Արձակ

Ինսպեկցիա Մաս Բ


Մաս Բ

8. Գառլախության եզրի փահլևանները

Վարոսը հիշեց, համալսարանի գետնանցումում ինչ հայտարարություններ ու գրություններ կան պատերին:

«Մեկ ազգի» կողմից, ասենք:

Կամ պատրաստի կուրսային տրամադրող ֆիրմաների:

Մեկ-մեկ էլ՝ սիրային հայտարարություններ ու նկարներ, գրաֆիտիին մոտեցող:

Ժողովուրդը՝ այս դեպքում երիտասարդությունը՝ այդ ծուղակ անցումներն էլ է իր մարմնով լպստում ու տնավորում, ինչպես և ամեն ինչ:

Վարոսի սիրտը մղկտում էր այդ երիտասարդների համար:

Պիտի դասից դուրս գային ու իծաշարուկ մտնեին էդ նեղ գետնանցում իսկույն:

Փոխանակ գլուխները բարձր՝ քայլեին ծառուղով ուր ուզեն:

Գետառը դեռ իր վրեժը կառնի, սիրում էր ասել Վարոսը:

Այդ ամենը նորից քանդվելու է ու դարձի բերվի:

Բայց երիտասարդության մի մասնիկից զրկված երեխաները մեղք են:

Գետառն արդեն մի անգամ քաղաքը խաբել էր՝ ափերից դուրս եկել ու թուրքի թաղը հեղեղել:

Վարոսը գիտեր, որ մեռած չէ Գետառը:

Էլի մի օր դուրս կգա:

Զատո իր վրա ճամփեն սարքողներն իրենց փողերն արդեն առած, օգտագործած, իրենց երեխեքին Հարվարդ-բան ուղարկած կլինեն:

Գուցե երեխեքը հետո մի լավ բան անեն հայրենիքի համար:

Հայրերի մեղքը քավեն:

Իսկ Գետառը հետ կգա:

Հրեն, էն քարուքանդ գործարանի բակում՝ կինո «Հայրենիքի» դիմացի միլիցիայի բաժանմունքի խորքի բակում՝ էն կարպետների գործարանից հետո կիսաքանդ էն գործարանի ետևը՝ ինչ հռնդյունով է միավորվում Զանգվի հետ:

Դե արի ու ասա որ մեջը ջուր չի մնացել:

«Մեկ ազգի» թռուցիկներ լիքը կային ու անընդհատ վերականգնվում էին:

Վերջերս Վարոսը «մեկ ազգի» մասին էլ մի բան էր իմացել, որից չէր կարողանում ուշքի գալ:

Իմացել էր, որ դրանց կազմակերպիչներից մեկն իրեն լավ ծանոթ մի մարդ է:

Մշակութային գործիչ:

Որին այլ պարագայում Վարոսը պատրաստ կլիներ հարգել:

Բայց ահա՝ չգիտես ում հանձնարարությամբ թե իր խելքից՝ վերցրել այդ արտառոց կուսակցության անունն իր վրա էր դրել:

Վարոսն այդ համատարած դարձած երևույթից զարմանում էր:

Ասես մարդ վեր կենար տկլոր ման գար փողոցով:

Բայց որ տկլոր ման գան՝ գլխներին կտան:

Ուրիշ բան՝ քաղաքը քանդելը:

Տգեղ բան անելը:

Խայտառակ կուսակցություն պատսպարելը:

Խնդրեմ, ինչու չէ, պատիվ ու հարգանք:

Գուցե նրանց ոչ ոք չի՞ ասել, որ դա ամոթ է, մտածում էր Վարոսը:

Առաջներում այդ մշակութային գործիչը հարգելի մարդկանցով էր շրջապատված:

Հարգելի կարծիքներ էր լսում:

Այժմ՝ բոլորը մեռե՞լ էին:

Էլ մարդ չկա՞ր:

Հարգելիներն անհարգելինե՞րն էին դարձել:

Եվ հակառա՞կը:

Լավի ու վատի տեղերը փոխվե՞լ էին:

Էլ ավելի զարմացավ Վարոսը՝ երբ հանկարծ ռուսական «Կուլտուրա» ալիքով տեսավ այդ մարդու հեղինակած երկու ֆիլմ:

Ֆիլմերն այնքան էլ վատը չէին:

Գեղեցիկ բաների մասին էին:

Հանճարի:

Տաղանդի:

Դրանից Վարոսը լրիվ մանթրաշ ընկավ:

Այսպիսի ֆիլմ անողը ո՞նց կարող է այդ կուսակցության ղեկավարը լինել:

Աստված իր հետ, կասեր Վարոսը:

Բայց դա էլ հնարավոր չէր ասել տվյալ դեպքում:

Վարոսն ուսերը թոթվեց ու, ինչպես քիչ առաջ, գառլախության մեջ ապրելու կարիքի մասին մտածելուց հուսահատվեց՝ այդպես էլ հիմա կրկին:

Պրոբլեմն այն էր, որ այդ հուսահատությունից ելք չէր երևում:

Կյանքն այս էր:

Վարոսը երբեք չէր կարծել, որ իր հայրենի քաղաքի կյանքը կարող է այդպես՝ գառլախության եզրին ճոճվել այդքան երկար:

Զգուշացեք «մեկ ազգից». հանճարների անունից խոսող մշակութային գործիչներն են այն հովանավորում:

 

9. Ութսուն թե քսան տոկոս

Համալսարանի կողմ Վարոսը որոշեց չգնալ, մանավանդ որ երկու օր առաջ ընկերոջ՝ Լևոնի հետ գնացել էր:

Այդ ցավերն արդեն ապրել էր:

Գնացին մինչև «Ռոսիա» կինոթատրոն, ուսումնասիրելով ծառուղու վիճակը:

Որն արդեն վաղուց, տարիներ առաջ, կտրտվել էր բազում կարուսելներով ու կաֆեներով:

Հիմա էլ՝ Մամիկոնյանի արձանից ներքև՝ ճանապարհը հանկարծ փակվում էր կաֆեի խուլ պատով:

Այսինքն օֆիցիալ ծառուղին կաֆեն եկել ու նագլիով կտրել էր:

Անիրավորեն:

Ու ոչ մեկի վեջը չէր:

 

՜՜՜՜

Վերջերս քաղաքի բարեկարգման ծրագրի՝ արտասահմանին շամպունվելու որպես երևի մաս՝ հեծանվաուղի էին գծել մայթերով:

Գալիս գետնանցումին հասնում՝ աստիճաններով ներքև էր գնում:

Մամիկոյանի արձանից հետո էլ որ աստիճաններ են տանում ծառուղով ներքև՝ «հեծանվաուղին» այդ ատիճաններով խելոք իջնում էր:

Հեծանվորդը պիտի հեծանիվը շալակեր ու գետնանց իջներ, հետո էլ վեր բարձրանար:

Կամ էլ լիներ էն խոչընդոտասպորտսմեններից՝ որ սիրում են, անիվ հեծած, սանդուղքներով ելնել-իջնել:

Մանավանդ ելնել:

Զատո արտասահմանցիներին զեկուցվեց՝ թե, տես, որքան ենք զարգացել:

Նույնիսկ առանձին հեծանվաուղի ունենք կենտրոնում:

Տրամվայը հանել ենք, իսկ հեծանվաուղի՝ ահա:

Քշիր, ինչու՞ չես քշում:

Առավոտները հեծանիվդ նստիր ու՝ հառա՜ջ:

Դժվա՞ր է:

Եղի՛ր խոչընդոտասպորտսմեն:

Հայաստանը հեշտ երկիր չէ, եղբայր:

Հեշտ երկիր լիներ՝ դարդնե՞րս ինչ:

՜՜՜՜

Ծառուղու ավելի խորքում հսկայական նորակառույցներ էին կիսաշեն:

Սպորտկոմպլեքս, թե ինչ:

«Սկիֆի» նախկին ջրավազանի տեղը:

Լևոնն ինչպես միշտ գիտեր, թե դա ի՛նչ է լինելու ու ո՛ր մականունին է պատկանում:

Ասա ի՞նչ օգուտ էդ գիտելիքիցդ, էդ էռուձիցիայիցդ, այ Լևոն:

Եթե ոչ «սկիֆ» ունես ոչ գարեջրատուն:

Դրանց կողքին կառուցել էին վերջերս մոդա մտած վերգետնյա հետիոտնային անցում:

Մի էլի մոդեռն ոճի ոստիկանական լուսավոր տաղավարի կողքին:

Վարոսն ու Լևոնը բարձրացան անցումի վրա, նայեցին տակները Խանջյանով հոսող ավտոներին:

Տպավորիչ էր:

Բայց փողոցային անցման նախկին նշանները՝ այդ հաստ գծերը, ասֆալտից այդպես էլ չէին ջնջել մի կարգին:

Ով չգիտեր կամ ուշադիր չէր՝ ավտոյի տակ կարող էր ընկնել հենց ոստիկանի քթի տակ:

Վարոսն աշխարհում ուրիշ տեղ այդպիսի բան չէր տեսել:

Զանզիբարում կամ Տանզանիայում չէր եղել, առյուծի որս չէր արել:

Իսկ Եվրոպայում նման բան անհնար էր պատկերացնել:

Որ, ասենք, եթե փողոցի երթևեկության կանոնը փոխում են ու ուղիղ գծից ձախն արգելում՝ ասֆալտին ներկած ձախի նշանը ջնջում են, բայց ոչ լրիվ:

Այնպես, որ եթե փողոցային երթևեկության օֆիցիալ նշանը չտեսար՝ չես հասկանա, հիմա ձախն արգելվա՞ծ է, թե չէ:

Խունացած է այդ ասֆալտին ներկած նշանը:

Չգիտես, հիմա ձախը նոր են բացե՞լ, թե՞ հակառակը:

Կամ բաժանարար նոր գիծ են քաշում՝ հինը տակից-կողքերից ծիկ է անում:

Հիմա ո՞ր գիծն է ճիշտը:

Կամ՝ հոծ գիծը դարձնում են ոչ հոծ, բայց հոծությունը մեջը մնացել է:

Չգիտես՝ կտրե՞ս գիծը, թե՞ ոչ:

Կամ՝ բոլոր նեղլիկ փողոցները հոծ գծով երկու մասի են բաժանում, իբր կարգավորեցին:

Իսկ երկու կողմից չէ որ ավտոներ են կայանած, միայն մեջտեղով կարելի է քշել, ուղիղ հոծ գծով:

Դժվա՞ր է սխալ, խանգարող բան չավելացնելն այս բազմաչարչար քաղաքի սապատին:

Դժվա՞ր է նշանը նորմալ ջնջելը:

Ի՞նչ ներկով են ներկում, որ հետո դժվար է ջնջելը:

Դիտմա՞մբ են անում:

Որ շփոթության մե՞ջ գցեն վարորդներին:

Հիմա, լավ, տեսախցիկներ են շարել որոշ տեղերում:

Նշենք, մտածեց Վարոսը, թե չէ կասեն՝ լավը չես նշում, չուզող ես:

Ճիշտ է, դրանց մասին էլ վարորդներից ով ասես ինչ չի ասում:

Բայց Վարոսն իր փորձից գիտեր՝ օգնում են:

Մի քիչ օգնում են, որ ոստիկանը չհամարձակվի կամայականություն անել:

Բա գծե՞րը:

Բա խաչմերուկներում ավտո կայանե՞լը:

Բա լյուկե՞րը:

Էլի աշխարհում չտեսնված բան:

Լյուկը մնում է փոսի մեջ՝ ասֆալտի նոր շերտի հաստանալուց հետո:

Ավտոդ անընդհատ դրխկում է՝ լյուկերի վրայով անցնելիս:

Զիգզագներով ես քշում կամ՝ թոփալ:

Բա, բա, բա:

Բա՛:

 

՜՜՜՜

Մտազբաղ՝ Վարոսը վերջապես դուրս եկավ ետ՝ Մոսկովյան-Տերյան խաչմերուկ:

Դիմացի շենքի հոյակապ կամարները սպիտակեցրել էին:

Ֆասադը լուսավորել:

Վարոսը մտածեց. սա գուցե Երևանի ամենագեղեցիկ ֆասադն է այսօր:

Հետո տեսավ, որ էլի լիքը ֆասադ են շնորհքով լուսավորել:

Ինչու՞ շենքերի լույսերը գրագետ են անում:

Դեռ վաղուց, երբ հրապարակում լույսեր տեղադրեցին՝ Վարոսը նկատեց, որ գրագետ են տեղադրել ու ճաշակով:

Իսկ հեռուստաաշտարակը մազալու գույներով են լուսավորել:

 

՜՜՜՜

Ծառերն էտած էին:

Աղբ չկար «Պապլավոկի» այգում:

Երևում էր, վլասծը՝ Տարոնը լիներ թե մեկ ուրիշը, լավ է նայում այդ տեղամասին:

Փողոցն անցնելիս մի տարօրինակ լույս ընկավ աչքը:

Վարոսը քիչ մնաց ավտոյի տակ ընկներ:

Լուսատախտակից էր, նոր էին, երևում է, տեղադրել:

Վրան ինչ-որ ռեկլամներ էին գույները փոխում:

Սրանք ինձ էլ են կուրացնում, վարորդին էլ, լուսաֆորի ազդանշանների հետ են խառնվում, մտածեց Վարոսը:

Դնողը չի մտածել այսքան ցածր տեղադրել՝ լավ:

Բա ոստիկանությունը, բա Տարոնը նու՞յնպես չեն մտածել էնպես տեղադրեն՝ որ շարժմանը չխանգարի, վտանգ չստեղծի:

Վարոսը հիշեց իր՝ որպես վարորդի համար, ամենավտանգավոր այդպիսի լուսատախտակը:

Սայաթ-Նովայի սկզբում՝ եթե Բաղրամյանից գալիս ես՝ Ռոդենի արձանից հետո:

Գույնն անժամանակ փոխում էր:

Դա բարդ հրապարակ-խաչմերուկ էր:

Վարոսն ամեն անգամ հատուկ ուշադրությամբ պիտի աչքերը կկոցեր, որ հասկանար, արդյոք լուսաֆո՞րն է գույն փոխում, թե՞ կուրացուցիչ ռեկլամը:

 

՜՜՜՜

Ռոդենի այդ արձանիկը Վարոսը Փարիզում էր տեսել:

Կոնֆերանս գնացած ժամանակ փախել էր Ռոդենի թանգարան:

Բա ի՞նչ պիտի աներ:

Երբ Երևան էլ բերեցին դրանից՝ այդպես էլ մոտիկանալ ու նայել չէր հաջողել:

Կողքից ավտոյով սուրալիս մոռանում էր ուշադրություն դարձնի՝ այնքան փոքրիկ ու անկապ էր այն տեղադրված:

Մեծ հրապարակի կենտրոնում:

Իր պես մեկն էր, էլի, խեղճուկրակ մի նկարիչ:

Տեսնես ո՛ր խելոքի մտքով էր անցել՝ այդտեղ տեղադրել:

Ու ոչ մի ձայն ոչ ոք դրա դեմ չէր հանել:

Հրապարակի անունը դրել էին «Փարիզյան»:

Դե, ասենք, Փարիզում էլ կենտրոնական փողոցներից մեկը «Սևաստոպոլ» է կոչվում:

Բայց սա պարզապես կենտրոնական հրապարակ չէր:

Սա, կարելի է ասել, Երևանի ամենա՛-կենտրոնական հրապարակն էր:

Նույնիսկ ավելի կենտրոնական ինչ-որ իմաստով՝ քան Հանրապետության հրապարակը:

Սա Երևանի Պլաս դե լա Կոնկոռդն էր:

Փարիզի բախտը բերեց:

 

՜՜՜՜

Վլասծը որոշումներ էր կայացնում:

Ոնց խելքին փչեր:

Նորմալ երկրում պետք էլ չէ շատ ստուգել ամեն քայլափոխին, թե վլասծն ինչ է անում:

Դե լրիվ անկապություն հո չի անելու:

Հաճախ էլ լավ բան է անում:

Այստեղ՝ ոչ:

Ինչ արեց-չարեց՝ մի ութսուն տոկոսով անկապություն է ստացվում, մտածեց Վարոսը:

Իր ընկեր Լևոնը կասեր՝ դու շատ մեծահոգի ես, ի՞նչ ութսուն, իննսունինը:

Ինչու՞ է այդպես:

Բիրդան աղայությունի՞ց:

Մնացած քսանն էլ՝ լավ արած ֆասադային լույսերը, տեսախցիկներն ու գրքով աղջկա՝ պատահաբար, համեմատաբար հաջող ստացված արձանը:

Եվ այլն:

Այդ ութսունն ու քսանն իրարից տարբերելը՝ դա է պետականությունը:

Այսինքն երբ ջոկողություն ես դնում:

Ֆասադների լույսերը հավանում ես՝ իսկ սպիտակ ներկած լինելը՝ ոչ:

Ֆասադների լույսերը հավանում ես՝ իսկ հեռուստաաշտարակինը՝ ոչ:

Խանջյանի վերգետնյա անցումը հավանում ես՝ իսկ այն, որ անցման նախկին գծերը փողոցից չեն ջնջել՝ ոչ:

Հեծանվաուղի ունենալ շատ ես ուզում՝ բայց ոչ ստից:

Իսկակա՛ն:

Եվ տենց:

 

10. Աբովյան պուրակով դեպի Թումանյան

Սիրահարների զույգիկներն ու անսիրահար աղջնակների երամակները կտրելով, Վարոսը մի քանի քայլ իջավ Աբովյանով մինչ Փարիզյան կաֆեն:

Որ այն սփյուռքահայ կինը, Հայաստանում բիզնես անելու հետ կապված հալածանքներին չդիմանալով, ծախեց թողեց գնաց:

Ու հիմա չգիտես, մոդայից ընկե՞լ է, թե՞ դեռ արժի այցելել:

Կոֆեի որակը նու՞նն է, թե՞ արդեն ֆսյո:

Անցավ Թերեզա Միրզոյանի՝ նոր վերականգնած արձանի մոտով:

Թևերը նազանքով կորացրած աղջկա այդ արձանը՝ «Սիրում է չի սիրում», կերամիկե, ժամանակին դրված էր Արաքս կաֆեի դիմացի մայթին:

Ցուրտի ու մութի թե որ տարիներին ջախջախել հոշոտել էին, Վարոսը չգիտեր ինչու, գուցե տեղը պետք էր եկել կրպակ դնելու համար կամ ինչ:

Թերեզայի դուստրերն ու աշակերտները կազմակերպեցին արձանի վերականգնումն ու այս անգամ ձուլեցին մետաղից:

Որ ավելի մնայուն լինի:

Որ վերացնելը դժվար լինի:

Տեղադրեցին իրենց տան պատուհանների դիմաց:

Որ աչքի տակ լինի:

Աղջկա ձեռքում թարմ ծաղկեփունջ կար:

Վարոսը ծաղկեփունջը հոտոտեց:

Բայց ձեռք չտվեց:

Այդ արձանը տեսնելիս Վարոսի սիրտը ջերմանում էր:

Ե՛վ վերականգնելու երազանքն իրագործած տեսնելուց:

Թեկուզ որպես եզակի օրինակ:

Որպես խորհրդանիշ՝ որ ամեն գառլախություն երբևէ մաքրվելու է ընդմիշտ քաղաքից:

Ե՛վ բուն արձանի նազանքից:

 

՜՜՜՜

Պառլամենտական ընտրությունների նախօրեին քաղաքը Տարոնը սկսեց կարգավորել:

Սկզբում, հետևելով Սերժ Սարգսյանի հրահանգին՝ Մաշտոցի պուրակը կարգավորեց:

Վարոսը կյանքում երբևէ այդ պուրակի, ամբողջ Գլխավոր պողոտայի որևէ մասն այդպիսի գեղեցիկ վիճակում չէր տեսել, ինչպես տեսավ «գեղեցիկ չէ»-ից հետո:

Հետո հանկարծ կենտրոնի որոշ ներքին բակերում գազոններ դրեցին ու խաղահրապարակներ:

Ավաղ, հին ու գեղեցիկ շենքերը քանդելուն զուգահեռ, այդ քանդը կանգ չառավ:

Կամարների ներսերը նկարազարդեցին:

Նկարները սուտ երեխայի նկարներ էին հիշեցնում:

Լևոնը հաշվարկում էր թե դրա վրա ինչքան փող է ծախսվել ու նեղսրտում:

Այսինքն ոչ թե իր հարկերից ծախսած փողի համար:

Այլ իր կարծիքով՝ այդ գործի արանքում կերված փողի քանակից:

Վարոսը սրտնեղում էր, բայց ոչ կերված փողի քանակից:

Նկարների ոճից:

Պարզ էլ չէր, արդյոք արևմտյա՞ն, թե՞ հայկական հեքիաթի ոճ է փորձում հեղինակն արտահայտել:

Թե՞ միաձուլել ստեղծագործաբար:

Տարոնը թե ով, ինչ-որ մեկը որոշում է ընդունել այդ նկարչին վարձել ու նրա ոճն օգտագործել:

Բոլոր ներկվելիք կամարներում անխտիր:

Մրցույթ եղե՞լ է:

Քննարկում եղե՞լ է:

Ինչու՞ հենց միայն նա:

Էլ ուրիշ նկարիչ չկա՞ր:

Եթե մի քանիսը լինեին այդ ոճով, իսկ մյուսներն այլ ոճով՝ Վարոսը կուրախանար ու չէր քննադատի:

Այդ ի՞նչ ցենզուրա է անցել այդ նկարիչը, որ կամար ներկելու մոնոպոլիա է ստացել:

 

՜՜՜՜

Բացի կամարները նկարազարդելուց՝ Տարոնը նստարաններ դրեց քաղաքի կենտրոնով մեկ:

Այդպիսի նստարաններ՝ փայտի գույն լաքած փայտ, ծանր, գումարած սև ներկած մետաղ, Վարոսը տեսել էր Թիֆլիսում:

Երևանինը նունն էին, միայն թե, իհարկե, հայկական խորհրդանիշներով:

Խորհրդանիշն էլ զինանշանն էր, թե ինչ կապ ունի նստարանի վրա:

Ոսկեզօծ ոճի նստարաններ:

Դրանց հայտնվելը, համենայն դեպս, արտաքին տեսքը չհաշված՝ ուրախալի փաստ էր:

Չնայած Լևոնն էլի ասում էր՝ շատ ավելի փող է ծախսվել, քան պետք էր:

Երբեմն մազալու էին դրված:

Օրինակ հրապարակում՝ մեջքով դեպի լիճը, փոխանակ դեմքով դեպի լիճը դրվեին:

Վարոսը հիշում էր նախորդ սերնդի՝ իր մանկության նստարանները:

Կանաչ, կոր ու խոր գոգով, ծանր:

Դրանց փայտազերծ արին ցուրտի ու մութի տարիներին:

Իր ծանոթ Տաթևիկը, նորերը տեսնելով, հները հիշեց ու ասաց.

«Նման էին փեշերը ծնկներին փաթաթած ու ետ նստած կնոջ, միշտ թվում էր, թե նստում ես որևէ կնոջ ծնկների ու ես ինձ երեխա էի զգում»:

Նորերն այդ հներին չէին հասնի, բայց առատորեն էին լցվել կենտրոնի փողոցները:

Լիքը մարդ իսկույն նստոտեց նստարաններին:

Հետո Տարոնը նստարանների վրա ինչ-որ հեշտ կոտրվող նյութից, կարծես պապյե մաշեից, գրողների և այլ հանճարների արձաններ դրեց:

Չարենցի, Հրանտի, Ֆրունզի:

Ժողովուրդը դրանց հենց մատով կպնում էր՝ կոտրվում էին:

Մեկի ձեռքը, մեկի մատը, մեկի ոտը:

Չարենցը հողի տակ շուռ ու մուռ էր գալիս՝ ինքն իրեն այդպես տեսնելով Երևան հյուրանոցի իտալական ռեստորանի կողքի նստարանին:

Խեղճուկրակ, ճմլված նստած:

՜՜՜՜

Հանճարնոցի տեղակ էդ ռեստորանն անհաջողություն էր:

Միշտ դատարկ, թանկ, ուտելիքը՝ անհամ:

Բայց Երևան հյուրանոցը լավ էին նորոգել:

Համենայն դեպս ներսի փակ այգին տպավորիչ ու հարմար էր:

Անունն անկապ էր՝ «Գոլդեն Ծյուլիպ»:

«Չոռնի Ծյուլպան» դնեին՝ ավելի կսազեր:

Կամ՝ «Ճոռնի Ծյուլպան», որ ասոցիացիա չառաջացներ:

Ու նաև՝ որովհետև ի վերջո գեղեցիկ էր՝ ճոռնի, տգեղ չէր, և վերջ:

Հանճարնոցին փոխարինում գտնել փորձելով թե ինչ՝ կողքերը մի քանի փոքրիկ կաֆե էին բացել՝ արտասահմանյան հովերով:

Նաև՝ Նկարիչների տան ներսը:

Բայց ոչ հանճար կար, որ դրանցում նստեր, ոչ հանճարնոց, որ հանճար բուծեր:

 

11. Լուսավոր ֆասադներ

Պապյե մաշե աբսուրդ քանդակների հեղինակը հեռուստացույցով արդարանում էր՝ թե սրանից ավել բան չէր նախատեսվում:

«Ասետրինա բիլա ֆտառոյ սվեժեսծի»:

Այսինքն վլասծը որոշել էր էժան գնով քաղաքը մի քիչ էլ զարդարել:

Թե՞ փող լվալու առիթ էր:  

Պետք է մի ինչ-որ գնահատականի սանդղակ լինի, չէ՞:

Որոշում ընդունելու ինչ-որ մեխանիզմ, ինչ-որ էքսպերտիզա:

Օրերից մի օր այդ քանդակները վերանալու էին՝ իրենցից հետո թողնելով կազուս:

Անհարմարության, համը ևս մեկ անգամ հանած լինելու զգացում:

Վարոսը չգիտեր, թե վլասծն ինչպես է որոշում կայացնում:

Ինչպես է ծանոթացել կամարները զարդարող այդ նկարչին:

Պապյե մաշեի այդ քանդակագործին:

 

՜՜՜՜

Մի օր հեռուստացույցով Վարոսը տեսել էր ավագանու նիստը:

Շեֆը նստում է բեմում՝ սեղանի ետևը, իսկ մնացած հպատակները՝ սովետից մնացած ձևով արած հանդիսավոր դահլիճում, թատրոնի պես:

Շեֆը նաղլ է կարդում ու դաստիարակում, իսկ դահլիճը հլու հնազանդ լսում է:

Չնայած նայած ոնց մեկնաբանես՝ գուցեև հակառակը:

Շեֆը թամաշա է անում՝ իսկ դահլիճը պիտի կամ զվարճանա, կամ ծափ չտա ու շվցնի:

Ուրեմն շեֆը պիտի ջանք թափի՝ որ չշվցնեն:

Դրա համար քնեցնում է:

Փոխանակ կլոր սեղանի շուրջ նստեն, եթե ավագանի են:

Ինչու՞ են շեֆերն էդպես գահին բազմում:

Վախենում են թե բավարար հեղինակությու՞ն չունեն, թե գահին չբազմեն:

Իրենց չե՞ն լսի:

Թե՞ ուղղակի մտքներով չի անցել:

Թե՞ վլասծն իրոք գլուխ է պտտեցնում, ու մարդու մտավոր ունակությունը տուժում է:

Թե՞ լեգիտիմության պակասը դարձնում է խուճապահար:

 

՜՜՜՜

Վարոսը չէր հասկանում, որոշումները վլասծն ինչպես է կայացնում:

Ինչու է մեկ լավ՝ մեկ վատ որոշում ընդունում:

Դա կոչվում էր ռուչնոե ուպռավլենիե, ու դրանից Ռուսաստանն էր բողոքում՝ Պուծինի հաշվով:

Ու նշում, որ էդ մարդը չի կարա սաղ տեսնի ու սաղ կարգավորի:

Ու հենց որ բացակայեց կամ ասենք արձակուրդ գնաց կամ աչքը վրիպեց՝ գործը կանգ է առնում:

Աղբը սկսեցին մի քիչ ավելի կանոնավոր հավաքել, քան նախկինում:

Սակայն Հյուսիսային պողոտայի մատույցներում՝ դեպի Ռուսական թատրոն տանող, նոր ստեղծված, էսպես կոչված Հին երևանցու փողոցում, կամ Պուշկինի վրա՝ հենց Արտակարգ իրավիճակների նախարարության կողքը՝ սարսափելի կեղտ ու քանդը մնում էր:

Ու էլի լիքը տեղ:

Մտիր կենտրոնի մի որևէ բակ:

Բակի մի կողմում նոր սարքած՝ ծլպտան խաղահրապարակ է:

Մյուս կողմում հաճախ՝ խայտառակ աղբակույտ:

Վարոսն ամոթից մեռնում էր, այդ արտակարգ իրավիճակները տեսնելով:

Դրանք ջնջում էին երբեմն պատահող խնամված կղզյակների դրական տպավորությունը:

Էդ ֆասադայնությունը երբ պիտի մեր ժողովուրդը հաղթահարի:

Իսկ հիմա, ասում են, վլասծի ևս մի աներձագ պաշտոն ստացավ:

Օրենքը երևի չի արգելում, որ եթե դու բարձր պաշտոնի ես՝ աներձագդ էլ բարձր պաշտոնի լինի:

Ու ոչ միայն փոքրիկ Հայաստանում:

Բայց էստեղ մարդկանց հոգուն վրա հասած է:

Պաշտոնավորների անունը խմբովին դուրս եկած է:

Դրա հետ պե՞տք է հաշվի նստել:

Մի երկու էդպիսի քայլ էլ՝ ու էլ վե՞րջ:

Ջնջելու երևու՞յթ կդառնաս պատմության մեջ:

Ինչքան էլ արձան տնկցնես ու զիբիլը մաքրես-չմաքրե՞ս:

Թե՞ չեն էլ նկատի, կմոռանան:

Աբովյանի մայթերը որ կիոսկներից մաքրեցին՝ ասենք լավ էր:

Չնայած տեղնուտեղը մի հատ արձան դրին՝ իբր Մանթաշովին:

 «Տի յեշչո կրեպկի սալդատ, Ռոզենբլյում»:

 

՜՜՜՜

Մեկը կար...

Իր բազում ուղևորությունների ժամանակ անընդհատ արտասահմանյան շեֆերի ձեռք էր սեղմում:

Այն նորմալ երկրների նորմալ շեֆերը երևի կարծում էին բոլոր հայերն այդպիսին են:

Ու երևի դա իրոք մի քիչ այդպես է:

Մեղա մեղա:

Մարդ ծեծելու համար իրեն գործից հանեցին:

Վարոսը բոցավառվեց:

Մի բան փոխվում է:

Շնորհակալ էր էդ մարդուն՝ որ մարդ է ծեծել ու իրեն գործից հանելու առիթ տվել:

Վարոսի սիրտը ջերմացավ նրա հանդեպ:

Որ չի դիմացել, իր նատուռան դրսևորել է անկեղծորեն:

Խորապես մերսի:

Հետո նորից բերեցին:

Ուրիշ վլասծ տվին ձեռը:

Վարոսը հասկացավ, որ բան երբևէ չի փոխվելու:

Այս ամենը՝ նստարան, կամար, Մաշտոցի պուրակ՝ զուտ մանր ձև են:

Վարոսը հուսով էր՝ գուցե շուտով էլի մարդ ծեծի ու գործից հեռացնեն:

Թեկուզ մի առ ժամանակ:

Թող գա ի՛նձ ծեծի, մտածում էր Վարոսը:

Մենակ թե գործից հանեն:

Չնայած իրեն ծեծելու արդյունքում խի պտի հանեին, որ:

Ինքը հո վլասծի շրջապատից չէր:

 

12. Չերևանցին

Երբ ամառային կինոթատրոնի պատմությունը սկսվեց՝ Վարոսը մի առիթով Արտբրիջում Մաթոս անունով մի տղայի հետ էր նստած:

Մաթոսը հայրենասեր արցախցու համբավ ուներ:

Ինչպես նաև փողի ու իշխանության անհագուրդ ծարավով էր աչք զարնում:

Այնպիսի ծարավով՝ որ դրա դիմաց ոչնչի առջև կանգ չէր առնի, բացի իր հասկացածով՝ հայրենասիրության:

Մի կողմից՝ շատ պատվավոր ավանդական տղա, ընտանիք, երեխեք, լիքը ընկեր:

Մյուս կողմից՝ փողի ու իշխանության խաթր՝ կոկորդդ կբռներ ու չէր թողնի:

Կխեղդեր:

Դե էդ կաֆեն իրա գրքերով, իրա համակրելի սփյուռքահայ տիրուհով, տրամադրությամբ, դիզայնով՝ հեչ Մաթոսի գալու տեղը չէր:

Ուղղակի իրենց խոսելու տեղ էր պետք՝ պատահաբար էդտեղ էին մտել:

Մեկ էլ մի հատ ջահել ա գալիս:

Ստորագրահավաք ա անում՝ որ Ամառայինը չքանդեն:

Դե Վարոսն իսկույն ասեց՝ բեր ստորագրեմ:

Իսկ Մաթոսը, պարզ է, չի ստորագրելու, բայց հանգիստ չի նստում:

Ասում է.

-         Իսկ ով որ հակառակն է ուզում, որտե՞ղ պիտի ստորագրի:

Ջահելը կոտր չընկավ.

-         Ով որ ուզում է, որ քանդեն՝ ուղղակի չի ստորագրում, - շատ կուլտուրական ու առանց սադրանքի ենթարկվելու՝ ասաց:

-         Մեզ եկեղեցի է պետք, - բարձրաձայն քարոզել սկսեց հանկարծ Մաթոսը:

-         Եկեղեցի դե կողքը կա, - հանդարտ տոնով ասաց ջահելը:

-         Շատ է պետք, դա քիչ է: Դու Եվրոպայում եղե՞լ ես: Տեսե՞լ ես, թե էնտեղ ոնց է: Ամեն քայլափոխին՝ եկեղեցի: Քայլ ես անում՝ եկեղեցի, կողքը՝ էլի եկեղեցի, անկյունն անցար՝ նորից եկեղեցի:

Վարոսն ուզում էր ասել՝ դրանք դարերի ընթացքում են կառուցվել՝ մեկ:

Ու դրանք, չնայած սիրուն են, բայց շինարարների անխիղճ խոշտանգումների միջոցով են հառնել՝ երկու:

Ու դրանց տպավորիչ լինելու մի մասն էլ իրենց կառուցողների այդ դարավոր ողբերգության տխրությունը ներծծելուց է:

Եվ այդ իսկ պատճառով՝ չնայած դրանց բարձրաճաշակ գեղեցկությանը՝ դրանց սրբությունն ու ժողովրդին ճիշտ ուղու բերելու կարողությունը հարցական են:

Բայց որոշեց Մաթոսի հետ վերացական բաներից չվիճել:

Որ գործը շուտ ավարտեն ու ամեքն իր ուղով գնա:

Փոխարենը Մաթոսի ճամարտակության ընթացքում ստորագրահավաքի թղթի տողը երկար-բարակ խնամքով լրացրեց ու հասավ իր մասնագիտությանը:

- Էստեղ չգիտեմ ինչ գրեմ, - ասավ Վարոսը. – մասնագիտությունս կապ չունի:

Կարելի՞ է գրեմ՝ երևանցի:

- Կարելի է, - ասաց ջահելը:

- Ա՜, երևանցի՜, - հանկարծ բացականչեց Մաթոսը: - Ահա՛ թե ինչ. հիմա հասկացա: Ախր ես երևանցի չեմ: Այո. ուրեմն ես երևանցի չեմ՝ դրա համար եմ ուզում, որ կինոթատրոնը քանդվի:

 

՜՜՜՜

Ի՞նչ կատարվեց այդ պահին:

Մաթոսն ուրեմն իրոք ազդվեց նրանից՝ որ Վարոսը բնիկ երևանցի է:

Ու իր վրա վերցրեց՝ որ ինքը բնիկ երևանցի չէ:

Ու որ ինքն ուրեմն դրա պատճառով է ուզում Ամառային կինոթատրոնը քանդել:  

Ուրեմն էդպիսի կոմպլեքս իրոք կա:

Էրեբունյան կոմպլեքս:

Մաթոսը երևի կարծեց՝ որ իր ճառ կարդալու պահին՝ Վարոսը հատուկ ասաց «երևանցի»:

Որ Մաթոսին նսեմացնի:

Մինչդեռ Վարոսը, նախ, ծագումով ինքն էլ էր արցախցի:

Գուցեև նաև այլ պատճառներով՝ Վարոսը խորապես դեմ էր  արցախցիների հանդեպ խտրականության:

Ինչպես և, ասենք, գյումրեցիների, գնչուների, եզդիների, վրացիների, հրեաների, ամերիկացիների, երևանցիների, ռուսների, կանանց և հատկապես ասորիների:

Թվարկումը շարունակիր:

Մաթոսի անկեղծ ցանկությունը՝ որ Ամառային կինոթատրոնը քանդեն, սակայն, առեղծվածային էր մնում:

Ավելի շուտ դա թրքություն էր հիշեցնում, քան արցախցու վարք:

Մոնղոլ-թաթարի վարք:

Մաթոսը հենց դա զգաց երևի, երբ Վարոսն ասաց «երևանցի»:

Զգաց՝ որ ճարտարապետական կոթող ոչնչացնել ցանկանալը՝ այն էլ այնքան նշանավոր, որքան Ամառայինը՝ թուրքին է սազական վայ թե:

Նախիջևանի խաչքար ոչնչացնելու պես մի բան է:

Թեև Վարոսի մտքին այդ պահին այդ ամենն իսպառ բացակայում էր:

Բայց Մաթոսն ուրեմն ինքն էլ էր զգում՝ որ ինքը մի քիչ «մոնղոլ-թաթար» է:

Վայ մեզ:

 

՜՜՜՜

Վլասծի էս մի տասը տարվա կլիկից Վարոսը փաստորեն ոչ ոքի մոտիկ չէր:

Լրիվ վակուումում էր էդ առումով:

Չէր կարում հետները շփվեր:

Հենց որ մի բան էր ասում՝ կամ Նժդեհ էին մեջբերում, կամ ուտուշ-խմուշի կողմը շեղվում:

Ինքն այսինքն այդ կապն ուզում էր պահպանել՝ ոչ թե օգուտ քաղելու համար:

Հասկանալու համար, թե քո կյանքը տնօրինող մարդիկ ինչպես են մտածում:

Բայց դա այդպես էլ մնաց հանելուկ մինչև վերջ:

Գրեթե:

Ահա, Մաթոսի շնորհիվ մի քիչ բան հասկացավ, զգաց էդ անհայտ ցեղի վերաբերյալ:

Ավաղ, Մաթոսն էլ նեղացավ այդ դեպքի պատճառով:

Վայ թե այս կապն էլ կտրվեց վերևներին՝ Վարոսի համար:

Էնպես որ, ավաղ, եթե Վարոսին ծեծեին՝ վայ թե ոչ մեկին էլ գործից չհեռացնեին:

 

13. Պլյուսերն ու մինուսները

Մյուս կողմից՝ Մաթոսը եկեղեցի էր ուզում, որ կինոթատրոնի տեղը կառուցվի:

Արդյո՞ք եկեղեցի կառուցելը լավ գաղափար չէր:

Մինչև հիմա Վարոսը մթագնում էր, հիշելով, ինչպես Չարենցավանում գնաց տեսավ կիսաքանդ, սիրուն տուֆից սարքած, մութ պատուհաններով Մշակույթի տունը:

Սովետից հետո գրեթե ավերակ դարձած:

Ու կողքը՝ կոկիկուփայլուն, մարդկանցով լիքը նոր եկեղեցին:

Այո, սովետի վախտ եկեղեցի շատ էին քանդել:

Էն ժամանակ Վարոսը կարծում էր՝ Ստալինի պարտադրանքից:

Հիմա՝ սովետի վախտվա ու ավելի հին լավ շենքերը քանդելու մոլուցքը դիտելիս՝ տեսնում էր, որ երևի նույնիսկ ո չայնքան էլ Ստալինի պատճառով միայն:

Ուղղակի ինքնաթրքության պես մի բան կար էս ժողովրդի մեջ:

Ուզում էր ինքն իր արածը հիմնովին քանդել:

Լա՛վ արածը:

«Հենց նենց» արածը՝ շատ էլ գնահատում էր:

Իսկ լավ արածը՝ ոչնչացնել էր ուզում:

Ինքնասպանության այդ մոլուցքը հատուկ էր ազգի՞ն:

Այն դեռ Գալշոյանի պատմվածքում էր նկարագրած:

Երբ մարդն իր կոկորդը կտրում է՝ որովհետև համարում է, որ կոկորդի ուռուցքը թուրք է:

Որ արմատացել է իր մարմնի մեջ:

Բայց նա գոնե քաղցկեղով հիվանդ, ցեղասպանություն ապրած մարդ էր:

Իսկ սա՞:

Ինչու՞ քանդեցին Լեզվի ինստիտուտը:

Այո, գուցե մի մեծ բան չէր:

Սովետի դժվար ժամանակների՝ ստալինյան էպոխայի հետաքրքիր ստեղծագործ ֆասադներից էր:

Վարոսը սիրում էր այդ շենքը, այդ ֆասադը:

Ինչպես և, ասենք, Տերյան-Կորյուն խաչմերուկում գտնվող՝ տպարանի շենքի ֆասադը:

Խեղճ, գեղեցիկ, աղքատիկ, համեստ՝ դրանք էպոխայի խորհրդանիշ էին:

Վարոսը չէր հիշում, թե դրանցից ո՛ր մեկն էր Հակոբ Մազմանյանը սարքել:

Հայրիկը պատմում էր՝ Մազմանյանը մի քանի շենք այդպես նախագծեց՝ հետո բանտարկվեց:

Աքսորվեց ու Սիբիրում կառուցեց Նորիլսկ ու Դուդինկա քաղաքները:

Հսկա Նորիլսկը:

 

՜՜՜՜

Փոքրիկ ժամը՝ Լեզվի ինստիտուտի բակում, շենքի պատին գրեթե կիպ կպած, Վարոսը նույնպես սիրում էր:

Լեզվի ինստիտուտը՝ Աճառյանի, Աբեղյանի, Ջահուկյանի, - քանդեցին:

Հիմա  կաթողիկոսն իր հյուրանոցն էր այդտեղ կառուցում՝ որ իբր երբ Էջմիածնից քաղաք գա՝ գիշերելու տեղ ունենա:

Բա հո անտուն չի՞ ընկնելու փողոցները թափառի գիշերով:

Ոչ մարշրուտկա, ոչ բենտլի:

Ո՞նց պիտի հասնի Էջմիածին:

Չարացած Լևոնն էր այդպես ծաղրանքով ասում:

Հիմա այդ նոր կառույցն արդեն համեմատաբար ավարտական փուլին էր:

Վարոսը կողքից անցնելիս նայեց ու նկատեց:

Կարծես շատ էլ տպավորիչ է ստացվում:

Հինը՝ ոչ շատ սիրունն ու աղքատիկը, բայց ավանդության խորհրդանիշն իր մեջ կրողը՝ քանդեցին:

Գիտության տաճարը:

Այն էլ՝ լեզվի:

Ո՞րն է հայոց համար ավելի սուրբ:

Քրիստոնեությու՞նը, թե՞ լեզուն:

Այդ լեզվով արդեն խոսում էին, չէ՞, որ քրիստոնեություն ընդունեցին:

Այո, բայց Մաշտոցը, որ այբուբեն ստեղծեց՝ կրոնավոր էր, չէ՞:

Նոր շինությունը կարծես թե ճաշակով է լինելու:

Անարդար քանդի պատմությունը խարանի պես՝ ճակատագրին փորագրած:

Ահա պլյուսերն ու ահա մինուսները:

՜՜՜՜

Գաղթեմ՝ թքած ունենամ, թե կողքի փողոցի շինարարությունն ում տունն է քանդում, որերորդ անգամ մտածեց Վարոսը:

Ապօրինություն ու անշնորհքություն աշխարհում լի:

Մեղք, հանցանք:

Ինչու՞ է Վարոսի մոտ այնպիսի տպավորություն՝ կարծես հենց այստե՛ղ, հենց հիմա՛, հենց այսօ՛ր են դրանք հարձակման ելել, ու հենց իրե՛ն, իր քաղա՛քն ու ա՛զգն են ցեպիտ տվել:

Ինչու՞ է թվում, թե գրեթե բոլորն են այդպիսին դարձել:

Զա՛նց առ, թեթև՛ նայիր, մոռացի՛ր, մանկուրտացի՛ր, հորդորեց իրեն Վարոսն ու մտքի թելը ջնջխեց:


12:49 Սեպտեմբեր 06, 2014