Ժամ պառակտման, ժամ դարձի
«Մարդ չկար, կղզի էր, արև, արմավենու շողքն էր, ավազ. ջուրը տեղի էր տալիս, բացվում էին հղկված ծովաքարերը, դու անընդհատ ընդառաջ էիր գնում, և ջուրը տեղի էր տալիս, և չէիր ուզում այդտեղից գնալ, և չէիր ուզում, որ ջուրը տեղի տա ու քարերը մերկանան, դառնահամ թողնելով բերանումդ. անձրև էր գալիս, մաքրիչները համաշեղ մաքրում էին ջուրը, որ իսկույն նորից էր պատում ապակին, աջ և ձախ, աջ և ձախ, սոճիներն ընդառաջ էին գալիս ու անցյալ էին դառնում, անցյալ էին դառնում, աչքերիդ առջև` իծաշարուկ գաղթում էին դրախտից վտարվածներն ու զույգ-զույգ կորչում մշուշում, ավտոմեքենան սուրում էր, իսկ դու` կորուստի զգացմունքը քիմքիդ` չէիր ուզում, դու դա չէիր ուզում, չէիր ուզում այնտեղ գնալ, վերականգնելու անվերականգնելին, ուզում էիր թաղվել անգոյության երանության մեջ, և մանկաբար սավառնել, մոռանալ, հետաձգել, մի կողմ թողնել, սակայն քո կամքից էլ անկախ` ըմբոստանում ու հստակվում էին կամաց կամաց խտացող ու թանձրացող կաթնալույսի մեջ իրերի աղավաղված սահմանները, որ այնտեղով չէին անցնում, որտեղով պիտի անցնեին, առարկաները` խառնված սեփական ստվերներին, սարերի ուրվագծերը` որ այնտեղ չէին, որտեղ որ պիտի, դժխեմ ֆիդայիներն ու մատնիչները, գաղթականներն ու պայծառաբարո տիկնայք:»
Այս հղումով տե՛ս ամբողջությամբ «Ժամ պառակտման, ժամ դարձի» էսսեն, Վահագն Գրիգորյանի «Ադամամութ» վեպի վերաբերյալ. էսսեն գրված է 1984-ին և հրապարակված 2012-ին «Հրապարակ նկուղ» ժողովածուում:
16:37 Հունվար 07, 2017
