Մեդիա

Քոչարյան. երկխոսություն ընդդիմության հե՞տ, թե՞ հնարավոր նոր ընդդիմություն


1997 թվականին գերմանական մի ամսագրի համար գրված հոդված է, բնագիրը եղել է անգլերեն, հետո թարգմանվել է գերմաներեն, գերմաներենից Անի Թովմասյանը թարգմանել է հայերեն:

Քոչարյան. երկխոսություն ընդդիմության հե՞տ, թե՞ հնարավոր նոր ընդդիմություն

Armenisch-Deutsche Korrespondenz, համար 96, 2-3 էջեր,

Տպագրված է 1997թ.-ի հունիսին

Ալբերտ Պլուտնիկին տված հարցազրույցում Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է, որ քաղաքական պայքարի վերածնունդը կարող է բացատրվել Հայաստանի տնտեսական կայունացմամբ: Երբ իրավիճակը ճգնաժամային է, քաղաքական կուսակցությունները կորցնում են իշխանության համար պայքարի հետաքրքրությունը, իսկ երբ իրավիճակը մի փոքր իսկ կայունանում է, նրանք ակտիվանում են: Նախագահի տեսանկյունից այսպիսի բացատրությունն անուղղակի դրական գնահատական է կառավարության ջանքերին:

Հայաստանում ընդհանուր առմամբ իշխում է այնպիսի տեսակետ, որ երկիրը երկարաժամկետ քաղաքական ճգնաժամի միջով է անցնում, քանի որ քաղաքական ակտիվությունն այնպիսի տրամաբանությամբ է զարգանում, որը նախագահի ասածի տրամագծորեն հակառակ պատկերն է: Սեպտեմբերի քսանհինգի իրադարձություններից հետո ժողովուրդն այնպիսի քաղաքական ապտակ ստացավ, իսկ պաշտոնատար անձանց համար հեռանկարներն այնքան բացակա էին դարձել, որ ոչ ոք չէր ցանկանում կտրուկ քաղաքական փոփոխություններ: Գարնանն ընդդիմության կողմից կազմակերպված ցույցերը չէին կարողացել հավաքել մարդկանց ակնկալվող քանակը: Վազգեն Մանուկյանի կողմից խոստացված «թեժ գարունը» տեղի չունեցավ: Հունիսի 13-ին մարդկանց բազմություններ հավաքվեցին երկրի երեք քաղաքներում, սակայն այդ նույն ժամանակահատվածում կուսակցությունների, որոնցից կազմված էր «Ազգային միաբանություն դաշինքը», և իրենց առաջնորդների միջև այնպիսի տարաձայնություններ առաջացան, որ ընդհանուր գործողության մասին խոսք լինել չէր կարող: Հայրիկյանը՝ Ազգային Ինքնորոշում միավորումից, ոչ վստահելի երկխոսության մեջ էր մտել նախագահի հետ, միևնույն ժամանակ Վազգեն Մանուկյանը (Ազգային ժողովրդավարական միություն) երկխոսությունը մերժել էր: Այստեղից էլ գալիս են Մանուկյանի կուսակցության բազմազան գաղափարախոսական վեճերը Հայ հեղափոխական դաշնակցության (Դաշնակցություն) հետ: ՀՅԴ-ն վերջերս նույնպես հանդիպում էր ունեցել նախագահի աշխատակազմի հետ:

Ճգնաժամը իշխող կոալիցիայի ներսում նույնպես խորանում է: Դա արտացոլվում է Հայոց համազգային շարժման պաշտոնական ղեկավարման համար Լևոն Տեր-Պետրոսյանի և Վանո Սիրադեղյանի կողմից առաջարկված թեկնածուների հարցում և զորակոչի վերաբերյալ Ազգային ժողովի նախագահ, Բաբկեն Արարքցյանի և Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի միջև եղած հակասությունների մեջ, որի արդյունքում Արարքցյանն իր հրաժարականը տալու առաջարկություն արեց:

Սեպտեմբերի 25-ի իրադարձություններից հետո Լևոն Տեր-Պետրոսյանի լեգիտիմության խնդիրը շատ վճռորոշ էր դառնում: Լրջորեն թուլացած լեգիտիմությամբ նախագահը պետք է շատ շրջահայաց գործեր և կտրուկ գործողություններից խուսափեր: Հաջորդիվ ավելի շատ խոսքի և հավաքների ազատություն շնորհվեց: Ակնհայտ էր, որ յուրաքանչյուր լուրջ փորձ՝ ընդդիմության հետ հարաբերությունները շատ թե քիչ բարելավելու, տապալվում էր: Միայն կոսմետիկ միջոցներ էին հնարավոր: Այն ջերմությունը, որով նոր վարչապետ Արմեն Սարգսյանը ժողովրդի կողմից ընդունվեց, ցույց էր տալիս, որ հանրությունը փափագում է վստահելի և խարիզմատիկ դեմքեր, նույնիսկ եթե նրանք ավելի շատ բարոյական, քան նյութական խոստումներ են տալիս: Սարգսյանն առաջարկեց մի ծրագիր, որը ոչ այնքան տնտեսական (որը բնականաբար սպասելի է Հայաստանի վարչապետի կողմից), որքան քաղաքական միջոցառումներ էր պարունակում, սակայն՝ իր դիրքի հնարավորությունների շրջանակում: Դրանք էին. պայքար կոռուպցիայի դեմ, նոր հնարավություններ ազատ մամուլի համար, ընդդիմության հետ հարաբերությունների կարգավորման ծրագիր  և նոր մեկնարկ սփյուռքի օտարված մասի հետ:

Սարգսյանի հրաժարականից հետո այլևս չկային քաղաքականապես չեզոք և չօգտագործված դեմքեր, որոնք անցյալի հետ կապ չունենային և անկախ լինեին: Անհատականություններ, ուժեղ առաջնորդներ և վարչական աշխատողներ, որոնք կդիտվեին որպես քաղաքական դեմքեր, սակայն բացարձակապես հավատարիմ և նվիրված կլինեին նախագահին:

Վերոհիշյալ հարցազրույցի մեջ Տեր-Պետրոսյանը նշում է, որ Քոչարյանի ընտրությունը պայմանավորված չէ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) շուրջ մտորումներով: Դա արժանահավատ է հնչում: Ենթադրաբար Քոչարյանը միակն էր, որն ուներ անհրաժեշտ որակներ և բավարարում էր վերոնշյալ չափանիշներին: Քոչարյանը շարունակեց ընդդիմության հետ հաշտեցման այն քաղաքականությունը, որը Սարգսյանն էր սկսել: Այնուամենայնիվ, ավելի կարևոր էր այն, որ Սարգսյանի լիբերալ իմիջն ավտոմատ կերպով Քոչարյանին էր փոխանցվել: Մինչդեռ վերջինս մարմնավորում է ռազմական առաջնորդությունը, որին քաղաքացիական կառավարությունները ճգնաժամային իրավիճակներում երբեմն կանչում են օգնության: Այդ մոտեցումը հայտնի է որպես «Հակում դեպի բռնությունը խնդիրների լուծման ժամանակ և փոխզիջումների պատրաստակամության բացակայություն քաղաքական հակառակորդների հետ առնչվելիս»:

Քոչարյանի հաշտեցման քաղաքականությունը ներառեց կիսաանկախ, կիսաընդդիմադիր ուժերի կոոպտացիայի փորձը: Սուրեն Զոլյանին առաջարկվեց Օտար Լեզուների ինստիտուտի (հայտնի որպես Բրյուսովի անվան ինստիտուտ) ռեկտորի պաշտոնը, որը նա ընդունեց: Սակայն նրա մասնակցությունը Կիմ Բալայանի դեմ դատական պրոցեսին որպես նրա աջակից, ցույց տվեց, որ Զոլյանն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա անկախ է և իր նշանակումով ամենևին էլ պարտավորված չի զգում երրորդ կողմին:

Քոչարյանը մի շարք գաղտնի և բացահայտ հանդիպումներ ունեցավ տարբեր ընդդիմադիր շրջանակների հետ: Ըստ իր խոսքերի, նա Արցախում եղած ժամանակահատվածում Հայաստանում չուներ ընդդիմություն: Սրանով նա ցանկանում է ասել, որ համայն հայ ազգն աջակցում է Արցախին: Սակայն Հայաստանի Հանրապետությունում հարցերն ավելի բարդ են: Մինչև 1994թ.-ը նա Արցախում աշխատել է այն մարդկանց հետ, որոնք առնչություն ունեին ՀՅԴ-ի հետ: Ի տարբերություն Հայաստանի, Արցախում կուսակցությունը պաշտոնապես արգելված չէր: Ուստի Քոչարյանը չուներ ոչ մի խնդիր ՀՅԴ-ի հետ երկխոսություն սկսելու համար: Սակայն որո՞նք էին լինելու նրա հաջորդ քայլերը: ՀՅԴ-ի հետ երկխոսությունն ամրապնդվեց նախկին Գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանի հրաժարականով: Նա դիտվում էր որպես ՀՅԴ-ի հետապնդման և դատական պրոցեսի բանալի անձանցից մեկը, և անուղղակիորեն կամ ուղղակիորեն ասոցացվում էր ՀՅԴ-ի «դեպքի» հետ: Մեկ այլ քայլ է ՀՅԴ-ից առգրավված իրերի վերադարձը, որից և Քոչարյանը սկսեց իր «մերձեցումը»:

Այնուամենայնիվ անհավանական է, որ Քոչարյանին հաջողվի Վազգեն Մանուկյանի հետ կառուցողական երկխոսության մեջ մտնել. վերջինս չի ձգտում դրան և ինքն իրեն դիտարկում է որպես ապագա նախագահ: Ավելի շուտ Մանուկյանը հետաքրքրված կլինի Քոչարյանին հաշտեցնողի աուրայից զրկել: Դրա նշան է այն, որ ընդդիմադիր դաշինքը կոչ է անում վարչապետին իրենց պահանջները՝ բոլոր մակարդակներում նոր ընտրությունները և նոր սահմանադրության ընդունումը, դարձնել իրենը:

Քոչարյանին հաջողվեց համագործակցության մեխանիզմ զարգացնել ընդդիմության այն հատվածի հետ, որը պատրաստ էր դրան: Սակայն քիչ հավանական է, որ այս համագործակցության արդյունքը նշանակալի կլինի: Ընդդիմությունը չունի տնտեսական և սոցիալական ոլորտներում այն ռեսուրսները և հմտությունները, որոնք վարչապետի համար օգտակար կլինեին: Քանի որ անկախ, ազատ լրատվամիջոցների կողմից աջակցություն ստացող էքսպերտների կազմավորումը նախորդ տարիների ընթացքում շատ հաճախ սկսեց ընդհատվել, կառավարությունը  դառնում է այն կենտրոնը, որտեղ ներկայումս կարելի է գտնել Հայաստանի ամենալավ մասնագետներին:

Չնայած ընդդիմության հետ Քոչարյանի երկխոսության չնչին հաջողությանը, Տեր-Պետրոսյանը ենթադրաբար կորցրեց էական և ոչ պաշտոնական երկխոսության յուրաքանչյուր հնարավորություն, որը կարող էր տանել ազգային կոնսենսուսի: Դա նրան կտար հնարավորություն վարչակազմի որակը հիմնովին բարելավելու և ընդարձակելու վարչակազմին հասանելի գաղափարների բազան:

Հնարավոր է, որ Քոչարյանը դադարի նախագահին հավատարիմ լինել և զարգացնի անկախ քաղաքական ծրագիր, որն իրեն կդարձնի նախագահի ամենահարմար թեկնածուն: Քոչարյանը դժվարությամբ կարող է ռազմական կառավարման ոճը ներմուծել, այն ոճը, որն օգնել էր Արցախին Ադրբեջանի դեմ պատերազմի ժամանակ, թեև կարճաժամկետ կտրվածքով այն կարող էր ողջունվել Հայաստանի հասարակության կողմից, որը հոգնել է կոռուպցիայից և իշխանական ապարատի ճգնաժամից: Սակայն երկարաժամկետ կտրվածքով այսպիսի համակարգում ոչ մի ազատություն չի տրամադրվում ընդդիմությանը: Բացի այդ, Տեր-Պետրոսյանին չի հետաքրքրում հավանական հակառակորդներին իշխանության հասնել օգնելը: Նախագահն այսպիսի փոխակերպում հաստատ չի նախատեսել: Եթե Քոչարյանը քաղաքականապես ավելի անկախ դառնա, ապա նախագահի գրասենյակը լուսանցքային  կդառնա, կամ նախագահն ու Քոչարյանը քաղաքական պայքարի մեջ կմտնեն:

Հեղինակի մասին

Փորձագետ, Հանրապետության նախագահի նախկին գլխավոր խորհրդականի՝ Աշոտ Մանուչարյանի աշխատակազմ (1991-1993), հրավիրյալ գիտնական, Գիտության և քաղաքականության հիմադրամ (Stiftung Wissenschaft und Politik), Էբենահաուզեն (1997), Ժողովրդավարության հետազոտությունների կենտրոնի (Տնօրեն՝ Սուրեն Զոլյան) ավագ գիտաշխատող և ներկայացուցիչ արտերկրում, «Ուրարտու» շաբաթաթերթի արտասահմանյան թղթակից:

 


21:10 Հուլիս 25, 2020