Արձակ

Վիլյամ Սարոյան «Թոմաս Թրեյսիի վագրը» 1990 պիես


Վիլյամ Սարոյան

ԹՈՄԱՍ ԹՐԵՅՍԻԻ ՎԱԳՐԸ

Վիպակի բեմականացման փորձ

Երևան 1990

 

Նախասրահում քուլա է տալիս տապակած սուրճի անուշ բուրմունքը: Այն ողողում է յուրաքանչյուր ծակուծուկ, պարուրում ամեն ներս մտնողին: Գեղեցիկ աղջիկները հանդիսատեսներից ցանկացողներին սուրճ են մատուցում անընդհատ:

Գործողությունները կարող են կատարվել ինչպես բեմում, այնպես էլ՝ դահլիճում:

Գործող անձանցից ոմանք (Լորայի ծնողները, սուրճ համտեսողները, ոստիկանները, Պինգիցեռն ու Սքեթըրը) կարող են լինել ինչպես մարդ, այնպես էլ՝ տիկնիկ. դա որոշում է ռեժիսորը:

Երաժշտությունը ջազային հիմքի վրա է, Թրեյսիի երգի լեյթմոտիվը գուցե ինչ-որ աղերսներ ունի ուրախ մարշի հետ:

Ներկայացումը լի է մնջախաղային ու պարային տարրերով:

ԱՐԱՐ     Ա

ՊԱՏԿԵՐ    Ա

ՀՆՈՏԻԱՎԱՃԱՌ, նույն ինքը՝ ՇԻՎԼԻ. Հին շո՜ր, հին կոշի՜կ, հին շո՜ր, հին կոշի՜կ: (Նա ունի երկար-երկար երկու բեղ, նույնքան երկար երկու բակենբարդ, ալեխառն բաշ՝ ցիր ու ցան մազափնջերով, թավ հոնքեր և մեծ, գեղեցիկ կեռ քիթ. նրա գլուխը շատ մեծ է. նա տիկնիկ է՝ հագին՝ ջինս, ուսին՝ պարկ:)

ՄԻՍԻՍ ԼՅՈՒԹԻ (լուսամուտից). Հեյ, հին շոր:

ՀՆՈՏԻԱՎԱՃԱՌ. Ի՞նչ է:

ՄԻՍԻՍ ԼՅՈՒԹԻ. Իսկ դուք ընդունո՞ւմ եք հին գլխարկներ:

ՀՆՈՏԻԱՎԱՃԱՌ. Ես ընդունում եմ ամեն ինչ. հին գլխարկներ, հին հովանոցներ, հին լուսանկարներ, հին ամանեղեն, անգամ, հնացած մարդկանց:

ՄԻՍԻՍ ԼՅՈՒԹԻ. Դե, ուրեմն, բռնեցեք (նետում է մի կանացի լայնեզր գլխարկ):

ՀՆՈՏԻԱՎԱՃԱՌ. (նստում է, բացում իր պարկը, գլխարկը դնում է մեջն ու նայում խորքը) Անդերսենն այսպիսի պարկում երազներ ու հեքիաթներ էր շալակած քարշ տալիս, Ձմեռ պապին՝ երեխաներին նվերներ էր ման տալիս, իսկ ես, ահա… Ամեն տեսակ քաղաքակրթության թափոններ… Այ, օրինակ՝ահա այս խաղալիքը (պարկից հանում է վագրին՝ դեղին, սև բծերով, բեղերը՝ տնկված): Մի օր ես սրան գտա ջրափոսի մեջ, պարապուտում: Մորթը բզկտված էր, ինքը՝ թաց, կեղտոտ, մի աչքը՝ պոկած: Ո՞վ էր այդպես անխիղճ հաշվեհարդար տեսել: Իսկ չէ՞ որ երբևէ սա եղել է լուրջ վագր՝ իր պատմությամբ, իր ձայնով…

ՎԱԳՐ. (Թպրտում է նրա ձեռքի մեջ) Ղղայյիջջ…

ՀՆՈՏԻԱՎԱՃԱՌ. Այո՛, ճիշտ այդպես: Լսում եմ: Չեմ հասկանում, բայց կեցցես: Իմ պարկում լիքը բան կա, լիքը հին իր: Դրանցից յուրաքանչյուրը մի անցած-գնացած պատմություն է, մի կորուսյալ ճակատագիր: Իսկ ես չեմ կարողանում դրանց մոռանալ, հաշտվել դրանց, դրա համար էլ քարշ եմ տալիս ինձ հետ: Սա, օրինակ, մի ժամանակ Թոմաս Թրեյսիի վագրն էր:

ՎԱԳՐ. Ժժինջջաաղղոո…

(Վագրի կանչին ի պատասխան՝ բեմ է ելնում Թոմաս Թրեյսին: Մի տարօրինակ երիտասարդ է: Նրան նայելիս ամենքս պիտի հասկանանք, որ նա չի սիրում մարդկանց հետ լեզու գտնել, անկախ նրանից, ճի՞շտ է իր մտածածը, սխա՞լ է, ուրիշ ի՞նչ է):

ՀՆՈՏԻԱՎԱՃԱՌ. Սկզբում Թոմը փոքր էր: Եվ նա լսեց այդ տարօրինակ բառը՝ ՈՒԱԱԳԳՌՌ… ինչ էլ որ դա լիներ, Թրեյսին ուզեց, որ դա իրենը լինի:

(Երևում է փոքրիկ Թրեյսին):

ՀՆՈՏԻԱՎԱՃԱՌ. Մի անգամ Թրեյսին հոր հետ… տեսավ մի բան…

(Թրեյսին ու հայրը (տիկնիկ) անցնում են ցուցափեղկի մոտով, որի մեջ մեծ խեցգետին է):

ՓՈՔՐԻԿ ԹՐԵՅՍԻ. Առ ինձ համար այդ վագրը:

ՀԱՅՐ. Դա խեցգետին է:

ԹՐԵՅՍԻ. Ես խեցգետին չեմ ուզում:

ՀՆՈՏԻԱՎԱՃԱՌ. Հետո փոքրիկ Թրեյսին խաղում էր բակում…

(Թրեյսին խաղում է: Մի դեղին կատու է մոտենում նրան, պոչից կպչում ու պոկ չի գալիս):

ԹՐԵՅՍԻ (Թակելով իրենց բնակարանի դուռը, որը գտնվում է տասնհինգերորդ հարկում, որի  վրա գրված է «15-րդ հարկ»). Մայրի՛կ, արի վերցնենք այս կատվին:

ՄԱՅՐ (Չի երևում բաց դռան ետևից, լոկ ձայնն է լսվում). Մեղք է: Հիմա նա ազատ է, իսկ մեր տանը կլինի բանտարակված:

ԹՐԵՅՍԻ. Ցուրտ է, նա կմրսի, նա լքված է, ուզում է գալ մեզ մոտ:

ՄՈՐ ՁԱՅՆ. Չի մրսի: Առ, մի քիչ երշիկ տուր նրան:

(Կատուն երշիկը շնորհակալությամբ ուտում է: Իսկ երբ Թրեյսին արդեն գնում էր և ետ նայեց՝ նրան հրաժեշտ տալու, նա հանկարծ մեծացավ և դարձավ վագր: )

ՀՆՈՏԻԱՎԱՃԱՌ. Հետո Թրեյսին գնաց գազանանոց:

Այնտեղ վանդակում պառկած էր վագրը:

Վագրը վեր կացավ և նայեց Թրեյսիին: Թրեյսին ընկրկեց, հետո մոտեցավ (նա արդեն մեծ է՝ մարդ տեսակն է): Ձեռքի բուլկիից նա մի պատառ շպրտեց վագրին: Վագրը մռլտաց: Նրանք խոսեցին իրար հետ աչքերով ու ձայներով:

Մթության մեջ վագրի երկու աչք. դեղին, սև փայլակներով, կատաղած, որ իրեն բանտարկել են, և հպարտ: Խեղճ ու հնազանդ, որ անազատ է, և ուրախ ու խուլիգան: Համապատասխան մռնչոցների մի սիմֆոնիա:

(Մոռացա ասել. Թրեյսին այն տեսակ երիտասարդներից էր, որ իրենց հույզերն արտահայտելու համար մռնչում են, հաչում, մլավում, գռմռում և այլն):

ՀՆՈՏԻԱՎԱՃԱՌ. Այդպես վագրը դարձավ Թրեյսիի վագր:

ՊԱՏԿԵՐ Բ

Ցուցանակ. «Օտտո Զեյֆանդի սուրճի առևտրատուն»

ՀՆՈՏԻԱՎԱՃԱՌ. Ես էլ այնօր դեռ երիտասարդ էի, հույզերով և սպասումներով լի և աշխատում էի այս առևտրատանն ու սպասում իմ բախտին, երբ այս կողմերում երևաց Թոմասը:

Թրեյսին սուրճով լի պարկեր է շալակում և տանում բեմի ամբողջ երկայնքով ու ցած իջեցնում: Վագրը հետևում է նրան՝ պառկած այս ու այնտեղ, երբեմն վերևից, գուցեև պարզապես՝ օդում կախվա՞ծ:

ԹՐԵՅՍԻ (երգում է). Թողել ենք նավը… նավը… նավը… նավը… օֆ…

ՎԱԳՐ. Ղղայյիջջ…

ԹՐԵՅՍԻ. Ի՞նչ: Այո, թերևս, ճիշտ ես. «Թողել ենք նավը, ղեկը, ղեկը… Լաստը… Թողել ենք նավը, ղեկը,  լաստը, իսկ ծովը մութ է ու անծիր… Հը՞: Ինչպե՞ս է: Իսկ ծովը… Հիմա… Հիմա ամեն ինչ անիմաստ է… Թողել ենք նավը, ղեկը, լաստը, իսկ ծովը մութ է ու անծիր, հիմա ամեն ինչ անիմաստ է… (Մի քիչ այդպես աշխատելուց և երգի բառեր զտելուց հետո Թրեյսին գնում է գրասենյակ (մի խուց բեմի վրա, որի վրա գրված է «Գրասենյակ» և որի մեջ նստած է Վալորան՝ տիկնիկ))

ԹՐԵՅՍԻ. Ուզում եմ քննարկել իմ ապագան:

ՎԱԼՈՐԱ, Հաʹփչի:

ԹՐԵՅՍԻ. Ես էլ չեմ ուզում լինել բեռնակիր, ուզում եմ սուրճ համտեսող դառնալ:

ՎԱԼՈՐԱ. Քեզ ո՞վ խնդրեց:

ԹՐԵՅՍԻ. Ով խնդրեց ի՞նչ:

ՎԱԼՈՐԱ. Ո՞վ խնդրեց համտեսող դառնալ:

ԹՐԵՅՍԻ. Ոչ ոք:

ՎԱԼՈՐԱ. Համտեսելու գործից ի՞նչ ես հասկանում:

ԹՐԵՅՍԻ. Սուրճ խմել սիրում եմ:

ՎԱԼՈՐԱ. Համտեսելու գործից ի՞նչ ես հասկանում:

ԹՐԵՅՍԻ. Երբ սուրճը լավն էր, զգում էի, ու երբ վատն էր, զգում էի: Համտեսման բաժնում մի՞թե ուրիշ համտեսողներն այլ կերպ են համտեսում:

ՎԱԼՈՐԱ. Համտեսման բաժնում դու սուրճ ես խմել, հետն էլ կարկանդակ կերել, ինչպես մնացած բոլորն, ով մասնագետ համտեսող չէ: Իսկ մենք երեք համտեսող ունենք՝ Նիմոն, Փիբըրդին, Ռինգըրտը: Նրանք Օտտո Զեյֆանդի հետ աշխատել են քսանհինգ, երեսունհինգ և քառասունհինգ տարի: Իսկ դու ինչքա՞ն ժամանակ ես աշխատում:

ԹՐԵՅՍԻ. Երկու շաբաթ:

ՎԱԼՈՐԱ. Եվ ուզում ես համտեսո՞ղ դառնալ:

ԹՐԵՅՍԻ. Այո՛, սըր:

ՎԱԼՈՐԱ. Ուզում ես պաշտո՞ն ձեռք բերել:

ԹՐԵՅՍԻ. Այո՛, սըր:

ՎԱԼՈՐԱ. Չե՞ս ուզում սպասել քո հերթին:

ԹՐԵՅՍԻ. Ո՛չ, սըր:

(Այդ պահին գրասենյակ մտավ Օտտո Զեյֆանդը (տիկնիկ): Վալորան վեր թռավ, բայց Զեյֆանդը չխրախուսեց նրա վեր թռչելը):

ԶԵՅՖԱՆԴ. Նստիʹր, Վալորա, և շարունակիʹր աշխատել:

ՎԱԼՈՐԱ. Շնորհակալ եմ:

ԶԵՅՖԱՆԴ. Շարունակիʹր այնտեղից, որտեղից խոսքդ կտրեցի, ու քեզ ապուշի տեղ մի՛ դիր:

ՎԱԼՈՐԱ. Մենք խոսում էինք այս նորեկի հաշվով, որ ինքն ուզում է համտեսող դառնալ:

ԶԵՅՖԱՆԴ. Շարունակիʹր:

ՎԱԼՈՐԱ. Երկու շաբաթ է ընդամենն աշխատել և արդեն ուզում է համտեսող դառնալ:

ԶԵՅՖԱՆԴ. Շարունակեʹք ձեր խոսակցությունը:

ՎԱԼՈՐԱ. Հասկացա, սըր: (Թրեյսիիսն) Ասում ես դու համտեսողի գործից հասկանո՞ւմ ես:

ԹՐԵՅՍԻ. Այո՛, սըր:

ՎԱԼՈՐԱ. Ի՞նչ համ ունի լավ սուրճը:

ԹՐԵՅՍԻ. Սուրճի համ:

ՎԱԼՈՐԱ. Իսկ ամենալավ սուրճը:

ԹՐԵՅՍԻ. Լավ սուրճի համ:

ՎԱԼՈՐԱ. Իսկ ինչո՞վ է տարբերվում ամենալավ սուրճը լավ սուրճից:

ԹՐԵՅՍԻ. Ռեկլամով:

(Վալորան շրջվեց դեպի Զեյֆանդը, սակայն վերջինը կրկին չխրախուսեց Վալորայի բռնած դիրքը և միայն ծխամորճը փստացրեց. «Շարունակեʹք»):

ՎԱԼՈՐԱ. Համտեսման բաժնում տեղ չկա:

ԹՐԵՅՍԻ. Ե՞րբ կլինի:

ՎԱԼՈՐԱ. Հենց որ Նիմոն մեռնի, բայց քեզանից առաջ դեռ 35 հոգի կա:

ԹՐԵՅՍԻ. Նիմոն շուտ չի մեռնի:

ՎԱԼՈՐԱ. Կասեմ, որ արագացնի:

ԹՐԵՅՍԻ. (Մտազբաղ) Ոչ, սըր: Ես չեմ ուզում, որ Նիմոն շուտ մեռնի: (Դադարից հետո) Իսկ եթե համտեսման բաժնում չորս համտեսող լինի՞:

ՎԱԼՈՐԱ. Այդ դեպքում չորրորդը կլինի Շիվլին:

ԹՐԵՅՍԻ. Շիվլին ո՞վ է:

ՎԱԼՈՐԱ. Երեսունհինգ հոգուց առաջինը:

ԹՐԵՅՍԻ. Բայց ես կարող եմ զգալ, թե որն է լավ սուրճի համը:

ՎԱԼՈՐԱ. Ուրեմն կարո՞ղ ես: Որտեղի՞ց ես:

ԹՐԵՅՍԻ. Սան Ֆրանցիսկոյից:

ՎԱԼՈՐԱ. Իզուր էլ տունդ թողել, այստեղ ես եկել:

(Վալորան կրկին շրջվեց Զեյֆանդի կողմը):

ԶԵՅՖԱՆԴ. Ի՞նչ գործի վրա ես:

ԹՐԵՅՍԻ. Երգեր եմ գրում:

ԶԵՅՖԱՆԴ. Իսկ այստեղ ի՞նչ ես անում, Օտտո Զեյֆանդի մոտ: Դու գիտե՞ս, թե ես ով եմ:

ԹՐԵՅՍԻ. Ոչ, սըր: Ո՞վ եք:

ԶԵՅՖԱՆԴ. Օտտո Զեյֆանդը:

ԹՐԵՅՍԻ. Իսկ դուք գիտե՞ք, թե ես ով եմ:

ԶԵՅՖԱՆԴ. Ո՞վ ես:

ԹՐԵՅՍԻ. Թոմաս Թրեյսին:

(Թրեյսին ձեռք է մեկնում: Զեյֆանդն ստիպված սեղմում է: Ծանոթանում են):

ԶԵՅՖԱՆԴ (նստելուց հետո). Ուզո՞ւմ ես մնալ նույն գործին:

Թրեյսին ուզում էր պատասխանել, բայց այդ պահին վագրը, որ մինչ այդ մնջախաղ պարելով ու լուսարձակ հայացքով քաջալերում էր նրան, ձանձրացավ, հորանջեց ու քնեց: Եվ Թրեյսին ասաց.

-Այո, սըր…

ԶԵՅՖԱՆԴ. Դե, ուրեմն, գնաʹ գործիդ, գրողը տանի: Ու թե մեկ էլ էստեղ գաս ու քո տխմարությունններով զբաղեցնես Վալորային, ես քեզ գործից կհանեմ: Վալորան առանց քո օգնության էլ գիտի՝ ինչպես իր ժամանակը քամուն տա: Ճի՞շտ է, Վալորա:

ՎԱԼՈՐԱ. Ճիշտ այդպես:

(Թրեյսին դարձավ իր պարկերին՝ կարմրատակած, շեկ մազերը՝ խռնշտկված: Ձայներ էր արձակում, թռվռում էր, որ հանդարտվի:

Վագրն արթնացավ և մռնչաց, որ Թրեյսիի սիրտը շահի):

ԹՐԵՅՍԻ. Սուս մնա:

Վագրը կրկին մռնչաց

ԹՐԵՅՍԻ. Ես քեզ հետ չեմ խոսում:

ՎԱԳՐ. Ախր նրանք այնքան տաղտկալի են…

ԹՐԵՅՍԻ. Տաղտկալին դու ես: Ես կարծում էի դու հիմա կկատաղես ու մի այնպիսի բան կանես, իսկ դու…

ՎԱԳՐ. Բայց մի՞թե կարելի է դիմանալ այդ տաղտուկին:

ԹՐԵՅՍԻ. Դե, իհարկե: Չնչին փողը սեփական սապատով վաստակողը դու չես, ես եմ: Ամբողջ օրը քնում ես, և դա տաղտկալի չէ, ոչ էլ այս անիծյալ պարկերը. Պատկերացնու՞մ ես, ես սրանք քարշ կտամ քսան տարի հետո, երեսուն տարի հետո…

ՎԱԳՐ. Մինչ այդ Նիմոն կմահանա, և դու կգաս նրա տեղը:

ԹՐԵՅՍԻ. Նիմոն չի մահանա, քանի դեռ կա Շիվլին:

ՎԱԳՐ (մտազբաղ). Այո… Բայց դե մի՞թե դու ուզում ես, որ ես ճանկերս ցույց տամ և այս առևտրատունը հօդս ցնդի:

ԹԵՅՍԻ. Ոչ:

Շարունակում է տեղափոխել պարկերը, մտքում փնտրելով երգին հարմար բառերն ու մեղեդին: Դոփդոփելով պարկի ծանրության տակ՝ իրեն չափ է տալիս, կամաց-կամաց ուրվագծվում է երգի սկզբի նման ինչ-որ բան.

Թողել ենք նավը, ղեկը, լաստը,

Իսկ ծովը մութ է ու անծիր,

Հիմա ամեն ինչ անիմաստ է…

Իզուր այդպես դու շիկնեցիր…

Ինչի՞դ է կյանքը, իր իմաստը…

Ինչու՞, ինչու՞ այդպես դու շիկնեցիր..

ՊԱՏԿԵՐ   Գ

Իսկ առջևով սկսեցին այս ու այն կողմ քայլել փարթամ աղջիկները: Այնպես որ, ամեն պարկ տեղափոխելուց հետո Թրեյսին զգում էր, որ ոչ թե հոգնել է, այլ, ընդհակառակն, ավելի ու ավելի «ղզղնել»:

Եվ Թրեյսին սկսում է հորինել երգի հաջորդ տողերը.

ԹՐԵՅՍԻ (պարկը շալակած).

Շրշում են իմ շուրջը, շրշում

Շորեր ու շորեր կանացի.

Անցնում եմ մայթով փողոցի-

Շրշում են իմ շուրջը, շրշում:

Նրանց հետ էին նրանց աղջիկ կատուները, որոնց հետևից երբեմն չէր դիմանում և նետվում էր վագրը, բայց մի բուռն ղժղժոցից հետո հիասթափված հետ էր դառնում, որովհետև նրանք բոլորն էլ կատու էին, և ոչ թե վագրուհի: Եթե վագրուհիներ պատահում էին՝ թարսի պես ինքը՝ վագրն էր այդ սակավ անգամները ինչ-որ տեղ շտապելիս լինում: Հասցնում էր միայն շրջվել, ետևից նայել ու թախծոտ մռլտալ…

... Ահա կրկին մռլտաց և նետվեց մի աղջկա, թե վագրուհու վրա, այնպես որ ամեն ինչ իրար խառնվեց. դադարեցին տարբերվել միմյանցից մարդիկ, վագրերը և կատուները, որից հետո վերադարձավ կուզեկուզ, փոքր-ինչ փիտրահան եղած, և մռնչաց:

Թրեյսին կլանված աշխատում էր:

ԹՐԵՅՍԻ. Չեմ հասկանում:

ՎԱԳՐ. ՂԺՄԺ:

ԹՐԵՅՍԻ. Այսինքն:

ՎԱԳՐ. Ղ Ժ Մ Ժ Բ Ժ ԴԺ:

ԹՐԵՅՍԻ. Ի՞նչ:

ՎԱԳՐ. ՀՈԼԼԱ ՂԺՄԺԲԺ:

ԹՐԵՅՍԻ. Չհասկացա:

ՎԱԳՐ (համբերատար) ԲԺՄԺՂԺ:

ԹՐԵՅՍԻ. Թե ուզում ես բան հասկանամ՝ անգլերեն խոսիր:

ՎԱԳՐ. ԲԺ

ԹՐԵՅՍԻ. Մի կարճացրու բառերը: Երկարացրու, որ ես գլուխ հանեմ, թե ասածդ ինչ է:

ՎԱԳՐ. Ժ:

ԹՐԵՅՍԻ. Չեղավ: Կարգին խոսիʹր կամ էլ ձայնդ կտրիʹր:

Վագրը ձայնը կտրեց:

Թրեյսին սկսեց մտորել վագրի ասածների վրա ու հանկարծ գլխի ընկավ:

Դա պատահեց կեսօրվա նախաճաշին: Թրեյսին նստած էր ֆիրմայի մուտքի աստիճաններին, արևի շողերի տակ, սուրճ էր համտես անում ու լսում էր Նիմոյին, Փիբըրդիին ու Ռինգըրտին (երեքն էլ՝ տիկնիկ):

ՆԻՄՈ. Սուրճը սուրճի նման չէ:

ՓԻԲԸՐԴԻ. Իսկական սուրճը հանաք բան չի:

ՌԻՆԳԸՐՏ. Սուրճ համտեսելը քեֆ ու ուրախություն չի նշանակում:

ՆԻՄՈ. Ամեն ինչ ոչինչ, բայց ի՞նչ անել, եթե սուրճը բանի նման չէ: Հիշու՞մ ես, Ռինգըրտ, թե ինչ սուրճ էինք համտեսում հազար ինը հարյուր տասնութ թվին Սան-Պաուլոյում:

ՌԻՆԳԸՐՏ. Իհարկե, հիշում եմ:

ՓԻԲԸՐԴԻ. Ոչ, դու չես կարող հիշել: Դու այնօր դեռ չկայիր:

ՆԻՄՈ. Դու փոքրիկ էիր: Իսկ դու հիշու՞մ ես, Փիբըրդի:

ՓԻԲԸՐԴԻ. Իհարկե, հիշում եմ:

Նրանց դիմացով փողոցով անցնում է Լորա Լյութին: Ես նրան չեմ նկարագրում, քանի որ նա աննկարագրելի է: Գլխավորը, որ նա. ա) շեկ է, բ) միագույն հագուստով է, գ) նրա ոտքերը փեշի տակից չեն երևում՝ փեշը երկար է (այսօրվա համար՝ դեմոդե), սակայն երևում է, որ մարմինը կառուցիկ է:

Վագրի մկանները լարվեցին, նրա նրբագեղ գլուխը ձգվեց դեպի աղջիկը, պոչը վեր տնկվեց ու այդպես էլ մնաց, բռնված գրեթե աննկատելի դողով, ինչպես կիթառի լարը ձգելուց հետո: Եվ վագրը ցածրաձայն ու կատաղի մռլտաց.

-Ղղայյիջջ…

Մասնագետ սուրճ համտեսողները, գռմռոցը լսելով, ապշած շրջվեցին դեպի Թրեյսին.

ՓԻԲԸՐԴԻ. Ծ-ծ-ծʹ: Հազար ինը հարյուր տասնութ թվին Սան-Պաուլոյում նույնպես կային աղջիկներ: Բայց այսպիսի աղջիկներ… (համտես արեց սուրճը) Չկային… Հը՞, Նիմո:

ՆԻՄՈ. Ոչ, դու չես հիշում. կային, իհարկե… Բայց, իհարկե… Այո… (հոգոց է հանում)  Այսպիսի աղջիկներ…

ԹՐԵՅՍԻ (վագրին). Վերջապես հասկացա, թե ինչ էիր ուզում ասել:

ՎԱԳՐ (ցավոտ ձայնով, գլուխը էլ ավելի առաջ ձգելով, մինչ Թրեյսիի աչքերը սուզվեցին աղջկա աչքերի մեջ). ՂՂԱՅՅԻՋՋ…

Աղջիկը լսեց գռմռոցը, աչքերն աչքերի  մեջ առավ, մի պահ կարծես հապաղեց, մի պահ կարծես ժպտաց, ավելի ձգվեց իր շորի մեջ ու խաղացկուն հեռացավ:

(Կրկնում ենք. Լորան ոչ թե գրգռող աղջիկ էր, այլ՝ դքսուհի, թեև մնացած ամեն ինչն էլ տեղը տեղին):

Վագրը մեղմ մռլտաց:

ՆԻՄՈ. Կալիֆոռնիայում էդ տեսակ բա՞ն են ասում նման դեպքերում:

ԹՐԵՅՍԻ. ՂՌԲՌԺԴԼՄՆ:

ՓԻԲԸՐԴԻ. Նորից ասա:

Թրեյսին, ուշքը հեռացող աղջկան ու նրա հետևից ոստոստացող վագրին, կրկնեց:

ՓԻԲԸՐԴԻ. Լսեցի՞ր, Ռինգըրտ, ահա թե ինչ են ասում սրանք Կալիֆոռնիայում, երբ գեղեցիկ աղջիկ են տեսնում:

ՌԻՆԳԸՐՏ. Լսեցի, լսեցի:

ՆԻՄՈ. Լսելը լսեցիր: Իսկ կարո՞ղ ես կրկնել:

ՌԻՆԳԸՐՏ. Իհարկե, չեմ կարող: Եվ ձեզանից էլ, ծեր քյոպակ համտեսողներ, ոչ մեկը չի կարող:

ԹՐԵՅՍԻ (վագրին). Վաղը նորից կհանդիպենք նրան: Իսկ մյուս օրը կհրավիրեմ նախաճաշի:

ԵՐԳ (լսվում է բեմի խորքից).

Լսում եմ գարնան մի շրշյուն,

Կարծես թե անտառ գնացի –

Իսկ շուրջս շրշում են, շրշում

Շորեր ու շորեր կանացի…

ՊԱՏԿԵՐ Դ

Թրեյսին ու Լորան հանդիպեցին: Նրանց խոսքը ավելի կարևոր չէ, քան մնջախաղը. աղջիկը պիտի ցույց տա, որ ինքը… ոչ թե համաձայն է Թոմասի սիրուն, այլ՝ պարզապես ներողամտորեն թույլ է տալիս, որ Թոմասն իրեն պաշտի, ասենք թե՝ անգործությունից դրդված, և կամ մեկ այլ պատճառով, պատճառը կարևոր չէ, կարևորն՝ ինքը ոչ մի կաթիլ չի հանձնվում, ուղղակի՝ առանց ետին մտքի՝ «ընկերություն է անում»: Դե իսկ Թրեյսին սիրահարված է մոզիի պես:

Հանդիպելիս նրանք ինչ-որ մի արտառոց կերպով պիտի ողջագուրվեն, օրինակ՝ Թրեյսին՝ իր ձեռքերն իջեցնի նրա գավակին, և սակայն այդ շարժումներում ոչ մի կաթիլ գրգիռ չի լինելու, այլ միայն՝ կառնավալ (նույնը՝ բոլոր «գրգռիչ» դրվագների առիթով):

ԹՈՄ. Իմ անունը Թոմ Թրեյսի է:

ԼՈՐԱ. Գիտեմ: Արդեն ասել եք:

ԹՈՄ. Մոռացա:

ԼՈՐԱ. Պարզ է: Արդեն երեք անգամ ասացիք: (Դադար) Թոմ ասելով, իհարկե, Թոմասը նկատի ունենք:

ԹՈՄ. Այո: Թոմաս Թրեյսի: Ահա իմ անունը: Եղածը դա է: Այսինքն, անունս դա է: Անունը, իհարկե, դեռ ամբողջ մարդը չէ: Պարզապես Թոմաս Թրեյսի: Կրճատ՝ Թոմ, եթե, իհարկե, ուզեք կրճատել:

ԼՈՐԱ. Ոչ, չեմ ուզում:

ԹՈՄ. (առանձնահատուկ նշանակություն տալով այդ »չեմ ուզում»-ին) Չե՞ք ուզում: Ա-ա: Չեք ուզում… (հուզմունք)

Վագրը հայացքը հառել է ինչ-որ բանի ու ամբողջ մարմնով թրթռում է, դողում: Այդ «բանը» առաջ է գալիս, և պարզվում է, որ դա մի ջահել վագրուհի է:

ԹՈՄ. Չեեեք ուզում:

ԼՈՐԱ. Ոչ, չեմ ուզում: Ինձ դուր է գալիս Թոմաս Թրեյսի անունը ինչպես որ կա: Դուք իմ անունը չե՞ք հարցնելու:

ԹՈՄ. (խուլ ձայնով). Իսկապես, ի՞նչ է:

ԼՈՐԱ. Լորա Լյութի:

ԹՈՄ. ՕՕՕ…ՕՕՕ, Լորա Լյութի:

ԼՈՐԱ. Ձեզ դո՞ւր է գալիս:

ԹՈՄ. Դո՞ւր է գալիս արդյոք ինձ… Հըմ… Արդյո՞ք ինձ դուր է գալիս… Դուք դեռ հարցնու՞մ եք: ՕՕՕ, Լորա Լյութի:

Նրանք լռում են և սկսում են նախաճաշել և իհարկե, սուրճ ըմպել: Հետո շարունակում են խոսել՝ նախաճաշելով: Հիմնականում խոսում է խանդավառ Թրեյսին:

ԼՈՐԱ. Իսկ դուք ի՞նչ տեսակ մարդ եք:

ԹՐԵՅՍԻ. Ե՞ս: ես երջանիկ մարդ եմ:

ԼՈՐԱ. Մի՞թե աշխարհում կա երջանիկ մարդ:

ԹՐԵՅՍԻ. Այդ ես եմ: Դուք կհարցնեք՝ ինչու՞: Բացատրեմ: Աշխարհում այնքան վատ բան կա, որ քանի առողջ ես՝ իմաստ չունի լինել դժբախտ: Երբ ոչ մի հույս չունես որևէ լավ բանի՝ երջանիկ ես դառնում…

ԼՈՐԱ. Մի՞թե դա այդպես է կոչվում:

ԹՐԵՅՍԻ. Հավատացնում եմ, այո: Եվ, գիտեք ինչ, գուցե դա ես եմ մեղավոր… Աշխարհում այդքան պատերազմ ու սպանդ, իսկ ես՝ արանքով սպրդել, կենդանի դուրս պրծել և ահա ցցվել եմ այստեղ, ձեր առջև… Հարվածն անձամբ իմ գլխին չի իջել: Մերձավորներիս՝ այո, դիպել է, արյունլվիկ արել, բայց դա էլի ես չէի, համարյա ես էի, բայց ոչ լրիվ…

Եվ քանի դեռ ես կենդանի եմ՝ պիտի լինեմ: Իսկ լինելն ինքնին նշանակում է՝ երջանիկ: Եվ ես եկա այս քաղաք և քայլեցի փողոցներով և տեսա մարդկանց… Եվ տեսա, որ քաղաքը գեղեցիկ է, մարդկանց կյանքի համար հարմարավետ… Եվ ինձ ընդառաջ էին քայլում հետաքրքիր մարդիկ, զվարճալի, տարօրինակ և … սիրելի: Եթե նրանք չէին կարողանում ինչ-որ բանը անել այնպես, ինչպես պետք է՝ դա նրանից չէր, որ նրանք չեն ուզում… Դա նրանից է, որ դրվածքն էր այդպիսին… Իսկ ընդհանուր առմամբ՝ նրանք լավ մարդիկ էին… Եվ նրանք ինձ հետաքրքիր էին, նրանց տեսնելիս ես ուզում էի ժպտալ, հարցուփորձ անել, զգում էի, որ մենք միասին ենք, հասկանու՞մ եք, միմյանց անծանոթ ենք, սակայն, համախմբված, ուզում ենք մի ընդհանուր բան անել…

ԼՈՐԱ. Իսկ ա՞յժմ:

ԹՐԵՅՍԻ. Այժմ էլ: Պարզապես… Այժմ, հասկանու՞մ եք, ես ժամանակ չունեմ: Անընդհատ աշխատում եմ… Անընդհատ ինչ-որ տեղ եմ շտապում… Ժամանակ չկա… Անընդհատ ինչ-որ անկապ, անհետաձգելի գործեր… Այժմ էլ, դիմացս մարդիկ են գալիս՝ ժպտում եմ և անցնում. շտապում եմ…

Լորան նայում էր խոշոր, հասկացող հայացքով, լուռ ու հարգալից, ինչպես որ միշտ այդպիսի իրավիճակներում նայում են նրանք:

Հետո Թրեյսին թևանցուկ արեց Լորային, և նրանք անցան Օտտո Զեյֆանդի ֆիրմայի առջևով, սուրճ խմող Նիմոյի, Փիբըրդիի ու Ռինգըրտի առջևով: Նրանք կանգնած էին, ինչպես միշտ, և պտտեցնում էին իրենց սրճաղացները. Փիբըրդին՝ իր փոքրիկ սրճաղացը, Նիմոն՝ իր հսկայական երգեհոն-սրճաղացը: Հետո Թրեյսին Լորային ճամփու դրեց մինչև իրենց տուն: (Ողջ այդ ճամփան բեմի վրայով՝ հանդարտ կիսապար-պտույտների միջոցով):

ԹՐԵՅՍԻ. Վաղը (ինքն էլ չիմացավ, թե ինչ է ուզում ասել, բայց հուսալով, որ նա գիտի):

ԼՈՐԱ. Այո:

Ճամփու դնելիս՝ երկու վագրերը հանգիստ քայլում էին կողք կողքի: Այժմ, հրաժեշտին, Թրեյսիի վագրը գռմռաց: Լորայի վագրը թեթևակի ժպտաց, կախեց գլուխը, շրջվեց ու հեռացավ:

Թրեյսին ետ դարձավ Օտտո Զեյֆանդի ֆիրման, սուրճ համտեսողներին:

ՆԻՄՈ. Թրեյսի… Հուսով եմ՝ կապրեմ այնքան, որ տեսնեմ, թե այս ամենը ինչով կվերջանա:

ԹՐԵՅՍԻ (գործի անցնելով). Հուսով եմ՝ մենք բոլորս այդքան կապրենք (երգի լեյթմոտիվը):

Վագրը կանգնած էր փողոցի մեջտեղում՝ չորս ոտքը չռած և աչքերը հառած անսահմանությանը: Երբ Թրեյսին գործն ավարտեց՝ նկատեց, որ վագրն այդպես էլ մնացել է կանգնած: Ինքն էլ կանգնեց նրա կողքին՝ խանգարելով գործից տուն շտապող ամբոխին հասնել մետրո՝ «Մ»:

ՊԱՏԿԵՐ Ե

Միսիս Լյութի, Միսթըր Լյութի (տիկնիկներ), Լորա:

ՄԻՍԻՍ ԼՅՈՒԹԻ (բազկաթոռում նստած). Ի՞նչ եղավ այն հետաքրքիր մարդը՝ Շերմանը:

ՄԻՍԹԸՐ ԼՅՈՒԹԻ (պատուհանի մոտ՝ թերթ է կարդում և ծխամորճ ծխում). Ի՞նչ Շերման:

ՄԻՍԻՍ ԼՅՈՒԹԻ. Դե, նա, որը մի օր հյուր էր եկել մեզ:

ՄԻՍԹԸՐ ԼՅՈՒԹԻ (կլանված). Չեմ հիշում:

ՄԻՍԻՍ ԼՅՈՒԹԻ. Շատ սիրալիր անձ էր: Գիտեր, թե վարվեցողության կանոնները որոնք են:

ՄԻՍԹԸՐ ԼՅՈՒԹԻ. Իսկապե՞ս:

ՄԻՍԻՍ ԼՅՈՒԹԻ. Միայն թե չեմ հիշում՝ անունը Շերման էր, թե… Գլիըր…

ՄԻՍԹԸՐ ԼՅՈՒԹԻ. Մի՞թե:

Դռան զանգ: Լորան նետվում է բացելու: Ներս են մտնում Թոմն ու Վագրը:

ԹՈՄ. Բարի օր:

ԼՈՐԱ. Բարև ձեզ: Համեցեք: (ներսում) Հայրիկ, թույլ տուր ներկայացնել. Միսթըր Թոմաս Թրեյսի:

ՄԻՍԹԸՐ ԼՅՈՒԹԻ (թերթից կտրվելով, ակնոցի վրայից). Ա-ա, բարև ձեզ, բարև ձեզ: Համեցեք, նստեք: Շատ հաճելի է: Բարև ձեզ:

Առանձին՝ սեղմում է վագրի թաթը: Վագրը շոյված է:

ՄԻՍԻՍ ԼՅՈՒԹԻ (ձեռքը մեկնում է այնպես, որ անհնարին է այն չհամբուրել. Թոմը համբուրում է և կատիկը թռչում է, սկսում է հազալ խեղդվելով, մինչև Լորան մի երկու անգամ չի զարնում նրա մեջքին). Ասացեք, դուք ազգականը չե՞ք արդյոք այն Թոմաս Թրեյսիի, որը գծագրել էր Քանզըս Սիթիի առաջին շոգեքարշը: Օյ…

Ճչալու պատճառն այն է, որ Վագրը նույնպես հավակնում է համբուրել առաջ պարզված ձեռքը և սուր բեղով ծակում է այն, վախեցնելով ձեռքի տիրոջը (կամ լիզում է շերշավի լեզվով):

ԹՐԵՅՍԻ. Ոչ, ես հեղինակակիցն եմ:

ՄԻՍԻՍ ԼՅՈՒԹԻ. Ա-ա, շատ հաճելի է, շատ հաճելի է: Ես իսկույն զգացի, որ ձեր ազգանունների միջև ինչ-որ նմանություն կա: Նա շատ, շատ, պատկերացրեց, կիրթ և պատրաստված անձ էր: Գիտեր, թե վարվեցողության կանոններն ինչ են նշանակում: Դուք էլ, ինձ թվում է…

ՄԻՍԹԸՐ ԼՅՈՒԹԻ (պատուհանից դուրս նայելով). Եկեղեցու մոտ ինչ-որ բան է կատարվում…

ՄԻՍԻՍ ԼՅՈՒԹԻ (արհամարհանքով). Ահ, թանկագինս, մի՞թե կարող է այնտեղ ինչ-որ հետաքրքիր բան կատարվել:

ՄԻՍԹԸՐ ԼՅՈՒԹԻ. Առանձնապես, իհարկե, ոչինչ էլ չի կարող կատարվել, բայց միշտ էլ պետք է, եթե հնարավորություն ունես, չզլանալ ու ներկա գտնվել այնտեղ, որտեղ ինչ-որ բան կարող է կատարվել: Չխառնվել, իհարկե: Բայց ներկա լինել՝ պետք է: Ես գնամ տեսնեմ…

Շտապ դուրս է գալիս:

ՄԻՍԻՍ ԼՅՈՒԹԻ. Իմ ամուսինը սիրում է կիրակի օրերը նստել այս պատուհանի առջև: Սա եկեղեցու ճանապարհն է, և բոլոր ծանոթներն այստեղով անցնում են, բոլոր լուրերն իմացվում են:

ԹՐԵՅՍԻ. Շատ կարևոր է իմանալ բոլոր լուրերն ու իրադարձությունները:

ԼՈՐԱ. (շոկոլադե կոնֆետների մի հսկայական տուփ բերելով ու դնելով սեղանին՝ Թոմասի և իր մոր առջև). Ես տեսնում եմ՝ դուք արագ լեզու գտաք: Ես գնամ բերեմ իմ ավարտական վկայականը, որի մասին պատմել եմ Թոմասին և որտեղ իմ ազգանունը սխալ են գրել, Լյութիի փոխարեն՝ Լութի:

Դուրս է գալիս սենյակից:

ՄԻՍԻՍ ԼՅՈՒԹԻ. Ահ, այո, այդ կոպիտ անտաշները… Պատկերացնու՞մ եք, դրանք նույնիսկ մի ազգանուն չեն կարողանում գրել առանց սխալների: Դե, էլ ի՞նչ կարող է լինել, ձեր կարծիքով, նրանց սովորեցրածը… (շոկոլադե կոնֆետ առաջարկելով Թոմին, առանձին՝ Վագրին. շոկոլադները հսկայական են՝ բեզեի չափ) համեցեք, վերցրեք: Մի քաշվեք:

ԹՈՄ. Շնորհակալություն, պարզապես, ես քաղցր շատ չեմ կարողանում ուտել: (Այնուամենայնիվ՝ վերցնում է, քաղաքավարությունից դրդված: Միանգամից դնում է բերանը:  Քիչ է մնում խեղդվի, կուլ է տալիս: Վագրը թաթով զարկում է նրա մեջքին, որ կատիկը տեղը գա: Բերանը շոկոլադի մեջ կորած է, աչքերը՝ չռված, ինքը՝ կարմրատակած, շեկ մազերը՝ խառնշտկված. իսկույն կորցրել է իր «պաշտոնական», «կիրակնօրյա», տեսքը: Ծամելու ընթացքում.) Ես… շատ… անբռնազբոսիկ… անձնավորություն եմ… այնպես որ... չեմ քաշվում…

ՄԻՍԻՍ ԼՅՈՒԹԻ (վագրին). Համեցեք:

Վագրն էլ է համփ անում ու կուլ տալիս, մի քիչ զոռելով, ևս մեկ հսկայական կոնֆետ:

ՄԻՍԻՍ ԼՅՈՒԹԻ. Ես սիրում եմ հյուրասիրել: Հյուրասիրվեք, համեցեք, խնդրեմ: Եվ սիրում եմ մարդկանց, որոնք իրենց ախորժակը չեն կաշկանդում: Թվում է, չէ՞ որ նորմալ բան է. շոկոլադե կոնֆետ պետք է սիրեն բոլորը: Բայց, արի ու տես, շատերը փորձում են խուսափել ուտելուց, ձև թափել, իբր չեն սիրում… Եվ այդ ամենը՝ կեղծ, շինծու համեստությունից ելնելով… Համեցեք, ևս մեկը…

ԹՈՄ. Ես… ը-ը.. (ուզում է հրաժարվել: Ձեռքն է թափ տալիս: Չի օգնում. միսիս Լյութին զոռով խցկում է նրա բերանը՝ Ը-ը-մ…

Միսիս Լյութին անձեռոցիկը մեկնում է նրան և օգնում է մաքրել նրա բերանը: )

ՄԻՍԻՍ ԼՅՈՒԹԻ. Համեցեք (վագրին):

Վագրը ճգնում է պահպանել վարվեցողության կանոնները:

ԹՈՄ. (Հազիվ շունչ քաշելով). Շնորհակալություն: Շատ համեղ էր: Դա դու՞ք եք պատրաստել…

ՄԻՍԻՍ ԼՅՈՒԹԻ. Օ-օ, ոչ, ի՞նչ եք ասում: Դուք ինձ շոյում եք (ինքն էլ արդեն երրորդն է խժռում): Եթե ես պատրաստեի՝ ինքս չէի կարողանա վայելել թեև ձեզ, անշուշտ, ավելի համեղ կթվար…

ԹՈՄ. (վախվխելով). Անտառակույս:

ՄԻՍԻՍ ԼՅՈՒԹԻ (վերցնելով նորը). Համեցեք. խնդրեմ: Հրամմեցեք: Միʹ դանդաղեք: Պետք է ավելի վճռական լինել:

ԹՈՄ. Ես վճռական եմ: (Հերթական կոնֆետի մասին) Օ, ոչ, ինչ եք ասում՝ շնորհակալություն: Ես էլ չեմ կարող:

ՄԻՍԻՍ ԼՅՈՒԹԻ (տակնիվեր). Չեք կարող ի՞նչ: Մի՞թե: Չի կարող պատահել:

ԹՈՄ. Դե, եթե դուք այդքան համառն եք…

Վճռականորեն խժռում է կոնֆետը և ոտքի կանգնում, ջղայնացած սկսելով ետ ու առաջ քայլել բազմոցին նստած միսիս Լյութիի գլխավերևում:

Միսիս Լյութին չի մոռանում վագրին տալ իր բաժինը: Վագրը փշաքաղվում է, բայց, խեղճացած, ուտում… Ասես լուսնոտ լինի:

ՄԻՍԻՍ ԼՅՈՒԹԻ. Օ, ոչ, ի՞նչ եք ասում, մի կողմից, ես, իհարկե, այո, իրոք, չափազանց համառն եմ, սակայն մյուս կողմից… Ես բոլորովին էլ համառ չեմ: Ես պարզապես մի փափուկ և նրբանկատ կին եմ, ինչպես այս բարեհամբույր փիսիկը:

Շոյում է վագրին: Վագրի մորթը բիզ բիզ է կանգնում նրա ձեռքից հետո, ասես մագնիսի ազդեցությամբ: Վագրը խուլ գռմռում է:

ՄԻՍԻՍ ԼՅՈՒԹԻ. (արագորեն ձեռքը ետ քաշելով). Օյ…

(Թոմասին) Մի վարանեք: Հրամմեցեք: (Թրեյսիի կողմն է կրկին հրում հսկայական կոնֆետների տուփը: Թրեյսին ընկրկում է:) Դե ի՞նչ, ձեզ տեսնենք: Տեսնենք որտե՞ղ է ձեր տղամարդկությունը:

ԹՈՄ. Այնպես եք ասում, որ ինձ մնում է…

ՄԻՍԻՍ ԼՅՈՒԹԻ. (հերթական կոնֆետը վերցնելով.. Անհասկանալի է, և ինքն էլ է կասկածում՝ ի՞նքը ուտի, թե՞ Թրեյսիին կերցնի). Այո, կատարեք այդ արարքը, որովհետև, դե, իհարկե, եթե մարդ կարող է անել՝ միշտ պետք է անի: Անհնարին է. կարողանալ անել և չանել…

ԹՈՄ. Ես շատ բան կարող եմ անել…

ՄԻՍԻՍ ԼՅՈՒԹԻ. Դուք, տղամարդիկ, միշտ այդպես եք ասում…

ԹՈՄ. Բայց ես միշտ արել եմ, ինչ որ ասել եմ:

ՄԻՍԻՍ ԼՅՈՒԹԻ. Դե՞, արա, ինչ որ կարող ես՝ արա, ինչու՞ չես անում:

ԹՈՄ. Ինչպես. հենց այսպես, հանպատրաստից, վերցնեմ և անե՞մ:

ՄԻՍԻՍ ԼՅՈՒԹԻ. (հանգիստ, ծուլորեն խժռելով կոնֆետը). Արա, արա:

ԹՈՄ. Դե արի ու մի արա…

ՄԻՍԻՍ ԼՅՈՒԹԻ. Իսկ քեզ ո՞վ է ասում մի արա: Ոնց թե: Հենց եթե կարող ես՝ արա… Ասենք, դու ի՞նչ կարող ես անել, որ…

ԹՈՄ. Սատանան ասում է…

ՄԻՍԻՍ ԼՅՈՒԹԻ. Դե, արա, է՞, մենակ խոսում ես:

ԹՈՄ. Անե՞մ:

ՄԻՍԻՍ ԼՅՈՒԹԻ. Արա: Քեզ տեսնենք:

ԹՈՄ. Ի՞նչ անեմ:

ՄԻՍԻՍ ԼՅՈՒԹԻ. Օ, աստված իմ: Ինչպիսի բթամտություն: Դե գոնե մի բան արա: Գոնե մի բան: Ինչը որ կարող ես:

Թոմն աչքերը փակում է և երկու ձեռքով բռնելով միսիս Լյութիի դեմքը՝ տապալում է նրան բազմոցի վրա և այդպես պահում երկու ձեռքով: Ներս է մտնում Լորան՝ վկայականը ձեռքին:

ԹՈՄ. Արեցի…

Վագրը մռնչյունով նետվում է նրա վրա: Թոմը հազիվ է հասցնում ետ ցատկել: Վագրը թափով շուռ է գալիս և կրկին ցատկում իր վրա: Թոմը հազիվ է խուսափում: Վազքի թափը վագրն արգելակում է, ընդհարվելով Լորայի վագրուհու կատաղի հայացքին: Եվ գլխապատառ պտտվում ու դուրս է նետվում բնակարանից՝ պոչը քաշած: Միա—ա-ու-ու…

ԹՈՄ. (հազում է) Ըհը-ըհը… Հըմ: (Վերցնում է գլխարկը, աչք ածում շուրջն, ուզում է ինչ-որ բան ավելացնել, տեսնելով տուփը՝ սկսում է հազալ ու դուրս է գալիս):

Դրսում գրված է «բրոդվեյ»: Այնտեղ ամբոխ կա: Սկզբում վագրը չկա, հետո կամացուկ գալիս հայտնվում է Թոմի ոտքի մոտ: Թոմը ձեռքը դնում է վագրի գլխին:

ԹՈՄ. Էլ այդպիսի բան չանես:

Նրանք մոտենում են եկեղեցուն: Վրան գրված է. «Սուրբ Պատրիկ»:

Մտնում են ներս:

ՀՆՈՏԻԱՎԱՃԱՌ (Դուրս է գալիս՝ պարկը ուսին: Ձեռքին՝ սուրճով լի գավաթը, որ համտես է անում: Պարկը դնում է գետնին, բացում, շոկոլադի կոնֆետով տուփը մտցնում մեջը, և Լորա Լյութիի որբացած վկայականը՝ հսկայական, կարմիր և ոսկերիզ, շքեղ…) Հաջորդ օրը Թոմը գնաց Վալորայի մոտ և ասաց, որ վերադառնում է Սան-Ֆրանցիսկո: Թոմի երգի չորսը կիսատ տողը անպետք դուրս եկան: Թղթի պատառը, որի վրա Թոմը խնամքով գրի էր առել բառերը, կորավ, իսկ մեղեդին մոռացվեց: Նիմոն հարցրեց Թոմին, թե ի՞նչ եղավ այն աղջիկը: Թոմը պատմեց, որ գնաց նրանց տուն հյուր, վեցը հատ շոկոլադե կոնֆետ կերավ և հետո համբուրեց նրա մորը: Նիմոն զարմանքից սկսեց զկռտալ: Իսկ ի՞նչ է լինելու հետո, ասաց: Ի՞նչ պիտի լինի, ասաց Թոմը, մի օր ես կրկին դուրս կգամ ընդմիջմանը սուրճ համտեսելու, և փողոցով մեկ այլ աղջիկ կանցնի… Բայց դա այլևս այն աղջիկը չի լինի, ասաց Նիմոն: Նիմոն այդ ամբողջ օրը զկռտաց, հաջորդ օրն աշխատանքի չեկավ և մի քանի օրից զկռտոցից մահացավ: Եվ ես դարձա նրա փոխարինողը համտեսման բաժնում: Իսկ Թոմը վերադարձավ Ֆրիսկո:

Հնչում է մոռացված կիսատ երգի կիսատ երաժշտության ֆրազը: Հնոտիավաճառը հանում է «Օտտո Զեյֆանդ և որդիներ» սուրճի առևտրատուն» ցուցանակը և դնում պարկի մեջ: Փիբըրդին հանում է բաճկոնը, խնամքով ծալում, դնում աթոռին, վրան՝ իր փոքրիկ սրճաղացը, և թողնում գնում: Ռինգըրտը վերցնում է Նիմոյի երգեհոն սրճաղացը, նետում քաղաքակրթության թափոնների կույտի մեջ և նույնպես հեռանում: Երգեհոնը երգելու փոխարեն տխուր ճռռում է, և միջից պռուժին (գռեհիկ զսպանակ) է դուրս ցցվում:

ԱՐԱՐ Բ

ՊԱՏԿԵՐ Ա

ՀՆՈՏԻԱՎԱՃԱՌ (ելնում է պարկը ձեռքին, բացում նստում կողքը և սկսում դիտել մեջը) Եթե սա լիներ հազար տարի առաջ՝ իմ հավաքած ամեն իրը մեծ արժեք կունենար, կլիներ հնէաբանական հայտնագործություն, կվկայեր մարդկային հանճարի խորքն ու այն, որ մարդու կողմից, աշխատասիրված, խնամված, մշակված իրերը նրա հատկանիշներն են ձեռք բերում, մարդկայնանում, շնչավորվում… Բայց մարդիկ շատացել են, իրերը՝ նույնպես, և էժանացել. և, ով գիտի, աստված չտա՝ մի ատոմային պատերազմ է պետք, որ պայթի, որ այս կտորտանքը, որ այս բեկորները արժեք ձեռք բերեն… Բայց… ես դրանց հավաքում, պահում եմ, դրանք ինձ թանկ են, որովհետև թանկ էին Թոմ Թրեյսիի համար… Ահա այն փողը, որ նա հարում էր, երբ երեք տարեկան էր:

(Հանում ու նվագում է՝ տուու…)

Իսկ ահա այն մեկը՝ երբ տասնհինգ տարեկան էր:

(Շեփորը հանում ու շեփորում է):

Իսկ ահա այն հեծանիվը (այսինքն՝ այն, ինչ մնացել է այդ հեծանվից), որով նա տասնվեց տարեկանում ողջ թափով ընդհարվեց Քանզըս-Բոսթըն գնացքի շոգեքարշին: Իր բախտից՝ շոգեքարշն անշարժ կանգնած էր:

(Ամբողջ հեծանվից մնացել է մի ակ միայն և զանգը, որը և խաղավարը զրնգացնում է, հանելով այդ իրերը քաղաքակրթության թափոնների կույտի միջից):

Իսկ ահա… (Ոտքի է կանգնում)

Օ՜, սրտեր, որ խորտակվել եք վաղեմի ժամանակներում, օ՜, սրտեր, որ խորտակվում եք ներկայումս, օ՜ սրտեր, որ պիտի խորտակվեք ապագայում, Նիմոն չկա, Լորա Լյութին կորավ, օրերից մի օր Թրեյսին քսանյոթ տարեկան դարձավ ու նորից հայտնվեց Նյու Յորքում ու քայլեց փողոցից փողոց, ինչպես վեց տարի առաջ: Բրոդվեյից թեքվեց Ուորեն Սթրիթ ու քայլերն ուղղեց դեպի Օտտո Զեյֆանդը, բայց… այդ տեղում հիմա Օտտո Զեյֆանդ չկար…

Ցուցանակ. գրված է՝ «Քենիի ապրանքատուն»:

Բեմում երևում է Թրեյսին՝ վագրի հետ: Մոտենում են Սուրբ Պատրիկ եկեղեցուն: Մուտքի մոտ կանգնած են փոքրիկ աղջիկ ու տղա: Վագրը գնում, կանգնում է նրանց կողքը: Թոմը զմայլված նայում է նրանց: Հետո մոտենում, ձեռքը դնում է վագրի գլխին:

Հանկարծ զարմանքով նկատում է, որ մարդիկ իրենցից հեռու են փախչում, խմբվում որքան կարելի է հեռու և մատով ցույց տալիս, ոմանք՝ լուսանկարում: Թրեյսին ուզեց մոտենալ նրանց, որ իմանա, թե ինչ է պատահել, բայց դիմացի մարդիկ ցիրուցան եղան, ոմանք՝ գոռալով, իսկ մի կին էլ՝ սարսափահար ճչալով:

Թրեյսին նայեց վագրին:

ԹՐԵՅՍԻ. Այս ի՞նչ է, սկսել են քեզ տեսնե՞լ, ինչ է:

ՎԱԳՐ. ՂՂԱՅՅԻՋՋ

Մի քանի շուն սկսեց հաչել՝ ձգելով վզների փոկերը, ջանալով հասնել ու հարձակվել:

Թրեյսին որոշեց մտնել եկեղեցի: Նրանք մտան:

Գունապակե պատուհաններ, ողջ պատը՝ երգեհոնի մետաղաշար, խունափայլ, տարաչափս փողերը, երկու կողմում՝ արծաթե-ոսկյա արձաններ՝ Աստվածամոր և Հովհաննես Մարգարեի, վերևում՝ օդում՝ սև խաչի վրա՝ Փրկիչը:

Երգեհոնային երաժշտություն: Մարդկանց հանգիստ, լուսավոր դեմքեր: Հանկարծ՝ վագրին ի տես ՝ խուճապ:

ԹՈՄԱՍ. Անախորժ բան ստացվեց:

ՎԱԳՐ. Ղղայիջ:

ԹՈՄԱՍ. Առաջ այդպիսի բան չէր եղել, դու հո գիտես:

ՎԱԳՐ. Ղայիջ:

Լռություն: Թոմասը լուռ է, գուցե աղոթում է: Հեռվում շրխկալով փակվում են դռները:

ԹՈՄԱՍ. Ինչ խոսք, գեղեցիկ տեղ է: Բայց վեց տարի առաջ ուրիշ էր. մարդիկ լիքն էին, և բոլորն ուրախ, ոչ թե հիմիկվա պես փախչում էին լեղապատառ:

Եկեղեցուց դուրս եկան: Ցերեկվա լույս: Ուղիղ դիմացները՝ մի տանկ, հրանոթն՝ իրենց կողմը: Լուսարձակներ: Կողքը՝ ևս մեկ տանկ: Հեռվում՝ ևս երկուսը:

ԹՐԵՅՍԻ. Ի՞նչ է պատահել:

ՏԱՆԿԻ ՎԱՐՈՐԴ. Ի սեր աստծո, մի կողմ քաշվիր: Դու, ինչ է, չե՞ս տեսնում կողքիդ գազանին:

ԹՐԵՅՍԻ. Իհարկե, տեսնում եմ:

ՎԱՐՈՐԴ. Դու հեռու քաշվիր, մարդ աստծո, որ մեր մարդիկ կարողանան կրակել ու սպանել դրան:

ԹՐԵՅՍԻ. Սպանե՞լ: Հո չե՞ս գժվել:

Եվ նա քայլեց փողոցով:

Վարորդը միացրեց շարժիչը և դանդաղ ընթացավ կողքից, համոզելով Թրեյսիին, որ մի կողմ քաշվի:

Նրանց զրույցը լսվում է բարձրախոսից:

ՎԱՐՈՐԴ. Մի կողմ քաշվիր, այ մարդ:

ԹՐԵՅՍԻ. Տար մեքենադ ավտոկանգառ կամ էլ ուր որ հարկն է:

ՎԱՐՈՐԴ, Հեռու քաշվիր, մեկ է՝ պիտի կրակենք:

ԹՐԵՅՍԻ. Այդպիսի բան չանեք:

ՎԱՐՈՐԴ. Դե, լավ: Մեղքը քո վիզը:

Կրակոց: Թրեյսին նայեց՝ վագրին հո չի դիպել:

Վագրն արագավազ էր, ավելի արագավազ, քան Թրեյսին կենթադրեր: Երբ նա հավասարվեց երկրորդ տանկին, թնդաց մի նոր կրակոց, վագրը վեր ցատկեց ու ընկավ, իսկ երբ նորից վազեց, Թրեյսին տեսավ, որ նա վազում է առջևի աջ թաթը վեր պահած:

Թրեյսին սկսեց վազել, որ հասնի վագրին:

Համազգեստավոր երեք մարդ կանգնեցրին նրան, զսպաշապիկ հագցրին և սկսեցին հրել երկրորդ տանկի մեջ:

ԹՐԵՅՍԻ. Ինչու՞ եք ուզում իմ վագրին սպանել:

ՊԱՏԱՍԽԱՆ. Այդ գազանը երեկ երեկոյան փախել է կրկեսից, վիրավորելով ծառայողին:

ՊԱՏԿԵՐ Բ

Թրեյսին նստած էր երկար-երկար թիկնակով չոր, կոշտ փայտյա աթոռի վրա, զսպաշապիկը կապած: Սենյակը լի էր թղթակիցներով, լուսանկարիչներով, ոստիկաններով, կենդանիներ վարժեցնողներով և էլի շատ ու շատ ուրիշ մարդկանցով:

ԹՐԵՅՍԻ (դատարկությանը). Եթե դու իսկապես իմ վագրը չես, ինչպես սրանք ասում են, ապա ինչ էլ որ լինես՝ իմ վագրը՝ իմը, որը որ ինձ հետ է համարյա ծնված օրից, ինձ է կպած արդեն հարյուր տարի՝ նույնպես ինձ հետ չէ, դա անսովոր է:

Թրեյսին նստած էր մենակ:

Վագրը  նրա ոտքերի մոտ, հատակին չէր:

Եվս մեկ նոր մարդ ներս մտավ:

- ...Պինգիցեռը,- հասավ Թրեյսիի ականջին.- դոկտոր Պինգիցեռը:

Դա յոթանասունի մոտ մի փոքրիկ մարդ էր, ժպիտը դեմքին:

ՊԻՆԳԻՑԵՌ (ամբոխին, արագ). Բանն  ի՞նչ է:

Փորձագետները շրջապատեցին նրան ու փսփսացին ականջին:

ՊԻՆԳԻՑԵՌ (արագ մոտենալով Թրեյսիին). Ահ-հա: Տղաս: Ես Ռուդոլֆ Պինգիցեռն եմ:

Թրեյսիին ոտքի կանգնեց ու փորձեց զսպաշապկի երկար թևքի ծայրը մեկնել դոկտորին:

ԹՐԵՅՍԻ. Թրեյսի, Թոմաս:

ՊԻՆԳԻՑԵՌ. Ահ-հա: Թրեյսի Թոմաս: (Մյուսներին) Գուցե ինձ համա՞ր էլ մի այսպիսի աթոռ…

Իրարանցում: Աթոռներ շատ կան, այդպիսին՝ չկա: Վերջապես՝ բերվեց:

ՊԻՆԳԻՑԵՌ. Ես յոթանասուներկու տարեկան:

ԹՐԵՅՍԻ. Ես՝ քսանյոթ տարեկան:

ՊԻՆԳԻՑԵՌ (ծխամորճը վառելով, փստփստացնելով). Ես ունեմ կին՝ վաթսունինը տարեկան, հոգեբույժ, տղա՝ քառասուներկու տարեկան, հոգեբույժ, տղա՝ երեսունինը տարեկան, հոգեբույժ, աղջիկ՝ երեսունվեց տարեկան, ինքը կասի երեսունմեկ տարեկան, հոգեբույժ, բնակարան, կահույք, դաշնամուր, գրամեքենա, հեռուստացույց, սառնարան, փոշեկուլ: Հեռուստացույցը չի աշխատում:

ԹՐԵՅՍԻ. Պետք է նորոգել:

ՊԻՆԳԻՑԵՌ. Ահ: Ինքս չեմ օգտագործում: Թոռներիս համար է: Խաղում են: երբ մեծանան՝ կնորոգենք: Հեչ բան է: Ունեցածս այդ է, մեծ մասը՝ հոգեբույժներ:

 

ԹՈՄԱՍ. Իսկ փո՞ղ:

ՊԻՆԳԻՑԵՌ (առատորեն ծխախոտափոշի թափ տալով ինքն իր վրա և չբարեհաճելով նույնիսկ թափ տալ վրայից). Ոչ, այդքան հոգեբույժ մի ընտանիքում: Գժվելու բան է: Վրաս թանկ է նտում: Ունեմ, այո, գրքեր: Հա, մոռացա. ունեմ մահճակալ: Քնելու համար: Գիշերը: Պառկում եմ: Քնում եմ: Փոփոխություն է:

 

ԹՐԵՅՍԻ. Բարեկամներ ունե՞ք:

 

ՊԻՆԳԻՑԵՌ. Շատ… Իհարկե, երբ ասում եմ բարեկամներ… (Օդում արագ-արագ շարժում է մատներն ու տարօրինակ ձայներ հանում) այսինքն, դուք հասկանում եք… (Նորից տարօրինակ ձայներ) Իհարկե: Ի՞նչ իմանաս:

 

ԹՐԵՅՍԻ. Եկեղեցի հաճախու՞մ եք:

 

ՊԻՆԳԻՑԵՌ. Ահ: Այո: Զգացմունք, սիրում եմ: գեղեցիկ է:

 

ԼՐԱԳՐՈՂ (առաջ գալով). Մտադիր չե՞ք ինքներդ հարցեր տալ:

 

ՊԻՆԳԻՑԵՌ (արագ). Ահ-հա. երբ դոկտոր Պինգիցեռը հարցեր տա, սենյակը լինի դատարկ:

 

ՈՍՏԻԿԱՆ ՍՊԱ. Լսեցի՞ք դոկտորի ասածը: Բոլորդ դուրս:

 

Ներկաները փորձեցին դիմադրել, բայց, ի վերջո, սենյակը դատարկվեց: Դոկտորն, ամենայն խաղաղությամբ, փստփստացրեց ծխամորճը, ժպտաց Թրեյսիին ու ննջեց: Թրեյսին էլ էր արդեն հոգնած, այնպես որ ինքն էլ ննջեց: Ծերուկը խռմփացնում էր, Թրեյսին՝ սվսվացնում:

Քիչ հետո դուռը լայն բացվեց, և մի լուսանկարիչ արագ լուսանկարեց աթոռների մեջ քնած երկու մարդկանց:

Ներս մտավ ոստիկան սպան: Արթնացրեց դոկտորին:

 

ՊԻՆԳԻՑԵՌ. Ոչ: Շատ կարևոր:

 

ՈՍՏԻԿԱՆ (անուննը՝ Հյուզինգա). Լավ, դոկտոր:

 

Դուրս եկավ:

Ծերուկը նստել նայում էր, մինչև Թրեյսին արթնանա:

 

ՊԻՆԳԻՑԵՐ (իսկույն). Երազում տեսա Վիեննան:

 

ԹՈՄ. Վաղուց չե՞ք եղել:

 

ՊԻՆԳԻՑԵՌ. Քսան տարի առաջ: Վաղուց, շատ վաղուց: Պաղպաղակ քաղաքապետարանի ժամացույցի տակի կրպակից: Հատկապես վանիլով:

 

ԹՐԵՅՍԻ. Սուրճ սիրու՞մ եք:

 

ՊԻՆԳԻՑԵՌ (կրքոտ) Սու՞րճ: Սուուրճ: Ես Վիեննայից եմ: Մոր կրծքից հետո՝ սուրճ՝ միշտ: Ահ-հա (գոռում է) սուուրճ, խնդրեմ:

 

Հյուզինգան բերում է սուրճը:

 

ՊԻՆԳԻՑԵՌ. Սուրճ խմիր: Բա՞ն է պատահել: Ես ոչինչ չգիտեմ: Ինձ չասեն:

 

ԹՐԵՅՍԻ. Նրանք կրակեցին իմ վագրի վրա:

 

ՊԻՆԳԻՑԵՌ. Ցավալի է:

 

ԹՐԵՅՍԻ. Սկզբում չդիպավ, բայց նա սկսեց փախչել, երկրորդը դիպավ ոտքին:

 

ՊԻՆԳԻՑԵՌ. Քո՞ վագրն է:

 

ԹՐԵՅՍԻ. Այո:

 

ՊԻՆԳԻՑԵՌ. Ինչու՞:

 

ԹՐԵՅՍԻ. Քսան տարի է ինձ հետ է:

 

ՊԻՆԳԻՑԵՌ. Ահ: Վագր է, ինչպես շունը՝ շու՞ն:

 

ԹՐԵՅՍԻ. Ոչ, իհարկե: Համենայն դեպս, մինչև այսօր այդպիսին չէր: Բայց այսօր նա հանկարծ իրոք իսկական էր, չնայած էլի իմ վագրն էր:

 

ՊԻՆԳԻՑԵՌ. Ինչու՞ են նրանք ասում՝ վագրը փախել է կրկեսից:

 

ԹՐԵՅՍԻ. Չգիտեմ:

 

ՊԻՆԳԻՑԵՌ. Հնարավո՞ր է:

 

ԹՐԵՅՍԻ. Երևի: Կրկեսի վանդակից ով էլ կարողանա՝ կփախչի: Դուք չէի՞ք փախչի:

 

ՊԻՆԳԻՑԵՌ. Եթե կարողանայի՝ անպայման: (Դադար) Դուք վախենա՞լ վագրից:

 

ԹՐԵՅՍԻ. Դուք վախենո՞ւմ եք ձեր հոգեբույժ երեխաներից:

 

ՊԻՆԳԻՑԵՌ. Բոլորը վախենում են վագրից:

 

ԹՐԵՅՍԻ. Բոլորը շատ բանից են վախենում: Հոգեբույժներից էլ:

 

ՊԻՆԳԻՑԵՌ. Ես վախենում եմ գիշերից: Երբ լինեի Վիեննայում և ջահել՝ գիշերով կգնայի այնտեղ, ուր լույս է: Պայծառություն: Օպեռա: Երբ լույս է, չեմ վախենում:

 

Հյուզինգան նոր գավաթ սուրճ բերեց:

 

ՊԻՆԳԻՑԵՌ. Փորձենք մեր սուրճը:

 

ԹՐԵՅՍԻ. Ես մի ժամանակ ուզում էի սուրճ համտեսող դառնալ:

 

ՊԻՆԳԻՑԵՌ. Ահ, իսկապե՞ս: Դե ուրեմն բեր սուրճ խմենք: Վայելենք: Կյանքը շատ կարճ է: (Նա ձեռով արեց դեպի դուռը) Շատ….շատ….շատ…. (նա դեմքը ծամածռեց և չկարողացավ ավարտել իր միտքը)

 

ԹՐԵՅՍԻ. Այո:

 

Դադար

 

Խմելուց հետո:

 

ՊԻՆԳԻՑԵՌ. Ահ-հա: Աշխատանք: Ատում եմ աշխատանքը: Հոգեբուժությունը: Միշտ ատել եմ: Սիրում եմ ծիծաղ, խաղ, երևակայություն, հրաշք:

 

ԹՐԵՅՍԻ. Էլ ինչու՞ եք աշխատում:

 

ՊԻՆԳԻՑԵՌ. Ինչու՞: Սխալմունք է: (Մտազբաղ) Վիեննայում տեսա մի աղջկա: Էլզա Վարսհոկ: Ահ-հա: Էլզա՝ կին, մայր, ասում է՝ ու՞ր է փող ուտելիքի համար: Դե ի՞նչ: Սկսեցի աշխատել:

 

ԹՐԵՅՍԻ. Հոգեբուժությունից բան հասկանու՞մ եք:

ՊԻՆԳԻՑԵՌ. Հոգեբուժություն՝ ոչ: Չկա: Մարդկանց՝ մի քիչ: Քիչ, քիչ, շատ քիչ: Ամեն տարի, ամեն օր՝ ավելի քիչ: Ինչու՞: Մարդիկ՝ դժվար: Մարդիկ՝ մարդ: Մարդիկ՝ ցավ, մարդիկ՝ հիվանդ, մարդիկ՝ խենթ, վիրավոր, մարդիկ՝ սպանող… Սպանող… Ու՞ր է ծիծաղ, ու՞ր է խաղ, ուր է ֆանտազիա, ու՞ր է ֆոկուս: Հոգեբուժություն չկա: Սիրեմ մարդիկ: Մարդիկ՝ կա: Կա խենթ մարդիկ, վիրավոր մարդիկ, գեղեցիկ մարդիկ, հիվանդ մարդիկ, կոտրված, փշուր-փշուր եղած մարդիկ՝ կա: Ուրիշ բան՝ չկա: Գազան, կենդանի, շունչ: Միայն՝ մարդիկ: Չի լինի մարդիկ՝ չի լինի, ոչ մի գազան, ոչ մի տերև: Եվ քո վագր: Ինչու՞: Ինչու՞: Մարդիկ կորցրին խաղ, կորցրին ֆանտազիա, կորցրին ֆոկուս: Ինչի՞ համար: Փողի: Սերը՝ փող: Գեղեցկությունը՝ փող: Ծիծաղը էլի փող: Իսկ ու՞ր է փող: Չկա: Չգիտեմ: Ծիծաղ՝ չկա: Խաղ՝ չկա: Գազան՝ չկա: Կանաչ տեղ՝ չկա: Ծառ՝ չկա: Աշխատել, աշխատել, վագր, վագր:

 

ԹՐԵՅՍԻ. Դուք գիտե՞ք այդ ոտանավորը:

 

ՊԻՆԳԻՑԵՌ (ուշադրությունը կենտրոնացած). Ոչ: Կա՞:

 

ԹՐԵՅՍԻ. Իհարկե:

 

ՊԻՆԳԻՑԵՌ. Հապա՞: Հապա՞: Ինչպիսի՞:

 

ԹՐԵՅՍԻ.

Իմ դուռը բաց է՝ եկեք բոլորդ

Անուղիներդ բաց է հոգիս,

Ով թափառում է ուղեմոլոր,

Ում սիրտը չունի քուն ու հանգիստ…

 

ՊԻՆԳԻՑԵՌ. Ահ-հա: Էլի կա՞:

 

ԹՐԵՅՍԻ. Այո, շատ կա: եթե միայն չեմ մոռացել:

 

ՊԻՆԳԻՑԵՌ. Խնդրում եմ, շարունակեք: Շատ կարևոր:

 

ԹՐԵՅՍԻ.

Ում հոգին խուց է, ում օրը՝ մութ,

Ում տխրությունը դառն է ու խոր,

Վառ է իմ բոցը՝ կանչս անսուտ,

Եկեք բոլորդ որբ ու անզոր…

 

ՊԻՆԳԻՑԵՌ. Հո-հո: Յոթանասուներկու տարի ապրում եմ ու էսպես ոտանավոր չեմ լսում: Ո՞վ է գրել:

 

ԹՐԵՅՍԻ. Մի որբ ասորի, որ ավտոմեքենա քշել չգիտեր:

 

ՊԻՆԳԻՑԵՌ. Ահ-հա: Այդպես էլ չսովորեց:

 

ԹՐԵՅՍԻ. Հետո սովորեց: Բայց ուշ: Շատ ուշ:

 

ՊԻՆԳԻՑԵՌ. Կեցցե ասորին: Էլի կա՞:

 

ԹՐԵՅՍԻ. Այո, կա: Միայն թե հիշեմ: Կարծես թե հիշեցի մինչև վերջ.

Ես էլ անգետ եմ – մոլոր ձեզ պես,

Մոլոր ու որբ եմ չարիքի դեմ,

Բայց միշտ ձեզ հետ եմ, եղբայր եմ ձեզ,

Ձեզ պես անզոր եմ, ձեզ պես անզեն:

Հոգիս բացված է ծաղկի նման,

Իմ սերը խորն է և անսպառ,

Չէ որ լոկ սերն է վահան,

Եվ սիրտն է, սիրտն է ասպար…

Ահա և ամբողջը:

 

ՊԻՆԳԻՑԵՌ. Ահ-հա: Շնորհակալ եմ: Ուրեմն, երեխա ժամանակից գիտես:

 

ԹՐԵՅՍԻ. Այո, երբ դեռ երեք տարեկան էի՝ արդեն գիտեի:

 

ՊԻՆԳԻՑԵՌ. Դու հասկանու՞մ ես այդ ոտանավորը:

 

ԹՐԵՅՍԻ. Ոչինչ էլ չեմ հասկանում: Պարզապես դուր է գալիս:

 

ՊԻՆԳԻՑԵՌ. Ահ-հա: Ճիշտ է: (շրջվեց դեպի դուռը) Շատ…շատ…շատ… Հիմա՝ երկու հարց: Մեկ՝ քո վագրը ո՞րն է:

 

ԹՐԵՅՍԻ. Իմն է:

 

ՊԻՆԳԻՑԵՌ. Երկու: Փողոցի վագրը որն է:

 

ԹՐԵՅՍԻ. Դեե… հնարավոր է, երեկ երեկոյան վագրը հաշմել է խնամողին ու փախել կրկեսից: Հնարավոր է, որ հիմա մի կարմիր վագր արձակ շրջում է Նյու Յորքի փողոցներում: Հնարավոր է, որ նա հենց միայն վախից, վիրավորանքից մեկնումեկին սպանի, եթե դա անհրաժեշտ համարի: Բայց վագրը, որ արձակ շրջում է քաղաքում, նաև իմ վագրն է:

 

ՊԻՆԳԻՑԵՌ. Իսկապե՞ս:

 

ԹՐԵՅՍԻ. Այո:

 

ՊԻՆԳԻՑԵՌ. Ինչո՞ւ:

 

ԹՐԵՅՍԻ. Որովհետև, երբ ես եկա, ես արդեն հույսով այլևս չէի նայում անցորդների աչքերին: Ես նրանց չէի ժպտում: Առաջ՝ նախորդ անգամ, ես կարծում էի, թե այդ ես եմ մեղավոր, թե այդ ես ժամանակ չունեմ նրանցով զբաղվելու: Իսկ եթե ժամանակ գտնվի՝ նրանք լավն են: Բայց Նիմոն ճիշտ դուրս եկավ. Լորա Լյութիի նմանն այլևս չպատահեց: Ես եմ մեղավորը: Եվ ահա, երբ նա ինձ հետ միասին քայլում էր Հինգերորդ ավենյուով և ինձ հետ միասին մտավ Սուրբ Պատրիկի եկեղեցին, նա չհարձակվեց ոչ մեկի վրա: Նա հանգիստ քայլում էր իմ կողքից, թեև ես այլևս չէի սպասում նրանցից՝ անցորդներից, ոչինչ: Ոչ մի սպասելիք չունեի: Ես ուզում էի լոկ միայն, որ ինձ հանգիստ թողնեին: Իսկ նրանք կրակեցին: Եվ նա չէր փախչի, եթե նրանք չկրակեին: Մի՞թե դուք չէիք փախչի, եթե ձեզ վրա կրակեին:

 

ՊԻՆԳԻՑԵՌ. Շատ արագ: Յոթանասուներկու տարեկան, բայց շատ արագ: (դադար) Նրանք կսպանեն այդ վագրին:

 

ԹՈՄ. Ոչ:

 

ՊԻՆԳԻՑԵՌ. Ինչու՞ չեն սպանի:

 

ԹՈՄ. Չեն կարող, որովհետև:

 

ՊԻՆԳԻՑԵՌ. Ո՞վ ասաց չեն կարող:

 

ԹՈՄ. Այդ վագրին սպանել չեն կարող:

 

ՊԻՆԳԻՑԵՌ. Մեկ վա՞գր: Սպանել չի՞ լինի: ինչո՞ւ:

 

ԹՈՄ. Չի լինի, և վերջ:

 

ՊԻՆԳԻՑԵՌ. Իսկ վագրը կսպանի՞:

ԹՈՄ. Եթե շատ պետք լինի:

 

ՊԻՆԳԻՑԵՌ. Եվ ճիշտ կանի:

 

ԹՈՄ. Չգիտեմ: Իսկ դու՞ք ինչ կասեիք:

 

ՊԻՆԳԻՑԵՌ. Ես էլ չգիտեմ: Ես շատ քիչ բան գիտեմ: Շատ քիչ, շատ քիչ: Oրեցօր՝ ավելի ու ավելի քիչ: Հիմա՝ հարց հոգեբուժությունից: Դուք գի՞ժ եք:

 

ԹՐԵՅՍԻ. Իհարկե:

 

ՊԻՆԳԻՑԵՌ. (նայում է դռանը՝ մատը դնելով շրթունքներին). Կամաց:

 

ԹՈՄ. Ես գիժ եմ, որովհետև նրանք վիրավորեցին վագրին: Որովհետև նրանք վագրին վանդակ էին դրել: Որովհետև վագրին տարել էին կրկես: Ես գիժ եմ ի ծնե:

 

ՊԻՆԳԻՑԵՌ. Ես էլ, բայց դա է ոչ հայտարարելու համար մի լուր: (Ոտքի կանգնեց) Ես կասեմ նրանց՝ այս մարդու խելքը կա: Նրանք կհարգեն: Ահ-հա: Աշխատանքը վերջացավ: (Բարձրաձայն) Խնդրեմ, ներս համեցեք:  

 

Բոլորը ներս մտան:

 

ՊԻՆԳԻՑԵՌ. (սպասեց, մինչև լռեն). Ահ-հա: Այս մարդու խելք՝ իր տեղը:

 

ՍՔԵԹԸՐ. (երկար, ակնոցավոր, սև). Դոկտոր Պինգիցեռ, ես դոկտոր Սքեթըրն եմ, Մանհեթենի գլխավոր հոգեբույժը: Կարո՞ղ եմ իմանալ, թե հոգեբուժական ինչպիսի քննության միջոցով հանգեցիք նման եզրակացության:

 

ՊԻՆԳԻՑԵՌ. Ոչ: (Թրեյսիին) Ցտեսություն, տղաս:

 

ԹՐԵՅՍԻ. Ցտեսություն:

 

Պինգիցեռը քայլում է դեպի ելքը:

 

ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉ. Դոկտոր Պինգիցեռ, ինչ կասեիք վագրի մասին. նա իսկապե՞ս սրանն է եղել, ինչպես ինքն է ասում:

 

ՊԻՆԳԻՑԵՌ. Ես քննում էի նրան, ոչ թե վագրին:

ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉ (մեկ ուրիշը). Իսկ ինչպե՞ս բացատրել, որ վագրը այս մարդուն չի վնասել:

 

ՊԻՆԳԻՑԵՌ. Չգիտեմ:

 

ԼՐԱԳՐՈՂ. Ձեր երկար զրույցից որևէ բան չպարզվե՞ց:

 

ՊԻՆԳԻՑԵՌ. Ոչ:

 

ԼՐԱԳՐՈՂ. Իսկ ինչ կասեիք վագրի մասին, որն արձակ շրջում է քաղաքում:

 

ՊԻՆԳԻՑԵՌ. Դա հոգեբուժության խնդիր չէ:

 

ԼՐԱԳՐՈՂ. Իսկ ո՞ւմ խնդիրն է:

 

ՊԻՆԳԻՑԵՌ. Որտեղի՞ց էր վագրը:

 

ԼՐԱԳՐՈՂ. Կրկեսից:

 

ՊԻՆԳԻՑԵՌ. Կրկեսային խնդիր:

 

Դուրս է գալիս:

 

ՊԱՏԿԵՐ Գ

 

Դոկտոր Սքեթըրը, դատավորի շորեր հագած, ամբիոնից դիմում է հանդիսականներին:

 

ՍՔԵԹԸՐ. Այնուհետև, երբ քննյալին հարց տրվեց, թե ինչպես կվերաբերվեր անորոշ ժամանակով հոգեբուժարանում գտնվելուն, ավելի երկարատև ու խորազնին հոգեբուժական վերլուծության ենթարկվելու նպատակով, քննյալը պատասխանեց, որ կգերադասեր տուն գնալ, բայց եթե ստիպված լինի որոշ ժամանակով գնալ հոգեբուժարան, կաշխատի այդ ժամանակն անցկացնել լավագույն ձևով, և իրեն զգալ այնտեղ, ինչպես իր տանը, ոչ պակաս չափով, քան որևէ այլ տեղում: Նման վերաբերմունքը թույլ է տալիս կարծելու, որ քննյալը, բացի արդեն հայտնի ախտերից, տառապում է նաև նահատակության բարդույթով: Նմանապես, դա է վկայում հասարակության մտավոր կարողությունների հանդեպ ցուցաբերած նրա խելացնոր մեծամտությունն ու արհամարհանքը: Քննյալն ակնհայտորեն մոլորություն է ապրում՝ կարծելով, թե իր վրա չեն տարծվում այն օրենքները, որոնցով առաջնորդվում ու ղեկավարվում են հասարակության մնացած անդամները: Նրա այս կարծիքը ծագել և հետագայում ավելի է հիմնավորվել երևակայական վագրի հետ տևական կապի պատճառով, վագրի, որին նա համարում է իրենը և միայն իրենը, որն, իր իսկ խոստովանությամբ, ունի խոսելու կարողություն, այլ կերպ ասած՝ ընդունակ է հաղորդակցվելու, սակայն բացառապես իր հետ: Ըստ իս, ոչ ոք չի կասկածի, որ նա պետք է տեղափոխվի հոգեբուժարան՝ քննության ու բուժման:

 

ՀՆՈՏԻԱՎԱՃԱՌ. Այդպես, Թրեյսին հոկտեմբերյան մի հաճելի կիրակի տեղափոխվեց գժանոց: Թրեյսին գտավ, որ այնտեղի մարդկանցից յուրաքանչյուրն, ի տարբերություն դրսի մարդկանց, ունի իր վագրը: Ճիշտ է, շատ վրդովված, շատ կատաղած, խորապես վիրավորված վագր, հումորի զգացումն ու երևակայությունը մարած, ազատության սերն, ուրախության ձգտումն, ամեն տեսակի հույսը կորցրած մի վագր:

 

Այնտեղ էր Նիմոյի որդին՝ իր ընկճված ու մեռնող վագրի հետ: Փիբըրդիի աղջիկն էր այնտեղ իր սարսփահար վագրով, որ անդադար ետ ու առաջ էր անում: Ռինգըրտն ինքն էր այնտեղ՝ հետը մի վագր, որ նման էր հոգնած, պառավ շան:

 

Եվ Լորա Լյութին էր այնտեղ, երբեմնի շքեղ վագրուհու հետ, այժմ ուժասպառ, հյուծված ու խղճալի:

 

Թրեյսիի վագրը թաքնվել էր 55-րդ և 56-րդ փողոցների միջև, Մեդիսոն ավենյուի վրա գտնվող մի ներքնահարկում: Վագրը պառկած էր այնտեղ՝ որբացած ու մենակ՝ վախեցած ու վհատ, ու մի ցանկություն ուներ՝ մեռնել: Նրա վերքը թարախակալել էր, և նա զգում էր, որ շուտով մեռնելու է:

 

Իսկ հոգեբուժարանում պառկած էր Լորա Լյութին, ամիսներ շարունակ պառկած էր եղել տենդի մեջ և մասնագետների կարծիքով՝ շուտով նույնպես մեռնելու էր: Մասնագետները գիտեին, որ իրենք վաղ թե ուշ կմեռնեն, բայց չէին անհանգստանում, քանի որ հույս ունեին մեռնել ոչ խելագարված վիճակում:

ՊԱՏԿԵՐ  Դ

Կապիտան Հյուզինգան և ոստիկանապետ Բլայը:

ՀՅՈՒԶԻՆԳԱ. Նա կարող է վագրին գտնել:

ԲԼԱՅ. Ինչպե՞ս:

ՀՅՈՒԶԻՆԳԱ. Դա բարդ է թվում, բայց մենք երկար զրուցել ենք նրա հետ, և ես գիտեմ, որ դրանում բարդ բան չկա: Նա կարող է դա անել:

ԲԼԱՅ. Ինչպե՞ս:

ՀՅՈՒԶԻՆԳԱ. Նախևառաջ, նա չի ուզում, որ որևէ մեկն իմանա այդ մասին: Ոչ մի տեղ չգրվի, չնշվի:

ԲԼԱՅ. Պարզ է: Գաղտնի կպահենք: Այդ թերթերը համը հանում են. «Ե՞րբ կվնասազերծեք վագրին, որ սպառնում է աշխարհի ամենամեծ քաղաքի բնակչությանը»: Իսկ ես ի՞նչ իմանամ՝ երբ: Լավ կլիներ այդ տղան մի ճար աներ, տակից դուրս գայինք: Թե չէ ես այս գործի ձեռքին ծերացա: Երբեք չէի կարծի, որ կյանքս կթունավորվի մի գժի և նրա վագրի պատճառով:

ՀՅՈՒԶԻՆԳԱ. Ուորեն-սթրիթի վրա մի շենք կա, որտեղ առաջ Օտտո Զեյֆանդի սուրճի առևտրատունն էր: Այժմ այնտեղ Քինիի ապրանքատունն է: Թրեյսին ուզում է հին ցուցանակի նման մի ցուցանակ սարքվի ու կախվի իր նախկին տեղը: Հետո ուզում է, որ համտեսման բաժինը վերականգնվի և որ Փիբըրդի, Ռինգըրտ ու Շիվլի անունով մարդիկ նստեն այնտեղ ու սուրճ համտեսեն: Փիբըրդին ապրում է վարձու սենյակում, Ռինգըրտը հոգեբուժարանում է: Շիվլին հնոտիավաճառ է:

ԲԼԱՅ. Նրա ինչի՞ն է այդ ամենը պետք:

ՀՅՈՒԶԻՆԳԱ. Այդ ամենն անմտություն է թվում, բայց նա կգտնի վագրին: Ես համոզված եմ: Նրան հարկավոր է միայն մեկ օր, և այդ օրը պետք է կիրակին լինի: Կիրակին հարմար է, որովհետև կիրակի օրը ցերեկով Ուորեն-Սթրիթում մարդ չես գտնի, բացի մի երկու հարբածից:

ԲԼԱՅ. Դու այնքան երկար մնացիր այդ հոգեբուժարանում, որ ինքդ էլ մի քիչ խախտվեցիր: Վնաս չունի, մենք բոլորս ենք այդ վագրի ձեռքին գժվել, շարունակիր, ասելիքդ ասա:

ՀՅՈՒԶԻՆԳԱ. Նա ուզում է, որ պահեստում ամենաքիչը մի հարյուր պարկ սուրճ լինի:

ԲԼԱՅ. Ինչի՞ համար:

ՀՅՈՒԶԻՆԳԱ. Կիրակի օրը նա առավոտյան կգա այնտեղ, կսկսի պարկերը քարշ տալ: Հետո կմիանա սուրճ համտեսողներին: Կհանգստանա մի քիչ: Ուղիղ տասներկուսն անց կեսին փողոցում կհայտնվի Լորա Լյութի անունով մի աղջիկ: Նա կանգ կառնի Օտտո Զեյֆանդի առջև:

ԲԼԱՅ. Մի՞թե:

ՀՅՈՒԶԻՆԳԱ. Անկասկած:

ԲԼԱՅ. Է, լավ: Հետո ի՞նչ:

ՀՅՈՒԶԻՆԳԱ. Նույն պահին կհայտնվի նաև Թրեյսիի վագրը: Թրեյսին թևանցուկ կանի աղջկան, և նրանք միասին կքայլեն Ուորեն սթրիթով: Այնտեղ մոտակայքում մի դատարկ տուն կա: Ներսում վանդակ կլինի: Թրեյսին աղջկա ու վագրի հետ կմտնի այնտեղ: Վագրը կմտնի վանդակի մեջ: Թրեյսին կփակի վանդակը: Հետո նրանք դուրս կգան և կգնան:

ԲԼԱՅ. Եվ դու հավատու՞մ ես այդ խելառին:

ՀՅՈԻԶԻՆԳԱ. Այո, սըր:

ԲԼԱՅ. Ինչու՞:

ՀՅՈՒԶԻՆԳԱ. Որովհետև արդեն տասը օրից ավելի է ես հոգեբուժարանում եմ, դիտում եմ Թրեյսիին և տեսնում եմ, թե ինչ է այնտեղ կատարվում:

ԲԼԱՅ. Իսկ ի՞նչ է կատարվում:

ՀՅՈՒԶԻՆԳԱ. Լորա Լյութին, որ մինչ այդ մահամերձ էր, վերակենդանանում է:

ԲԼԱՅ. Ինչպե՞ս:

ՀՅՈՒԶԻՆԳԱ. Ես չգիտեմ, թե ինչպես, բայց այդ Թրեյսիին հաջողվում է դա անել:

ԲԼԱՅ. Ոչ: Դա հիմարություն է: Մեկնումեկը կիմանա և կտարածի քաղաքով մեկ: Ամբողջ Նյու Յորքը կծիծաղի ինձ վրա:

ՀՅՈՒԶԻՆԳԱ. Այսօր չորեքշաբթի է: Չորս օրից ամեն ինչ պարզ կլինի: Թույլ տվեք այս գործն ինձ վրա վերցնեմ: Եթե ձախողվի, կասեմ, որ պատասխանատուն ես եմ: Պինգիցեռն ինձ համաձայն է:

Դադար:

ԲԼԱՅ. Օ քեյ: Օ քեյ, ես համաձայն եմ:

ՀՅՈՒԶԻՆԳԱ. Բայց մենք պիտի պահենք մեր խոստումը:

ԲԼԱՅ. Օ քեյ: Գործի անցիր:

 

ՊԱՏԿԵՐ Ե

 

Մի պայծառ կիրակնօրյա առավոտ Թրեյսին մոտեցավ Օտտո Զեյֆանդի առևտրատանը: Դիմացի շենքից նրան հետևում էին Բլայն ու Հյուզինգան:

ԲԼԱՅ. Մի անգամ էլ կրկնենք: Չնայած, չգիտեմ, թե դուք ինչ կարծիքի եք, ինձ թվում է, այդ տղան ավելի խելացնոր է, քան Սքեթըրն է ասում:

ՀՅՈՒԶԻՆԳԱ. Դեռ վաղ է այդ մասին դատելը: Ինձ միայն հայտնի է, որ ժամը տասներկուսն անց կեսին փողոցում կերևա Լորա Լյութին, ինչպես վեցը տարի առաջ:

ԲԼԱՅ. Խելահեղություն: Աղջիկը հագած կլինի դեղին գործած շոր, այո՞:

ՀՅՈՒԶԻՆԳԱ. Այո:

ԲԼԱՅ. Թրեյսին կանգնած կլինի մուտքի մոտ, այո՞:

ՀՅՈՒԶԻՆԳԱ. Այո:

ԲԼԱՅ. Թրեյսիին տեսնելուն պես աղջիկը կանգ կառնի, այո՞:

ՀՅՈՒԶԻՆԳԱ. Այո:

ԲԼԱՅ. Հենց այդ պահին էլ կհայտնվի վագրը, այո՞:

ՀՅՈՒԶԻՆԳԱ. Այո:

ԲԼԱՅ. Նրանք կքայլեն թևանցուկ, և քիչ հեռու, դատարկ տան մեջ, դրված կլինի վանդակ, այո՞:

ՀՅՈՒԶԻՆԳԱ. Այո:

ԲԼԱՅ. Իսկ ի՞նչ կա այդ տանը:

ՀՅՈԻԶԻՆԳԱ. Քաղաքակրթության թափոններ: Դե, հին ժանգոտած մկրատ, հեծանվի ակ, պլաստմասե բաժակ, ջարդված արևի ակնոց, փչացած սրճաղաց և այլն:

ԲԼԱՅ. Դա նրա ինչի՞ն է պետք:

ՀՅՈՒԶԻՆԳԱ. Չգիտեմ, նա այդպես է ուզել: Նրա կարծիքով՝ հին իրերի մնացորդները մարդուն օգնում են:

ԲԼԱՅ. Դե, լավ, աստված նրա հետ: Այդ տանը թաքնված են մեր երկու ոստիկանները, այո՞:

ՀՅՈՒԶԻՆԳԱ. Այո: Եվ նրանք կզեկուցեն մեզ, թե ինչ կկատարվի տան ներսում:

Այդ ընթացքում Թոմը մոտենում է սուրճով լի պարկերին, չափ բռնում, փորձում առաջին պարկի ծանրությունը, դժվարությամբ վերցնում է այն ու հազիվ հազ քարշ տալիս դեպի մյուս ծայրը:

ԲԼԱՅ. Իսկ գուցե լավ կլիներ մի քանի լուսանկա՞ր անել:

ՀՅՈՒԶԻՆԳԱ. Մենք խոսք ենք տվել չանել:

ԲԼԱՅ. Իսկ ու՞ր կգնան նրանք, այդ դատարկ տնից դուրս գալուց հետո:

ՀՅՈՒԶԻՆԳԱ. Դա արդեն մեզ չի վերաբերում:

ԲԼԱՅ. Եթե վագրը գա, մենք նրան վանդակի մեջ պիտի տեղափոխենք մոտակա վայրի լեռները, այո՞, ասել է նա:

ՀՅՈՒԶԻՆԳԱ. Այո: Եվ ազատ արձակենք: Եվ ոչ ոք այդ մասին չիմանա:

ԲԼԱՅ. Մի՞թե նա այնտեղ ապահով կլինի: Իսկ որսորդնե՞րը:

ՀՅՈՒԶԻՆԳԱ. Դա արդեն բախտի բան է: Համենայն դեպս, նա իր բախտի տերը կլինի:

ԲԼԱՅ. Իսկ ի՞նչ ենք անելու, եթե վագրը չհայտնվի:

ՀՅՈՒԶԻՆԳԱ. Դուք ստիպված կլինեք ինձ ազատել աշխատանքից, ուստի ես ինքս հրաժարական կտամ:

ԲԼԱՅ. Իսկ ի՞նչ կպատահի Թրեյսիին և աղջկան, եթե ձախողվի:

ՀՅՈՒԶԻՆԳԱ. Երկուսն էլ կվերադառնան հոգեբուժարան: Դոկտոր Սքետըրից խուսափել չի լինի:

ԲԼԱՅ. Թրեյսին գիտի՞:

ՀՅՈՒԶԻՆԳԱ. Ոչ: Եվ հենց դա էլ ինձ անհանգստացնում է: Ես թաքցրի նրանից, կարծում էի, այդպես ավելի լավ կլինի: Չնայած ինձ վատ եմ զգում այդ մտքից:

ԲԼԱՅ. Ինձ կրկին ռադիոյով հայտնում են, որ Նյու Յորքում ամեն ինչ խաղաղ է: Հեյ, լսու՞մ եք: Ես ուզում եմ իմանալ, ինչ էլ որ պատահած լինի: Ցանկացած միջադեպ: Հասկանալի՞ է:

ՌԱԴԻՈ. Սըր, ոստիկանության բոլոր տեղամասերից հայտնում են, որ ոչ մի տեղ ոչինչ չի պատահել:

ԲԼԱՅ. Ոչ մի տե՞ղ, ոչի՞նչ: Նման բան երբևէ եղե՞լ է: Մի ամբողջ ժամ Նյու Յորքում ոչինչ չի պատահել:

ՌԱԴԻՈ. Ոչ, սըր, որքան ես հիշում եմ, չէր եղել:

ԲԼԱՅ. Ուրեմն իսկապես բան է պատահել. պատկերացնու՞մ եք, մի ամբողջ ժամ Նյու Յորքում՝ ոչ մի պատահար: Ոչ մի գողություն, ոչ մի սպանություն, ոչ մի բռնաբարություն:

ՀՅՈՒԶԻՆԳԱ. Ոչինչ էլ չի պատահել: Ես պարզապես խելքս թռցրել եմ: Հիմա ժամը կանցնի, աղջիկը կգա, նրանք կհանդիպեն, որից հետո մենք նրանց կուղարկենք հոգեբուժարան, իսկ դուք կընդունեք իմ հրաժարականը:

ԲԼԱՅ. Մի բան արդեն պատահել է, կապիտան: Նյու Յորքում ժամից ավելի է՝ ոչինչ չի պատահում:

Թոմը բավական դժվարությամբ մի տասնյակի չափ պարկ տեղափոխելուց հետո դուրս է գալիս պատշգամբ՝ սուրճ համտեսելու:

Այստեղ են երեք համտեսողները և Պինգիցեռը:

ՊԻՆԳԻՑԵՌ. Ահ-հա: Ճիշտ ժամանակն է: Խնդրեմ, սուրճ, իմ տեսակի, իմ սարքած, իմ բերած, Վիեննայից, վաղուց, շատ վաղուց:

ԹՐԵՅՍԻ (համտես անելով). Լավն է:

ՊԻՆԳԻՑԵՌ. Իմ առաջարկը: Վիեննա: Օպեռա: Կաֆե Ցենտրալ:

Թրեյսին սուրճը խմեց, չափչփելով պատշգամբը, ինչպես առաջ: Հետո գավաթիկը պարզեց Շիվլիին:

ԹՐԵՅՍԻ. Թույլ տվեք ձերն էլ փորձել:

ՇԻՎԼԻ (նույն ինքը՝ ՀՆՈՏԻԱՎԱՃԱՌ). Խնդրեմ:

Թրեյսին լուռ չափչփում էր սենյակը, սուրճ խմում և ունկնդրում նրանց խոսակցությունը, ինչպես առաջ:

ՓԻԲԸՐԴԻ. Աշխարհում ուրիշ ոչ մի բան չի մնացել, սուրճից բացի:

ՌԻՆԳԸՐՏ. Վերջը սևանալու ենք, սուրճ դառնանք:

ՇԻՎԼԻ. Չես էլ հասկանա, թե երբ այս աշխարհից անհետացավ թրթիռը, երբ պակասեց ժպիտը:

ՊԻՆԳԻՑԵՌ. Տեսնես ո՞վ գողանալ, ո՞վ տանել, ո՞վ բաց թողնել:

ԹՐԵՅՍԻ (խմեց-վերջացրեց). Դե, ես գնամ իմ գործին: Դեռ ահագին բան ունեմ անելու:

ՊԻՆԳԻՑԵՌ. Ահ-հա: Ջահելություն: Գեղեցիկ պատրանք: Կար ժամանակ, Վիեննա, Օպեռա, կաֆե Ցենտրալ, Պինգիցեռն էլ ուներ ջահելություն և պատրանք: Հիանալի ժամանակ, հիանալի ջահելություն, հիանալի պատրանք: Ահ-հա: Հիմա Պինգիցեռ յոթանասուներկու տարեկան, չի ուզի աշխատել, չի ուզի գեղեցիկ պատրանք:

ԹՐԵՅՍԻ. Մի քիչ հետո էլի կգամ:

Երբ այս անգամ Թրեյսին սկսում է տեղափոխել պարկերը, դրանք այնքան ծանր չեն թվում, որքան սկզբում, երբ անսովոր էր դեռ: Ավելին, մի երկու պարկ տեղափոխելուց հետո հանկարծ զգում է, որ շուրջը մի ճառագայթ կա. ասես վագրի հայացքը:

Երբեմն նա հանգստանում է, պատուհանի մոտ կանգնած:

Հերթական պարկը քարշ տալիս՝ հիշում է իր հինավուրց երգի տողերը (սկզբում ծնվում է երաժշտությունը, որը և հիշեցնում է կիսատ տողերը): Թողել ենք նավը, ղեկը, լաստը…

Իսկ ծովը մութ է ու անծիր…

Հիմա ամեն ինչ անիմաստ է…

Ինչու՞ այդպես դու շիկնեցիր…

Պարկը քարշ տալիս՝ վեր է հիշում մեղեդին և ոտքով սկսում է դոփդոփել:

Մեղեդին կամաց-կամաց ամրապնդվում է, արմատակալում: Նրան ձայնակցում է հանկարծ Նիմոյի սրճաղաց երգեհոնը: Մեղեդու հզորանալու հետ ծնվում են նոր խոսքերը.

Երգում է ծովը, դաշտը, հովը,

Ամեն ինչ երգ է ու շշուկ,

Երբ սիրտը խենթ է ու գինով է.

Երգում է ծովը, դաշտը, հովը…

Եվ երբ երգը հասնում է գագաթնակետին, պարկի ետևից երևում է Վագրը:

Երգելով՝ Թոմը վագրին աչքով է անում: Վագրը պատասխանում է մռնչոցով: Երգելով՝ Թոմը տեղափոխում է վերջին պարկերը և ժամացույցին նայում: Այն խփում է տասներկուսն անց կես ուղիղ:

Թոմը ելնում է փողոց՝ վագրին թողնելով դռան ետևում: Թրեյսին և Լորա Լյութին հանդիպում են, ժպտում են մեկմեկու: Լորան աստիճաններով բարձրանում է Թոմի մոտ: Թրեյսին գրկում է նրան: Լորան փաթաթվում է Թրեյսիին: Թրեյսին թևանցուկ է անում Լորային, և նրանք շարժվում են, բայց նախքան գնալը Թրեյսին մի թեթևակի շարժումով մի թզի չափ կիսաբացում է մուտքի դուռը:

Եվ դռնից ելնում ու նրանց կողքին է կանգնում վագրը:

ԹՐԵՅՍԻ. Հիշո՞ւմ ես, Լորա, ես 6 հատ շոկոլադ կերա:

ԼՈՐԱ. (ժպտալով): Չեմ հիշում, մի՞թե:

ԹՐԵՅՍԻ. Լորա, 6 տարի առաջ ես կանգնած էի Օտտո Զեյֆանդի մուտքի մոտ: Աʹյ, այնտեղ:

ԼՈՐԱ. Ինչո՞ւ էիր այնտեղ կանգնած:

ԹՈՄ. Ես քեզ էի սպասում և զրուցում էի սուրճ համտեսողների հետ:

ԼՈՐԱ. Իսկ ու՞ր են նրանք հիմա:

ԹՈՄ. Նիմոն մեռավ զկռտոցից, երբ ես ասացի, որ 6 հատ շոկոլադ եմ կերել ձեր տանը: Իսկ Փիբըրդին և Ռինգըրտն այստեղ են, ահա նրանք, նստած են հեռվում: Այսպես, ուրեմն: Ես կանգնած էի ու մեկ էլ տեսնեմ՝ Ուորեն սթրիթով մի գեղեցիկ աղջիկ է անցնում:

ԼՈՐԱ. Գեղեցի՞կ:

ԹՈՄ. Աշխարհի ամենագեղեցիկ աղջիկը:

ԼՈՐԱ. Ո՞վ էր նա:

ԹՈՄ. Դու էիր, Լորա:

ԼՈՐԱ. Ե՞ս, աշխարհի ամենագեղեցիկ աղջի՞կը: Սխալված կլինես:

ԹՈՄ. Ոչ, դու էիր, Լորա:

ԼՈՐԱ. Էհ, հիմա, անշուշտ, ես աշխարհի ամենագեղեցիկ աղջիկը չեմ:

ԹՈՄ. Ահա հենց էդ մասին էլ ուզում եմ խոսել: Ես ուզում եմ, որ նորից դու անցնես Ուորեն սթրիթով:

ԼՈՐԱ. Ինչի՞ համար:

ԹՈՄ. Չգիտեմ՝ ինչպես արտահայտեմ: Սիրում եմ քեզ:

ԼՈՐԱ. Դրանով ինչ ես ուզում ասես:

ԹՈՄ. Չգիտեմ, երևի… Երևի՝ որ դու առաջվա պես աշխարհի ամենագեղեցիկ աղջիկն ես, և ես ուզում եմ, որ ամեն ինչ կրկնվի, և որ դու ամեն օր ժամը 12-ն անց կեսին անցնես Օտտո Զեյֆանդի մոտով:

ԼՈՐԱ. Ոչ:

ԹՈՄ. Ես վերադարձրի օրը, Լորա: Ես վերադարձրի միայն այն մեկ օրը: Ավելին չեմ կարող, թերևս: Բայց դա էլ բավական մեծ բան է, որ կարելի լինի դրան մի ամբողջ կյանք նվիրել:

ԼՈՐԱ. Վերադարձրի՞ր:

Նրանք մոտեցան այն դատարկ տանն, ուր ամենուր դրված էին քաղաքակրթության թափոններն, իսկ մեջտեղում՝ մի հսկայական վանդակ: Վագրը գալիս էր նրանց ետևից: Վագրը մտավ վանդակը: Լորան և Թոմը դուրս եկան հետևի դռնից՝ ամուր ողջագուրված:

Բլայն ու Հյուզինգան վազելով հասան այդտեղ: Վանդակը դատարկ էր: Թաքստոցում կանգնած էր 2 ոստիկան:

ԲԼԱՅ. Ձեզնից ո՞վ է Սլուն:

ՈՍՏԻԿԱՆ ՍԼՈԻ. Ես եմ, սըր:

ԲԼԱՅ. Մանրամասն պատմիր, թե ինչ տեսար:

ՍԼՈՒ. Ես տեսա՝ ինչպես մի երիտասարդ և մի աղջիկ ներս մտան այստեղ, նայեցին այս ջարդոնին, ձեռք տվեցին որոշ իրեր և դուրս եկան:

ԲԼԱՅ. Ուրի՞շ:

ՍԼՈՒ. Ոչինչ, սըր:

ԲԼԱՅ. Հիմա դու՝ Սփլայսըր: Մանրամասն պատմիր, թե ինչ ես տեսել:

ՍՓԼԱՅՍԸՐ. Ես տեսա նույնը, սըր:

ԲԼԱՅ. Համոզվա՞ծ եք:

ՍՓԼԱՅՍԸՐ. Այո, սըր:

ԲԼԱՅ. Վերադարձեʹք ձեր տեղամասերը:

ՀՅՈՒԶԻՆԳԱ. Ասացեʹք ինձ, ի սեր աստծո, դուք հո տեսա՞ք վագրին, այնպես չէ՞:

ԲԼԱՅ. Այո, ես տեսա վագրին:

ՀՅՈՒԶԻՆԳԱ. Դուք դա հենց այնպես չեք ասում, չէ՞, ինձ մխիթարելու համար չեք ասում, դուք հո տեսա՞ք, թե ինչպես նա բաց արեց դուռը, ինչպես վագրը դուրս եկավ ու կանգնեց աղջկա կողքին:

ԲԼԱՅ. Այո, ես տեսա այդ բոլորը:

ՀՅՈՒԶԻՆԳԱ. Սփլայսըրը և Սլուն չեն տեսել վագրին:

ԲԼԱՅ. Այո, չեն տեսել:

ՀՅՈՒԶԻՆԳԱ. Ինչ եղավ վագրը: Նա չկա:

ԲԼԱՅ. Այո, չկա:

ՀՅՈՒԶԻՆԳԱ. Դե իսկ հիմա օրվա մնացած մասը ես կուզենայի հանգիստ անցկացնել, եթե դուք դեմ չեք:

ԲԼԱՅ. Դու գործդ վերջացրիր: Ի՞նչ ես մտադիր անել: Կգնաս բեյսբո՞լ նայելու:

ՀՅՈՒԶԻՆԳԱ. Ոչ, մտադիր եմ կարճ ժամանակով մտնել Սուրբ Պատրիկ եկեղեցին, իսկ հետո երևի տուն գնամ: Կարոտել եմ կնոջս ու փոքրիկիս:

ԲԼԱՅ. Պարզ է, կարող ես գնալ:

Հյուզինգան մի երկու անգամ փչեց Թոմասի մանկության փողը՝ տուու, տուու և դուրս գնաց: Նրանից հետո քաղաքակրթության թափոնները դիտել սկսեց Բլայը: Նա էլ ձեռք տվեց մի երկու իրի, զրնգացրեց հեծանվի հին զանգը, պտտեց կոտրված երգեհոն սրճաղացի բռնակը և նույնպես հեռացավ:

ՀՆՈՏԻԱՎԱՃԱՌ. (Հավաքելով իր փասա-փուսան իր անտակ պարկի մեջ) Ահա և ամբողջ պատմությունը Թոմաս Թրեյսիի, Լորա Լյութիի և վագրի, որը հենց ինքը՝ սերն է:

ՎԱՐԱԳՈՒՅՐ

Վիպակը բեմի համար արտագրեց

Գ. Տեր-Գաբրիելյանը

Վիպակում օգտագործված են Տերյանի ու Չարենցի տողեր

 


16:09 Մարտ 05, 2018