Մեդիա

Այսօրվա աշխարհը հիերարխիկ ուժի պայքարն է ցանցային ուժի դեմ (2014)


Գևորգ Տեր-Գաբրիելյանի հարցազրույցը Լրագիր ամ-ի Սիրանույշ Պապյանին ռեալպոլիտիկի և իդեալպոլիտիկի մասին: Օրիգինալն այստեղ:

Պարոն Տեր-Գաբրիելյան, ի՞նչ է կատարվում աշխարհում, արդյոք աշխարհը ճոճքի մեջ է, և արդյո՞ք այդ ճոճքի մեջ Հայաստանը կա:

Այսօրվա աշխարհի հիմնական նկարագրությունը հիերարխիկ ուժի պայքարն է ցանցային ուժի դեմ:

Հիերարխիկ ուժի բացարձակ տեսակը տոտալիտար ուժն է, երբ վերից ներքև հրամայվում է ինչ-որ բան անել, և դա արվում է հենց այնպես, ինչպես հրամայվել էր: Դրա իդեալը մեքենայական գործարանն է՝ գծագրվում է ավտոմեքենա և այն արվում է ճիշտ այնպիսին, ինչպիսին գծագրվել էր: Սակայն ցանկացած բարդ համակարգում արդեն գաղափարը լրիվ ճշտությամբ չի վերարտադրվում. մենք գիտենք, որ մեր մեքենաները, կոմպյուտերները և այլն կարող են երբեմն ունենալ իրենց «բնավորությունը»:

Սա առավել հատուկ է մարդկային հասարակարգին՝ տոտալիտար համակարգը կարող է գոյություն ունենալ միայն` եթե կա վտանգ, որ հրամանը կատարողին կսպանեն, եթե չկատարի: Հենց որ այդ վտանգը թուլանում է՝ կատարողը սկսում է ոչ ճշգրիտ կերպով կատարել հրամանը:

Որովհետև մարդն ազատ է, ունի կամք, և ձգտում է չենթարկվել հրամանների:

Դրա համար գալիս է հրամանների լեգիտիմացիան՝ ասենք, որ իշխանությունն աստծուց է, ասենք, որ կա արտաքին վտանգ, ասենք, որ իշխանությունը դու ինքդ ես ընտրել, ասենք, որ այս իշխանությունից լավը չի կարող լինել, ասենք, որ Արևմուտքը կամ մեկ ուրիշը մեզ կօգնի կամ չի օգնի և այլն: Ամեն երկիր, հասարակություն, ժամանակ իրենց լեգիտիմացիան ունեն:

Նոմենկլատուրան՝ իշխանության պրակտիկ կրիչը, ուզում է այն օգտագործել հարստանալու համար ու իր անձնական հարցերը լուծելու համար:

Բայց արտադրական ուժերի զարգացման հետ մեկտեղ՝ ստիպված է կիսել իշխանությունը շատ ու շատ ավելի ուրիշների հետ, քանի որ, կրթվելով, զարգանալով՝  մարդ գիտի արդեն, որ նոմենկլատուրան ոչ թե իր բարօրության համար է աշխատում, այլ սեփական քսակի: Եվ մարդ չի համաձայնում դրան: Խելոք նոմենկլատուրան սկսում է քայլ առ քայլ կիսվել իշխանությամբ մարդու հետ, որ պահպանի գոնե մի քիչ իշխանություն և ապահովի իր ընտանիքին:

Եթե նոմենկլատուրան չի կիսվում իշխանությամբ մարդու հետ՝ մարդ ըմբոստանում է ի վերջո, գցում այդ նոմենկլատուրային, նորը ստեղծում: Նոմենկլատուրան կարող է զինվորներին դուրս հանել մարդու դեմ: Չէ՞ որ զինվորը տոտալիտար համակարգ է նույնիսկ ոչ տոտալիտար հասարակությունում: Զինվորը պիտի հրամանը կատարի: Եթե նոմենկլատուրան մարդու դեմ զինվոր է ուղարկում, իսկ մարդը չի փախչում, տեղի է ունենում մարտի մեկ կամ մայդան: Մարտի մեկի ժամանակ պարտվեց ժողովուրդը, մարդը, իսկ մայդանում առայժմ հաղթեց ժողովուրդը, մարդը:

Բայց մարդը պիտի կազմավորի կամ նոր նոմենկլատուրա, կամ լրիվ նոր կառավարման համակարգ: Իսկ այդպիսին դեռ չկա: Մայդանում ստեղծվել էր փոխօգնության մթնոլորտ, որը նման էր 1988-ի ազատության հրապարակի մթնոլորտին: Բայց այդ կառավարման համակարգը տևական չէ, որովհետև կառավարումը պահանջում է որոշ իմաստով մեքենայական համակարգում՝ ես քեզ տալիս եմ փող կամ այլ ռեսուրս, հենվում եմ քո արժեքների վրա, որ դու անես այն, ինչ ես հրամայում եմ: Նույնիսկ եթե միասին քննարկել ենք, ինչ-որ պահի մենք պիտի որոշենք՝ ով է հրամայում, ով է կատարում: Եվ դու ոչինչ չես կատարի, եթե ռեսուրս չստանաս, կամավորությամբ կազմակերպված հասարակություն՝ պետություն պահելն անհնար է: Կարող ես ռեսուրսդ ուրիշ տեղից ստանալ. ասենք նախօրոք հարուստ լինել, այդ դեպքում ավելի հավանական է, որ գործերը, որ քեզ հանձնարարված են, հրամանները կկատարես իրենց իմաստին համապատասխան, այլ ոչ թե քո քսակի օգտին, արդար կլինես: Այդպիսին է Իվանիշվիլիի դեպքը կամ Րաֆֆի Հովհաննիսյանի կամ Ժիրայր Լիպարիտյանի, երբ նրանք դարձան պետության պաշտոնական անձինք՝ բնականաբար ոչ հանուն աշխատավարձի: Բայց ինչպես տեսնում ենք, տաղանդի հարց էլ կա, այդ դեպքը միշտ չէ, որ աշխատում է: Մնացածը եթե ցածր աշխատավարձ են ստանում, պիտի գողանան, որ ապրեն ու իրենց ընտանիքներին պահեն, քանի որ մարդը հույժ ռացիոնալ կենդանի է, եթե նա չի ստանում ռեսուրս իր գոյատևումն ապահովելու համար, պիտի այդ ռեսուրսն ինչ-որ կերպ, այնուամենայնիվ, հայթայթի, այլապես կկործանվի:

Այդպես ծնվում է կոռուպցիան: Եթե նոմենկլատուրայի վրա հսկողություն չկա, ապա այն սկսում է աշխատել միայն սեփական ռեսուրսը հայթայթելու վրա, կուտակել՝ հանուն իր ապագա սերունդների, սկզբում որդիների, հետո թոռների, հետո ծոռների և այլն: Մարդուն միշտ պետք է հիշեցնել, որ խիղճ կա, այլապես ինքը քիչ հավանական է, որ հիշի: Բայց եկեղեցին նույնպես դարձել է նոմենկլատուրա, և ռացիոնալ մարդը նրան չի հավատում:

Ուրեմն ավելի վստահելի ճանապարհ է՝ նոմենկլատուրային տալ լավ փող ու նաև հետևել: Այդպես են իրագործվել բոլոր լավ ռեֆորմները՝ ԱՄՆ-ից մինչև Վրաստան: Որտեղ այդ ռեֆորմը չի իրագործվում, նոմենկլատուրան ղզղնում է:

Ի՞նչ արժեքներ են գերակշռող Հայաստանում, Ուկրաինայում, Ռուսաստանում: Շատերը Ուկրաինայի հաղթանակը նրանց արժեհամակարգի առանձնահատկությամբ բնորոշեցին:

Մյուս կարևոր թեզը ռեալպոլիտիկի և իդեալպոլիտիկի մասին է. ռեալպոլիտիկն ասում է, որ մարդը միայնակ է այս գազան աշխարհում՝ շրջապատված գազան այլ մարդկանցով, ուրեմն կարևորը՝ անվտանգությունն ու ապահովությունն է, և ուրեմն պիտի հարձակվես, թե չէ քեզ վրա կհարձակվեն:

Օրենք չկա, այսինքն՝ օրենքը գործում է միայն այնքան ժամանակ՝ քանի դեռ չեն հարձակվել, ուրեմն որպեսզի հարձակումը կանխես, դու պիտի հարձակվես:

Ռեալպոլիտիկն ասում է, որ բարյացակամության վրա հիմնված օրենք չի գործում պետության ներսում, այլ միայն տոտալիտար օրենք, այսինքն՝ հրամանի ուղղակի կատարում, եթե չի կատարվում, եթե պետությունը տոտալիտար չէ, ապա այն թույլ է: Ըստ ռեալպոլիտիկի՝ եթե ոստիկանները գազան չլինեն, մարդիկ որ իրար տեսնեն փողոցում, իրար վրա կհարձակվեն ու իրար կուտեն:

Իհարկե, նա սխալվում է: Բայց այդ տեսությունը երկար ժամանակ ինդոկտրինացիա էր արվում ստալինիզմի ընթացքում՝ մեր ժողովուրդների հոգիներում, քանի որ ստալինյան ճամբարներում փաստորեն իրոք այդ օրենքն էր գործում՝ գազանի օրենքը:

Նույն կերպ ռեալպոլիտիկը մեկնաբանում է միջպետական հարաբերությունները: Ով թույլ է՝ հարձակվիր, կեր:

Իդեալպոլիտիկն ասում է, որ օրենքը, արժեքը, հումանիստական մոտեցումները, սոցիալական կապերն են կազմակերպում հասարակության հյուսվածքը, որոնք գործում են դաստիարակության շնորհիվ, կրթության շնորհիվ, և ոստիկանությունն ու դատարանը պետք են ոչ թե կամ ոչ այնքան մարդու ագրեսիան զսպելու համար՝ այլ արդարություն ապահովելու համար:

Նույնն էլ իդեալպոլիտիկն ասում է միջպետական հարաբերությունների մասին ու ստեղծում հատուկ համակարգ՝ ՄԱԿ կամ Եվրամիություն՝ որ ռեալպոլիտիկի մութ բնազդները մի քիչ գոնե զսպի:

Պուտինն ասում է. քանի որ Ուկրաինայում իշխանության լեգիտիմությունը խախտված է՝ այսինքն հրամաններն ուղղակի չեն կատարվի երևի՝ Ուկրաինան տվյալ պահին թույլ է, եկեք հարձակվենք մեր տոտալիտար ուժով՝ մեր բանակով, ուտենք:

Ուկրաինան ասում է՝ մեր պրեզիդենտի լեգիտիմությունն անարդար էր՝ նա գող էր ու փախավ, մենք ստիպված այլ՝ ցանցային իշխանություն ենք հաստատում, էքսպերիմենտալ, ժամանակավոր՝ մայդանի արժեքների վրա հիմնված՝ մինչև նոր նոմենկլատուրային համակարգ ձևավորենք՝ այնպիսի ստուգող համակարգ՝ որ ոչ ոք էլ գող չկարողանա լինել:

Պուտինի համար լեգիտիմությունը եղած նոմենկլատուրան արդարացնելու միջոց է, նաև պատրվակ՝ հարձակվելու ու հոշոտելու նրան, ում նա թույլ է համարում այս պահին:

Ուկրաինայի համար լեգիտիմությունը նոր ուղիներ փնտրելն է, աշխարհի, միջազգային հանրության բնականոն մաս լինելը, միմյանցից կախված լինելը համաշխարհային հասարակության ոստայնի մեջ, խոսքը, կարծիքը, ուղիղ կառավարումը՝ ժողովրդի կողմից:

Ռեալպոլիտիկի համար՝ եթե նա տվեց հազար մարդու զոհ, բայց ուզածը գրավեց, դա հաղթանակ է: Իդեալպոլիտիկի համար՝ դա պարտություն է, քանի որ մարդն ավելի արժեքավոր է, քան ցանկացած հաղթանակ:

Դրա համար Ուկրաինայի մայդանը ոչ թե խրախճանքի, այլ սգի մեջ է, որովհետև այդքան զոհեր պահանջվեցին:

Նաև դրա համար՝ հայ ժողովուրդը չի ընդվզում, որովհետև չնայած թերզարգացած է, բայց մեջը դեռ 1988-ին դրսևորված նաիվ իդեալպոլիտիկից մի քիչ կա, դա մեր ազգային նկարագրի մի մասն է: Չի ընդվզում, որովհետև նոմենկլատուրան նրան ասաց մարտի մեկին. ընդվզես՝ արյուն եմ թափելու:

Իսկ Պուտինը խրախճանքի մեջ է՝ քանի որ մտածում է՝ մի հազար զոհ կտամ, բայց Ղրիմը կգրավեմ, իսկ գուցեև Խարկովն էլ: Ինչպես և Հայաստանի նոմենկլատուրան էր խրախճանքի մեջ մարտի մեկին՝ ընդամենը տասը զոհ տվեցի, բայց իմ իշխանությունը պահպանեցի դարեր ի վեր:

Ինչպե՞ս այս ամենը կվերաբերի կամ կանդրադառնա  Հայաստանի վրա:

Ահա թե ինչպես է սա վերաբերում Հայաստանին:

Հայաստանի ժողովուրդը ղարաբաղյան պատերազմի մեջ մտավ ստիպված. ինչպես մայդանը՝ Յանուկովիչի դեմ ըմբոստացավ ստիպված:

Բայց տարիների ընթացքում դա մոռացվել է, քանի որ նոմենկլատուրան բուծում էր ռեալպոլիտիկ մոտեցումները, որ մարդը մարդուս գազան է: Նաև՝ բուծում էր աղքատություն, թերկրթություն, որ մարդիկ թերզարգանան ու հեշտ հավատան, որ մարդս մարդուն գազան է: Դա նրան պետք էր՝ պահպանվելու համար: Հիմա հայերի մեծամասնությունը, ինչպես և ռուսների մեծամասնությունը, մտածում է ռեալպոլիտիկի կատեգորիաներով:

Իսկ ասենք ուկրաինացիների մեծամասնությունը կամ վրացիների՝ իդեալպոլիտիկի կատեգորիաներով: Իհարկե, բոբո տղան կարող է ծեծել ակնոցավոր գերազանցիկին, բայց ի վերջո, բոլորս գիտենք, որ ակնոցավոր գերազանցիկը հաղթելու է, ուղղակի բոբոն կարող է շատ զոհերի պատճառ դառնալ:

Դեռևս 1990-ին Հրանտ Մաթևոսյանն ինձ անձամբ ասում էր, հետո էլ կրկնել է հրապարակված հարցազրույցում, որ Հայաստանի ճակատագիրը շատ դժվար է, քանի որ Ղարաբաղյան հարցի պատճառով ինքը պիտի համագործակցի աշխարհի ամենամութ ուժերի հետ, ու դրանցից կախվածության մեջ մնա. ազգայնականների, ֆաշիստների, նացիստների, իմպերիալիստների, այլ ոչ թե թռի-վռի պրոգրեսիվ երիտասարդների:

Հենց այդ թակարդում է Հայաստանը:

Հայաստանի ժողովրդի մեծամասնությունը հիմա մտածում է. կոնկրետ օգուտ՝ փող, մենք տեսել ենք միայն Ռուսաստանից: Ուրեմն մնանք Ռուսաստանի հովանու տակ:

Նաև մնանք Ռուսաստանի հովանու տակ, թե չէ թուրքը մեզ կուտի:

Թքած Եվրոպայի, իր արժեքների, իր երեսպաշտության վրա: Մանավանդ որ պուտինյան պրոպագանդան շատ լավ էլ ներարկում է, որ Եվրոպան երեսպաշտ է, այլ ոչ թե անկեղծ՝ մոռանալով նշել, որ, ասենք, երբ փողոցում մեկին տեսնում ես ու բարևում, դա երեսպաշտություն չէ, այլ կուլտուրա: Հավատալ, որ բարևելիս դու իրականում նրան հոշոտելու մտքերն ես փայփայում՝ կարող է միայն գուլագով անցած անհավատ խեղճուկրակ ժողովուրդը:

Այսինքն՝ հավատալ, որ բարևը ոչ թե անկեղծ է, այլ դավադիր մակիավելլիություն՝ կարող է միայն խոշտանգված, գառլախացված ժողովուրդ:

Սա ավելի բարդ է. իհարկե, որոշ բարևներ դավադիր են: Բայց համաշխարհային քաղաքակրթությունը հաղթել է՝ հավատալով, որ բարևներին հավատալն ավելի օգուտ է, քան կասկածելը: Վնասը, որ որոշ դավաճան բարևներից կստանաս՝ ի վերջո ավելի փոքր է, քան այն վնասը, որ ստանում ես ամեն բարևին կասկածելուց:

Իսկ որ բարևների տեսակներն իրարից տարբերես, պիտի լավ կրթված լինես:

Հայոց մեծամասնությունը նաև մտածում է. եթե Պուտինը Ղրիմն Ուկրաինայից վերցնի՝ ավելի լավ, որովհետև ուրեմն էլ ավելի պարզ է՝ որ Ռուսաստանը պիտի մեզ օգնի՝ Ղարաբաղը պահել. չէ որ մենք էլ Ղարաբաղն Ադրբեջանից վերցրինք: Նաշեվո պալկու պրիբիլո! Աբխազիա, Հարավային Օսիա, հիմա էլ Ղրիմ... Կայֆ!

Նա նաև մտածում է. քանի որ Ղրիմում Ռուսաստանի դեմ եղածներից ոմանք թաթար են՝ ավելի լավ, եթե Պուտինը վերցրեց, որովհետև այլապես թաթարները թուրքերի ու ադրբեջանցիների հետ կմիավորվեն, իսկ այսպես՝ թուրքերը կիմանան, որ իրենցը չի լինելու ոչ մի կտոր հող՝ նախկին սովետի, և ընդհակառակը:

Նա նաև մտածում է. տեսեք ոնց Պուտինը հարձակվեց Ուկրաինայի վրա, հենց որ գցեցին իրենց լեգիտիմ նախագահին: Լեգիտիմ՝ ոչ թե ընտրությունների առումով, այլ նրա՝ որ իշխանության թռիչք տեղի չէր ունեցել՝ նրա և նախորդի միջև: Իսկ հիմա տեղի ունեցավ: Եվ իսկույն Պուտինը հարձակվեց: Նույն կերպ՝ եթե մենք գցենք Սերժ Սարգսյանին՝ Ադրբեջանը կհարձակվի: Եթե նույնիսկ չգցենք նրան այլ ընտրությունների միջոցով փոխենք՝ դա էլի մի պահ իշխանության վակուում է նշանակում՝ եթե նրա հաջորդը լրիվ նոր մարդ է, ասենք՝ Րաֆֆին կամ Նիկոլը: Միակ ձևը, որ վակուում չլինի՝ որ ինչպես Ռոբերտն իշխանությունն իր ձեռքով փոխանցեց Սերժին՝ նույն կերպ Սերժը փոխանցի որևէ մեկին: Իսկ քանի որ դա ավելի դժվար է՝ ավելի լավ է, որ Սերժը մնա հարատև: Բայց դա էլ չի կարելի, որովհետև երբ արդեն ֆիզիկական պատճառներով գնա՝ էլի թուլացած ենք լինելու՝ չսպասելով, որ դա կպատահի, ու հենց այդ պահին Ադրբեջանը կհարձակվի: Ուրեմն պետք է նրան օգնել՝ որ նա իր հաջորդին բուծի:

Որ հանկարծ ադրբեջանցին առիթից չօգտվի ու չհարձակվի:

Այսինքն՝ մտածում է նույնը, ինչ Ադրբեջանը՝ Ալիևի մասին: Բայց այնտեղ փոփոխությունն ավելի հավանական է, քանի որ նոմենկլատուրան փոխելիս՝ ավելի քիչ կարող են վախենալ, որ Հայաստանը կհարձակվի: Հենց այդ պահին: Եթե, իհարկե, Հայաստանն ինքնիշխան է: Ուրեմն Ադրբեջանի շահն է՝ Հայաստանին Ռուսաստանից հեռու պահել:

Ուրեմն Հայաստանի շահը կրկին՝ Ռուսաստանին մոտիկ լինելն է, այս զրոյական գումարով աշխարհում:

Ուրեմն ոչ մի պրոգրես սպասելի չէ, հնարավոր չէ, ինչպես որ մեզ թալանել է այս նոմենկլատուրան՝ թող շարունակի թալանել:

Իսկ փոքրամասնությունն ասում է. խոսքը բան է փոխում. մենք հիմա տեսնում ենք մայդան՝ որ որպես ալտերնատիվ՝ ցանցային կառավարման ձև՝ մեր 1988-ին էլ տվեց անցավ: Պուտինին խոսքը կստիպի հետ քաշվել: Պուտինը կփլվի իր այս ավանտյուրայի պատճառով, ու մենք կտուժենք, եթե բոլոր ձվերը մի զամբյուղում պահենք: Պուտինը կարող է մի օր էլ մեզ մոտ եղած իր զորքերը շարժել՝ եթե որոշեց, ասենք, Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին: Մենք ուզում ենք մեր երկրում ապրել երջանիկ ու զարգանալ: Մենք չենք ուզում, որ երկիրը դատարկվի: Ղարաբաղը ոչ թե վերակառուցվում է՝ այլ դարձել է օլիգարխիայի կողոպուտի հարմար բաստիոն: Մեր երեխեքին տանում են բանակ՝ որ էնտեղ խոշտանգեն, որ օլիգարխ գեներալները, եկեղեցին ու ոստիկանությունը հարստանան, փոխանակ ելք գտնեն հակամարտությունից:

Իսկ որոշ երազկոտներ ասում են. եկեք նաև Թուրքիայից մեր հողերը վերցնենք, ինչ է եղել, որ:

Ուրեմն եթե Պուտինը կրվեց, հայերի մեծամասնության պլանը՝ հպարտությունը զոհաբերել, նրա քամակը մտնել, Հայաստանը թողնել օլիգարխների կողոպուտին, իսկ ինքներս Ռուսաստանի ասենք Ուսսուրիյսկում բիզնես զարգացնել, հարստանալ ու ապրել՝ կրվելու է:

Դրա համար հայերի մեծամասնությունը ռուսների հետ է, իսկ փոքրամասնությունը՝ Պուտինի դեմ:

Իսկ ի՞նչ անել...

Իսկ ինչ անել... դա արդեն ուրիշ հարց է: Զարգացնել ալտերնատիվ ցանցային կառավարման համակարգերը մինչև այն պահը, երբ նրանց պնդությունը թույլ կտա նոմենկլատուրան փոխել առանց իրական վտանգի առջև կանգնելու: Բայց ինչպես դա անել, եթե նոմենկլատուրայի հիմնական նպատակներից է դա թույլ չտալ: Ահա և տառապում ենք ազգովին: Բայց լիքը ելքեր կան, որոնք արդեն այլ խոսակցության նյութ են: Գլխավոր ելքը մեթոդաբանական է. պետք է մտածել խմբովի, ոչ թե առանձին կամ թայֆա առ թայֆա:


23:46 Մարտ 04, 2014