Հիշարժան նախագծեր

Պրոտոկոլ երկրորդ մտածողության


Նախաբան

ԵՀՀ-ն աշխատում է մարդկանց մեջ ու մարդկանց հետ: Նրա աշխատանքը պահանջում է խոր պատասխանատվություն: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է զարգացնել երկրորդ մտածողության օրգանը:

Առաջին մտածողությունը դա մեր բնազդային ռեակցիան է իրադրություններին: Այն պետք էր այն ժամանակ, երբ մարդը պիտի պայքարեր գոյատևման համար, և այժմ էլ, կրիտիկական իրադրություններում, շատ կարևոր է: Սակայն մարդու գործունեության դեպքերի մեծ մասը պահանջում են հավասարակշռված մտածողություն՝ որը լավագույն հնարավորությունն է ստեղծում՝ հասնելու նպատակներին: Դա անվանվել է «երկրորդ մտածողություն»: Առաջին մտածողությունը ծախսում է մարդու էներգիայի ընդամենը յոթ տոկոսը: Երկրորդը՝ քսանհինգ տոկոսը: Դրա համար հազվադեպ է հանդիպում և դժվար է, և մարդիկ հաճախ նրանից խուսափում են: Սակայն մարդկության նվաճումների գերագույն մեծամասնությունը ստեղծվել է երկրորդ մտածողության շնորհիվ[1]:

Օրինակներ երկրորդ մտածողության

Իմեյլ

Իմեյլն ուղարկելուց առաջ անհրաժեշտ է.

Ա) ստուգել, արդյոք այն հացեագրված է այն մարդկանց, ում անհրաժեշտ է: Արդյոք չի մոռացվել որևէ մեկը, ով կարող է նրանից օգուտ քաղել: Արդյոք չկա հասցեատերերի մեջ ավելորդ հասցե: Արդյոք բոլոր հասցեները ճիշտ են գրված, թե ոչ:

Բ) Ընտրել լավագույն վերնագիրը, որը հակիրճ և ճշգրիտ բնորոշում է իմեյլի բովանդակությունը: Նոթ. եթե իմեյլը պատասխան է նախորդ իմեյլների, բայց բովանդակութունը նախորդ խոսակցության համեմատ այլ է, պետք է փոխել վերնագիրը: Եթե նախորդի ու այժմյանի միջև կապ կա, բայց բովանդակության մեջ կա կարևոր փոփոխություն, խորհուրդ է տրվում զարգացնել վերնագիրը, հակիրճ բացատրելով փոփոխությունը:

Գ) Իմեյլի բովանդակությունը. այն պիտի հստակորեն բացատրի, թե ինչ է ասում գրողը: Չի կարելի, որպես կանոն, կրճատել իմաստները: Ամեն նախադասություն պիտի սովորաբար ունենա ենթակա, ստորոգյալ և այլ անդամներ: Եթե իմեյլը պաշտոնական է կամ գրվում է պաշտոնական անձի, սա առավել կարևոր է: Եթե իմեյլը ոչ պաշտոնական է, ոճական ազատությունները թույլատրելի են, սակայն դրանք նույնպես պիտի լինեն մտածված: Իմեյլում չպիտի լինի ոչ մի չմտածված կամ պատահական տարր կամ տեքստ: Հաշվի առնենք, որ գրավոր ոճը միշտ ավելի կոշտ է հնչում, քան բանավոր, քանի որ առաջինում բացակայում է ոչ վերբալ ինֆորմացիան (ժպիտ, հորդորող հայացք ևն): Այդ իսկ պատճառով եթե իմեյլն անհամաձայնություն է արտահայտելու, հատկապես խնամքով պիտի ծրագրվի, որպեսզի հանկարծ չվիրավորի հասցեատերերին: Նոթ. անթույլատրելի է իմեյլ գրել թեկուզև փոքրիշատե գինովցած վիճակում: Խորհուրդ. ամեն իմեյլ գրելուց հետո կանգ առեք, արեք կարճ ընդմիջում, վերընթերցեք, դիտարկելով Ա)-Գ) կետերի տեսանկյունից, ուղղումներ և շտկումներ կատարեք, հետո միայն ուղարկեք: Եթե նամակը հատկապես էմոցիոնալ է կամ պատասխանատու, նպատակահարմար է դադարը դարձնել նշանակալի և անպայման այն նայել ուղարկելուց առաջ: Էմոցիոնալ նամակներ ուղարկելիս նպատակահարմար է չօգտագործել ոչ մի արտառոց բառ, այլ ընտրել ամենանեյտրալ բառերն ու էմոցիան արտահայտել իմաստով:

Դ) լեզուն. շատ տգեղ է և միայն արտակարգ իրադրություններում է թույլատրելի իմեյլն ուղարկել տրանսլիտով (ասենք հայերեն խոսքեր՝ ռուսերեն կամ անգլերեն շրիֆտով): Հաշվի առնելով, որ ոչ բոլոր ծրագրերն են հայկական շրիֆտ կարդում՝ գերադասելի է, սակայն, վերնագիրը գրել տրանսլիտով:

Տեքստ/փաստաթուղթ

Մենք հաճախ պիտի գրենք օրիգինալ տեքստեր/փաստաթղթեր: Դրանք ամենատարբեր ժանրի կարող են լինել: Օրիգինալ՝ նշանակում է, որ, նույնիսկ եթե նրա մեջ օգտագործվում են նախկին տեքստերից մասեր, այսպիսի հավաքմամբ այն առաջին անգամ է հրամցվում: Նոթ. եթե տեքստն օրիգինակ չէ այլ նախորդ տեքստ(եր)ի կրկնություն կամ հավաքածու է, չի կարելի այն ուղարկել՝ չընթերցելով ու չհամոզվելով, որ այս նոր տեքստը լիովին համապատասխանում է նոր հաղորդակցության նպատակին. ցանկացած, թեկուզ մանր, փոփոխություն, որ ցուցադրում է, որ տեքստը նախատեսված է հենց ա՛յս նպատակի համար, ավելացնում է նրա համոզիչությունը: Եթե ստացողը տեսնում է, որ տեքստը տիպական է կամ չափից դուրս ընդհանուր՝ տեքստն ավելի քիչ արժեք ունի նրա համար:

Տեքստերի բոլոր ժանրերի համար կան կանոններ: Հնարավոր չէ բոլոր կանոնները նախապես շարադրել ու իմանալ: Սակայն ահա որոշ տիպական դեպքեր:

Ա) Առաջին սևագիր: Առաջին սևագիրը միակ տեքստն է, որ իրավունք ունի չունենալ ֆորմալ տարրեր՝ գույն, չափս, վերջնական գրագիտություն և այլն: Այսպիսի դեպքերը քիչ են և սովորաբար գրվում են զուտ բովանդակային քննարկման համար: Մնացած բոլոր դեպքերում ֆորմալ տարրերը պարտադիր են: Առաջին սևագիրը հասցեատիրոջն ուղարկելուց առաջ պետք է վերընթերցել (գուցե էլի դադարից հետո)՝ արդյոք այն ընդգրկե՞լ է բովանդակային առումով բոլոր կարիքները, թե ոչ:

Բ) Սևագիր, որ պիտի խմբագրվի: Սա այն դեպքն է, երբ բովանդակությունն արդեն բավական առաջ է տարված: Անկախ նրանից, թե ո՛վ է կարդալու ու խմբագրելու ձեր սևագիրը, նպատակահարմար է, եթե բովանդակության մի նշանակալի մասն արդեն վերջնական է՝ սկսել տեքստը նաև ձևավորել: Նոթեր. 1, տեքստերը գերադասելի են մեկ շրիֆտով, մեր օֆիսում հայերենը՝ սիլֆայեն, անգլերենը՝ թայմզ նյու ռոման, բացի հատուկ դեպքերից: 2, տառասխալների և վրիպակների ուղղումը, ոճական դասավորությունը շատ կարևոր են սևագրի համար էլ՝ արեք դա նախապես, մի թողեք խմբագրին: 3, Մի օգտագործեք շատ ընդգծում, բոլդ կամ իտալիկ: Դա հատուկ հմտություն է պահանջում, դրանց չարաշահումը ցույց է տալիս ցածր գրագիտության մակարդակ: 4, Մի օգտագործեք անծանոթ բառեր: Եթե կա բառ, որ պիտի օգտագործվի, բայց անծանոթ է՝ սկզբում ճշտեք նշանակությունը: Գերադասելի է այն փոխարինել ամենասովորական ծանոթ հոմանիշով: 5, Պարբերությունները, մեծատառերը և այլ ֆորմալ տարրերը պիտի ստուգվեն ու տեղում լինեն. էջահամարակալումը, շրիֆտի մեծությունը, տողերի արանքի մեծությունը, էջի հավասարակշռվածությունը, բառերի միջև արանքը (մեկ արանք)՝ ամենը պիտի արվի մինչև խմբագրելու ուղարկելը: 6, Եթե կան բառեր, որոնք շատ են կրկնվում, գուցե դրանք ավելորդ են և կամ որոշ դեպքերում պիտի փոխվեն: 7, Եթե անփորձ եք տեքստ գրելում տվյալ լեզվով, հաճախ օգնում է թարգմանել հստակորեն ձեր իմացած լեզվից՝ մտովի, այսինքն բանավոր ձևակերպել ասելիքը մայրենի լեզվով և հետո շարադրել այլ լեզվով: Դա թույլ է տալիս խուսափել տրամաբանական սխալներից: 8, Տեքստային ֆորմալ տարրերը (ասենք՝ հապավումները սկզբում բաց գրելն ու փակագծի մեջ որպես հապավում, որից հետո՝ միայն որպես հապավում. կամ՝ թիվը նախադասության սկզբում տառերով գրելը) պետք է պահպանել հենց սկզբից: Եվ այլն: Աշխատենք ուղարկել խմբագրման տեքստ՝ որը համարում ենք վերջնական: Մի թողեք խմբագրողին՝ որսալու մանր վրիպակներ ու թերացումներ. դա նրա աշխատանքը դարձնում է չարքաշ և ոչ էֆեկտիվ: Խմբագրման պետք է ուղարկել վերջնական արդյունք: Պատկերացրեք՝ որ դուք պրեզիդենտ եք և թուղթ եք ուղարկում մեկ այլ պրեզիդենտի. թղթի ձևավորումը պիտի լինի ճշգրիտ, հարուստ և անթերի. դա է պրոտոկոլի օրենքը:

Գ) Կրկին բովանդակության մասին. բովանդակությունը կարող է ցանկացած լինել, բայց կա մի կանոն, որը շատ հաճախ է հանդիպում. ցանկացած թեզ շարադրելիս՝ կոմբինացրեք ընդհանրացումը (որը սովորաբար պիտի գա սկզբից) և կոնկրետ օրինակով դրա իլյուստրացիան: Տեքստերի մեծ մասը թերի են կա՛մ օրինակի բացակայության պատճառով, կա՛մ ընդհանրացման: Սովորաբար տեքստն ունի հետևյալ սխեման. ներածություն (այս թուղթը հետևյալի մասին է). ընդհանրացում (ես կարծում եմ, որ հետևյալն այսպիսի օրինաչափություն ունի). կոնկրետ օրինակ (դրա օրինակ է այն դեպքը, որ եղավ իմ կյանքում 1695 թվականին). ամփոփում (հենց այդ պատճառով ես ուզում եմ անել այս և այս): Թղթերը բազում են և նրանց բովանդակությունը կարող է շատ տարբեր լինել: Բայց նրանց մեծ մասում առկա է ընդհանրացման և օրինակի ագուցման կարիքը: Օրինակը չի ապացուցում ընդհանրացման ճշմարտությունը: Ոչ էլ վերջինս՝ օրինակի ամենուրությունը: Սակայն եթե չկա օրինակ՝ ընդհանրացումը սին է: Եթե չկա ընդհանրացում՝ օրինակը կարճամիտ է: Ընդհանրացման և օրինակի կապն ասում է միայն մի բան. որ այս հեղինակն արտահայտում է այս փորձը (կարողությունը, կարիքը՝ օրինակը)՝ այս արժեք(ներ)ի (ընդհանրացման) վրա հիմնվելով՝ ուրեմն նա արժեքներ ունի և անելիքի պատկերացում: Երկրորդ մտածողությունը դա կարողությունն է՝ ընդհանրացման համար հարմար օրինակ գտնել, և օրինակի համար՝ համապատասխան ընդհանրացում:

Հայերենի դեպքում նաև նախօրոք կրճատեք խնդրեմ բոլոր պարազիտ բառերը: Տեքստը պիտի ունենա միայն այն բառերը, որոնք անհրաժեշտ են: «Վերը նշվածը հաշվի առնելով» և նման արտահայտությունները մեծամասամբ գործնական տեքստում ավելորդ են և թողնում են պրովինցիալիզմի տպավորություն:

Որոշումների ընդունում և իրագործում

Ա) Երկրորդ մտածողությունը կարող է նվիրված լինել ցանկացած ասպարեզի: Սակայն ԵՀՀ կոնտեքստում մեր հիմնական կարիքն է՝ ԵՀՀ բարգավաճումն ապահովել: Այս առումով, կարևոր է կայացնել այնպիսի որոշումներ, որոնք օգուտ են բերում մեկից ավելի թիրախների՝ ԵՀՀ կոնտեքստում: Ամեն անգամ միջոցառում կազմակերպելիս, փող ծախսելիս, ծառայություն վարձելիս մտածեք՝ այս գործընթացն ինչպես կարող է հավելյալ կերպով օգուտ տալ կազմակերպությանը: Եթե գործընթացը միայն մեկ պրոյեկտին է օգուտ տալիս՝ այդ պրոյեկտը դառնում է անկայուն:

Բ) Առաջնահերթությունների որոշում. հատկացրեք և ծախսեք ժամանակ որոշելու համար, որոնք են առաջնահերթությունները: Այդ ժամանակի ծախսը կփոխհատուցվի նրանով, որ տարբեր անելիքների միջև արժեքային և համակարգային հարաբերակցությունը եթե տեսնեք՝ նախ կանեք ամենակարևորը, որը նաև օգուտ կտա ա՛յլ առաջնահերթություններին. երկրորդ՝ չեք անի ավելորդը: Առաջնահերթությունները որոշելիս և ընդհանրապես որոշում կայացնելիս ձեզ դրեք այն մարդու կամ կազմակերպության «կոշիկի մեջ», որին ուղղում եք ձեր գործողությունը: Դա կարող է լինել պոտենցիալ դոնոր. միջոցառմանը հրավիրվելիք անձ. կոլեգա՝ որից պետք է սպասել ինչ-որ օգնություն. և այլն: Մտածեք ոչ թե հետևյալ կերպ. «Քանի որ ես սա եմ ուզում ու գնահատում, արի ես հավատամ՝ որ նա էլ նույնը կուզի ու կգնահատի նույն կերպ»: Մտածեք հակառակ ուղղությամբ՝ ո՛վ է նա, ի՛նչ գիտեմ ես նրա մասին, ի՛նչ կարող է նա մտածել իր շահերից ու բնավորությունից ելնելով: Աշխատեք հնարավորին չափով հասնել ձեր ուզածին՝ հարմարվելով հասցեատիրոջ առանձնահատկություններին, որքան հնարավոր է: Կարևորը ոչ թե կամակորություն դրսևորելն է, այլ հաջողության հասնելը: Սա պետք է անել առանց զոհաբերելու անձնական և կազմակերպչական արժեքները:

Գ) Առաջին (սպոնտան, իմպուլսային) կարծիքի չասում. ԵՀՀ-ն խրախուսել է ակտիվիզմը, որի արտահայտություններից մեկն ակտիվ բացախոս լինելն է: Սակայն երկրորդ մտածողությունը պահանջում է արգելակում առաջին մակարդակի կարծիքն ասելուց առաջ: Մարդկային դիվանագիտությունը պահանջում է չասել առաջին պատահածը, մտքին եկածը, այլ հապաղել ու մտածել՝ արդյոք դա ամենակարևորն ու ճիշտն է իմ ասելիքներից: Սա սերտորեն առնչվում է ինքնագիտակցմանը (self awareness). նույնիսկ մտագրոհի պայմաններում՝ երբ, թվում է, պետք է ասել ցանկացած բան ու խմբագրում չպիտի լինի, ավելի արժեքավոր դարձնելու համար այն՝ պետք է ասել մտածված բաներ:

Դ) Հանդիպումներին պատրաստվել. մենք ապրում ենք դպրոցական քննությունից քննություն. բանավոր քննություն են հանդիպումները՝ դոնորների, ստուգողների, ժուռնալիստների կամ նույնիսկ շահառուների հետ: Գրավոր՝ դիմումները դոնորներին կամ հաշվետվությունները ստուգողներին: Չկա գրեթե ոչ մի իրավիճակ մեր գործունեության մեջ, երբ մարդ կարող է լինել հանպատրաստից՝ ինչպես ինքը «կա»: Նպատակահարմար է պատրաստվել յուրաքանչյուր հանդիպման կամ միջոցառման. չմոռանալ բոլոր փաստաթղթերն ու ժամկետները գրավոր դիմելիս (դա նույնիսկ ավելի բարդ է, քան դպրոցական քննությունը, և ավելի հիշեցնող՝ դիսերտացիայի պաշտպանություն): Մենք պարբերաբար պաշտպանում ենք կոլեկտիվ դիսերտացիաներ: Ի՛նչ է կատարվելու: Ի՛նչ եմ ես ասելու: Ի՛նչ եմ ես լսելու հավանաբար: Ի՛նչ ռեակցիա են տալու, երբ սա տեսնեն/լսեն: Ինչպե՛ս այս առիթն օգտագործել կազմակերպության բարօրությունն ավելացնելու համար:

Հանդիպման ժամանակ որոշեք, ե՛րբ եք խոսելու, է՛լ ով է խոսելու, որքա՛ն եք խոսելու, ի՛նչ եք ասելու ՆԱԽՕՐՈՔ (գուշակելով մոտավորապես): Որոշեք նաև հանդիպման սցենարը՝ ի՛նչ է կատարվելու, ո՛վ է վարելու ո՛ր մասը, ե՛րբ է սկսվելու և վերջանալու, ինչպե՛ս է տեղի ունենալու պրոցեսը տարբեր մասերի: Սա վերաբերում է ցանկացած հանդիպման՝ ճաշկերույթից մինչև ժամադրություն, այլ ոչ միայն մեծ աշխատանքային միջոցառումների: Հանդիպումից և կամ այլ գործողությունից հետո արեք ռեֆլեքսիա՝ որոշելու համար, ինչպե՛ս անցավ, ի՛նչն անցավ լավ ու ինչը՝ ո՛չ այնքան, և ինչպե՛ս ուղղել ապագայում: Ռեֆլեքսիայում չմոռանաք նաև արձանագրել, որքանով ճիշտ էիք կանխագուշակել հանդիպման ընթացքը, նպատակն ու արդյունքը:

Ե) Իմփակտ (ազդեցություն). մեր գործերի դրական ազդեցությունը՝ այն է, ինչին ուղղված է մեր գործունեությունը: Սակայն գործի մեջ խրված՝ մենք հաճախ ընկնում ենք «թունելային տեսլականի» մեջ (tunnel vision) և չենք կարողանում հասկանալ, թե ի՛նչ ազդեցություն ունեցավ մեր գործը: Ազդեցության օրինակներ մակաբերելը պահանջում է երկրորդ մտածողություն, էրուդիցիա, երևակայություն և այլն: Էրուդիցիան հիմնված է նաև հետաքրքրասիրության վրա. ի՞նչ եղավ մեր գործողության ժամանակ և հետո: Հետևել, թե ի՛նչ է իրականում կատարվում՝ հետախույզի հայացքով՝ դա լավ մենեջերի հատկանիշ է: Իմփակտների ձևակերպումը նաև կարևոր է կոմունիկացիայի համար. մենք անընդհատ փնտրում ենք ասելիքներ՝ որ լավագույնս ներկայացնենք մեր գործունեության արդյունքները: Իմփակտը պիտի ձևակերպվի լսարանի և ոչ թե մեր տեսանկյունից: Մեր տեսանկյունից՝ հավաքել յոթանասուն հոգու կոնֆերանսի՝ կարևոր հաջողություն է: Սակայն դա հնարավոր չէ ներկայացնել որպես արդյունք, որը հետաքրքիր է բոլորին: Արդյունք կարող է լինել այն՝ որ մասնակցելով մեր կոնֆերանսին՝ դրանից հետո որոշ բանալի անձինք որոշումներ են կայացրել և իրագործել, ու մենք տեղեկացել ենք այդ մասին: Իմփակտին պետք է նշան բռնել նախօրոք, այսինքն պատկերացում ունենալ՝ թե ինչ իմփակտներ ենք փնտրելու այս կամ այն գործողության արդյունքում, և գործողությունն ուղղել դրանց հասնելուն: Օրինակ՝ եթե ուզում ենք, որ կոնֆերանսի արդյունքում որոշ բանալի անձինք որոշումներ կայացնեն՝ պիտի այնպես դասավորենք, որ նրանք գան ու ներկա լինեն, որ կոնֆերանսը նրանց դրդի այդ ուղղությամբ, իրենց պե՛տք լինի, և այլն:

Կարևոր է նաև զգոն լինել ու որսալ չպլանավորված ազդեցությունը՝ անսպասելի իմփակտը: Օրինակ՝ երբ մենք աջակցում էինք Արմքոմեդիին, մենք չգիտեինք, թե որքան առաջ կգնան նրանք. այն ժամանակ նրանք երիտասարդ ոչ ֆորմալ խումբ էին: Նրանց առաջխաղացումը, ինչպես նաև, օրինակ, Աքիլլեսի առաջխաղացումը, կարևոր է որսալ ետին հայացքով և արձանագրել՝ որպես մեր աջակցության- ճիշտ ռազմավարական ընտրության արդյունք:

Կարևոր է նաև հետևել ռիսկերին. նախապես դրանք գնահատել ու ունենալ նրանց հնարավոր պատասխաններ: Իրագործված ռիսկերը (բացասական չպլանավորված, թեկուզև երևակայված նախօրոք, ազդեցությունը) պետք է հաշվի առնել այն տեսակետից, թե արդյոք դրանք քննարկվել էին նախապես և արդյոք դրանց պատասխաններ ունենք որոնք ռեալիստական են ու կիրառելի: Դաս քաղելու աղբյուր:

Զ) Մտածել վերջից. սա նախորդ սկզբունքի շարունակություն է: Ցանկացած գործողություն արվում է որոշակի նպատակների հասնելու համար: Իմաստ չունի անել գործողություն, որի նպատակները փոքր են կամ բազում չեն կամ այլ սուբյեկտներ կարող են նույնպես այն անել: Արժի անել միայն այնպիսի գործողություն, որը մեզանից բացի ոչ ոք չէր կարող անել, և որն ունի հստակ ու կարևոր մեկից ավելի նպատակներ: Մտածել դրա մասին արժի սկսել վերջից. ինչպիսի՛ աշխարհ ենք մենք ուզում տեսնել մեր գործողությունից հետո: Ըստ այդմ՝ դասավորել գործողության սցենարը և կազմակերպել նախապատրաստումը: Սա նման է այն սկզբունքին՝ որով ԱՄՆում կենսագրականները դասավորվում են վերջից դեպի առաջ, ապագայից դեպի անցյալ: Դա արվում է այն նպատակով, որպեսզի իսկույն երևա ամենակարևորը, որը սովորաբար մարդու կենսագրության տվյալ պահի փուլն է, իսկ հետո պարզ դառնա՝ ինչպես է այդ փուլը ձևավորվել: Այդ իսկ պատճառով լավ լոգֆրեյմներում արդյունքները գրվում են գործողություններից առաջ՝ որ պայմանավորեն գործողությունները: Պլանավորեք վերջից: Ի վերջո, նույնիսկ սևագիրը որքան կարելի է վերջնական տեսքի բերած ուղարկելը խմբագրման՝ վերը բերված խորհուրդը՝ այս նույն խորհրդի տարատեսակն է: Այն կարող է ընդլայնվել ու հնչել այսպես. գրեք վերջից, այսինքն այնպես գրեք տեքստը, որ այն միանգամից ձևավորվի որպես որքան կարելի է վերջնական արդյունք, հույս մի դրեք, որ դուք կամ այլք հետագայում կխմբագրեն բազում անգամներ:

Այլ իրադրություններ

Երկրորդ մտածողությունն օգտավետ է ցանկացած իրադրության մեջ՝ պրոյեկտ գծելիս, ընտանիքում ապրելիս, անձնական նպատակներին հասնելիս և այլն: Մենք կանդրադառնանք ԵՀՀ համար ռելևանտ այլ իրադրություններին՝ առանձին թիմերի հետ աշխատանքում և կամ երբ իրադրությունները հասունանան:

Մի քանի խորհուրդ

Երկրորդ մտածողությունը նույնպես կարող է որոշ չափով ավտոմատացվել, ինչպես և առաջինը. այն բոլոր գործերը, որոնք մենք լավ ու անթերի ենք անում, երկրորդ մտածողության ավտոմատացման օրինակներ են պարունակում և կամ փուլեր են ներկայացնում: Օրինակ՝ գործողություն նախագծելիս երևակայել իմփակտը՝ կարող է դառնալ բնազդային մակարդակի կամ փորձված պրոֆեսիոնալի հմտություն: Սակայն չի կարելի հանգստանալ, կարծելով՝ որ երկրորդ մտածողությունն արմատացած է մեր մեջ: Հենց որ ուշադրությունդ շեղեցիր՝ առաջին մտածողությունը՝ որն իրականում առանց մտածելու գործելն է՝ ետ է գալիս:

Մենք շատ ենք օգտագործում ստրատեգիա, ռազմավարություն բառը: Մինչդեռ հաճախ չենք հասկանում, ինչ է ստրատեգիան: Ստրատեգիան, պարզ ասած, դա ամենօրյայից ավելի հեռավոր նպատակի հասնելու աշխատանքային պլանն է՝ ծրագիրը: Սակայն ինչպե՞ս որոշենք, լավն է մեր ստրատեգիան, թե ոչ: Դա որոշվում է հետևյալ կերպ. սահմանելով մեր ստրատեգիան, պետք է նայել դրա հակառակ ծրագրին, այսինքն այն տարբերակին, որից մենք հրաժարվեցինք: Եթե պարզվի, որ այդ հակառակ տարբերակը հնարավոր չէր անել ու որևէ նպատակի հասնել՝ ապա մենք ստրատեգիա չունենք: Ստրատեգիան պայմանավորում է ազատություն՝ այսինքն կարողություն՝ նպատակ սահմանել ու հասնել դրան, այլ ոչ թե անել այն՝ ինչ առանց այն էլ միակ հնարավորն էր: Օրինակ՝ այս իմաստով գոյատևելը ստրատեգիա չէ, որովհետև դրա հակառակը մահն է, իսկ դա ելք չէ:

Կա ստրատեգիայի ևս մեկ բնորոշում. ստրատեգիան տակտիկայից տարբերվում է նրանով՝ որ տակտիկան կոնկրետ ելքեր է առաջարկում, իսկ ստրատեգիան՝ այն է, ինչ իմաստ ունի ունենալ, երբ կոնկրետ ելքեր չկան: Կամ՝ ստրատեգիան այն գործելակերպն է՝ որով իմաստ ունի առաջնորդվել, երբ իրադրությունը փակուղային է ու հեշտ լուծումներ չի առաջարկում:

Այս առումով լավ մենեջերներն ունեն նաև մեկ այլ սկզբունք. վարվել այնպես, որ ոչ մի արդյունք/ելք չունենա միանշանակ բացասական նշանակություն: Ընտրել միայն այն տակտիկաները, որոնց ցանկացած արդյունք պետք կգա ստրատեգիայի համար: Օֆիսային իրադրության մեջ անձնական մակարդակով սրա սիմուլյակրը հաճախ է պատահում, և չի արդարանում միայն այն դեպքում՝ երբ կա՛մ մարդուն գործից հանում են, կա՛մ աշխատավարձի մեծ բարձրացում և կամ այլ խրախուսանք տալիս: Չէ որ կարելի է ձև թափել, որ լավ ես աշխատում, շատ բան չանել ու երբեք ռիսկի չդիմել և այդպիսով՝ բացասական հետևանքներից խուսափել քանի դեռ օֆիսի պաշտպանաթաղանթի մեջ ես ու չես երևում: Սակայն ավելի ռիսկային իրադրություններում սա նշանակում է հայացքի փոփոխություն ու կարողություն՝ ընդլայնելով մտահորիզոնը՝ տեսնել դրականը ցանկացած անցքում, ու ձգտել այն կապիտալիզացնելուն:

Եվ այսպես. գործողության մեջ նախօրոք տեսնել նրա իմփակտը. ամեն տակտիկական քայլի մեջ՝ նրա ստրատեգիան. անհաջողության մեջ՝ հաջողությունը. սրանք բոլորը երկրորդ մտածողության օրինակներ են, որոնք հիմնված են հայացքի փոփոխության վրա, մեկ և նույն իրադրությունն այլ կերպ տեսնելու՝ քան նախկինում, և այն վերաձևակերպելու ու այդպիսով վերափոխելու:

Վարժություններ

Այս կանոններին հետևելու համար օգնում է, ռեֆլեքսիայից բացի,

Ա) Կոնտեքստի ընդլայնման վարժությունը[2] (կարող ենք անել կոլեկտիվով մի առիթով):

Բ) Օգնում է նաև էրուդիցիան (կարդալ որքան կարելի է շատ):

Գ) Օգնում է երևակայության զարգացումը (որի համար վարժություն է հեռու բաներն իրար միացնելը՝ կրեատիվության սխեմայով աշխատելը՝ որպես խաղ)[3]:

Դ) Օգնում է նաև սխեմաներ պատկերելը՝ անելիքների վերաբերյալ, նկարելը ցանկացած բան (բայց գրեթե ոչ՝ նկարներ նայելը):

Կոմենտարներ

[1] Այս հարցերը խորապես հետազոտված են Դանիել Կոլեմանի «Մտածել. արագ և դանդաղ» բեստսելլերում (2011). 

[2] Տե՛ս սխեման այս հոդվածի վերջում

[3] Տե՛ս սխեման այս հոդվածի վերջում


21:03 Դեկտեմբեր 04, 2015