Արձակ

Մարգարիտան ու Քրիզանտեննան (2013)


ՄԱՐԳԱՐԻՏԱՆ ՈՒ ՔՐԻԶԱՆՏԵՆՆԱՆ

«Ժիզնեննի» շարքից

Առաջին անգամ հրապարակված է այստեղ. http://www.aravot.am/2013/08/15/276529/ 

Երկրորդ անգամ՝ «Անաստված կինո թատրոն» ժողովածուում:

 

Էդ բարդ հարցը քիչ թե շատ, հուսով եմ, լուսաբանելուց հետո՝ անցնեմ պատմեմ մեր ռազբիրատների մասին: Բայց չէ, սկզբից պատմեմ դասատուների մասին: Մեկը՝ ընկեր Բրունգիլդյանը, հատուկ դեպք էր: Երեխաների պատմության դասատուն էր, ուսմասվար: Կոլոտ, հաստ կնիկ էր, անխնամ հագնված: Իր դասին բոլորիս ջղերը դղրդում էին: Վեցերորդ դասարան էինք: Հստակ էին իր ֆորմուլաները. «Պետությունը,― ասում էր նա,― դա ուժ է շահագործողների ձեռքին՝ շահագործվողներին շահագործված պահելու համար: Բատոնյան, ի՞նչ է պետությունը»:

 Բատոնյանը վեր էր կենում ու, բանդեռլոգն ինչպես օձին կնայի՝ այդ հայացքով նայելով ընկեր Բրունգիլդյանին, կմկմալով, զկռտալով փորձում ասել.

 ― Պ֊պետությունը դա... դա... դա...

 ― Ուուժժ էէ,― սպառնալի տոնով ասում էր Բրունգիլդյանը:

 ― Ու֊ու֊ու֊ուժ է...

 ― Ու՞մ ձեռքին է դա ուուժժ,― կանխըմբոշխնելով ահավասիկ հաշվեհարդարի կայֆը՝ ձեռքերն իրար շփելով ասում էր Բրունգիլդյանը:

 ― Ուժ է ձեռքին... ձեռքին...

 ― Տո հիմա՛ր. մամադ քեզ չի ասե՞լ, որ ինքը ուժ է քո գլխին՝ քո տխմար գլխին զարկելու համար,― ուրախացած՝ պայթում էր Բրունգիլդյանը:

Բատոնյանը՝ որ մամա չուներ, լուռ սառում էր. նրա մեխանիզմը կարճ միացում էր տալիս ու ներսում վառվում֊մսխվում, առանց արտաքին հետևանքի:

― Պետությունը դա ուժ է շահագործողի՛ ձեռքին... Ուժեղի՛ ձեռքին... Կեղեքողի՛ ձեռքին... Հարձակվողի՛ ձեռքին... Անպատկառի՛ ձեռքին,― սկսում էր թվարկել Բրունգիլդյանը՝ սպառնալի մոտենալով դողացող Բատոնյանին, քանոնը շրխկացնելով ամեն նստարանին՝ որի կողքով անցնում էր:

― Ինչի՞ համար է պետությունն ուժ,― վերջապես մոտենալով Բատոնյանին՝ ասում էր ընկեր Բրունգիլդյանը, թևերը կողերին կեռելով:

Բատոնյանն ուժ էր հավաքում որ իր ներսից կմկմա.

― Որպեսզի... որպեսզի...

― Որպեսզի գլու՛խդ թաղեմ, այ որպեսզի. ձեռքերդ պարզիր. որպեսզի շահագործվողների՛ն, կեղեքվողների՛ն, թույլիկների՛ն, կրվողների՛ն, համեստների՛ն շահագործի՛, կեղեքի՛, կոտորի՛, կրի՛, շանսատա՛կ անի: Կրկնի՛ր,― ասում էր Բրունգիլդյանը՝ ամեն թվարկած բառի հետ քանոնը մի հատ շրխկոցով խփելով Բատոնյանի ձեռքերին, որոնց մեջ ուժ չկար շահագործելու, կեղեքելու, հարձակվելու, իշխելու, բռնաբարելու:

Ուրեմն նոր ծրագրով թանաքով գրելը վերացրել էին, իսկ մարմնական պատիժը՝ դեռ ոչ լրիվ. կիսատ:

― Հիմա ես ո՞վ եմ քո նկատմամբ,― ասում էր Բրունգիլդյանը, ավարտելով էկզեկուցիայի առաջին մասը:

― Դուք... դուք...― կմկմում էր Բատոնյանը, կարմրած ձեռքերն իրար շփելով:

― Կեղեքիչ,― հուշում էր գերազանցիկ Ռուզոն:

― Կեղեքիչ,― կրկնում էր տուպոյ Բատոնյանը:

― Ա՛յ դու ապու՛շ, դեբի՛լ,― հրթիռի պես վեր էր խոյանում հաստ կնիկը.― տո դու չես ջոկու՞մ որ ինքը հատուկ ա պադնաչկա անում որ դեբիլություն դուրս տաս որ ես կատղեմ: Պետությու՛նն եմ ես: Պետությու՛նը: Կրկնի՛ր:

― Պ֊պետությունը... դա... դուք եք...

Հասկանալի է, որ նման դպրոց անցնելուց հետո՝ Բատոնյանը մինչև կյանքի վերջ հստակորեն գիտի, թե ով ու ինչ է պետությունը: Բայց չի կարողանում բացատրել:

― Լավ, նստիր,― ասում էր բավարարված Բրունգիլդյանը:

Հետո, կարմրատակած աչքերն ակնակապիճների մեջ պտտացնելով, աչք էր ածում դասարանն ու ասում.

― Իսկ հիմա... ես... քեզ... Դուդարյան... հարց կտամ: Իսկ եթե պետությունն ուժ է շահագործողների ձեռքին... Իսկ չէ՞ որ դու հիշում ես, ես ասել եմ, որ սոցիալիստական պետության մեջ մարդու կողմից մարդու շահագործմանը վերջ է տրված... Ապա ու՞մ է շահագործում սոցիալիստական պետությունը: Հը՞,― ու հաղթական, իրենից գոհ՝ պտտում էր աչքերն ակնակապիճների մեջ:

― Ը... ը... Ամերիկայի՞ն,― խելքին զոռ տվեց համարյա գերազանցիկ Զավեն Դուդարյանը, որին բոլորը սիրում էին:

― Հը՞: Ու՞մ: Հետաքրքիր կլիներ: Որ ասում եմ խելոք ես... Բայց՝ չէ. ճիշտ պատասխանը ո՞րն է: Չգիտե՞ս: Ո՞վ կասի: Չէի սպասում ձեզանից... Ոչ ոք չի՞ կարող ասել:

Ու հանկարծ Բրունգիլդյանը կտրուկ փոխեց թեման. շուռ գալով դեպի Պիպիլյանն ու նրա զույգը՝ Մարգարիտան, նա հանկարծ ասաց.

― Լսիր, քեզ դուր է՞ գալիս, որ ինքը քեզ էդպես է անում...

Դասարանը շանթահար եղավ: Կատարվել էր այն՝ ինչ մինչ այժմ դեռ չլսված բան էր. Բրունգիլդյանը բռնել էր Պիպիլյանին՝ Մարգարիտայի բուդը մաժելու պահին...

 

Մաժել... ինչքան շատ բան կա այդ բառի մեջ... Օ, հիշում եմ մեծ դասամիջոցը, երբ միջանցքներում աղջիկներն ու տղաները կուտակվում էին այնպիսի քանակությամբ, որ պարզապես անհնարին էր անցնել՝ առանց միմյանց հպվելու... ու ինչպես էինք որոշում գնալ աղջիկ մաժելու, ու ձեռքներիս ափերը կողք տնկած՝ քայլում աղջկերքի ամբոխի միջով, աշխատելով ձեռքերն ուղիղ ներքև պահել՝ զինվորիկի պես, որ նրանց փեշերի մակարդակից ցածր գտնվեն... ու ինչ հաճույք էր, երբ հաջողվում էր մի պահ դիպչել մի որևէ սառը ազդրի... Քանի՞ հատ մաժեցիր էսօր: Հիսուն: Չէ մի չէ, հարյուր: Ինչպես էինք գրազ գալիս՝ որ գրազով կմաժենք գեղեցկուհի Սաբինայի կուրծքը, ու նագլի Բոխիկյանը, իբր մեզ հետ զրուցելով՝ մոտենում էր Սաբինային ու հանկարծ ձեռքն առաջ գցում, ասես հայլ հիտլեր ասելիս, ետ նայելով ու ասելով՝ «Ա՛յ այնտեղ կկախենք պատի թերթը... վա՞յ, Սաբինա ջան, ներողություն, չնկատեցի», ու նրա ձեռքը մնում էր մի պահ մխրճված՝ Սաբինայի դոշի անտակ փափկության մեջ, որ ոչ մի լիֆչիկ, ոչ մի լֆիկ չէր կարող պնդացնել: «Կորի՛ր այստեղից, լածիրա՛կ, խուժա՛ն»,― ասում էր Սաբինան աղջկերքի տիպական մանտրան ու արժանապատվորեն, օրոր֊շորոր թողնում֊հեռանում, իսկ մենք ծիծաղից գալարվում էինք, որպեսզի թաքցնենք մեր սարսռազդու մանթրաշը Սաբինա գոմշացլուհու մրգապտղային էության առջև, ինչպես նաև Բոխիկյանի խիզախության, և, վերջապես, հիացմունքը՝ վերջինիս լկտիությամբ:

Մաժել... Որտեղի՞ց էր այդ բառը գալիս, բառ՝ որ նույնպես առաջին անգամ ես դպրոցում լսեցի: Անհայտ էր: Դժվար էր պատկերացնել, որ այն գալիս էր այդքան կուլտուրական, սառը, յուղոտ «մերսել» բառից: Ինչ֊որ «ախպարական» բան էի ես զգում այդ բառում, ոչ սովետական, ինչ֊որ գուցե արևելյան ելևէջ... կամ՝ ֆրանսական, օրինակ՝ «Մաժեստիկ» հյուրանոցի գաղտնիքներին առնչվող... այնտեղի նկուղներում երևի հաճախ էին աղջիկներին տղաները մաժում... Է՛լ ավելի անհնար էր պատկերացնել՝ որ այն գուցե գալիս է սլավոնական, էլ չասած ռուսական мазать բառից, որն ուներ երկու իմաստ, մեկը՝ քսել: Թվում է, ուրիշ էլ ի՞նչ: Բայց՝ ոչ: Ինձ թվում էր, մաժել բառին ավելի հարիր է երկրորդ իմաստը՝ վրիպել, և հիմա կբացատրեմ, թե ինչու: Կարճ ասած, որովհետև մաժելը էն մյուս բանն անելու նախնական ստադիան էր: Սկզբում մաժում էիր՝ հետո էն մյուս բանն անում, չէ՞: Տղաներն էլ էին իրար մաժում: Եվ, իհարկե, ավելի շատ, քան ձև թափում, թե էն մյուս բանն են անում: Դա այդքան վիրավորական չէր, որքան ձև թափելը, թե էն մյուս բանն ես անում դասընկերոջդ: Դա նաև երևում էր նրանից, որ էն մյուս բանը լրիվ արգելված բառ էր, իսկ մաժելը՝ ոչ այնքան: Կարելի էր լկստվել, մեկին մաժել ու փախնել, ու հետո նա պիտի ետևիցդ ընկներ՝ որ աբառոտկա ֆռա: Կամ ասում էր ալարկոտ՝ աբառոտկի հավես չունեմ, ու թույլ էիր տալիս, որ ինքն էլ քեզ թեթևակի դիպչի՝ որ քվիտ լինեք ու կռիվ չստացվի: Իսկ եթե մեկին մաժել էիր ու սա աբառոտկա չէր ֆռացել, հետո մեկ էլ հանկարծ մի երկու օր հետո էր ֆռում՝ ասում էիր աբառոտկի գել ե՞ս, տո արա: Մենք բոլորս աբառոտկի գել էինք: Ես հիմա էլ եմ աբառոտկի գել: Ու միշտ կմնամ: Մեր սաղ ազգն ա աբառոտկի գել: Ինչ երկրորդ թուշ, ինչ բան: Հմի սպասում ենք տենանք, Ադրբեջանն աբառոտկի գել ա լինելու վերջը, թե չէ:

Ուրեմն, քանի որ մաժելը էն մյուս բանի նախնական, թեթև տեսակն էր (իսկ համբույրի՝ հաջորդ փուլը)՝ ինչպես, ասենք, սեռական հոլովը տրականից առաջ (և ուղղականից հետո)՝ եթե էն մյուս բանն անել վրիպում էիր՝ ստացվում էր, որ մաժեցիր, ու դրա համար ես համաձայն չէի, որ ռուսերեն «քսել» բառից է այդ բառն առաջացել, բայց համաձայն էի՝ որ «վրիպել»: Նաև ասում էին՝ «ջուր ա խմում», կլաս խաղալու կամ ոտ գցելու ժամանակ օրինակ, դա մատչպոյնտը չէ իհարկե, բայց ինչ֊որ բանով նման իրավիճակ է. մաժելուն կարող է էն մյուսը հետևի՝ իսկ կարող է և՝ չհետևի:

Հետաքրքիր է զգալ, ինչպես է մեր մշակույթը զարգացել՝ որ մարդ կարող է գրել առաջներում անգրելին: Ընթերցողներից մեկը, թյուր ընկալելով իմ պաթոսը, չտեսնելով հումորը՝ սևեռվեց նրա վրա, որ այդ արարքներով մենք փաստորեն աղջիկների մարդու իրավունքներն էինք խախտում: Ինձ նախատեց: Այո, իրոք: Արել եմ, մեղա-մեղա: Ու էլ ինչ մեղք ասես չեմ գործել իմ կյանքում, էլ դու սուս: Աղջիկների հետ մենք քիչ էինք մարդկայնորեն շփվում այդ տարիքում, նրանք էլ մեզ հետ, և մեր երազներում նրանց նայում էինք ոչ թե որպես արժանապատիվ մարդու, այլ որպես սիրելու առարկայի, որին ուզում ես համբուրել, մաժել, էն մյուս բանն անել: Ավաղ, գրեթե միշտ այդ տարիքում ու այդ պայմաններում՝ դա անհնարին էր, իսկ որպես մարդու՝ նրանց նույնպես նայում էինք, իհարկե, որքան հասունանում էինք՝ այնքան ավելի ու ավելի, բայց երկու վերաբերմունքը գնում էր զուգահեռ, իրար քիչ խաչմերվելով... Կամ լավ էլ միահյուսված... Ինչպես և շատ տղամարդկանց մոտ, վայ թե, հաճախ, ցանկացած տարիքում, աշխարհի ցանկացած տեղում... Եվ դա է քաղաքական կոռեկտության գերեզմանափորը. որ աղջիկը տղայի համար մի քիչ իր է, մարմին է, միայն հոգի չէ, միայն սուրբ չէ, ինքն էլ է ուզում մի քիչ մարմին լինել, և եթե ինքը մի քիչ իր, մի քիչ մարմին, մի քիչ առարկա չլիներ՝ բան չէր ստացվի աշխարհում, և առայժմ, փառք աստծո, այդ բնական վիճակի հախից գալ հնարավոր չէ: Մի քիչ իր է, ինչպես և, ասենք, պապիկը, որի վրա մագլցում է թոռը, կամ որդին, որի ձեռքին հենվում է, քայլելիս, զառամյալ մայրը, կամ մանկիկը՝ ջահել մոր համար, որը չգիտես նրա հետ է խաղում, թե նրանով:

Մարդիկ մի քիչ իր են միմյանց համար, և լավ է դա չմոռանալ:

Իսկ հիմա... Դասի ժամանակ... Բրունգիլդյանի աչքի առաջ... Պիպիլյանը մաժել է Մարգարիտային...

Մարգարիտան առանձնապես մի մեծ բան չէր: Նա չէր համեմատվի, օրինակ, դասարանի ամենագեղեցիկ աղջկան՝ Բուբեին, որն իմ կողքն էր նստում տարիներ շարունակ: Ես հատուկ կարճատեսություն էի զարգացրել՝ որ ինձ նստեցնեն նրա կողքը, առաջին նստարանին: Նա չնայած կարճատես չէր՝ բայց ավանդաբար առաջին նստարանին էր նստում, հետո սակայն ինքն էլ կարճատեսացավ, քանի որ գերազանցիկուհի էր: Իսկ ես առաջին տարիներին նստում էի վերջին նստարանին, մինչև ակնոց ձեռք բերի ու շարք առ շարք սկսեցի առաջ շարժվել, խնդրելով որ դասղեկն ինձ տեղաշարժի, մինչև չընկա վերջապես Բուբեի կողքն ու դրանից հետո միասին նստեցինք մի վեցը տարի: Իհարկե, երբեմն արյունը տալիս էր գլխիս ու նայում էի նրա շագանակագույն շրջազգեստի տակից կիսալուսնի պես ծիկրակող նախածնկան փափկությանը՝ մարմնագույն ախորժաբեր նեյլոնի մեջ ամփոփված՝ ու ձեռքս ինքնաբերաբար շարժվում էր դեպ այդ կիսալուսինը, ու երբեմն կամքի սարսափելի ճիգով էի միայն ձեռքս ետ քաշում: Այդպես էլ չփորձեցի: Ես էդքան ռիսկով տղա չէի: Սիրահարված էի նրան ընդամենը չորսից ութերորդ դասարան, թեև նրա համեմատական գեղեցկությունը գնահատում էի, իհարկե, դրանից հետո էլ, և միշտ:

Իսկ այս անպատկառ Պիպիլյանը... Եվ երևում է՝ Մարգարիտան թույլ է տվել, այսինքն իրոք համաձայն է մաժվել...

Պիպիլյանը, սփրթնած, ոտքի ելավ, աչքերը կախեց: Բայց ինչ նյարդեր ունի տղան, մտածեցի: Մենք էստեղ չորացած, որ հանկարծ Բրունգիլդյանը մեզ դաս չհարցնի՝ իսկ նա, էս ստրեսի մեջտեղը, աղջիկ է մաժում: Երանի՜: Ստրեսը ստրեսո՞վ են հանում: Կուվալդո՞վ կեղեքիչ:

― Դե ասա,― մեղմաբար ասաց Բրունգիլդյանը, ճոճվելով իր հաստ ներբանների վրա.― էդ անել սիրում ես՝ սիրիր և դաս պատասխանել. ու՞մ է շահագործում մեր սոցիալիստական մեծ հայրենիքը:

Պիպիլյանը շանթահար լռում էր: Նա գաղափար չուներ: Նրա հայրն արվեստագետ էր, բայց նրանով չէր զբաղվում: Նա ապրում էր Խնկո֊Ապոր գրադարանի հին շենքում, որ հիմա վերակառուցված է, մեջը խինկալնոց է, խինկո՝ խընկո, նա ծխում էր ու ուռում ու ութերորդ դասարանից դպրոցից դուրս եկավ, իսկ տարիներ հետո մարդասպան դարձավ, ու իրեն ինչ֊որ մարդ սպանելու համար նույնպես սպանեցին. իսկ այդ ժամանակ նա թմբլիկ, սիրուն, շեկ մազերով ու կապույտ աչքերով տղայիկ էր:

Լռում էր նաև Մարգարիտան. ըստ երևույթին, նա իրոք դեմ չէր մաժվելուն. նա ապրում էր դպրոցի կողքի բնակարանում, առաջին հարկում, որտեղ հիմա ֆիրմային խանութ է, և մեր դասարան էր տեղափոխվել վերջերս՝ քանի որ մեկ այլ դպրոցում էր մինչ այդ՝ բայց այնտեղ նույնպես մաժելու հետ կապված, թե ավելի բեթար մի պատմություն էր եղել, որից հետո որոշել էին նրան տեղափոխել, բայց դա երկար չտևեց, քանի որ այն տղան՝ որի հետ այդ պատմությունը սկսվել էր, մի տարի հետո գնաց Մարգարիտայի ծնողների մոտ ու ասաց, որ պատրաստվում է Մարգարիտային փախցնել, մենք յոթերորդ դասարան էինք, ծնողներն էլ ճարահատյալ համաձայնեցին, որից հետո այդ տղան նրան բռնեց դպրոցի բակում, գլխին տոպրակ հագցրեց ու, ձեռքերը ոլորելով, չնայած իր ճղճղոցին՝ քարշ տվեց ու տարավ, մեր ու ուսուցիչների աչքի առաջ, ու նույնիսկ դիրեկտրուհին ձայն չհանեց: Դա տարօրինակ էր: Դիրեկտրուհին սիրում էր աղջիկներին բռնել մազափնջից ու քարշ տալ դպրոցի բակով մեկ որևէ զանցանքի համար: Կամ՝ տղաներին բռնել ու, եթե փոքր֊ինչ երկար էին նրանց մազերը՝ դերձակի կեռ մկրատով մի մեծ արահետ բացել դրանց մեջ, որ հետո ստիպված լինեն խուզվել մինչ վերջ: Բայց ուրիշներին նման բաներ անել թույլ չէր տալիս սովորաբար իր աչքի առջև: Ինչու՞ այս անգամ թույլ տվեց: Աղջիկ առևանգելը հատուկ դե՞պք էր, կարելի՞, սուրբ հնադարյան սովորու՞յթ: Նախօրոք խոսացվա՞ծ: Պարզապես վախեցա՞վ Մարգարիտայի ընտրյալից: Հավանե՞ց գլխին տոպրակ հագցնելը, որտև ինքն է՞լ տենց կաներ:

Չգիտեմ: Գիտեմ միայն, որ դա իմ ծննդյան օրն էր: Բանն այն է, որ ես որոշել էի դասարանից ոմանց հրավիրել, ու Մարգարիտային նույնպես, ու ինքը շատ ուրախացել էր, որ ես նրան հրավիրել եմ, ու նախօրոք ասել էր, որ պատրաստվում է գալ, բայց այդ օրը նրան փախցրին, ու երբ ես վերադարձա դասարան ու նստարանիս փեղկը բացեցի՝ մեջը տեսա էժանագին ոսկեզօծ մի փողկապակալ ու մի հատ էլ նմանատիպ ոսկեզօծ գրիչ, ու մի նամակ՝ գեղեցիկ փոքրիկ ծրարի մեջ, որի մեջ կոկիկ ձեռագրով, առանց տառասխալների գրված էր. «Հարգելի Հայկ, կներես, բայց ես չեմ կարողանա այսօր մասնակցել քո ծննդյան տոնակատարությանը, որքան էլ ցանկանայի, քանի որ այսօր ինձ, ավաղ, փախցնելու են, բայց ես քեզ մաղթում եմ ամենայն բարիք ու, եթե էլ երբևէ չտեսնվենք՝ երջանկություն ու քո բոլոր ցանկությունների ի կատար ածում: Լավագույն մաղթանքներով՝ Մարգարիտա»: Մենք այլևս երբևէ չհանդիպեցինք, քանի որ նրան հափշտակեցին ու «տարան գյուղ», էնպես որ ես սպասում եմ էն օրվանից, սպասում եմ իմ բոլոր ցանկությունների կատարմանը, Մարգարիտա:

― Մի՛ թե դուք մոռացել եք,― ասաց վերջապես Բրունգիլդյանը, հաղթականորեն մեզ աչք ածելով,― թե որքան սրիկաներ կան այս երկրում՝ դատապարտված մեր սոցիալիստական դատարանների կողմից: Մարդասպաննե՛ր, գողե՛ր, ավազակնե՛ր: Միլիոնավո՛ր: Այ՝ նրա՛նց է շահագործում մեր պետությունը, քանի որ այլ շահագործվող դասակարգեր մեր պետության մեջ չկան: Օրագիրըդ տու՛ր:

Պիպիլյանը լուռ բացեց օրագիրը, գնաց ու դրեց ուսուցչական սեղանին՝ ճիշտ էջին բաց վիճակում, ինչպես և, երկար ու, պիտի ասեմ, քիչ մը դաժան վարժանքի արդյունքում բոլորիս ընտելացրել էր Բրունգիլդյանը: Սա ծանրորեն մոտեցավ իր սեղանին ու արագորեն դրեց իր սիրած թվանշանը՝ «մեկ»: Որը նա դնում էր ոչ թե թվով, այլ գրելով ― «Մը», «Ե», «Կը», որ հանկարծ «չորսի» չվերածեն լածիրակները: Մենք արդեն գիտեինք, թե հաջորդ քայլը ո՛րն է լինելու, և պարզապես սպասում էինք: Պիպիլյանն էլ գիտեր: Թվանշանը դնելն ավարտելուց հետո, Բրունգիլդյանը խնամքով վերցրեց օրագիրը, մի թեթև թափահարեց օդում ու ամբողջ ուժով շպրտեց: Նա ուներ երկու հնարավորություն. կարող էր շպրտել այն Պիպիլյանի երեսին, և այդ դեպքում օրագիրը քիչ կվնասվեր, քանի որ Պիպիլյանի հաստլիկ կարմիր թշերը կամորտիզացնեին հարվածը: Շատ ուզեր՝ կարող էր այնպես շպրտել՝ որ շատ֊շատ օրագրի ծայրը մի փոքր քերծի Պիպիլյանի թուշը: Բայց նա կարող էր նաև լավ նշան բռնել ու շպրտել այնպես, որ օրագիրը, օդում պտտվելով, դիպչի ծայրի նստարանի սուր ծայրին, և գուցե դրանից բզկտվի, որից հետո թրմփա կեղտոտ հատակին, գուցեև արդյունքում ավելի, գոնե մասնակիորեն, փիտրվելով օդում և հարվածից: Բրունգիլդյանը գերադասեց երկրորդը. ի՞նչ է մի թուշ քերծը՝ մի ամբողջ տարի տառապանքի համեմատ:

Բանն այն է, որ Բրունգիլդյանը ոչ միայն ԽՍՀՄ պատմության ուսուցչուհի էր, այլ նաև ուսմասվար: Նրա պարտականություններից մեկը հետևելն էր, որ մեր օրագրերը լինեին կոկիկ վիճակում: Եթե օրագիրը շպրտվում էր նրա կողմից (նա դա անում էր բացառապես որպես ուսուցչուհի, ոչ որպես ուսմասվար) ու տեսքից ընկնում՝ դա աշակերտի համար ստեղծում էր անասելի դժվարություններ ամբողջ տարվա ընթացքում, որովհետև օրագիրը փոխել չէր կարելի, նրա էջերը սոսնձել չէր կարելի, անկոկիկ վիճակում այն ունենալ չէր կարելի, և աշակերտն ընկնում էր անելանելի դրության մեջ. Բրունգիլդյանը՝ շպրտելուց հետո, այսպես ասած, «ուսմասվարի գլխարկը հագնելով», առիթը բաց չէր թողնում, որ աշակերտի վարքի գնահատականն իջեցնի, ծնող կանչի, նկատողություն անի, անկյուն կանգնեցնի, հերթապահ նշանակի և այլն, պատճառաբանելով՝ որ նրա օրագիրն անտանելի վիճակում է, ձև թափելով՝ թե մոռացել է կամ խաբար չէ, թե ինչու է այն այդ վիճակում հայտնվել: Գուցե ձև չէր թափում: Գուցե նա իրոք երկու ինքնություն ուներ, ով գիտի: Իսկ գուցե՝ ավել: Տե՛ս ներքևում:

Այդպես Պիպիլյանը մաժեց տուժելու համար, տուժեց մաժելու համար և, երևի, հետագայում այդ իսկ պատճառով դարձավ մարդասպան ու մարդասպանվեց, կամ մարդասպանվեց ու այդպիսով դարձավ կրկնակի մարդասպան, քանի որ ինքը թե չսպաներ՝ իրեն էլ վայ թե չսպանեին: Մարգարիտան նրան չփրկեց, քանի որ վերջինիս գողանալու էին դպրոցից, գլխին պարկ հագցնելով, մի քիչ ոչխարի պես, կամ կովկասյան գերուհու: Մարգարիտայից մնաց ոսկեզօծ փողկապակալըս, որը ես չգիտեմ, ինչ եղավ:

Բայց ամեն բան չէ այդքան խոժոռ: Կա, կա և մե՛ր դպրոցում տոնախմբություն: Չէ որ ընտրություններ են շուտով: Բայց շեղվեցի: Բանն այն է, որ դպրոցում կար նաև ռուսերենի ուսուցչուհի Քրիզանտեննա Միֆոդյևնան: Օ՛ Քրիզանտեննա... Օ՜ դու Միֆոդյևվնա...

Քրիզանտեննա Միֆոդյևվնան մամայիս ընկերուհին էր: Համակուրսեցուհին: Նա որոշել էր գալ իմ դպրոց որպես շպիոն՝ որ օգնի ինձ անցնել այդ բոլոր տվայտանքների միջով: Իրականում իհարկե ոչ, ես չէի պատճառը՝ որ նա իմ դպրոց էր եկել աշխատելու, բայց նա այնքան արտառոց երևույթ էր՝ որ ես ու ողջ դպրոցն անկեղծորեն հավատում էինք, որ վայ թե հենց այդպես էլ եղել է. իմ խաթր է եկել: Նրանից սպասելի էր:

Քրիզանտեննա Միֆոդյևնան, ուրեմն, արտառոց երևույթ  էր: Նրա դեմքի արտահայտությունը բնութագրում է հետևյալ եղելությունը՝ մայրիկիս պատմած: Երբ իրենք ուսանողուհի էին՝ իրար կողք նստած քչփչում ու քրքջում էին: Դասախոսն ասում էր ծանր֊ծանր.― Քրիզանտեննա, ինչու ես դասի ժամանակ ծիծաղում: Ինչ ծիծաղելի բան կա ձեյեպրիչաստնըյ աբառոտի մեջ։ ― Ես չեմ ծիծաղում, ասում էր Քրիզանտեննան։ ― Բա ինչ ես անում, ասում էր դասախոսը։ ― Պարզապես՝ իմ դեմքի արտահայտությունն է այդպիսին:

Նրա դեմքի արտահայտությունն իրոք այդպիսին էր:

Այս, ինչպես նաև այլ մանրամասներ, որոնց տեղյակ էի լինում՝ ես թաքուն պատմում էի դասընկերներիս: Այս պատմությամբ բացատրեցի բոլորին նրա դեմքի արտահայտության պատճառը: Հիացած հասկացան: Ամենը բերում էր հետևյալ եզրակացության. Քրիզանտեննան մա՛րդ էր: Մա՛րդ: Իսկական մա՜րդ:

Քրիզանտեննան հայտարարեց, որ ինքը հայերեն չգիտի: Դա այնքան էլ այդպես չէր (Լվովի բարբառով էր խոսում, համարյա ղփչաղահայերեն, մեռյալ լեզու), բայց համենայն դեպս: Ստիպված, բոլոր աշակերտներն անխտիր պիտի խոսեին իր հետ ռուսերեն, ինչն օգնեց, որ նրանք ռուսերենն արագ յուրացնեն: Քրիզանտեննա Միֆոդյևնան ասաց, որ ոչ միայն պետք է ոտքի կանգնել, երբ ինքը ներս է գալիս, այլև նախօրոք իմանալ՝ երբ է գալու, ու դասարանի դուռը կրնկի վրա իր առջև բացել: Անսպասելիորեն: Այնպես՝ որ ինքը մոռացած լինի, որ ինքն է ասել այդպես՝ ու որ ինքը շփոթվի, որ իր առջև դուռը բացեցին, ու իրեն լավ զգա:

Կտրուկ: Նույնը՝ իր դուրս գալուց. տղաները պիտի վազեն ու իր առջև դասարանի դուռը բացեն: Տղաները պատիվ էին համարում մրցել այդ պատվի համար: Քրիզանտեննա Միֆոդյևվնան, իրոք, իմ գործոնը կարևոր էր համարում, ու քանի որ տանն ինձ Հայկիկ էին ասում ու նա չէր բարեհաճելու իր այդ սովորությունը փոխել՝ նա բոլոր դասարանների իր բոլոր աշակերտների անունների դիմաց փոքրացուցիչ փաղաքշականներ հորջորջեց: Զավենը, ասենք, դարձավ Զավենչիկ, Բուբեն՝ Բուբենչիկ, և այլն: Մենք մականուններ հաճախ ստեղծում էինք ազգանունից, ասենք, Պիպիլյանը, բնականորեն, Պըպլո էր: Հիմա ամենքս ունեցավ առնվազն երեք անուն. իսկականը, դպրոցական մականունն ու Քրիզանտեննայի տարբերակը: Պլյուս՝ մատյանի համարը: Բայց մենք երբևէ դեռ  չէինք տեսել թագուհու՝ որն իր մի քմահաճույքից ելնելով, իր մի սիրո խաթըր մի ամբողջ աշխարհ է վերանվանում, չի ալարում կամ երկնչում:

Քրիզանտեննայի մասին դեռ շատ կպատմվի: Այժմ, Բրունգիլդյանի առիթով, մնաց ասելու հետևյալը. Քրիզանտեննայի՝ մեր դպրոցում լինելու առավելություններից մեկն այն էր, որ նա հաճախ գալիս էր մեր տուն ու մայրիկիս պատմում «ներքին» լուրեր, որոնցից երբեմն ես էլ էի մասնաբաժին ստանում: Եվ ահա մի օր նա եկավ ու պատմեց, որ, չնայած Բրունգիլդյանի վայրենությանը, ինքը՝ Քրիզանտեննան, ու ևս մի կրթված անձնավորություն՝ կենսաբանության ուսուցչուհին, որոշել են հունվարի մեկին Բրունգիլդյանին այցելել, ուղղակի մի տաս րոպեով մտնել-շնորհավորել, որպես բարի կամքի դրսևորում: Նվեր են վերցրել-գնացել, ժամը երեքի մոտ:  

 

Դուռը մի տասը րոպե զանգում էին ապարդյուն. հետո քստքստոց են լսել, ու վերջապես Բրունգիլդյանը դուռը բացել է: Մարգարիտան: Մինչ Քրիզանտեննան՝ պատկերացնել, որ Բրունգիլդյանն անուն ունի, այն էլ այդ անունը՝ անհնար էր: Բայց դու մի ասա նա էլ էր Մարգարիտա: Գուցե նրան էլ էր երբևէ խիզախորեն մաժել ռաբֆակում գեղեցիկ ապագա մի մարդասպան: Գուցե նրան չէին փախցրել միայն և միայն որովհետև փախցնողին նախօրոք Ստալինն էր առևանգել: Մարգարիտան նրանց հրավիրել էր ներս: Շփոթ: Խալաթով, չստիկներով, մազը չսանրած: Մազերը կեղտոտ, ընդգծում էր Քրիզանտեննան: Առաջարկել էր ձվածեղ պատրաստել: «Ձը», «վա», «ծեղ»: Ուրախացել էր: Ծաղիկն ու նվերն ընդունել: Համոզել, որ նստեն: Արտասվել ու ասել, որ, այո, ինքն այսպես է ապրում: Ինքը մենակ էր: Ես արդեն չեմ հիշում մանրամասները: Սիբիրյան ճամբարից վերադարձել էր ու էդպես մենակ ապրում էր: Այնտեղ իրեն, երևի, այնքան էին շահագործել, կեղեքել, ասպատակել, իշխել, բռնաբարել, որ ինքը լավ գիտեր, թե ու՛մ և ինչպե՛ս են շահագործում սովետական մեր մեծ հայրենիքում: Ու, երևի, այլ կերպ չէր պատկերացնում կյանքը: Գիտեր, որ պիտի ինքն աշակերտի օրագիրը փչացնի՝ որպես իշխող, որպես վերտուխայ, քանի որ իշխող լինելն իրե՛ն էր հանձնարարված. որ հետո աշակերտին հետապնդի, որպես վերտուխայ: Է՛դպես գիտեր: Է՛դպես էր սովորել: Է՛դպես էին իրեն սովորեցրել: Գուցե վախենում էր այլ կերպ վարվել: Գուցե՝ ուզում էր մեզ տրենինգ անել, մարզել. որ իմանանք, ինչ արժի ԼԻԽԻ ՖՈՒՆՏԸ: Փութը: Պուդը: Որ դպրոցից դուրս գանք՝ արդեն պատրաստի սովետական քաղաքացի: Շահագործման պատրաստ ու ենթակա գուլագացու: Մանավանդ, որ մեր դպրոցի դիրեկտրուհին մանկական գաղութի նախկին տնօրեն էր: Մանկական գաղութում տարիներ շարունակ հաջող կերպով աշխատելուց հետո, պլանը կատարելուց հետո էին նրան հանձնարարել մեր դժվար, բայց սովետական դպրոցի կառավարումը: Որովհետև էլ ո՛վ կարող էր մեր հախիցը գալ: Բայց նա էլ չկարողացավ: Ի վերջո հույսը կտրեց: Մի օր կհասնենք այդ պատմությանը: Տնօրենն ու հպատակը կրկին ընկել էին իրար: Հպատակը չէր կարող թուլություն թույլ տալ, թե չէ պայկայից կզրկվեր: Կերից: Հունվարի մեկի «ձը», «վա», «ծե», «ղից»: «Մը», «Ե», «Կի»: Բայց դա էլ դեռ ամբողջը չէ:

Նոր տարվա այդ օրից ի վեր Մարգարիտան էլ ոչ մի անգամ «Մը», «Ե», «Կը» էլ ոչ մեկի օրագրում չգրեց: Կուզեք հավատացեք, կուզեք ոչ: Ամենայն լրջությամբ եմ ասում: Այդ օրից Մարգարիտան էլ ոչ մի աշակերտի վրա օրագիր չշպրտեց: Ես էդպիսի այլ դեպքեր էլ եմ նկատել: Բավական էր, որ Քրիզանտեննան մի փոքրիկ արտառոց արարք կատարեր՝ առանց պատճառի գնար ինչ֊որ մեկին Նոր տարուն այցելելու՝ և կյանքը փոխվեց: Քրիզանտեննան փրկեց հազար ու մի մարդասպան՝ մարդասպան դառնալուց: Չհաշված մեր դասարանի Պիպիլյանին ու էլի մի քանիսին: Որոնց փրկելն արդեն ուշ էր: Թոկից փախածներին:

Քրիզանտեննան, մայրիկս, մայրիկիս ընկերուհիներն այդպիսի խասյաթ ունեին. եթե տղաներից մեկնումեկը շատ մեծ խուժանություն էր անում ու ես նրան ատելով ատում էի՝ պատմում էին, թե նրա հայրն ի՛նչ հարբեցող սրիկա է, մայրն ի՛նչ խեղճ, հազիվ ծայրը ծայրին հասցնող հավաքարար է, ու որ նրա եղբայրը՝ սրտի արատ ունի: Համատարած նրանց խղճահարությունը բոլորին իր հողմի մեջ էր ընդգրկում ու սրիկա գրեթե չէր թողնում էս ամալ, աման, ամուլ, ամուր աշխարհում:

Իհարկե, ես իսկույն պատմեցի Քրիզանտեննայի պատմածը դասարանում: Հենց որ ձմեռային արձակուրդը վերջացավ: Վագրերն ագահորեն, բերանները բաց ինձ լսեցին, կըլլեցին ասածս, մարսեցին, իսկույն որոշեցին մյուս տարի անպայման Նոր տարուն այցելել Մարգարիտային: Էլ չասած գալիք մարտի ութին: Դրանց էլ մենակ թողնես հյուր գնան սրան֊նրան: Առիթ են ման գալիս, թաթալաբազները:

Բայց ասածս դա չէ: Ասածս այն է, որ մի մարդն էլ է բան փոխում: Բալանս խախտում: Լավ իմաստով: Եթե բալանսը սխալ հավասարակշռած հանգամանքը «բագ» է, «ֆիչը» չէ: Խոր նստած հատկանիշ չէ, մակերեսայնորեն է ձեռք բերված և ընդհանուր հաշվեկշռին խանգարում է:

Չգիտեմ, մայրիկիս ու նրա ընկերուհիների համատարած ներողամտությունն ինչքա՛ն բան է փոխել: Եթե հիմա էսքան վատ է վիճակը, պատկերացնում եմ, ինչ կլիներ առանց այդ ներողամտության: Բայց որ մարդը մեն֊մենակ կարող է բան փոխել՝ դա ես գիտեմ: Նաև ինքս ինձնից: Եթե ռիսկ եմ անում՝ ինքս էլ եմ փոխում: Ավաղ, հաճախ չեմ ռիսկ անում: Խոսք եմ ասում՝ մարդիկ լսում են: Մարդիկ հետ են սովորել խոսք լսելուց: Լսում են ու, հանկարծ՝ փոխվում: Ինչպես վարժեցնողը՝ առյուծների վանդակում: Կամքի ռիսկի հասկացություն կա, հարց:

Գուցե նրանք փոխեցին ոչ այնքան Մարգարիտային, որքան մե՞զ: Ինձ ու դասընկերների՞ս: Մեր հայա՞ցքը դեպ Մարգարիտան: Չգիտեմ: Դա մեր հայա՞ցքն էր, որ ստիպում էր նրան օրագիր շպրտել, քանոնով ձեռքին զարկել, «Մը», «Ե», «Կը» գրել: Չգիտեմ:

Մարգարիտան շուտով դուրս եկավ ուսմասվարությունից, շարունակեց երեխեքի մեջ մխել, թե ո՛վ է այս աշխարհում շեֆը, ու իր համար ապրեց: Մյուս Նոր տարուն մեր դասարանը գնաց իրեն այցելելու: Մենք նրան ընտելացրինք: Եվ այդ Նոր տարուց սկսած՝ ամեն Նոր տարի բոլոր նրա դասարանները գնում էին նրան այցելելու: Ապրեց, հետո իր համար աննկատ, նամուսով մահացավ: Դասարանները գնացին նրան թաղելու: Դասարանները սիրում են օգնել ուսուցչուհիների թաղումներին, որովհետև դա այն քչաքանակ դեպքերից է, երբ լավ գիտեն, թե ինչ կարող են ու պիտի անեն. տղաները՝ դագաղն իջեցնեն նեղլիկ շքամուտքի հարկերով, կափարիչը պահեն, պսակները մեքենան դնեն, աղջիկները՝ ծաղիկները չմոռանան բնակարանից հավաքել ու բերել գերեզման, հետ գալուց տղերքից մեկի ավտոյով մի քիչ շուտ գան, դռան մոտ դույլով ջուրը դնեն ու թասիկն ու սրբիչը ձեռքներին՝ համբերատար սպասեն ավտոբուսի՝ գերեզմանից գալուն, դեմքները՝ երազկոտ, հեռուն մխած:

Իսկ թե ով է, ինչ է ու ինչ է անում մարդուն պետությունը՝ ես, Բատոնյանի պես, նաև Մարգարիտայի շնորհիվ չեմ մոռանա: Բայց չեմ կարողանում բացատրել:

 




23:35 Օգոստոս 18, 2014