Հիշարժան նախագծեր

Ալեքսանդր Տեր-Գաբրիելյան (ավագ)


Անկախության առաջին տարիներին ընդունված էր ժխտել այն ամենը, ինչ պատկանում էր խորհրդային ժամանակաշրջանի մշակույթի և արվեստի բնագավառին։ Աոանձնապես շահեկան թեմաներ էին իշխանությունների պարտադրած թելադրանքը, գաղափարախոսական մամլիչը, պետական պատվերները, այսինքն՝ քաղցրաբլիթի ու մահակի հայտնի հակադրությունը։ Հետագայում հեղափոխական եռանդն ու ոգևորությունն աստիճանաբար նվազեցին, և շատերը նորովի գնահատեցին ոչ վաղ անցյալի իրողությունները։

Սակայն, հազվադեպ բացառությունները չհաշված, դեոևս չկա բացարձակ անկողմնապահ վերաբերմունք այս իրողության նկատմամբ։ Օրինակ, դեռևս հստակ պատասխան չկա, թե պետական ի՛նչ քաղաքականություն էր իրականացվում կերպարվեստի բնագավառում։ Ո՞վ կամ ովքեր էին այդ քաղաքականությունն իրականացնողները։ Չէ՞ որ հայաստանյան թանգարանները իրենք իրենց չէին համալրվում նոր և արժեքավոր ստեղծագործություններով, ձեոքի մի շարժումով չէին կազմակերպվում ցուցահանդեսները, և շատ ստեղծագործությունների ծնունդն էլ, որոնցից շատերն, ի դեպ, մտան մեր ազգային արվեստի պատմության մեջ, այնքան խաղաղ չէր։

Այդ քաղաքականության իրականացնողներից մեկն Ալեքսանդր Տեր-Գաբրիելյանն էր, ով տասնյակ տարիներ իր ձեռքերով ու նյարդերով, բառի ուղղակի իմաստով, կառուցում էր հայկական արվեստի շենքը։

Մեկն այն հազվագյուտ մտավորականներից, ով, գործելով պետական-վարչական կառույցներում, զերծ մնաց կուսակցական ֆունկցիոներին հատուկ գործելակերպից, կարողացավ հավասարակշռություն պահպանել իրեն պարտադրված վարչարարության, մի կողմից, և արվեստի բնականոն զարգացմանը սատարելու ազնիվ մղումների՝ մյուս կողմից, միջև, և խորհրդային խստականոն պայմաններում հասավ զգալի արդյունքների։ Տասնյակ տարիներ ղեկավարեց կերպարվեստի բաժինը մշակույթի նախարարությունում։ Եվ ինքնատիպությունը մտածողության ու գործելակերպի յուրօրինակությունն արտահայտվում էին նրա նախաձեռնած կամ հանձն առած ցանկացած գործում կամ արարքում։

Որպես մեր պատմության սկիզբ ասենք, որ նա հաջողությամբ սովորել և ավարտել է երաժշտական դպրոց և տասնամյակը (1942 թ.), և կարող էր շարունակել ուսումը կոնսերվատորիայում։ Այն տարիներին շատերի համար դա ապագայի բաղձալի ուղի էր։ Ալեքսանդրի (փոքրուց նրան սիրով Շուրիկ են ասել, և անվան այս տարբերակը նրանը դարձավ ընդմիշտ. հազվադեպ է այդպես լինում) ընտրությունն այլ էր. նա ընդունվեց թատերական ինստիտուտի դերասանական բաժինը: Հետագայում հաջողությամբ խաղաց Պատանի հանդիսատեսի բեմում։

Հիմա դժվար է ասել, թե ինչպես կդասավորվեր նրա դերասանական ճակատագիրը, եթե օրերից մի օր կյանքը չմատուցեր նրան անսպասելի շրջադարձ, ու նա աշխատանքի չանցներ արվեստի գործերի վարչությունում։ Բայց այսօր մենք վստահ կարող ենք ասել, որ նրա այդ որոշումն անկասկած բարենպաստ ու բախտորոշ եղավ հայ արվեստի համար։ Նախ և աոաջ այն պատճառով, որ Տեր-Գաբրիելյանն ի սկզբանե, իր տեսակով, բնությունից տրված կոդով արվեստի մարդ է. երաժշտություն ու բեմ՝ ահա նրա ընտրությունը, իսկ սա կատակ բան չէ։ Հաջորդ, ոչ պակաս կարևոր հատկանիշը՝ Ալեքսանդրը բարյացակամ մարդ է։ Բազմաթիվ նկարիչների միահամուռ կարծիքն է սա, իսկ նրանցից ոմանց Տեր-Գաբրիելյանի բարեկամների շարքին չես դասի։ Նրա մարդկային բարությունը լիովին բացահայտվում էր պետական աշխատողի գործելակերպում. ամենաչնչին հնարավորությունն իսկ բաց չէր թողնում սատարելու, խրախուսելու հերթական նկարչին ու նրա ստեղծագործությունը, բայց ամեն անգամ ի՛նչ արգելքների եւ տեսանելի-անտես խութերի միջով էր ստիպված լինում անցնել... միայն իրեն է հայտնի։ Բազմաթիվ ու բազմակերպ փաստաթղթային կանոններ շրջանցելով, խստագույն նորմերի սահմաններում խուսանավելով էր իրականացնում հերթական ծրագիրը, իսկ եթե հիշենք հանրահայտ խորհրդային «չի՛ կարելի» կարգախոսը, պատկերը կամբողջանա։

Մարդուն, նկարչին օգնելը նրա համար բնական կենսակերպ էր։ Ցուցահանդեսի կազմակերպմանը, արվեստանոց ստանալուն օգնելը, պետական ֆոնդի համար ստեղծագործություններ գնելը (անպայման չէ, որ դրանք գլուխգործոցներ լինեին). և այս ամենը միտված էր մի ազնիվ նպատակի՝ թեթևացնել նկարչի կյանքը գոնե կենցաղային հոգսերից. ահա՛ թե ինչն էր առավել կարևոր սրտացավ Շուրիկի համար։ Ի տարբերություն խորհրդային նախարարական աշխատողների, նա ներկայացվող ամեն ստեղծագործության ետևում անպայման մարդուն էր տեսնում։ Ցանկացած կտավ կամ քանդակ նրա համար արժևորվում էր դրանք ստեղծած հեղինակով, որի ապրումները, ստեղծագործական տառապանքներն ու որոնումներն այնքան նրբորեն ու ճշգրիտ էր նա զգում։

Աշխատանքն արվեստի գործերի վարչությունում (որը հետագայում վերաձևավորվեց մշակույթի նախարարության) միաժամանակ ձանձրալի էր և ստեղծագործական, հանդարտ էր ու անհանգիստ, վտանգավոր, բայց ուրախություն պարգևող։ Եվ այդպիսի վիճակը բացատրելի էր. հակասական այդ համապատկերը կար աշխատանքային ցանկացած օրվա մեջ և նրանից դուրս։ Ալեքսանդր Տեր-Գաբրիելյանի զարմանալի առեղծվածն ունի իր բացատրությունը. նա կարողացավ մնալ համակրելի անձնավորություն, հմայիչ արվեստագետ և արվեստի ճշմարիտ գիտակ՝ անսահման հեռու մնալով խորհրդային ապարատային չինովնիկի կաղապարված կերպարից։

Ի տարբերություն անկախության տարիների, խորհրդային վարչակարգի օրոք երկրի թանգարանային ֆոնդերն անընդմեջ համալրվում էին արվեստի ստեղծագործություններով։ Անշուշտ, շատ գործեր այդ հավաքածուներում գեղարվեստական մեծ արժեք չէին ներկայացնում (թեև այսօր դրանք հետաքրքիր են որպես պատմական նյութ), բայց ծխածածկույթ էին ծառայում ստեղծված իսկական արժեքների համար։ Եվ պետք է շեշտել, որ վերջիններս ընտրվում էին աոաջին հերթին Ալ. Տեր-Գաբրիելյանի ջանքերի շնորհիվ. նա կարողանում էր համոզել ցանկացածին՝ ժյուրիի ու ցուցահանդեսի կազմկոմիտեի անդամներից մինչև նախարարների ու Կենտկոմի քարտուղարների։ Այդպիսի հավասարակշռումը թույլ էր տալիս ոչ միայն ունենալ, այլև պահպանել հայ արվեստի համար կարևոր բազմաթիվ ստեղծագործություններ։ Տեր-Գաբրիելյանը հմտորեն խուսանավում էր կուսակցական-գաղափարական դոգմաների և ճշմարիտ արվեստի չափանիշների միջև, և մեծ մասամբ այդ գործելաոճը լավ արդյունք էր տալիս։ Եվ՝ ամենակարևոր հանգամանքը. հենց այդ ժամանակաշրջանում է, որ հայկական արվեստը նվազագույնս գաղափարականացվածն ու կանոնակարգվածն էր ԽՍՀՄ ողջ տարածքում։ Իսկ ի՛նչ արդյունավետությամբ էր նա համագործակցում միութենական մշակույթի նախարարության, վերադաս Վարչության հետ։ Եվ ի՛նչ հարգանք ու սեր էր վայելում նա այդ գերատեսչություններում...

Այն գործերը, որ պատվիրում էր մեր մշակույթի նախարարությունը, շահեկանորեն տարբերվում էին միութենական այլ հանրապետությունների իրենց «եղբայրակիցներից»: Հավատացեք, շատ դժվար էր դրան հասնելը, պարզապես վտանգավոր էր. որպես նվազագույն պատիժ խիստ նկատողությունը վերջին նախազգուշացումով ապահովված էր։

Ալեքսանդր Տեր-Գաբրիելյանն իրոք որ հոգեբան էր, իզուր չէ, որ դերասանական կրթություն էր ստացել։ Նա ապշեցուցիչ հեշտությամբ ու իրազեկությամբ էր երկխոսության մեջ մտնում նկարիչների հետ, լիներ դա Մաեստրո Քոչարը թե նահապետ Սարյանը, Մինասը, ուղղափառ սոցռեալիստը թե համոզված ավանգարդիստը, փորձառու վարպետը կամ երեկվա ուսանողը։ Նա համոզում էր հայացքով ու ձայնով, բայց աոաջին հերթին՝ փորձին ու փորձառնությանը միտված տրամաբանությամբ։ Ու նաև օժտված էր արվեստի իսկական գործը տեսնելու, գնահատելու անուրանալի ձիրքով, անկախ այն բանից, թե ի՛նչ ուղղության կամ հոսանքի է պատկանում այդ ստեղծագործությունը:

Դեռ շատերն են հիշում այն հաշվեհարդարը, որին ենթարկվեց Ալեքսանդրը Քոչարի գործերը ձեռք բերելու համար։ Ինչպես էին կաշվից դուրս գալիս կուսակցական գործիչները, որպեսզի այդ արարքը որակեին որպես, ոչ ավել ու ոչ պակաս՝ գաղափարական դիվերսիա։ Պակաս աղմկահարույց չեղավ նաև 1972 թվականին Հենրիկ Իգիթյանի ջանքերով ստեղծված ժամանակակից արվեստի թանգարանի բացումը։ Որ այդ տարիների համար աննախադեպ համարձակ ծրագիրն իրականություն դարձավ, զգալի «մեղքի բաժին» ուներ և անխոնջ Տեր-Գաբրիելյանը, որր հմտորեն կարողանում էր «փակել» աչքերը հարկավոր պահին, թեև հենց ինքն էր, որ առաջինը պիտի ահազանգեր կուսակցական մարմիններին այդ, համարյա թե «հակապետական», ակցիայի մասին։ Հիշում եմ, թե ի՛նչ արժեցավ նրան այդ թանգարանի բացումը։

Բայց ավելի լավ է, խոսքը տանք Հենրիկ Իգիթյանին. «Տեր-Գաբրիելյանին ճանաչում եմ պատկերասրահում աշխատելուս աոաջին օրվանից։ Շատ արագ ես հասկացա, թե ինչքան անսովոր և արվեստին անհրաժեշտ մարդ է նա... Ինչպես էր հոգում ամեն մի նկարչի մասին, ինչպես էր փորձում ճեղքել խորհրդային «բետոնը»՝ ճշմարիտ ժամանակակից արվեստի տեղն ու դերը հաստատելու համար, լիներ դա Մինասը, Արտո Չաքմաքչյանը, Մարտին Պետրոսյանը, Սեյրան Խաթլամաջյանը, Էլիբեկյանները, տասնյակ ուրիշներ... Եթե չլիներ Տեր-Գաբրիելյանր, ո՞վ նրանց տեղ կտար ցուցահանդեսներում։ Ուզում եմ շեշտել. այն տարիներին չինովնիկր չէր կարող, պարզապես իրավունք չունե՛ր հակառակ գնալ կուսակցության գլխավոր գծին։ Իսկ նա խախտում էր բոլոր արգելքները՝ հարցականի տակ դնելով սեփական կարիերան։ Նա այդպես էր վարվում հանուն արվեստի, ու մենք բոլորս պիտի շնորհապարտ լինենք նրան։ Ամենակարևորը. նա բարի ու կարեկից մարդ է։ Ահա թե որն է նրա գաղտնիքը»:

 

Մի քանի տարի անց, 1970-ականների սկզբներին, Ալ. Տեր-Գաբրիելյանր դարձավ գլխավոր գործող անձը Լուվրում կազմակերպվելիք «Հայկական արվեստն Ուրարտուից մինչև մեր օրերը» ցուցահանդեսի աշխատանքներում։ Իր չափերով, մասշտաբով, բազմազանությամբ նախադեպը չունեցող այդ ցուցադրության կազմակերպման ողջ ծանրությունն ընկավ նրա ուսերին։ Ստեղծագործություններն ընտրել, բանակցել թանգարանների հետ՝ Պատկերասրահի, Մատենադարանի, Էջմիածնի, Էրեբունու, կազմակերպել ընտրող հանձնաժողովին, որպեսզի հաշվի առնեն տվյալ արժեքի ճամփորդելու հնարավորությունը, բացատրել «չընտրվածներին», թե ինչ սկզբունքով է ընտրել ուղարկվելիքը... Իսկ հետո՝ Փարիզում՝ ցուցադրության ամբողջության մեջ դրանք ներգրավել ու համադրել, նախապատրաստել տասնյակ բուկլետներ և գովազդա-կատալոգային նյութեր... Անգամ ուղարկվելիք գործերի փաթեթավորումը, ճանապարհումն ու ապահովագրումը, ինչպես նաև ցուցահանդեսի ընթացքում խնամքն ու ապահով վերադարձը – ողջը դրված էր նրա ուսերին... Ու թեև այն օրերին ամեն ինչ գտնվում էր պետության ձեոքերում, վերը նշված գործառույթներից և ո՛չ մեկը հեշտ լուծում չէր ստանում, էլ չենք ասում, որ շատ խնդիրներ լուծվում էին կուրորեն, հընթացս։ Եթե չլիներ Ալեքսանդրը՝ ինչ պատուհաս ասես, որ չէր սպասի այդ փառահեղ ցուցահանդեսին...

Դա աոաջին, և փայլուն կերպով իրականացված, փորձն էր այդպիսի մասշտաբի հայաստանյան ցուցահանդեսի՝ աշխարհում: Այն լավագույնս ցուցադրեց Տեր-Գաբրիելյանի կազմակերպչական և դիվանագիտական անուրանալի տաղանդը, ինչպես նաև՝ ճաշակն ու արվեստագետի մտածողության մասշտաբը։

Նա մշտապես լի էր փայլուն, ինքնատիպ գաղափարներով։ Օրինակ, ռուս գրող Ա. Գրիբոյեդովի թանգարանի ստեղծման գաղափարը, հիրավի, արժանի գնահատական էր հայ ժողովրդի մեծագույն բարեկամ գրողին։ Ի՞նչ էր դա. միայն երազա՞նք, թե՞ որդիական սիրո և հարգանքի տուրք... Իսկ որ այդ մտահղացումը կլիներ հետաքրքիր ու հիշվող՝ անկասկած է։ Կամ՝ Հովհաննես Այվազովսկու թանգարանի ստեղծման գաղափարը... Ցավոք, եկան դժվարին ժամանակներ, և Ալ. Տեր-Գաբրիելյանի այդ ու մյուս գաղափարներից շատերը մնացին չիրականացված։

Իսկ մոսկվայաբնակ հայտնի բժիշկ, պրոֆեսոր Աբրահամյանի նշանավոր հավաքածուն Հայաստան բերե՞լը. ինչքա՜ն դժվարին էին մեծ լարում պահանջող այդ բանակցությունները... Ուզում եմ կրկնել. Տեր-Գաբրիելյանը կարողանում էր հուզել ցանկացած սիրտ ու գտնել այն միակ ճշմարիտ բառը, հայացքը, ժպիտը, որոնք բերում էին միա՛յն դրական արդյունքի։ Նա կարողանում էր լեգու գտնել անգամ երևանյան գեղարվեստական կյանքի համարյա ֆոլկլորային այնպիսի կերպարի հետ, ինչպիսին նկարիչ, ազատամիտ ու սկանդալիստ, ապարատային աշխատողների ահ ու սարսափ Գուրգեն Ա-ն էր։

Նրա կողքին լինելիս ձանձրանալն անհնար է, նախ և աոաջ այն պարզ պատճառով, որ նա զգայուն սրտով մտածող անհատ է և հիանալի զրուցակից, ճարտար պատմող։ Տեր-Գաբրիելյանի հետ առնչվող հարյուրավոր պատմություններ, կապված ոչ միայն նկարչական, այլև, առանց չափազանցության, ողջ հայկական արվեստի աշխարհի ցանկացած հարցին՝ վերջին կես դարում (գուցե և ավելի), արժանի են արձանագրվելու գրքում՝ որպես ազգային մշակութային կյանքի զարմանահրաշ երևույթներ։ Աշխատանքային գործունեության բերումով, և՛ նախարարության իր աշխատանքի երկար տարիներին՝ մոտ երեսուն, և՛ հետագայում՝ որպես պետական Պատկերասրահի տնօրեն, նա իմացել է նախարարական ու կենտկոմական շատ գաղտնիքներ, լավ գիտե մշակույթի և արվեստի բնագավառներում տարված պետական քաղաքականության էությունը, ինչն ավելի քան հետաքրքիր է, բայց քիչ հայտնի ու նաև շատ կարևոր՝ մշակույթի համար ընդհանրապես, հատկապես նրանց համար, ով մտահոգ է հայոց մշակույթի ու արվեստի զարգացման հաջորդ փուլերով։

Տեր-Գաբրիելյանի աշխատանքային ժամանակաշրջանը պարզապես քարացած վարչարարական աշխատանքի տարիներ չէին։ Դա դարաշրջան էր, երևույթ հայկական մշակույթում որպես ճշմարիտ նվաճումների ու հաջողությունների դարաշրջան։ Տեր-Գաբրիելյանը ռիսկի է դիմել ու խուսանավել, նա համոզել է ու խնդրել, նա աղաչում էր ու հասնում իր ուզածին, և այդ ամենից շահում էր հայկական արվեստը։

Ալեքսանդր-Շուրիկ Տեր-Գաբրիելյանի 75-ամյակը լրացավ վերջերս։ Նա նույն հմայիչ ու իմաստուն արվեստագետն է, նա բազմաթիվ նկարիչների՝ լայնարձակ մայրուղի դուրս եկած արվեստի կնքահայրն է ու հովանավորը։

Նա այն եզակի անհատներից է, ով գործել է պետական-կուսակցական չափակարգված համակարգում, բայց երբեք չի դարձել ֆունկցիոներ, ապարատային աշխատող այդ հասկացության բացասական իմաստով։ Նա եղել ու մնացել է հայ մտավորական, սիրված՝ բարեկամների ու շրջապատի կողմից, պարուրված մեր ժամանակներում ստեղծված միֆի լուսապսակով։

Կարեն Միքայելյան

«Մուսա» արվեստի հանդես, 15, 2002 թ.


17:46 Ապրիլ 17, 2019