերի աշխատանքն ընդունելու համար, բայց այդ պատճառով էլ այն քիչ ընդունվեց (նաև ժամանակի սղության պատճառով), որն էլի աղքատացրեց արդյունքը:

Որպես օրինակ հաջող ընդունման ու հետագա քննարկման, նշեմ «մեկնաբանողի» հասկացությունն ու հանգրվանը «Տեքստ» խմբի կողմից, որը համընկնում է արժեքի պրոյեկցիան թեթևացնողի ֆունկցիայի հետ՝ որն անհրաժեշտ է «Մշակույթ» խմբի աշխատածն իրագործելու համար: Կան նաև այլ շատ օրինակներ, որոնք փոխլրացնում են տարբեր խմբերի արդյունքները: Տես վերի օրինակը՝ անվտանգության մասին. այդ խնդիրը «Մշակույթ» խմբում քիչ քննարկվեց, սակայն նշվեց, որ պետության խմբի՝ սահմանների հարցը «ձգան» է, որպեսզի գետնասող անվտանգությունն աընընդմեջ դանդաղեցնի առաջընթացը:

Բ. Խաղը տեղի էր ունենում խաղային այբուբենի իմացության պայմաններում, քանի որ խաղում էին խաղային լեզվին ծանոթ անձեր, որոնք նաև իրար լավ են ճանաչում խաղից դուրս:

Դա թույլ էր տալիս լինել բավական կոշտ՝ քննադատելիս: Քննադատելիս կոշտությունը զարգանում է մեր խաղերի ոճում խաղից խաղ, և դա ցույց է տալիս պրոֆեսիոնալիզմի աճն ու կարողությունը՝ արմատական մասնակիցների՝ գտնվել մտագործունեության մակարդակում ու կյանքի հարցերում էլ սովորել դիմակայել, դժվար գաղափարներ պաշտպանելիս: Դժվար գաղափարն այստեղ այն գաղափարն է, որը համապատասխանում է վերը բերված քաղհասարակության ձևակերպմանը. այսինքն ոչ մի իմաստով այն պաշտպանողի անձնական շահից չի բխում, այլ միայն՝ եթե ընդունում ենք, որ կա հանրային, համամարդկային շահ (որը հոգեբանորեն դժվար է ընդունել ու դժվար է հոգու խորքում հավատալ, որ դա ազդարարողները ցինիկ երեսպաշտ չեն. սա հատկապես դժվար է ընդունել հետսովետական մարդուն՝ որի մեջ տարիներ շարունակ քանդել են այդ հավատը, և՛ երեսպաշտությունը քանդելու համար՝ լավ մտադրությամբ, և՛ ցինիկորեն՝ այդ քանդից օգտվելու համար, քանի որ քանդն օգնում է խաղի կանոններն անընդհատ փոխել, ու ով առաջինը փոխեց՝ նա կարճատևով շահում է):

Դա թույլ տվեց նաև խումբ ներմուծել խոշոր խաղային տեքստեր՝ առաջներից, և դրանք ա) օգտագործել, բ) մոդիֆիկացնել ու ճշտել, գ) ավելի տարածել:

Իհարկե, խմբի աշխատանքի հիմքում էին մի շարք բազային սխեմաներ, արտահայտված թե ոչ, ինչպես օրինակ՝ կոմունիկացիայի սխեման, գլոբալ մակարդակում՝ դատարկ արժեքների սխեման, և պետության ու ցանցի հարաբերության սխեման, որը նույնիսկ զարգացավ ու թույլ տվեց հեշտորեն լուծել պետության ցանցայնության ու ցանցի՝ կարգավորման հարցը:

Բացի պետություն ու ցանց հասկացությունների հարաբերության հարցից, մշակույթ և քաղաքակրթություն հասկացությունների հարաբերության հարցում[5] նույնպես զարգացում եղավ: Դա տեղի ունեցավ նաև մեղուների ու ծանր բայց վստահ ինքնության համադրման շնորհիվ, և հատուկ էր ողջ խաղին՝ զարգացնել նախորդ խաղերի գաղափարները:

Խաղից հետո արդեն ինձ համար պարզ դարձավ, որ մեր խմբի խաղի ինֆրաստրուկտուրայի մեխանիկան խորապես քննարկվել էր «Մեդիա» խաղում, թեև չօգտագործվեց բացահայտորեն («կրիչ», «ամպ»): Ստեղծելով կրիչների տարատեսակների կոնցեպցիան՝ «Մեդիա» խաղի «Ինֆորմացիոն աշխարհ» խումբն[6] այն չէր դիտարկում ընդունողի, սպառողի դիտանկյունից (փաստորեն սահմանափակվելով խմբի կիսատ դերային ֆունկցիայով՝ ինֆորմացիա արտադրող, թե ինչի և ում համա՝ այն ինֆորմացիոն աշխարհի պայմաններում անկարևոր էր, եթե դրսի աշխարհի կառուցվածքին համապատասխան էր). այդ դիտանկյունն այն խաղում դիտարկվեց այլ խմբի կողմից, սակայն երկու մոտեցումների համադրություն տեղի չունեցավ: Այս խաղում «Մշակույթ» խմբում դա հիմնական հարցն էր՝ դիտարկել արժեքը և նրա կրիչն ուղարկողի և ստացողի տեսանկյունից:

Խմբի աշխատանքը «Մեդիա» խաղի «Ինֆորմացիոն աշխարհ» խմբի մեկ այլ հարց էլ հաղթահարեց ու զարգացրեց. այն խումբը որոշել էր, որ աշխարհը պտտվում է նշանների՝ դրսի որևէ օնթոլոգիական իրադարձությանը համապատասխանության շուրջ, և այդ համապատասխանությունն է ամենամեծ արժեքը: «Մշակույթ» խումբը հարցը վերաձևակերպեց՝ դիտարկելով արժեքների փոխանցման խնդիրը, առանց «դրսի աշխարհից» կախվածության: Այստեղ իհարկե խոչընդոտ է առաջանում, որովհետև «ճշմարտություն» հասկացությունը դուրս է մնում. դա հաղթահարելի խոչընդոտ է, քանի որ ճշմարտությունը հարցի քննարկման մեթոդին է սերտորեն առնչվում: Սակայն խումբը դա չքննարկեց: Կարճ՝ հասկանալի է, որ աշխարհը շատ քիչ է ճշմարտության հարցերով զբաղված, այլ հիմնականում՝ արժեքների փոխանցման, իսկ ճշմարտության հարցերը քննարկելու համար անհրաժեշտ է դիմել մտագործունեության մեթոդաբանության միջոցներին. այսինքն բացառիկ հարցերը բացառիկ և հատուկ մեթոդներով պետք է քննարկել:

Մեկնաբանողի կատեգորիան «Տեքստ» խմբում փաստորեն նույնն էր, ինչ «Մեդիա» խաղի «Ինֆորմացիոն աշխարհ» խմբում՝ «ոտքի» կամ «ծնկան» հասկացությունը՝ այսինքն այն ֆոկալ կետը (լինի դա սուբյեկտ թե ինչ), որը թեքում է, շեղում է հաղորդումը:

Միևնույն ժամանակ, անցյալ խաղերից եկած որոշ տերմիններ մղվեցին ետին պլան՝ ցուցաբերելով իրենց անհարիր կոննոտացիան: Դա վերաբերում է «սպառող» տերմինին, որը մյուս խմբում կոչվեց Rec, և իր կոննոտացիան՝ ամեն ինչ մարկետացնելու պրիմիծիվ իմաստով, կորցրեց «Մշակույթ» խմբում՝ դառնալով «Սպ»-«Ստ» («ստացող»): «Ապրանք» հասկացությունը՝ օգտագործված դեպի արժեքի պրոյեկտավորումը ծանրից թեթև, դուրս մղվեց, որպես այդ պրոցեսի միայն մի դեպքի նկարագիր: Դա նաև արտահայտվեց գինն ու արժեքը միմյանցից խստորեն կոնցեպտուալ առումով մեկընդմիշտ տարրաբաժանելու մեջ (որը չի արվել գոնե մեկ այլ խմբում). սա ցայտուն արտահայտվեց այն դեպքում, երբ տիրաժավորման մասշտաբը գնի վրա դրականորեն ազդելու տարբերակը հայտարարվեց միայն երբեմն պատահող: Եթե «Սպ»-ն մեկնաբանվի որպես «մեկնաբանող»՝ ըստ «Տեքստ» խմբի (դա հնարավոր է, այդպես ձևափոխելով «Մշակույթ» խմբի աղյուսակը), ապա նա ոչ թե սպառում է, այլ ավելացնում է մշակույթի արդյունքը, քանի որ, ինչպես տեղին հիշեցվեց ռեստորանային ռեֆլեքսիայի ժամանակ, ի տարբերություն ոչ թվային (պարզ ապրանքային) տնտեսության՝ թվային (իմաստային) տնտեսությունում փոխանակումը ոչ թե սպառում է՝ այլ ավելացնում է, կրկնապատկում է փոխանակվողը (իմաստները). հաղորդողը տալով, նաև պահպանում է իմաստը, ստացողը՝ ստանալով, ձեռք բերում այն: Տրանսակցիայի շնորհիվ իմաստը, գաղափարը (տեքստի, հաղորդման արժեքը) հաղորդողից չի օտարվում, ընդհակառակը, կրկնապատկվում է:

Այս դիտարկումը նույնպես ռեսուրսի մակաբերման աղբյուր է:

ՉՈՐՍ. Կյանքի դպրոց ու զարգացման գրավական

Հաջողություն կարելի է  համարել ինքնառեֆլեքսիան (շնորհիվ խաղացողների՝ փորձված լինելու, նաև շնորհիվ անսահման վստահության՝ դեպի խաղի կազմակերպիչները). այն առկա էր՝ չնայած կոլեկտիվ վարվեցողության ռեֆլեքսիայի բացակայությանը՝ ժամանակի սղության պատճառով: Ինքնառեֆլեքսիայի շնորհիվ արխայիկ մտածողության կրողների դիրքը մի փոքրիկ քայլ առաջ գնաց, իսկ ադապտացվողները շանս ստացան նույնպես կողմնորոշվելու իրենց հետագա գործողություններում էնտուզիազմի ու հարմարվողականության միջև սահմանն է՛լ ավելի գիտակցորեն ընտրելու համար:

Հաշվի առնելով խնդրի կարևորությունը, զուտ տրենինգային նպատակներով խաղային գլխավոր կոնտինգենտի և քչաքանակ նոր հատընտիր մասնակիցների ներգրավումն ավելի հաճախ նման փոքրամասշտաբ խաղից խաղ կարող է նպաստել հանրային իրադրության կազդուրմանը նաև ինքնազարգացման և դաստիարակման իմաստով, քանի որ մարդիկ հետ են սովորում գաղափարների բախում ապրել, նիշավորվելով իրենց կոմֆորտի զոնաներում, և քերծվածքն անհամաձայնությունից ընկալում են որպես «ես կրկին համոզվեցի, որ ինձ ոչ ոք այս աշխարհում չի սիրում, չի հասկանում ու չի ընդունում» ինֆանտիլ ընդհանրացում (բառացի տող՝ խաղի մասնակիցներից մեկից, ասված կես-լուրջ): Սովորելով քերծվելուն հանուն ճշմարտության՝ նրանք սոցիալականացման նոր և հուժկու զենք են ձևավորում իրենց ներսում, քանի որ հաղթահարում են քերծվածքները՝ անանձնականացնելով դրանք:

Ֆեյսբուքում բանավեճերի կամաց-կամաց դուրսմղումը հենց այդ՝ քերծվածքից խուսափելու տակտիկայի դրսևորում է: Մարդիկ ետ են սովորել քննարկել, ետ են սովորել որ կա ճշմարտություն, ուրեմն ետ են սովորել անանձնական քերծվածք ստանալ (ամեն քերծվածք մեկնաբանում են որպես հարձակում անձի վրա) ու ետ են սովորել բառով սկզբունք պատշպանել (բառերի արժեքն ընկել է՝ կարելի է արդարանալ, թե դու քո ճշմարտությունն ունես, ես՝ իմ, և այդպիսով անիմաստացնել բանավեճը):

Դրանից բացի՝ խումբն ու ողջ խաղը բնորոշվում էր ժամանակակից գլխավոր հարցին՝ «մոդեռնիզացիայի»[7] դեմ արխաիզացիայի ահագնացող պատասխանին՝ ճիշտ ձևակերպված մոտեցում տալու կարողությամբ, որտեղ ինքնությունը «մոդեռնիզացիայից» ոչ թե տարրալուծվում է, այլ ամրապնդվում, այն օգտագործելով և իդեալում՝ առաջնորդելով: Այդպիսով խաղը լրիվ համապատասխանում էր ՍՄԻԼ հիմնադրամի առաքելությանը, և սկզբունքորեն տարբերվում այն միջոցառուներից, որոնց առաջնորդումն այդ պարզ ու հասկանալի լուծումից շեղվում է էկլեկտիկորեն՝ չիմանալով, ինչպես պատասխան գտնել: Խաղի և խմբի բոլոր մասնակիցները, անկախ դիրքից, ընկղմված էին այդ սկզբունքի մեջ, որի շնորհիվ այն է՛լ ավելի ամրապնդվեց որպես ետխաղային գործելակերպ և ռազմավարությունների աղբյուր:

Ընդհանուր (դժվար, ծանր) առաջարկներ.

1)      ՍՄԻԼ հիմնադրամին՝ շարունակել այս գործը բոլոր հնարավոր միջոցներով և իրադրություններում:

2)      Խաղի մասնակիցներին՝ սովորելով արխայիկներից ուժեղ կողմերը (անքակտելի հավատարիմ կապը տոհմի/շրջապատի հետ, անվտանգության բնազդը)՝ կուլտիվացնել իրենց կապերն այն օղակների (մարդկանց, կազմակերպությունների) հետ՝ որոնք գտնվում են ցանցերի (ոչ թե հիերարխիաների) ֆոկալ կետերում, իրենց կյանքի կարյերան դասավորելով այնպես՝ որ դառնան մետա ֆոկալ կետ՝ ֆոկալ կետերն ի մի բերող, դրանք կապող, և մեսիջներ ուղարկող դրանցով:

Կոնկրետ (հեշտ, թեթևացնող) ծրագրերի առաջարկներ.

1)      Գրել անգլիալեզու կիրառական տարբերակ արդյունքների՝ շեշտը դնելով արդյունքների նորարարական-ցանցային ասպեկտի վրա, ֆանդրեյզինգ անելու համար այթիի ոլորտի (Թումո ևն) կամ նորարարական ստարտափերի ասպարեզին աջակցող կառույցներից՝ այդ թեմայով խաղի համար, օրինակ՝ այթի նորարարական գաղափարներ թեմայով:  

2)      Հայալեզու կիրառական տարբերակը, ընդհակառակը, օգտագործել հայաշահ տակտիկաների մշակման համար, ինչպես օրինակ՝ հայ ազգությամբ կամ Հայաստանի քաղաքացի՝ միջազգային ասպարեզում աշխատողի (ԵՄ, ՄԱԿ ևն), հատկապես Հայաստանից դուրս, ուղեցույց. բարոյական լոբբինգի սկզբունքները:

3)      Հայտարարել մրցույթ փորձված խաղացողների մեջ՝ երկու հազար դոլարի չափ կոնտրակտի համար՝ երկու մասով, հավաքագրելու համար նախկին խաղերից մատրիցաների և մեխանիզմների մի հատընտիր և ժուռնալիստորեն ձևակերպելու դրանք ամենօրյա օգտագործման համար, այդպիսով ստեղծելով խաղերի արդյունքների կիրառական հատընտիր:

 

Հավելում ցանցապետություն խաղի հաշվետվությանը

Իհարկե, այսպես քննարկելիս՝ մեզ պետք է նաև մեթոդաբանական ձևակերպում՝ թե ինչ է նորը: Դա անելուն, որքան էլ տարօրինակ է, Շչեդրովիցկին շատ մեծ նշանակություն է տվել՝ սահմանելով իր шаг развития հասկացությունը: Սակայն մեզ պետք է էլ ավելի համապարփակ օնթոլոգիական հասկացություն՝ «նորը» բացատրող: Այստեղ ժամանակ ու հնար չկա դրանով զբաղվելու, բայց նշենք հետևյալը. նորի մեզ ամենամոտիկ եզրը սկսվում է այն պահից՝ երբ մեր տվյալ տեղում ու ժամանակում ունեցած ու իմացած լայն կոնտեքստի համեմատ՝ նորույթ կամ նորություն է ձևակերպվում որպես իմաստ: Այդ իմաստով կամ առումով նորը կարող է օնթոլոգիապես նոր չլինել. այլ տեղում ու ժամանակում[8] եղած կոնտեքստում այն արդեն հայտնի էր / է լինելու: Նորի ամենահեռու եզրը. մի փոքր այդ հարցը շոշափվել է բրյուսովյան խաղում՝ անհայտի մասին մեր խմբի աշխատանքում[9]: Դա այն դեպքն է, երբ նորը համաշխարհային մարդկության կոնտեքստի մակարդակով՝ անհայտ էր, մինչև որ չձևակերպվեց մի քանի անգամ՝ տարբեր կոմունիկատիվ սիտուացիաներում (քանի որ նրա ընդամենը մեկ անգամ ձևակերպումն այն ավելի մոտ է դարձնում «մեզ մոտիկ» եզրին, ոչ թե «ամենահեռու»):

Նորը միշտ կոմպլեքս (բարդ) հանգույց է: Կարող ենք պատկերացնել ամենապարզ նորը՝ երկու ամենապարզ արդեն հին բաներից միահյուսում (պրոտոկրեացիան[10]). փետուր գումարած նրանից առանձին ու քսվող գույն (ապագայում՝ գրիչ կամ վրձին): Սակայն իհարկե սա էլ է բարդ կրեացիա, քանի որ և՛ թանաքն ու կամ ներկը պիտի բարդ կերպով ստեղծվեին, և՛ փետուրը որպես գրիչ օգտագործելը հայտնագործություն է եղել ինչ-որ պահի: Այդ առումով մեր կատակային օրինակները՝ «կոշիկ-գրիչ» կամ «մանանեխ-աստղ», բոլորն էլ կա՛մ «արտաքին-մշակութային» (առաջինը), կա՛մ ներքին-տեքստային-մետաֆորիկ (երկրորդը) բարդ, կոմպլեքս ստեղծագործության օրինակ են: Այսպիսով ցանկացած կրեացիա, ցանկացած նորույթ կամ նորություն կամ նոր բարդ, կծիկ դարձած «միգամածությունների» համադրություն է: Հենց որ սկսեցիր այդ կծիկը քանդել՝ բարդություններն ակնհայտ կդառնան, և կարելի կլինի կատարել տվյալ նորի, տվյալ կրեացիայի ստեղծման «հնէաբանական ծագումնաբանությունը»՝ մարդու կամ կենսասոցիալական կամ պատմասոցիալական մշակութաքաղաքակրթական պատմության (որը հանգեցրեց տվյալ նորին) մեկնությունը (աշխարհը դասավորել տելեոլոգիապես[11]՝ տվյալ նորից դեպի աշխարհի ծագումնաբանական հիմքերը):

Նորն ուրեմն կրեացիայի ծնունդ է:

Սակայն կա դրա ևս մեկ հարցի կող.  ինստիտուցիոնալ նորը: «Ինստիտուցիոնալ նոր» մենք կանվանենք այն դեպքերը, որոնք դասավորվում են մեզ մերձավոր նորի (պրոտոկրեացիայի) ու ամենահեռու նորի («աշխարհը շուռ տվող» իրագործված հայտնագործության) միջև: Դրանք այն դեպքերն են, որոնք կառուցվում են փոքր պրոտոկրեատիվ կամ քիչ զարգացած մանր կրեատիվ քայլերով ինստիտուցիոնալ պայմաններում (համալսարանների համաշխարհային համակարգ, գիտական կենտրոնների համաշխարհային համակարգ): Ինստիտուցիոնալ՝ այսինքն ըստ հստակ խաղի կանոնների: Նրանք կառուցվում ու կուտակվում են այնքան ժամանակ, մինչև որպես արդյունք չբերեն կամ շատ մեծ հեռու նորը (անսպասելի), կամ՝ իրենց կուտակածը չդառնա շատ մեծ նոր: Իհարկե, այդ դեպքերն էլ հաճախակի չեն, կարող է լինել անվերջ կառուցում՝ մեծի համար ապարդյուն... Բայց դա նշանակում է՝ նրանց արտադրանքը վերլուծող ու ռեֆլեքսիա անող՝ չկար, քանի որ եթե կա՝ ցանկացած արտադրանքից ինչ-որ նորը կարելի է կորզել, և դրանք էլ իրար գումարելով՝ վաղ թե ուշ հասնել մեծ նորի: Հենց այդ է պատճառը, որ ինստիտուցիոնալ համակարգը պիտի փոխկապակցված օղակներից կազմված լինի: Կարևոր չէ, արդյոք տվյալ հայտնագործությունն արվել է Երևանի թե Հարվարդի համալսարանում, կարևոր է, թե արդյոք Երևանի համալսարանն այս կամ այն կերպ մասնակցել է նրա ստեղծման համար պայմաններ ստեղծելուն, թե ոչ:

 

Նոյեմբեր 2015 – հունվար 2016

 

 

[1] Տե՛ս այս մասին իմ գրածը դեռ 1992-ին. http://gtergab.com/ru/news/essay/a-sketch-of-the-history-of-ideas-1993-1994/20/

[2] «Սև» աշխատանքը հաճույք ու ճոխություն դարձնելը նույնպես ամերիկյան «հակաինտուիտիվ» նորամուծություններից էր՝ հիմնված տնտեսության զարգացմանը, գյուղատնտեսության ռեֆորմին՝ մասսայական կոնվեյերայինից դեպի ունիկալ-յուրահատուկ առողջարարը, նաև՝ առողջ մարմնում առողջ ոգի թեզի իրականացմամբ՝ ֆիզիկական աշխատանքը դարձնելով գիտականորեն կարևոր պայման՝ մտավորի ու կրեատիվի հաջողության համար (սակայն ոչ «առբայտ նախ ֆրի» իմաստով իհարկե): Աշխատանքը «սև» է դառնում փաստորեն եթե անիմաստ է (անողն իմաստը չի տեսնում), ստիպված է (եթե չանի՝ սոված կմնա) և խոչընդոտում է անողի զարգացմանը: Մնացած դեպքերում այն «սպիտա՞կ» է: Նշենք նաև ինչպես ԱՄՆ-ում օձիգի գույնը որպես դոմինանտային սոցիալական ձևակերպում փոխվեց սևից (19-րդ դար) կապույտին (Ֆորդի ժամանակներ) և սպիտակին (երեկ): Այսօր արդեն լրիվ այլ, անօձիգ կոնցեպտներ են առաջ քաշվում:

[3] Հայերենը շատ լավ տարրաբաժանում է identity բառի երկու իմաստը՝ ինքնություն և նույնականացում. ինձ հայտնի այլ լեզուներում դա չկա: Հաշվետվության առաջին մասում տե՛ս այս խնդրի ձևակերպման մեկ այլ մասը:

[4] Հաճախ այդ ադմինիստրատիվ ծախսը դառնում է (կամ դրան գումարվում է) տրանսակցիոն ծախս՝ հավասար այն ծախսին, որն անհրաժեշտ է ինքնության մեկ պրոյեկցիայից մյուսին արագ անցնելու համար, գործից տուն գալու՝ ու հայր կամ մայր դառնալու, բանակցության մեջտեղում՝ երեխայի զանգին ռեակցիա տալու՝ որ նա կոտրել է վազը, և այլն:

[5] Տե՛ս Սևանի «Առաջնորդություն» խաղի «Արժեքներ, օրենքներ և այլն» խմբի հաշվետվությունը, որտեղ հենց առաջին օրը սահմանվեց օրենքի կրկնելիությունը, որպես քաղաքակրթային գործոն, ի տարբերություն մշակութային արտադրանքի անկրկնելիության (ունիկալության):

http://gtergab.com/ru/news/essay/leadership-a-creative-game-february-2009-sevan/119/

[6] Տե՛ս Информационный мир: http://gtergab.com/ru/news/methodology-2/the-information-world-a-group-report/110/

 

[7]Սա պայմանական տերմին է, որը նշանակում է կողմնորոշում դեպի ապագան, ֆուտուրիզացիա. և՛ նորարարություն, և՛ մոդեռնիզացիա տերմինները թերի են, այս գաղափարն արտահայտելու լավ բառ չեմ գտել: Վերջերս առաջարկեցի՝ «ապագայի կառուցում» (future-building) տերմինը:

[8]Ի միջի այլոց այստեղ միավորեցինք «քրոնոտոպ» հասկացությունը «կոնտեքստ» հասկացության հետ, լուծելով մի խնդիր՝ որ ես իմ առջև ունեցել եմ մոտ երեսուն տարի. «կոմունիկատիվ իրադրություն» հասկացությունը կարելի է պատկերացնել որպես քրոնոտոպ («այստեղ և հիմա»)՝ գումարած կոմունիկանտների ինքնությունների ամբողջությունները (որոնց մեջ մտնում են նրանց ինտենցիաները՝ ներառյալ տվյալ կոմունիկացիայն ինտենցիաները). իսկ կոնտեքստը, այդ դեպքում, այդ իրադրությամբ պայմանավորված պրեդիկացված / պրեդիկացվող տեզաուրուսն է՝ էրուդիցիան՝ ակտուալ և պոտենցիալ. այն բոլոր եղած և հնարավոր տեքստերը, որոնք միահյուսված են այդ իրադրությանը և որևէ իմաստային առնչություն ունեն նրա հետ:

[9]Տե՛ս այստեղ, էջ 15.

http://gtergab.com/files/uploads/methodology/bryusov-game-book-rus.pdf

[10]Տե՛ս կրեացիայի մասին հոդվածը. http://gtergab.com/ru/news/methodology-2/a-methodological-attempt-to-discuss-creativity/113/

[11] Երբ ես խոսում են այն մասին, որ գերադասել եմ ապագայից անցյալ ընթացքը, «Իմ գրելում» և այլուր, ասենք՝ ամերիկյան սիվիները կամ գրականությունը՝ որքան կարելի է նոր, որը նաև հեղինակի մտածողության՝ ինձ մերձ լինելու  մակարդակով ինձ ավելին է տալիս, քան հին գրականությունը (մանավանդ եթե անփորձ եմ), ես փաստորեն խոսում եմ իմ տելեոլոգիական հակվածության մասին, այսինքն՝ Մեծ Պրոյեկտի մասին դեռ չիմանալով՝ նրա գոյությամբ առաջնորդվելուս մասին. չէ՛ որ որևէ բան ապագայից անցյալ դիտարկելը նշանակում է՝ կա՛մ տեսնել, թե այդ բանն ինչպես պատճառա-հետևանքայինով անցյալից չի առաջացել ապագայում, կա՛մ ինչպես է առաջացել: Կա ուրեմն երեք դեպք դիտարկման. ա) ընկալելի կապի բացակայություն. բ) ընկալելի կապի առկայություն՝ զուտ պատճառա-հետևանքային. գ) և՝ ընկալելի կապի առկայություն՝ մտածված, երբ նախագիծ է եղել ու իրագործվել: Վերջինս տելեոլոգիայի պարզ դեպք է: Սակայն ես առաջարկում են նաև ներմուծել բ) դեպքի համար՝ «օբյեկտիվ տելեոլոգիականություն» հասկացությունը: Օբյեկտիվորեն տելեոլոգիական (նպատակաբանական) է այն արդյունքը, ֆենոմենը կամ էֆեկտը, որը ստացվել է հստակ պատճառա-հետևանքային կապի շնորհիվ՝ անցյալից ապագա, նույնիսկ եթե չի եղել որևէ ընթեռնելի մարդկային (կամ նման) կամք՝ անցյալում այդ արդյունքը կամ նրան մերձ ու հարիր բանը որպես նպատակ, որպես նախագիծ ձևակերպած, և որը սակայն օբյեկտիվորեն շահեկան է ու սատարում է մեծ պրոյեկտին, լրացնում այն ու առաջ մղում: Այստեղ պետք է քննարկել նաև, թե արդյոք ո՞րն է հետևանքա-պատճառային (հակառակ) կապի օնթոլոգիական ստատուսը: Տելեոլոգիական դեպքում հետևանքն է պատճառի պատճառը, ասենք՝ նպատակն է շարժապատճառ որևէ գործողության: Դա այն կապն է, ըստ երևույթին, որը շատ հաճախ ինտերպրետացիոն է, քանի որ եթե հետևանքը գիտես՝ դրա տակ պատճառ ես հայտնաբերում անցյալում: Հնարավո՞ր է արդյոք, որ այդ մտածողությունն ունենա օբյեկտիվ ճշմարտությանը հարիր ստատուս: Դա կապված է տելեոլոգիայի հետ գուցե. եթե հստակ է, որ տվյալ պատճառի պատճառն ապագայում էր, անհերքելիորեն (օրինակ՝ մարդ նպատակ է դրել ու դրան հասել...):


18:26 Փետրվար 28, 2016