Ինսպեկցիան ինչպես որ կա

Ինսպեկցիա Մաս Ա


արձակ, հունվար 2013

Առաջին անգամ հրապարակվել է՝ http://www.aravot.am/2013/01/22/152286/ 


© 1998 - 2014 Առավոտ – Լուրեր Հայաստանից

 Վերահրապարակվել է այստեղ

Մասամբ վերահրապարակվել է հեղինակային լուսանկարներով՝

http://skil.am/en/blog/130-inspection-1

http://skil.am/en/blog/132-inspection-2

http://skil.am/en/blog/133-inspection-3

http://skil.am/en/blog/134-inspection-4

http://skil.am/en/blog/135-inspection-5

http://skil.am/en/blog/144-inspection-6

http://skil.am/en/blog/145-inspection-7

http://skil.am/en/blog/146-inspection-8

http://skil.am/en/blog/147-inspection-9

http://skil.am/en/blog/148-inspection-10

 

PDF տարբերակն այստեղ:

 

 

Մաս Ա

 

  1.    Մի քիչ շնչահեղձ

Կնոջ հետ չէի ասի թե կռված, բայց միմյանց չհասկանալու գիտելիքը թարմացրած Վարոսը շաբաթ օրը ժամը հինգին մեկ էլ զգաց, որ չէ, սենց չեղավ:

Պետք է դուրս պրծնել էս բնակարանից:

Ներքև իջավ:

Հանկարծ զգաց, որ հոգնել է այն ծուղակից, որ շենքից դուրս գալիս միայն մի քանի կողմ կարելի է գնալ:

Ինքն իր վրա զարմացավ. այդ ե՞րբ է հնարավոր եղել որևէ շենքից դուրս գալիս՝ ուր ուզում ես գնալ:

Ինչ շենքում էլ ապրելիս լիներ՝ դուրս գալիս միշտ հստակ ուղիներ կային գնալու:

Հո շենքից չէր կարող ոչ թե մեկ կամ ասենք երկու ելք ու մուտք լինել, այլ անսպառ:

Մի տասը դուռ:

Մի հիսուն առաջին հարկի չցանցապատ պատուհան:

Մի երեսուն երկրորդ հարկի պատշգամբ, ծառի հաստ ճյուղը՝ հարմար հասնող:

Տանիքից՝ մետաղե հրշեջ սանդուղք:

Մինչ այսօր շենքերի ունեցած մուտքուելքի, դուրս գալուց հետո եղած ճամփեքի սահմանափակ քանակից սրտնեղած չկար:

Բայց արի ու տես, այս անգամ մոլորված կանգնեց բակում:

Վերլուծեց՝ ո՛ր կողմ գնա:

Երեք սովորական ուղիները՝ իր շենքից փողոց տանող, ձանձրացրել էին:

Բակերով ևս մեկ ուղի կար՝ ավելի քիչ էր օգտագործում:

Դրանով գնաց:

Ինչու է նեղվում ելքումուտքի քչաքանակությունից, քաղաքային ուղղությունների կաշկանդից:

Կյանքի տարբերակների պակա՞ս:

Ազատ շնչելով ազատ չոլերը դուրս գալ ու ինչպես ուզել էնպե՞ս գնալ:

Իսկ երբ ճամփաներդ նախանշված են...

Քաղաքը նախանշում է ճամփանե՞րը:

Էնքան էլ չէ:

Ճամփաները կարող ես ինչպես ուզես՝ կոմբինացնել:

Եթե քաղաքն ազատություն է կաշկանդում՝ ուրեմն լեզուն էլ:

Տառն ու բառը կոմբինացնելով խոսում ենք, բայց տառն ու բառը, հատկապես տառը, դե բառերն էլ մեծ մասամբ, վաղուց կանխորոշված են:

Ազատության պակա՞ս:

Տառերը երբ տրված են՝ ինչքան էլ դրանք կարելի լինի միավորել-զատել՝ դա քաղաքակրթության կաշկա՞նդն է:

Որից սրտնեղելով՝ սիրտդ հանկարծ չո՞լ է տենչում:

Կամ՝ ոռնա՞լ:

  1.    Գրքով աղջիկը

Վարոսը հայտնվեց վերջերս բուսնած հերթական կոթողիկի մոտ:

Արձանը կարդալուն էր նվիրված:

Երևի Երևանը՝ կարդալու թե գրքի մայրաքաղաք հայտարարելու առթիվ էր այստեղ տնկած:

Աղջիկ էր, բութ կլորիկ սիրունիկ դեմքով, համարյա անճակատ:

Մարմնի մեջ՝ գիրք էր մտել:

Թե ձեռքերով գիրքը հպել էր կրծքին:

Աղջիկը գրքին ճիշտ այնպես էր վերաբերում, ինչպես որ գրքի մայրաքաղաքում ապրող, գիրք կարդալու հետ գլուխ չունեցող իսկական հայ աղջիկը կվերաբերեր:

Նա՝ ում, սակայն, ընտանիքը, դպրոցը կամ կուսակցությունը բացատրել էին:

Որ գիրքը, չես հասկանում թե ինչու, դեռևս արժեք է:

Համենայն դեպս՝ արտաքնապես ցույց մի տուր, որ պետքդ էլ չէ ու որ ամուսնյակիդ հետ Գերմանիա գաղթելուց առաջ ծնողներիդ հավաքած գրքերը քամուն ես տալու:

Իսկ ավելի ճիշտ՝ Աբովյանի գետնանցին:

Գրապահարանի հետ միասին:

Վարոսի կարծիքով պատահաբար՝ արձանը ճիշտ էր ստացվել, բնորոշ:

Կարդալ իմանային-չիմանային՝ միջնադարում գիտեին, որ Նարեկն արժեք է:

Բարձի տակ էին դնում որ բուժի:

Գաղթելիս հետները քարշ տալիս:

Սիրունատես աղջիկը բութ հայացքով գրքին էր նայում:

Կամ ավելի ճիշտ հեռուն:

Երևի մի լավ տղա սպասելով:

Մտածելով:

Տեսնես քանի երեխա կունենամ:

Տեսնես մարդս հարուստ կլինի թե ոչ:

Ինձ շատ կսիրի թե էդքան էլ չէ:

Արտասահման մենակ կգնա թե ինձ էլ հետը կտանի:

 

՜՜՜՜

Գիրքն իր համար կար:

Անկախ, առանձին, անկապ:

Կրծքին սեղմած թե կրծքի փոխարեն, ինքնամփոփ:

Աղջկա դեմքը մի քիչ թխած կլիներ:

Ոչ թե կոնկրետ մեկից, այլ կարծրատիպ դարձած որևէ արքետիպից:

Ասենք Երվանդ Գոջաբաշյանի՝ ալիքաձև մազերով աղջկանից:

Որ նախորդ օրը Ժամանակակից արվեստի թանգարանում էր տեսել Վարոսն ու հիմա հիշեց:

Աղջկան շինած նույն քանդակագործը նաև վերջերս Վիլյամ Սարոյան էր դրել:

Նիհար, բոյլուխ, քամու հարվածներից մի քիչ տառապող:

Ու՞ր էր Սարոյանը:

Գրողը, իր գիրը, գրածը:

Կոտրվելու հասնող անապահովության մե՞ջ:

Փորձ կա՞ր կոտրվելու այդ գաղափարը հեղինակության ու հպարտության շորշոփին ագուցելու:

Վարոսի աչքի առաջ քաղաքի արձանները շքերթի ելան:

Անվերապահ հեքիաթային հերոսությունը Սասունցի Դավթում կար:

Մեկ էլ՝ լեգիտիմ առաջնորդի հոգնածությունը՝ այտոսկրերի հասուն փափկության մեջ դրոշմված:

Ախ այդ այտոսկրերը, որքան էր նայել Վարոսը դրանց:

Մի քիչ շփոթված հերոսությունը՝ թե էս ժողովուրդն էս ինչի փղերի տակ կոտորվեց իր փափկասուն տիկնայքով հանդերձ՝ կար Վարդան Մամիկոնյանի մեջ:

Ավելի ջահել, իր ուժին ավելի քիչ վստահ՝ բայց կորովին վստահ հերոսությունը:

Անգղի հայացքն ինչ ասես չարժեր:

Շահումյանի մեջ կար ինտելիգենտ բանվորի հերոսությունը:

Հանած Լենինի մեջ՝ սովետական ողջ էսթետիկայի իմաստությունը:

Արտո Չաքմաքչյանի մոր քանդակում՝ էլի Ժամանակակից արվեստի թանգարանում, կար վիրավոր թշով մոր ամենինչությունը:

Վարոսն ուզում էր Արտոյին հասկացած լինել:

Մի օր Արտոն ասաց, որ ինքը մարմին չի քանդակում, որովհետև մարմինը կարևոր չէ, կարևորը ոգին է:

Ալիքաձև Արամ Խաչատրյանի, առաջ «բաստուրմա» կոչվող Մյասնիկյանի, չափից դուրս սպիտակ Սարյանի մեջ՝ էլի գոնե մի բան, կարծես թե, կար:

Սարոյանի մեջ՝ ի՞նչ կար:

Նրա հեղինակը, շատերի պես, նրանցից էր՝ որ իրենք էլ չգիտեն, իրենց ո՛ր գործն է լավը, ո՛րը՝ վատը:

Եվ՝ ինչու:

  1.    Պապլա-պապլա-պապլա-վոկ

Դիմացի մայթին մի նոր արձանիկ էր՝ այս անգամ հրեաների ցեղասպանությանը նվիրված:

Վարոսը մի պահ կարծեց՝ խառնել է, սա սիրիացիներին թե պարսիկներին նվիրվածն է՝ ծառուղու ներքևը, Նալբանդյանի արձանի դիմաց:

Բայց ոչ:

Այնտեղ հրեաների թշնամիներին նվիրված արձանն էր, այստեղ՝ նույն ծառուղու վրա՝ հրեաներին:

Մի քանի քայլից Տերյանի արձանն էր:

Մթնշաղին լույս էին գցել վրան:

Նշանակալի էր երևում:

Կողքը սիրած աղջիկ-տղա էին գրկված նստած, քամուն չնայած:

Մի քիչ կուզիկ, մի քիչ անապահով:

Իրար պինդ գգված:

Տերյանի արձանից ավելի նշանակալի տեսք ունեին:

Վարոսը մի քիչ էլ իջավ ու լճի մոտ էլի նստարաններ տեսավ:

Օրվա այդ ժամին արդեն դատարկ:

Բացի մի դպրոցահասակ աղջնակից, որ նստած կարկանդակ էր ուտում ու խորասուզված՝ Վարոսին հեչ չէր էլ նայում:

Աչքերը հեռուն հառած՝ կարդում էր իր ապագան:

Երևում էր, որ դուխով է:

էս իմ տղու տարիքի տղերքն ու՞ր են, մտածեց Վարոսը:

Բա սենց աղջկան մենակ կթողնե՞ն էս ժամին նստած:

Տենց աղջիկները սովորաբար սկզբում իրենց հասակի տղաներին դուր չեն գալիս:

Երբ նրանք հեռանում են՝ հետո են տղաները հասկանում՝ ուշացումով, ափսոսանքով նրանց ետևից նայելով՝ ինչ լավն էին այդ աղջիկները:

Ուր է որ գրքով աղջիկն այս կերպարից լիներ:

Թեկուզ կարկանդակով՝ գրքի փոխարեն:

 

՜՜՜՜

Աղջկա կողքը Վարոսը ևս մի նոր արձանիկ տեսավ:

Այս անգամ Սլավիկ Չիլոյանին նվիրված:

Վարոսն աղոտ հիշում էր, որ պոետ է դա, այո՞:

Վաղամեռիկ:

Մոբիլայինի վրա համենայն դեպս ֆիքսեց, որ հետո ճշտի:

Զարմանալի է, որ «Պապլավոկի» մոտ էին դրել՝ այն բոլոր պատմություններից հետո:

Կամ գուցե հենց դրա պատճառով էլ դրե՞լ էին:

 

՜՜՜՜

 «Պապլավոկը» դատարկ էր:

Ցուրտ էր արդեն ու տուրիստական սեզոնն ավարտվել էր:

Երկու սեղան էր զբաղված:

Մեկին երեք ռուս կին երեխու հետ:

Երևում է դեսպանատան աշխատողների կանայք կամ նման մի բան:

Մյուսի շուրջ՝ մի աղջիկ ու տղա, կլասիկ, տղան գոնչո ու անդուր, գյադայական, աղջիկը՝ համեմատաբար նրբագեղ ու երջանիկ:

Որ էս գաղթածների ազգից էս մեկին գոնե պլոկել-ճանկել է:

«Պապլավոկը» տեսնելիս, կամ կողքով անցնելիս, կամ ուղղակի քաղաքով ապրելիս այն սպանության դեպքն, իհարկե, անհնար էր մոռանալ:

Այն դեպքը, որի պատճառով «Պապլավոկ» գնալը տղերքի համար դարձավ զապադլո:

Ինչ կապ ունի Սլավիկ Չիլոյանը ա՛յդ «Պապլավոկի» հետ:

Արդեն վաղուց և՛ դեպքն էր հին ու անցած, և՛ «Պապլավոկն» էլ երբեք իր էն ժամանակ ունեցած փայլը ետ չբերեց:

Փչացրին «Պապլավոկը»:

Գնացին առաջ:

Եղած բան է:

Վարոսն այլևս վաղուց հատուկ կերպով այդ մասին չէր հիշում:

Ոչ հիշում էր ոչ մոռանում:

Կարծես արյան մեջ որ թաթախվես ու հետո որ մոռանաս:

Վրադ լավ լերդանա:

Չես էլ զգում որ վրադ է:

Արդեն էլ մաշկդ էլ չի զգում:

Լերդը սկզբում շարժվելիս ճռճռում է, հետո հարմարվում, դառնում է քո մաս:

Վարոսը հիշեց Բուկովսկու բանաստեղծությունը:

Սպանդանոցում աշխատելուց հետո որ նա ավտոբուս է նստում՝ կանայք հոտ են քաշում ու տեղները փոխում:

Իրենից հեռու նստում:

Քաղաքը զապադլոյի բուն էր դարձել:

Էստեղ մի մտիր՝ մարդ են սպանել, էնտեղ՝ օլիգարխ Բլուդիկի հորեղբոր տղու փեսեն կրակել ա սպասավորի վրա, գնալու տեղ չի, ստեղ այգի են կտրել, որ կաֆե դնեն, էնտեղ արդար մարդկանց ձեռից են հողն առել:

Վարոսի սիրտը դադարել էր տառապել նրանից, որ ջահել տղերքին է այս կյանքը կամ գողականացնում՝ իրենց զապադլոներին հետևելու պարտադրանքը բլատնոյ գողական զակոնի պես բան դարձնելով՝ կամ փչացնում, քցում մյուսների աչքում:

Եթե իրենք այդ պատմություններն ու այդ զակոնը չգիտեն կամ բանի տեղ չեն դնում:

Զարհուրելի այդ հանելուկը, գլուխկոտրուկն այդ վաղուց Վարոսին չի տանջում նույն թարմությամբ, ինչ առաջ:

Համակերպվել է, սառել:

Փայտացել անելանելիությունից:

՜՜՜՜

Վարոսը հիշեց իր իմացած՝ քաղաքի առաջին զապադլոն:

Կարծեմ Բավարիայի խաղից հետո, 1978ին էր թե երբ, կատաղի ամբոխը եկավ հասավ հրապարակ ու հրապարակի պուլպուլակն աղտոտեց:

Դրանից հետո տղերքն իրեն ասում էին՝ այդ պուլպուլակն աղտոտված է, դրանից չխմես:

Յոթ աղբյուրից միայն մեկն էին անարատ թողել:

Այն, որի կողքի քարը մի քիչ կոտրված է:

Այդ զապադլոն Վարոսն իր մեջ կրեց իր ողջ պատանեկության ընթացքում:

Խնամքով շրջանցելով պուլպուլակն ու նույնիսկ ճիշտ աղբյուրից վախվխելով ու զգուշությամբ խմելով:

Որ մյուսների ցայտերն իրեն չդիպչեն:

Եվ տխրությամբ դիտելով անտեղյակներին:

Որ անհոգ կերպով մյուս աղբյուրներից էին խմում:

Ու տառապելով, որ չի կարող իրենց բացեիբաց ասել, որ սխալ են գործում:

Տեղյակ տղերքը գալիս հերթի էին շարվում ճիշտ աղբյուրի մոտ:

Թեկուզև մնացած բոլորն ազատ լինեին:

Կողքով անցնող ժողովուրդը զարմանքով էր նրանց նայում:

Իսկ իրենք հպարտ-հպարտ մի կուշտ խմում էին հալալ ջրից:

Գիտելիքն ուժ է:

Մանավանդ եթե դու գիտես՝ ուրիշները չգիտեն:

Ու դո հո հարիֆ չե՞ս որ իրանց՝ հարիֆներին, տեղյակ պահես:

Լավ, տղերքը՝ տղերք, բա ի՞նքը:

Բայց ո՞նց տեղյակ պահեր:

Հերթապահե՞ր:

Պլակատ գրեր կողքը կանգնե՞ր:

«Սա զապադլո է, այստեղից մի խմեք»:

Որ միլիցա տանեի՞ն:

Այնօր ինքը դեռ չէր համարձակվում քաղաքի կյանքին այդպես միջամտել:

Ջահել էր, անփորձ:

Գուցեև մեկ այլ պատճառ էլ կար:

Գուցեև այնօր արդեն, զապադլոյի այդ ծուղակից դուրս գալու տարբերակներ ենթագիտակցաբար որոնելով, հույս ուներ, որ այն կվերանա՝ երբ ծածկվի համընդհանուր մոռացության շղարշի տակ:

Ծովի սպիտակ սավանի:

Թող չիմանան:

Թող զապադլոն բուժվի:

Ինչպես, օրինակ, այսօրվա քաղաքի զապադլոները:

«Պապլավոկում» նստած այն ռուս կանանց ու նրանց երեխայի համար դրանք իրավամբ գոյություն չունեին:

Օրենքից անտեղյակությունն ազատու՞մ է մեղսունակությունից:

Բայց երբեմն պիտի ազատի:

Եթե օրենքը սխալ է կամ ոչ կարևոր, այո՞:

Չիմանալ ամեն ինչ:

Դա բնական է, մարդկային:

Թե չէ ապրել չէր ստացվի:

Հազար ու մի հանցանք կատարված կլինի այ այստեղ, որտեղ Վարոսը հիմա քայլում է:

Իզուր չէ, որ բիայնական դևն այս պուրակում է դրված:

Իր ոտքերի տակը թե փորես՝ մի քառասուն դարի, մարդկության ողջ պատմության հանցանքներ, դժբախտություններ, երբեմն էլ՝ լուսավոր անցքեր տակը թաղված կպեղես:

Կանայք երեխաներին են գրավ դրել ու մահվան դատապարտել, որ իրենց մեղքը քավեն:

Մայրերը որդիներին կռվի են ճամփել:

Տղան տասնհինգ տարեկան աղջնակին գժական սիրահարվել է, եղբորը վեճի մեջ սպանել ու չի դիմացել՝ սիրուց ու մեղքից մեռել:

Ապուշ պատճառներով՝ կատաղած տղամարդիկ իրար թրատել են ու խեղդել:

Հնաբանական արժեք ունեն ոչ թե որոշակի կայքերը, Ծիծեռնակա-, թե Տիգրանակերտ:

Այլ ցանկացած վայր:

Կանգ առ որտեղ ուզես, մահակդ խփիր գետնին:

Այստե՛ղ ենք փորելու:

Կհայտնաբերես սեր ու մեղք, դեպք անողոք կամ շքեղ:

Եվ ոչ միայն Հայաստանում:

Այդպիսի տեղ գրեթե չի մնացել, ուր մարդու ոտք դիպած չլինի, այն էլ դարեր շարունակ:

Գուցե Անտարկտիդայում:

Բայց Վարոսը դա էլ կհարցականեցներ:

Սակայն եթե մոռացությունն է ելքը, ինչու՞ այն Վարոսին չի բավարարում:

Ինչու՞ Վարոսը չի մոռանում:

Թող մոռացության շղարշն ամենը ծածկի:

Ծովի սպիտակ սավանի պես:

Նայեք առաջ, ասում է աշխարհը հայ ազգին:

Մոռացեք ցեղասպանությունը:

Ազգը համաձայն չէ:

Համառությունի՞ց:

Գուցե այդ համառության ետևն իմաստություն կա, որ դեռ չե՞նք հասկանում:

Վրեժի ծարավի՞ց:

Դա էլ է մարդկային, շատ մարդկային:

Թե՞ իմաստությունից:

Վարոսը չգիտի:

Բայց մի պարզ պատճառ-բացատրություն իրեն դուր է գալիս:

Մոռանալ չի կարելի, քանի որ եթե մոռացար՝ կրկնվելու է:

Ոչ ոք չի մոռացվել, ու ոչինչ չի մոռացվել, մտքում քմծիծաղեց Վարոսը:

Քանի մոռանաս՝ էնքան կրկնվելու է:

Պապլավոկը կրկնվելու է:

Բայց քաղաքակրթությունն էլ հենց այդ է՝ որ վերջապես հասկանում ես, որ պապլավոկն ու ցեղասպանությունն իրար հավասար բան չեն:

Մեկը մոռացիր՝ մյուսը հիշիր:

Բայց քաղաքակրթությունը հենց այն չէ՞, երբ քո մեղքն ավելի լուրջ ես ընդունում, քան ուրիշինը:

Քոնը՝ պատասխանատուն դու ես:

Կարող էիր արած չլինել:

Ուրիշինը...

Էլի՞ դու ես պատասխանատուն:

Է՜, քաղաքակրթություն էլի չստացվեց, նեղսրտեց Վարոսը:

Էլի քարոզ ստացվեց:

 

  1.    Զապադլոյի բուժման դեղատոմսերից

Վարոսը հանկարծ հիշեց, ինչպես հրապարակի պուլպուլակների այդ «թուղթ ու գիրը» մեկ էլ տեսար հարթվեց:

Շրջանից ինչքան մարդ էր գալիս քաղաք իրեն հանդիպելու՝ այդ պուլպուլակների մոտ էին ժամադրում:

Սկզբում ինքը կարծում էր դա պատահականություն է:

Հետո հասկացավ, որ այդ տեղը շրջանից եկածների համար Երևանի կենտրոնում ամենալավ իմացած ու ամենահեշտուհարմարն է՝ պայմանավորվելու համար:

Շրջանի ժողովրդի՝ հրապարակի պուլպուլակների մոտ մարդ սպասելու այդ սովորույթը որքանո՞վ կապ ուներ հակազապադլոյության հետ:

Վարոսը չգիտեր:

Չէր զորում բացահայտ կապ տեսնել:

Բայց կարծես այդ փոքր խորհրդանիշը սրբեր անարգանքը:

Հանդիպման այդ վայրի խորհրդանիշը հասկանալու օրից՝ Վարոսը հանգիստ սրտով խմում էր ցանկացած ցայտաղբյուրից այդ մեծ պուլպուլակի:

Ու թքած ուներ անցյալի ապուշ անարգանքի վրա:

 

՜՜՜՜

Այն օրը՝ 1978ին, երբ Վարոսն իմացավ, համադասարանցիներից, անարգանքի մասին, երբ իրեն, որպես մեծ լավություն, հայտնեցին՝ որ հանկարծ չխմի սխալ աղբյուրից ու գառլախանա՝ Վարոսն էլի փաթ ընկավ էս աշխարհի ու էս ազգի աբսուրդ պարադոքսից:

Կատաղելն ինքը հասկանում էր:

Բայց կատաղելու պատճառով գեղեցկությունն անարգելը, անկապ ու անմեղ ժողովրդին տարիներ ի վեր գառլախացնելու միտումը՝ չէր հասկանում:

Գուցե դա թերզարգացած տղերքի անտեղյակությունն էր:

Որ կարելի է քաջ լինել ու էսպես կոչված ավանդույթը կոտրել:

Լավ, կատաղեցինք, մի սխալ բան արինք:

Հիմա էլ վերցնենք ու մաքրենք մեր արածը:

Ոչինչ, սխալ է եղել՝ կուղղենք:

Ու ամբողջ պատմությունը հօդս կցնդեր:

Բայց ոչ:

Որ անցյալը կարելի է շտկել ու դրանով ապագան շտկել, եթե մի քիչ անվախ լինես՝ նրանց մտքով չէր անցնում:

Իրենց սովորածի իներցիան՝ պապերից, հուշում էր սոսկ մեկ ընտրություն:

Անցյալը գովաբանել հերոսականության համար:

Սովորաբար սպեկուլյատիվ նկրտումներով:

Թաքուն մի որևէ հաշվով:

Ասենք քաղաքական կարյերայի:

Ոչ թե շտկել, այլ կեղծել:

Կամ՝ կուրորեն, անցյալից պուկ փախնել, ուր պատահի:

Ուսսուրիյսկ, Լոս, Կալգարի:

Բոմժ հնդկացիների քաղաք:

 

՜՜՜՜

Երևանի ապագայի մասին էլ պետք է մտածել:

Ինչպես են անարգված տեղերը կամաց-կամաց մաքրվելու անեծքից:

Բանակի մասին էլ:

Ինչպես են գառլախներին հետ բերելու:

Մենք հո Հնդկաստան չենք որ անարգված կաստաներ ունենանք:

Բոմժ հնդկացի կամ անձեռնմխելի հնդիկ:

Առաջին պայմանն այն կլիներ, որ զապադլոյի կարիք ստեղծող գործեր չարվեին:

Մարդ չսպանվեր, չանարգվեր:

Տուն չքանդվեր անիրավ:

Քաղաքի ու մեր հաշվին գողը չհարստանար անպատիժ:

Գողը չըմբոշխներ հարգանք ու պատիվ:

Բայց Վարոսի աչքին՝ դա դեռ կար ու կար ու շարունակվելու էր:

Անարդարությանը վերջ չէր երևում:

Պետք էր մի կերպ սովորել ապրել գառլախածին միջավայրում:

Չնայած դրան:

Ինչքան էլ դժվար լիներ:

Կարծես շուրջբոլորդ զուգարան է՝ իսկ դու մահճակալդ մաքուր ես աշխատում պահել իբր:

Նույն կերպ Երևանի տնային տնտեսուհիներն ու տնտեսներն իրենց բնակարանի ներսը մաքուր են պահում:

Իսկ շքամուտքը բնակարանի դիմաց՝ կեղտի կճուճ:

 

՜՜՜՜

Երևանի պարագայում գառլախությունը տարբեր զարգացումներ էր ունենում:

Հյուսիսային պողոտան սկզբում զապադլո էր համարվում այնտեղ քանդած տների ու անտուն կամ կիսաանտուն դարձրած, այնտեղից տեղահանված բնակիչների պատճառով:

Ինչպես նաև այն մասսայական ռուբլախտի՝ որ այնտեղի անորակ ու խախտումներով կառուցած շենքերը դարձրել էր այդքան թանկ ու անիմաստ:

Նորմալ մարդկանց մեծ մասի կողմից մինչև հիմա անբնակելի:

Բայց փորձված մեծերն ասում էին. ժողովուրդը կբնավորի, կհարթի, կընդունի ու հարմարավետ կդարձնի:

Բանդիտակոռումպացիան էլ ուրախանում էր:

Այո՛, այո՛, ասում էր:

Ժողովուրդն իմաստուն է, ամեն ինչ կուլ կտա, կհարթի:

Իսկ հոգու խորքում մտածում էր.

Մի քիչ սիրաշահենք:

Ժողովուրդը հիմար է, ամեն ինչ կուլ կտա:

Ժողովուրդը հպատակ է, ու՞ր պիտի կորի:

Ինչ ասենք՝ էն էլ կընդունի:

 

՜՜՜՜

Այսինքն, գառլախային միջավայրում է՞լ կարելի է ապրել, որերորդ անգամ ինքն իրեն հարցրեց Վարոսը:

Որպես գառլախ է՞լ կարելի է ապրել:

Գառլախ է՞լ կարելի է ապրել:

Ասենք, մեկն աղջկադ անարգել է, իսկ դու չես զորում վրեժ առնել:

Համակերպվիր ու ապրիր:

Էլի լավ օրեր կլինեն քո կյանքում, չնայած դրան:

Մոռացիր պատիվն ինչ է ու ապրիր:

Մի սպանիր անարգիչներին, վրեժ մի լուծիր:

Կյանքը մեծ է, գեղեցիկ:

Ամուսնացրու աղջկադ, քեֆ արա, ուրախացիր:

Հա, մարդ կա որ քեզ գառլախ կհամարի ու նրան էլ հետը, ու ձեռք չի մեկնի:

Բայց դե մի քեզպիսի գառլախի էլ կգտնես՝ կամուսնացնես, էլի:

Մի որևէ Թորիկի:

Ինչ է եղե՞լ որ:

Մարդս մարդ լինի:

Միայն քեզ գառլախացրածները կքմծիծաղեն ու մտքներում կմտածեն. իհա՛րկե մեզ պալոժ էր իրան գառլախացնել:

Բա ո՞նց:

 

՜՜՜՜

Երբ մարտի մեկից հետո ջահելները ցույցեր սկսեցին՝ հենց Հյուսիսային պողոտայում սկսեցին հավաքվել:

Այսինքն հենց ամենաքննադատ խումբը պողոտայի՝ ընդունեց այն:

Չմերժեց:

Օգտագործման դրեց իր դժվար գործում:

Երկիրը խելքի բերելու իր փորձերում:

Կարծես ներեր պողոտային:

Կարծես ասեր՝ տգեղ է, սիրուն չի, բայց իր մեղքը չէ:

 

՜՜՜՜

Համենայն դեպս՝ կաֆեներ ու խանութներ երևացին:

Ժողովուրդը՝ մանավանդ երիտասարդներն ու տուրիստները, լցրին պողոտան, նույնիսկ ցույցերի վերջանալուց հետո:

Մանավանդ այս ամառ:

Գժական շուխուռ էր պողոտայում ամբողջ ամառ, մանավանդ երեկոներն ու գիշերները:

Վլասծն էլ հազար ու մի միջոցառում՝ համերգ-մամերգ, հենց էնտեղ կազմակերպեց:

Որ ավելի խորացնի և՛ իր լեգիտիմությունը, և՛ պողոտայի:

Եվ այն կարևոր հանգամանքը՝ որ ինքը ժողովրդի տերն ու տիրականն է:

Ինքը որտեղ ասի՝ ժողովուրդն այնտեղ էլ կուրախանա:

Գառլախ վայրում ասի՝ գառլախ վայրում քեֆ կանեն:

Թեկուզ հարամ:

 

՜՜՜՜

Բայց վլասծի լեգիտիմացիան Վարոսին մեկ ա պրոբլեմատիկ էր թվում:

Վարոսին ու մեկ էլ Հաբերմասին:

Վարոսը մտատանջվում էր:

Ժողովուրդն իր արդար ու սուրբ էությա՞մբ է արդյոք պողոտան մարդավարեցնում:

Թե՞ իր ուտիճային, ամեն գառլախություն վերապրելու, նույնիսկ ըմբոշխնելու, եթե ասեն գառլախությունը լավ բան է՝ հնազանդ ու անգամ հաճույքով գառլախանալու իր սովորությամբ:

Գնալ ու լցվել այնտեղ, ուր ասել են, քաջալերել կամ թողել:

Առանց մտածելու՝ ճիշտ է այդ տեղը թե գառլախ, ինչ անցյալ է ունեցել այդ տեղը, և այլն:

Քաղաքը գառլախությունից բուժել էր պետք:

Եվ այն, ինչ շարժման երիտասարդներն ու նրանց ճնշող միլիցեքն արին՝ այլ խորհրդանշանակություն տալով պողոտային՝ բացի երրորդ հանրապետության կոռուպտաբանդիտիզմի մերկագույն օրինակն ընդգծելուց՝ պողոտան փրկել ու բուժել էր նշանակում գոնե մի քիչ:

Չէ՞ որ, ի վերջո, Հյուսիսային պողոտան Թամանյանի գաղափարն էր:

Այսինքն գաղափարը, խորհրդանիշը՝ իրենց իրականացման գառլախացումից վեր էին:

Ինչպես որ, ասենք, հայրենիքիդ գաղափարը երբևէ ոչ մեկին չի հաջողվի մեկընդմիշտ գառլախացնել:

Աստված չտա:

Կմորթեմ:

 

  1.    Ղեբիափանն ու նրա խաղերը

 

Հյուրերն իհարկե հաճախ չէին հասկանում՝ ինչու է Հյուսիսային պողոտան գառլախ:

Հյուրերն ու հանդիսատեսը:

Բացատրելը դժվար էր:

Որ բացատրում էլ էիր՝ հյուրերը հաճախ նեղվում էին:

Մանավանդ սփյուռքահյուրերը:

Մենք այնտեղ ձեզ համար փող ենք հայթայթում՝ դուք այստեղ ամեն մեկդ մյուսի մասին փիս-փիս բաներ եք պատմում ու իրար միս կրծում:

Փոխանակ համերաշխ լինեք, որ մենք ձեր հարցն առաջ տանելու երես ունենանք աշխարհի մեծամեծների դեմ:

Մեզ էլ ձեր պրոբլեմներով զզվեցնում եք էնպես, որ էլ չենք էլ ուզում ձեզնով զբաղվել, ասում էին սփյուռքահյուրերը:

Չէր կարելի ականջի ետև գցել:

Իրոք անհնար էր մի կողմից աշխարհին ասել. մենք լավն ենք, պատմական ենք, սենց ենք, նենց ենք՝ մյուս կողմից ասել. մենք գառլախ ենք, անօրեն, բանդիտակոռումպացված, գող ու լկտի, իրար միս ուտող, ու վլասծը մեր զրո լեգիտիմություն ունի, ինչքան էլ ընտրություն անի իրար վրա:

Լոկկի տեսակետից՝ զրո լեգիտիմություն:

Դե իսկ Հոբբսի տեսակետից՝ լավ էլ լեգիտիմություն ունի:

Հոբբսի տեսակետից՝ ով որ կարա քեզ սպանի, վռնդի, խաբի, վառի, բանտ նստցնի և այլն՝ նա էլ լեգիծիմ ռեալ վլասծդ է:

Ղեբիափանը:

 

՜՜՜՜

 

Բայց սփյուռքահյուրերի այդ հոխորտանքում սպեկուլյատիվ պահ կար:

Որ ցույց էր տալիս, որ նրանք, ովքեր հոխորտում են, օտար են կամ հոգու ծուլություն են դրսևորում:

Որովհետև այդ հոխորտանքն ագրեսիային առավելություն էր տալիս:

Այդ հոխորտանքն ասում էր. ես չգիտեմ ով է ճիշտ ու ով է սխալ:

Չէ որ երբ ասում են «իրար միս մի կրծեք»՝ նկատի ունեն, որ երկու կողմն էլ հավասարապես մեղավոր են:

Հավես չունեն քննարկելու, թե ով է սկզբնական մեղավորը:

Չեն ասում՝ անարդարություն մի արեք:

Բռնաբարվողուհին մեղավոր է բռնաբարության մեջ:

Կարճ փեշ էր հագել ու դրանով սադրում էր բռնաբարողին:

Ղեբիափանի անարխիկ աշխարհում՝ ուր օրենք ու դատարան չկա, բոլորը հավասարապես ագրեսոր են ու տուժած:

Ղեբիափանի անար            խիկ աշխարհում օրենքն ու դատարանը հենց դա են ասում:

Բիրտ ուժն է օրենքը, ագրեսիան:

Տնից վտարվածը մեղավոր է:

Իբր պետության գերակշիռ կարիք հոգալու հենց միակ տեղում էր իր տունը:

Այդ տունն ագրեսիա էր պետության կարիքի հանդեպ:

Ծնվել ես՝ ուրեմն մեղավոր ես:

Էլ մի առարկիր:

Թույլ ես՝ մեղավոր ես:

Հնդկաստանն ուզում է կանացի փեշերն արգելել:

Թող բոլոր կանայք շալվար հագնեն:

Դա հայտնի սխեմա է:

Սկզբում խաղաղություն էր:

Հետո ագրեսորը ոտնձգություն է անում խաղաղի հանդեպ:

Տուժողը բողոքում է:

Դիմադրում:

Դրսից նայողն ասում է՝ հաշտ ապրեք:

Ագրեսորն իսկույն ձայնակցում է:

Ասում է՝ իրոք:

Չեք ամաչու՞մ:

Ամոթ չի՞ մեր աղբը տնից դուրս հանելը:

Ամոթ չի՞ իրար միս կրծելը:

Միասնություն է քարոզում:

Ասենք թե մի թշիդ զարկել են:

Բա երկրորդ թուշդ ինչու՞ դեմ չես տալիս:

Դու քրիստոնյա չե՞ս:

Ես՝ ուրիշ հարց. ես վլա՛սծն եմ:

Ես միշտ ուրիշ հարց:

 

՜՜՜՜

Նույն կերպ՝ Ղարաբաղի համար հայոց պայքարն էին նսեմացնում դրսից նայողները:

Կողմերին հավասարեցնում:

Նրանց մեղքերը համահարթեցնում:

Մեղավորին ու անմեղին նույն մակարդակի բերում:

Անմեղը դարձավ մեղավո՞ր:

Անմեղը երազեց մեղավորանա՞լ:

Որ իրեն այլևս մազոխիստ չհամարե՞ն:

Անմեղությունը կորցնե՞լ:

Հոբբսը հաղթե՞ց:

Կացնահարը հերոսացա՞վ:

Կացնահարողը նու՞յնպես հերոսացավ:

Դե արի ու, դրսի մարդ, գլուխ հանիր կովկասյան էդ հին արյան վրեժների նեխած փորոտիքից:

 

՜՜՜՜

Սկզբում Հոբբսը հաղթեց դրսու՞մ:

Հետո Հոբբսը հաղթեց ներսու՞մ:

Ներսի կեղեքիչները, դրսի հոբբսությունից օգտվելով՝ ասում են.

Ղարաբաղի հարց կա, անվտանգություն կա, բան:

Ամոթ չի՞ մեր տան հարազատ աղբը դուրս եք հանում:

Դա վտանգում է մեր անվտանգությունը:

Դա առավելություն է տալիս ագրեսորին:

Դուք ու՞մ եք ծառայում «օբյեկտիվորեն»:

Մեր միասնությունը քայքայում եք:

Թշնամուն հաղթաթուղթ եք հրամցնում սկուտեղի վրա:

Հիմա հարձակվեմ՝ մարդկանց տնահան անեմ՝ իսկ դուք սուս մնացեք:

Հետո թող դարեր շարունակ վիճեն՝ թե ով էր ճիշտ:

Բայց՝ առանց կմախքը պահարանից դուրս հանելու:

 

՜՜՜՜

Դա սովորեցնում է մարդուն՝ որ ագրեսորը, անարդար ուժն է շահում:

Դա նույնն է սովորեցնում ողջ ազգին:

Եվ նրա առանձին ներկայացուցիչներին:

1. Ագրեսորը շահում է՝ որովհետև ինքն առաջինը հարձակվեց:

2. Հետո շահում է՝ որովհետև երկուսն էլ մեղավոր են. տուժածը մեղավոր է, որ իր տեսքով կամ ունեցվածքով սադրեց ագրեսորին:

3. Հետո շահում է՝ որովհետև մոռացության շղարշն է պատում անցյալը:

Հանդիսատեսը ձանձրանում է, թողնում-գնում:

Անցքը մնում է մոռացության ծովի սպիտակ անծայրածիր սավանի տակ ծածկված:

Պապլավոկ:

Ցեղասպանություն:

Հյուսիսային պողոտա:

Եկեք քեֆ անենք:

Ռոք-համերգ:

Ա ծիպեր՝ ձիսկածյե՛կա:

4. Հանդիսատեսը պարում է իմ անարգանքի, իմ քաշած անարդարության հուշի գերեզմանի վրա:

Նեյտրալը դարձավ ագրեսոր, ագրեսորի համախոհ:

Ձիերը դոփում են, ջնջխելով մանուշակների մարգագետինը:

Կապույտ ճնճղուկների արահետը:

 

՜՜՜՜

Վարոսը պատկերացրեց՝ որ, ասենք, նոր ու լավ իշխանություն գա մի օր:

Ի՞նչ է անելու:

Քանդի՞ Հյուսիսային պողոտան:

Քանդելը բա ճի՞շտ է:

Էդքան գործ է արվել:

Թեկուզև սխալ-պռատ:

Թեկուզև գողերի կողմից:

Թեկուզև գառլախացնելով չգողերին:

Խեղճուկրակ մոնստրիկ են ստացել:

Բայց բնավորելն ավելի ճիշտ չէ՞:

Չէ, քանդել չեմ առաջարկի, մտածեց Վարոսը:

Իրեն նոր՝ ոչ գառլախ կառավարության գլխավոր խորհրդական երևակայելով մի պահ:

Ինչը հաճախ էր անում, ինչպես և շատ այլ հայեր:

Երազանքում:

Անպայման կխորհրդակցենք՝ ու մի ճիշտ ճանապարհ կգտնվի:

Առանց քանդելու:

Այնպես կվերափոխենք, որ կդառնա իմաստավոր:

Մարդիկ լավ գաղափարներ կունենան:

Տակից դուրս կգանք: 

Հիմնովին կհակագառլախացնենք:

 

  1.    Քանդակների Նիագառան

Այդպես մտմտաց Վարոսը, «Պապլավոկին» մեջքն արած:

Ոտքերն իրենք իրենց վերադարձրին նրան Տերյան-Մոսկովյան խաչմերուկ:

Պատկերացրեց, թե ինչպես պիտի արդեն գալիք ձմեռվա պատճառով կազմաքանդ արված ամառային կաֆեների ճաղերի միջով գնա-գնա ու հասնի Գետառի տեղը փորած այսպես կոչված թունելիկին ու մանթրաշ ընկնի:

Ինչպես միշտ այն օրից, ինչ Գետառը թաղեցին:

Վարոսի պատանեկան ուղին էր:

Սովորել էր համալսարան:

Հինգը տարի այդ ուղով գնացել դասի ու հետո ետ:

Ամեն անգամ որ գալիս էր դեմ հանդիման այդ այսպես կոչված թունելիկին...

Կարծես իր անձնական մաշկը մի թեթև խմանքով քերթեին:

Որպես մտածված, առօրյա, հանդարտ սադիզմի արտահայտություն:

Նեղ գետնանցումներով մյուս կողմ գնալը ծառուղու՝ ցավ էր:

Հետո վեր մագլցելն ու տեսնելը, որ մինչև հիմա այդ մի փոքրիկ մասը ծառուղու էլի կեղտի մեջ է ու քարուքանդ:

Իսկ հետո խիտ թփուտներ են:

Որոնց ետևը թենիսի կորտերն են, էլի կաֆե ու աժդահա գարեջրատուն:

Իսկ դեպի Շախմատի տուն տանող արահետիկները կտրվում են:

Ոչ մի տեղ չեն հասնում:

Պիտի հողով քայլես մի քիչ տեղ՝ որ հասնես որևէ տեղ:

Քաղաքի կաշկանդող սեմիոտիկան:

Այս արահետով մի գնա. ճարտարապետը որոշել է, որ իզուր պիտի քայլես մինչև փակուղի ու ձեռնունայն ետ դառնաս:

Ճարտարապետը վլասծ է, տնօրինում է քո ճամփեքը:

Չէ, դու գնա այդ արահետով, գնա՝ բայց մի իմացիր, որ այն փակուղի է տանում:

Մինչև՝ չհասնես փակուղուն:

Մինչև՝ ժամանակդ ու եռանդդ չվատնես:

Գիշերը ես՝ ճարտարապետս, հաճույքով եմ քնում, իմանալով՝ որ իմ վլասծով քեզ ստիպեցի ավելորդ ճամփեք անցնել:

Դա էսթետիկական է:

 

՜՜՜՜

Երկու օր առաջ Վարոսն ընկերոջ հետ մի որևէ օլիգարխապատկան այդ գարեջրատան կողքով հասել էին Շախմատի տուն ու կողքը հայտնագործել շախմատի կերամիկե ֆիգուրների քանդակներ:

Հաջող, տպավորիչ:

Վարոսը բոցավառվել էր. հայ տաղանդը չի պակսում:

Կերամիկան ոսկերչության սնանկանալուց հետո այսօր դեռ վերածնունդ էր ապրում:

Վերնիսաժը վկա:

Սկզբում՝ նկարչությունը, դեռ սովետի ժամանակ:

Հետո՝ սովետի փլվելու առաջին տարիներին՝ ոսկերչությունը:

Հիմա կեռամիկան:

Քանդակների ահագնացող քանակից դատելով՝ քանդակների դարն էր գալիս:

Թե դա ինչ էր նշանակում՝ Վարոսը փորձում էր հասկանալ ու չէր զորում:

Ասես խառը երազ տեսած լիներ:

Ու սպասում էր՝ Ֆրեյդի խորհրդով, որ առաջին պատահած գաղափարը մտքով անցնի՝ որ հասկանա:

Գուցե դա ազատությունն էր:

Հայ ժողովրդի քանդակը փողոց էր դուրս գալիս՝ միտինգի պես:

Նկարը պիտի տանըդ կամ ցուցասրահում թաքցնես:

Նկարը կարող է թաքուն լինել:

Իսկ քանդակը կդրվի փողոցի մեջտեղը կամ հրապարակում:

Մորեմերկ իր էությունն աշխարհին ցցելով:

Առանց որևէ կանխագուշակման՝ թե այն ով կտեսնի ու մտքովն ինչ կանցնի, ինչ քամիներ կփչեն իր վրա:

Համարձակ:

Համաձայն՝ դիմանալու ամեն տեսակ կարծիքի:

Ամբոխի կարծիքի տեղատարափին դիմանալու ունակ:

Մի քիչ, համեստորեն, նագլի՝ եթե անտաղանդ է, տգեղիկ կամ հուսահատ:

Ինչպես միտինգի ելած գազազած հոգնած գործազուրկ՝ նախկին լյումպեն-արհեստավոր:

Ու գերող՝ եթե հանճարեղ է:

Նազելի:

Ինչպես օրոր-շորոր բնության արգասիք՝ աղջիկ:

Էքսգիբիցիոնիստ է ազգը դառնում:

Ազատությունն այնքան են ճնշել՝ որ ճաքում է:

Էլ չի դիմանում:

Դուրս է ցցում իրեն աշխարհի մեջտեղը՝ քանդակներ շարելով:

Քանդակելով աջ ու ձախ:

Քանդակների արշավանքը շարունակվում էր:

Ծավալվում:

Կենացները գնալով քաղցրանում էին:

Արձանները բուսնում էին անկապ, չմտածված:

Լավը ստացվեց՝ բախտի բան է, աբսուրդ ստացվի՝ աշխարհը մեծ...

Ու՞ր թաքնվեմ, մտածեց Վարոսը:

Երկնքից արձանները գահավիժում էին:

Նշանակետը Վարոսի գանգակատարն էր:

Ծառուղու նախորդ հատվածում՝ մինչև թունելիկը՝ հայ բարերարի ընդհանուր կերպարին դրված այդ տարօրինակ արձանն էր ու բարերարների ծառուղին:

Որտեղ ամեն բարերարին մի հուշարձան էր նվիրված:

Բայց բոլորը նույն կարգի էին:

Ասես մի-մի ամորձի կտրես կպցնես քարին:

Պուճուր ձվաձև գլուխներ:

Դա էլ մի մասն էր Երևանում անընդհատ բազմացող էքսգիբիցիոնիստ արձանաշինության:

Ինչպես և Կամերային տան մոտ դրված Այվազովսկու արձանը՝ որ ավելի վաղ էր տեղադրվել:

Օրինակ՝ թող Լևոն Լազարևին հանձնարարած լինեին:

Հոյակապ Սախարով սարքեց Պետերբուրգում՝ սրանց մտքով էլ չանցավ առաջարկել որ բերի այստեղ տեղադրի:

Փոխարենը Գուդվինի գլուխը դրին նախկին Ազիզբեկով հրապարակում:

«Սասի» մոտ էլ էս վերջերս հանկարծ Ֆրիտյոֆ Նանսեն էր հայտնաբերել Վարոսը:

Ու մուսկուլոտ մի աղջիկ:

  1.    Է՛դպես գիտեն

Միջին տաղանդի հայ ճարտարապետներն ու արձանագործները մի խասյաթ ունեն:

Հարմարվող են:

Տաղանդավոր գործ է պահանջվում՝ տաղանդավոր կանեն:

Իսկ թե պահանջվում է խալտուրա բայց փող են տալիս՝ հաճույքով ու առանց երկար-բարակ մտածելու, անվարան՝ խալտուրա կանեն:

Կամ էլ ձրի խալտուրա կանեն:

Միայն թե վլասծին հաճոյանան:

Կամ էլ վլասծից գենեծիկ վախի պատճառով:

Կամ էլ՝ մայրաքաղաքում հեշտ արձան դնելու հնարավորությունից հանկարծ շիվարած:

Թե ինչու է էդպես՝ Վարոսը չէր հասկանում լրիվ:

Կարծում էր՝ սովետի վախտից է դա եկել:

Բրեժնև էին քանդակում փող ստանալու համար:

Նաև նրանից՝ որ չեն կարծում այդ մարդիկ, որ իրենց երբևէ ամոթանք կտրվի, վլասծն էլ հետները:

Ահեղ Դատաստան յոխտուր:

Ուրեմն՝ ամեն ինչ կարելի է:

Հա՞յ ես:

Այո:

Բա ինչի՞ համը չես հանում:

Հայ քանդակագո՞րծ ես:

Այո:

Բա ինչի՞ շրջապատդ չես շինում:

Շինելով կգնամ՝ շինելով կգամ:

Նաձեն շինել, պայձյոմ դամոյ:

Իրենց միսսիայի համեմատ միկրոսկոպիկ են այդ միջին տաղանդի քանդակագործներն ու ճարտարապետները:

Կոչված են քաղաք ստեղծել, շենացնել, ձևավորել:

Կտոր հացի ետևից ընկած՝ համաձայնում են դա անել պատմության, ապագայի, սերունդների հաշվին:

Որ ասես չեն հասկանում՝ չէ:

Հաճախ լավ էլ հասկանում են:

Առիթն եկավ՝ լավ գործ էլ են անում:

Արդարանում՝ որ նախորդ դեպքերում՝ վարիանտ չկար լավ անելու:

Ոչ թե սոված են:

Աչքներն է անկուշտ:

Լիքը սոված մարդ կա՝ որ անպատիվ բան չի անի:

Սրանք՝ կանեն:

Է՛դպես գիտեն:

 

՜՜՜՜

Վարոսի մայրը պատմում էր.

Հարևանուհին գալիս էր իրենց տուն, իր մանկիկին դնում Վարոսի ծնողների մահճակալի ծածկոցի վրա:

Մանկիկը խաղում-խաղում էր, մեկ էլ չիշիկ էր անում տակը:

Մյուս անգամ երբ Վարոսի մայրն ուզում էր տակաշոր փռել որ անկողինը չթրջվի՝ հարևանուհին չթողեց.

«Երեխան է՛դպես գիտի», ասաց:

Երևանը գառլախ դարձնողներն էլ՝ է՛դպես գիտեն:

Տակները շռելիս՝ բնակիչների մահճակալներն էլ պիտի ծածկոց-վերմակով մինչև դոշակի տակը թրջեն:

Թե չէ սիրտները չի հովանա, շռել չեն կարենա, շեռը բկներին կկանգնի:

Վարոսը չգիտեր, դա իրենց՝ է՛դպես սովորած անդաստիարակ երեխա լինելու՞ց է, ծնողների՞ց, թե՞ դա մեկ այլ բան է:

Բլատնոյի կա՞յֆը՝ շուրջն աղտոտելիս, խեղճուկրակ աշխատավոր ռաբածյագա զեկերի կյանքն էլ պղտորել:

Ֆուտբոլային պուլպուլակի պատմության պես:

Բլատնոյ տեռորիստի կա՞յֆը:

Ես թե դժոխք եմ գնում՝ հետս ինչքան կարամ մարդ-մուրդ շալակեմ-տանեմ համենայն դեպս:

Որ քաղցր լինի:

Վարոսը կուզեր մտքի ուժով մտնել էդ արվեստագետներից մեկնումեկի հոգին:

Հարցնել-իմանալ-տեսնել, իրեն որ զակազ են տալիս ինքը ի՞նչ տվայտանքների մեջ է ընկնում:

Կամ զակազը ո՞նց է մուրում-պոկում:

Որ գիտի որ վատ բան է անելու՝ մտքում ի՞նչ է զգում:

Թե՞ չգիտի:

Թե՞ կարծում է լավ բան է անելու:

Թե՞ մալոլետկի պես՝ է՛դպես գիտի:

Իրոք ֆրեյդիստական էքսգիբիցիոնիզմի մոլուցքով՝ մենակ թե մի բան էլ դրա՞ծ լինի:

Հետո մի բան էլ՞:

Թե՞ փողն էնքան է պետք, որ երեխեն կմեռնի՝ եթե հրաժարվի վատ բան դնելուց:

Թե՞ Սալյերիի պես՝ լավ բան դրածի կողքին իր դնելիքն է ուզում տեսնել ու՝ վերջ:

Ամեն գնով:

Ես ինչո՞վ եմ էն Մոցարտից, էն Արտոյից, էն Երվանդից, էն Քոչարից, էն Լևոն Լազարևից, էն Թումանյան-Թամանյանից պակաս:

Վարոսը գիտեր, որ ամոթանք տալն ու խղճին ապավինելը չէ ելքը:

Արվեստագետն իրավունք ունի իր արածի իսկական արժեքը չիմանալու:

Հասարակական կարծիք է պետք:

Որ որոշի:

Հասարակություն չկա՝ չի որոշում:

Կա՝ որոշում է:

Զոռում է ու որոշում է:

Իհարկե, վլասծը չի ուզում որ հասարակություն լինի:

Բայց հասարակությունը պիտի լինի:

Էրեսի զոռով պիտի լինի:

Ու վլասծին ուղղի, զոռի, ստիպի որ անտաղանդ գործերը քչանան:

Ուրիշ ճար չկա:

Հասարակությունը՝ Լոկկ է:

Վլասծը՝ Հոբբս:

Ղեբիափանը հասարակությանը քայքայել է երազում:

Թե Լոկկը դիմացավ՝ Հոբբսն ուզած-չուզած նահանջելու է:


00:35 Սեպտեմբեր 06, 2014