Մեդիա

Նոր Տարվա հարցազրույց 2014


Գևորգ Տեր-Գաբրիելյանի ինտերվյուն Լրագիր ամ-ի Սիրանույշ Պապյանին: Օրիգինալն այստեղ

Նոր տարում ցանկանում եմ հաջող պայքար՝ հանուն ինքնիշխանության

 

 

 

Պարոն Տեր-Գաբրիելյան, 

գազային մի շարք պայմանագրերի 

վավերացման օրը մեծ  ակտիվություն նկատվեց թե 

քաղաքական ընդդիմադիր ուժերիթե քաղաքացիական ակտիվի կողմից

Մյուս կողմից, ակնհայտ դարձավոր քաղաքացիական ակտիվը 

քաղաքական գործիչներին հետ է մղում՝ կասկածի տակ դնելով նրանց

գործունեությունն առհասարակՉնայած պայմանագրերի վավերացմանը

այնուամենայնիվֆեյսբուքի ձեր գրառումից պարզ դարձավ

որ պարտված տուն չգնացին քաղաքացիները: Պարոն Տեր-Գաբրիելյան

ազգի պատիվը կարծում եք մի քիչ պահվեց

իսկ ի՞նչ պետք է անել այն ամբողջականացնելու համար:

Նախ՝ օպոզիցիայի և հասարակական շարժումների մասին: Շատ ուրախալի է, որ օպոզիցիան՝ նույնիսկ նրանք, ովքեր պրոռուսական օրիենտացիա ունեն կամ՝ հակաեվրոպական, միավորվեցին այս հարցի շուրջ: Սա առաջին դեպքը չէ, մինչ այդ էլ միավորվեցին թոշակների հարցի շուրջ: Որքան հասկանում եմ՝ սրանք նոր դեպքեր են, երբ ցաքուցրիվ օպոզիցիան միավորվում է: Իհարկե, հասարակական շարժումների ճնշումն օգնում է դրան, ինչպես նաև այն զգացումը՝ որ նրանցից ոչ ոք ուժեղ չէ բավական՝ առանձին որևէ կարևոր նշանակություն պահպանելու համար: Այս հարցն ավելի քաղաքական էր, քան թոշակներինը, որը նույնպես շատ կարևոր է, և ի վերջո նույն շղթայի մասեր են երկու խումբ օրենքները. նոմենկլատուրան սրանցով ասում է. մենք չկարողացանք լուրջ գործ անել, բացթողումներով հանդերձ՝ զոռում ենք այս օրենքները հասարակության վզին:

Նրանք իհարկե միավորվեցին հասարակական շարժումների ազդեցությամբ: Լևոն Զուրաբյանը բնութագրեց միավորման սկզբունքները՝ միմյանց մի քննադատեք, միմյանց ներսի հարցերի մեջ մի մտեք: Այսինքն՝ այստեղից այնտեղ: Իսկ եթե նման պայմաններում մեկը միավորումից դուրս եկա՞վ: Ի՞նչ գարանտիա կա, որ դուրս չի գա: Հետո՝ իրար չքննադատելով բա կլինի՞: Այնպես որ՝ այսպիսի պատեհապաշտ միավորումն իհարկե լավ է, բայց շատ քիչ է: Իհարկե, կարելի է և կասկածել. կարելի է ասել՝ որոշ կուսակցություններ միավորվեցին՝ իմանալով, որ իրենց ձայնը մեկ է չի անցնելու, պարզապես հայտարարելու համար, որ տեսեք, օպոզիցիա կա, որ ավելի բարենպաստ պայմաններ ստեղծեն նոմենկլատուրայի համար: Դա թույլ է տալիս նոմենկլատուրային բանակցել՝ ասել Պուտինին, որ տես, էստեղ կա դիմադրություն: Արևմուտքին էլ ասել՝ տեսեք, կա ուժեղ օպոզիցիա, մենք շարունակում ենք մնալ դեմոկրատ, ուղղակի նրանց ձայնը չի անցնում:

Բայց, չնայած այդ կասկածներին՝ միավորվելն էլի լավ էր: Հասարակական շարժումն էլ ավելի պինդ էր՝ քան նախկին դեպքերում, թեև իհարկե ցրտի ու ընդհանուր բարոյազրկման պատճառով այդքան մարդ չկար, որքան այլապես կլիներ: Եվ այդ առումով՝ լավ էր, որ ժուռնալիստները ներսում ելույթ ունեցան: Ես իմ բացատրությունն ունեմ նրանց մոտիվացիայի. նրանք այնտեղ աշխատում են ոչ թե պաշտոնի համար, այլ ցանկանալով տեսնել, հասկանալ, թե ինչպես է նոմենկլատուրան գործում, այսինքն նրանք ի սկզբանե նեյտրալ չեն, ուզում են ազդել: Դրա մեջ վատ բան չկա: Եթե բալանսն ամեն ինչում խախտված է, ժուռնալիստիկան չի կարող արհեստականորեն բալանս պահպանել: Ես իհարկե շատ վտանգավոր բան եմ ասում, որովհետև հաջորդ պահին սա օգտագործելով՝ ժուռնալիստների հակադիր մասը կարող է արշավի դուրս գալ՝ խախտելով էթիկայի բոլոր կանոնները: Բայց դրանից չեմ վախենում տվյալ կոնտեքստում: Ժողովուրդը կարող է ինքը որոշել՝ ով է ճիշտ ու ով է սխալ, ով է անկեղծ ու ով է կեղծ, և ուրեմն թող ամեն ինչ բացահայտ լինի:

Հիմա հասարակության մասին. քսան տարի առաջ, երբ սովետը քանդվում էր, ես զարմանում էի, որ հակա շարժումն այդքան քիչ էր: Ես Հայրիկյանի հետ համաձայն չէի, նա այն ժամանակ պատվական անձ էր՝ դիսիդենտ, որը միշտ ազդարարել էր, որ Հայաստանը պիտի անկախ լինի: Ես համարում էի, որ ջուրը նետելն այդպիսի գեղեցիկ կառույց, աշխարհի մեկ վեցերորդի չափ՝ սխալ է: Համարում էի, որ կապիտալիզմ՝ այո, ազատ շուկա՝ այո, խոսքի, ընտրության, խղճի և այլ ազատություններ՝ այո, բայց քանդել սովետը՝ լուրջ սխալ է: Բարեփոխման կողմնակից էի: Իսկ ինչու էր մեծամասնությունը կողմ՝ քանդելուն, այն էլ ոչ միանգամից իհարկե, այլ շարժման մի քանի տարվա արդյունքում: Տարբեր մոտիվներով: Առանց մտածելու՝ մեկ: Նացիոնալիզմից ելնելով՝ երկու: Հիասթափված Գորբաչովից, մանավանդ Ղարաբաղի կոնտեքստում՝ երեք: Ելցինին համակրելուց՝ չորս: Հասկանալով, որ առանց իրենց հարցնելու քանդում են՝ հինգ: Մտածելով, որ եկեք ուրեմն նախապես պատրաստվենք, որ չտուժենք հանկարծակի քանդվելուց՝ վեց: Հուսալով պաշտոն ստանալ նոր համակարգում՝ յոթ: Եվ այլն: Օրինակ, տեսեք. որքան ավելացավ տամոժեննիկների դերը այդ քանդելու շնորհիվ: Որքան փող կորզեցին նրանք այս տարիների ընթացքում՝ սովորական մահկանացուներից, օրինավոր թե անօրեն՝ կապ չունի: Մի ամբողջ նոր հասարակական ստրատա առաջացավ՝ տամոժեննիկներ: Դրսի վիզա տվողներ: Եվ այլն: Դանդաղորեն՝ այդ հարցերը պետությունը մի քիչ իբր կարգավորեց, դրսի վիզայինն ավելի, քան տամոժեննիկների հարցը: Բայց ոչ մի գարանտիա չկա, որ դրսի վիզայինն էլ վաղը նորից չի էլի դառնա դժվար: Օլիգարխ, տամոժեննիկ և այլն՝ դա կարելի էր տեսնել այն ժամանակ, որ դրան է գալու կյանքը, բայց մարդիկ մեկ է ասում էին՝ անկախություն:

Պրոբլեմն այն է, որ անկախությունը լավ բան է, բայց եթե նոմենկլատուրադ լեգիտիմ չէ՝ եթե ավտորիտար համակարգ է՝ դա նշանակում է, որ համակարգ չկա: Ամեն ինչ հնարավոր է: Ոչ մի գարանտիա չկա՝ որ վաղը այսօրվան հակառակ գործելակերպ չի ընդունվի: Հենց դա տեղի ունեցավ սեպտեմբերի երեքին՝ նախորդ տարիների հակառակ կուրս ընդունվեց հանկարծ միանգամից, առանց քննարկման և այլն:

Դեմոկրատիան հենց նրանով է տարբերվում ավտորիտարիզմից՝ որ այստեղ կառավարումն ավելի կանխատեսելի է: Մանր օրինակ՝ ինչի էր պետք ապպայի թուղթն ավտոյի ապակուն կպցնել: Իհարկե, որ տեսնեն կպցրած չէ՝ փող կորզեն: Դա քո մասնավոր գործն է՝ ապահովագրած ես, թե ոչ, եթե ոչ՝ ինքդ տուժիր:

Հիմա ուշքի եկան, երևի Աքիլլեսի ու նման կառույցների ազդեցությամբ, ասում են՝ եկող տարվանից էլ ապակուն կպցնել պետք չէ: Այ այդպիսի մանր, բայց համատարած վոլյունտարիստական որոշումներով է լի ավտոկրատիան. մեկի դեմ պայքարիր՝ մյուսները հո կան ու կան, մեկը վերացավ՝ մյուսը ծնվեց: Այնպես որ, հասարակական շարժումները չեն կարող, հերիք չեն, բավական չեն բոլոր հարցերը լուծելու համար: Եվ միավորված ընդդիմադիր ուժ է պետք, բայց դա էլ բավական չէ: Դեմոկրատական համակարգ է պետք, որը միակ համակարգն է, որ աշխատում է, որտեղ նոմենկլատուրան լեգիտիմ է, սխալ էլ արեց՝ ոչինչ, որովհետև շուտով փոխվելու է, ոչ թե մնա տասնամյակներով:

Հիմա, քսան տարի անց, այս հասարակության մնացորդների մեծամասնությունը կողմ է դառնալ Ռուսաստանի պրովինցիա փաստորեն, այն էլ ոչ թե սովետում ունեցած ֆորմալ կարգավիճակով, այլ՝ ավելի ստորացուցիչ: Ոչ թե Ռուսաստանի, այլ՝ Պուտինի պրովինցիա: Այսինքն՝ նրանք քսան տարի ուշացումով են գալիս «ճիշտ» եզրակացության: Ընդունում են, որ չկարողացան: Բայց այդ եզրակացությունն ուշացած է ու ճիշտ չէ իրականում, սխալ է. դա նշանակում է, որ Հայաստանն իզուր է ինքնիշխանություն կառուցել այսքան տարի, շատ դժվար պայմաններում: Սա նաև նշանակում է, որ նույնիսկ եթե իրոք դառնան պուտինյան գավառ, քսան տարի հետո վերջապես հասկանալու են, որ դա սխալ էր, ու նորից ոստնեն՝ պահանջելու ինքնիշխանություն: Բայց այդ քսան տարվա ընթացքում այս երկրի ընդերքը, էկոլոգիան, մշակույթը, ազգի ազգային ինքնիշխան նկարագիրը վարի գնացած կլինեն շատ ավելի, քան այսօր է: Որովհետև վայրի կապիտալիզմն այնպիսի զսպաշապիկ չէ, որպիսին սովետի սիստեմն էր. հայ ու ռուս խառը՝ հենց որ Հայաստանը դարձավ պուտինյան պրովինցիա՝ գալու են ու հրոսակի պես հոշոտեն ինչ կա-չկա ու հետո գնան այլ արոտավայրեր: Տեսեք Դետրոյտն ինչպես է վերանում քաղաքակիրթ Ամերիկայում՝ արդեն քսան տարի: Դա մի տեղ է, որտեղից վայրի կապիտալիզմը թողել գնացել է՝ ամեն ինչ մսխելուց հետո:

Դա է ազգի պատվի հարցը՝ որ ազգը ճիշտ պահի իրեն, իր ունեցածը տանուլ չտա: Դա ինքնիշխանության հարցն է: Տանուլ տալը տեղի է ունենում լեգիտիմության պակասի պատճառով. եթե գիտես, որ այս մարդը լեգիտիմ չէ նստած իր աթոռին՝ ուզուրպատոր է՝ որքան էլ նա խոսի հայրենասիրությունից ու անելանելիությունից՝ չես հավատում: Նրանց մտքով էլ չի անցնում՝ խոսել չօգտագործված տարբերակներից, նոր գաղափարներից: Հիմա նրանց նաև քննադատում են, որ սին խոստումներ էին տալիս, ասենք, բանկային կենտրոնն արագորեն Դիլիջան տեղափոխելու մասին և նման ծրագրերի մասին՝ տեխնոպարկ և այլն: Այո, բայց եթե նրանք լեգիտիմ ու ինքնավստահ լինեին՝ դա կստացվեր, չստացվեր էլ՝ կբացատրեին, ու ժողովուրդը կընդուներ, ինչու չի ստացվում, ու նոր բան կառաջարկեին, ու ժողովուրդն էլի կընդուներ:

Ուրեմն ոչ լեգիտիմին ոչ մի վստահություն չկա, ինչքան էլ գոռա գայլը գալիս է, նույնիսկ եթե գայլը գալիս է՝ էլ հավատացող չկա: Չես կարող ասել՝ այս անգամ ճիշտ է ասում՝ գայլը գալիս է, բայց մյուս անգամ մի հավատացեք՝ էլի խաբելու է: Ասում են մարդու աչքը դուրս գա՝ անունը դուրս չգա: Հիմա էս նոմենկլատուրայի անունն է դուրս եկել: Հարց է առաջանում. ինչ պիտի անեն նրանց հետ աշխատող բազում նորմալ կարգին մարդիկ, ինչ պիտի անեն նրանց կուսակցության անդամները՝ որ գոնե իրենց անձնական պատիվը չմսխեն՝ փորձելով օգուտ տալ էս երկրին՝ այդ նոմենկլատուրայի միջոցով, որովհետև ուրիշը չկա, կամ գոնե փորձելով փող վաստակել ու հասարակությանը փոքր օգուտ տալով՝ ապրել, եթե այլ ուղի չկա փող վաստակելու:

Դա է ամենավտանգավորը, որ այս հասարակության մեջ հասարակական կամ քաղաքական պաշտոնական առաջընթացը՝ անձնական կարիերան պայմանավորված է այս ոչ լեգիտիմ նոմենկլատուրայի մեջ մտնելով: Պատկերացրու, որ գյուղացի ջահել ես ու ուզում ես ընտանիքիցդ դուրս՝ հասարակական ինչ-որ բանի վրա հենվել, որ կարիերա անես ակտիվիզմի: Ինչ կարող ես անել. կամ մտնել նոմենկլատուրայի ջահելների խումբ, կամ հասարակական ակտիվիզմի, որը շատ ավելի թույլ է, քիչ է, քիչ հնարավորություն ունի՝ լինի դա լրիվ կամավորական թե, ասենք, միջազգային ՀԿ-ների կողմից ֆինանսավորվող: Ուրիշ հեռանկար չկա. կամ գաղթես, կամ նոմենկլատուրա (նաև բիզնեսի համար), կամ ակտիվիզմ: Մնացած կուսակցությունների թափը շատ փոքր է՝ հեռանկար տրամադրելու համար, շատ սիմվոլիկ է այդ հեռանկարը՝ անշոշափելի: Բայց թե ամենահասկանալի ու ուղիղ ելքն ընտրեցիր՝ նոմենկլատուրան, հաջորդը, որ տեղի է ունենում՝ պիտի կեղծ արժեքների համար պայքարես, կեղծես հոգիդ, հարմարվես, կատոկի տակով անցնես, որ մնաս մեջը: Ինքդ քո հոգու հետ, խղճիդ հետ անհարմար վիճակի մեջ ես ընկնում, կամ արագ՝ կամ մի քիչ հետո: Դա անխուսափելի է:

Իսկ հասարակական շարժման մեջ ներգրավվելը կյանքդ չի ապահովելու ու որոշում ընդունելու կարողությունդ նորմալ չի մեծացնելու՝ այնտեղ որոշումները, բավարարվածությունը հասածիցդ՝ սովորաբար սիմվոլիկ են ավելի, քան նոմենկլատուրայում: Էստեղ կարող ես կաշառակեր դառնալ գոնե, կարող ես գոնե մի լավ շենք քանդելու որոշմանը մասնակցել ու բավարարված՝ ներսիդ սատանային բավարարած՝ նայել, ինչպես են բուլդոզերներն այդ լավ շենքը քանդում: Իսկ այնտեղ՝ շատ-շատ մի անգամ կիսատ-պռատ մի հատ Թեղուտ իբր թե պաշտպանես, էն էլ լրիվ չստացվի, մի հատ ամառային կինոթատրոնի հարց հետաձգվի...

Նոմենկլատուրան սողոսկել է ողջ հասարակության աստառի մեջ, սովետից էլ ավելի: Ոչ միայն պետական համալսարանի կամ դպրոցի ղեկավարությունը՝ աշակերտն ու ուսանողն էլ են նոմենկլատուրա համարվում՝ նոմենկլատուրայի կողմից: Գնա սուտի միտինգի, բայց քաղաքական քննարկում քո պատերի ներքո՝ արգելված է:

Դա է ամենազազրելին. որ կարծես թե ճիշտ գաղափարներն օգտագործվում են երեսպաշորեն՝ նոմենկլատուրայի օգտին. համալսարանը պիտի լինի ոչ քաղաքական տարածք, բայց սուտի միտինգի՝ գնա: Ժուռնալիստը պիտի լինի ոչ տենդենցիոզ, բայց մենք մեծամասնություն ենք, ու ինչ էլ անեք՝ մեր ուզածն առաջ կտանենք: Իսկ դուք եղեք ոչ տենդենցիոզ: Դա քանդում է մարդկանց հարգալից վերաբերմունքը՝ այդ սկզբունքների նկատմամբ, և ի վերջո դեմոկրատիայի նկատմամբ, որովհետև ողջ դեմոկրատիայից վերցվում է միայն արտաքին կեղևը՝ նաչոտնիկությունը՝ բյուրոկրատական, անմարդկային օրենքի կիրառումը՝ առանց նայելու իրական հանգամանքին, և միշտ՝ նոմենկլատուրայի օգտին:

Ուրեմն ժողովուրդը՝ նախ չի վստահում ոչ մի բանին: Երկրորդ՝ համաձայն է Ռուսաստանի հովանավորությանը մեծ մասամբ երևի (թեև հետազոտություն չի արվել, բայց զգացվում է տարբեր նախնական հետազոտություններից): Որովհետև սա՝ իր պատկերացմամբ՝ ընտրության հարց չէ՝ առանց այն էլ Ռուսաստանն ուժեղ էր ու այստեղ էր, և երկրորդ՝ գոնե կոնկրետ փող վաստակելու շանս է, գաղթելու միջոցով կամ ռուսական համակարգում աշխատելու միջոցով:

Վստահություն հնարավոր չէ ձեռք բերել՝ առանց լեգիտիմությունը վերականգնելու: Դրա միակ միջոցն արտահերթ (ու արդար) ընտրություններն են: Դա քիչ հավանական է, բայց միակ տարբերակն է:

Հենց այդ վստահության համատարած բացակայությունն է, որ վտանգ է ստեղծում՝ ինքնիշխանությունը կորցնելու:

Քչաքանակ նրանց՝ ովքեր այս ամենը հասկանում են, ցանկանում եմ համախմբում, տոկունություն: Ցանկանում եմ նրանց քանակի ավելացում: Ցանկանում եմ ամբիցիաները վար դնել ու միասին փորձել փրկել ինքնիշխանությունը: Միմյանց լսել սովորել՝ քիչ է. միմյանց քննադատել համարձակվել՝ բայց կարգին ձևի, ոչ թե հայհոյելով: Ու նաև՝ սեփական պարտիայի ներսը նայել, սեփական արարքները հիշել ու մեղա գալ, ապաշխարել: Հրապարակայնորեն գնահատել սեփական անցյալն ու ասել՝ այ այս հարցում սխալ վարվեցինք: Էստեղ թերացանք: Էստեղ սկզբունքային չեղանք: Էստեղ կուտ կերանք: Էստեղ ծախվեցինք: Ոչ թե ապոլոգիաներ գրել՝ լիդեռների ամեն ասած ու արածի վերաբերյալ, ու միայն այդքանը՝ որպես միտք ներկայացնել:

Հրապարակային ապաշխարանքը՝ լյուստրացիան՝ կփրկի պարտիաներին, թույլ կտա նրանց դառնալ ավելի վստահելի ու գործ անել կարողացող: Եթե պետությունը չի ուզում լյուստրացիա անել՝ թող պարտիաներն անեն, իրենցն սկսեն: Արել են՝ նորից անեն: Ժողովուրդն անընդհատ պիտի հավաստիք ստանա՝ որ պարտիաները ռեֆլեքսիա անում են, հիշում են իրենց անցյալի սխալները, ձևի համար մի անգամ չասեցին ու մոռանալու տվին:

Միջին մասին՝ որ կարող են ամեն ինչ հասկանալ, բայց ուղեղները փակել են՝ ցանկանում եմ ուղեղները բացել: Սա տարօրինակ իրադրություն է: Հայաստանի ճակատագիրը վերջին քսան տարվա ընթացքում՝ տարօրինակ է: Երբ Ղարաբաղյան պատերազմն էր՝ ես ասում էի մեկ դար ուշացած պատերազմ է սա, ու այդպես էլ վարվում էր պատերազմը՝ կարծես տասնիններորդ դարի պատերազմ՝ ֆիդայիններով: Հինգ հոգով հարյուրին հաղթել, և այլն: Այսինքն Հայաստանը մեկ դար ուշացել էր աշխարհի ժամացույցից: Հետո իհարկե Բալկաններն եղան ու հասկացանք, որ ոչ միայն մենք ենք ուշացել: Բայց հիմա կրկին այդպիսի վիճակ է՝ կարծես թե չէր եղել քսաներորդ դարը. նոմենկլատուրան իրեն դրել է այնպիսի վիճակում՝ որ իրեն դավաճան իշխան են համարում: Էլ ուրիշ որ երկրում՝ ԱՄՆ-ից մինչև Վրաստան, լրջով դավաճան են համարում որևէ իշխանություն՝ ազգի շահերի դավաճան: Սա կարծես միջնադար լինի՝ երբ օրիենտացիայի հարցից ելնելով՝ որոշվում էր ազգի գոյության բախտը: Մնում ենք էլի պատմական ազգ, չափից դուրս պատմական, ես կասեի: Պիտի հասկանալ, որ այստեղ իշխան չկա, ու միակ իշխանությունը ժողովուրդն է, ի վերջո ինչպես որոշեց՝ այնպես էլ կլինի, չի որոշում՝ իր գործն է, եթե հիմա մի բան լինում է՝ իր որոշման պատճառով է լինում, թող ընտրակաշառք չվերցներ՝ չէր լինի:

Ժողովրդի նկարագրի հարց է ծագում. այդ ինչպես այդ նույն անվախ ժողովուրդը, որ հաղթեց պատերազմում՝ այդքան վախկոտ է, անվստահ, կեղեքված, թերզարգացած, թուլացած, որ մի կտոր ապուստի դիմաց, մի ասենք թեկուզ հարյուր դոլարի դիմաց ծախում է հինգ տարվա իր իշխանությունը: Այդ ինչպես նա այդքան բարոյազրկվեց այդ հաղթանակից հետո, ինչպես կեղեքեցին էս քսան տարին՝ որ մեջը ոչ մի դուխ չմնաց: Իհարկե, քսան տարում ամենաառողջ ժողովրդին էլ կարելի է էնպես կեղեքել՝ որ բան չմնա: Իսկ մենք առանց այն էլ առողջ չէինք՝ էլ ցեղասպանություն, էլ ինքնացեղասպանություն՝ ստալինյան ժամանակ, էլ ստի թագավորություն՝ բրեժնևյան ժամանակ... Բայց ախր թվում էր մի լավ մաքրվեցինք, ուժեղացանք՝ անկախության ու պատերազմի բովով անցնելով, սփյուռքի հետ նշանակալիորեն միավորվելով:

Բայց ամեն ինչ հասկանալով հանդերձ, միևնույն է այդ թուլությունը հարց է առաջացնում՝ իսկ գուցե այդ հաղթանակն է՞լ էր ֆիկցիա: Գուցե դա է՞լ էր թատրոն: Գուցե ոչ մի հաղթանակ էլ չի՞ եղել: Ծանր հարցեր են: Իհարկե, միջնադարյան հարցեր լուծող ժողովրդի համար դժվար է ժամանակակից, աշխարհի սրընթաց պրոգրեսին համահունչ լուծումներ գտնել, արագ կողմնորոշվել: Միջնադարյան պատերազմում՝ հաղթեց հենց որովհետև ինքն էլ էր միջնադարյան, պատերազմն էլ: Իսկ ամենօրյա կառավարման գործում՝ ինքնիշխանության գործում՝ պարտվում է, որովհետև դա ոչ թե միջնադարյան՝ այլ գերժամանակակից հարց է: Գուցե: Բայց թող տատանվողները մի հատ սրա մասին մտածեն:

Որովհետև միևնույն է, եթե նույնիսկ տատանվողներն ու չտատանվող ինքնիշխանականները միավորվեն՝ մեկ է պիտի նոր-նոր լուրջ պայքարի դուրս գան չտատանվող հակաինքնիշխանականների դեմ: Իսկ նրանք շատ են: Ամենահարգելի պատճառով: Ես ինքս հակաինքնիշխանական էի քսան տարի առաջ, բայց այն ժամանակ ինձ լսող իհարկե չկար: Հիմա ես ինքնիշխանական եմ՝ երբ տեսա, որ քսան տարի ինքնիշխանություն քարոզվեց, ինչ-որ չափով նույնիսկ իրագործվեց: Ուրեմն կարող ենք: Ինքնիշխանը կարող է դիմանալ ցրտին, եթե միասնության զգացում կա ու գաղափար՝ կարող է աննկուն կերպով պայքարել իրեն պարտադրվող անշահավետ տարբերակի դեմ:

Ցանկանում եմ Նոր տարում հաջող պայքար՝ հանուն ինքնիշխանության: 


23:24 Հունվար 27, 2014