Էսսե

ԿՈՐՈՒՍՅԱԼ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ


Երկրորդ անգամ հրապարակվել է «Հրապարակ նկուղ» ժողովածուում

 

ԿՈՐՈՒՍՅԱԼ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ

 

>>> 

Այս դիսերտացիան, կամ այս ձայն բարբառո մանիֆեստը, առանձնապես արձագանք չունեցավ՝ շատ երկար էր, երևի։ Չնայած՝ նայած ոնց նայես. Վալերի Միրզոյանը՝ հայտնի ջատագովը հայոց լեզվի այն օրերին, որի դեմ պայքարում էինք (Վալերիի, ոչ թե լեզվի), անդրադարձավ անձամբ, եթե ճիշտ եմ հիշում, մի մեծ, մի նույնքան հսկայական հոդվածով՝ «Հայաստանի Հանրապետությունում», բայց միայն այն թեզիս՝ ուր իբր ռուսաց լեզուն վերացնելու դեմ եմ խոսում։ Թեզը խեղաթյուրելով, իհարկե։ Իսկ մնացած թեզերս մնացին անպատասխան։ Անցան տարիներ։ Միրզոյանը գնաց Լեզվի տեսչություն, իր ակտիվ խմբագրմամբ, կարծեմ, ընդունվեց լեզվի օրենքը, Ադրբեջանից փախստականները՝ լեզու չիմանալու պատճառով, դուրս մղվեցին մի շարք հիմնարկներից, օտար լեզվով դասավանդելն արգելվեց ընդհանրապես և ուր որ դասավանդում էին՝ դա անում էին, փաստորեն, օրենքի խախտմամբ։ «Անկախություն»՝ հայրիկյանական թերթից էլ իմ ընկերներ Սուրենն ու Երազիկը (որ իմ բոլոր էսսեները շառաչյունով տպում էին, տե՛ս հաջորդ նյութերն այս գրքում) դուրս եկան, հետո այդ թերթն էլ փակվեց, իրենք ապաստանեցին Լեզվի տեսչությունում՝ Վալերիկի մոտ։ Ռաֆայել Իշխանյանը՝ որին վերագրում էին «որքան լեզու գիտեմ՝ այնքան հայ չեմ» ասացվածքը, մահացավ, նրա փեսա Վազգեն Մանուկյանը դարձավ օպոզիցիա, Լևոնի դեմ պայքարեց, հետո Քոչարյանի ժամանակ իրեն պահեց որպես քիչ թե շատ նորմալ, բարոյական օպոզիցիայի ինչ֊որ մարմնացում, իր ԱԺՄ կուսակցությունը (որի որոշ անդամների հետ ես բավական մոտիկացա 1990֊ականների սկզբին՝ այս հոդվածը գրելուց բավական հետո) կամաց֊կամաց նշանակությունը կորցրեց, իսկ ինքը՝ Վազգենը, 2008 թվի մարտի մեկից հետո դարձավ նախագահին առընթեր Հասարակական խորհրդի նախագահ։ Իշխանյանի որդիների՝ Ավիկի ու Վահանի հետ բավական ակտիվ շփվում եմ, մեկը գրող֊հրապարակախոս է՝ բավական պոստմոդեռն֊ազգային, մյուսը՝ էնպեոշնիկ ու մարդու իրավունքների պաշտպան, իսկ պատմականորեն՝ Ղարաբաղ կոմիտեի թաքուն անդամ (կոմիտեն որ ձերբակալել էին՝ թաքուն նոր անդամներ էին ընտրել, որ հանկարծ շարժումը չկործանվի, Ավիկը դրանցից մեկն էր), հոյակապ անձնավորություն։ Սուրիկը Լեզվի տեսչությունից դուրս եկավ, իսկ Երազիկը մինչ այժմ այնտեղ է աշխատում՝ վերջերս, 18 տարի ընդմիջումից հետո, հանդիպեցինք «Շողակաթ» հեռուստաստուդիայում։

Երբ որոշեցի սա ընդգրկել գրքիս մեջ՝ առաջին հայացքից և՛ ես, և՛ ուրիշ ընթերցողներ ասացինք՝ շատ մեծ է, շատ երկար է, չի կարդացվի, ինձ էլ էր թվում՝ զուտ քարոզ է, նախատինք, այն էլ՝ հնացած, ոչ ճիշտ հիմքերից ելնող։ Կրճատեցի այսպես, հետո այնպես, հետո որ նորից կարդացի՝ հասկացա որ կարևոր մի շարք թեզեր էր առաջ քաշել և, թեև չստացված՝ բայց մանիֆեստ է, երբեմն ճշգրիտ ախտորոշում է, ժամանակի շունչ է։ Մի քիչ խմբագրեցի՝ բայց միտքը մտքի գլխին էր գալիս, էլի չէր կարդացվում, վերջը բաժանեցի գլխիկների ու գրեթե չկրճատեցի։ Ահա այսպես։ Այն ժամանակ չգիտեի, չէի հավատում, դեմ էի այն թեզին՝ թե ցանկացած տեքստ կարելի է գլխիկների բաժանել, և չի տուժի, միայն կշահի։ Դա ինձ Արևմուտքը սովորեցրեց։ Թե ինչու այն ժամանակ մտքովս էլ չէր անցնի գլխիկների բաժանել՝ պարզ է, չէ՞. մի շնչով էի գրել, և գլխիկների չափսերի անհավասարությունից էլ կարող եք տեսնել, ինչպես է մի միտքը մյուսը ծնում, ինչպես համակողմանիորեն, համապարփակորեն է ծավալվում արգումենտը։ Երբ կարդացի ու հասկացա, որ այստեղ համապարփակ, թեև ուտոպիստական արգումենտ է առաջադրված եղել՝ որոշեցի արգումենտն ամբողջությամբ պահպանել, մանավանդ որ կարծես թե կրկին ակտուալացել է՝ քաղաքացիական ակտիվության ուժեղացման շնորհիվ։ Ահա թե ինչպիսի երկիր կարող էր լինել մեր երկիրը՝ բարոյական, մտավորական, մշակութային։ Չէ որ երբ գրում էի՝ հավատում էի, որ և՛ լսող կա ու ընթերցող, և՛ այսպես անելու շանս։

«Ավանգարդի» այնօրվա խմբագիր Զոհրաբյանն էլ վերցրեց ու անփոփոխ տպեց այս պրոստինյան (երևի կամ հավես չուներ խմբագրելու֊կրճատելու, կամ իմ մասշտաբը սիրել էր), իսկ դուք, որ դժվար չկարդաք՝ ամեն գլխիկ առանձին հոդվածիկ֊էսսե համարեք, որն ուզում եք կարդացեք, որն ուզում եք՝ բաց թողեք։

<<< 

 

«... բոլոր ծառերը կանգնած էին անջատ առ անջատ, ամեն ինչ կանգնած էր ինքն իր համար, ոչ մեկը ոչ ոքի հետ չուներ ոչ մի կապվածություն»։

ՀՐ. ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
«Խումհար»

 

1

Երբեմն բառը հոսում է հեշտ, երբեմն՝ դժվար։ Երբեմն հեշտ է ապրելը, խոսելը, գրելը։ Երբեմն՝ դժվար։ Դառնում ես շատախոս, նյարդային ու սխալ։ Ներքուստ զգում ես, որ սխալ ես, սխալ ես, սխալ ես։ Ինչ էլ ասես՝ սխալ կլինես։ Ճշմարտությունը կորչում է, չկա։ Չես զորում այն գտնել։ Այն, ինչ կա... հավան չես։

Հոդված գրելու ժամանակն է։ Եվ ռուսները, հրեաները, մերձբալթները գործի են անցել. վեպերը թողած՝ գրում են հոդված. գրում են հոդված֊վեպեր։ Աշխատում են համապատասխան ձևեր գտնել, իրադրության փոփոխմանը ժամանակին հակազդել, շտապ փորձել շոշափել, կանխահաշվարկել, գուշակել գալիքը։ Ճիշտ ուղին։ Ճշմարիտը։

Որտե՞ղ են մեր հատուկենտ հոդվածները։ Հոդված գրելու ժամանակն է, գրողը տանի։ Գնացքից թռչելու ժամանակն էր, սակայն, կարծես թե, որոշեցինք չթռչել։ Այո՞։ Այո՞, թե՞ ոչ։ Որտե՞ղ է վեճը, քննարկումը, հասարակական կարծիքը։ Որտե՞ղ է ժամանակի շունչ կրքոտ փիլիսոփայությունը։

Ահա վերջապես կան թերթեր։ Սպասվում են նորերը։ Կա անկախ միտք արտահայտելու ամբիոն։ Կա՞, թե չկա։ Կա։ Որտե՞ղ է միտքը։ Կան, վերջապես, նորմալ վերատպումներ սփյուռքի մամուլից, պատմությունից, մեր պատմական մտքից, խոսքից... Ժամանակակից հոդվածներ՝ պատմության վերաբերյալ... Մակարդակով թարգմանություն՝ օտար լեզվից. Ֆոլկներ, Իոնեսկո, Լորկա... Եվ լուրեր՝ ներկայից։

Լուրերից բացի ուրիշ ի՞նչ կա ներկայում։ Ինչո՞ւ համարյա չկա, չափազանց հազվադեպ է դրանց արժեքավորումը։ Ինչո՞ւ մենք չգիտենք, կոնկրետ, այդ լուրերը լա՞վն են, թե՞ վատը, հուսաբե՞ր են, թե՞ ոչ։

 

2

Նախկին Պուշկինի դպրոցի Պուշկինի կիսանդրին հանում են։ Դա լա՞վ է, թե՞ վատ։

Մեկն ասում է՝ դա բարբարոսություն է։ Պատրաստ է հացադուլի։ Հացադուլն այդ ծաղրվում է դպրոցի պատի թերթում։

Հացադուլ հանուն Պուշկինի։ Հանուն Ղարաբաղի։

Պարզվում է, մենք չգիտենք, դա լավ է, թե վատ։ Որովհետև չկա հասարակական կարծիք։ Եթե այն լիներ՝ դա երկու անգամ երկու կլիներ։ Բայց քանի որ այն չկա՝ դա քննարկման խնդիր է դառնում։

Դե, ինչ, քննարկենք։ Տեսնենք ինչե՛ր դուրս կգան։

... Մեկն էլ ասում է՝ լավ է. Պուշկինն անձամբ, գուցե և (լսեք, լսե՛ք) մեղք չունի, բայց «մեր ազգին այժմ մի քիչ ազգայնամոլություն է պետք». երբ մեր բոլոր մոռացված գործիչների արձանները կանգնեցնենք, թե տեղ մնա՝ հետո նոր կմտածենք Պուշկինի մասին։

Երբ Պուշկինին տեղադրում էին՝ նույնպես չկար հասարակական կարծիք։ Կար օտար պետության բռնակալ գաղափարախոսություն։ Գաղափարախոսությունը, որ մեզանում պնդեցվում էր Պապից ավելի կաթոլիկների ձեռքով, սպառվեց։ Ներմուծել էին՝ ետ վերցրեցին։ Այժմ կա՞ հասարակական կարծիք։ Ո՛չ։ Այժմ ի՞նչ կա։

Որոշակի մարդկանց, մարդկային հատուկ տեսակի՝ հարմարվելու հերթական շտապողական փորձը։ Պապից ավելի արագ վերստին կաթոլիկանալու։ Նոր պետական գաղափարախոսություն (այն դեռ չկա՞, նրա գոյության առասպելը. չկա՞ առասպելի գոյության պատրանքը) սերմանելու ձգտումը։

Կամա թե ակամա՝ դա խարխլում էր մեր ապագա ինքնիշխան անկախությունը։

Որովհետև անհնար է լինել անկախ և լինել ստրուկ (ստրկամիտ)։ Ինքնաստրուկ՝ եթե տվյալ պահին ուրիշ ստրկացնող չկա։

Կա բնական համակարգի օրենքը. այն պիտի պարտադիր կազմված լինի նույնպես բնական համակարգերից։ Այլապես չի կարող գոյություն ունենալ։ Դա նշանակում է՝ անկախ (ազատ) պետությունը նախ և առաջ կազմված պիտի լինի անկախ (ազատամիտ) հասարակությունից։

Ո՞վ է, կոնկրետ, հրամայել՝ Պուշկինի կիսանդրին հանել։ Փորձել է կանխել ժողովրդի չարտահայտված կարծիքը։ Փորձել է այն ձևավորել հին ծանոթ մեթոդով՝ «ապարատային» որոշմամբ։ Կարծում եմ, այդ թարմ հայրենասերն ինքը ռուսական կրթություն ունի, կուսակցության անդամ է (անդամ էր) կամ կուսակցական կրթություն ունի։

Ասում են՝ ժողովրդի կարծիքն է, դրան դեմ չես գնա։ Ո՞վ է չափել ժողովրդի կարծիքը, ի՞նչ մեթոդով։ Ո՞ր ժողովրդի։ Ժողովրդի կարծիքը Սախարովի հրապարակ ստեղծելն էր, իսկ այսօր նրա նկարն այրողներին են ուզում ժողովրդի կարծիքն արտահայտող ներկայացնել։

Լավ, ասենք թե Պուշկինը պատահականություն է։ Հապա Չեխո՞վը։ Չարե՞նցը։ Ստեփան Շահումյա՞նը։ Ղուկաս Ղուկասյա՞նը։

Սրանց բոլորի պատասխանը կա, բոլորի հարցը միասին լուծված է։

— Չեխովը, գիտեք, մի բավական հայատյաց անձնավորություն է եղել։

Նույնը՝ Պուշկինի հասցեին, նույնը՝ մեկ ուրիշի, և մի երկու սխալ֊պռատ տող էլ ցիտում են հանճարների գրավոր կամ բանավոր խոսքից՝ ի ապացույց այդ թեզին։

 

3

Ընդհանրապես կարևոր հարց է. ումից ենք վրեժ առնում և ինչու։ Վերջերս «Լիտգազետայում» հոդված կար, հեղինակը փայլուն ջախջախում էր ռազմական ամսագրում հայերի, թուրք֊թաթարների, հրեաների մասին ոստիկան ժանդարմի կարծիքները տպագրելու փաստը։ Ողջ ժողովուրդներ մի հարվածով բնութագրող (դրոշմող, գամող, խաչող) այդ կարծիքները՝ ցածրորակ, «մեշչանական», քաղքենի... Նաև՝ ողջ խավերին, հասարական խմբերին, մարդկանց տեսակներին պիտակող...

Գոհունակությամբ կարդալով «ԼԳ»֊ի հոդվածը, հանկարծ անհանգստացա. իսկ եթե հանկարծ նույն թերթի հերթական համարում մի հոդված էլ տպեն այն մասին, թե իրենց հայերեն սարերի հետևում պատսպարված ինչ են ասում և երբեմն գրում մեր հայերը այլազգիների, մասնավորաբար՝ ռուսների մասին...

Եթե հաշվի առնենք, որ թուրքերի հետ վերջապես աշխատում ենք նորմալ հարաբերություններ հաստատել, ադրբեջանցիների հետ՝ չթշնամանալ, այն, ինչ երբեմն ասվում է մեր մամուլի էջերից ռուսի կամ վրացու, մանավանդ նրանց մշակույթի մասին, պարզապես ծիծաղելի կհնչեր, եթե այդքան տհաճ տպավորություն չթողներ...

Պետք չէ անել այն, ինչ չէինք ուզենա արված լիներ մեր գլխին։ Մի դատեք, որ չդատվեք։ Այդ եղանակով լուծածդ վրեժը քաղցր, գոհացուցիչ, սպառիչ չի ստացվում, թունավորում է. հատուցման այլ, ավելի շահեկան ճանապարհներ է հարկավոր փնտրել...

Իսկ այս ուղին անսպառ է, ճահիճ, սա նույնն է, որով ոչնչացնում էինք ինքներս մեզ, արիստոկրատներին (դրոշմելով ողջ դասակարգը), մտավորականներին (որպես դասակարգ), կարող է պատահել՝ ճաղատներին («ճաղատները իրավունք չունեն ապրելու» կարգախոսը թե առաջ քաշվեց), վերջապես, ինչպես երիտթուրքերը՝ մեզ (որպես տեսակ, որպես ազգ)...

Այս ուղին՝ հայհոյել ամբողջ ազգի, ոչնչացնել ամբողջ ազգի հանճար զավակի հուշարձանը, ի վերջո երիտթուրքական ուղի է դառնում։

Կասեն՝ սա ժողովրդի հակազդեցությունն է (ռեակցիան) 70֊ամյա ճնշմանը, աճի, մանկության հիվանդություն է, կանցնի... Եթե հասարակ ժողովուրդը միայն լիներ՝ կասեի այո, գուցե. բայց սարափելի է, երբ մտավորականությունն է այդ կարգի «ռեակցիոն»... Լռում է. շփոթվա՞ծ... ներքուստ հավանություն տալո՞վ... Երբեմն էլ՝ բարձրաձայն համակրելո՞վ...

Քանզի չկա այն, նույն ինքը՝ կարծիքը հասարակական։

Այսինքն՝ մտավորականն ինքը կրկին, այս էլ երկրորդ անգամ մեկ դարի ընթացքում, իր գերեզմանափորի դերն է ստանձնում։ (Թեկուզև լռությամբ) ձայնակցելով մութ, քանդարար ուժերին, այսօր դեռևս հեռու՝ Չեխովի արձանի առիթով՝ վաղը ինքն է այդ ուժերի կողմից զոհաբերվելու քաղաքացիական պայքարի կառափնարանին։ Արդեն լսվում էին նախընտրական պայքարի օրերին այդ կոչերը՝ «Մեզ պետք չեն մտավորական պատգամավորներ, պետք չեն խելացի, պետք չեն բարի, պետք չեն անգամ գեղեցկադեմ... Մեզ պետք են՝ ուժեղ»... Կեցցե՛ մերկ ուժը. ո՞ւմ գլուխն է այն ուտելու նախ և առաջ։ Չէի ուզի, որ՝ անձամբ իմ։

 

4

Շարքում հերթականը Չարենցն է։

— Իսկ Չարենցն էլ գրել է «Լենինն ու Ալին»՝ դրա համար է մեղավոր, այո՞,— կշտապեք խոսքը փախցնել (եղած֊չեղած) «հասարակական կարծիքն» արտահայտողի բերանից և կսխալվեք։

Հոգու խորքում նա ուրախ է, որ Չարենցը «Լենինն ու Ալին» է գրել։ Դա «թույլ գործ է», որ «վարկաբեկում է» և՛ Լենինին, և՛ Ալուն, և՛ իրեն՝ Չարենցին։

Ոչ։ Չարենցի «մեղավորության» արմատն այլ տեղ է։ Չարենցի կամարը պետք է պայթեցնել՝ որովհետև նա գրել է «Երկիր Նաիրին» և «Խմբապետ Շավարշը» և բարձրագույն մակարդակով ցույց տվել մազութի համոյականության և խմբապետ շավարշության դերն ու կշիռը ազգի կյանքում։

Բայց այդ մասին, սո՜ւս, լռենք. հանկարծ ու մատաղ սերունդները չընթերցեն֊վարակվեն, բոլշևիկ դառնան... Ոչ։ Սիրելի բալիկներ, Չարենցը գրել է «Լենինն ու Ալին», «Մուժիկն ու մի զույգ կոշիկը», դրա համար էլ գնացեք և պայթեցրեք նրա կամարը...

 

5

Պայթեցման թեկնածուների այս շարքի մեջ մի անբնականություն, աննորմալություն կա։

Մի կողմ թողնենք, որ նույնիսկ նեղ հեղափոխական գործիչներին մեկ շարքի մեջ ընդգրկելն անընդունելի է. յուրաքանչյուրն իր ուրույն տեղն ունի և նախ և առաջ մարդ է, անկախ իր քաղաքական դիրքորոշումից՝ իր մարդկային կերպարով, մարդկանց հիշողության մեջ մնացած, պատմության մեջ հետք թողած իր արարքներով է գնահատելի։

Եթե խոսքը միայն քաղաքական գործիչների մասին լիներ՝ դեռ ոչինչ։ Կամ՝ Գորկու, Շոլոխովի, այլ սոցռեալիստների...

Եվ էլի՝ գոյություն ունեցող, արդեն ստեղծված, դրված արձանը ոչնչացնելը բարբարոսություն է. կա հին, քաղաքակիրթ միջազգային ավանդույթ. քաղաքի որևէ մասում հիմնվում է «անցած էտապների» ծառուղի (պուրակ)։ Եվ այստեղ կբերվի նախ Ստալինը, ստալինները, հետո, մեկ առ մեկ՝ մնացած անցած էտապները մեր երկրի, ժողովրդի ու քաղաքի։ Եվ այդ պուրակը ոչ թե կդառնա անցած տհաճ ուղու գերեզմանոց, որ չեն ուզում հիշել, ամաչում են, ինչպես սեփական դավաճանական արարքը մտաբերելիս... Ոչ. դա կլինի կառնավալային տրամադրության մարտկոց, ուրախատեղի, մաքրագործման, բարդույթներից, սնոտիապաշտությունից, կռապաշտությունից ձերբազատման վայր։

Այս, ինչպես և յուրաքանչյուր հարցում, դատավճիռ կայացնելիս՝ անհատական մոտեցում է պետք. չզլանալ, ամեն արձանի ճակատագիրն առանձին քննարկել...

Բայց սարսափելին այն է, որ մեկ շարքի մեջ են դասում քաղաքական գործիչներին գրողների հետ, ինչպես որ բանտն էին նետում մտավորականներին՝ հանցագործների հետ միևնույն խուցը։

Ասես մեկի գիրն ու մյուսի քաղաքական արարքը հավասարազոր են, մեկ մակարդակի, մեկ որակի արարքներ են... Մինչդեռ «մաքուր ձեռքերով» այս կյանքում քաղաքականություն անել կարծես թե դեռ ոչ մեկին չի հաջողվել, իսկ «կեղտոտ ձեռքերով» էլ՝ կարգին բան գրել։

Ինձ թվում է, բոլորս գիտենք նաև, որ առանց քաղաքականության պետություն չի լինի (ազգ կարող է լինել, կա), բայց ազգին ճանաչում են իր մշակույթի, իր մտքի, արվեստի մակարդակով [i] ։ Աշխարհը մեզ ճանաչում է Թումանյանով և Տերյանով։ Շեքսպիրի, Պուշկինի կամ Լորկայի հետ մենք երկխոսության ենք բռնվում նրանց միջոցով, նրանցով ենք հարստացնում համամարդկային մշակույթը։ Իսկ Ստեփան Շահումյանը և կամ Գարեգին Նժդեհը, կամ մեկ ուրիշը, ինչպես էլ նրանց վերաբերվենք, ինչքան էլ բացառիկ, մեծ երևույթ լինեն, զուտ ներազգային նշանակության գործիչներ են և միայն մեզ են հետաքրքիր, օտարներից՝ նեղ, շատ նեղ մասնագետների։

Դա՝ մեկ։

Երկրորդը։

Ես համոզված եմ, Զոհրապին կամ Տերյանին, կամ Թումանյանին, մեր շատ ու շատ քաղաքագետ֊արվեստագետներից յուրաքանչյուրին հարցնեին՝ ինչու ես գրում, չէ որ քաղաքականությունն ավելի կարևոր է, հայրենիքի կենաց և մահու կռիվ է... կասեր. ես, այո, անկարող եմ քաղաքականությունից հեռու կենալ, իրոք կենաց և մահու հարց է, բայց եթե իմանամ ինձ փոխարինողը կա՝ շնորհակալությամբ գործս նրան կհանձնեմ, իսկ ինքս, եթե մասնագիտությունիցս բացի ուզեմ նաև հասարակական գործով զբաղվել՝ անպայման կզբաղվեմ մշակույթով, մշակութային խնդիրների այդ անտակ կուտակով...

Եվ ասել են։ Ամենքը յուրովի։ Եվ ով հնար կամ կամքի ուժ է ունեցել այդ մեղադրանքին դիմանալու (մեղադրանքի էությունը միշտ նույնն է. «Ինչո՞ւ չեն լռում մուսաները, երբ թնդում են թնդանոթները, հը՞, ի՞նչ իրավունքով...»)՝ դիմացել է ու քաղաքականության գիրկը չի քաշվել կամ դուրս է պրծել... Վաղ թե ուշ։ Իսկ ով որ չի կարողացել՝ զոհ է գնացել քաղաքական խաղերին։

Եվ այսօր նրանց մասին դատել ու նրանց հիշատակի հետ դատաստան տեսնել, երեկվա պես, քաղաքական պատճառներով... կներեք, բայց ում էլ վերցնես՝ վայրենություն է։ Նշանակում է՝ պատմությունից ոչ մի դաս առնել չենք ցանկանում։

 

6

Այսօր էլ մենք, փաստորեն, կամովին մեր գիտնականներին, բանասերներին, գրողներին պարտք ենք տվել խորհրդարանին՝ քանի որ մասնագետ քաղաքագետ չունենալու վիճակն է։ Հուսով եմ, դա ժամանակավոր է, կգա օր, երբ Հրանտ Մաթևոսյանը հնարավորություն կունենա իր վեպն ավարտել, Անահիտ Բայանդուրը՝ թարգմանել, Կարեն Յուզբաշյանը՝ վերջապես հակվել Բրիտանական թանգարանի ձեռագրերին... Գնահատելո՞ւ են արդյոք գործընկերներն իրենց բարդությունը, իրենց կյանքով, փորձով աշխատասիրված, հղկված՝ ճշգրիտ մեթոդաբանության անշտապ կուտակը, թե՞ իրենք են, չզորելով պարզորեն բացատրվել, իջնելու առօրյա մեր թերի, անստույգ պատկերացումների մակարդակին։ Եթե պարզապես քվեարկության միավոր ձայն են դառնալու թեր կամ կողմ, անելու են շարքային պատգամավորի գործը՝ ուրեմն կարիք չկար նրանց անհանգստացնելու, գործից կտրելու. խորհրդարանի իրենց գործն ուրիշն էլ կաներ։ Եվ այդ դեպքում տեղի կունենա այն, ինչ ծպտյալ ապարատային անանունները փորձում են կատարել անցյալի քաղաքական և մշակութային գործիչների հետ, նրանց «նիվելիրովկան»՝ նշանակությունների ու ֆունկցիաների խառնաշփոթն ու համընդհանուր մակարդակի իջեցումը։

Ո՞րն է, ուրեմն, նրանց դերը։

Ռուսաց կայսրուհի Եկատերինա Երկրորդն ասել է, որ եթե մարդավայել կյանքի ավանդույթը ժողովրդի մեջ չկա՝ վերից ընդունած օրենքը, նույնիսկ ամենամարդասիրականը, անպետք դուրս կգա, և պետք չի շտապել ու մեր թերի պատկերացումով առաջադեմ թվացյալ օրենքները մուծել անպատրաստ ժողովրդին... Ահա այդ մարդավայել կյանքի ավանդույթը, սովորույթը ի ցույց ամենի հաստատելը նրա՛նց գործն է, ոչ թե թայֆայական (օտար լեզվով «մաֆիական»), այլ արդյունաբեր, գործուն, մշակութային հակադրության, որ տեսնում եմ կազմակերպված Ռաֆայել Ղազարյանի, Հրանտ Մաթևոսյանի, Կարեն Յուզբաշյանի, Սուրեն Զոլյանի և պակաս անվանի, բայց նույնքան զուտ մտավորական մի շարք պատգամավորների շուրջ։

Մշակութային հակադրության նպատակն է յուրաքանչյուր քննարկվող քաղաքական հարցի մեջ զատել մշակույթին առնչվող կողմը, խորհրդարանին ներկայացնել, թե ինչպես կազդի այս կամ այն որոշումը մշակույթի վրա, խոչընդոտել բարդը պարզեցնելու հակումները, ապահովել կուսակցություններից ու ցանկացած քաղաքական կոնյունկտուրայից անկախ՝ հասարակական կարծիքի, երևույթների հրապարակավ գնահատման կայուն բարոյական չափանիշների գոյություն։

Եվ ուղղված է այդ հակադրությունը ոչ թե իշխանությունը գրավելուն, ոչ թե այս կամ այն ղեկավարին գահընկեց անելուն, այլ ընդդեմ այն «միջին օղակի» (հատկապես՝ արտաքուստ մտավորական մասնագիտության), Լենին պապիկի խոսքով ասած՝ «գոլովոծյապի» (դդմագլուխի պես մի բան), որը երեկ ծառայում էր երեկվա իշխանավորին, իսկ այսօր իր ստորաքարշ, պատրաստակամ ծառայամտությամբ հեշտորեն կվարկաբեկի հանրապետության նոր ղեկավարներին նրանց գործի ու մտքի յուրօրինակ մատուցմամբ ու մեկնաբանությամբ, կձախողի նրանց գործն ամենադյուրին կերպով, ոչ էլ գահընկեց կանի, պարզապես կդարձնի մի հերթական բարձրաստիճան պաշտոնյաներ, կանդեմացնի, դիմազուրկ կանի, իրենք էլ չեն նկատի, ինչպես կդառնան նոր բիրդան աղա՝ նոր հարությունյաններ, մովսիսյաններ, դեմիրճյաններ կամ գորբաչովներ...

 

7

Մեզանում ընդունված է քննադատության հանդիպելիս ընկնել տենդագին հաշվարկների գիրկը՝ ում է սա ձեռնտու, ում «ջաղացին» է «ջուր լցնում»... Դա նույն թայֆայական մոտեցումն է, և զուր չէ, որ թայֆայականները կոչ են անում միասնության՝ հանուն ազգի շահի, բայց երբեք չեն համարձակվում խոսել քաղաքակիրթ հասարակության անունից։

Ազգը, այո, պիտի միասնական լինի, դա աքսիոմա է, չուզի էլ, չի կարող չլինել՝ թուրքերը կստիպեն, բայց չի կարելի արգելել, որ հասարակությունն ունենա մի բարոյական, մշակութային հզոր հակադրություն, որը պայքարի մտնի անդեմ տարրերի հետ և ձևավորի որոշակի հասարակական կարծիք։ Նա, ով հասարակության առողջ հակադրությունը («ձախից» կամ «աջից») բնութագրում է որպես ազգադավ՝ շահադետ է կամ բռնակալ։

Պետք է ստեղծվի վերջապես հասարակական կարծիք։

Որպեսզի կասկած չմնա. պե՞տք է արդյոք քանդել Պուշկինի, Չեխովի արձանը, անվանափոխել նրանց անվան դպրոցը, թե՞ ոչ։

Որովհետև մեզանում մինչև այժմ չկա մտավորական հասարակական կարծիքի այնպիսի մակարդակ, որը դներ և միանշանակ լուծեր հետևյալ կարգի հարցեր. ի՞նչն է ավելի լավ, աղքատ ապրել և չգողանա՞լ, թե՞ գողանալ հանուն երեխաների հարստության։

Մեզանում գողությունը սուրբ հիմք է փնտրում. երեխաների ապագան։

Արդարանում է. պետական է՝ ուրեմն ոչ մեկինը չէ։ Արդարացումն այդ, ինչպես «կենտրոնից» առաջարկված֊իջեցված բոլոր գաղափարներն ու հրահանգ֊հորդորները, ինչպես և ինքը՝ «պերեստրոյկան», կեղծ է. բարոյական հարցերի առանձնահատկությունն էլ հենց այն է, որ նրանք բացարձակ կիրառելի են, անկախ պայմաններից. անտեր իրը գողանալը նույնքան ամոթ է, որքան մասնավորը։ Մսավաճառը պիտի հիշի. գողանալով խանութի միսը իր երեխաների համար, նա դրանից զրկում է տառացիորեն իր քրոջ կամ եղբոր երեխաներին։ Երբեք չի լինի այնչափ գողանալ, որ ողջ տոհմիդ, ցեղիդ, ողջ ազգիդ, ողջ տեսակիդ հերիք անի։ Ուրեմն արդարացումդ սուտ է։

Գնելով այսօր ավտոմեքենա երեխաների համար՝ մարդ աղտոտում է թոռների ապագա օդը։ Հեռատեսությունը երեխաներին ապահովելը չէ, թոռների, ծոռների կյանքի պայմանները նախատեսելն է։

 

8

— Վերցնում եմ՝ լավ եմ անում,— ասաց մի բժիշկ։— Մենք պիտի լավ փող ունենանք, որ լավ սնվենք. մեր աշխատանքը թունավոր է։ Իսկ դու ի՞նչ իրավունք ունես մեզ դատելու, մեզ քննարկելու։ Դու ինքդ բժի՞շկ ես։

Ոչ, ես բժիշկ չեմ։ Բայց ես բժիշկների այցելուն եմ, իրավունք ունեմ երկմտելու, ում վստահեմ կյանքս։ Ես, այո, մասնագետ չեմ, տեղյակ չեմ մանրամասներին, բայց ձեր աշխատանքի պայմաններն անզեն աչքով են աչքի զարնում, բժիշկներինը մեր բոլորի կյանքի ու գործի պայմաններից էապես չեն տարբերվում։

Մի կողմից՝ մեղքը բժշկինը չէ. ողջ աշխարհում բժիշկն ու ուսուցիչն են ամենաապահովը, ամենահարգվածը։ Մեզանում՝ հակառակը... Եվ դժվար է մարդուն մեղադրել մարդավայել կյանքի ձգտման համար։ Եվ դժվար է ասել, որն է հասարակության ավելի խոր բարոյալքության ցուցիչը. բժշկի նախնական անապահովվածությո՞ւնը, թե՞ դրա ծնունդ կաշառակերությունը...

Բայց մյուս կողմից, չնայած ամեն ինչին, ամեն դժվարությանը, մարդս մնում է մարդ։ Մարդը, որը չգիտի, կաշառքը լավ բան է թե վատ, այն էլ հիվանդից կաշառքը (նա կասի, թե աղքատներից չի վերցնում, բայց չհավատաք, նա Ռոբին Հուդ չէ), իհարկե, սովորել է մեր տձև, ապազգային, ապամարդկային դիմագծի դպրոցում (էլ ընտանիքի մասին չենք ասում, որն, անշուշտ, գլխավոր դպրոցն է), բախտը չի բերել՝ օրինակելի ուսուցիչ չի հանդիպել կամ արհամարհել է (իսկ ամենավատ դպրոցում էլ գոնե մեկը կա օրինակելի, միայն թե աչքաչափ է պետք գտնելու համար), և իր երեխային էլ տվեց ռուսական դպրոց, թե հայկական՝ փույթ չէ. փույթն այն է, որ հենց որ հրաման լինի (կամ զգան, գուշակեն կամ՝ թվա թե գուշակեցին) «մշակույթը ոչնչացնել», հայր և որդի միասին կարշավեն։

Կեցությունն, իրոք, որոշում է գիտակցությունը, Մարքսը հասավ իր նպատակին, և ստորին շահերով ապրող մարդը (մի կողմ թողնենք դրանում իր մեղքի տոկոսը որն է) ուրախ է ամեն վեհը գռեհկացնել, հասցնել իր մակարդակի։ Իսկ մեզանում, ավաղ, այդ կարգի հայացքների տեր, հանճարի հուշարձան քանդող կարող է լինել և՛ բժիշկը, և՛ գիտնականը, և՛ ուսուցիչը, և՛ գրողը, և՛ ժուռնալիստը, և՛ հասարակագետը, և՛ ինժեները, և՛ քաղաքական գործիչը, գործիչը, գործիչը...

 

9

Ամեն ինչ, այո, կախված է ամեն ինչից, ոչինչ ոչնչից անկախ չի լինում, և եթե մենք ասում ենք Ղարաբաղ, իսկ մեզ ծաղրում են, նոբելյան մրցանակ են տալիս՝ նաև նրանից է, որ արդարության անունից ենք խոսում, բայց առօրյա կյանքում արդար չենք։ Թերևս նաև դա է պատճառը, որ մենք այսօր չենք զորում մեր ցավը բացատրել, մեր անկախությունը համոզել մեր եղբայր քրիստոնյա ժողովուրդների մտավորականներին, և եթե համոզում էլ ենք՝ ապա երբ մի կողմ թողած թայֆա ու հաշիվ, պաշտոն ու կոչում՝ նստում ենք հացադուլի և մարդիկ տեսնում են. մահվան առջև անվարան ենք։

Համոզիչ չենք հնչում նաև՝ որովհետև կաշառակեր բժշկին կամ ուսուցչին Ղարաբաղը, իրոք, պետք չէ, ավելորդ անհանգստություն է, և դպրոցների հայացումը պետք չէ, բայց ներքուստ սիրելի է ամենը՝ ինչ վեհը ցինիկորեն նսեմացնում է, հանճարներին քաղաքական գործիչների դասը կարգում, նրանց գիրը դիտում որպես հրովարտակ և հռչակագիր, իրական մեղավորներից ժողովրդի (և մանուկների) հայացքը պղտորում֊շեղում Պուշկինի վրա...

«Պրեզիդենտի» հրամանից հետո Լենինի արձանին որոշ ժամանակ ձեռք չեն տա, իհարկե, բայց սկսել էին հո՝ Չեխովից, Պուշկինից... Կարող էին, չէ՞, թե անկեղծ էին՝ Լենինից սկսել... Ինչևէ. գոնե Պուշկինի արձանը սուսուփուս վերադարձրին։ Ուսուցիչ Մարկ Գրիգորյանը հաղթեց։ Ասում են, տեղը դրեցին մանուկների ներկայությամբ և, մի տեսակ անամոթ ու ծուլորեն, ասացին.

— Մենք ձեզ համար էինք ասում, հանենք բան չպատահի, երեխեքը, մեկ է, էս արձանի գլխին մի խաղ խաղալու են, եթե չխաղան՝ ուրիշ խաղացող կպատահի...

Եվ երեխեքը լսեցին ու սովորեցին. «Այո, մենք անպայման էս արձանի գլխին մի խաղ խաղալու ենք»... Անանուն ուժերը նույնիսկ տանուլ են տալիս ճիզվիտաբար. իրենց քանդարար մտածողությունը մատաղ հոգիներում սերմանելով։ Դե, Ուսուցիչ, Ձեզ տեսնենք. հերթը Ձերն է։ Պուշկինի արկածները Երևանում շարունակվում են։

Հոյակապ օրինակ՝ ինչպես սևը սպիտակեցնել. իրենք, ուրեմն, արձան փրկողներ են, վայրագությունից են արձանը փրկում. չեն ուզում արձանասպատակողների շարքն ընդգրկվել, փրկարարների շարքն են տենչում։

 

10

Ինչո՞ւ ենք այսօր այս բարոյահոգեբանական վիճակի։ Ինչո՞ւ թայֆայականության շուրջպարի դեմ մեր ձայնը թույլ է և բարալիկ, ի տարբերություն, օրինակ, հենց նույն Ռուսաստանի։

Ինչո՞ւ ենք ի վերջո այսքան, եկեք չվախենանք այդ խոսքից, հետամնաց։

Պատասխանը պարզ է. աղքատ ենք։ Պետությունը երբևէ այդքան հարուստ ու դեմոկրատ չի եղել, որ մշակույթը հովանավորի, լոկ՝ կերակրել է, իրեն ծառայեցրել։ Այսօր կարող էր հիմնադրել մշակույթի պետական հովանավորությունը՝ բայց այսօր էլ իրոք աղքատ է, սնանկության շեմին։ Հացի հոգսը պիտի հոգանք ողջ ազգով։ Եվ քանի դեռ կեցության խնդիրները չենք լուծել, գոյության, գոյատևման հարցը չենք ապահովել՝ աղքատիկ է մնում մեր մտահորիզոնը և յոլա ենք տանում, թվում է՝ սա էլ բավ է։ Բայց բավ չէ, որովետև դա մենք ենք, որ սիրում ենք հպարտանալ մեր հնադարյան մշակույթով, դարասկզբի, դարակեսի մեր մեծերով...

... Առայժմ չենք էլ կարողանում լուծել, էլ ավելի խոր անդունդին ընդառաջ ենք գնում, ամենայն հավանականությամբ եղածից ավելի դաժան փորձության ենք հանդիպելու։ Լավ է, դա գիտենք, բայց մտքներովս էլ չի անցնում օգտագործել իմացածներս. նման փորձությունների օրոք հսկայական է դառնում մտավորականի, հասարակական կարծիքի, մինչ այդ կուտակված բարոյական արժեքների նշանակությունը։ Իսկ մենք քայլում ենք դեպ անդունդ՝ բարոյապես մորե մերկ։ Դրանում հո արդեն մեղքը այս կամ այն քաղաքական ուժինը չէ, «հին» թե «նոր» «բոլշևիկներ» կոչենք. դրանում հո արդեն մեղքը մերն է՝ մտավորականությանը, որ ծախվեց վուլգար մարքսիզմին և հանդուրժեց, որ կեցությունը որոշի գիտակցությունը, և ոչ թե հակառակը, հանդուրժեց, որ իրեն սանձահարեն, վարժեցնեն, դաստիարակեն՝ ինքն էլ ձևավորվի, դառնա անդեմ, բարոյազուրկ, այնպիսին, ինչպիսինը որ իրենից պահանջվում էր... Ամենքն իր բաժին մեղքն ունի. ոգին, բարքը պահպանելու գործը մերն էր։ Որ հերոս չենք եղել՝ մեղքը մերն է։

 

11

Ինձ կասեն՝ մի չափազանցրու, և ես, իրոք, կաշխատեմ սթափվել։

Ազգի մեջ, ժողովրդի մեջ կա ընտանիքի, կենցաղի, աշխատանքային օրվա մակարդակին՝ մարդու լավագույն հատկանիշների աներկբայելի ապացույց՝ կոնկրետ ԲԱՐԻ ԱՐԱՐՔԸ, որը մեզ մարդ է պահել, պահում է այսօր և՝ քչից֊շատից մեր մշակույթն է կերտում՝ ի տես դարերի։

Բայց, աստծու սիրույն, ժողովուրդ, եթե այդպես է՝ ինչպե՞ս կարելի է ոչնչացնել հանճարների արձանները։ Ինչպե՞ս կարող է հա՛րցն այդ անգամ մտքներովս անցնել... Այնքան ենք մթնել առանց հասարակական կարծիքի, որ հանճարներին սովորական կարգին մարդուց, թեկուզ և տաղանդավոր գրող կամ գործչից չենք տարբերում, եռանդագին առարկում ենք. եթե Պուշկինը կա, ապա ինչո՞ւ Հեմինգուեյը չկա, առավել ևս՝ Նանսենը... Նախ՝ շատ վատ է, որ չկա. պիտի լինեն. բայց եթե մեկը չկա, մյուսն ուրեմն պիտի հանե՞նք. այդպե՞ս ենք մենք պայքարում արձանների պակասի դեմ։ «Բայց ախր աշխարհի բոլոր հայտնի մարդկանց համար տեղը չի հերիքի...»։

Դա՝ ուրիշ հարց. եկեք ընտրենք, որոշենք, ում դնենք, ում չդնենք. գուցե ասենք հայ ազգին օգնողներին՝ Նանսեն, Վերֆել, Լեպսիուս, Թոյնբի... մեկ ընդհանո՞ւր հուշարձան դնենք, դրանո՞վ սահմանափակվենք... բայց դրածներին, մանավանդ հանճարներին՝ եկեք ձեռք չտանք։

 

12

Ուրեմն, եթե մեզ անգլիացիներն իշխեին, Շեքսպիրի արձանը նո՞ւյնպես կվերացնեինք, ինչ է թե «օտար» է, ուզում ենք անկախանալ... Եվ մի բան էլ հաշվի առնենք. Շեքսպիրից ու Պուշկինից հենց երկրորդի՛ ստեղծագործությունն է, որին այսօր հաղորդակից ենք բնագրով, ասել է թե՝ մինչև ուղնուծուծը... Անկեղծ ասած, այսօր Պուշկինը մեզ համար Շեքսպիրից էլ արդիական է. 19֊րդ դարի ռուս հզոր մշակույթը մեզ այսօր հուզող բոլոր հարցերը մանրազնին քննարկել է, հենց այդ քննարկման ընթացքում է համաշխարհային մակարդակի հասել։ Այսինքն այսօրվա՛ կարգի, այսօրվա՛ սրության հարցերը, եթե հասարակությունը բարոյազուրկ չէ՝ փիլիսոփայություն ծնող, մշակույթ կերտող, ձևավորող հարցերից են։ Ռուս լուսավորիչները, ում էլ վերցնես (Պուշկին թե Գոգոլ, Չաադաև թե Գրիբոյեդով...), մեզ այսօր հոյակապ հնարավորություն են՝ նորովի, առանց գաղափարական կապանքներից հարուցված տհաճության հաղորդակցվել... Ազգի գերակշիռ մասը, փաստորեն, հարազատ լեզվից բացի տիրապետում է ևս մեկ միջազգային լեզվի, դեպքերի բերումով՝ դա ռուսերենն է, ևս մեկ օտար, այն էլ քրիստոնյա, եվրոպական լեզու. անկախ և ազատ ազգի ձեռքին դա գտնված վալյուտա է, գանձ, հրաժարվելն առնվազն անհեռատեսություն է։ Այդ իմաստով, որքան լեզու գիտեմ՝ այնքան հայ եմ և թե մայրենիիցս դենը լեզու չգիտեմ ու չեմ էլ ուզում, չեմ տանջվում՝ լիարժեք հայ չեմ։

Ռուսերենից, Ռուսաստանից և ռուս մշակույթից պետականորեն մասնագիտացված, խնամված մշակույթի օրինակը պիտի քաղենք, սովորենք՝ ինչպես է պետությունն իր մշակույթը հովանավորում. որ իր ամենամեծ թշնամուն էլ ոչ թե ոչնչացնի, այլ հավաքած նյութերը ձեռքը խոթի և իր սահմաններից արտաքսի. հանուն հայրենիքի ապագայի (Սոլժենիցինին)։

 

13

Այո, ռուսական դպրոցներ մեզ պետք չեն, դա աբսուրդ էր, այն այսօր վերացավ։ Բայց որ ազգային լուսավորության խնդիրն իրոք լուծվի, պետք է մեկ այլ բան՝ պետք է որակապես ընդլայնել հայերենի գործածությունն ու նշանակությունը, պետք է, որ հայ մանկան ու պատանու համար մայրենին լինի ոչ թե պարտադիր, այլ սրտաուզելիք, որ հայերեն կարդալու բան լինի շատ, բարձրորակ, բազմազան, հետաքրքիր...

Ի վերջո, ի տարբերություն այլ հանրապետությունների, մեզ մոտ առաջներում էլ հայոց լեզուն էր պետականը։ Եվ ազգային կրթության պրոբլեմը, եկեք անկեղծ լինենք, ոչ այնքան ռուսական դպրոցն էր, որքան հայկական դպրոցի մակարդակը։ Թող լինեին բարձրորակ դպրոցներ՝ տեսնեինք ինչպե՛ս ծնողները մանուկներին չէին բերի։ Այսօր մեր դժվարությունն այն է, որ ոչ միայն ռուսախոսներն են վատ հայերեն խոսում։ Նաև՝ հայախոսները... Բայց նույնիսկ եթե այդ բոլոր դժվարությունները լուծվեն, մեզ էլի անպայման անհրաժեշտ է, իհարկե, ոչ պարզապես ռուսաց լեզուն, այլ ռուսաց մշակույթը, արտահայտված այդ լեզվով, այդ լեզվում... Մեզ անհրաժեշտ է Պուշկինի պոեզիան ուսումնասիրել բնագրով, ամենակատարյալ թարգմանության առկայության դեպքում անգամ։ Հանուն դպրոցների հայացման հրաժարվել բնագրով Պուշկինի պոեզիայից՝ դա մի նույնպիսի հակապետական աբսուրդ է, ինչպես ռուսական դպրոցների գոյությունը հայերի համար։

Լյումպեն խավերին հեշտ է տրամադրել, իբր ռուսախոս մտավորականությունն անխտիր ենիչերի է, ազգի դավաճան, որը, չիմանալով, ասենք, Արամ Մանուկյանի անունն իսկ, մեծարում է, ասենք, Գերցենին։ Դա ահավոր սխալ է։ Ամենաթունդ տոտալիտարիզմի տարիներին էլ իսկական հայ մտավորականի համար ռուս «թույլատրված» մտածողները, լուսավորիչները ոչ թե առուծախի, սպեկուլյացիայի, ազգին դավաճանելու միջոց էին, այլ ազատամտությունը փրկելու, պահպանելու, ամբողջատիրությունը հաղթահարելու, միջից ճշմարտության մի տիրույթ գրավելու, գաղափարախոսությունների սուտը հաղթելու միջոց։ Հիմնադրելով ռուս լուսավորչի արձանը, մանուկներին պատմելով նրա գործունեության մասին՝ հայ մտավորականը տոտալիտարիզմի գերեզմանն էր փորում. մի ազգ, որ տվել է այդպիսի մտածողներ, չի կարող անվերջ գերի մնալ մութ գաղափարախոսությանը, օրերից մի օր կթոթափի այն, կազատագրվի։ Ռուս լուսավորիչներն իրենց բնույթով հեղափոխական էին, անարդարության դեմ իրենց պայքարով՝ արդար և իրենց ամեն տողով կիրառելի՝ ցանկացա՛ծ բռնակալության դեմ, նույնիսկ եթե այդ բռնակալությունը խոսում էր իրե՛նց իսկ անունից. բավական է նրան ճանաչել, ընթերցել՝ և այդ հորինված ազգակցական կապը հօդս է ցնդում։

 

14

Եվ այսօր դպրոցներն անվանափոխ անելը, հուշարձանները փշրելն այն գրողների, որոնց շնորհիվ մարդս մարդ էր մնում, հույսով էր մնում ամենամութ ժամանակներում, երբ մնացյալ ամենն արգելած էր (հիշենք, որ Պուշկինի դպրոցը բացվեց 1937 թվին՝ բանաստեղծի հարյուրամյակի պետական առիթով)՝ կոպիտ ապտակ է մտավորականության երեսին։ Ասենք, ինքներս ենք մեղավորը. մեր արժանապատվությունը չենք պահպանել... «Նոմենկլատուրային մտավորականություն» պիտակով այսօր այդ արձանների պես խոտանվում են կոնկրետ մարդիկ, կոնկրետ ճակատագրեր, մշակույթի ասպարեզի փորձառու մասնագետներ։ Գուցե և հանպատրաստից իրոք դժվար է կողմնորոշվել, որն է այնքան նոմենկլատուրային, որ այլևս սնանկ, իսկ որը՝ այնքան մտավորական, որ դեռևս կարող։ Այդ կարողներից շատերի օգնությունն այդուհանդերձ չընդունվեց, ետ մղվեց, իսկ նոր հովերի բոցաշունչ կողմնակիցներից շատերն այսօր երեկվա նոմենկլատուրայի ամենավտանգավոր մասն են՝ ցինիկ ու ծառայամիտ, ամենաարագ դավաճան... Ամերիկայից դա իր սրատես աչքով ճշգրտորեն նկատեց Սոլժենիցինը։ Կարգին մարդիկ կրկնակի են պատժվում այսօր, ինչպես միշտ. նախ վարկաբեկվում են մեղավորի կողմից, հետո՝ խոտանվում նրա փոխարեն։ Ճիշտ ինչպես որ Պուշկինը՝ վարկաբեկեցին, հետո սպանեցին։ Միշտ այդ է եղել. ցանկացած հասարակական շարժման դեպքում, նույնիսկ ամենադեմոկրատ սկզբունքները հռչակող, ոչ ոք այդչափ չի տուժել, որքան մտավորական կոչված այդ բարալիկ, փխրուն, համարյա անտեսանելի, չեղածի չափ աննկատ, բայց հարմարվելու մանրէն արյան մեջ պաթոլոգիկ կերպով չհանդուրժող խավը։

Ուրեմն եկեք ինչ էլ լինի՝ չզոհենք բարոյական պահանջները քաղաքականությանը։ Ես չեմ հավատում այդպիսի քաղաքականությանը։ Այդպիսի քաղաքականությունը պարտված է, եթե հաղթի էլ՝ ուրեմն ժողովրդին է հաղթել, ժողովուրդն է պարտված։ Անելանելի է, երբ նորերը սկսում են հին մեծ սխալից՝ մանր սխալները չնկատելուց, հաշվի չառնելուց, վրայից ինքնաներողամիտ, ինքնանրբանկատ անցնելուց, ինքնավերացարկվելուց։ Բարոյական՝ նշանակում է մանրուք չկա, ամեն մանրուք մարդ է, կյանք է, ճակատագիր, ամեն մանրուք մեր ապագայի չափ է, ապագայի չափ կարևոր։

 

15

Ուրվագծեցինք մեր կարծիքով քննարկման արժանի, անհամբեր սպասող խնդիրներն ու հարակից հարցերը։ Բայց որ քննարկումը կայանա՝ անհրաժեշտ է դիմացինին լսելու ունակություն. նույնիսկ ոչ էլ քաղաքավարի լռելու ու գլուխը տմբտմբացնելու, այլ ուշադիր, անկեղծորեն լսելու։ Եվ թույլ տալու, որ դիմացինն իր կարծիքն ունենա ու արտահայտի. ոչ միայն չճնշելու, այլև ողջունելու տարակարծությունը։ Հարգելու ուրիշի խոսքը (նկատի ունեմ ծանրակշիռ, արժանապատիվ խոսքը, այն խոսքը, որի ետևում մարդ կա, մարդկային կերպար, պատասխանատվություն), պաշտպանելու ուրիշի ուղղակի խոսքի իավունքը, անգամ՝ եթե համաձայն չես։ Եվ աստված չտա՝ խեղաթյուրելու։

 

16

Իսկ եթե միմյանց լսենք, ով գիտի, գուցե հանկարծ հասկանանք նաև, ընդունենք, համակերպվենք, որ ոչ մի ուխտ, ոչ մի կուսակցություն, ոչ մի առանձին մարդ չի կարող լինել ազգի շահերի արտահայտիչը (դա էլ չմոռացավ Սոլժենիցինը, մեջբերելով, որ կուսակցական պայքարը երկրաշարժից էլ վնաս է)։ Հասկանանք, որ եթե չկան վառ արտահայտված դասակարգեր, չեն կարող լինել նաև կուսակցություններ։ Որ չի կարող լինել կուսակցություն, որ մյուսներից տարբերվում է լոկ գաղափարախոսությամբ։ Որ ծրագրի առանձին մեթոդական տարբերությունները (մենք ասում ենք սկզբից անկախանանք հետո հողերն ուզենք, նրանք ասում են, որ հողերն ուզենք, պիտի անկախ լինենք) չեն կարող տարբեր գաղափարախոսություններ անվանվել։ Եվ որ իրական, ռեալ քաղաքական ուղին միշտ միակն է, այն կենսագործելու համար կարիք չկա շինծու գաղափարական պայքարի, որը ներկա հանգամանքում վերասերվում է էլի նույն, վաղուց հայտնի, խեղճ հայի վզին շատ թանկ նստած՝ թայֆայականությանը։

 

17

Բա՞րդ է հասկանալը. արդյունաբեր հակադրվելու համար կարիք չկա հակադրվել միմյանց թայֆա առ թայֆա, կարելի է նաև՝ անհատ առ անհատ. ամենքն իր գործն անի՝ իր տեղում, ոչ թե որպես այս կամ այն ուխտի, գաղափարի, ուս ուսի կցած հոծ բանակի զինապարտ մարտիկ, այլ որպես մարդ, որպես անհատ, որպես անձ։

 

18

Բայց որպեսզի սեփական կարծիքդ թաքցնելու, կորցնելու, այն չունենալու վտանգից խուսափես, պետք է իրոք քաղաքական վստահության մթնոլորտ։ Երբ ուսանողուհիս բարալիկ ձայնով ասում է՝ «այսօր սեփական կարծիք հայտնելը կրկին դարձել է վտանգավոր», արդեն մեղադրանքը «կենտրոնի» հասցեին չէ։ Պետք է, որ «ինչու ՊԱԿ֊ի Բաստիլը չկազմալուծեցին» հարցը հրապարակավ տալիս՝ սիրտդ չտրոփի։ Ուր տարան ՊԱԿ֊ի արխիվները, վերջապես ճի՞շտ է, որ տարան, թե՞ ոչ. ինչո՞ւ ոչ ոք այդ հարցը չի տալիս.— որ այդ հարցը տալիս՝ չհամակվես սնոտիապաշտական վախով։ Չէ՞ որ այդ կազմակերպությունը մինչև այսօր էլ ընկալվում է որպես սպառնալիք՝ մտավորականների, հասարակական մտքի դեմ ուղղված։ Չէ՞ որ այդ արխիվները հարուստ էին մտավորականներից բռնագանձված մշակութային արժեքներով։ Ոչ անձնակազմի, ոչ անվան փոխումը այդ կազմակերպությունը չի արդարացնի մտավորականության աչքում. բռնապետության խորհրդանիշը կարելի է միայն մեկ բան անել՝ վերացնել։ Սեփական ժողովրդի ամեն արտառոցի, ամեն կարող ուժի, ամեն նորույթի գաղտնի հետախուզություն մեզ պետք չէ։

Եթե վախենք՝ այսօր վախելու ենք ոչ «կենտրոնից», այլ ինքներս մեզնից։ Նոր՝ հանրապետական մասշտաբի վախ ենք հիմնադրելու, որ վախելու բան լինի։

Այդ տարբերակը պիտի բացառվի ամեն գնով։

Հասարակական կարծիք հնարավոր է միայն, եթե այդ վախի վերածնման վախն էլ հաղթահարվի։

Այդ հարցում ետդարձ՝ անհանդուրժելի է։

 

Ավանգարդ,

30 նոյեմբերի 1990թ., #136 (10379)

 

[i]Ես այն ժամանակ անկեղծորեն սրան հավատում էի: Ինքս քաղաքական գործիչներին չէի սիրում՝ կարծում էի աշխարհն էլ չի սիրում: Չգիտեի, որ Հիտլերը, ասենք, աշխարհի ամենահայտնի մարդկանցից է, և ոչ, ասենք, Շեքսպիրը: Որ ասեին՝ չէի հավատա՞: Կամ կասեի՝ բա որա՞կը, որա՞կը: Համարում էի, որ աննյութ իմաստությունն ավելի արժեքավոր է, քան մարդկանց ճակատագիրը տնօրինելը: Համարում էի, որ ի սկզբանե էր բանն՝ շատ, բավական ուղղակի իմաստով: Իսկ հիմա՞: Իսկ հիմա շատ բարդ է իմ վերաբերմունքն այդ հարցին: Ի սկզբանե է բանն, բայց ոչ թե մեծ գրողների, ոչ միայն, գուցեև ոչ այնքան, որքան աշխարհում մեր շուրջ տարրալուծված բանն: Քանի որ խոսքն իրենց ձեռքում էր՝ խոսքի վարպետներն իրենց նշանակությունը, առիթից օգտվելով, ուռճացրել էին, ճիշտ ինչպես Եգիպտոսի քրմերը: Հրանտն էլ դրանից էր տառապում՝ որ, Էկզյուպերիի խոսքը ձևափոխած՝ համաշխարհային մասշտաբի հանճարեղ վեպ ֆաշիզմից հետո այլևս անհնարին է (տես Հրանտին նվիրված գործերս): Որ կոմս գրականությունը գահընկեց է արվել:


15:50 Մարտ 23, 2018