Հրապարակված գրքեր

Մասնավոր պատերազմ Կենձաբուրո Օեի ժամանակներում


Սա հրապարակվել է առաջին անգամ 1992-ին և երկրորդ անգամ՝ 2012-ին, այս գրքում: Ավաղ, շատ բան չի փոխվել այն օրից:

Մասնավոր պատերազմ Կենձաբուրո Օեի ժամանակներում

Այդ երկիրը ծովեր ուներ, որոնց մեծ մասի տեղը ժողովուրդը չգիտեր, որովհետև երկիրն անծայրածիր էր:

Թշնամիներ ուներ, որոնց մի փոքր մասի տեղն արդեն ստիպված էին իմանալ բնակիչներից նրանք, ում մասնավորաբար դա հետաքրքրում էր:

Չուներ պալատներ: Վանք ուներ, բանտ, քանդած բերդ…  Պալատ չուներ: Չէր ունեցել: Բայց հենց մի քիչ կուտակ կուտակեց, որ պալատականներ երևան` առիթից օգտվեցին ու այդ հարցը շատ սուր դրեցին: Միանգամից մի բուռ հիմնադրեցին, բայց ուժները պատեց միայն մեկը կատարելության հասցնել ու գրգել,և լցվեցին մեջը:

Հետո ժողովուրդն էլի մի քիչ կուտակվեց,ու առաքյալներ ի հայտ եկան. սրանք էլ իրենց մեջ համարձակությունը տարան բերին կուտակեցին ու եկան պալատը գրավելու:

Համարձակությունը պետք էր, որ շուրջները դիտեն ու համոզվեն, ու նաև ում որ պետք է` համոզեն, որ իրենցից արձակ, իրենցից անկաշկանդ, իրենցից անկեղծ համոզված, որ հենց ԻՆՔԸ պիտի լինի այնտեղ, իրենցից ավելի համաձայն` այնտեղ մագլցել - չկա:

Մտան: Քայլեցին հայելապատ դահլիճներով: Ոտնափոխի արձագանքը թնդում էր: Պալատը դատարկ էր: Պալատականները նկուղներն էին քաշվել:

Հոտոտեցին: Հին քրտնքի հոտը դեռ հօդս չէր ցնդել: Կամարները ճնշում էին ազատասեր գլուխներին: Ոչինչ, մենք այստեղ նոր, մե՛ր բույրը կբերենք: Հին կամարների ճմշումը տեղի կտա, քանզի մենք ճանաչում ենք լոկ մեկ կամար` երկնա՛:

Մարդա մի դահլիճ ընտրեցին, նստոտեցին:

Ժողովուրդը եկավ ետևներից - ընկեր, բարեկամ, աջակից:

Եվ հանկարծ ընկերը, որ մինչ այդ ընկերոջ իրավունքով ասում էր «Բարև, ախպեր, ո՞նց ես», հպարտ զգաց, որ էլի ընկերոջ իրավունքով շարունակում է «դու»ասել:

Պալատը պալատականացնում էր այդ «դու»-ն:

Պալատականներից ով ուժ, հավես, եռանդ դեռ ուներ` նկուղից ելան այնպիսի տեսքով, ասես հենց նոր բոլորի հետ պալատ էին խուժել և պարզապես մի պահ մտել նկուղ, տեսնելու, թե այնտեղ ինչ կա: Եվ սկսեցին բարեհամբույր կրկին ճեմել սրահներով, բացել բոլոր դռներն ու բարևել նորերին, որոնք հին ծանոթներ էին: Իսկ շատերն էլ իրենք բազմեցին սրահներում, և դռներին նոր մակագրությունների կողքին `«գրող», «քանդակագործ», «դերասան», երևաց հինը` «պալատական»:

Հին փորձված պանդոկապանը, իհարկե, իրեն չէր կարող թույլ տալ ուտեստների նույն տեսականին առաջարկել, բայց համենայն դեպս հին տախտակը նկուղում գտավ, փոշին մաքրեց ու փակցրեց պանդոկի ճակատին`

«Պալատում ձեզ տրամադրվող ծառայությունները.

Արեգակներ շպրտել երկինքն ի վեր.զանգահարել 145.

Վար բերել երկինքներից արեգակներ.զանգահարել 146»:

Շունչները վերելքից հենց սկսեց տեղը գալ, նստեցին, շուրջները նայեցին և որոշեցին հին նորմալ կյանքի ավանդույթները վերականգնել: Սկզբի համար, օրինակ, ոտնագնդակի խաղ կազմակերպել: Թիմերի բաժանվեցին` առաքելականների թիմն ընդդեմ պալատականների թիմի, սա ընդդեմ քաղպալատի տեղական առաքելիկների  թիմի, սա էլ ընդդեմ նախկին հուդայականների թիմի, և սկսեցին նախապատրաստվել: Ուղեղային գրոհից սկսեցին:

Համար վեցը առաքյալի օգնականի խորհրդականը լաքե կոշիկով ոտքը գետին էր դոփում և հարցնում համար յոթը խորհրդականի օգնականի առաքյալին.

-Չգիտե՞ս, դաշտը բացօթյա՞ է, թե ոչ:

Համար յոթը տեղում վազք էր կատարում և պատասխանում.

-Չգիտեմ, չգիտեի ինչ բոթաս վերցնեի:

Իսկ հին պալատականը, որ վաղուց անգիր գիտեր և՛ դաշտի տեսակը, և՛ անհրաժեշտ բոթասի, լուռ ու խորհրդավոր իրենց էր նայում ու մտածում. «Ոչինչ, խակ են դեռ, շուտով ամեն ինչի տեղն էլ կիմանան. երնեկ իրենց ,- մտածում էր պալատականը, - դեռ այնքան բան պիտի իմանան…»:

Կենձաբուրո Օեն պալատ հասավ խաղից կես ժամ շուտ, երբ բոլորը միջանցքներում կքանիստ էին անում և գուշակում, թե արդյոք դաշտային հանդերձարաններում տաք ջուրը միացրե՞լ  են, ապահովե՞լ են, հո չե՞ն մոռացել: «Համ էլ կլողանանք»:

-Տեղո՞ւմ է, - հարցրեց նա քարտուղարուհուն:

-Զբաղված է, - ասաց քարտուղարուհին:

Օեն անհանգիստ դեսուդեն քայլեց նախասրահով:

-Ո՞վ է մոտը:

-Չգիտեմ:

Օեն ինքնավստահ, թեև փոշոտ տեսք ուներ, և քարտուղարուհին չգիտեր, նրա պաշտոնն այնպիսի՞ն է, որ իրավունք ունենա իմանալ, թե ով է ներսում, թե՞ ոչ: Քարտուղարուհին նոր էր ու չգիտեր, որ Օեն իր շեֆի հին, հեղափոխական ժամանակների ընկերներից է, պարզապես գործի բնույթից ելնելով պալատում հազվադեպ է երևում:

Քսան րոպե անց սենյակից դուրս եկավ քսան ձեռնարկատեր, և Օեն միանգամից լկտիորեն ներս խուժեց:

-Հարձակվում են, - ասաց Օեն:

-Ե՞ս ինչ անեմ, - իսկույն բարկացավ հարձակումների վերակացուն: - Հարձակվում են` դուք էլ պաշտպանվեք:

-Ուժեղ են հարձակվում, - ասաց Օեն:

-Արդեն երկրիդ կեսը գրավել են:

-Տո չէ, հա, դու էլ ասացիր, էլի. երկրի կեսը: Չէ մի չէ… Հազիվ մի քառորդը գրաված լինեն: Չէ, ես ամեն ինչ հասկանում եմ, իհարկե, բայց դե մի չափազանցրեք…

-Մի երկու գուրզ լիներ գոնե… Չգիտե՞ս որտեղից կարելի է ճարել:

-Ես ամեն ինչ  գիտեմ: Եթե մեկն այս երկրում կա, որ ինչ-որ բան գիտի` ապա դա ես եմ: Եթե մեկը կա, որ գիտի, թե Կենտրոնի այսօրվա թերթում ինչ է գրված` դա էլ եմ ես: Ես գիտեմ անգամ, թե ինչ գույնի են հարձակվողների վարտիքները:

Հեռախոսի զանգ:

-Ալո՞: Այո՞, Զեմֆիրա: Ոչ, ես հիմա զբաղված եմ: Ի՞նչ է եղել: Չէ, ի՞նչ է պատահել, դու ինձ հիմա՛ ասա: Հետո՞ ինչ հիվանդ է, նա օրը մեջ հիվանդ է: Ոչ, չեմ կարող: Դե լավ, մի խանգարիր, զբաղված եմ, ասացի: Պետական խորհրդակցություն է: Ոչ, երկու ժամից մեկնում եմ աշխարհի կենտրոն` թագավորաց թագավորին պիտի հանդիպեմ: Ինչ բերե՞մ: Կարա՞գ: Լավ, թե ժամանակ եղավ… Զուգարանի թո՞ւղթ: Կհամբուրես իմ կողմից և կասես, որ չարություն չանի ու շուտ լավանա:

Լսափողը կախեց:

-Օֆ, հոգնել եմ: Հետո՞, է՞լ ոնց ես: Ուրի՞շ ինչ կա-չկա:

Օեն ժպտաց:

-Ջանսաղություն:

-Հիմա ուրեմն դու կմտնես Սաքոյի մոտ, կասես որ քո հարցով զբաղվի: Նա է այդ հարցերով զբաղվում:

-Նա չի տալիս:

-Ինչպե՞ս թե չի տալիս: Ունի ու չի տալի՞ս: Պահանջի՛ր: Էդպես չի լինի, չէ՞. դա իր պարտականությունն է: Դուք բոլորդ լավ եք դասավորվել, գիտե՞ս. դու էլ, Սաքոն էլ, նրա մյուս էն տղերքը… ուզում եք, որ ամեն հարց ես կախարդեմ ու ի կատար ածվի: Չեղավ, չէ՞: Ժողովուրդը հաց չունի, մեղր չունի, կարագ չունի, իսկ դուք էդտեղ խաղ եք անում ձեզ համար, կռիվ-կռիվ եք սարքել գլխիս: Դե լավ, եղբայր, հիմա գնա, ես պիտի ձեր թշնամու հետ կապվեմ, կարագներս լրիվ գողացան, հենց որ դուք մի հատ կրակում եք` մեր ժողովուրդը, բոլորս մնում ենք անկարագ, գոնե մի քիչ կարագ խնդրեմ ղրկի:

Հեռախոսը վերցրեց:

-Դա՞: Դա-դա՞: Ալփարսլան Լվովիչ, էտո վի՞: Դա, Ալփարսլան Լվովիչ, էտո Մազուտ գովորիտ, դա, Մազուտ Խամոևիչ: Ալփարսլան Լվովիչ, հոգյակս, ինչպե՞ս եք: Անցյալ օրը շատ էիք ծիծեռնակի բույն կերել, հա՞: Հա, տղերքը ինձ հաղորդեցին: Ի՞նչ արած, գործներիս անունն էլ էդ է` իմանում ենք: Այո, իհարկե, ծանր ուտեստ է, շատ: Հետո՞, անցա՞վ: Հիմա նորմա՞լ եք: Ալփարսլան Լվովիչ, ես էլ կերակուրի հարցով եմ, հա… Կարագը… Հա: Չեն տալիս սրիկաները, ճամփեն փակել են ու… Ձեզ են վկայակոչում, ասում են Ալլահը թող հրամայի…

Օեն դուրս եկավ, դռնրը ետևից զգուշությամբ ծածկեց ու իջավ Սաքոյի մոտ:

Այստեղ հենց նոր աշխարհի ծայրից վերադարձած տղերքից մեկը պատմում էր.

-Բեկորը մտել է ոտքի փափուկ մսից դուրս եկել, պառկեցրել միսն են կտրատում, ժպտում է: Ասում եմ «տղա ջան, անունդ ի՞նչ է», ասում է «ախպեր ջան, դու ինձ ուզում ես զբաղեցնես, որ ցավ չզգամ, իզուր ժամանակ մի ծախսիր ինձ վրա, ես ցավ չեմ զգում»: Պատկերացնո՞ւմ եք, բայց փրկվեց տղան: Փրկվեց: Տասը րոպե ուշանային` վերջ: Իսկ քանիսը զոհվեցին… Համբոն, Միշոն, Տիկոն...Ինչ տղերք էին, է, ինչ տղերք...

-Հերոս են, - ասաց մյուսը:

-Լեռ մարդիկ, - հաստատեց: - Արկը պայթեց ուղիղ մեր կողքին, վազեցինք փախանք, մտանք նկուղը. մի պատը չկար` արկից վաղուց փլվել էր: Պարզվեց` ծննդատուն է: Նվերները տվինք… Երկու մահճակալ է, երկու կին, մեջտեղը մի օրորոցի մեջ` երկու երեխա: Ասացի անուններն ի՞նչ է, անուններ չկա, ասացին: Ի՞նչ են, - հարցրի: -Տղա են, - ասացին վիրվորված: - Դե, շուտ, որոշեք, - ասացի. մեկը Ռոբերտ, մյուսը Բարսեղ: Ռոբերտն ո՞վ  է ընտրում: - Ե՛ս, ե՛ս,- ասաց կանանցից մեկը: -Դու էլ ուրեմն Բարսեղն ես ընտրում: - Այո, - ասաց մյուսը: Եվ հենց որ ասաց` այդ նույն պահին արկը բաց անցքից ներս է թռչում ու պայթում, պատկերացնո՞ւմ ես: Լավ է, ոչ մեկին չվնասեց: Երեխաների վրա պատուհանի ապակին թափվեց, փշրվեց, բայց ծածկոցի վրա թափվեց, իրենց բան չեղավ: Այդպես է, եղբայր. խինդն ու ողբը միմյանցից մի պտղունցաչափ են հեռու:

-Սաքո, գործ կա. մի երկու գուրզ է պետք, - մոտենալով ասաց Կենձաբուրոն:

-Իձնի՞ց ինչի ես ուզում:

-Շեֆն ասաց` քեզնից ուզեմ:

-Շեֆն ասաց… - Սաքոն մռայլվեց, նեղացավ: - Ես հիմա չեմ կարող, խաղի եմ: Հինգ րոպեից ոտնագնդակը սկսվում է:

Օեն դուրս եկավ: Ներսիններն անբարյացակամ հայացքներով ուղեկցեցին նրա հեռացող կերպարանքը: Սաքոն անթաքույց թշնամանքով էր նայում ետևից. - Բան ու գործս թողած` Սաքո, էս է պետք, Սաքո, էն արա… Իբր քու գործի անունն ինչ է, որ էդքան պլոճիկ չունես, որ ճարես…

-Շատ անհասկացող ժողովուրդ ենք, էլի, իրոք, ճիշտն ասած, - ասաց խոսակիցը:

-Չէ, ես հասկանում եմ, բայց դե… Եկել ուզում են մեր հաշվին իրենց ամառանոցային պատերազմների հարցերը լուծել:

-Ով որ որոշակի տարիքում հավես ունի պատերազմելու` պիտի իր ցանկությունը բավարարելու հնարավորություն ունենա, - խրատական շեշտով ասաց մյուսը: - Դա բնական երևույթ է:

-Եղբայր, գուրզը նրանց ինչների՞ն է պետք. առանց այն էլ լեռի պես կանգնած են:

-Գուրզ չի պետք, է՞, խելք է պետք, խե՛լք:

Միջանցքում հանկարծ Օեին հին պալատակններից մեկը մոտեցավ` նոր նորաձև հնատարազ շորով, թևանցուկ արեց.

-Ընկեր, գո՞ւրզ է պետք: - Այո: - Մենք քեզ թաքուն կտանք, միայն թե մի գաղտնի պայմանով. որ բոլորին ասես որ ՄԵՆՔ ենք տվել: Չլինեմ չիմանամ, որ մեկնումեկը չիմանա, որ ՄԵՆՔ ենք տվել:

Դահլիճներից մեկում հավաքվել էր երկրի ուղեղը և փակ նիստով մի հարց էր քննում. «Սեփականաշնորհե՞լ արդյոք Կենձաբուրո Օեի մասնավոր պատերազմը, թե՞ հանրայնացնել»: Ամեն հոսանքի ներկայացուցիչ կար, բացի 13-րդ առաքյալից: Առաջին ելույթ ունեցողն ասաց.

-Իմ հոսանքը գտնում է, որ ամեն մասնավոր բան անտարակույս պետք է հանրայնացնել, ուրեմն և` պատերազմները, եթե դրանք գտնվում են, ընգծում եմ, եթե գտնվում են մասնավոր ձեռնարկատերերի ձեռքում, մասնավոր անձանց տնօրինության տակ:

Մեր երկրաքաղաքական ներքին իրադրությունը թույլ չի տալիս մեզ շռայլել տարածաշրջանի այդպիսի հարստությունը, ինչպիսին է պատրաստի մասնավոր մի պատերազմ:

Երկրորդ ելույթ ունեցողն ասաց.

-Իսկ իմ հոսանքը գտնում է, որ քանի որ մենք ազատ դեմոկրատական երկիր ենք, չի կարելի խախտել մարդու սրբազան իրավունքը` մասնավոր ունեցվածք ձեռք բերել, խնամել այն, գուրգուրել և օգտագործել: Ձեռքներդ հեռու՛ մերձավորներիդ պատերազմներից: Մենք հիմա պիտի բազում նոր ծրագրեր իրագործենք, որպեսզի աշխարհի կենտրոնական ծայրից կարագի մի խողովակ անցկացնենք նոր ճամփով, այլ ոչ թե զբաղվենք ամեն տեսակի մանր-մունր պատերազմներով:

Երրորդը վեր թռավ.

-Սպասեք, սպասեք: Դու ինչո՞ւ ես ելույթ ունենում: Մենք այստեղ ինչո՞ւ ենք հավաքվել: Չեք տեսնո՞ւմ, որ դահլիճը դատարկ է: Ես, օրինակ, ինձ խորապես վիրավորված եմ զգում, որ 13-րդ առաքյալը մեզ արհամարհել է, մենք բոլորս եկել ենք, իսկ նա չի բարեհաճել ներկա գտնվել, և առաջարկում եմ դա ձևակերպել որպես հարցապնդում, այլապես դատի կտամ իմ անձը վիրավորելու համար:

-Տեղեկացված ենք, - մռայլ պատասխանեց նախագահը, - զբաղված էր, չէր կարող. հարգելի պատճառով է:

-Ինչո՞ւ: Ոտնագնդա՞կ պիտի խաղար:

-Ոչ, ավելի լուրջ հարց է:

-Ռազմի դաշտո՞ւմ է:

-Բնավ:

-Ավետյաց երկի՞ր է մեկնել:

-Հպատակի հարցն է քննում:

-Ի՞նչ է արել:

-Փոխանակ, ինչպես հրամայված էր, ազատություն քարոզի` իրեն թույլ է տվել ազատությունը վայելել:

Դահլիճն ալեկոծվեց:

-Ազատ է վարվել, հա՞: -Այո: - Ի՜նչ անամոթություն: - Բոլորի ներկայությա՞մբ: Այն պահին, երբ Հայրենիքը վտանգի տակ է, մեզանից ոմանք իրենց թույլ են տալիս ազատ լինել: - Նման պահերին յուրաքանչյուրս պարտավոր է ոչինչ չիմանալ, ոչինչ չհասկանալ, ամեն բան մոռանալ և ոչ մի դեպքում իրեն ազատություն թույլ չտալ, այլ միայն քարոզել, քարոզել և…Եվ` ենթարկվել այդ քարոզներին:

Օեն մի պահ դռան մոտ լսեց ու հեռացավ:

-Ինչո՞ւ չմնացիր, հետաքրքիր էր,- ասաց մի բարեկամ:- Դու հենց որ դուրս եկար` քեզնից հետո շատ հետաքրքիր քննարկում սկսվեց: Նույնիսկ տուրուդմփոց եղավ: Ի միջի այլոց, պիտի ասեմ, որ կարդում եմ, կարդում եմ քո նովելները: Բայց էն մի հատը կարդացի` շատ հոռետեսական էր, է՞, չափազանց: Ոչինչ չէիր թողել, մեզ բոլորիս հողին էիր հավասարեցրել: Այսինքն «մեզ»ասելով` մարդկությունը նկատի ունեմ, միա՛յն մարդկությունը…

Օեն պալատից դուրս եկավ և ծառուղով քայլեց դեպի հեռավոր գաղտնի դարպասը, գուրզերը քարշ տալով, որովհետև գլխավոր դարպասը փակ էր` պետական գաղտնիք: Լավ կլիներ, իհարկե, որ ոչ ոք ընդհանրապես չիմանար, որ հենց սա է պալատը, բայց հնարավոր չէր. ախր անկեղծ հպարտության, հպարտանալու մարդկայնորեն հասկանալի ծարավն էլ կար` որ, տես, ժողովուրդ, թե ուր ենք մենք հասել, ձեզ հետ միասին, իհարկե, միա՛յն ձեզ հետ միասին:

Քայլելիս նրան հասավ պալատի հին փորձված պանդոկապանը, որն արագ շարժվում էր գաղտնի դարպասի կողմ, թևատակին մի փաթեթ, որից ապխտած ձկան երկու պոչ էր ցցված և ախորժալուր, գլխապտույտ բույր էր ելնում:

-Դուք է՞լ եք ոտնագնդակ խաղալու,- անցնելիս սիրալիր ժպտաց պանդոկապանը:

-Այո,- տնքաց Օեն: - Սա էլ գնդակներս են: Իսկ դո՞ւք:

-Օ, ոչ: Նախ, ինձ ոչ ոք չի հրավիրել, ոչ պալատականները, ոչ առաքելականները, և ես վիրավորված եմ: Երկրորդ` կարևորագույն, շտապ, պետական գործ ունեմ: Ոտքերս էլ, իհարկե, այլևս առաջվանը չեն, չեն վազում… Պարզապես որոշեցի մի քիչ զբոսնել: Տարիների ընթացքում, գիտեք ինչ, ոչ մի անգամ չեմ հանգստացել,- ասաց պանդոկապանն ու արագ վազեց գաղտնի դարպասի կողմը:

Հանկարծ հայտնվեց հարձակումների վերակացուն:

-Ստացա՞ր: Բարի: Ուրեմն այսպես. դրանցից մեկը ներկում ես սպիտակ…

-Սպիտա՞կ:

-Այո:

-Բա որ նկատե՞ն:

-Մեզ էլ հենց այդ է պետք, էլի, տնաշեն, որ հեռվից լավ նկատվի: Որ վախենան ու  փախչեն: Կներկես ու կքայլես ուղիղ դեպի թշնամու խրամատները, և օդում ուժգին կթափահարես, որ տեսնեն, որ մենք վատ մտադրություն չունենք: Ես քեզ նշանակում եմ ոչ պաշտոնական բանագնաց:

-Հիմա վախեցնե՞մ, թե բանակցեմ:

-Ինչպե՞ս չես հասկանում. վախեցրու, իսկ եթե չվախեցան` կբանակցես: Եթե միանգամից չփախան... մոտեցիր, հանգիստ, կուլտուրական, իմացիր ուզածներն ինչ է…

-Իսկ եթե հարձակվե՞ն:

-Հազիվ թե, ես տվյալներ ունեմ:

-Իսկ եթե՞…

-Դե, եթե հարձակվեն… Դու, ինչ է, երեխա՞ ես, չգիտե՞ս ինչ պետք է անել: Դե, այդպիսի բաները դու ինձնից լավ ես իմանում:

Վերակացուն անհետացավ:

Գաղտնի դարպասի մոտ խռնվել էր ամբոխը, վանկարկում էր. «Կարագադուլ, Կարագադուլ»: Օեի համադասարանցին վազվզում էր մեջները, փորձելով համոզել թաքուն, որ ցրվեն, կամ էլ գոնե իմանալ, թե ինչ են ուզում: Բայց նրանից բոլորը թաքցնում էին:

Օեն անցավ ամբոխի միջով և քայլեց ներքև: Քիչ անց կողքից հռնդյունով մի թափոր սուրաց` զրահամեքենաների շարասյունն էր, որ ոտնագնակ խաղացողներին հասցնելու էր նախկին թագավորների լեգենդար մարզադաշտը:

Օեն քայլեց. նա անցավ սարեր, ձորեր, նորից սարեր, տապն այրում էր իր գագաթը, ցուրտը` հարում ականջները: Նա կտրեց-անցավ վարար գետեր ու անեզր ծովեր և, չորսը ժամ անընդմեջ քայլելուց հետո, հոգնատանջ, բայց երջանիկ, հասավ իր անծայրածիր երկրի ամենահեռու ծայրամասը` ուր իր տունն էր:

Կապտաչյա խարտյաշ պատանեկիկը Օեի սեփական պապենական խնձորենու տակ պառկած սրինգ էր նվագում` սրինգը եղեգնից ինքն էր փորել, սարքել, և երազում էր, որ ծառի ամենահասած կարմրաթուշ խնձորն ընկնի ուղիղ իր բերանը, որովհետև ալարում էր ելնել քաղել: Հանկարծ մեկը բոթեց.- Գարդաշ, գյավուր գյալի:

Պատանեկիկը խորը հոգոց հանեց, ալարկոտ նստեց և ջինջ, կապույտ հայացքը հառեց օազիսից այն կողմ, մինչև հորիզոն ձգվող անապատին: Հետո միացրեց ռադիոհեռախոսը և զեկուցեց իր հեռավոր, բայց չքնաղ երկրի թագավորին.

-Լև Ալփարսլանովիչ, վիժու ցել:

-Ի՞նչ է անում:

-Գալիս է իր համար… Կաղալով մոտենում է, էլի… Ու ձեռքին էլ ինչ-որ բան կա: Հա. ամբողջ ուժով ինչ-որ սպիտակ ռումբ է պտտեցնում: Ի՞նչ անեմ:

-Գործեք ըստ կանոնակարգի: Խուճապի մի մատնվեք: Եվ ինձ այդպիսի մանրուքներով մի զբաղեցրեք:

-Լսում եմ:

Լև Ալփարսլանովիչը լսափողը կախեց և իսկույն վերցրեց մյուս լսափողը:

-Մազուտ Խամոևիչ, էտօ վի՞. դոկլադիվայու. շտոյ-տո վաշի մալչիկի շալյատ ապյած:

-Ի՞նչ է որ:

-Լավ չեն պահում իրենց: Անհանգիստ են ինչ-որ: Խլրտում են: Ռումբերով են սպառնում տեղի բնակչությանը: Վախեցնել են ուզում: Բնակչությունը բողոքում է, մեզնից պահանջում է` միջամտել, հազիվ ենք տակից դուրս գալիս, որ մեր տղաներին չտրամադրենք:

-Չի կարող պատահել: Շատ շնորհակալություն, Լև Ալփարսլանովիչ, արժեքավոր ինֆորմացիայի համար. ես հիմա կիմանամ, և եթե իրոք այդպես է` մեղավորներն անպայման կպատժվեն:

-Այո, դե դու այնտեղ տես, էլի…

-Եղավ, Լև Ալփարսլանովիչ, իսկ կարագի հարցը…

-Եղավ:

-Ի՞նչ պիտի լինի, Լև Ալփարսլանովիչ... Ես Ալփարսլան Լվովիչի հետ խոսեցի` ասաց դուք իրեն չեք հրահանգել:

-Հասկացա, հասկացա, էլի: Եղավ: Եղավ-եղավ:

Լև Ալփարսլանովիչը լսափողը կախեց ու խոր հոգոց հանեց. «Շտոյ-տո էծի մազուտովցի խիտրյատ ապյած… Բոմբամի պուգայուտ… Ուժ նե ատոմնոյ լի»…

…Խարտյաշը ռադիոհեռախոսը խնամքով ծալեց, մի կողմ դրեց: Հետո վեր կացավ, ձգմգվեց, ծղոտիկի միջով դիտեց կապույտ, անամպ, կուրացուցիչ երկինքը, հետո իջեցրեց փողը, նայեց մոտեցող կերպարանքին, սպասեց մի քիչ ու ձգանը սեղմեց: Ընդ եղեգան փող բոց ելանեց:

-Մալադեց, գյավուր: Խառոշ: Ցեննի գյավուր. պոլուգյավուր,- գովեց կողքինը:

-Նե սափսեմ նաշ, նե չյոռնի` նո ի նե գյավուր:

-Դա վաշ յա, վաշ,- ձանձրանալով ձեռքը թափ տվեց արժեքավոր անհավատը:

Կողքինը խնձորի ծառի ամենամեծ խնձորը պոկեց ու մեկնեց խարտյաշին:

-Յա – շտո՞,- ասաց խարտյաշը, առույգանալով.- յա - սալդատ. ա սալդատ – սպիտ - սլուժբա - իձյոտ:

Հուռ¬ռա՜, գոռաց ուղղահավատների հզոր բանակը և, շարասյուն առ շարասյուն, կանոնավոր կարգով, կազմակերպվածությունը պահպանելով, տնով, տեղով, ցեղով, սելով, արշավեց հրթիռի ետևից ու տեղափոխվեց գրավելու այն ամրացված դիրքը, որը մինչ այդ գրավում էր այն մարմինը, որը երբևէ անվանակոչվել էր Կենձաբուրո Օե գումարած երկու գուրզ:

-Հուռռա՜, - գոռաց առաքելականների թիմը և արշավեց դեպ մրցակցի դարպասը:

-Ծխելը պիտի թողնեմ, - ասաց մի վերակացուն մյուսին, գնդակը ոտքերի մոտ, ձախ ձեռքով փողկապը պահած` վազելով դաշտի երկայնքով:

-Խա՛բս տուր,- գոռաց գուրզերի վերակացուն: - Մե՛կը: Մյու՛սը: Հանգի՜ստ,- հորդորեց: - Ուղի՛ղ խփիր, ուղի՛ղ:

-Հոյակապ կազմակերպիչ է, - ասաց առաքյալներից մեկը մյուսին, խաղի ընթացքին հետևելով: - Շատ մարդամոտ բնավորություն ունի, - հաստատեց մյուսը. -թիմի լավ մարզիկ կլիներ. տղաները նրան լավ հասկանում են:

Օեն պառկած էր բաց դաշտում: Սպիտակ գուրզը կողքը, սևը` գլխատակին: Իր մասանավոր պարտքի համար սիրտը հանգիստ էր` գիտեր, աշխարհը մեծ է, մեկնումեկը կստանա, տղերքը կառնեն, դեռ տոկոսն էլ վերադիր, քանի դեռ թեկուզ մի ՏՂԱ կա` պարտքը համարիր առնված է: Եվ միակ բանը, որ թեթևակի անհանգստացնում էր` թե արդյոք իր առթիվ եռօրյա՞սուգ կհայտարարվի, թե՞առօրյա:

 

Անկախություն, 8 մայիսի 1992թ, թիվ 40 (251)

 


11:22 Ապրիլ 09, 2016