Մեդիա

Դատողություններ «Էլեկտրական Երևանի» ետևից


Առաջին անգամ հրապարակված է այստեղ՝ http://www.1in.am/1686541.html

Օգոստոսի 2, 2015

Ստորև բերվում են մի շարք գաղափարներ, որոնցից որոշները լավ հայտնի են ու տարրական, բայց նրանց կապը մյուսների հետ այդքան էլ հստակ չի ներկայացվել մինչև այժմ հայերենով՝ իմ կարծիքով: Ներողամտություն եմ հայցում նրանցից, ում համար այդ կապերն առանց այդ էլ հստակ էին:

 

Մեծ կոնտեքստը

Որպեսզի հասկանանք, թե ինչ է կատարվում, պիտի ընկղմենք մարդուն իր մեծ կոնտեքստի մեջ: Քաղաքակրթությունը գոյություն ունի շատ-շատ հարյուր հազար տարի, որքան հայտնի է գիտությանը: Մարդկությունը մինչ այդ ապրել է այլ կերպերով, ապրել է տասնյակ կամ հարյուր միլիոնավոր տարիներ, մինչ այդ էլ երկրագունդն է ապրել՝ բնակեցված այլ արարածներով ու բույսերով, իսկ դրանից էլ շատ առաջ՝ հսկայական ժամանակ առաջ՝ այն եղել է անբնակ ու ինչ-որ պահի ստեղծվել է տիեզերական պրոցեսների շնորհիվ: Դա՝ մի կողմից:

Մարդը մարդակենտրոն էակ է, բնականորեն, ինչպես մրջյունը՝ մրջյունակենտրոն, և մարդուն թվում է, թե իր աշխարհը, իր հասկացած, կառուցած աշխարհը շատ կարևոր է, գլխավորն է գրեթե: Սակայն մենք գիտենք նաև, որ տիեզերքը հսկայական է, նրա տարածքն ու նրա ժամանակն անհամեմատելի են մեր կողմից ընկալվող տարածքների ու մեր կյանքի ժամանակի հետ. և գիտենք, որ միգուցե կան այլ տարածքներ, որոնք այլ կարգի ֆիզիկական օրենքների են ենթարկվում, և նույնիսկ մեր տարածքի օրենքները դեռ հեռու են մեզ հայտնի լինելուց ամբողջությամբ կամ՝ հասկանալի լինելուց: Ընդամենը մեկ դար տասը տարի առաջ հայտնաբերվեց, որ նյուտոնյան ֆիզիկան սահմանափակ է: Այդ նույն ժամանակ Ֆրեյդը հայտնաբերեց ենթագիտակցությունը, բայց մարդիկ էլի կարողացան «մարդակենտրոնացնել» այն, և պարզ փաստը, որ մարդու գիտակցության համեմատ նրա անգիտակցական մասը հավասար է քաղաքակրթության համեմատ՝ մարդու գոյության մասին, այսինքն որ անգիտակցականն անհամեմատ ավելի մեծ է, քան գիտակցականը՝ դեռ չենք լրիվ գիտակցում: Մինչև հիմա մենք չենք կարողանում հասկանալ, ինչպես է լինում, որ մեր դիտելն ազդում է էլեկտրոնների ուղու վրա, եթե դիտարկում ենք՝ նրանք այլ կերպ են շարժվում, քան եթե չենք դիտարկում: Մենք չգիտենք լրիվ, ինչպես է կլիման ազդում մեզ վրա, եղանակը, արևի ճառագայթումը: Մենք նույնիսկ չգիտենք, աստված կա թե չկա, և կարծիքները բաժանված են այդ մասին ու կոնֆլիկտը՝ խորը...

Սա սին պատկեր չէ, եթե մենք ճիշտ չհասկանանք այն մեծ կոնտեքստը, որում ապրում ենք՝ չենք կարողանա հասկանալ ինքներս մեզ:

 

Օրենքներ

Նույն կերպ, ինչպես որ գիտակցականը շատ փոքր մասն է մեր՝ համեմատած անգիտակցականի, նույն կերպ էլ կանոնները, օրենքները, նորմերը շատ փոքր մասն են՝ համեմատած չկանոնակարգվածի կամ անհայտի, որի մեջ մտնում են նաև դեռևս անհայտ կամ չստեղծված կանոնները:

Կան երկու տեսակի օրենքներ՝ բնական և մարդաստեղծ: Բնական են ֆիզիկայի օրենքները՝ այն, որ մարդը չի կարող թռչել՝ առանց  տեխնիկական միջոցների, կամ այն, որ երկրագնդի շուրջն արագացումը մոտավորապես միշտ նույնն է՝ հավասար է g-ի:

Մարդաստեղծ են հասարակական օրենքները, կանոնները, նորմերը, ասենք՝ սահմանադրությունը, քրեական օրենսգիրքը, ՄԱԿ-ի օրենքները, Աստվածաշնչյան պատվիրանները, Հայաստանի պայմանագրերը...

Բնականը դժվար է խախտել և խախտում են, փաստորեն, միայն գժերը կամ ծռերը: Քաղաքակրթության զարգացումը դրանց վրա հենվում է, դրանք օգտագործում է, դրանց սահմանափակումը հաղթահարում, ոչ թե դրանք խախտում:

Մարդաստեղծը հեշտ է խախտել, դրանք հեղհեղուկ են, հիմնված միմիայն՝ մարդկանց համաձայնության վրա:

Թվում է, օրենքները շատ են: Ռուսական Դուման միայն մեկ նստաշրջանում մի քանի հարյուր օրենք է պրինտ անում: Հայաստանի Ազգային Ժողովն էլ է օրենքներ արտադրում:

Բնական է, մարդաստեղծ օրենքները հեշտ է խախտել: Բայց եթե դրանք չլինեին՝ ես համոզված չէի լինի, որ երբ փողոց դուրս գամ՝ ինձ առաջին հանդիպածը հազիվ թե սպանի: Բայց այդ օրենքների, կանոնների, նորմերի, ենթաօրենսդրական ակտերի քանակը մնում է շատ փոքր, համեմատված ազատ, չհամակարգված, անարխիկ աշխարհի հետ՝ մեր մեջ ու մեր շուրջ:

Մարդաստեղծ օրենքներին մարդ կամ բացեիբաց հավանություն է տվել, կամ՝ հաջորդաբար իր կողմից իշխանավորված օրգաններն են հավանություն տվել, կամ՝ նա փոքրուց դրանք ստացել է դաստիարակության, մշակույթի հետ, նախնիներից փոխանցվել են ծնողներին, գենետիկորեն է ստացել և այլն: Եթե գեներով կամ դաստիարակության հետ չես ստանում մարդաստեղծ օրենքներ, կանոններ, նորմեր, կամ բավարար քանակով չես ստանում՝ ապրում ես անարխիկ տիեզերքում, ներսդ ու դուրսդ անարխիա է:

Եթե համաձայն չես օրենքին՝ այն խախտում ես, թաքուն կամ բացահայտ:

Եթե օրենքը չի աշխատում՝ այն խախտում ես:

Եթե չես ներքնայնացրել օրենքը՝ այն խախտում ես:

Ինչ-որ հարմոնիայի, ներդաշնակության օրենք գոյություն ունի մարդու հատկանիշների, կարողությունների ու լավ, աշխատող օրենքների միջև. լավ ու աշխատող օրենքները նրանք են, որոնք չեն հակասում մարդու բնույթին շատ ուժգին ձևով, թեկուզ այդ բնույթը ձևավորված լինի դարերի ընթացքում հղկվելու միջոցով՝ այն հարմարվում է օրենքներին ու ընդունում դրանք, նույնիսկ եթե լրիվ համաձայն չէ՝ սակայն զգում, հասկանում է, որ դրանց հետևելն ավելի օգուտ է, քան խախտելը: Համենայն դեպս, որոշ օրենքներ: Համենայն դեպս, ոչ միշտ խախտելը:

Եթե օրենքը վատն է՝ այն պիտի փոխվի: Եթե վատն է ու չի փոխվում՝ ուրեմն չի աշխատում: Եթե վատ, չաշխատող, սխալ օրենքներ են ընդունվում՝ ուրեմն դրանք չեն աշխատելու:

«Սխալ» բառն այստեղ կարևոր է, որովհետև որտեղի՞ց իմացար, որ դրանք սխալ են: Գուցե սխալ է չաշխատող օրենքը: Դա՝ ետադարձ, ռետրոակտիվ կերպով կպարզվի, երբ այն ընդունվի՝ ու պարզվի, որ այն չի աշխատում:

Բայց նաև սխալ կարող է լինել աշխատող կամ աշխատացվող օրենքը՝ եթե այն մարդու ու մարդկության զարգացման ընդհանուր ծրագրին հակասում է:

Մենք, իհարկե, հաստատ չենք կարող իմանալ, արդյոք ո՛րն է այդ ծրագիրը, չէ որ մենք շատ քիչ բան գիտենք: Սակայն կան փաստեր, որոնք վկայում են, որ այդպիսի ծրագիր կա[1]: Օրինակ՝ եթե ես փողոց եմ դուրս գալիս ու գլխիս որևէ շենքի տանիքից քար ընկնելու հավանականությունը փոքր է, կամ՝ կայծակով դաշտում խփվելու իմ հավանականությունն ավելի փոքր է, քան չխփվելու հավանականությունը՝ ուրեմն աշխարհը, մարդու մասշտաբի, այնպես է աշխատում, որ մարդկությունն առայժմս գոյատևի, զարգանա, որքան հնարավոր է երջանիկ ապրի իր կյանքը:

Դա այնքան էլ պատահական չէ, այդ ստատիստիկան. կայծակն իրոք ավելի քիչ է մարդ սպանում, քան չսպանում. բնությունը կամ աստված այդպես են որոշել: Գայլը պատմականորեն ավելի քիչ է մարդ կերել, քան չկերել: Մարդն իհարկե արել է ամեն ինչ՝ որ այդ քչությունն է՛լ ավելի քչանա:

Տան գլխից քար չընկնելն է՛լ ավելի նշանակալի է. դա նշանակում է՝ տները հիմնականում լավ են սարքվում մարդկանց կողմից, լավ նյութերից ու պինդ, ու երբ խարխլվում են՝ մարդիկ նախօրոք իմանում են ու գործողություններ ձեռնարկում: Հենց դրա համար է, որ մարդու գլխին քար քիչ է ընկնում որևէ տնից: Եվ հենց այդ օրենքն էր խախտվել Լենինականի երկրաշարժի ժամանակ, քանի որ մարդիկ իրենց ձեռքով վատ տներ էին կառուցել՝ խաբելով իրենց համաքաղաքացիներին, թե իբր դրանք լավ տներ են, իսկ իրականում՝ հարստացնելով իրենց ու իրենց յուրայիններին՝ ուրիշների ապագա կյանքի հաշվին: Դա էր սովետի ապաբարոյականացման ախտը:

Այլապես, եթե չլիներ մարդու կյանքը ողջունող այդ օրենքը, մարդիկ չէին ծնվի ավելի շատ, քան մեռնի, այլապես բնությունը թույլ չէր տա, որ մարդիկ կարողանային հիվանդությունները հաղթահարել, այլապես մարդակերությունը կպահպանվեր:

Ուրեմն կա այդպիսի օրենք, ուրեմն նաև՝ կա այդ օրենքի իմաստավորումը՝ այն ծրագիրը, որի համար այդ օրենքը գործում է: Եթե ինչ-որ բան հատուկ պահպանվում է՝ ուրեմն երևի դա իմաստ ունի, իսկ եթե չունի էլ, լավ կլինի ձեռք բերի, քանի որ պահպանվելը՝ հավերժությունը կամ նրա տարատեսակը, մոդելը՝ ժամանակը կանգնեցնելը կամ օգտագործելը՝ մարդու աշխարհի գլխավոր, հիմնական, հավերժական իդեալներից են:

Ուրեմն մարդկությունն ունի ծրագիր, առաքելություն[2]:

Երբ մարդիկ ասում են, որ Ռուսաստանի վերջին երեք տարվա սխալ օրենքերը շատացել են՝ դա ասում են ոչ թե Արևմուտքը պաշտպանելուց կամ նրան ծախված լինելուց, այլ որովհետև հասկանալի է, որ առանց սահմանափակման ոստիկաններին մարդկանց վրա կրակելու իրավունք տալը՝ հակաբնական է, հակամարդկային է, հակասահմանադրական է, հակաքաղաքակրթական է, հակածրագրային է, հակաառաքելական է: Օրենսդիր մարմին, կառավարություն, իշխանություն և ժողովուրդ եթե այդպիսի օրենք հանդուրժում ու ընդունում են՝ ուրեմն այդ հասարակությունը լուրջ հիվանդ է: Դրա համար են ասում, որ այդ հասարակության մեջ կան ինքնասպանության ելևէջներ:

Հայաստանն իր անկախության առաջին շրջանում ընդունեց մի շարք բազային օրենքներ, որոնք այնքան ճիշտ են ու ուժեղ (թեև ոչ կատարյալ)՝ որ թույլ տվեցին կայանալ անկախ Հայաստանի սուվերենությանը: Հետո նա շատ այլ օրենքներ ընդունեց, ու շատ օրենքներ արդեն լավը չէին, սխալ էին: Կամ՝ առանց օրենքի արեց մի շարք քայլեր, որոնք, եթե կառավարությունը հենվեր ժողովրդի վրա՝ կարող էին չարվել, ու ինքնիշխանությունն ավելի ուժեղ կլիներ ու ժողովուրդը՝ ավելի երջանիկ:

Հայաստանի ինքնիշխան կայացման վկայությունն է այն՝ որ ողջ ժողովուրդն անխտիր երդվում է օրենքներով, անընդհատ դրանք վկայակոչում, մինչդեռ դրանք համեմատաբար թարմ են ու քիչ, և խորհրդային ժամանակներում այդպիսի տենդենց՝ վկայակոչել օրենքներն ամեն քայլափոխին՝ չկար, որովհետև դրանք շատ հարաբերականորեն էին պահպանվում ու իրագործվում:

Խորհրդային ժամանակ մենք սովորում էինք բազմապատկման աղյուսակը: Հիմա պիտի սովորենք մեր իրավունքները՝ ոստիկանի հետ շփման դեպքում: Դա նշանակում է, իրավունքները կան (իսկ խորհրդային ժամանակ փաստորեն չկային), ու նույնիսկ երբեմն աշխատում են, ու մենք կպայքարենք, պատրաստ ենք պայքարել, որ նրանք շարունակեն աշխատել:

Խորհրդայինի նման՝ այսօր, թվում է, օրենքները գրեթե չեն պահպանվում ու իրագործվում, կամ՝ հաճախ, սակայն ժողովուրդն ու երիտասարդությունը երդվում են դրանցով, հետազոտում են դրանք, գիտեն դրանք, ուզում են դրանք իմանալ, հուզվում են դրանց պատճառով, ընդվզում, երբ դրանք խախտվում են, և ուրեմն՝ մենք ինքնիշխան պետություն ենք, այն էլ՝ շատ գիտակից ինքնիշխան պետություն:

Իհարկե, մի շարք այլ հանգամանքներ էլ են ցույց տալիս մեր ինքնիշխան կայացումը, օրինակ՝ հայոց լեզվի շատ ավելի համապարփակ հաղթանակն այս երկրում, քան խորհրդային ժամանակներում էր, և այլն:

Ուրեմն այդ մի փոքրիկ մասը՝ տիեզերքի ու մարդու կյանքի՝ այդ օրինական մասը մենք՝ մի փոքրիկ ժողովուրդ, հասարակություն, գերադրական արժեք ենք հայտարարել:

Օրենքով ապրելը, օրենք ստեղծելը, օրենքն օգտագործելը՝ հասարակության բարօրության ու զարգացման համար, որ դառնանք մարդկության զարգացման ծրագրի բնականոն ու հպարտ օղակ, ինչն էլ եղել ենք պատմականորեն, չնայած դժվարություններին, ու հանուն ինչի եկել հասել ենք այսօր:

 

Օրենքի դեմ

Բայց ինչու՞ է, այդ դեպքում, այն խախտվում: Եվ ի՞նչն է, ի վերջո, խախտվում:

Քանի որ մարդաստեղծ օրենքները մարդաստեղծ են, հենց որ մարդը չհամաձայնեց դրանց՝ նա կարող է դրանք խախտել. թաքուն կամ բացահայտ կերպով:

Կան փափուկ օրենքներ, օրինակ՝ բարոյական նորմերից ոմանք:

Մեկն ընդունում է կարմիր խնձորի ավանդույթը, մեկը՝ ոչ: Մեկն ընդունում է, որ այսօր տղամարդը պիտի փոխվի, որ գենդերային հավասարության ժամանակակից նորմերին համապատասխանի, մեկը՝ ոչ: Իհարկե, այս մոտեցումներից մեկն առաջադեմ է, մյուսը՝ հետադեմ, մեկը պատմականորեն ճիշտ է, մյուսը՝ սխալ: Բայց քանի դեռ դու չես պարտադրում քո մոտեցումը՝ եթե դա չի խանգարում ու վնաս չի բերում՝ դու կարող ես այն ունենալ և նույնիսկ, որոշ ձևերով, օրենքով սահմանված, պրոպագանդել, որպեսզի հանրությունն ի վերջո որոշի, ով է ճիշտ ու ով է սխալ:

Բայց կան բարոյական նորմեր, որոնք խախտելը սխալ է, և դա սահմանված է նաև քրեական օրենքով. գողանալը, կաշառք վերցնելը, ընտրությունները կեղծելը, մարդ սպանելը և այլն սխալ են:

Կան այլ օրենքներ, որոնք խախտելը սխալ է բայց դրանք առայժմս էքսպլիցիտ քրեական օրենքով սահմանված չեն:

Եթե կարծում ենք, որ պրոգրեսն ուղղագիծ է՝ կասենք, թե հանրային կարծիքն աստիճանաբար փոխվում է... Եթե այդքան համոզված չենք, որ աշխարհը գնում է դեպի բարօրություն՝ կասենք, որ այն ալիքաձև է փոխվում, նահանջում, ետ գալիս... Բայց ուղենիշը հստակ է. երբ ասում ենք համամարդկային արժեքներ՝ մոտավորապես գիտենք, ինչ նկատի ունենք:

Ավանդույթը կարող է հաղթահարվել՝ եթե հետադիմական է դարձել, այսինքն նրա օգուտն ավելի քիչ է այսօր, քան վնասը: Պարզ է, «կարմիր խնձորը», այս կամ այն ձևով, իմաստ ուներ անցյալ, շատ անցյալ դարերում, շատ վաղ ժամանակներում: Ստիպված վիճակ էր: Կառավարում էր մարդկանց ստատուսը, տեղը՝ սոցիալական համակարգում, սանդղակներում: Մարդկանց ուղեղը դեռ չափազանց կարճ էր՝ հասկանալու համար, որ ուրիշին շահագործելն ամոթ է:

Կամ՝ ավանդույթը կարող է դառնալ գրված օրենք՝ եթե նրա օգուտը մնում է մեծ: Կարմիր խնձորի ավանդույթը պիտի փոխվի: Իսկ չգողանալու օրենքը՝ մնա ու ամրապնդվի...

Երբ մարդ տեսնում է, որ օրենքը մի կարևոր կարգավորող հանգամանք չի հասցեագրում, կան այն չի իրագործվում, կամ այն կեղծ է կիրառվում, և նրա դեմ պայքարի, այն փոխելու օրինական ձևերն էլ չեն աշխատում, մարդ զգում է, որ իրավունք ունի դրա դեմ ելնելու:

Կան առանձին մարդու բունտի դեպքեր. գրականությունը դրա լավ օրինակներն ունի, նաև՝ կինոն, հատկապես ամերիկյան. հիշենք Բյոլլի «Ծաղրածուի աչքերովը», հիշենք «Ռեգ թայմը»: Դրանք հիմնականում, եթե լավն են, ավարտվում են առանձին մարդու պարտությամբ, և միայն տափա՛կ կինոներում է լինում հակառակը: Սակայն առանձին մարդը տանում է մեր սիրած «բարոյական հաղթանակը»՝ հանուն մեծ պրոյեկտի:

Կան բռնի հեղափոխության դեպքեր՝ երբ մարդիկ միասին են ելնում պայքարի: Եվ կան խաղաղ սոցիալական շարժումների դեպքեր: Երբ մարդիկ ելնում են պայքարի միասին՝ սակայն բացառելով բռնությունը:

Ինչ է կատարվում այդ պահին: Այդ պահին օրինական դաշտը, «հասարակական կարգը» խախտվում է, որովհետև չնայած մարդիկ ելնում են խաղաղ պայքարի՝ բայց իրենց ելույթով իսկ նրանք արդեն ասում են հասարակական կարգին. «Ինչ-որ բան քո մեջ այն չէ»: Իսկ կարգը պահպանողն իշխանությունն է, իր մարմիններով: Ուրեմն՝ ցանկացած հասարակական ելույթ հաղորդագրություն է իշխանությանը՝ որ «Քո մեջ ինչ-որ բան այն չէ»: Եթե այդ ինչ-որ բանը մեծ է, խորն է՝ ապա ինչ հաղորդագրություն էլ լինի՝ իշխանությունը լսում է, որ իր լեգիտիմությունն այլևս կասկածի տակ է կամ ուղղակիորեն չի ընդունվում, Լևոն Տեր-Պետրոսյանը կասեր՝ օրինակարգ չէ: «Լեգիտիմություն» հենց այդ է նշանակում՝ «ըստ օրենքի», կամ՝ «օրինակարգ», երբ ինչ-որ բան կա կամ արվում է գրված և նաև չգրված օրենքով, օրենքի տառով ու ոգով: Եթե դա այդպես չէ՝ ապա լեգիտիմություն չկա:

Ամենաուժեղ, լավ օրենքը, բնականորեն, այն է, որի ոգու ու տառի, գրված ու չգրված տարբերակի միջև տարբերություն չկա: Այդպիսի օրենքը մոտենում է բնական օրենքին:

Բայց բնականին ուզես-չուզես հետևում ես, իսկ մարդաստեղծին՝ պիտի ճիգ գործադրես հաճախ, որ հետևես:

Գրված օրենքները շատ ավելի քիչ են, քան չգրվածները...  Օրենք գրելը, որքան էլ այսօր դա արագ անեն, ավելի դանդաղ է, քան չգրված օրենքի կազմավորումը... Գրել իմաստ ունի միայն այն օրենքը, որը գրելուց կուժեղանա: Կա օրենք, որ գրելուց հետո դադարում է գործել:

Չգրվածը երկար է կազմավորվում, բայց նրա ֆիքսելը, եթե տեղի է ունենում, միշտ ավելի ուշ է տեղի ունենում, բնականաբար... Գրված օրենքը կարող է սխալ կամ չգործող լինել:

Այդ բոլոր պատճառներով՝ շատ կարևոր է, որպեսզի իշխանությունը լեգիտիմ լինի նաև չգրված օրենքով: Ունենա հարգանք ու վստահություն:

Օրենքը պիտի ունենա իմաստ, այսինքն՝ գրվածը համապատասխանի չգրվածին և կամ՝ չգրված օրենք ունենալու կարիքին: Հնացած օրենքը պիտի նորանա: Օրենքը պիտի աշխատի մարդու ու մարդկության բարօրության համար:

Լավագույն օրենքն այն է, որը սահմանում է գործելակերպ կամ արգելում սխալ գործելակերպ՝ հիմնվելով այն դրույթի վրա՝ որ մարդիկ ինքնիշխան, ինքնուրույն, ազատ, ոչ բռնի, ստեղծագործ, երջանկության իրավունք ունեցող անհատներ են, որոնց հանրությունը պիտի օգնի միմյանց՝ դժվարությունները հաղթահարել ու բարգավաճել:

Իշխանությունը, որ կայուն լինի ու աշխատի, փորձում է իրեն հայտարարել օրենք: Լեգիտիմացնել:

Իշխանություն կա, որ փորձում է իրեն աստծուց բխեցնել: Դա հատկապես հատուկ էր նախորդ դարերին:

Իշխանություն կա, որ բռնի ուժով է իր անսասանությունը հաստատում, այնքան ժամանակ, մինչև բռնի ուժով էլ չվերանա: Դրանցից ոմանք համոզում են, որ հենց դա է ուզում հանրությունը՝ որ այն հասկանում է միայն բռի ուժ: Բայց դա սուտ է:

Իշխանություն կա, որ մոդեռն, նույնիսկ պոստմոդեռն միջոցներով է իր անսասանությունը փորձում պահել: Կամ՝ օգտագործելով բոլոր հնարավոր միջոցները, ով կհավատա՝ նրան ասելով, որ ինքն աստծոց է, ով կապստամբի՝ նրան բռնության ենթարկելով, մնացածներին էլ փորձելով պրոպագանդայի միջոցով կամ տնտեսական կեղեքման միջոցով, ազատությունից զրկելով, հպատակ, կռացած պահել: Նույնիսկ ոմանց՝ կրթված ուժեղներին՝ փորձելով համոզել, որ ինքը ժողովրդավարական է իրականում, և դրա մանր ապացույցներ ներկայացնելով, մինչև բռի ուժի դիմելը:

Կան մի շարք երկրներ, որոնք ձև են գտել համեմատաբար արդար իշխանություն ձևավորելու ու այն պահպանելու ու փոխանցելու, ու այնքան են ուժգնացել դրա շնորհիվ՝ որ իրենց ձևերը հրամցնում են մարդկությանը՝ որպես ամենաճիշտ ձևեր: Այս երկրներում իշխանությունը սահմանափակ է տրվում մարդուն, ժամանակավոր, շատերի կողմից ու համաձայնությամբ, իշխանավորներին պարտադիր կերպով մի քիչ արհամարհում են, բայց այնպես՝ թեթև, և այստեղ իշխանավորը սովորում է ունկնդրել իր ժողովրդին, հետը խոսել, հաղորդակցվել հավասարը հավասարի պես ու, չնայած կյանքի շատ անարդարություններին՝ մի կերպ աշխատել պահպանել գոնե որոշ արդարություն, որքան որ հնարավոր է, և այն զարգացնել: Իշխանավորն այստեղ հայտարարում է, որ ծառայում է ժողովրդին, ու նույնիսկ մի քիչ իրոք ծառայում է:

Բայց որ այդ համակարգը մնա՝ իշխանությունն այդ տեղերում այնքան է ցանցայնացել, այնքան է տարրալուծվել ամեն քաղաքացու իրավունքի ու պարտականության մեջ, այնքան ստուգումներ ու հավասարակշռումներ ունի, որ ոչ մեկը և ոչ մի խումբ վերջնական իշխանություն չունի:

Եթե իշխանությունը ֆռիկներ է ֆռում, կռուծիտ է անում՝ վաղ թե ուշ այն փլվում է: Եվ դա վնաս է ողջ ժողովրդին, երկրին:

 

Մենք

Մենք ունենք շատ գիտակից ժողովուրդ: Այն չի ուզում իր հայրենիքին վնասել: Բայց ժողովրդի կարծիքն այսօր հետևյալն է. որ մենք ունենք իշխանություն՝ որը չի գիտակցում այն ռազմավարական վնասը, որ իր վարքը կուտակելով՝ միջազգային պարտքի պես հանձնում է սերնդներին, քանի որ այն չի փոխում իր գործելակերպը:

Իսկ չի փոխում, որովհետև թույլ է:

Եթե թույլ է՝ կարող էր գնալ, բայց չի գնում, քանի որ շահեկան է՝ մնալն ու ժողովրդին կեղեքելը:

Ամենավճռականներն ասում են, որ ստեղծվել է ցուգցվանգային մի իրադրություն՝ երբ ցանկացած քայլ վնաս է երկրին, բացի իշխանության տվյալ վարչակարգի՝ ճիշտ ու արդարորեն հրաժարականից (արագ հրաժարականը նույնպես կարող է անկանխատեսելի հետևանքների բերել), դանդաղ ու խելոք ինքնաքանդումից:

Եթե ժողովուրդը շատ հուպ տա՝ կարող է շատ բռնություն տեղի ունենալ:

Եթե ժողովուրդը չի հուպ տալիս՝ կառուցվածքային բռնությունն է ավելանում, երկիրն ավելի է թաղվում ճգնաժամի մեջ:

Եթե սա լիներ մի քանի տարի առաջ՝ իշխանությունը դեռ կարող էր փոխվել: Բայց այն ժամանակ նա դա չարեց, և հիմա արդեն ուշ է, քանի որ, ըստ ժողովրդի կարծիքի և բոլոր հետազոտությունների, արդեն տարիներ շարունակ ո՛չ մի վստահություն չունի, և պոպուլիստական քայլերը հաջողության չեն բերի, նաև՝ կարող են դրսից ավելացնել ճնշումը: Ստացվում է, որ սխալ իշխանությունը երկար ժամանակ սխալ վարվելով ու լինելով՝ բերել է հասցրել այս վիճակի:

Լեգիտիմության ճգնաժամի:

Երբ այն վերջապես գնա՝ նրա անդամ անհատները կարող են և չտուժել: Նրանք կարող են իրենց կուտակածը նաև իրենց որդիներին ու թոռներին հանձնել ու իրենց ընտանիքներին երջանկացնել: Սակայն երկիրը չափազանց շատ է տուժել արդեն, և մի շարք ուղղություններով՝ այն փրկել է պետք: Իսկ քանի որ նրանք չեն գնում՝ երկրի տուժելն է՛լ ավելի է խորանում, և ապագայում նրան փրկելն է՛լ ավելի դժվարանում:

Մենք ունենք ժողովրդի չափազանց կիրթ մի մաս, որն այս ամենը հասկանում է:

Նրանք, որոնք չեն ուզում իրենց կյանքը զոհել այս թակարդին՝ թողնում գնում են:

Նրանք, որոնք չեն ուզում իրենց հայրենիքը զոհել, որովհետև այն ավելի են սիրում, քան իրենց միջազգային մակարդակի բարօրությունը՝ մնում են և կամ գալիս են ետ:

Ի վերջո բոլորը մի քիչ կգնան ու մի քիչ կգան, քանի որ մենք շատ հայրենասեր ժողովուրդ ենք ու մեր գեղեցիկ հայրենիքը շատ ենք սիրում, ուրեմն կլինի մարդկանց ցիրկուլյացիա, ով կարողացավ իրեն լավ դնել դրսում՝ հիմնականում մի կերպ ինչ-որ բան կանի հայրենիքի համար, ինչպես դա հասկանա, իսկ նրանց մի մասը նաև այստեղ ներկայություն կհաստատի, վերջնական կամ ցիրկուլյար:

Հենց այդ իմաստով եմ ես ասում, որ այն, ինչ նախորդ տարիներին չէր երևում լրիվ, որովհետև հույս կար, որ պետությունը կկառուցվի ճիշտ ու հաջողակ՝ այժմ ընդգծված է. ազգն ավելի նշանակալի դուրս եկավ, քան պետությունը[3]: Բնական է, չէ որ պետությունն ավելի փոքր բան է, ինչպես օրենքները՝ կյանքի համեմատ: Սակայն մեզ համար սա հայտնություն է, որովհետև ուզում էինք, որ պետությունը դառնա ազգի առաջնորդ, իսկ նա չդարձավ:

Ազգը գալիս է հայրենիքը փրկելու, սակայն ոչ թե պետության հետ լրիվ համագործակցությամբ՝ այլ պետական մարմինների սխալ վարմունքից անկախ, նրանց շրջանցելով:

Իհարկե, պետական մարմինները կարող են և դա խաթարել: Եվ հաճախ դա անում են: Նրանք չեն գիտակցում մինչև վերջ, թե ինչ է դա նշանակում ամբողջ մասշտաբով: Դրա համար էլ ազգի օգնությունն այս երկրին այդքան ակնառու չէ: Իշխանության նպատակն է՝ ընդունել ազգի օգնությունը, որպեսզի ցույց տան, որ գոնե մի լավ բան կատարվում է, սակայն քանի որ իշխանությունը խեղաթյուրված է՝ այնպես են ուզում ընդունել՝ որ անձամբ իրենց օգուտ լինի, և այն չափով միայն՝ որ անձամբ իրենց հանկարծ չվնասի: Բայց քանի որ թույլ են ու դրա պատճառով ժողովրդի մեջ քիչ հենարան ունեն՝ երբեմն չեն կարողանում պրոցեսը կառավարել իրենց ուզածի պես:

Ժողովրդի մասն են, թվում է, և, հաշվի առնելով մեր հորիզոնական կապերն ու ընտրությունների արդյունքները՝ լավ էլ հենարան ունեն: Բայց այդ հենարանը լեգիտիմություն չի զգում: Ինչպես սխալ մեծացած-դաստիարակված բռի եղբորիցդ հարևաններիդ դեմ կամաչես՝ այդպես իշխանության հորիզոնական ցանցերի մասնակցիները մի կողմից մասնակցում են, մյուս կողմից՝ անհարմար զգում իրենց մի շարք իշխանավորների մակարդակի ու որակի համար: Եթե շատ զզվեցին՝ թողնում-գնում են:

 

Վերջին ելույթը

Ես այդ ցիրկուլացվող ժողովրդին անվանում եմ, կատակով, «կիսասփյուռքահայ»: Ելույթի ելած երիտասարդության մի մեծ մասը, ինչպես և մեր ողջ բնակչությունը, կամ անձամբ, կամ մերձավոր ընտանիքով ապրել է դրսում, Ռուսաստանում կամ արևմուտքում:

Այդ մասն ահա վեր ելավ: Նրանք վեր ելան ե՞րբ: Նրանք վեր չելան 2013ի սեպտեմբերին, քանի որ տարօրինակ կլինի, եթե հայն առարկի ռուսի հետ դաշինքին: Երբ մենք քննադատում ենք այդ որոշումը՝ մենք նկատի ունենք այսօրվա փոքրիկ քաղաքական Ռուսաստանն ու նրա իշխանության վարքը, այլ ոչ թե մեր մեծ բարեկամ պատմական Ռուսաստանը: Դրանից հետո նրանք այսօրվա քաղաքական Ռուսաստանից մի շարք տհաճ նշաններ ստացան. զենք Ադրբեջանին և այլն: Բայց գլխավորը դա չէ, այլ՝ այն պրոպագանդան, որ կալել է Ռուսաստանը, այն սխալ օրենքները, որ Ռուսաստանն ընդունում է, և ինչը վախեցնում է ուրիշներին, կասկած առաջացնում, որ ողջ հասարակությունը գրեթե հիվանդ է: Հենց դա երես դարձրեց շատերին այսօրվա Ռուսաստանից:

Եղավ մի քանի այլ ընդվզում՝ հարյուր դրամի, կենսաթոշակների շուրջ, և այլն: Մասնակիորեն հաջող, օրինակ՝ կենսաթոշակների դեպքում միայն ժողովրդի մատղաշ սերունդը տուժեց՝ քանի որ փայլուն երիտասարդ մասնագետներ դուրս եկան պետական համալսարաններում դաս տալուց:

Ես չգիտեմ, ի վերջո պլյուս է թե մինուս է այդ շարժումների արդյունքը, որովհետև չնայած նրանք հասնում են որոշ արդյունքի՝ բայց որքա՜ն եռանդ է ծախսվում դրա համար, որը կարող էր ծախսվել ստեղծագործական նպատակներով:

Ստեղծվել է մի արտառոց իրադրություն, երբ մենք հպարտանում ենք մեր գեղեցիկ շարժումներով (1988ից), նրանք դառնում են ավելի ու ավելի հանճարեղ, իմաստուն՝ մինչդեռ իրենց պատճառն իշխանության՝ ժողովրդից կտրվածությունն ու անդրդվելիությունն է, լեգիտիմության ճգնաժամը, որը չի անցնում, այլ միայն խորանում է: Դա նույնն է, ինչ ստամոքսի խոցից տառապող մարդը հպարտանա այն իմաստնությամբ, այն վարքով, այն միջոցներով՝ որով նա դիմակայում է խոցին, առանց այն բժշկելու մեկընդմիշտ...

Ավելի դրական մոտեցումն այն է, որ իշխանությունը կամաց-կամաց սովորում է, սակայն դա այդպես չէ. եթե փոխվեր՝ հաջորդական իշխանությունները կամաց-կամաց կսովորեին, իսկ քանի որ չի փոխվում՝ այն լավ բան չի սովորում, միայն սովորում է գոյատևել, իշխել, կեղեքել ու պոստմոդեռն կռուծիտներ անել. իր եսասեր նպատակի համար՝ սովորում է հարմարվել ու պահպանվել, քաղաքակիրթ լինել իրականում՝ չի սովորում գրեթե:

Հետո եղավ Պերմյակովի դեպքը: Հետո՝ ընդհարումը Ծառուկյանի հետ և նրա կուսակցության առայժմս վերացումը որպես քաղաքական գործոն: Որի արդյունքում բոլոր այլընտրանքային քաղաքական կուսակցություններն ու ուժերը կարծես թե դարձան «ոչ գործոն» այլևս: Հետո այլ տարբեր մասշտաբի դեպքեր: Երբեմն իշխանությունը նույնիսկ ինչ-որ իմաստով տրամաբանական էր: Հենց այդ է դժվարությունը. որ երբ իշխանության անունն է դուրս գալիս՝ նույնիսկ նրա տրամաբանական քայլերը դժվար է պատշպանել, և երբ նա տասը սխալ ու մի ճիշտ քայլ է անում՝ դժվար է ասել, որ դա, ի վերջո, իշխանություն է:

Հետո եղավ ցեղասպանության հարյուրամյակը: Այդ պահին ազգը զարթոնք ապրեց ու միավորվեց:

Հետո եղավ Բաղրամյանը:

Սեպտեմբերի երեքից սկսած ոչ միայն տնտեսության վիճակը վատացավ: Ոչ միայն արտագաղթն ավելացավ: Նաև՝ ծիծակ կոշիկներով քյառթ երիտասարդությունը ոտքի կանգնեց. համալսարաններում, նրանց բակերում, բնակելի շենքերի բակերում՝ տղուկների ոհմակները սկսեցին ընդհարվել, «ռազբիրատներ» անել և այլն:

Ժողովուրդը շատ զգայուն է հասարակական տրամադրությանը: Անհուսությունը բուծում է քյառթու, գողականություն, հենց որ ծրագիրը շեղվում է, ծրագրի տեսլականը կորում է՝ պատանիները, որպես փրկօղակ, ընդունում են ալտերնատիվ ապրելակերպի՝ ցարիզմից ու ստալինիզմից ժառանգած՝ ավանդաբար Հայաստանին հասու տարբերակը՝ գողականացումն ու ոհմակացումը: Նրանց զգեստներն են փոխվում, դրանց գույնը, դեմքի արտահայտությունը, խոսակցությունները, լեզվի մեջ՝ գռեհկության աստիճանը:

Ապրիլի 24ը՝ երբ աշխարհի այդքան նշանակալի մասը մեզ իր հարգանքն ու համակրանքն արտահայտեց... Չնայած շատերիս թվում էր՝ արդեն արժանի չենք... Եվ ապրիլի 23ի համերգը, մինչ այդ Քիմի գալը՝ փոխեցին այդ տենդենցը մի քանի օրում:

Բաղրամյանը եկավ դա հաստատելու, և այսօր հարյուրավոր քյառթու երիտասարդներ շտապ փոխում են իրենց կոշիկները, հագուստի գույնը, խոսելու ոճն ու թեմաները...

Սակայն իրադրության բնույթը մնում է ցուգցվանգ և՝ օրինակարգության խոր ճգնաժամ:

Մարդաստեղծ օրենքը խախտելը հեշտ է: Մեզ մոտ՝ նույնիսկ օրինազանցը փորձում է օրենքով պատսպարվել: Բայց դա զուտ սին ձև է:

 

«Նապաստակ» լինելու՝ օրենքների կատարումից սպրդելու փորձերը

«Նապաստակ» լինելը հաճախ շահեկան է՝ եթե չեն ստուգում: Առանց սովորելու՝ ձևականորեն դիպլոմ ստանալը: Եվրոպայում «նապաստակներն» այնքան ձրի օտվեցին հասարակական տրանսպորտից՝ որ այն սարսափելի թանկացավ, և օրինավորները ստիպված են շատ-շատ վճարել: Ի վերջո՝ Հունաստանի պրոբլեմն էլ այն է՝ որ այն «նապաստակ» է եղել Եվրոպայում՝ երկար տարիներ:

Թվում է, լավ է, հաջողացրիր «նապաստակ» լինել. իսկ իրականում դու ոտնձգություն ես կատարել իշխանության լեգիտիմության դեմ:

Եթե իշխանությունն արդար է՝ դա սխալ է, եթե անարդար է՝ դա ճիշտ է, և այդպես էլ ասվել է, փոքր-ինչ սվաղված, Մարդու Իրավունքների Դեկլարացիայի նախաբանում՝ որ որոշ դեպքերում մարդ ու հասարակություն իրավունք ունեն ապստամբելու՝ անարդար օրենքի դեմ:

Եթե օրենքի իրագործումը չի ստուգվում կամ ընտրաբար է ստուգվում՝ շանս կա, որ չես բռնվի:

Անարդար իշխանությունը «նապաստակ» է, քանի որ այն ընդվզումն իր անձերի դեմ անվանում է ընդվզում՝ հասարակական կարգի դեմ: Հենց դրանումն է Ռուսաստանի վերջին շրջանի օրենքների սխալականությունը: Այնտեղ «հինգերորդ շարասյուն» կոչվածը ոչ թե իշխանության գաղափարի դեմ է՝ այլ պուտինյան վարչակարգի: Այստեղ դրվել է հավասարության նշան: Դա կեղծ հավասարություն է[4]:

Երբ ոստիկանությունն ասում էր ցուցարարներին, թե նրանք ժամը տասնմեկից հետո աղմուկ են անում ու հարևաններին խանգարում՝ նույնիսկ եթե դա այդպես լիներ՝ դա սուտ էր, դա «նապաստակություն» էր. դա անարգանք էր ցուցարարների հանդեպ, քանի որ օրենքի մեծ խախտումը՝ որ Հայաստանում իշխանական ճգնաժամ է՝ փոխարինվում էր մանր, ճղճիմ հարցով:

Հավասարեցնելով վարչակարգն իշխանությանը, այդ խումբը հաջորդ տրամաբանական քայլն է անում՝ հայտարարելով, որ ցանկացած ժողովրդական ընդվզում կազմակերպված է թշնամի վարչակարգի կողմից: Դա նշանակում է՝ միանգամից թշնամի հայտարարել ցանկացած փորձ՝ այլընտրանքի, այն իրադրության մեջ՝ երբ եղած տարբերակը խորացնում է ճգնաժամը, չի ապահովում բարօրություն կամ առաջընթաց, տանում է դեպի էլ ավելի խոր ճգնաժամ եթե ոչ՝ կատաստրոֆ, ճնշում է ազատ մարդուն:

Կա մեկ այլ բացատրություն. քանի դեռ ելույթները մասնակի ու լոկալ բնույթի են կամ թեմայով՝ վարչակարգն ասում է. ինչ է եղել որ, ամեն երկրում էլ դա պատահում է, դա մեր լեգիտիմության ճգնաժամի ապացույց չէ, պարզապես որոշ մարդիկ երբեմն պիտի ընդվզեն, իրենց ընդվզման եռանդը պարպեն, դա լավ ցուցանիշ է՝ որ մենք դեմոկրատիա ենք, քանի որ նրանց, ի վերջո, չկոտրեցինք, միայն մի քիչ ծեծեցինք ու ջրեցինք՝ այն էլ միայն սկզբում:

Սակայն իրադրությունն այլ է: Հայաստանում կրկնվում է լեգիտիմության խորքային ու անսպառ ճգնաժամը, որ հիմնադրվեց Արևմուտքում երկրորդ համաշխարհայինից սկսած ու վաթսունականներից դարձավ էնդեմիկ, մղելով դրան տալ բազում փիլիսոփայական բացատրություններ ու մեկընդմիշտ հրաժարվել այն վերջնականապես հաղթահարելու գաղափարից:

Մի կողմից՝ դա Հայաստանի՝ արտաքնապես հասուն երկիր դառնալու վկայություն կարող էր լինել:

Բայց տարբերություն կա այն երկրի միջև, որը երբևէ չի ունեցել հեռախոսագծեր, տան հեռախոսներ, ու որի ողջ բնակչությունն այսօր ունի ձեռքի հեռախոսներ, և ամեն ոք մի քանի հատ՝ և այն երկրի, որն ունեցել է հեռախոսագծեր իսկ այսօր՝ նրա բնակչության մի մաս կա, որ հրաժարվում է ձեռքի հեռախոս ունենալուց: Սովորաբար ձեռքի հեռախոս հայտնաբերածը հենց այդ երկրորդ տեսակի երկիրն է լինում: Իսկ առաջինը՝ «Մոնղոլիայի» պես՝ «նախնադարյան համայնական կարգերից» «թռիչք է կատարում» «դեպի սոցիալիզմ»:

Նման իրադրության մեջ է Հայաստանը. մեծ Արևմուտքում լեգիտիմության էնդեմիկ ճգնաժամը գոյություն ունի համեմատաբար լավ աշխատող ու ռացիոնալ վարվող իշխանական համակարգին զուգահեռ, ու այդ երկուսը միմյանց պայմանավորում են:

Արևմուտքում իշխանությունը համեմատաբար լավն է ճգնաժամի պատճառով, և հակառակը. ճգնաժամը չի անհետանում, որ իշխանությունը մնա գոնե համեմատաբար լավը: Ճգնաժամը դարձել է իշխելու համակարգի բնականոն մաս, զսպիչների ու հակակշիռների համակարգի մաս, ինչպես դատական համակարգը՝ այդպես էլ ճգնաժամը:

Իսկ Հայաստանում՝ լեգիտիմության ճգնաժամը գոյություն ունի թույլ ու ոչ ճկուն ու երևակայություն ու կարողություն քիչ ունեցող իշխանության պայմաններում, իշխանությունը փորձում է այն լուրջ չընդունել, միակ ընդունելու ձևը՝ վանասազերծելն է, «նապաստակի» պես՝ դրա լրջությունից խուսափելը, ուրեմն իրադրությունը վտանգավոր է:

 

Հաշվեկշռի կարողությունը. ինչու է խախտվում օրենքը

Օրենքը խախտելը հեշտ է ու, սատանայական իմաստով՝ հաճելի:

Ճիշտ Քրիստոսի ասածին հակառակ:

Քանի որ նրա պահպանումը չես կարող անընդհատ ստուգել՝ որպեսզի այն աշխատի՝ ինչպես բացատրեցին Մաքս Վեբերը և շատ այլ գիտնականներ՝ պետք է դարերի ընթացքում մշակույթի ու կացութաձևի, դաստիարակության համակարգ, որ այն գենետիկորեն ներարկվի:

 Հայաստանն ու Ղարաբաղը, լինելով խորհրդային տարածքի մաս ու մինչ այդ ցեղասպանության ենթարկված ժողովրդի ապաստան՝ քսաներորդ դարում ապրեցին, ողջ մնացյալ խորհրդային տարածքի հետ միասին, ապաբարոյականացման մի գործընթաց, որի արդյունքում ընտանեկան ու հասարակական դաստիարակման համակարգը խաթարվեց: Մինչ այդ էլ մի բան չէր, քանի որ ապրում էին որպես համայնք՝ օտար պետությունում, ու մինչև վերջ չէին ընդունում այդ պետություններն ու ուրեմն նաև՝ նրանց օրենքները:

Չնայած դրան՝ շատ լավ գործեր արվեցին նույնիսկ այս՝ կիսաապաբարոյականացած հասարակության կողմից, և՛ խորհրդային, և՛ նույնիսկ աղքատ հետխորհրդային տարիներին:

Դա՝ շնորհիվ ազգի դարավոր արժեքների խորքին և նաև նրա՝ որ մարդկությունն ընդհանրապես քիչ է հակված ստեղծել տևական սատանայական հասարակարգեր, այն իր ամբողջության մեջ՝ ձգտում է դեպի լավը:

Մարդու մեջ ինչպես կենսական ուժն է ուժեղ՝ այնպես էլ՝ բարու ուժը, ինչպես կատուն ունի յոթ կյանք՝ մարդն ունի վերապրելու, գոյատևելու կարողություն և նաև՝ մանրից վատից հրաժարվելու ու դեպ լավը ձգտելու հակում:

Բայց մարդն ազատ է, որոշակի սահմաններում: Նա ազատ չէ՝ բնության օրենքները խախտել (այսինքն ազատ է, բայց կտուժի), բայց ազատ է՝ որոշումներ ընդունել, նույնիսկ սխալվել:

Ուրեմն մարդաստեղծ օրենքը ոչ միայն ամեն պահի փորձության է ենթարկվում, որովհետև ազատ մարդը՝ եթե դաստիարակության ճիրանները նրան չեն պահում՝ կարող է խախտել նույնիսկ լավ՝ ազատի համար ստեղծված օրենքը՝ իր ներքին ընդվզման պատճառով, իր էգոիստական շահից ելնելով, իր իռռացիոնալ հակումների պատճառով...

Նաև՝ որովհետև մարդն ունի անընդհատ կշռելու սովորություն:

Նույնիսկ ու հատկապես՝ ամենագրագետ ու դաստիարակված մարդը. արդյո՞ք այս օրենքը լրիվ ճիշտ է, լրիվ արդար, ճիշտ գործարկվեց, կիրառելի էր տվյալ պահին, ինձ օգուտ է...

Որքան ավելի կրթված՝ այնքան ավելի է հակված մարդն ամեն պահի դա կշռադատելու: Եթե խախտման գինը բարձր է՝ նա գուցե չխախտի, բայց կշռադատում է անընդհատ:

Անկիրթ օրինազանցն իր ներսում եղած անարխիկ ազատությունից է օրենքը խախտում, կրթվածը՝ իր ներսում եղած հավելյալ, մտածված ազատությունից:

Ուրեմն ամեն պահի ցանկացած լեգիտիմություն գտնվում է վտանգի տակ:

Մարդն ազնիվ էր՝ հետո գողացավ: Նրան այլևս չեն հարգի նույն կերպ, ինչ առաջներում: Ապաշխարեց, պատիժը կրեց՝ գուցեև ետ ստանա հարգանքը:

Աշխարհում ամեն պահին ցանկացած լեգիտիմություն անընդհատ քննարկվում է ու, լավագույն դեպքում, վերահաստատվում: Կամ՝ ոչ:

 

Շարժում՝ լեգիտիմության համատարած ճգնաժամի պայմաններում

Հայաստանի երիտասարդ կիսասփյուռքահայացած սերունդը տեսավ, ինչպես իշխանությունը կորցրեց լեգիտիմությունը, օպոզիցիան նույնպես, անհատ առաջնորդները նույնպես, և փորձեց ստեղծել մի շարժում՝ որտեղ չկար անլեգիտիմ տարր, կամ տարր՝ որի լեգիտիմությունը կարող էր կասկածի դրվել, այսինքն՝ չկար իշխանություն, առաջնորդություն:

Սակայն այդ շարժումն, իհարկե, բազում հարձակումների, սադրանքների ենթարկվեց՝ այն դելեգիտիմացնել ձգտող տարրերի կողմից: Սակայն այն, ի վերջո, հիմնականում դիմացավ և իր այս փուլն ավարտեց դրական զգացումով:

Լեգիտիմության ճգնաժամի՝ Հայաստանի այս վիճակը կարելի է դրական համարել, եթե նրանից իմաստություն քաղվի:

Այն ցույց է տալիս, որ Հայաստանն աշխարհի ու հատկապես Արևմուտքի մաս է դարձել: Քանի որ Արևմուտքում և աշխարհում լեգիտիմության ճգնաժամն արդեն ձևավորվել է այն պահից, ինչ հաղթվեց նացիզմն ու մահացավ Ստալինը: Այդ մասին գրել է Հաբերմասը և շատ ուրիշներ: Դա ի վերջո լավ բան է, իմ կարծիքով: Այն այժմ խորացել է, քանի որ ցանցային հաղորդակցությունը՝ հորիզոնական կապերը, որոնք առաջ սահմանափակ էին՝ դարձել է հաղորդակցության գլխավոր ձև, և իր ինտենսիվությամբ ու ազատությամբ լուրջ մրցակից է դարձել հիերարխիկ՝ բուրգային հաղորդակցությանը՝ որը հատուկ է դեմոդե կառուցվածքի պետական համակարգերին:

Լեգիտիմության ճգնաժամն այսօր նշանակում է, որ դեմոդե պետական համակարգերն ու կառույցները, եթե չեն ադապտացվում ցանցային աշխարհին, դադարում են լինել էֆեկտիվ և արդարացված: Ի վերջո, դա պարզ բան է նշանակում՝ որ համատարած ցանցային համակարգում կան բրգաձև խցանումներ՝ որոնք լավ չեն փոխանցում ինֆորմացիան:

Հիշենք, որ ցանցայինը միշտ ավելի մեծ է բրգաձևից ու միշտ եղել է[5]: Մեծ է՝ ինչպես ազատությունն ու անգիտակիցն է մեծ՝ կանոնների, օրենքների, նորմերի քանակից: Միշտ եղել է՝ սակայն անկազմակերպ, և ինչպես օրենքն է կյանքը կազմակերպում՝ այնպես բուրգն է ցանցը կազմակերպել:

Այսինքն՝ ավելի ճշտենք. ցանցը կազմակերպվել է «տարերայնորեն», նրան կազմակերպող օրենքները եղել են «բնական»: Իսկ բուրգերը փորձել են այդ օրենքներին հակադրել իրենցը, «կառավարել» ցանցը:

Բրգերն ունեն այլ գաղափար ու տեսլական՝ աշխարհի համակարգի մասին, քան ցանցը:

Սակայն վերջին ժամանակներում մարդկային ինժեներությունը, հանճարը, ստեղծագործությունը, տեխնոլոգիան՝ ձգտելով վերացնել այդ խցանումները՝ մի շարք միջոցներ են ստեղծել, ցանցայինի ուժեղացուցիչներ, որպեսզի ցանցայինն ուժեղանա ու բոլորն ամեն ինչի մասնակից դառնան: Ցանցը քաոտիկից կամաց-կամաց դառնում է գիտակից, ինքնորոշված ցանց, կազմակերպված, ռազմավարական սուբյեկտ:

Այն կարելի է քանդել, ինտերնետն արգելելով կամ լայվսթրիմն արգելելով, սակայն դա ավելի վատ հետևանքների կարող է բերել. մարդիկ վիրտուալ հաղորդակցության փոխարեն կարող են հավաքվել ու բոլորով դուրս գալ՝ լուր իմանալու, ինչպես եղավ 1988-ին: Եվ պայթյունը կլինի ավելի ուժգին ու կտրուկ:

Ավաղ, դեմոդե պետական համակարգերի վերջերս ընդունած գործելաոճը՝ հարմարվել այս նոր իրավիճակին՝ ավելի ձգտում է ոչ թե խորքային ու իրական փոփոխության այդ բրգաձև համակարգերի՝ այլ մանիպուլյացիաների, սադրանքների ու կռուծիտների միջոցով իրենց պահպանելու:

Մյուս կողմից, շարժումն իհարկե, հանդիպելով անհատ առաջնորդների՝ այլևս սահմանափակ լեգիտիմության խնդրին՝ ընկավ տվայտանքի մեջ:

Իրոք, անհատ առաջնորդն ի վերջո ատավիզմ է ցեղային ժամանակներից...

Առաջնորդների խումբն ավելի առաջադեմ երևույթ է. դեմոկրատիան, ի վերջո, հաստատվել է իշխանությունը կիսելու միջոցով՝ անհատից խմբի (խունտայի[6]) և հետո ավելի լայն հանրության հետ, այդ շրջանակը կամաց-կամաց ընդլայնելով:

«Կլոր սեղան»՝ խունտա են Արթուր թագավորի կլոր սեղանը, Ղարաբաղ կոմիտեն, Հունաստանի գեներալները, Պոլիտբյուրոն, Թուրքիայի «խոր պետությունը», Եվրոպական Միությունը (նրա Նախարարների խորհուրդը) և այլն:

Իդեալական է, իհարկե, մտագործունեության պատկերը, երբ ողջ հանրությունն ունի հավասար իրավունք՝ մտածելու, և որոշման ձևակերպումը տեղի է ունենում մարդկանց ուղեղներից դուրս՝ մտագործունեության օրենքներով և մտագործունեական տարածքում, որի մեջ ամեն մասնակից զուտ կոմունիկացիոն օրգան է ու մասնակից, իսկ որոշման պատկերը վեր է ու մեծ է ցանկացած մեկի ուզածից, բայց՝ բոլորի մտքի հանրագումար:

Դրան չհասնող, բայց էլի շատ իդեալական է անընդհատ հանրաքվեն (Իսլանդիա, Շվեյցարիա):

Նույնիսկ ընտրություններով առաջնորդ ընտրելը, ինչպես տեսնում ենք, լրիվ վարկաբեկված է ու չի բերում որևէ արդյունքի՝ դրանց մանիպուլյացիայի ու կռուծիտների պատճառով[7]:

Բարդ օրգանիզմներն ավելացնում են հասարակության մեջ եղած լեգիտիմության աստիճանը՝ առաջնորդելով այս տարբեր տարբերակների զուգակցման միջոցով՝ ընտրության, նշանակման, կլոր սեղանի, կոնսենսուսի, հանրաքվեի, երբեմն՝ նաև մտագործունեության մեխանիզմ ստեղծելու, և այլն:

Շարժումը քաոսի չվերածվեց, սակայն կանգ առավ՝ այս խնդիրը լուծել այս պահին չկարողանալով: Այն խորշում է ինստիտուցիոնալացումից, որպեսզի խուսափի լեգիտիմացիայի ճգնաժամից:

Քաղաքական պայքարում նույնպես այդպիսի իրադրություն է ստեղծվել:

 

Կանոններն ու կրկնությունը

Կանոնը, ավանդույթը, ծեսն անմիջականորեն միմյանց կապված են: Իրականում, պարզագույն կրկնությունն անգամ արդեն կանոնի տարր է իր մեջ պարունակում. ինչ-որ բանի կրկնությունն ապագայում նշանակում է, որ այդ բանը հեշտ է կատարել՝ նորույթ չէ, ուրեմն՝ այն կարելի է կատարել՝ առանց մեծ ուղեղային ճիգի: Եթե նախկինները որոշել են, որ դա ճիշտ է կատարել՝ ուրեմն մի բան գիտեին, և կարելի է կատարել՝ առանց երկար մտածելու, թե ինչի համար է:

Կրկնությունը բնական օրենքների հիմքն է. բնական օրենք է այն՝ ինչ կրկնվելու է ամեն անգամ, երբ էլ փորձես: Իսկ դա ուժ է տալիս՝ ապագան գուշակելու[8]: Եթե կա բնական օրենք՝ ապա այն գործելու է նաև ապագայում: Դա նշանակում է՝ ապագայի այդ մասն արդեն գուշակված է: Դա հեշտացնում է ապագայում կողմնորոշվելու հնարավորությունը:

Մարդկային կանոններն այդպիսին չեն. նրանք փոփոխական են: Սակայն մարդը, որ ձգտում է հստակության, որոշակիության, որպեսզի այս մեծ անորոշության մեջ իր կյանքը կառուցի՝ ցանկանում է, որ դրանք որոշակի լինեն, որքան հնարավոր է: Եվ մարդկային կանոնները մեկնաբանում է մի քիչ՝ բնական օրենքի պես, մի քիչ՝ աշխատում է քիչ վերլուծել, արդյոք նրանք փոխվեցին թե ոչ, պիտի փոխվեն թե ոչ, մի քիչ՝ հավատում է նրանց անփոփոխությանը:

Կրկնությունը, կանոնը, օրենքը խարիսխ են՝ որ թույլ են տալիս մարդուն վստահել աշխարհին և ուրիշներին: Արևը մայր մտավ, բայց վաղը նորից կծագի: Կողքովս անցնում է ոստիկան, ու նա ինձ հանկարծ առանց պատճառի իր ներքին կատաղությունից չի խփի, քանի որ մենք ապրում ենք քաղաքակիրթ երկրում: Երեկ կողքովս անցնող ոստիկանն ինձ չխփեց, ուրեմն հույս կա՝ որ այսօր էլ չի խփի: Նույնիսկ կարելի է ռիսկ անել ու նրանից հարցնել, թե ինչպես հասնել, ասենք, Հյուսիսային պողոտա: Ու հաճույք ստանալ նրա համեմատաբար բարեհամբույր ու քաղաքակիրթ պատասխանից:

Սակայն ոստիկանը հանկարծ անտեղի գազազեց ու խփեց:

Սակայն արևը հանկարծ չծագեց:

Աշխարհը սկսում է փլվել:

Մինչդեռ մենք ասացինք, որ մի կողմից՝ մարդ ուզում է, որ կանոնները համեմատաբար անփոփոխ լինեն, մյուս կողմից՝ լեգիտիմության ճգնաժամ է, երբ մարդ չի հավատում, որ մարդկային՝ իրեն պարտադրված կանոնների մի որոշակի մասը գործում է, և ամեն դեպք՝ կանոնի, փորձում է կշռել ինքն իր հոգում, ստուգելու համար, այն դեռ գործու՞մ է, թե ոչ, պե՞տք է որ գործի, թե ոչ, միգուցե հնացել է, խոտան է, իրեն չի վերաբերում, ա՛յս դեպքում չի գործում և այլն:

Ավելի լավ է զգույշ անցնել ոստիկանի կողքով ու նրան ավելորդ հարցեր չտալ...

Ինչու՞ է այդ հակասությունն առաջացել: Երկու պատճառով:

Մեկը՝ որ ինֆորմացիան այնքան է շատացել՝ որ հին կանոնների չգործելը նոր պայմաններում շատ լավ է երևում: Եթե առաջներում այդ հին կանոնը մի քանի դար էլ կձգվեր տվյալ հասարակությունում՝ այժմ ինտերնետով իմանում ես, որ մեկ այլում արդեն վերացրել են, ու հարց է առաջանում՝ իսկ ինչու պահպանել այստեղ, եթե արդեն հնացած է, պետք չէ, ակնառու օգուտ չի բերում ամենագլխավոր հացերը լուծելուն՝ մարդու ապահովության ու բարգավաճման հնարավորությանը, ընդհակառակը՝ խանգարում է:

Մյուս պատճառը՝ առաջինին կապված՝ այն է, որ կանոնը կյանքի բազմազանությանն առանց այդ էլ չէր համապատասխանում լրիվ: Այն պարզապես մի մարդկային, շատ մարդկային փորձ էր՝ զսպաշապիկ հագցնել մարդու կրքերի վրա, որպեսզի նա կարողանա գոյատևել: Հենց որ գոյատևումը դադարում է կանոնից կախված լինել՝ կանոնը հարցական է դառնում, կաշկանդում է ազատությունը:

Հին լավ ու իմաստավոր կանոնները, կուտակելով իրենց մեջ եղած փոքրիկ սխալները՝ փոքրիկ անհամապատասխանութունները մարդկային կյանքի բազմազանությանը՝ դառնում են մի մեծ սխալ, ու կանոնը մարդու հոգում փլվում է:

Փոխարենը շատ ավելի շատ նոր կանոններ են ձևակերպվում ու ինտերիորիզացվում մարդու կողմից, որոնք նա հաճախ չի էլ նկատում, նոր ծեսեր. ասենք՝  ֆեյսբուք մտնելու ծեսը...

Այդպիսով, չնայած մարդու ձգտմանը՝ հարմարվել, ապագան հստակ պատկերացնել, նա ստիպված է անընդհատ վերաիմաստավորել կանոնները:

Շահում է ճկունը: Նա՝ որ համաձայն է անորոշ ապագայում ապրել, կարող է ապրել՝ չնայած ապագայի սկզբունքային անորոշությանը:

Երկու տեսակի ճկուն կա: Մեկը՝ «նապաստակը», որը կարող է ի վերջո պարտվել, բռնվել:

Մյուսը՝ նա, ով մետականոններին է նայում՝ կանոնների առաջացման, կյանքի ու փոփոխման մեխանիզմներին, կանոն ստեղծելու, կանոնի զարգացման կանոններին, նա՝ ով անընդատ ոչ թե կանոնին է հարմարվում՝ այլ դիտում, ուսումնասիրում է նրա էվոլյուցիան:

Դա մետամարդն է՝ գերմարդու մեր՝ քսանմեկերորդ դարի տարբերակը:

Լավ իշխանավորը, առաջնորդը, մենեջերը, կազմակերպիչը, վարչարարը շարքային մետաիշխանավորն է, մետամենեջերը, մետակազմակերպիչը և այլն: Նա, ով կազմակերպում է գործընթացներ անորոշության մեջ՝ իշխանավորելով իր գործընկերներին, և, երկյուղածությամբ լեցուն՝ առաջնորդվում է «վնաս մի բեր» սկզբունքով:

 

Նորը

Կանոններ, ծեսեր, կրկնություն... Քիչ դեպքերում ես կանոններին հետևում գիտակցաբար: Դրանք ընկալել ու ընկալում ես շրջապատից, գեներից: Անընդհատ կրկնություն ես անում, որքան էլ որոշ կրկնություններ մի կողմ թողնես... Դա կյանքի կմախքն է:

Նորը ստեղծել՝ անկրկնելին, անկանոնը՝ դժվար է...

Կոնտեքստից պիտի դուրս հանի գլխիկը...

Ամեն անգամ, երբ գիտակցաբար ես հետևում կանոնին՝ հարց է առաջանում. իսկ հետևե՞լ արդյոք. դա է լեգիտիմության խնդիրը:

Լավ իշխանավորը պիտի ամեն պահին վերահաստատի իր լեգիտիմությունը. նա գիտի, որ այն քանդվում է ամեն պահին: Շրջապատն օգնում է, վեր է պահում՝ որ չսուզվի, բայց իշխանավորը պիտի մի կողմից անընդհատ աշխատի լավն անել, նորն անել, հին լավը կրկնել, նորացնել հին լավը, եթե պետք է, ու գործի ըստ իր ֆունկցիայի, մյուս կողմից՝ ունենա նաև երկյուղածություն:

Եթե իշխանավորը վատն է՝ նա նույնպես գիտի, որ իր լեգիտիմությունն անընդհատ հարցի տակ է, բայց այն պահպանելու համար նա ոչ թե փորձում է իր իրական գործն անել՝ այն, ինչ նախատեսված է իր պաշտոնով, փորձելով նրա գրված օրենքը համատեղել նրա ոգու հետ, այլ... Պահպանել ու ամրապնդել իր դիրքը բոլոր սուտի միջոցներով:

Եթե զգում է, որ այն տատանվում է (իսկ դա ցանկացած պահի է), ապա վատ իշխանավորը սկսում է օրենքը խախտել՝ նոր գրված օրենք ընդունելով՝ վատ, որը սակայն հնար կտա իրեն՝ մնալ տեղում չնայած իր լեգիտիմության պակասին, և կամ եղած օրենքը խախտելով, կամ այն կեղծելով...

Իսկ նրա դիմացի մարդը՝ որն անընդհատ նրա լեգիտիմությունը կասկածի էր ենթարկում, ունի հետևյալ ելքերը. կամ դեն նետի այդ լուծը, որը սակայն նշանակում է՝ պետք է միավորվել որքան կարելի է շատ քանակով և կարևոր որակով մարդկանց հետ... Նաև՝ անվախ լինել ու անվախների հետ միավորվել...

Կամ՝ կորցնելու բան քիչ ունենալ նոր փոփոխությանն ի պատասխան...

Կամ՝ ստեղծել պատնեշ իր ու իշխանավորի միջև՝ թողնել գնալ:

Կամ ստեղծել կյանք՝ որքան կարելի է նրանից անկախ...

Միավորվելը շատ թանկ է, աշխարհի ամենաթանկ, դժվար, բարդ բանն է միավորվելը՝ հանուն կոլեկտիվ լավ արարքի...

Ավելի հեշտ է միավորվելը՝ հանուն վատ արարքի...

Իսկ ամենադժվար բանն է՝ միավորվելը՝ հանուն բարդ արարքի...

Երբ պիտի անընդհատ բոլորով միասին մտածված գործեք...

 

Սադրանք

Սադրանք է կյանքի ամեն պահ - եթե սադրանք չէ՝ ուրեմն նորը չկա...

Առաջներում սադրանքը ֆիզիկականի դեմ էր. երեխան հիմնականում մեռնում էր, չհասցնելով դառնալ մեծահասակ: Մեծահասակը հիմնականում մեռնում էր, արագ ծերացած: Այժմ սադրանքը հոգևորի, մտավորի, ուղեղի դեմ է. պետք է աշխատել, որ ուղեղը չմեռնի ժամանակից շուտ:

Վատ իշխանավորի կռուծիտներն անընդհատ կօգտագործեն կոնսպիրոլոգիայի դիսկուրսը, քանի որ բրգաձև առաջնորդային համակարգը կարծում է, որ եթե իր մեջ ամեն ինչ վերից ներքև անհատից անհատ հրամանով է կատարվում՝ ապա այդպես է և հակառակորդի մոտ, պարզապես՝ եթե չենք տեսնում կոնկրետ առաջնորդ՝ ուրեմն նա ծպտյալ է[9]:

Այդ ուժերն անընդհատ կօգտագործեն հնոտի դիսկուրս՝ և՛ կշտամբելիս (կոպտություն), և՛ սիրաշահել փորձելիս (նաղլ):

Այդ ուժերն անընդհատ կապավինեն շարժման մասնակիցների գրագիտության բացերին: Որքան ավելի քիչ բան գիտես՝ այնքան ավելի հեշտ է քեզ խաբելը:

Քանի որ այդ ուժերը քիչ գրագետ են ու հնոտի (հետխորհրդային)՝ նրանք չեն հասկանա շարժման գիտությունը և երբեք նրան չեն տիրապետի: Սակայն նրանք ունեն հսկայական կարողություն և տաղանդ՝ գոյատևելու, վերապրելու, տակտիկական հարցերում՝ հաղթանակների հասնելու: Նրանց չի կարելի թերագնահատել այդ հարցերում:

Լեգիտիմության ճգնաժամը, անվստահության մթնոլորտը թույլ է տալիս պառակտման սադրանքի դիմել անընդհատ:

Սադրանքը գլխավոր գործիքն է շարժման դեմ պայքարում. այն կարող է սահմանափակվել ավելի ակտիվ գործողությունների, թվում է թե անմեղ, դրդման կոչերով, կամ այս կամ այն անձի պախարակմամբ, և այլն: Հիշենք, որ սադրանքը հիմնականում հետխորհրդային զինանոցի գործիք է: Դրան էր հիմնված ստալինիզմն ու սովետը: Այդ իմացությունը թույլ կտա սադրանքի ազդեցությունը թուլացնել:

Շարժումը պիտի պաշտպանության համակարգ ունենա սադրանքի դեմ. դրա առաջին քայլն է՝ եթե սադրանք է տեղի ունենում՝ ցանկացած արտասովոր խոսք կամ արարք՝ միանգամից ռեակցիա չտալ, սպասել, զգալ ուրիշների վերաբերմունքը, մտածել՝ հետո նոր արտահայտվել կամ գործել: Ցանկացած արարքի կամ դիսկուրսի նկատմամբ՝ անշտապ, հապաղած քննադատական մոտեցումը: Գնահատելիս՝ հենվել արդեն վստահելի անձանց մոտեցումներին, այն էլ՝ միշտ ետին մտքով, քանի որ նրանք էլ կարող են սխալվել կամ հանկարծ անվստահելի դառնալ:

 

Շարժում

Շարժումը երկար փորձ է անցել. սկսվել է 1988ին: 2008ի մարտի մեկից հետո տեղի ունեցավ հետևյալը.

Ա) պարզ դարձավ, որ ռեժիմը կհեռանա ու կփոխվի միայն արյան դիմաց, իսկ մենք դա չենք ուզում:

Բ) ստեղծվեց Կոնգրեսը, որը որոշ ժամանակ մարմնավորեց քաղաքական օպոզիցիան: Այդ ժամանակ Կոնգրեսը երբեմն շարժում էր, երբեմն փորձում էր ստեղծել ստեղծագործ կառույցներ, սակայն հետո վերացավ որպես ուժ, որ իրական օպոզիցիա է ընկալվում, ու նաև վերացավ ցանկացած այլ նշանակալի քաղաքական օպոզիցիա: Սկսվեց ոչ թե պարզապես քաղաքական ճգնաժամ՝ այլ քաղաքական համակարգի ճգնաժամ, լեգիտիմության ճգնաժամ:

Գ) ստեղծվեցին ոչ քաղաքական կամ մասնակիորեն քաղաքական սոցիալական շարժումները: Շարժումներն ունեն տրամաբանություն, վարքի կանոններ, հաջողության դեպքեր:

Շարժումը չի ուզում ասի, որ ինքը քաղաքական է, քանի որ երկյուղած է ու նաև՝ քանի որ իրոք քաղաքական չէ: Նա շատ ավելի մեծ է, քան քաղաքականը: Նա համընդհանուր է:

Այն չի ուզում ասել, որ ինքը հակառուսական է, քանի որ երկյուղած է ու նաև՝ հակառուսական չէ. նա շատ ավելի մեծ է, քան հակառուսականը, առավել ևս՝ հակապուտինյանը. նա համընդհանուր է:

Դա ինձ հիշեցնում է հայի ու վրացու մասին անեկդոտը: Վրացին մտնում է իր ընկեր հայի առանձնասենյակ, ու տեսնում, որ պատին կախված է Մեսրոպ Մաշտոցի դիմանկարը: Վրացին գիտի, թե ով է Մեսրոպ Մաշտոցը, սակայն ձև է թափում, թե չգիտի: Եվ քանի որ ընկեր են՝ հայն էլ չի ուզում ընկերոջը բորբոքած լինել:

-         Սա ո՞վ է, - ասում է վրացին:

-         Մեսրոպ Մաշտոցը, - դողդոջյուն ձայնով՝ ասում է հայը:

-         Իսկ ի՞նչ է նա արել, - ասում է վրացին:

-         Դե, նա հայոց այբուբենն է հայտնագործել...

-         Իսկ է՞լ ինչ է նա արել:

-         Էլ ոչինչ, էլ ոչինչ, էլ ոչինչ...

Հիմա մեզ մոտ է.

-         Արդյոք դուք քաղաքակա՞ն եք:

-         Չէ չէ չէ:

-         Արդյոք դուք հակառուսակա՞ն եք:

-         Չէ չէ չէ:

-         (Արդյոք դուք հակապուտինյան եք չեն հարցնում, որովհետև դա է՛լ ավելի վտանգավոր է ու այսօր հակառուսականը արտաքին կեղևային պրոպագանդայում արդեն իսկ նշանակում է իբր հակապուտինյան)

-         Արդյոք դուք գրանտակե՞ր եք:

-         Չէ չէ չէ:

-         Արդյոք դուք մայդա՞ն եք:

-         Չէ չէ չէ:

-         Արդյոք դուք Ցեռեու՞ եք:

-         Չէ չէ չէ:

-         Արդյոք դուք հինգերորդ շարասյու՞ն եք:

-         Չէ չէ չէ:

-         Թե՞, համենայն դեպս, մի քիչ հակառուսական եք...

-         Չէ ինչ ես ասում... Ոչ մի դեպքում...

«Ինձ տուփի կամ շշի մեջ չես մտցնի, ինձ չես հաշվի, ինձ չես խաչի: Ես մայրիկից էլ փախա, հայրիկից էլ փախա, քեզնից էլ կփախչեմ»: Կոլոբոկի պես: Բայց ինչ-որ տեղ առջևում՝ աղվեսը կամ մեկ այլ մանր կրծող թե սողուն կրճտում է իր ատամները. «Իսկ ես քեզ հա՛փ, ու չկաս»:

Լինելով ազգային շարժում՝ շարժումը ոչ միայն խուսափում է «քաղաքականացումից» վախի պատճառով, և նույնիսկ ոչ միայն պատասխանատվության՝ վնաս չբերելու երկյուղածության պատճառով, այլև՝ քանի որ ազգի մեջ յուրաքանյուր ոք մյուսի եղբայրն է ու քույրը, նույնիսկ կեղեքիչը եղբայր է ու քույր: Շարժումն իր համատարած ներողամտությունն ու բարությունն է հայտարարում դեպի նրանք, ովքեր իրեն կոխկռճում են. մի քիչ, ընկերաբար, քրֆում է, բայց հիմնականում՝ շատ-շատ ծաղրում ու առաջարկում ղրաղ քաշվել, քանի որ պատմությունն է գալիս: Նույնն էր և 1988-ին շարժման վերաբերմունքը դեպի կոմկուսը:

Շարժումը չի ընդունում առաջնորդ, չի ընդունում խունտա, չի ընդունում բանակցելու առաջարկ, չի ընդունում և ոչ մի հագուստ, ոչ մի ձև՝ ինստիտուցիոնանալու, քանի որ ինստիտուցիաների լեգիտիմության ճգնաժամ է:

Նա չգիտի, ինչպե՛ս որոշումներ կայացնի ու էֆեկտիվորեն իրագործի: Նա նաև չգիտի, ի՛նչ որոշումներ կայացնի:

Նա ծպտվում է իր առաջացման պատրվակի մեջ՝ էլեկտրական հարցի, փորձելով այդ փոքրիկ հարցիկն իր ողջ ինքնություն որպես, ողջ էություն որպես ներկայացնել, կարծես փորձի թաքնվել մինի փեշի մեջ, բիկինիի, սթրինգի... կարծես աչքերին սև դիմակ քաշի ու գնա պարահանդեսի՝ սին հույսով, թե իրեն չեն ճանաչի:

Եվ բոլորը նայում են միմյանց ու հարցնում. ո՞վ է սա: Որտեղի՞ց եկավ: Ի՞նչ է ուզում:

Եվ ինքն էլ լավ չգիտի դեռ այդ հարցերի պատասխանները:

Սակայն այն կա, ոչ մի տեղ չի անհետացել, ու փնտրելու է իր ինքնությունն ու ինքնակազմակերպման ձևերը՝ նոր պայմաններում: Նա պարզապես անձև մասսա չէ: Նա պարզապես ամբոխ չէ, այն էլ՝ խելագարված: Նա կոռումպացված չէ: Նա սադրանք չէ:

Նրան ավելի հեշտ է նկարագրել (և նա գերադասում է այդպես նկարագրվել), ասելով, թե ինքն ինչ չէ՝ քան թե ասելով, թե ինքն ինչ է: Քանի որ ինքը համընդհանուր է:

Լեգիտիմության ճգնաժամը ստեղծում է անոմի՝ անուն դնելու անկարողություն, քանի որ ինչ ավանդական անուն էլ դնես՝ իսկույն վարկաբեկվելու է: Որքան ավելի բարձրաբերձ, բարձրագոչ, «սուրբ» անուն օգտագործես՝ այնքան ավելի է վարկաբեկվելու:

Դրա համար ստեղծվում են նոր անուններ՝ «էլեկտրական Երևան», այլ ոչ թե «մայդան»:

Բայց դա առողջ, թեև հիվանդագին անոմի է. դա այն ճգնաժամային հիվանդությունն է, որից ծնվում է նորը:

Ճիշտ ինչպես ով էլ փորձի իրեն առաջնորդ հայտարարել՝ իսկույն վարկաբեկվելու է:

Շարժման ստեղծագործությունը ծնում է «էլեկտրական» բառը, իսկ սադրանքի անստեղծագործականությունն ու ծուլությունը՝ փորձում են ետ գցել, ճխտել կաղապարի մեջ, օգտագործելով «մայդան» բառը:

Իսկ այլ սադրիչներ շարժումն օգտագործում են, իրենց թվում է, հօգուտ իրենց պլանների՝ փող ու նվեր կորզել, ցույց տալ, որ իրենք դեմոկրատ են, և կամ՝ Մեծ Օրենքի փոփոխության ծրագրից ժողովրդի ուշադրությունը շեղել:

Սակայն շարժումից չես փախչի: Դա գալիս է ապագան: Ապագայից չես փախչի: Քեզ թվում է, դու քո ու քո ընտանիքի ապագան ես կերտում՝ իսկ իրականում՝ ճիշտ հակառակը. ապագան գալիս է ու քեզ ընդգրկում իր հորձանուտի մեջ:

Շարժումը ձևեր է փնտրում՝ գտնել ու ստեղծել ամենամեծ խունտան, այն խունտան՝ որտեղ կմասնակցի ամեն ոք՝ կամավոր կերպով և որպես ամբողջական ինքնություն: Ողջ ցանցովը մեկ՝ ինստիտուցիոնալ ամբողջությամբ:

Կտրել տարբերությունն օֆիցիալի ու մասնավորի միջև, մասնագիտականի ու դիլետանտականի, կիսատության ու ամբողջության, վերևի ու ներքևի, բաղրամյանի ու քսանվեցի, իշխանության ու էլեկտրականության, յուրաքանչյուր ոք ամբողջանա որպես անհատ ու միավորվի բոլոր մնացած յուրաքանչյուր ոքերի հետ, ու ստեղծվի մի նոր, հզոր, ցանցային, ամբողջական մետաանհատ-ազգ, որտեղ ոչ թե, մորեխի պարսի պես, կորում են անհատների առանձնահատկություններն ու շարժումը դառնում է ամբոխ, այլ ընդհակառակը՝ խաղում են առանձնահատկությունները, ու բազմագլուխ ու բազմասիրտ այդ էությունը՝ առանց հիերարխիաների, սկսում է գործել, առանց բռնության, պատմական արարքներ, որոնք ուղղված են հասարակության բարօրությանն ու ստեղծագործ զարգացմանը:

Առանց հիերարխիկ համակարգվելու, առանց որոշելու, ո՛վ է առաջինը գաղափարն առաջ քաշում՝ թե ինչ անել, և ո՛վ է հետևում գաղափարին, ո՛վ է այն իրագործում, ո՛վ՝ պաշտպանում, և ո՛վ է այն քննադատում... առանց իմանալու, թե ո՛ր գաղափարներն են ամենաարդյունավետը... հնարավոր չէ տիպական աշխատող ինստիտուցիա ստեղծել, մարդկանց փոխհարաբերության կանոններ ու օրենքներ՝ որոնց հետևելով մինչ այժմ տեղի էր ունենում, թեև ցածր օ.գ.գ.-ով, սակայն՝ գոնե ինչ-որ առաջընթաց: Լեգիտիմության, վստահության ճգնաժամը թույլ չի տալիս այդ հիերարխիկ համակարգերից, ինստիտուցիաներից, որոնք ստեղծել ու փորձարկել է մարդկությունը մինչ այսօր, ցանկացածն ընդունել որպես մոդել և իրագործել: Գաղափար առաջ քաշողի գլխին իսկույն կտան հենց ի՛ր գործընկերները, քանի որ այլապես, եթե այն ընդունեն ու նրանով առաջնորդվեն, նա իսկույն կսկսի բրոնզանալ: Հետևորդներ առանց առաջնորդի նույնպես մեզ պետք չեն: Ամենքս թող իր հասկացածով իր գործն անի, առանց հավակնելու մարդկանց համախմբել՝ և դա լավագույն ձևն է այսօր, ավլի՛ր ասֆալտը Բաղրամյանի, մի՛րգ բեր սկուտեղի վրա, փողո՛ց դուրս արի և ոչինչ մի՛ պահանջիր, սակայն մենք չգիտենք, թե այդ դեպքում դեպի ուր կգնա շարժումն ու ինչի կհասնի:

Շարժումն ապագան է, բայց պիտի դեռ իրեն գտնի: Իսկ ազգը պիտի օգնի, որ մեծ կորուստներ չլինեն այդ ճամփին:

Նոր օրենքներ են հայտնաբերվելու:

 

Գևորգ Տեր-Գաբրիելյան,

 

 

[1] Տե՛ս այդ մասին. http://gtergab.com/hy/news/media/why-do-people-live-in-the-world/32/

[2] Տե՛ս այդ մասին այստեղ. http://gtergab.com/hy/news/media/why-do-people-live-in-the-world/32/

[3] Տե՛ս այդ մասին http://gtergab.com/hy/news/media/the-nation-proved-to-be-much-more-significant-than-the-state/93/

[4] Տե՛ս այդ հարցերի վերլուծությունը (բուրգաստանյան նորալեզվի առանձնահատկությունները) այստեղ. http://gtergab.com/hy/news/media/2014/87/

[5] Հիերարխիկ բուրգի ու ցանցի մասին տե՛ս այստեղ. http://gtergab.com/hy/news/media/interview-on-hierarchies-versus-networks-2014/67/

[6] Տե՛ս խունտան որպես ձգտում դեպի դեմոկրատիա քննարկված այստեղ. http://gtergab.com/ru/news/media/banditism-and-pillage/97/

[7] Այդ իմաստով նախագահի համազգային ընտրություններից հրաժարվելն արտաքնապես առաջադեմ քայլ է Հայաստանի համար, եթե միայն այն չի արվում ճիշտ հակառակ նպատակով:

[8] Օրենքների և ապագայի գուշակման մասին տե՛ս այստեղ. http://gtergab.com/files/uploads/methodology/5.budushchee-1997-edit-2007%20with%20reviews.pdf

[9] http://gtergab.com/hy/news/media/2014/87/

 

Ավելացնե՞լ. տաբու, օմերտա, վետո, սև գիր, թուղթուգիր, սև նշան... երդում... սիմվոլ-ծես առանց բռնիության... օրենքի ստիպելը... իշխի հետ կապել... անարխիա... (օգ 4 2015 ժ 1301 Լոնդոն)


00:30 Հոկտեմբեր 14, 2015