Բլոգ

Թատրոնի էությունը


սկզբնաղբյուրը՝ ֆեյսբուքյան գրառում

ԱՐԱ ՆԵԴՈԼՅԱՆ

ԹԱՏՐՈՆԻ  ԷՈՒԹՅՈՒՆԸ (2013)

            Վիոլետ Գրիգորյանի "Ինքնագիր" ակումբում կարդացած բանավոր զեկույցի առիթով

 

            Գաղտնիք. քիչ է գրվում

 

Դեռևս ուսանող-թատերագետ լինելու ժամանակվանից ես հայտնաբերեցի, որ թատրոնի մասին գրեթե չկա գրականություն: Եղած գրականությունը` նկարողագրական է, պատմական, թատրոնի էությունը, տեսությունը սփռված են այստեղ-այնտեղ մեկ էջի, մեկ պարբերությունի, մեկ նախադասությունի ձևով:  Հեգելի երեքհատորյա "Էսթետիկայում" թատրոնին նվիրված է… երեք էջ, այն էլ ոչ թե թատրոնին, այլ դրամատիկական պոեզիային: Մեր դասախոսներից մեկը` Անելկա Գրիգորյանը, կարծես, գիտեր թե դա ինչ է, սակայն… արգելում էր գրի առնել իր դասախոսությունները: Մի անգամ խախտեցի - գրեցի, հետո պարզվեց` բացարձակ անիմաստ բառակապակցություններ են: Լսելիս` տրանսի մեջ էինք, ինչ-որ բան պարզ զգում էինք, բայց` այդպես էլ չկարողացանք վերածել դա տրամաբանական խոսքի: Մանկական հարցը` իսկ ինչ բան է թատրոնը - այդպես էլ մնաց անպատասխան:

Համաշխարհային գրականությունը, միտքը խուսափողականություն են դրսևորում, զգացվում է թատրոնի թեման շրջանցելու, լռեցնելու ուղղված դավանանք: Այդ դավանանքի պատմա-հոգևոր արմատները շուտով կբացահայտենք:

 

          Միսթերիաների բացում. Փառք

 

Պարսկաստանը արշավի դուրս եկավ Հին Հունաստանի դեմ ոչ` այժմեական գիտակցության համար ըմբռնելի` այս կամ այն պատճառով: Պատճառը` հոգևոր էր: Մի բան, ինչը պարսիկները համարեցին հոգևոր դավադրություն: Այն էր - միսթերիաների գաղտնիքների հրապարակումը: Մասնավորապես, Էլեվսինյան ու Դելֆյան միսթերիաների բացահայտումը ծնեց թատրոնը: Դրա մասին դեռ կարելի է կարդալ գրականությունում: Բայց ի`նչ է նշանակում միսթերիայի գաղտնիք, և ինչպե`ս դա կարելի է բացահայտել: Պատասխանը ես ստացա պատմաբան Ալբերտ Սթեփանյանի պատմած մի պատկերից` չգիտեմ, թե որտեղից է վերծանել: Նա նկարագրում էր, ինչպես Արտաշեսյանների  տոհմի արքայազնները դառնում էին թագավոր. թագավորի մահվանից հետո, թագաժառանգը հեռանում էր հատուկ մի գաղտնավայր, սրբավայր, որտեղ քառասուն օր ու գիշերվա ընթացքում կերպարանավորում, մարմնավորում էր իր հանգուցյալ նախնիներին` տոհմի առասպելական հիմնադրից մինչև պապը, և վերջում` նոր մահացած հորը: Եվ եթե այդ կերպարանավորումը հաջող էր անցնում` երկնքից արքայազնի ուսին իջնում էր Փառք թռչյունը: Նա դառնում էր թագավոր` և սկսում էր մարմնավորել այն, ինչի համար այլևս չուներ նախապատկեր - ինքն իրեն, արքայական իր կերպարանքը:

 

      Կերպար - կերպարանավորում

 

Ո`րն էր, ուրեմն, հույների կատարած սրբապղծությունը, կամ պրոֆանացիան: Իսկ պատկերացրեք, որ գաղտնավայր կգար ոչ թե արքայազնը, այլ մեկ ուրիշը /քաղաքացին`/ և կանցներ կերպարանավորման այդ ընթացքը: Մեծ Արևելքի սրբազան կանոններով` նրան մահապատիժ էր սպասում: Կամ` անվերապահ իշխանություն: Ալեքսանդր Մակեդոնացին գրաված երկրների քրմերին բռնի ստիպում էր իրեն անցկացնել տեղական միսթերիաներով, և երբ հեռանում էր բանակով` երկիրը շարունակում էր նրան հնազանդ մնալ` մինչ իր մահը: Հույները ամեն ռամիկին հնարավորություն տվեցին ներկա  գտնվել կերպարանավորման այս ծեսին: Այստեղ հարց է առաջանում` էակա`ն է, արդյոք, թե ում կերպարանքն է դա, հույներու մոտ դա Էդիպն էր, Ագամեմնոնը, Պրոմեթևսը… Կարծում ենք, այնքան էլ էական չէր. էական էր այստեղ ոչ թե կերպարը, ոչ թե պերսոնան /նշանակում է դիմակ/, այլ պերսոնաժը, կերպարանավորումը:  Կամ, այլ խոսքերով` ոչ թե հերոսը, այլ /ցանկացած/ հերոսի կայացումը:

 

               Թեորոս, կատարսիս

 

Թեորոս - նշանակում է պարզապես թատրոնի հանդիսատես: Թեորիա - տեսություն - դա թատերատեսություն է: Թեորիան, միտքը իրականում չի "մտածվում" բառեր շաղկապելու բռնի ընթացքով, նա պարզապես տեսնվում է: Այստեղից պարզ է, թե ինչ է նշանակում Արիսթոթելի կատարսիսը, որի շուրջ այդքան ասեկոսներ են եղել: Դա տեսողության, նույնն է` մտքի այն պայծառացումն է, որը կատարվում է "վախը ու կարեկցանքը" վերաճելուց հետո: Ի`նչն է, որ հանկարծ երևում է այդ ժամանակ: Երևում է, թե ինչպես է այդ ամենը արվում: Երևում է ձևը, երբ որ թոթափված է բովանդակությունների էմոցիոնալ կաղապարը:

Մարդ /կամ աստված/ ստեղծելու, ինչպես նաև կյանք, աշխարհ ստեղծելու ձևը ու մեթոդը: Նրանց էական ու անհրաժեշտ այն հիմնագծերը, որոնք դուրս են սնաբարոյականությունից, սնացանկություններից, ավանդույթից ու բարքերից: Դուրս են խոսքից: Այն մեթոդները, որոնք, հավանաբար, կիրառում են աստվածները, մարդկային աշխարհն ու կյանքը ստեղծելիս:

 

            Միջնադարում

 

Եվ ոչ միայն պարսիկները: Միջնադարում թատրոնը հալածված է դառնում: Հունական /դեմոկրատական/ հասարակական կյանքի կենտրոնական կառուցողական երևույթից նա դառնում է թափառաշրջիկ, աղքատ և անիծված: Դերասանները պետք է դժոխք ընկնեին: Նրանց, ինչպես և ինքնասպաններին, չէին թաղում եկեղացական հողում: Նրանք երեխաներ էին գողանում, կամ գնում աղքատ ընտանիքներից, որ դարձնեն դերասան: Բայց կային նաև կամավորներ: Բայց թատրոնը պահպանվում էր, չէր արգելվում վերջնականապես: Ավելին` ուներ իր հզոր դերակատարությունը: Գիտակցորեն հալածելով նրան իբրև կոնկուրենտ, եկեղեցին ու իշխանավորները, սակայն, նրա իշխանությանն էին հանձնում տարում մի քանի օր - կարնավալ, միսթերիա, միրաքլ: Այդ օրերին` իշխանությունները հեռանում էին ամրոցներ ու դղյակներ, տերտերները` լքում էին վանքերը: Թատրոնը ներկայացնում էր, ցույց էր տալիս մարդկանց կյանքի կառուցվածքը, առաջին հերթին` հասարակական կյանքի: "Բախտի անիվը", որը ցույց էր տալիս, ինչպես իշխանավորները բարձրանում են դեպ վեր ու անխուսափելիորեն նետվում դեպ վար, "Դանս մաքաբրը", երբ պարում էին իշխանի, մեծահարուստի, եպիսկոպոսի, զորապետի հանդերցանքով կմախքները, երկիր, երկինք ու անդրշիրիմյան աշխարհ միավորող եռօրյա անդադար, շուրջօրյա "միսթերիաները", որոնցից մեկը պահպանվել է գերմանական Օբերամմերգաույում:

Այստեղ տեսական հարց է առաջանում: Արիսթոթելը թատրոնը բնութագրել էր իբրև "միմեզիս" /ընդօրինակում/: Սակայն` անպայման է արդյոք, որ դա լինի եղածի միմեզիսը, թե` կարող է լինել նաև չեղածի: Միջնադարյան միսթերիան արտացոլում, պրոեկտավորում էր սոցիալական կյանքը, սակայն` պրոեկտավորման ընթացքում կարո`ղ է նաև լուծում ծնվել: Այստեղ է թաքնված թատրոնի հեղափոխականությունը: Սատանայի ընթօրինակում` հավանաբար, դա էր ուզում ասել միջնադարյան եկեղեցին:

 

Նոր ժամանակների թատրոնը. կրկնակի կերպանավորում բեմում

 

Առավել թատերային է համարվել ու համարվում "թատրոնը թատրոնում", երբ որ դերասանը ոչ միայն ներկայացնում է կերպար, այլ այդ կերպարը, իր հերթին, մարմնավորում է հենց բեմում մեկ այլ կերպարին, որը որ սկզբնականը չէ: Կամ, կատակերգության դեպքում` թյուրիմացություն, կամ` գաղտնիքի ներկայություն, երբ պերսոնաժը գիտի մի բան և միաժամանակ խաղում է և իմացողին, և չիմացողին, կամ` հանդիսատեսը /սյուժեն իմանալով, կամ կռահելով/ գիտի մի բան, որ չգիտեն պերսոնաժները, բայց դերասանները հո գիտեն, բայց խաղում են կերպարներ, որոնք չգիտեն… Հենց դա` կերպարանավորումը, պերսոնաժը` մնում է կարևորագույնը թատրոնում, հենց դրա ընգծումով է թատրոնը արտահայտում իր խորհուրդը:

 

      Պայմանականության պահանջը թատրոնում

 

Թատրոնը արհամարհում է կենցաղային բովանդակությունը իբրև պարզագույն, բոլորին հայտնի մի բան, որը արտահայտում ու թոթափում է մեկ կարճ ժեստով, մեկ բեմական սիմվոլով: Այն, ինչ որ մենք կանք "կյանքում", էական չէ, տախտկալի է ու ձանձրալի: Մենք լցված ենք բովանդակություններով: Դրանց վերապրումի համար հատուկ նախատեսված է ներկայացման, պիեսի սկզբնական կարճ փուլը, որը անվանվում է "էքսպոզիցիա": Էականը սկսվում է դրանից հետո` էականը դա կերպարանավորումն է, որը ոչ մի կապ չունի եղած բովանդակությունների հետ: Դա ընգծելու համար` օրինակ, Ռոման Վիկտյուկի ներկայացումներում կանանց դերերը խաղում են սափրագլուխ, հաղթանդամ, կիսամերկ տղամարդիկ, և դա մոռացվում է, աննկատելի է դառնում տասնհինգ րոպե հետո: Հանդիսատեսը ապրում է նույն զգացումները, ինչը որ կստանար նրբակազմ, քնքուշ օրիօրդների խաղից: Առավել ցայտուն է տիկնիկների կամ մակլավիկների թատրոնի օրինակը:

 

            Մարմնական հրաշք. թատրոնի ու կրկեսի ընդհանուր եզրը

 

Մարմինը թատրոնում /ու կրկեսում/ անում է այն, ինչը, սովորաբար, անհնարին է կյանքում: Հնարինության-անհնարինության, հավականության-անհավանականության կատեգորիաները բովանդակային են և կենցաղային, թատրոնը վեր է դրանցից` ինչպես պարզ մարմնական դեմոնստրացիաների, այնպես էլ սցենոգրաֆիկ գեր-բնական հրաշքների, այնպես էլ յուրաքանչյուր թատերային պատմության, պիեսի ողջ բովանդակությամբ: Արդեն հունական թատրոնում երկրորդական դերասանները ներկայացնում էին աստվածներին` "աստվածներին մեքենայից", սովորական բան էր:

Թատրոնի հրաշալին, զարմանալին - դա իրական միտք է, թեորիա, ի տարբերություն "կյանքում" կուտակված լեզվակառույցներից:

 

Թատերական մտքի կառուցվածքային, գծագրական բնույթը

 

Թատրոնի առօրեյում ամենամեծ հայհոյանքն է` "էս ինչ ես անում, տե`քստն ես դուրս տալիս": Ողջ թատրոնը կառուցված է բազմապիսի ակտիվ հակադրությունների վրա: Սյուժեն հակադրվում է ֆաբուլային, խոսքը` գործողության, պահի իմաստը` միջանցիկ իմաստների, ներքին ժեստը` արտաքինին, ռեժիսորի մտահղացումը` հեղինակայինին, դերասանի կամքը` ռեժիսորինին, լուսավորողը, երաժշտավորողը, սցենոգրաֆիստը ունեն իրենց ուրույն գործելաշարքը, և դրանցից յուրաքանչյուրը ձգտում է ասել այն, ինչը որ ուրիշները չեն ասում:

Այդ ամեն ինչի մեթոդները շատ որոշակի են. մինչ թատրոնում ռեժիսորի հայտնվելը, գոյություն ուներ կավիճով հատուկ մի մարդ` նա բեմի հատակին գծում էր հերոսների տեղափոխման, շարժման գծագիրը ներկայացման ողջ ընթացքում: Նաև` իրենց փոխադարձ դիրքերի: Ինքը բեմը` հատկապես Հունաստանում, բայց նաև դասական թատրոնում` խիստ ֆունկցիոնալ բաժանումներ ուներ, սուրհանդակը գալիս էր միշտ աջից, արդեն ծանոթ հերոսները` ձախից, գլխավոր հերոսները առջևում էին, աստվածները, ուրվականները ու ծառաները` հետևում, պիեսը միշտ բաժանվել է բազմաթիվ և շատ որոշակի մասերի, ինքը գործողությունը, այսինքն` կերպարանավորման ընթացքը` նույնպես բաղկացած էր մի շարք լավ ուսումնասիրված մասերից, որոնք առկա էին այս կամ այն պիեսից, այս կամ այն պատմությունից անկախ: Բովանդակությունները թոթափված են, և երևում է գործի էությունը, կմախքը, գծագիրը:

 

            Ճշգրիտ երևակայության մեթոդաբանություն

 

Արդյունքում` մշակված է "մարդու և նրա կրքերը" վերարտադրելու մեթոդ: Թատերական պերսոնաժը` դա մարդ է /կամ այլ էակ/, որը ստեղծվում է թատրոնում, թատերական մեթոդներով և կարող է ակտիվ գոյատևել հազարամյակներում կամ հարյուրամյակներում:

Ինչպե`ս է նա ստեղծվում: Միխայիլ Չեխովը, Ստանիսլավսկու աշակերտ ու շարունակողը, նկարագրում է դա մոտավորապես այսպես.

Կարելի է շատ լավ ուսումնասիրել պիեսը, ուսումնասիրել անգամ ժամանակաշրջանը /Հին Հունաստան է, թե անցած դարի Ռուսաստան/ - սակայն դա քիչ է օգնում, երբ հայտնվում ես բեմում: Սկսում է կերպանավորումը, ինչպես Ստանիսլավսկին է նշում, "առաջարկվող հանգամանքներից": Օրինակ, կասկացում ես, որ հայրդ սպանված է, իսկ մայրդ` հապճեպորեն ամուսնացավ քեռու հետ, իսկ քեզ սիրում է Օֆելիան, և դու արքայազն ես: Այս պահից - շարունակում է Չեխովը - դուպետք է երևակայես քեզ այդ պերսոնաժին: Տանը, կենցաղում, հայելու առաջ` դու պետք է փորցես շուրջը նաել նրա աչքերով: Դու մտնում ես շատ և շատ ուրիշ, պիեսում բացակայող առաջարկվող հանգամանքների մեջ, և քո կողմնորոշումը, կայացրաշ որոշումը սռեղծում են քո ներսում կերպարանքը: /Շորունակելով/ մտածել նրա մտքերը, խոսելով նրա խոսքը, զարգացնելով նրա պլաստիկան, դու օրեց-օր հայելիում նկատելու ես դեմքիդ փոփոխությունը: Դու կուտակում ես րեակցիաներ, որոշակի ոճի, ուղղության մեջ զարգացող րեակցիաներ: Արդյունքում` սկզբնական / պիեսում եղած/ հանգամանքները քո համար հայտնվելու են շարժահետքիդ այնքան հեռավոր անցյալում, որ, հանդիպելով դրանց բեմում, հայտնվելով դրանց մեջ, դու գրեթե չես հիշելու, ճանաչելու նրանց, նրանք նորն են լինելու քո համար: Մի մարդու նման, որը հանկարց հայտնվեց իր հեռավոր մանկության մի իրավիճակում` ձեռք բերած արդեն տասնյակ տարիների զարգացման փորձը:      

Դա` գոյություն չունեցող մի մարդ ստեղծելու թատերական ճշգրիտ մեթոդաբանություններից մեկն էր: Այդպիսիք շատ կան:

Բայց այդ ամենը` պատրանք ստեղծելու մեթոդներ են լոկ: Այստեղ մենք գալիս ենք ամենաէական հարցին -

 

            Կորո`ղ է, արդյոք, արտիստը հետապնդել իր նպատակները թատրոնում, թատրոնի միջոցով

 

Քանի դեռ մենք ունենք մասնագիտական թատրոնը որպես "արվեստ" - ոչ, չի կարող, եթե հաշվի չառնենք հենց "արտիստ դառնալ" նպատակը:

Սակայն, եթե նպատակ դնենք` "մի բանը մինչև վերջ միասին հասկանալ", /ինչպես դա անում են հոգեբանները պսիխոդրամայի միջոցով/ կամ "կայանալ իբրև հերոս առաջարկվող հանգամանքներում",  մի խոսքով ամեն տեղ, որտեղ որ պետք է ստեղծել մի բան բաձահայտ ճշմարտության ոգով ու մթնոլորտում, զերց մնալով կենցաղային բովանդակություններից, կենսական իբր-սահմափակվածությունից / հնդկական "մայա"/, ամեն տեղ, երբ որ հարկավոր է "ճանաչել ճշմարտությունը, որը քեզ կդարձնի ազատ" - այս բոլոր դեպքերում կերպանավորումը, թատրոնը իբրև միջոց և ոչ թե իբրև նպատակ` կիրառելի է:

 

            Ես պատկերացնում եմ անհատական կյանք` ներքին թատրոնի վրա հիմնված:

            Ես պատկերացնում եմ խմբային կյանք` կիսաբաց թատրոնի վրա հիմնված:

            Եվ ես պատկերացնում եմ հասարակական կյանք` որը բաց թատրոնի միջոցով թոթափում է իր բովանդակությունները ու կրքերը և գալիս է հանրային կատարսիսին - պայծառեցման:

            Եվ այդ ամենից հետո միայն - ես պատկերացնում եմ Ազատ Թատրոն, որին կամավորները ծառայում են, որպեսզի հայտնաբերեն ապագայի, չտեսնված իմաստներ:


22:23 Դեկտեմբեր 04, 2014