Հրապարակված գրքեր

Որբ գառան երգը


Երկրորդ անգամ հրապարակված «Հրապարակ նկուղ» ժողովածուում (2012)

 

ՈՐԲ ԳԱՌԱՆ ԵՐԳԸ

 

Իմ միսը համեղ է, ինձ սիրում են շատերը — ուտել, մինչդեռ մայունս հիմար է, անճաշակ, անընդունելի.— Ձե՛նդ,— սաստում են նրանք տեղնուտեղը։

Իմ համեղ պատառները կտրտում ուտում են, իսկ աղիքներս շներին են նետում խնայողաբար, եթե հյուր տեսնող աչք մոտակայքում չկա։ Իսկ եթե կա՝ նետում են անփութորեն (իբր՝ տեսեք մենք ինչ շռայլ ենք և անհաշվենկատ) բաց երկնքի տակ՝ թող ճանճակույտ փտի։

Իմ անհամեստ նախապապը մայում էր թփի տակ։ Սխալմամբ՝ նա լքել էր իր հոտը, իր արևկեզ սարալանջը անիրավաբար։ Հետաքրքրասերը. տե՛ղն է նրան։ Եվ զոհ հանվեց մարդկային որդու փոխարեն։ Հիմա ում պատմում եմ, չի հավատում, որ մի ժամանակ — ինձ ոչ միայն անձամբ հոշոտելու նպատակներով են մորթռտել, այլև աստվածների ռունգներն իմ ճենճերով նրբակշտացնելու. և ճիշտ էլ անում են, որ չեն հավատում, քանի որ այսօրվա իմ տեսքում — չկա իմ աստվածահաճ նշանակությունը վկայող բան։

Հերթականությամբ հաջորդ նախնիներիս՝ ապուպապերիս, հերթով կերել են, թե սոված են եղել։

Պապիս, ճիշտ է, հոշոտեցին երբ արդեն կուշտ էին, բայց մարդու աչքն անկուշտ է, և պապիս հոշոտեցին իր հարազատ հոտի հետ միասին սպանդանոցում. պլան էին կատարում. դիրեկտիվ կար վերից. կարգադրված էր ապահովել գլխաքանակը։

Եվ պապիս տարան, եթե կարելի է այդպես ասել,— զա կամպանիյու։ Մերոնց բոլորին տանում էին՝ նրան էլ ընկերակպցրեցին պոչներիցը. նա, ասենք, չէր էլ թաքցնում, թե ինքը ով է, ինչ է՝ որ ինքը իրենցից է, մի խոսքով, և դե ի՞նչ տարբերություն, վա՞ղ, թե՞ ուշ...

Եվ պապս քայլեց նրանց հետ մինչ եզր, և նրա հարամ միսը փտեց անհեթեթ ու անհետ(ևանք)։ Գնալիս նա մեզ լուռ պատվիրեց վրեժի մասին չտառապել։ Գործ չունեք, նկատի ուներ նա, կոտոշներիցդ չի գալիս՝ հեչ էլ. ապրեք ձեզ համար, ինձ նման։

Մեծ հորեղբայրս ծախեց փոքր հորեղբորս, փոքրը փորձեց պատասխան ծախել մեծ հորեղբորս, բայց մեծ հորեղբայրս արդեն ոտից գլուխ ծախված էր նրանց, ում որ ինքը ծախել էր փոքր հորեղբորս։

Մեծ հորեղբայրս ծախեց փոքրին, և հայրս տեղյակ էր։

Ստիպված՝ մեծ հորեղբայրս ստիպված էր հորս ծախել, վառել, վաճառել, մատնել, դավաճանել։ Փոքրին նա ծախեց՝ որ խժռեն, հետո նոր իրեն։ Իսկ հորս ծախեց՝ թիկունքն ապահովելու համար, բայց անկուշտները նրան էլ տրորեցին. պարզվեց, հայրս հեռատեսորեն նրան ծախել էր այդ ամենից շատ առաջ, վաղօրոք։

Դրանից հետո կենդանի մնացածներին եմ ողբում։

Եվ տար աստված, որ նրանք երկուսն էլ զոհվեին֊պրծնեին կրտսեր եղբոր բարեպատշաճ օրինակով, մինչդեռ վայ նրանց գլխին, որովհետև նրանք իրենց այդ իրը բրդապուրծ փրկեցին կյանքատև այս կիսամսաղացի ժանգոտ դանակից։ Պե՛տք չեկան, ինչ է. ետ դարձան կաղ ու կույր, որ մեր աչքը կոխվեն րոպեն մեկ և մեր մեջ սերմանեն անվստահության ոգին ու վհատությունը, որ ծնունդ է առնում, երբ ջահելը տեսնում է հաշմ ու ծերություն։

Իմ հայրս ինձ ծնեց այդ ամենից հետո, և իմ արյան մեջ դաջված է այդ զարհուրելի վախը֊զզվանքը։

Խղճից որբերին եմ ողբում, ում խիղճը մսխել են պապերը։ Մեղքից որբերին եմ ողբում։ Միամիտները սողացել են առաջ, հող ու փոշի ցանել այդ անքավ ամենի վրա, իրենց հատկացված կյանքի պտղունցը վատնելու վախից, և սպանության կարիք չկա այլևս, քանի որ մահն ընտելանում է իր զոհերի տեսակին։

Եվ այսօր ինձ ընդամենը խուզելու, բուրդ հանձնելու են տանում֊քշում օտար ոչխարների հետ, նախապես գլուխս յուղելով, հոգատարները, համոզելով, որ դա ինձ վնաս չի տա, որ դա «չի ցավում», որ դա պետք է, կյանքի դպրոց է դա, որ դա նույնիսկ օգուտ է, որ անփորձ գառնուկը դառնա փորձված ոչխար՝ և նոր թարմ արոտավայրեր խոստանալով մեզ բոլորիս դրա դիմաց։

Բայց ես արդեն մայում եմ սրտաճմլիկ, սիրտս ետ եմ տալիս, ուշաթափվում եմ, դողդոջ ոտքերս չեն պահում, և այժմ ես կորցրել եմ իմ հոտը, մինչդեռ բարի մարդիկ ինձ ջուր էին խմեցնում՝ ուշքի բերելու նպատակով։

Որտե՞ղ է իմ հարազատ հոտը, հոտը չեմ առնում, ե՞րբ հասցրեցին ինձնից թաքուն խժռել բոլորին, և ինչո՞ւ առանց ինձ, չէ՞ որ ես նրանց բոլորի հարազատ եղբայրն եմ։— Եվ թափառում եմ օտար հոտերում, օտար սպանդանոցների ճամփաներին, օտար ոչխարների բանակներում — արանքներում սեղմված, խառնվելով անծանոթ հոտերի, և ճշմարիտ եմ ասում. չկա աշխարհում ավելի խեղճ, ավելի անիմաստ բան, քան իր հոտը կորցրած անասունը։

Որտե՞ղ ես, մա՜մա։
Որտե՞ղ ես, պա՜պա։
Վա՜յ ինձ։
Բե՜։

 

Անդրադարձ,


15 նոյեմբերի, 1990թ., #23

 

>>> 

Այս գործը գրել էի պերեստրոյկայի օրոք՝ Մոսկվայում, ասենք, 1988֊ին կամ ավելի վաղ, չգիտեմ ինչու։ Ազատությունից գլուխս պտտվում էր, երբ Երևան վերադարձա, ուզում էի անհապաղ տպագրվել, իսկ ավարտուն գործ քիչ ունեի, սա պեղեցի Մոսկվայից բերած կիսատ֊պռատ ձեռագրերիցս, տարա սկզբում «Մունետիկ»՝ Մհեր Դավոյանը մերժեց, երևի դուրը չէր եկել, այսինքն ի՞նչ մի դուր գալու բան էր։ Նեղացա՝ ես իրենից տարիքով մեծ էի՝ համարեցի, որ հարգանք չցուցաբերեց... Հիմա վաղուց արդեն քեն, իհարկե, մեջս չի մնացել՝ բայց էն օրերին դադարեցի հետը շփվել, ստացվեց, որ՝ տասնյակ տարիներ, ասենք, վայ թե ինքը չնկատեց էլ, հազիվ թե հիշի էլ այդ պատմությունը... Տարա «Անդրադարձ»՝ ընդունեցին, և այդ պահից «Անդրադարձի» հետ բավական տևական համագործակցություն սկսեցի։ Սամվել Մկրտչյանին այնտեղ ծանոթացա։ Հետո գրեցի «Սենսացիան» (Վազգեն Մանուկյանի մասին), որից հետո իմ ինքնահավանությունը շոյող մի շատ կարևոր բան տեղի ունեցավ՝ հին ընկերս, որի հետ ճամփեքս բաժանվել էին մի շարք պատճառներով, նաև՝ քաղաքական (դա մեծ ու երկար պատմություն է), այս երկու գործերի հրապարակումից հետո ինձ պատասխան գրեց նորածին՝ նոր, արդեն գրեթե անկախ Հայաստանի օֆիցիալ մամուլում... Նախօրոք էլ զանգահարեց և ասաց, որ պատասխան է հրապարակելու... Ազնվամիտ ախոյանություն էր անում...))) Հիմա վաղուց էլի ընկերս է՝ կիսելու բան չունենք, եթե հաճախ չենք էլ շփվում՝ կյանքն այնպես է թրաշել՝ որ բացի համակրանքից ոչինչ իրար նկատմամբ չենք զգում... Բայց էն ժամանակ մեր գժտվելն ինձ համար շատ ցավալի էր, ու որ նա պատասխան էր գրում՝ ինձ համար իմ ուժի՝ նրա կողմից ընդունելու դրսևորում էր, մանավանդ որ չէր հասկացել, որ այս գործը վաղուց է գրվել ու, ասենք, հայ ազգային բանակ ստեղծելու հետ կապ չունի... Հպարտ էի, որ նոր պետական ուժերը շարժվեցին՝ ինձ պատասխանի արժան համարեցին իմ երկու պուճուրիկ գործի համար... Ես էլ իրեն անուղղակի պատասխան տվեցի՝ «Կորուսյալ չափանիշներ» ահագին հոդվածով։

Սրանով փաստորեն իմ՝ հայերենով ամենաակտիվ հրապարակության սկիզբը դրվեց՝ 1990֊1992֊ին։ Երբ անկախ թերթ լիքն էր՝ ես էլ առիթից օգտվում կայֆ էի բռնում, թեև պատմվածք էլի քիչ էին հրապարակում (չնայած երբեմն ստացվում էր՝ չնայած շատ ու նոր չունեի էլ՝ իսկ հները նեֆորմատ էին մնում մեծ մասամբ, ու կենտրոնանալու — նորը գրելու ժամանակ էլ առանձնապես չկար), բայց գոնե էսսե ու հոդված՝ ինչքան ուզեմ, հրապարակվելու իմ ծարավին հագուրդ էի տալիս... Փող էլ էր պետք, իհարկե, բայց ակտիվությունս փողի համար չէր, մի մեծ բան չէին էլ վճարում, հրապարակվելու ծարավն էր ինձ շարժում...


15:40 Մարտ 23, 2018