Մեդիա

Հայաստանի համար մաքուր հանրային զուգարանն արդեն հերիք է, որ մեր անկախությունն արդարացված լինի


Հարցազրույց Սիրանույշ Պապյանի հետ, «Առաջին լրատվական», հունվարի 25 2015

Բնօրինակն այստեղ 

    1. Պարոն Տեր-Գաբրիելյան, Գյումրիում տեղի ունեցած սպանդից հետո ի՞նչ դաս պետք է քաղենք:

Սկսեմ մի քիչ հեռվից. երբ Հայաստանի նոմենկլատուրան հրաժարվեց Ասոցացման համաձայնագրից հօգուտ Ռուսաստանի հետ ավելի սերտ կապերի, հարցն այն չէր, թե արդյոք Հայաստանը տնտեսապես ավելի է շահում այս տարբերակից թե մյուս: Հարցը նույնիսկ անվտանգությունը չէր, որովհետև եթե դաշնակիցն ուլտիմատումներով է խոսում ու կարող է իրեն թույլ տալ՝ նա դաշնակից չէ, սյուզերեն է, ուրեմն երբ ուզի ու ինչ ուզի՝ կանի, այսինքն անընդհատ հպատակվելով ավելի անվտանգ չես դառնա: Դա լավ գիտեն հրեաները, որոնք նացիստական Գերմանիայում լավ էլ հպատակվում էին, հույս ունենալով, որ նացիստներն ի վերջո կանգ կառնեն ու իրենց ձեռք չեն տա, կամ գոնե մեծ մասին ձեռք չեն տա: Դա չեղավ: Ինչ-որ իմաստով նույնն էր Օսմանյան Թուրքիայում. որոշ համայնքներ ու անձեր հպատակվում էին, հույս ունենալով, որ պատուհասն իրենց չի դիպչի: Դա էլ չեղավ: Պիտի աշխատենք, որ մեզ մոտ այդ տարբերակը տեղի չունենա:

Հարցն այն էր, որ Եվրոպայի հետ պայմանագրերը միշտ ունեն նաև ռեֆորմների աջակցության ու զարգացման պարտադրանք: Նայենք «մանր» դեպքերին. մի քանի տարի առաջ որոշ ժամանակով պարտադրվեց ամրագոտիներ օգտագործել ավտոմեքենաներում: Դա լա՞վ էր թե վատ: Ես համարում եմ, որ լավ, չնայած հարակից հարցերի չլուծվածությանը: Ոմանք նույնիսկ այդ սովորույթը մինչև այսօր պահպանեցին: Նույն կերպ՝ գոնե քաղաքի կենտրնում մարդիկ սկսեցին սպասել կանաչ լույսին հաճախ՝ փողոցն անցնելուց առաջ: Մեքենաները սկսեցին զիջել ոմանց: Դա իհարկե նաև շնորհիվ տուրիստների ու սփյուռքահայերի հոսքի էր, ու Արևմուտքում ապրած-վերադարձածների, որովհետև եթե մարդը սովոր է փողոցն անցնել ճիշտ տեղում և որ ավտոմեքենան պիտի զիջի՝ նա չի էլ սպասում, որ ավտոմեքենան չի զիջի, և ավտոմեքենան, կամ իր վարորդը, դա հասկանում ու զիջում են մեծ մասամբ:

Ավելի մեծ ռեֆորմներ եղան. ասենք՝ անձնագիր ստանալու հեշտությունը: Նոտարների հարցերը որոշ չափով բարելավվեցին: Որքան հասկանում եմ, Ժեկերից այլևս գրեթե ոչ մի թուղթ չի պահանջվում: Եվ այլն: Այսօր էլ բիզնեսի հեշտության գրեթե չեմպիոնություն ենք արձանագրում ԱՊՀ երկրների համեմատ: Եվ դա՝ չնայած մեր օլիգարխիկ սիստեմին: Բժշկության ասպարեզում ունենք առաջընթաց... Նույնիսկ  փողոցային կամերաներն ու կարմիր գծերը, չնայած օլիգարխիկ պատկանելությանը, ինչ-որ իմաստով առաջընթաց են: Այժմ փորձում են աղբի հարցը լուծել իտալացիների միջոցով, թեև վախենամ էլի չի ստացվի...

Շատ չէր, բայց ինչ-որ բան փոխվում էր: Եվ պարտադիր չէ, որ դա Եվրոպան պարտադրեր. ուղղակի ընթացքն էր այդպիսին. գնում ենք դեպի Եվրոպա՝ ուրեմն պիտի կազմակերպվենք, մեր գամերը մեզ քաշենք կամաց-կամաց:

Իհարկե, շատ հարցեր չլուծվեցին ու չեն լուծվում: Բայց ինչ-որ ընթացքի շորշոփ էր զգացվում: Հիմա: Եթե Եվրոպայի հետ այլևս չենք մերձենում այդպես անհետընթաց, և Ռուսաստանի հետ ենք մերձենում՝ այդպիսի ռեֆորմային կարիքներ, պարտադրանքներ, ցանկություններ, պարտավորություններ չկան: Չի ասում Ռուսաստանը՝ որ, ասենք, պիտի տեղական ինքնակառավարումդ բարեփոխես՝ որ լինես Եվրասիականի անդամ: Ընդհակառակը: Նրանց թվում է, որ որքան հետամնաց՝ այնքան ավելի լավ. ուրեմն քիչ կապստամբեն, չեն իմանա, որ կան այլընտրանքներ:

Այդ միության նոմենկլատուրաները հեռու են ժողովրդավարություն ու զարգացած պետականություն զարգացնելուց: Իսկ դա՝ փողոցն անցնելն ու ժողովրդավարությունը, սերտորեն միմյանց բաղհյուսված են: Ինչպես ասել էր ռուս մեծ պրոֆեսոր Պրեոբրաժենսկին՝ քանդը ոչ թե զուգարաններում է, այլ գլուխներում: (Ռազրուխա նե վ կլոզետախ, ա վ գոլովախ): Իրոք, ես ուզում եմ հիշեցնել, որ մարդկային քաղաքակրթությունը զուգարանների մաքրությունից է սկսվում. և Խորհրդային Հայաստանում մենք ունեինք սարսափելի հանրային զուգարաններ: Հին մշակույթ, որով սիրում ենք լոպազանալ, և կեղտոտ հանրային զուգարաններ: Իսկ այսօր՝ համեմատաբար տանելի: Չնայած Երևանի պետական համալսարանի զուգարանները մնում են հոտավետ, ինչպես երեսուն տարի առաջ, երբ ես այնտեղ ուսանող էի, թեև ավելի մաքուր են: Այսինքն մի քայլ առաջ գնացել է համալսարանը՝ մաքրել հանրային (ուսանողական) զուգարանները, բայց հոտից ձերբազատվելու քաղաքակրթական մակարդակին դեռ չի հասել:

Հայաստանի համար մաքուր ու անհոտ հանրային զուգարանը հսկայական առաջընթաց է և, իմ կարծիքով, միայն դա արդեն հերիք է, որ Հայաստանի անկախությունն արդարացված լինի: Եթե չանկախանայինք՝ մեր հանրային զուգարանները մեկընդմիշտ մնալու էին կեղտոտ: Բաներ կան որ մենք չենք նկատում: Արդեն մոռացել ենք հանրային զուգարանների այդ բուրմունքը (հիմնականում, թեև որոշ հակառակ օրինակներ կան, ինչպես ասացի): Գնացեք Գեղարդի զուգարանն այսօր և հիշեք, ինչ էր դա մի տասը տարի առաջ:

Ես ներողություն չեմ խնդրում այս օրինակի համար, որովհետև մեր զրույցի առիթը սպանությունն է, իսկ դա ավելի ամոթ բան է, քան զուգարանը, բայց մենք դա չենք զգում, սպանություններով լի է մեր աշխարհը, մեդիան, մենք անընդհատ խոսում ենք մարդասպանությունների մասին, իսկ զուգարանների հարցերը չեն քննարկվում այնքան հաճախ, որքան պետք է:

Հիմա. այ դա է զգում ժողովուրդը. որ գնում ենք դեպի Ռուսաստան, այսինքն՝ դեպի ետ, դեպի հոտավետ զուգարաններ և այլն: Կարելի է փողոցն անցնել որտեղ ուզես: Ավտո քշել՝ որ կողմ ուզես: Կաշառք վերցնել՝ ինչի համար ասես: Քաղաքակիրթ լինելու պարտադրանքն է վերանում այդ քաղաքական որոշմամբ: Ինչպես ասում են մեր մեծ եղբայրները՝ «բարդակ» է սկսվում ամենուր, քանի որ այն թագավորեց մեր գլուխներում: Քանի որ նպատակը՝ տեսլականը՝ թե ուր է երկիրը գնում՝ կորավ, իսկ ետսովետական տարածքը՝ Ռուսաստանի հետ միասին՝ այդ կորած նպատակի մեջ է գտնվում, և նրանց գլուխներում էլ է բարդակ: Ավելին. այդ բարդակն իհարկե բուծվում է որոշ ուժերի կողմից՝ որ շարունակեն մնալ նոմենկլատուրա: Նոմենկլատուրա նշանակում է «ցուցակի մեջ», այսինքն՝ իշխանական որևէ պաշտոնի, օլիգարխիկ որևէ բիզնեսի, իրար խնամի-բարեկամ լինելու ցուցակի, և այդպես պտտվիր, պտտվիր, կառուսել, ես քո երգը վաղուց եմ լսել:

Չէ որ նրանց, ում գլխում բարդակ է՝ իշխելը հեշտ է այն իմաստով՝ որ նրանք սովորաբար չեն ապստամբի, հեշտ են ենթարկվում, որովհետև չգիտեն, ինչպես և ինչու ապստամբել: Բայց նրանց իշխելը դժվար է այն իմաստով՝ որ նրանք հետամնաց են, թերզարգացած, ուրեմն և ոչ մի հրաման լավ չեն կատարի: Այդ պատճառով էլ նոմենկլատուրան չի փոխվում (բարդակագլուխները չեն ապստամբում), բայց ողջ հասարակությունները հետընթաց են ապրում՝ ավելի աղքատանում, դեպ ետ գլորվում: Նոմենկլատուրան ընկնում է տվայտանքների գիրկը. ուզում էր ավելի լավ՝ ստացվեց ինչպես միշտ, ինչպես ասում էր ռուս մեծն մտածող Պրժևալսկին, այսինքն կներեք, Չեռնոմիյռձինը: Չեն ապստամբում՝ բայց փողը քչանում է: Թողնում գնում են՝ մարդիկ ու օգնողները: Ճգնաժամ: Տխրություն:

Մեկ ուրիշ օրինակ. մեր բանակը. սովետի վախտ և նույնիսկ հետո շատ վատ վիճակ էր: Բայց ախր պիտի կռվի, պիտի մարտունակ լինի, կա կոնկրետ նպատակ, կոնկրետ հակառակորդ: Դա սովետական բանակ չի կարող լինել իր ավանդական ձեդավշչինայով, որի հիմնական նպատակն էր՝ տղաներին տանել ու հաշմանդամ դարձնել ու ետ բերելը, մտավոր, ֆիզիկապես կամ երկու առումով էլ հաշմանդամ... Որ չապստամբեն, որ ձրի աշխատեն, որ չմտածեն, որ վեր-վեր չթռնեն... Գուլագային բանակ... Իսկ մենք պիտի լուրջ բանակ ունենանք: Եվ ահա՝ չնայած բոլոր պրոբլեմներին՝ բայց որոշ առաջընթաց կա. ասենք՝ զուգարաններն այլևս, որքան գիտեմ, տղաները չեն մաքրում: Եվ այդ միջոցով միմյանց ստորացնելու հնարը կորել է, գնացել, վերացել: Սա հսկայական առաջընթաց է, Կոպեռնիկոսի գյուտին հավասարազոր: Չգիտեմ ռուսական բանակում ինչպես է: Այնտեղ էլ բարեփոխում արեցին՝ երկու տարի դարձրին մեկ տարի... Բայց պատահարներն էլի շատ են: Ու՝ գլուխների ներսի հարցը, գլուխների...

Այս երկար նախապատմությունից հետո կարճ ասեմ Գյումրիի դեպքի մասին. այ հենց այդ քանդուքարափությունը, այդ ռազրուխան, այդ «բարդակն» է, որ, իմ կարծիքով, տիրում է ռուսական բանակի որոշ մասերում (հատկապես շատերի գլուխներում)... Ռուսաստան-Հայաստան ռազմական և այլ հարաբերություններում... Ռուսաստանում... Հայաստանում... Եվ այդ մասնավոր ռազմաբազայում: Դա պիտի վերացվի: Դա պատճառ դարձավ այս դեպքերի:

  1. Որո՞նք պիտի լինեն մեր այս պահի քայլերը:

Նայած ում «մեր»: Չկա այդպիսի «մենք»: Շատ պարզեցված՝ այսօր Հայաստանում ու աշխարհի հայերի մեջ ու նրանց շուրջ կա մի քանի նշանակալի «մենք»:

Կա նոմենկլատուրայի «մենքը»: Իրենց նոմենկլատուրայի ու մեր:

Կա մեր սսկված հայրենակիցների՝ ծաղկավոր խալաթ հագած կամ հագնելիքի վտանգի տակ՝ երկու միլիոն թե քանի հայերի, հայ ընտանիքների «մենքը»՝ իրենց ընտանիքի բարօրության համար Ռուսաստանում ծվարած: Նրանց մեծ մասն այլ պատճառ չուներ գնալու՝ բացի «դոլլառովի միլլյանյեռ» դառնալու արդար ցանկությունը: Ավելի հեշտորեն՝ քան եթե Արևմուտք գնային, մի քիչ կաշառքով, մի քանի օրենք խախտելով, առանց նոր լեզու սովորելու, առանց շատ հարմարվելու...

Նրանցից կախված՝ իրենց ազգակիցներն այստեղ նրանց հետ միասին են «մենք», ու հետաքրքիր է դիտել, ինչպես այստեղի այդ «մենքը» զանց առավ, փոքրացրեց իր շանսը՝ ռեմիտտանս, տռանսֆէռՏ, մի քանի կոպեկ մուրացկանություն ստանալու՝ իրենց ազգականներից, ու փաստորեն ապստամբեց՝ իրոք չկարողանալով դիմադրել ազգային արժանապատվության ծայր աստիճան ոտնահարմանը: Փաստորեն մեզնից կլլված պատանդներին ծանր կացության մեջ դրեցինք: Իրենք ուզում են, որ Հայաստանը Ռուսաստանի հետ լինի, մենք էլ ենք ուզում, բայց կա Ռուսաստան ու կա Ռուսաստան: Իրենք չեն ուզում ընկղմվել քաղաքականության մեջ, իրենց հիմնական ուզածն է՝ փող դիզել ու Ուսսուրիյսկից տեղափոխվել Լոս, Ֆրանսիա, Կանադա... Իսկ ահա եկավ այս ռուսաստանյան այսպիսի նոմենկլատուրան և նրանց շանսերը սկսեց խառնել...

Իհարկե, նրանց մեջ կան նաև նրանք, որոնք փորձում են նոր պայմաններում կարյերա անել, պալիցայ դառնալ, ռուսաստանյան նոմենկլատուրայից է՛լ ավելի կաթոլիկ լինել, շեփորել միջազգային դավադրության մասին՝ Ռուսաստանի դեմ...

 Կա ընտանիքի-կլանի-մշակութային տարածքի «մենքը» (Գյումրի):

Կան այլ «մենքեր»:

Ու երբեմն պատահում է անշահախնդիր քաղաքացիական հասարակության «մենքը», այն՝ որին սովետի ժամանակ կանվանեին կիսադիսիդենտական ինտելիգենցիա:

Ես այս «մենքի» ջատագովն եմ ու կուզեի, որ այն իրոք լիներ այն՝ ինչ ազդարարում է. որ չի ձգտում նոմենկլատուրա դառնալ, որ միայն իր ընտանիքի-կլանի համար չէ, որ աշխատում է, ու որ բիզնեսով փող դիզել չի ձգտում: Այլ՝ աշխատում է հանրային բարօրության համար: Նա միշտ քննադատ է: Այդ «մենքը» պիտի շարունակի աշխատել, որ օգնի այս երկրին պատուհասի պահին. թույլ չտա անդունդը գլորվել: Դա խելքի, կրթվածության, հեռատեսության «մենքն» է: Իսկ քանի երկիրն այս վիճակում է, երբ կարող է և անդունդ գլորվել, բայց դեռ չի գլորվում՝ պիտի այդ «մենքն» աշխատի իր մարմինը պնդացնելու վրա, իր հյուսքերը, կապերը, ցանցերը, իր կարողությունն ամրապնդելու, կուտակելու, ամենօրյա աշխատանքով բարօրություն, թեկուզ փոքրիկ, բերելու, անպատասխանատու քայլեր չանելու վրա:

Իսկ նոմենկլատուրայի «մենքը», ես կարծում եմ, դասեր կքաղի, արդեն քաղեց, և ռազմաբազայի վիճակը կլավացնի: Ցավն այն է, որ դա կլինի վերից ներքև հրամանով, այլ ոչ թե կայուն փոփոխություն: Ու հենց որ վերևինի աչքերը մի կողմ նայեցին՝ ոչ մի գարանտիա չի լինի, որ վիճակը կրկին ձեռից չի գնա: Դա է այս համակարգի պրոբլեմը՝ այն էֆեկտիվ չէ. այն աշխատում է միայն վերևինի ուղիղ հրամանի դեպքում, այն էլ ոչ միշտ ու ոչ լավագույն ձևով: Իսկ քանի՞ հրաման օրական կարող է արձակել նույնիսկ ամենահանճարեղ վերևինը... Էլ չասած՝ եղած-չեղածը... Էլ չասած՝ ճիշտ հրաման...

Այդ է հարցը. որ երբ համակարգն անձնավորվում է ու բուրգաձև է՝ այն ինստիտուցիոնալ կապերը, որոնք պիտի անանձնական համակարգի դեպքում գործեին, որովհետև կարգն այդպես է՝ վերանում են, թուլանում, ու չեն գոյանում նորերը: Մնում են միայն որոշ հները, այն էլ աղավաղված, հիմնված՝ ավանդույթի վրա, այսինքն սովորույթի՝ որ այսպես պետք է գործել: Սովորույթը հսկայական ուժ է: Ռուսաստանը դեռ գործում է, չնայած անձնականացած բուրգաձև համակարգին, շնորհիվ այդ պետականության դարավոր սովորույթի, այդ իներցիայի: Նույնն էր 1917ին, երբ չկար պետություն, բայց ինստիտուցիոնալ սովորույթի համաձայն՝ երկաթգիծն, ասենք, այսպես թե այնպես գործում էր: Հիմա էլ, եթե չկա ուղիղ վերևից հրաման՝ զորքն ու բանակը գործում են, սովորույթի ուժով: Բայց նրանց գործերի որակը կարող է շատ վատը դառնալ, քանի որ չկա անանձնական գաղափարը, վեհը, սկզբունքը, Օրենքը՝ հանուն որի ու որին ձգտելով գործում են: Եթե վերից հրաման չեղավ՝ չկա և պատիժը վատ գործելու համար: Գործում են ավտոմատ:

Իսկ դա նշանակում է՝ նրանք փնտրում են վեհի, վերինի, անանձնականի փոխարինիչ, սիմուլյակր (ոչ թե իսկական վեհը, որովհետև այդ դեպքում պիտի հանձնեն նոմենկլատուրայական իրենց իշխանությունը, հանձնվեն, ապաշխարեն, դուրս գան նոմենկլատուրայից): Կրոն... Բարեկամություն...

Իսկ վեհի լավագույն էժանագին փոխարինիչներից է թշնամու կերպարը: Վեհը, ասենք, պլատինում է, իսկ թշնամու կերպարը՝ ժեշտ: Ժեշտը տվին, ժեշտը տարան: «Ժեսծ», ասում են ռուսերեն էս օրերին:

Ռուսաստանը չունի թշնամի՝ բայց նրա նոմենկլատուրայի մի կարևոր մասն ուզում է մոգոնել այն: Նրան ոչ ոք թշնամի չէ (հիշում եք այն անեկդոտն Անորսալի Ջոյի մասին. ո՛վ հավես ունի նրան հետապնդելու. դրա համար էլ նրա անունն է Անորսալի Ջո): Բայց իրենք պիտի գտնեն այդպիսինին: Հայտարարում են այդպիսինին Արևմուտքը, «հինգերորդ շարասյունը», նրանց՝ ում իրենք են նեղացրել («բանդերովցի» կամ «ուկռ» պիտակելով ուկրաինացի իրենց եղբայրներին)  և այլն: Ուրեմն՝ նրանք անելու են այն, ինչ անում էին՝ փնտրելու են այդ թշնամուն, մոգոնելու են դավադրությունների տեսություն: Փորձելու են քամել այդ վերջին կատվիկի վերջին կաթիլը՝ միայն թե լուրջ փոփոխություն չանեն:

Իհարկե, եթե վերևից հրաման եղավ՝ ավելի ակտիվ, իսկ եթե ոչ՝ էնպես, ձևի համար: Հիմա սպասում են, տեսնեն այս մի քանի թեթև կրակոցը որ արձակեցին՝ վերից ինչ ռեակցիա կլինի: Եթե ասեն «ֆաս»՝ կակտիվանան, չէ՝ կսմքեն:

Դե իսկ մեր նոմենկլատուրան... Նույնպես շարունակելու է քամել: Ժողովրդից քամել ինչ կարող է, անկարող՝ որևէ պետականակերտ որոշում ընդունել, և կամաց-կամաց ավելի ու ավելի փտեցնելու է այս կառույցը...

Ժողովուրդն էլ՝ հարմարվելու է:

Այդ իրադրությունը կայուն չէ: ժողովուրդը կարող է և ապստամբել: Նոմենկլատուրան կարող է սկել ցանկացած պահի: Ռուսաստանյան նոմենկլատուրան կարող է երեսը շրջել:

Այդ իսկ պատճառով էլ այդքան կարևոր է, որ անշահախնդիր «մենքը»՝ վերը նշածս, լինի ու պինդ լինի ու պատրաստ լինի՝ պատուհասից փրկել ժողովրդին, որքան կարող է: Տարեկանի արտում՝ անդունդի եզրին պիտի կանգնի ու չթողնի, որ երկիրն ու ժողովուրդն անդունդն ընկնեն: Ինչպես մեր երեխաները՝ սահմանին:

  1. Այս արտակարգ իրադրության արձագանքը որքանով էր համարժեք ռեակցիա: Հանրությունը պահանջատեր էր, իսկ որքանով էր իշխանությունը կամ ընդդիմությունը որևէ պահանջներ կայացնում բացի լռելուց:

Դրանք երկուսն էլ ինձ համար նոմենկլատուրա են: Որևէ զարմանալի բան չեմ տեսնում նրանց պահվածքում: Սպասելի է ու էր ու կլինի: Հատկանշական է, որ ժողովրդի ցասումն ու շարժումը ստիպեց նոմենկլատուրայի որոշ անդամների՝ տեղից շարժվել, թեև նրանք չեն կարող լրջով շարժվել, նրանք դրա շնորհքը չունեն: Եվ հատկանշական է, որ ռուսաստանյան ուժերը տեղից շարժվեցին նույն պատճառով, թեև դանդաղորեն էլի:

     4. Հայ-ռուսական հարաբերությունները տեղի ունեցածից հետո հնարավո՞ր է փոփոխության ենթարկվեն, ի վերջո Ռուսաստանը հասկանա, որ ոչ թե հայ-ռուսական բարեկամության, այլ հայ-ռուսական նոր փոխհարաբերության մասին պետք է մտածել:

«Ռուսաստան» որպես միասնական մտածող չկա և չի կարող լինել, ինչպես և «Հայաստան»: Ռուսաստանում անպայման կան և կլինեն ուժեր, որոնք խելոք ու լավ բաներ կմտածեն: Եվ հակառակը: Տեսնենք նրանցից որը կհաղթի: Նրանք արդեն տեսան ու հասկացան, որ զուր էին հապաղում, որ ավելի ճիշտ է՝ «դոբռիով» խոսել այս ժողովրդի հետ, թե չէ մեկ էլ տեսար իրոք՝ տվին ու ռազմաբազան մեջտեղից հանեցին, իսկ «ռազմաբազայից հետո՝ թեկուզ ջրհեղեղ»: Չէ որ այդ կարծիքին են նաև շատ ուժեր՝ Ռուսաստանում: Նրանք չեն ուզում կռվել, չեն ուզում գաղութներ ունենալ, մանավանդ վերջին տարվա՝ Նովոռոսիայի փորձից հետո: Նրանք մի քիչ մոռացել էին Աֆղանստանն ու Չեչնյան, հիմա հիշեցին, ու այդ տրամադրությունը՝ «թողնենք գնանք այն տեղերից, որտեղ մեզ չեն ուզում», այդ իզոլյացիոնիզմը մի քիչ ուժեղացավ: Չէ՞ որ այդպես եղավ սովետի փլուզման ժամանակ՝ թողնում գնում էին, զինապահեստները լքում, իրենց անձնակազմներին լքում...

Եվ հիմա որոշ գեոպոլիտիկ մտածողներ, իրենց հեռատես համարողներ, պատվեր կատարողներ ու պարզապես բարիներ որոշեցին «դոբռիով» խոսել, գուցե նույնիսկ մի քիչ կոմպլիմենտներ անել, նշել որ ծաղկավոր խալաթի համար զղջացին, իբր նոր հասկացան, ոչ ոք չի ասի շողոքորթել, բայց խոսքի շաքարով մեր ռազմական և դարավոր բարեկամությունը մի քիչ ամրապնդել:

Բայց քանի դեռ սիտուացիան անձնականացած ու բուրգային է՝ մեծ փոփոխություն սպասել անհնար է: Պալիցայները տարփողելու են հինգերորդ շարասյուներին ու ԱՄՆ-ի սև ձեռքն ու խառը մատը... Արջաթաթ «փափուկ ուժը» կոշտ ու կոպիտ փորձելու է ճզմել, ինչ կարող է (ասենք՝ Լավրովն ու ռուսահպատակ «դիվերսանտը»...)...

Այսինքն հետո էլ... Նույնիսկ եթե սիտուացիան փոխվեր՝ էլի փոփոխությունը շատ կասկածելի է:

Սա շատ բարդ վիճակ է: Ոչ միայն ռուս ժողովրդի մեծամասնությունը փորձ չունի օտարազգիների հետ շփվելու: Մենք գիտենք, որ նրանց հազիվ մեկ քառորդն է երբևէ արտասահման գնացել անկախությունից ի վեր: Իսկ այդ փորձի բացակայությունն արդեն մարդկանց դարձնում է անտեղյակությունից՝ շովինիստ: Նաև՝ աշխարհով մեկ շովինիզմը բարձրանում է, նացիոնալիզմը, մանր նացիոնալիզմը: Հայերն ինչու քիչ նացիոնալիստ ե՞ն: Իսկ ինչպե՛ս պիտի նացիոնալիստը շփվի նացիոնալիստի հետ՝ հայերն ու ռուսները դեռ լավ չեն հասկացել: Նրանք դեռ արևելյան ոճով, կենացի մակարդակով են շփվում, հարիր՝ մեր օլիգարխիկ նոմենկլատուրային: «Հայ տաղանդավոր ժողովրդի կենացը»: «Ռուս մեծ ժողովրդի կենացը»: «Թե դուք չլինեիք՝ մենք կորած էինք»: «Դուք մեր ամենահավատարիմ եղբայրներն եք»: «Դեռ Իսրայել Օրին... Ռսի օրհնած տուտը...»: «Մանդելշտամը ձեզ շատ էր սիրում... Գրիբոյեդովն էլ...»:

Դրան գումարած՝ մեծ ազգի, մեծ եղբոր սինդրոմը՝ սովետից, ցարիզմից եկող և այսօր կրկին փողհարվող՝ որոշ ուժերի կողմից... Ուրեմն որպեսզի այդ ամենը վերանա ու տեղն ընկնի, սկզբում պիտի Ռուսաստանը դառնար ժողովրդավարական... հետո տասնյակ տարիներ նոր հարաբերություններ, օրենքների իրագործում... ավանդույթներ... սովորույթներ կառուցեր... հետո նոր կամաց-կամաց դառնար քաղաքակիրթ... փոխվեր... Բայց դրա շանսը չկա. ոչ միայն դա տեղի չի ունենում, չի ունեցել  ու չի ունենալու: Նաև՝ ժամանակ չկա պատմականորեն: Աշխարհը Ռուսաստանի դանդաղկոտությանը սպասելու հավես չունի: Առաջ է վազում:

Ուրեմն՝ պետք է եղած պայմաններում լեզու գտնել: Նացիոնալիստը պիտի սովորի նացիոնալիստի հետ խոսել, շովինիստը՝ շովինիստի, նացիոնալիստը՝ շովինիստի, դեմոկրատը՝ շովինիստի, և այլն: Ձևերը կան: Ուղղակի պետք է հասկանալ, ով ում հետ է խոսում, ու սովորել, ինչպես: Շողոքորթելն այստեղ չի անցնում, խաբելն էլ: Միայն, ինչպես Նժդեհը կասեր, ուժը: Ինչպես Մուշեղ Գալշոյանն ու Հրանտ Մաթևոսյանը կասեին՝ ուժի դեմ՝ ուժ:

Դա՝ այդպես, իսկ այստեղ՝ նոմենկլատուրան լրիվ իր գործելու կարողությունը կորցրած, գրեթե կաթվածահար... Եթե անանձնական սկզբունքներն առաջ տարվեն, եթե միմյանց հետ խոսելու հրավիրվեն իսկական խոսողները, մտածողները, գործողները՝ փոփոխություն կլինի, այլապես՝ միայն ժամանակավոր և անկայուն...

Բայց հուսանք, որ լավ կլինի, որովհետև իրականում սա մարդաստեղծ (man-made) կատաստրոֆ է, այսինքն երկու երկիրն էլ իրենք, իրենց նոմենկլատուրաների որոշմամբ են որոշել ընկնել նշանակալի ճգնաժամերի գիրկը: Իրենց անճարությունից, հեռանկար չտեսնելուց, չհասկանալուց, ինչպես առաջնորդել, նաղդի շահից:  Հենց որ մարդու կամքն ուզեց այդ ամենից դուրս գալ՝ դուրս կգա: Աշխարհը մեծ է: Մանավանդ այսօր:


00:14 Հուլիս 02, 2015